2/5/2002

 Վլադիմիր Սոլովյով

 

(հատված «Աշխարհի վարդը»1 գրքից)

Գրքի հեղինակի ճակատագիրը ողբերգական է, ինչպես շատերինը այդ ժամանակաշրջանում:

Դանիիլ Անդրեևը նախահեղափոխական շրջանի հայտնի ռուս գրող Լեոնիդ Անդրեևի որդին է: Ծնվել է 1906թ. Բեռլինում: Որպես ոչ պրոլետար գրողի որդի, չկարողնալով սովորել համալսարանում, նրան հաջողվեց այնուհանդերձ ավարտել բարձրագույն գրականագիտական կուրսերը: 1942-ի ձմռանը զորակոչվեց ռազմաճակատ, 1947-ին ձերբակալվեց և դատապարտվեց 25 տարվա կալանքի: Բանաստեղծություններն ու «Գիշերվա պանդուխտները» վեպը ոչնչացվեցին: Խրուշչովի օրոք ստեղծված հանձնաժողովը կալանքի ժամկետը կրճատեց մինչև 10 տարի: 1957-ի ապրիլին Անդրեևին ազատեցին: Բանտից նա վերադարձավ առողջական վատթար վիճակով: Կյանքի վերջին 2 տարիները նվիրեց բանտում գրած սևագիր աշխատանքների մշակմանը: Մահացավ Մոսկվայում 1959-ի մարտին:

«Աշխարհի վարդի» հեղինակը օժտված էր մետապատմությունը տեսնելու հատուկ ձիրքով: Կրոնական նրբին զգայունակությունն ու բանաստեղծական արտակարգ օժտվածությունը միաձուլվելով պայծառատեսական շնորհին` բանտային անտանելի տառապանքի պայմաններում նրա առջև բացեցին աշխարհներ, որոնցում հանգրվանում են համաշխարհային կյանքի և պատմության շարժիչ ուժերը:

Չափազանց հետաքրքրական են գրքի ռուսական մշակույթի մետապատմությանը նվիրված բաժնի «Առաքելություններ և ճակատագրեր» գլուխները: Մասնավորապես ռուս մեծ փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովին (1853-1900) նվիրված հատվածը, որը ներկայացնում ենք ստորև:

 

Ինչ տարօրինակ կերպար է Վլադիմիր Սոլովյովը ռուսական մշակույթի հորիզոնում: Հանճար չես անվանի, բայց ոչ էլ` սոսկ տաղանդ, այսինքն` որպես պոետ գուցեև տաղանդավոր, բայց ոչ շատ ականավոր, թեև նրա բանաստեղծություններում կա մի բան, որ տաղանդավոր հասկացությամբ չի սպառվում:

Արդարակյաց, – այո. Սոլովյովի բարոյական կերպարը բացառիկ էր: Սակայն հայտնի է նաև, որ իր շատ թուլություններից նա կյանքի օրոք այդպես էլ չկարողացավ ազատվել:

Փիլիսոփա, – այո. նա միակ ռուս փիլիսոփան է` առանց այլևայլության արժանի այդ անվանմանը, սակայն նրա փիլիսոփայական համակարգը մնաց կիսակառույց, ռուս մշակույթի պատմության մեջ մեծ նշանակություն չունեցավ, իսկ արտասահմանում գրեթե անհայտ մնաց:

Ով է նա: Մարգարե՞: Բայց որտե՞ղ, ի՞նչ ձևերով և ի՞նչ էր մարգարեանում նա:

Գուցե, վերջապես «լռակյաց մարգարե», ինչպես անվանեց նրան Մերեժկովսկին. որոշ հոգևոր իրողություններ ոչ թե բառերով, այլ իր անձի ողջ կերպարով խորհրդանշող մարգարե: Վերջին ենթադրությունը իրականությանը թերևս ամենամոտն է, բայց և այնպես իրականության հետ չի համընկնում: Սոլովյովի փիլիսոփայական գործունեությունը թելադրվում էր իր համար շատ վաղ ձևակերպված միտումով` ուղղափառության աստվածաբանական ուսմունքը հիմնավորել ժամանակակից դրական փիլիսոփայությամբ: Իհարկե, հաճախ նա անցնում էր այդ առաջադրանքի սահմանները, կյանքի որոշ փուլերում նույնիսկ շեղվում խիստ օրթոդոքսիայից, որի հետևանքով, օրինակ, նրա հիմնարար ”La Russie et l’église universellé” աշխատությունը չէր կարող հրատարակվել Ռուսաստանում: Բայց նա մշտապես ջանում էր չհայտնվել կրոնական մերժվածի դերում, և նրա համար հազիվ թե ավելի նողկալի բան լիներ, քան մոլորահայրի (epecuapx) ճակատագիրը:

Իհարկե նա մոլորահայր չդարձավ, բայց դարձավ նախակարապետը այն շարժման, որն ապագայում կորոշարկվի մինչև վերջ և որին ուղղափառ օրթոդոքսիան, առնվազն սկզբում, հավանաբար կվերաբերվի իբրև հերետիկոսությունից առանձնապես չտարբերվող երևույթի:

Մեծագույն ոգետես, այ թե ով էր Վլադիմիր Սոլովյովը: Նա որոշակի հոգևոր փորձ ուներ, երևի թե ոչ այնքան ընդգրկուն, որքան իր առջև բացված Շադանակարի2 շերտերի բարձրությամբ, ըստ իս Էկհարտի, Բյոմեի, Սվեդենբորգի, Ռամակրիշնայի, Ռամանուջայի, Փաթանջալիի փորձը գերազանցող, իսկ Ռուսաստանի համար ուղղակիորեն եզակի: Հոգևոր այդ փորձը երեք տեսիլքներն էին կամ, ինչպես Սոլովյովն է ձևակերպել դրան նվիրված իր պոեմում, «երեք հանդիպումները»: Դրանցից առաջինը տեղի է ունեցել 8 տարեկանում իր դաստիարակչուհու հետ եկեղեցի գնալիս, երկրորդը` երիտասարդ ժամանակ Լոնդոնի Բրիտանական թանգարանի գրադարանում, իսկ երրորդը` ամենանշանակալիցը, երկրորդից անմիջապես հետո, գիշերը, Կահիրեից ոչ հեռու` անապատում, ուր, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, նա ուղևորվել էր Անգլիայից ներքին ձայնի կանչով: Հետաքրքրվողների և այդ եզակի փաստաթղթին դեռ անտեղյակների ուշադրությունը հրավիրում եմ Սոլովյովի «Երեք հանդիպում» պոեմի վրա, որը վկայում է ինքն իր մասին: Այս պահին ես զրկված եմ դրանից մեջբերելու հնարավորությունից, իսկ փոխանցել պոեմի բովանդակությունը սեփական խոսքերով չեմ հանդգնում: Համարձակվում եմ միայն հաստատել, որ Սոլովյովը երեք անգամ վերապրել է (և 3-րդ անգամ հատուկ ընդգրկումով) Զվենտա-Սվենտանայի3 հայտնությունը, այսինքն` սքանչացումը Ռաորիս, Շադանակարի ամենաբարձր շերտերից մեկը, որում այդ ժամանակ գտնվում էր Զվենտա-Սվենտանան: Այդ հայտնությունը նա վերապրել է տեսիլքի ձևով` ընկալված հոգևոր տեսողությամբ, հոգևոր լսողությամբ, հոգևոր հոտառությամբ, տիեզերական համապատկերը և մետապատմական հեռանկարները իր օրգաններով ներհայելու միջոցով, այսինքն` հանկարծակիորեն իր մեջ արթնացած ընկալողության գրեթե բոլոր բարձրագույն օրգաններով: Կրոնի պատմության եվրոպական շրջանակներում որևէ համանմանություն կամ ավելի ճիշտ, նման հոգևոր փորձի նախադրյալ փնտրելիս Սոլովյովը Սոֆիայի` Աստծո գերիմաստության գնոստիկական գաղափարից բացի ուրիշ ոչնչի վրա չկարողացավ կանգ առնել: Բայց գնոստիկ Վալենտինի մոտ այդ գաղափարը բարդեցված է բազմահարթակ մտահայեցողական կառույցներով` Սոլովյովի փորձի հետ, ըստ երևույթին, բոլորովին չհամընկնող, առավել ևս, որ այդ թեմայի շուրջ ամեն մտահայեցում նա ինքը համարում էր անթույլատրելի և սրբապղծության համազոր: Այդ գաղափարը պատմական Քրիստոնեության մեջ ո՛չ հետագա զարգացում ստացավ, ո՛չ էլ, առավել ևս, աստվածաբանական մշակում և դոգմատացում: Դա բնական է, եթե հաշվի առնենք, որ Աստվածածին կանացի մոնադի4 էմանացիան Շադանակար կատարվեց միայն 19-րդ դարի սկզբին. մետապատմական մի իրադարձություն, որ այն ժամանակ աղոտ ընկալել էր Գյոթեն, Նովալիսը և միգուցե Ժուկովսկին: Այդ պատճառով մինչև 19-րդ դարը Սոլովյովի փորձի նման փորձ պարզապես չէր կարող լինել: Շադանակարում նման փորձի առարկա դեռ գոյություն չուներ: Գնոստիցիզմի դարաշրջանում ընկալվում էր այլ բան` Քրիստոսի ծնունդից ոչ շատ առաջ տեղի ունեցած տիեզերական կանացիության ուժերի ներհոսքը Շադանակար, որը չուներ ոչ մի անձնականացում, ոչ մի կենտրոնացում որոշակի աստվածածին մոնադում: Այդ իրադարձության արձագանքը հասավ մեծ գնոստիկների գիտակցությանը և ձևավորեց Սոֆիայի գաղափարը: Արևելյան քրիստոնեության մեջ Աստծո գերիմաստության` Սոֆիայի կերպարը այնուամենայնիվ պահպանվեց, չնայած որ մնաց ոչ մի կերպ չկապված ուղղափառ աստվածաբանական վարդապետության հետ, նույնիսկ անուղղակիորեն հակասեց նրան: Մեկը մյուսի հետ կապելու թույլ փորձերը միայն անհեթեթության էին բերում, ինչպես ասենք Սոֆիայի ըմբռնումը իբրև Լոգոսի, Քրիստոսի պայմանական-խորհրդանշական արտահայտություն:

Ինքը` Սոլովյովը կարծում էր, որ Սոֆիայի գաղափարի կապը ուղղափառ ուսմունքի հետ անցյալ դարի իննսունական թվականներին դեռ արդիական չէ բացահայտ հարցադրման իմաստով, լավ հասկանալով, որ նման ահռելի իրականության ներխուժումը կարծրացած քրիստոնեական դոգմատիկայի ոլորտ կարող է կոտրել այն և նոր պառակտում առաջացնել եկեղեցում: Իսկ պառակտումը նա համարում էր մեծ չարիք` սատարող ապագա հակաքրիստոսին և, ինչպես հայտնի է, ամենից շատ ջանում էր իրականացնել հակառակը` եկեղեցիների միավորումը: Այդ պատճառով էլ մինչև իր վաղ ընդհատված կյանքի վերջը այդպես էլ չհռչակեց իր նոր հայտնությունը` թույլ տալով իրեն այդ մասին հաղորդել իր անհավակնոտ, թեթև բանաստեղծական ստեղծագործությունում միայն, իսկ նրա անձնական համեստությունն ու խորին ողջախոհությունը, որ ի դեպ արտահայտվում էր լեզվի բյուրեղյա պարզության մեջ, նույնիսկ զուտ փիլիսոփայական իր աշխատություններում, հուշեցին նրան երեք հանդիպումների մասին պատմությունը (նրա կյանքի երեք ամենանշանակալից իրադարձությունները) համեմել կատակային, ոչ հավակնոտ կենցաղագրությամբ: Պոեմը մնաց գրեթե անհայտ, այն մարդկանց շրջանից դուրս, որոնք հատուկ հետաքրքրվում են նման փաստաթղթերով. մեզանում` սակավաթիվ մարդկանց, նույնիսկ հեղափոխությունից առաջ, իսկ ներկայումս է՛լ ավելի զրկված իրենց մեկուսի պատերից դուրս ինչ-որ կերպ դրսևորվելու հնարավորությունից: Սակայն այդ պոեմի նույն թեմային նվիրված Սոլովյովի որոշ այլ լիրիկական բանաստեղծությունների ազդեցությունը նկատվեց թե՛ դարասկզբի իդեալիստական փիլիսոփայության` Տրուբեցկոյի, Ֆլորենսկու, Բուլգակովի և թե՛ սիմվոլիստների պոեզիայի, հատկապես Բլոկի վրա:

Վերն ասվածից կարծես թե պարզ է, որ Զվենտա-Սվենտանայի գալիք ծնունդը Երկնային Ռուսաստանում դեմիուրգ Յարոսվետի5 և Նավնայի6 ուժերով ուղղակիորեն կապված է Սոլովյովի գաղափարների հետ, քանզի Զվենտա-Սվենտանան ոչ այլ ինչ է, քան Աստծո Կանացիության ասպեկտի արտահայտությունը Շադանակարի համար: Պարզ է, հետևաբար, որ Հավերժ Կանացիության հայտնությունից բխող նման գաղափարները չեն համընկնում օրթոդոքս քրիստոնեության մեջ երրորդության ըմբռնման հետ: Եվ զարմանալի չէ, որ քրիստոնեության վերամիավորման և ոչ թե դրա դավանաբանական աղանդավորական հետագա տրոհման մասին հոգացող Սոլովյովը չէր շտապում հռչակել իր մարգարեական հոգևոր փորձը:

Հավանաբար կար նաև երկրորդ պատճառը: Կրոնի պատմությանը քաջատեղյակ Սոլովյովին չէին կարող հայտնի չլինել փաստեր, համաձայն որոնց կրոնական կազմակերպությունների և ծիսակարգի մեջ աստվածային-արական ու աստվածային-իգական տարբերության մասին պատկերացումների ներխուժումը հղի է բացառիկ վտանգներով: Ոգեպես ոչ բավարար հասկացված, բավականաչափ խստորեն չտարանջատված մարդկության սեռական ոլորտից, այդ ներխուժումները բերում են ոգեղենության մթագնումների հենց սեռական տարերքով, տիեզերական ոգեղեն ամուսնության սրբապիղծ նույնացմանը զգայական սիրո հետ և հանգեցնում ծիսական այլասերման: Գերմարդկային և վերաշխարհիկ կանացի գեղեցկության այդ կերպարում Զվենտա-Սվենտանայի ներհայումի դրական փորձն ըստ երևույթին այնքան ցնցող էր Սոլովյովի համար, այնքան անհամատեղելի որևէ մարդկային կամ տարերային երևույթի հետ, որ այսուհետ ոգետեսին վանում էին հակադիր շերտեր տանող ամեն տեսակ վայրէջքները: Նա գիտեր, և լավ գիտեր Մեծ Անառակուհու գոյության մասին, նաև հնարավոր այն նենգափոխումների մասին, որ հետամտում են կրքոտ, հակասական հույզերի մթագնող շերտերի միջով Հավերժ Կանացիության կանչը որսացող ցանկացած ոչ բավականաչափ հստակ, դեռ չամրացած գիտակցություն: Բայց մարդկության մեծ տարեր- քայնության, ժողովուրդների մարմինը կերտող ու պահպանող Լիլիթի կերպարի գոյությունը, ըստ երևույթին, նրա համար մնաց անորոշ: Երկու թե երեք անգամ նա օգտագործում է «Ռամկական Աֆրոդիտե» արտահայտությունը, երևի թե նկատի ունենալով տարերքային և սատանայական երկու սկզբունքների անորոշ միախառնումը: Սոլովյովի պատկերացումներում անկասկած է դրանց խառնաշփոթն ու չտարանջատվածությունը: Բայց այդ ուղղությամբ հետամտող վտանգի նույնիսկ այդքան անորոշ մատնանշումը, այնուհանդերձ, չափազանց անհրաժեշտ էր: Ալեքսանդր Բլոկի հետ կատարվածից հետո, կարելի է միայն ափսոսալ, որ Սոլովյովի այդ նախազգուշացումը ավելի մշակված կերպով չէր արվել:

Բնավ իր մեղքով չէր, որ Սոլովյովի առաքելությունը մնաց անավարտ: Ոգետեսության մակարդակից մարգարեության մակարդակի անցնելու համար նրան այլևս ոչինչ չէր մնում մարդկային որոշ չնչին թուլություններ հաղթահարելուց բացի և երևի թե կասկածից վեր է, որ եթե նրա կյանքը մի քանի տարով ևս երկարեր, այդ թուլությունները կհաղթահարվեին: Սոլովյովի առաքելությունը հենց Զվենտա-Սվենտանայի մասին մարգարեության և Աշխարհի Վարդի առաջացման պատմական և կրոնական նախադրյալների ստեղծման մեջ էր: Այդ դեպքում Աշխարհի Վարդը, ավելի ճիշտ, նրա կորիզը կարող էր ծնվել դեռ ուղղափառության մեջ` վերափոխելով և մոտեցնելով այն աջ թևի բոլոր հոգևոր հոսանքներին: Դա կարող էր տեղի ունենալ Ռուսաստանում նույնիսկ սահմանադրական միապետության պայ- մաններում: Սոլովյովը պետք է որ ընդուներ հոգևոր աստիճան և ոգետեսի, արդարակյացի և հրաշագործի իր հեղինակությամբ բարձրացնելով այն ժողովրդի աչքում չտեսնված բարձունքի` դառնար եկեղեցու ղեկավար և վերափոխիչ: Հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին Սոլովյովի ներքին տեսադաշտում ավելի ու ավելի հստակ էին բացվում պատմության վերջին արհավիրքների հեռանկարները և հակաաստծո գալիք արքայության համայնապատկերը ու նա կենտրոնացավ եկեղեցիների միավորման, նույնիսկ քրիստոնեության հետ հուդայականության և իսլամի ապագա միավորման երազանքի վրա` ընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար, որն արդեն ոչ հեռու ապագայում ուր- վագծվում էր հակաքրիստոսի գալուստով: Նրա նամակներում առկա են անվիճելի ապացույցներ, որ կյանքի վերջին տարիներին իր կոչումը նա տեսնում էր այդ պայքարի համար հասարակական-կրոնական գիտակցությունը նախապատրաստելու մեջ: Մենք չենք կարող իմանալ, թե կրոնապաշտական ինչպիսի կազմակերպական և կառուցվածքային ձևերում նա կհամատեղեր այդ խնդրի հետամտումը Հավերժ Կանացիությանը մարգարեաբար ծառայելու հետ: Այդ ձևերը կախված կլինեին ոչ միայն սոսկ իրենից, այլև ռուսական և համաշխարհային պատմության օբյեկտիվ պայմաններից: Բայց հենց այդ պատմության ընթացքը ևս ուրիշ կլիներ, եթե 20-րդ դարի առաջին երեսուն տարիները լուսավորված լինեին այդ պայծառագույն մարդու կերպարի փայլով, որ ուղղակիորեն գնում էր բոլոր ժամանակների մեծագույն տեսանողն ու հրաշագործը դառնալու ճանապարհով:

Կոչվածությունը մնաց անավարտ, քարոզչությունը` թերասած, իսկ հոգևոր գիտելիքը մինչև վերջ ոչ մեկին չփոխանցված. ուժերի ծաղկուն շրջանում Սոլովյովին Էնրոֆից պոկեց դիվային այն կամքը, որը նրանում ճշտորեն տեսնում էր անհաշտ ու վտանգավոր թշնամուն:

Նրա բարոյական անձի, գաղափարների, նույնիսկ արտաքին կերպարի (բառի բուն իմաստով, մարգարեի իդեալական կերպարի) հմայքը մեծ ազդեցություն ուներ իր ժամանակակիցների որոշակիորեն նախատրամադրված շրջանների վրա, չնայած նրա կրոնական ուսմունքի ողջ անավարտությանը: Նրա մահից մինչև հեղափոխությունը անցած, 15 տարիների ընթացքում, հրատարակվել է նրա երկերի բազմահատոր ժողովածուն և արդեն մի ամբողջ գրականություն է ի հայտ եկել Սոլովյովի և նրա փիլիսոփայության մասին: Բայց այդ աշխատանքի ընթացքը 40 տարով ընդհատվեց այն մեկի նախորդների գալուստով, ում մասին նա զգուշացնում էր: Օրհնյալ Ալեքսանդրի կյանքի ողջ մի հատվածի վրա Տագանրոգից հետո իջած գերեզմանային լռության քողի պես, լռության խուլ ջրերը իջան նաև Վլադիմիր Սոլովյովի անվան վրա: Նրա երկերն ու նրա մասին աշխատությունները դարձան գրեթե անհասանելի, իսկ փիլիսոփայի անունը երբեմն սողոսկում էր Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունների էջատակի ծանոթագրություններում, որպես հետադիմության անփառունակ գաղափարախոսի, որ երիտասարդ բանաստեղծին ներշնչել էր իր որոշ ամենահետադիմական գաղափարները: Ռուսաստանի փիլիսոփայական աղքատությունը փիլիսոփայության գագաթներ հռչակեց 19-րդ դարի այնպիսի գործիչների, որոնց ակտիվում կային միայն հրապարակախոսական, գրական-քննադատական կամ գիտա-հանրամատչելի հոդվածներ և 2-3 գեղարվեստական տեսակետից թույլ վեպեր: Իսկ Ռուսաստանի միակ փիլիսոփան, որ ստեղծել էր մեթոդաբանորեն անթերի և միանգամայն ինքնուրույն «Վերացական սկզբունքների քննադատությունը», «Բարության արդարացումը» սքանչելի թեոդիցեան և մի շարք նախախնամական կոնցեպցիաներ` «Ընթերցումներ աստվածամարդկության մասին», «Երեք զրույցներ», «Ռուսաստանը և տիեզերական եկեղեցին» գործերում, կարծես գոյություն էլ չէր ունեցել: Բանը հասավ նրան, որ մտավորականների ամբողջ սերունդներ նույնիսկ չէին լսել Վլադիմիր Սոլովյովի անունը, որ թաղված է խաչազրկված տապանաքարի տակ Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանոցում:

Այն, որ Ռուսաստանի Սինկղիտոսում7 զորեղ է Պուշկինը, մեծ է Դոստոևսկին, փառահեղ է Լերմոնտովը, արևի նման է Տոլստոյը, բնական և օրինաչափ է թվում: Որքան կապշեին միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ, եթե նրանց ցույց տրվեր, որ Ռուսաստանում մոռացության մատնված իդեալիստ-փիլիսոփան այժմ ստեղծագործում և հասու է այնպիսի աշխարհների, ուր նույնիսկ դեռ չեն բարձրացել Սինկղիտոսի լուսատուներից շատերը:

 

Ծանոթագրություններ

  1. Աշխարհի վարդը – Վերջին դարի գալիք համաքրիստոնեական եկեղեցի, որ միավորելու է անցյալի եկեղեցիները և ազատ համագործակցելու է բոլոր լուսավոր ուղղություն ունեցող կրոնների հետ: Այս իմաստով Աշխարհի վարդը միջկրոնական է կամ համակրոնական: Նրա հիմնական խնդիրն է հնարավորին չափ մեծաքանակ մարդկային հոգիների փրկությունը և գալիք հակաաստծո հոգևոր ստրկացման վտանգից զերծ պահելը: Մարդկության մեջ Աշխարհի վարդի հայտնվելը Զվենտա-Սվենտանայի եթերային ծնունդի արտացոլումն է զատոմիսներից8 մեկում:
  2. Շադանակար – Մեր մոլորակի բրամֆատուրայի10 հատուկ անունն է: Կազմված է ահռելի քանակի (240-ից ավելի) տարանյութ շերտերից` արտատարածական և արտաժամանակային:
  3. Զվենտա-Սվենտանա – Մեծն աստվածածին մոնադ, Հավերժ Կանացիության արտահայտությունը, մոլորակային Լոգոսի Հարսնացուն, որ տիեզերական հոգևոր բարձրունքներից իջել է Շադանակարի վերին շերտերը մոտավորապես դար ու կես առաջ և պարտավորված է պայծառացած (ոչ ֆիզիկական) մարմնավորում ընդունել մարդկության զատոմիսներից մեկում: Այդ մետապատմական իրադարձությունը երկրային Էնրոֆում9 կարտացոլվի իբրև Աշխարհի վարդի հայտնություն:
  4. Մոնադ – նախնական, անբաժան անմահ հոգևոր միավոր` աստվածածին կամ Աստծո կողմից արարված: Տիեզերքը իրենից ներկայացնում է մոնադների անթիվ բազմություն և նրանցով ստեղծվող բազմատեսակ նյութականություններ:
  5. Յարոսվետ – Աստծո կողմից արարված մոնադ, մարդկության մեծագույն դեմիուրգներից (արարիչներից) մեկը: Ռուսական մետակուլտուրայի ժողովրդաառաջնորդը: Անվանումը պայմանական է:
  6. Նավնա – Աստվածածին մոնադ, Մեծ Քույրերից մեկը, ռուսական մետակուլտուրայի իդեալական տաճարային Հոգին: Անվանումը պայմանական է:
  7. Սինկղիտոսներ – Մետակուլտուրաների զատոմիսներում բնակվող պայծառացած մարդկային հոգիների բազմություններ:
  8. Զատոմիսներ – Մարդկության բոլոր մետակուլտուրաների բարձրագույն շերտերն են, դրանց երկնային երկրները, ժողովրդաառաջնորդող ուժերի հենարանը, սինկղիտոսների կացարանը: Աշխարհի վարդի զատոմիսի` ներկայումս արարող Արիմոյայի հետ մեկտեղ զատոմիսների ընդհանուր քանակը հասնում է 34-ի:
  9. Էնրոֆ – Մեր ֆիզիկական շերտի անվանումն է, ժամանակակից աստղագիտական տիեզերքին համազոր հասկացություն: Բնորոշվում է նրանում առկա եռաչափ տարա- ծությամբ և միաչափ ժամանակով:
  10. Բրամֆատուրա – Գրեթե յուրաքանչյուր երկնային մարմին ունի մի շարք տարբեր նյութական շերտեր, որոնք կազմում են փոխկապակցված և փոխպայմանավորված համակարգ: Բրամֆատուրաներ են կոչվում այն համակարգերը, որոնք միավորված են իրենց շերտերում ընթացող պրոցեսների ընդհանրությամբ: Մեր համաստեղության բրամֆատուրաներից շատերում դրանց շերտերը միավորող հիմնական պրոցեսը նախախնամության և դեմոնական ուժերի պայքարի պրոցեսն է: Սակայն կան այնպիսի բրամֆատուրաներ, որ լիովին ենթարկվել են դեմոնական իշխանությանը, և այնպիսիք, որ արդեն լիովին դրանից ազատվել են:

 

 

Ռուսերենից թարգմանությունը` Սուսաննա Գյուլամիրյանի

Д. Андреев. «Роза Мира»