2/5/2002

Սկրյաբինը և քրիստոնեությունը (հատված)

 

…Քրիստոնեական արվեստը միշտ քավության մեծ գաղափարի վրա խարսխված գործողություն է: Դա իր դրսևորումներում անսահմանորեն բազմազան «Քրիստոսի համահետևում է», հավերժ վերադարձ մեր պատմական դարաշրջանի սկիզբը դնող միակ ստեղծագործական ակտին: Քրիստոնեական արվեստն ազատ է: Դա բառիս բուն իմաստով «արվեստ է արվեստի համար»: Ոչ մի անհրաժեշտություն, նույնիսկ վեհագույնը, չի մթագնում նրա պայծառ ներքին ազատությունը, քանզի նրա նախապատկերը, այն, ինչին նա հետևում է, հենց աշխարհի քավությունն է Քրիստոսով: Այսպիսով, ո՛չ զոհ և ո՛չ էլ քավություն արվեստում, այլ ազատ և բերկրալի համահետևում Քրիստոսի` ահա՛ քրիստոնեական գեղագիտության անկյունաքարը: Արվեստը չի կարող զոհ լինել, քանի որ այն արդեն տեղի է ունեցել, չի կարող քավություն լինել, քանի որ աշխարհն արվեստագետի հետ մեկտեղ արդեն քավված է. ուրեմն ի՞նչ է մնում: Բերկրալի աստվածհաղորդակցում, ասես Հոր խաղը մանկանց հետ, ոգու աչքակապուկ ու պահմտոցի: Քրիստոնեական արվեստում պարփակված քավության աստվածային պատրանքը, բացատրվում է հատկապես Աստվածության մեզ հետ տարվող այդ խաղով, որը մեզ թույլատրում է դեգերել գաղտնահաղորդության արահետներով, որպեսզի մենք ասես ինքներս գանք առ քավություն, կատարսիս ապրելով, քավություն` արվեստում: Քրիստոնեական արվեստագետները` ասես քավության գաղափարի ազատարձակյալներն են, և ոչ թե ստրուկները կամ քարոզիչները: Ողջ մեր երկհազարամյա մշակույթը, Քրիստոնեության հրաշագեղ ողորմածության շնորհիվ, աշխարհի արձակումն է առ ազատություն` խաղի համար, հոգևոր զվարթության համար, «Քրիստոսի ազատ համահետևման» համար:

Քրիստոնեությունը միանգամայն ազատ վերաբերմունք է արվեստի հանդեպ, ինչը մինչ այդ և նրանից հետո չի կարողացել անել ոչ մի մարդկային կրոն: Սնելով արվեստը, պարգևելով նրան իր մարմինը, առաջարկելով նրան որպես անխախտ մետաֆիզիկական հիմք քավության իրական փաստը` քրիստոնեությունը փոխարենը ոչինչ չէր պահանջում: Այդ պատճառով էլ քրիստոնեական մշակույթին ներքին աղքատացման վտանգ չի սպառնում: Այն անսպառ է, անվերջ, քանզի իշխելով ժամանակի վրա` նորից նոր խտացնում է երանությունը հիասքանչ ամպե- րով, և հորդում է կենարար անձրևը:

Անկարելի է բավարար ուժով նշել այն հանգամանքը, որ հավերժական թարմության և անթորշոմության իր բնույթով եվրոպական մշակույթը պարտ է քրիստոնեության ողորմածությանը արվեստի նկատմամբ:

Դեռևս ուսումնասիրված չէ քրիստոնեական դինամիկայի մարզը` ոգու գործունեությունն արվեստում, իբրև ազատ ինքնահաստատում քավության հիմնական տարերքում, մասնավորապես երաժշտության մեջ:

Հին աշխարհում երաժշտությունը քայքայիչ տարր էր համարվում: Հելլենները վախենում էին սրնգից և փռյուգիական տոնայնությունից` համարելով այն վտանգավոր ու գայթակղիչ, և կիթառի ամեն մի նոր լարին Տերպանդրոսը ստիպված էր լինում մեծ ճիգով տնօրինել: Անվստահ վերաբերմունքն առ երաժշտությունը, որպես կասկածելի և մթին տարերքի, այնքան զորավոր էր, որ պետությունը երաժշտությունը պահում էր իր հովանավորության ներքո` ազդարարելով այն իր մենաշնորհը, իսկ երաժշտական տոնայնությունը` քաղաքական կարգ ու կանոնի սատարման միջոց և նմուշ, հանուն քաղաքական ներդաշնության` էվնոմիայի: Սակայն նույնիսկ այդ տեսքով հելլենները չէին համարձակ- վում երաժշտությանը ինքնուրույնություն պարգևել. բառը նրանց անհրաժեշտ հակաթույն էր թվում, երաժշտության հավատարիմ պահապանն ու հարակա ուղեկիցը: Զուտ երաժշտություն հելլենները իրականում չգիտեին. այն ամբողջապես պատկանում է քրիստոնեությանը: Քրիստոնեական երաժշտության լեռնային լիճը մաքրվել է միայն խորը հեղաշրջումից հետո, որը փոխակերպեց Հելլադան Եվրոպայի:

Քրիստոնեությունը երաժշտությունից չէր վախենում: Քրիստոնյա աշխարհը ժպիտով է ասում Դիոնիսիոսին. «Դե ինչ, փորձի՛ր, քո բաքոսուհիներին հրամայի՛ր ինձ պատառոտել. ես լիովին ամբողջականություն եմ, լիովին անհատականություն, լիովին զոդված միասնություն»: Եվ որքան զորեղ է նոր երաժշտության մեջ ամբողջական և անվնաս անհատականության վերջնական հաղթանակի հանդեպ այդ վստահությունը. ես կասեի` այն անձնական փրկության մեջ է և մտնում է քրիստոնեական երաժշտություն այն հնչերանգով, որը երփնավորում է Բեթհովենի հնչեղությունը սինայական փառքի ճերմակ մաժորով:

 

Ռուսերենից թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

О. Мандельштам. «Сочинения». т. 2 М. 1990