2/5/2002

Հուշեր

 

Հիշում եմ 1919-1920թ.թ. ձմեռը (գրառված է 18.04.1932թ.):

Հիշողություններ Մանդելշտամի մասին: Երբ նա ժամանեց Կոկտեբել, ես Ռուսաստանում չէի, Փարիզում էի և հիշում եմ մորս նամակը. «Հիմա քո սենյակում ապրում է երիտասարդ պոետ Մանդելշտամը: Դու հանդիպել ես նրան ինչ-որ ժամանակ Պետերբուրգում»: Հիշում եմ այդ հանդիպումը Զինաիդա Վենգերովայի քրոջ` երգչուհի Իզաբելլա Աֆանասևնայի տանը: Այնտեղ անվանական հրավերի նման մի բան էր կազմակերպված` տորթեր, կարկանդակներ, ժակետներով և սմոքինգներով մարդիկ: Իր մորը` գեր, ոչ երիտասարդ հրեա կնոջը ուղեկցող մի տղա կար այնտեղ` մուգ, դեպի քթոսկրը շեղված աչքերով, գլուխը մեծամտորեն ետ գցած, մասնավոր գիմնազիաներից մեկի (Պոլիվանովյան կամ Տենիշևյան) սև բաճկոնով:1

Նրա պահվածքը շատ անկախ էր: Բայց այդ անկախության մեջ շատ երկչոտություն կար: «Ահա մեծանում է ապագա Բրյուսովը», – ձևակերպեցի ինչ-որ մեկին տպավորությունս (Լիլիայի՞ն)2: Այդ օրը նա իր բանաստեղծություններն էր կարդում:

Նույն այդ` մորս նամակով Փարիզ էր ուղարկել իր բանաստեղծությունները:

Դրանք յուրօրինակ էին, բայց ինձ այդքան էլ դուր չեկան և ես նրան չպատասխանեցի:

Հետո, արդեն Ռուսաստանում, Իոսիֆ Մանդելշտամը նորից հայտնվեց իմ հորիզոնում: Մայրս նրա նկատմամբ անբացատրելի թուլություն ուներ: Միշտ մեղմորեն ծաղրում էր` անվանելով Mademoiselle Fifi:

Այդ ձմեռ Մանդելշտամը սիրահարված էր Մայային3: Մի անգամ նա բավականին երկար մնաց նրա սենյակում, կեսգիշերից այն կողմ: Համառ էր: Չէր ուզում գնալ: Հետո Մայան ինձ պատմում էր. «Գիտես, նա չափազանց զվարճալի է և անսպասելի: Երբ ասացի, որ քնել եմ ուզում և արդեն պատրաստվում եմ պառկելու, նա հայտարարեց, որ հիմա այլևս չի գնա. «Դուք ինձ վարկաբեկեցիք: Հիմա կեսգիշերն անց է: 8 ժամ շարունակ ես ձեզ մոտ եմ: Մեր մասին բոլորը մտածում են… Ես վախենում եմ կորցնել տղամարդու իմ հեղինակությունը»»:

Ղրիմն այդ ձմեռ սպիտակների ձեռքում էր:

Մի օր Մանդելշտամը ինձ մոտ եկավ շատ հուզված:

«Մաքս Ալեքսանդրովիչ, իմ ետևից ինչ-որ կազակ եսաուլ է եկել, ուզում է ձերբակալել: Գնանք ինձ հետ: Վախենում եմ, որ ինձ կտանեն անհայտ ուղղությամբ:

Դուք գիտեք, թե ինչպես են սպիտակները վերաբերվում հրեաներին»:

Ես նրա հետ գնացի Խառլամովի ամառանոցը, որտեղ նա սենյակ էր վարձել եղբոր հետ: Այնտեղ իսկապես հարբած կազակ էր նստած` զարհուրելի կովկասյան փափախը գլխին, և պղտոր աչքերը տարուբերելով ասում էր. «Այնպես որ, ձեր փաստաթղթերը կարգին չեն, և ես Ձեզ կձերբակալեմ»: Այդ եսաուլը ինչ-որ տեղից հայտնվել էր Կոկտեբելում, խմում էր մի քանի օր շարունակ, իսկ հետո հանկարծակի է եկել և հարցրել. «Գյուղում ջհուդներ կա՞ն»: Գյուղացիները պարտաճանաչ պատասխանել էին. «Բա ոնց, երկուսը, ողջ ձմեռ ծովի մոտ են ապրել, Մանդելշտամ եղբայրները»:

Եսաուլը անմիջապես գնում է նրանց խուզարկելու: Նստում է սենյակի մեջտեղում, զկրտում աջ ու ձախ ու թերթում ձեռքի տակ պատահականորեն ընկած գրքերը:

«Իսկ սա Կտակարան է, իմ ամենասիրելի գիրքը, երբեք չեմ բաժանվում դրանից», – ասաց Մանդելշտամը հուզված ձայնով և հանկարծ հիշեց իմ ներկայության մասին ու շտապեց ներկայացնել եսաուլին. «Իսկ սա Վոլոշինն է, այստեղ ամառանոց ունի: Գիտեք ինչ, ավելի լավ է իմ փոխարեն նրան ձերբակալեք»: Նա այդ ասաց զգացմունքային կատարյալ մոռացության մեջ:

Եսաուլի վրա դա ազդեցություն թողեց և նա պատասխանեց. «Լավ: Ես Ձեզ կձերբակալեմ, եթե Մանդելշտամը վաղը, առավոտյան 10-ին չներկայանա Թեոդոսիա»:

Հաստատությունը, ուր պետք է ներկայանային Մանդելշտամ եղբայրները, գլխավորում էր գնդապետ Ցիգալսկին` բանաստեղծ և Մանդելշտամի երկրպագու:

Իսկ ինքը` Օսիպ Էմիլևիչը, այնպիսի մոռացության մեջէր, որ վերադառնալով մեզ մոտ հանկարծ հայտնաբերեց Մայայի սենյակի բանալին, որ անգիտակցաբար սեղմել էր ձեռքում: Նա պատրաստվում էր Թեոդոսիայից Բաթում մեկնել Ի. Էրենբուրգի հետ: Այդ ուղևորությունը կազմակերպել էր նավահանգստի պետ, բարեհամբույր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Նովինսկին:

Ամռան վերջին Օսիպ Էմիլևիչը դիմեց ինձ խնդրանքով. «Մաքս Ալեքսանդրովիչ, Ձեր գրադարանում երևի թե կունենաք Դանտեի իտալերեն տարբերակը: Միառժամանակ տվեք ինձ, խնդրում եմ»:

Ես բարձրացա վերև` աշխատասենյակ, փնտրելու, իսկ նա այդ ընթացքում ասում էր Նատաշա Վերխովեցկայային4. «Չեմ զարմանա, եթե Մաքս Ալեքսանդրովիչը հիմա երկար փնտրի իր Դանտեին, ես ինքս մի երեք տարի առաջ այն տարել էի հետս Պետերբուրգ և այնտեղ մոռացել՚: «Բա ինչպե՞ս եք հիմա նորից խնդրում»: «Բայց չէ՞ որ լավ գրադարանը չի կարող լինել առանց Divina Comedia-ի բնագրի. կարծում եմ այս տարիների ընթացքում Մաքս Ալեքսանդրովիչը հասցրել է նոր օրինակ ձեռք բերել»:

Ես աշխատասենյակից ցած իջա և ասացի. «Օսիպ Էմիլյևիչ, կարծում եմ, ոչ թե Դուք, այլ ես պիտի Ձեզանից խնդրեմ Դանտեին, ես այն Ձեզ եմ տվել 3 տարի առաջ»:

Մանդելշտամի մոտ էր իր «Քարը» գրքի միակ օրինակը, այն դեպքում, երբ նա պետք ուներ շատ օրինակների` գիշերելու, ընթրիքի և ուրիշ այլ «լավությունների» դիմաց վարձահատույց լինելու համար:

Ես գրադարանումս ունեի «Քարի» մի օրինակ, որ նա նվիրել էր մորս բարեկամական քնքուշ մակագրությամբ:

Ես ուշադիր էի այդ գրքի նկատմամբ… Մի օր էլ հայտնաբերեցի, որ գրադարակից այն չքացել է: Փնտրեցի հարևան դարակներում և համոզվեցի, որ թռցրել են: Ես հարցուփորձ արեցի Մայային, և նա խոստովանեց, որ Մանդելշտամը, իր սեղանից վերցնելով այդ օրինակը, հայտարարել է, որ էլ չի վերադարձնի: Այդժամ ես նամակ գրեցի Նովինսկուն, խնդրելով, որ թույլ չտա Մանդելշտամին մեկնել Թեոդոսիայից, մինչև չվերադարձնի իմ գրադարանից առևանգված գրքի իմ օրինակը: Պատահեց այնպես, որ Նովինսկին այդ նամակը ստացավ Մանդելշտամի հետ նախաճաշելիս և տվեց վերջինիս կարդալու: Նա անկեղծորեն վրդովվում է, և իրավամբ` պարզվում է, որ գիրքը թռցրել է ոչ թե ինքը, այլ Էրենբուրգը5:

Տեսնելով, որ ես կտրուկ միջոցների եմ դիմում, Մանդելշտամը նամակ6 է գրում ինձ` ընտիր հայհոյանքներով շաղախված:

Եվ այն, ինչ նա առավել ևս չէր սպասում, իմ արվեստանոցում հաճախ կազմակերպվող բանաստեղծությունների հենց առաջին ընթերցանության ժամանակ ունկնդիրներին ուղղած իմ խոսքն էր. «Իսկ եթե ձեզնից որևէ մեկը կորցնի իմ գրադարանից վերցրած որևէ գիրք, ապա խորհուրդ եմ տալիս Ձեզ, ներողություն խնդրելու փոխարեն, գրել ինձ հայհոյանքներով լի նամակ»: Եվ որպես ոճական օրինակ կարդացի Մանդելշտամի նամակը:

Մի քանի օր անց, նավով մեկնելու պահին Մանդելշտամին ձերբակալեցին և բանտ նստեցրեցին:

Նա խելքը թռցրել էր սարսափից, ինչպես այն եսաուլի հետ միջադեպի ժամանակ, և բանտ մտնելիս վախեցած շշնջացել էր սպայի ականջին` «Իսկ անմեղներին գոնե երբեմն ազատո՞ւմ են»:

 

(գրառված է` 19.04.1932թ.)

Մանդելշտամի բոլոր ընկերները սկսեցին ինձ համոզել, որ ես պետք է փրկեմ նրան: Առաջ ես կարող էի այդ անել կամ չանել` դա իմ կամքն էր: Իսկ այժմ (ինձ հայհոյելուց հետո), ես պարտավոր եմ օգնել նրան: Իզուր էի նրանց բացատրում, որ ձեռքս ցավում է, չեմ կարող մեկնել Թեոդոսիա և Կամավորական բանակում ազդեցիկ ոչ մեկի չեմ ճանաչում:

Վերջ ի վերջո որոշվեց, որ ես նամակ թելադրեմ հակահետախուզության պետին, որին երբեք չէի տեսել («…բայց նա քո անունը գիտի…»), և միայն ստորագրեմ: Ես թելադրեցի այսպիսի մի նամակ.

«Ողորմած պարոն: Վերջերս հայտնի դարձավ ինձ, որ Ձեզ ենթակա մարդիկ ձերբակալել են պոետ Իոսիֆ Մանդելշտամին: Քանի որ Դուք, ըստ Ձեր զբաղեցրած դիրքի, պարտավոր չեք իմանալ ռուսական պոեզիան ու երբեք չեք լսել բանաստեղծ Մանդելշտամի անունը, – ռուսական քնարերգության մեջ նրա ունեցած վաստակի մասին, ապա պարտքս եմ համարում զգուշացնել Ձեզ, որ նա շատ նշանակալից ու փառավոր տեղ է զբաղեցնում ռուսական պոեզիայում: Բացի այդ, նա ծայրաստիճան խուճապահար մարդ է և վախի ազդեցության տակ ընդունակ է ցանկացած խելահեղության: Եվ, վերջ ի վերջո, եթե նրան ինչ-որ բան պատահի, Դուք պատասխանատվություն կկրեք ռուսական ընթերցող հասարակության առջև նրա ճակատագրի համար: Թե որքանով են ճշմարիտ ինձ հասած լուրերը` ես չգիտեմ: Ինձ ասել են, որ Մանդելշտամը մեղադրվում է բոլշևիկներին ծառայելու մեջ: Այդ առումով կարող եմ Ձեզ հանգստացնել լիովին. Մանդելշտամը ոչ մի ծառայության, ինչպես և քաղաքական համոզմունքների         ընդհանրապես ընդունակ չէ. դրանով նա երբեք չի տառապել»: Նամակը հատուկ էր գրված այդ ոգով` քաղաքավարի, բայց շատ սուր: Հնչում էր որպես անձնական վիրավորանք և դրա համար էլ հիշվող էր: Դա իմ հարաբերությունների սովորական հնչերանգն էր Կամավորական բանակի հանդեպ: Հակահետախուզության պետը շատ դժգոհ ժեստով ծալում է նամակը ու դնում գրպանը: Իսկ հաջորդ օրը կարգադրում է ազատ արձակել Մանդելշտամին: Մանդելշտամն ու Էրենբուրգը մեկնեցին միաժամանակ: Առժամանակ հետո բանաստեղծ ու հրատարակիչ Աբրամովից ես ստացա «Творчество» գեղարվեստական ամսագրի մի քանի համարները: Նա խնդրում էր ինձ գրել ամսագրից ստացած տպա- վորություններիս մասին: Այնտեղ տպված էր նաև Օսիպ Էմիլևիչի «Vulgata» մեծ հոդվածը: Ինչպես հայտնի է, «Վուլգատա» է կոչվում սուրբ Հիերոնիմոսի կողմից կատարված Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը, որն ընդունված է կաթոլիկ եկեղեցում: Մանդելշտամի հոդվածի ընթերցումից ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է ենթադրում նա այդ վերնագրի տակ, մինչև որ չհասա հոդվածը եզրափակող բառերին. «Բավ է Աստվածաշունչ ունենալ լատիներեն լեզվով, տվեք մեզ, վերջապես, Վուլգատան»: Նա, իբրև բանասեր, պարզապես թարգմանել է վերնագիրը, իսկ իբրև պատմաբան երբեք չի հանդիպել նման տերմինի, առանց գլխի ընկնելու իմաստային այն թեթև «շեղումի» մասին, որ առկա է այդ անվանման մեջ: Աբրամովին ես գրեցի.

«Ձեզ, իբրև խմբագրի, անհարիր է այդպիսի ճչացող սխալներ թույլ տալը. չի կարելի, որ մեր տգետ պոետները Ձեր ամսագրում զետեղեն այնպիսի վերնագրերով հոդվածներ, որոնց իմաստը նրանց հստակ չէ: Դրա պատասխանատուն Դուք եք, իբրև խմբագիր»: Պատահեց այնպես, որ Մանդելշտամին հանդիպեցի միայն 1924-ին Մոսկվայում, «Красная новь» ամսագրի խմբագիր` Վորոնսկու մոտ: Մենք հանդիպեցինք ոչ թե աշխատասենյակում, այլ միջանցքում:

Մանդելշտամն ուրախացավ հանդիպման համար` հավանաբար «ներելով» մեր միջև եղածը, հիշելով թե՛ կորցրած Դանտեին, թե՛ ձերբակալումից ազատվելը: Այդ ամենի մասին արտահայտվելուց հետո նա ավելացրեց. «Բայց չի կարելի, չէ՞, Մաքսիմիլիան Ալեքսանդրովիչ, այդպես ոտնահարել կորպորացիայի շահերը: Չէ՞ որ, ի վերջո մեր` բանաստեղծներիս շահերը հավասարազոր են, իսկ խմբագիրները մեր թշնամիներն են: Չէր կարելի, չէ՞, մատնել ինձ Աբրամովին «Vulgata»-ի դեպքում: Չէ՞ որ այդ մանրամասները միայն Ձեզ են հայտնի, իսկ հասարակությունը չի էլ նկատի»:

 

Ծանոթագրություններ

  1. Օ. Է. Մանդելշտամն ավարտել է Տենիշևյան առևտրի ուսումնարանը 1907թ. մայիսին: Վոլոշինը Պետերբուրգում է ապրել 1906թ. հոկտեմբերից մինչև 1907թ. մարտը: Հենց այդ շրջանում էլ տեղի է ունեցել նրանց հանդիպումը:
  2. Ելիզավետա Իվանովնա Դմիտրևա (1887 – 1928) – բանաստեղծուհի:
  3. Մարիա Պավլովնա Կյուվիլյե (1895 – 1985) – առաջին ամուսնական ազգանունն է Կուդաշևա, երկրորդը` Ռոլան:
  4. Ճիշտը` Նատալյա Վերժխովեցկայա – երիտասարդ բանաստեղծուհի, ապրում էր Հին Ղրիմում:
  5. Նովինսկուն ուղղած նամակում Վոլոշինը գրում է. «Ալեքսանդր Մանդելշտամն իր եղբոր հանձնարարությամբ Մայայից գողացել է «Քար» բանաստեղծությունների ժողովածուն և անպատկառ ձևով նրան հայտարարել. «Եթե ուզում եք, ասեք Վոլոշինին. եղբայրս չի ուզում, որ իր գիրքը գտնվի նրա մոտ, քանի որ նրանք վիճել են»: Ի դեպ, գիրքն իմը չէ, այլ մայրիկինս: Ցավոք, ես շատ ուշ իմացա այդ մասին. նա վերադարձավ Օսիպի մոտ, և նրանք գնում են Բաթում: Ընկերաբար օգնիր ինձ, առանց քո աջակցության նրանք Բաթում չեն մեկնի: Վերջնագիր ներկայացրու` կմեկնեք միայն գիրքը վերադարձնելուց հետո: Իմ գրադարանը Մանդելշտամն արդեն վաղուց է կողոպտում, ինչը խոստովանել է. ժամանակին նա գրադարանիցս գողացել էր Դանտեի ֆրանսերեն ու իտալերեն օրինակները: Դա ես պարզեցի միայն վերջերս: Բայց «Քարը» ես շատ եմ սիրում, և այն դեռ հնարավոր է ետ վերադարձնել»:
  6. Ահա հուլիսի 25-ի այդ նամակը. «Ողորմած պարոն, ես հաճելիորեն համոզվեցի, որ շատերի կողմից միամտաբար նրբին էսթետիկական կուլտուրա համարվող հոգևոր ճարպի հաստ շերտի տակ դուք թաքցնում եք կոկտեբելյան բուլղարացու անհույս բթամտությունն ու անտաշությունը: Մեր ընդհանուր ծանոթներին ուղղած նամակներում դուք ձեզ իրավունք եք վերապահում պնդելու, որ ես «արդեն վաղուց՚ թալանում եմ ձեր գրադարանը և, ի դեպ, ձեզնից «գողացել» եմ Դանտեին, ինչը «խոստովանել եմ», ու եղբորս միջոցով` նաև իմ գիրքը: Ցավում եմ, որ ինձ հասանելի չեք, և ես հնարավորություն չունեմ ձեզ անձամբ սրիկա ու հերհյուրող անվանելու: Ապուշ պետք է լինել ենթադրելու համար, որ իբր ինձ հետաքրքրում է ձեր` իմ գիրքն ունենալ-չունենալու հարցը: Այսօր հիշեցի միայն, որ այն եղել է ձեզ մոտ: Ձեր նողկալի մոլագար ողջ զառանցանքից ճշմարիտ էր միայն այն, որ իմ պատճառով դուք զրկվեցիք Դանտեից. ես դժբախտություն եմ ունեցել 3 տարի առաջ կորցնել ձեր գրքերից մեկը, բայց է՛լ ավելի մեծ դժբախտություն է ընդհանրապես ձեզ հետ ծանոթությունը: Օ. Մանդելշտամ»:

 

Ռուսերենից թարգմանությունը` Սուսաննա Գյուլամիրյանի

«Литературная учеба» 5. 1988