2/5/2002

Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարանը

 

Այցելելով տունը, որտեղ երկար տարիներ ապրել, աշխատել, մտածել և ստեղծագործել է Մ.Ա. Վոլոշինը, ես լեցուն էի պայծառ տրտմության միջից շողարձակող բերկրալի տպավորություններով. տրտում` այն բանից, որ հեռացել է շատ մեծ մարդու նշանակալից կյանքը. սակայն այդ կյանքի հետքն առկայծում է նրա ստեղծած առօրյայի ամենայն մանրուքներում: Ուստիև` խնդություն:

Ոչ թե տուն, այլ` թանգարան:

Սովորական թանգարաններում կենդանի կյանքին հակադրվող ինչ-որ բան կա. կյանքը թանգարաններում դասդասված է. առարկաներն այնտեղ խմբավորված են ըստ մեկուսի հատկանիշների (գեղանկարչության թանգարան, գրքի, ազգագրական, գրական, կենցաղի թանգարան): Մ.Ա. Վոլոշինի անվան թանգարանը ասես մեկ մարդու կյանքի պատճեն լինի. գրքեր, գեղանկարչություն, քարացուկների հավաքածու, քարիկներ, կենցաղի պիտույքները կրում են անկրկնելի անհատականության կնիքը:

Ոչ թե թանգարան, այլ` կյանքի շունչ. ի դեպ, այդ կյանքն առաջին անգամ բացահայտում է ստեղծագործաբար վերափոխված Կոկտեբելը: Հանգուցյալ պոետն ասես թե տեսել է ղրիմյան այդ անկյունի գաղափարը, ավելի ճիշտ` Կոկտեբելի թեման և արտացոլել այն այլացումներում` ստեղծագործական նվաճումների բազմազանությամբ, որտեղ պոեզիան, գեղանկարչությունը, Կոկտեբելի օդին թրմած նամակների մտածումները, գավառագիտական և բնագիտական հետաքրքրությունների զուգակցությամբ բազմամաս ամբողջություն են կազմում` բացելով վարագույրը հինավուրց Կիմերիայի և նրանում Հունաստանի նստվածքի:

«Պոեզիան հասուն բնությունն է», – ասել է Վոլֆգանգ Գյոթեն, այն բնության մշակույթն է, վերջինիս մեջ նոր որակի դրսևորումը. բնության մեջ այդ որակը տրված է որպես դեռևս գիտակցության ձևով չծնված սաղմ: Մ.Ա.Վոլոշինի պոեզիայում, նրա զարմանահրաշ վրձնում, որը դառնում է Կոկտեբելը տեսնելու գիտություն, ողջ կենցաղում, սկսյալ տան, տարիների ընթացքում հասունացրած ուրվագծում, ծածկապատշգամբի, աստիճանների դասավորումից աշտարակում, իր տեսակի մեջ յուրօրինակ միակ արվեստանոցում, հասարակ, բայց նրբաճաշակ կահավորանքում, բանաստեղծի արած դիմանկարների և նկարների աստիճանավորման մեջ, Կոկտեբելի քարիկների հավաքածուում, քարացուկների հավաքածուում, ջրասույզ ծառաբների հավաքածուում, գրքերի ընտրության յուրահատկության մեջ` արտացոլված է Վոլոշինի կյանքը իր կենտրոնական առանցքում, որը ստեղծագործական մտածումն է Կոկտեբելի մասին և մարմնավորված է հիրավի նոր կենցաղում:

Կոկտեբելի բնությունը, որ անցնում է պոետի կյանքի միջով, այստեղ դրսևորված է որպես մշակույթ և հաստատում է Գյոթեի լոզունգը. «Պոեզիան հասուն բնությունն է»: Վոլոշինը պոետ է, նկարիչ, որ հայտնաբերել է իր կենաց ոճը, ծովի ճողփյունի բացահայտման, գունագեղ քարիկների, կոկտեբելյան լեռների թեթև ուրվագծերի մեջ և երկրամասի առումով գտել է իրեն, – ու հուշերիս մեջ մնում է իբրև իմաստուն, իսկ նրա գերեզմանը, որը հառնել է Կոկտեբելի մերձակայքի վրա, ինքն իրեն ընդարձակող և տիեզերքում իրեն փոխակերպող անհատականության խորհրդանիշն է:

Կան անասելի հիասքանչ խեցիներ, որոնց Հեկկելը արվեստի գոհարների աստիճանին է դասել: Դրանց զարդանկարների գծերն ըստ էության դրանց մեջ ապրող օրգանիզմների կուտակումն է, և դրանց անմահությունն էլ հենց խխունջն է: Ինձ համար Վոլոշինի տունը այդ խեցիներից մեկն է, որը հանճարեղ կենսաբանը դասել է արվեստի գոհարների շարքում. նրանում անկրկնելի է սովորաբար չհա- մակցվող տարրերի համակցումը. նրանում լավն է գրադարանը, հիասքանչ են Վոլոշինի բնապատկերները, արժեքավոր են նրա մտքի պահպանված հետքերը, արժեքավոր են այստեղ ապրած մի շարք երևելի մարդկանց` նկարիչների, գրողների, բանաստեղծների, գիտնականների զրույցների և բանավեճերի մասին հուշերը (այստեղ է Լեբեդևը հղացել իր արհեստական կաուչուկը, այստեղ են աշխատել նկարչուհիներ Օստրոումովան, Սաբաշնիկովան, այստեղ եմ ես կրել իմ մեջ «Մոսկվա» եռերգության գաղափարը և այլն):

Սակայն ինչքան էլ հետաքրքիր լինեն Մ.Ա. Վոլոշինի ղեկավարած մշակութային կյանքի առանձին գծերը` նրա կյանքը ոչ թե նրա պոեզիայի, գեղանկարչության, հրապարակախոսության յուրօրինակության մեջ է, այլ այն բանում, որ պոեզիան, գրքային իմաստությունը և երկրագիտական հակումները երանգավորված են հենց կենդանի կյանքի ստեղծագործության նոր որակով, որը մարմնավորվել է անկրկնելի կենցաղում: Գրադարանը չես կարող դուրս բերել այս տան պատերից, ուր կախված են այս և ոչ թե այլ նկարներ, այնտեղից դուրս ես գալիս դեպի այս և ոչ թե այլ ծածկապատշգամբներ. ամենայն ինչ` պատերից մինչև բանաստեղծությունները և նրանցից ծնունդ առնող մտածումները պատկանում է այս տանը, ամենը միասին` այն խեցին է, որը գովերգել է Հեկկելը. նրա այս կամ այն գիծը հանելը նշանակում է անհոգ գարշապարով տրորել խեցին: Վոլոշինի տունը մեն-մի կյանքի ամբողջություն է, անկրկնելի դեմքի գիպսե պատճեն, հավերժական հուշ նրա մասին:

 

Ռուսերենից թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի

«Ежегодник рукописного отдела Пушкинского дома на 1979 год»

«Наука: 1981