2/5/2002

Ինքնակենսագրություն

 

(1925թ.) 49 տարեկան եմ դառնում: Կյանքիս յոթերորդ յոթնամյակն եմ ապրում, որ ճշգրիտ տրոհվում է հետևյալ փուլերի.

1-ին յոթնամյակ.

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

(1877-1884)

Կիրիենկո-Վոլոշինները Զապորոժյեի կազակներ էին. մայրական կողմից` գերմանացիներ, ռուսացած` XVII դարից2:

Ծնվել եմ 1877թ. մայիսի 16-ին Կիևում, Ամենայն Սրբոց օրը:

Վաղ տպավորություններս` Տագանրոգ, Սեվաստոպոլ: Վերջինս` փլատակներում, պաշարումից հետո, փլված տների պիրանեզիական ծառեր, Պետրոպավլովյան տաճարի դորիական սյուների շուռ եկած թմբուկներով3:

4 տարեկանից` «Բոյարինյա Մոռոզովա»-յի ֆոնում պատկերված Մոսկվա: Ապրում էինք Նոր Սլոբոդայում, Պոդվիսկների մոտ, որտեղ էլ Սուրիկովը այդ տարիներին նկարում էր սույն կտավը հարևան տանը4:

Ռուսական պատմության առաջին տպավորությունս` մեծահասակների խոսակցությունից ինձ հասած «Մարտի 1-ը»5:

Սիրում էի ասմունքել` կարդալ դեռ չսովորած: Դրա համար միշտ աթոռին էի կանգնում. էստրադայի զգացողություն:

5 տարեկանից` գրքերի ինքնուրույն ընթերցում մորս գրադարանի սահմաններում: Արդեն այդ ժամանակվանից մշտական ուղեկիցներս են դառնում Պուշկինը, Լերմոնտովն ու Նեկրասովը, Գոգոլն ու Դոստոևսկին, քիչ ավելի ուշ` Բայրոնը և Էդգար Պոն:

 

2-րդ յոթնամյակ.

ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ

(1884-1891)

Իրադրությունը. Մոսկվայի արվարձանները` բրեստյան երկաթգծի արհեստանոցները, Վագանկովո և Խոդինկա: Ավելի ուշ` Զվենիգորոդի գավառը` վորոբյովյան սարահարթից ու Կունցեվոյից մինչև Գոլիցին և Սավվինսկի վանքը:

Ուսուցման սկիզբը. բացի սովորական քերականություններից, լատինական բանաստեղծությունների սերտում, կրոնի պատմության դասախոսություններ, տարիքիս չհամապատասխանող, բարդ գրական թեմաներով շարադրություններ: Այդ բազմազան մշակութային պատրաստվածությամբ ես պարտական եմ իմ յուրօրինակ ուսուցչին` այդ ժամանակ ուսանող Ն.Վ. Տուրկինին6:

Հասարակությունը` գրքեր, մեծահասակներ, տնային կենդանիներ: Տարեկիցներս քիչ են: Պատանեկությանս վերջը թունավորված է գիմնազիայով: 1-ին դասարան` Պոլիվանովյան7 գիմնազիա, հետո, մինչև 5-րդը` Կազյոննայա 1-ինը:

 

3-րդ յոթնամյակ`

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

(1891-1898)

Թախիծ ու նողկանք այն ամենի հանդեպ, ինչ վերաբերում է գիմնազիային և բխում է գիմնազիայից: Երազում եմ հարավի մասին և աղոթում, որ պոետ դառնամ: Թե՛ մեկը, թե՛ մյուսը թվում են աներևակայելի: Բայց շուտով սկսում եմ գրել վատ բանաստեղծություններ և ճակատագիրն անսպասելիորեն բերում է ինձ Կոկտեբել (1893): Թեոդոսիայի գիմնազիա: Գավառական փոքրիկ քաղաքը, ընտանիքից դուրս կյանքը խիստ թեթևացնում են գիմնազիայի մղձավանջը:

Բանաստեղծություններս հավանում են, և ես ստանում եմ գրական «համբավի» առաջին ներարկումը, որն հետագայում բոլոր առումներով օգտակար էր. պահանջկոտություն է ձևավորվում ինքս իմ հանդեպ: Կիմերիայի պատմական հագեցածությունն ու Կոկտեբելի խիստ բնապատկերները դաստիարակում են ոգիս ու միտքս8:

1897-ին ավարտում եմ գիմնազիան և ընդունվում Մոսկվայի իրավաբանական ֆակուլտետ: Ո՛չ գիմնազիային, ո՛չ էլ համալսարանին ես ոչ մի գիտելիքով, ոչ մի մտքով պարտական չեմ: 10-ը ամենաթանկարժեք տարիները պարզապես կյանքիցս ջնջված են:

 

4-րդ յոթնամյակ.

ԹԱՓԱՌԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ

(1898 - 1905)

Արդեն մեկ տարի անց ինձ հեռացրեցին համալսարանից ուսանողական խռովությունների պատճառով և աքսորեցին Թեոդոսիա: Հետո իրար են հաջորդում աքսորներն ու ուղևորությունները արտասահման և ավարտվում աքսորով` Տաշքենտ (1900): Դրանից առաջ ես արդեն հասցրել էի լինել Փարիզում և Բեռլինում, Իտալիայում և Հունաստանում. ճանապարհորդում էի ոտքով, գրպանումս գրոշներ, գիշերելով օթևանատներում9: Երկու դարերի հատման 1900 թվականը իմ հոգևոր ծնունդի տարին էր: Քարավանների հետ անցնում էի անապատով:

Այստեղ ինձ վրա հասան Նիցշեն և Վլ. Սոլովյովի «Երեք զրույցները»10: Նրանք ինձ հնարավորություն տվեցին հետահայաց նայել ողջ եվրոպական մշակույթին ասիական սարահարթերի բարձունքներից, և իրականացնել մշակութային արժեքների վերագնահատում:

Այստեղից ճանապարհները տանում են ինձ արևմուտք, երկար տարիներով Փարիզ` սովորելու գեղարվեստական ձևեր Ֆրանսիայից, գույնի զգացողություն` Փարիզից, տրամաբանություն` գոթական տաճարներից11, միջնադարյան լատիներեն` Գաստոն Պարիսից12, մտքի կարգավորվածության` Բերգսոնից12, սկեպտիցիզմ` Անատոլ Ֆրանսից, արձակ` Ֆլոբերից, բանաստեղծություն` Գոթյեից և Էրեդիայից...

Այդ տարիներին ես սոսկ ներծծող սպունգ եմ, ամբողջովին` աչք, ամբողջովին` ականջ: Շրջագայում եմ երկրներով, թանգարաններով, գրադարաններով` Հռոմ, Իսպանիա, Բալեարներ, Կորսիկա, Սարդինիա, Անդորա... Լուվր, Պրադո, Վատիկան, Ուֆիցի... Ազգային գրադարան: Խոսքի տեխնիկայից բացի, փորձում եմ տիրապետել վրձնի ու մատիտի:

1900թ. տպագրվում է իմ առաջին քննադատական հոդվածը «Русская мысль» ամսագրում13: 1903-ին հանդիպում եմ իմ սերնդի ռուս պոետներին. ավելի տարիքով Բալմոնտին, Վյաչ. Իվանովին, Բրյուսովին, Բալտրուշայտիսին և հասակակից Ա. Բելիին, Բլոկին:

 

5-րդ յոթնամյակ.

ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐ

(1905 - 1912)

Ոգու թափառումների փուլեր` բուդդիզմ, կաթոլիկություն, մոգություն, մասոնականություն, օկկուլտիզմ, թեոսոֆիա, Ռ. Շտայներ14: Ռոմանտիկական և միստիկական բնույթի անձնական մեծ ապրումների ժամանակաշրջան:

1905թ. հունվարի 9-ին ճակատագիրը բերեց ինձ Պետերբուրգ և զգալ տվեց ռուսական հեղափոխության բոլոր սպասվելիք հեռանկարները15: Բայց ես չմնացի Ռուսաստանում, և 1-ին ռուսական հեղափոխությունը ինձ շրջանցեց: Այդ իրադարձությունների ետևում կռահում էի մեր օրերի խռովքը («Վրեժխնդրության հրեշտակը»):

Այդ տարիներին ես Փարիզից հոդվածներ եմ գրում գեղանկարչության և գրականության մասին ռուսական ամսագրերի և թերթերի համար («Весы», «Золотое руно», «Русь»): 1907-ից հետո գրական իմ գործունեությունը աստիճանաբար տեղափոխվում է, նախ` Պետերբուրգ, իսկ 1910-ից` Մոսկվա: 1910թ. լույս է տեսնում իմ բանաստեղծությունների առաջին գիրքը:

Ավելի երկար Ռուսաստանում իմ գտնվելը խզում է նախապատրաստում լրագրային աշխարհի հետ, որն ինձ համար տանելի էր քանի դեռ ես ապրում էի Փարիզում:

 

6-րդ յոթնամյակ.

ՊԱՏԵՐԱԶՄ

(1912 - 1919)

1913թ. Ռեպինի մասին իմ դասախոսությունը այնպիսի մամլո հալածանք է առաջացնում իմ դեմ, որ հոդվածներիս համար բոլոր խմբագրությունները փակվում են, իսկ գրախանութները բոյկոտ են հայտարարում գրքերիս:

Մինչպատերազմյան տարիները ես անցկացնում եմ կոկտեբելյան խցում, ինչն ինձ հնարավորություն է տալիս կենտրոնանալ նկարչության վրա` ստիպելով նորից սովորել ակունքներից` արվեստի ավելի հասուն ըմբռնման համաձայն:

Պատերազմի հետ առնչվեցի Բազելում, ուր եկել էի աշխատելու Գյոթեանումի շինարարության վրա16: Այդ վեհ ու ընկերական աշխատանքը, բոլոր թշնամի ազգերի ներկայացուցիչների հետ համատեղ, եվրոպական պատերազմի առաջին կռիվների ասպարեզից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա, պատերազմի հանդեպ մարդկային և արտաքաղաքական վերաբերմունքի հիասքանչ և դժվարին դպրոց էր:

1915թ. Փարիզում գրում եմ «Anno Mundi Ardentis» բանաստեղծությունների գիրքը պատերազմի մասին17: 1916-ին անցնելով Անգլիայով ու Նորվեգիայով` վերադառնում եմ Ռուսաստան:

1917թ.-ի փետրվարը վրա հասավ Մոսկվայում և իմ մեջ չառաջացրեց մեծ ոգևորություն, քանզի անընդհատ զգում էի հեղափոխության բուն իրողությունը քողարկող ինտելիգենտական սուտը: Պարբերականների խմբագրությունները, որ բացվել էին իմ առջև պատերազմի ժամանակ, նորից փակվում են հեղափոխության մասին իմ հոդվածների համար, որ միամտորեն առաջարկում էի` մոռանալով, որ խոսքի ազատության սկիզբը վերջ է դնում մտքի ազատությանը:

1917թ.վերադառնալով Ղրիմ` այլևս չեմ լքում այդ վայրը. ոչ մեկից չեմ փրկվում, ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, և քաղաքացիական պատերազմի բոլոր ալիքներն ու կառավարությունների հերթափոխը անցնում են գլխիս վրայով:

Չափածոն մնում է ինձ համար շուրջս կատարվող իրադարձությունների մասին մտքեր արտահայտելու միակ հնարավոր ձևը: Բայց 1917թ.-ին ես ոչ մի բանաստեղծություն չկարողացա գրել. խոսքի շնորհը ինձ է վերադառնում է միայն Հոկտեմբերից հետո, և 1918-ին ավարտում եմ հեղափոխության մասին «Խուլ ու համր դեմոնները» գիրքը և «Քահանայապետ Ավվակումը» պոեմը18:

 

7-րդ յոթնամյակ.

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

(1919 - 1926)

Ո՛չ պատերազմը, ո՛չ էլ հեղափոխությունը չվախեցրեցին ինձ և չհիասթափեցրին. ես վաղուց էի սպասում դրանց, և ավելի դաժան ձևերով: Ընդհակառակը, ինձ շատ հարմարված զգացի հեղափոխական կեցության և գործունեության պայմաններին: Կոմունիստական էկոնոմիկայի սկզբունքները բավական համահունչ էին աշխատավարձի և առ ու ծախի հանդեպ իմ նողկանքին:

1919թ.-ը ինձ դրդում է հասարակական գործունեության միակ այն ձևին, որ հնարավոր էր այդ տարիներին հաստատված ամեն տեսակ քաղաքականության և պետականության հանդեպ ունեցած իմ վերաբերմունքի պարագայում տեռորի դեմ պայքարին` անկախ երանգավորումից: Այդ տարիներին (1919-1923) դեմ առ դեմ հայտնվում եմ ռուսական երկպառակության բոլոր դեմքերի ու դիմակների առջև, ինչը ինձ ընդգրկուն ու թանկարժեք փորձառություն է բերում: Տեռորի և Սովի դժոխային ամենախորը շերտերից ես բերեցի մարդու հանդեպ իմ հավատը («Սերունդներին» բանաստեղծությունը): Այդ տարիները առավել արգասաբեր էին իմ պոեզիայում թե՛ որակի, թե՛ քանակի իմաստով:

Բայց քանի որ իմ թեման Ռուսաստանն է իր ողջ պատմական միասնությամբ, քանի որ կուսակցականության ոգին ատելի է ինձ համար, քանի որ ցանկացած պայքար չեմ կարող դիտել այլ կերպ, քան իրար դեմ պայքարող թշնամիների հոգևոր միասնության և համագործակցության պահ` ընդհանուր գործի համար, ապա այստեղից էլ բխում են իմ վերջին բանաստեղծությունների գրական ճակատագրի հետևյալ առանձնահատկությունները. ես բանաստեղծություններ ունեմ հեղափոխության մասին, որոնք հավասարապես դուր էին գալիս թե՛ կարմիրներին, թե՛ սպիտակներին: Գիտեմ, օրինակ, որ «Ռուսական հեղափոխություն» իմ բանաստեղծությունը երկու գաղափարական հակառակորդ-առաջնորդների կողմից (անունները չտամ) համարվել է հեղափոխության լավագույն բնութագիրը: 1919թ.-ին կարմիրներն ու սպիտակները, հերթով գրավելով Օդեսան, ժողովրդին ուղղված իրենց թռուցիկները սկսում էին «Բրեստի հաշտությունը» իմ բանաստեղծության միևնույն բառերով: Այդ երևույթները իմ գրական հպարտությունն են, որովհետև վկայում են, որ ծայրահեղ առճակատման պահերին ամենավիճելիի և ամենաարդիականի մասին խոսելիս ինձ հաջողվում էր գտնել այնպիսի բառեր ու այնպիսի հեռանկար, որ ընդունելի էր թե՛ մեկի, թե՛ մյուսի համար: Հենց այդ պատճառով էլ գրքի մեջ զետեղված այդ բանաստեղծությունները չէին հանվում ո՛չ աջ, ո՛չ ձախ գրաքննության կողմից: Դրա համար դրանք հազարավոր ձեռագրերով տարածվում էին Ռուսաստանում, իմ կամքից և իմացությունից անկախ: Ինձ ասում էին, որ դրանք Արևելյան Սիբիր են մուտք գործում ոչ թե Ռուսաստանից, այլ Ամերիկայից` Չինաստանով ու Ճապոնիայով:

Իսկ ես շարունակում եմ մնալ գրականությունից դուրս գտնվող գրողի նույն կարգավիճակում, ինչպես պատերազմից առաջ:

1923թ.-ին ավարտում եմ «Неопалимая купина» գիրքը: 1922թ.-ից գրում եմ «Путями Каина» գիրքը, որը նյութական և սոցիալական մշակույթի վերագնահատումն է: 1924թ.-ին գրվում է «Ռուսաստան» պոեմը (պետերբուրգյան շրջան) :

Այդ տարիներին ես շատ ջրաներկ աշխատանքներ եմ արել` մասնակցելով «Мир искусства» և «Жарцвет» ցուցահանդեսներին: Իմ ջրանկարները ձեռք են բերել Տրետյակովյան պատկերասրահը և գավառական շատ թանգարաններ:

Իմ այն սկզբունքի համաձայն, որ բոլոր սոցիալական չարիքների արմատը աշխատավարձի ինստիտուցիայի հիմքում է, անվարձահատույց ես բաժանում եմ այն ամենը, ինչ ստեղծում եմ: Տունս դարձրել եմ նկարիչների և գրողների համար կացարան, իսկ գրականության և գեղանկարչության մեջ դա ստացվում է ինքնաբերաբար, որովհետև ոչ ոք չի վարձատրում: Ապրում եմ Գիտնականների կենցաղի բարելավման կենտրոնական հանձնաժողովի միջոցներով` ամսական 60 ռուբլի:

  

Ծանոթագրություններ

 

  1. Գրվել է հեղինակի կողմից իր գրական գործունեության 30-ամյակի առթիվ (առաջին անգամ տպագրվել է 1895թ.)
  2. Հայրը` Կիրիենկո-Վոլոշինը իրավաբան էր. նրա վաղաժամ մահից հետո որդու դաստիարակությամբ զբաղվել է մայրը` Ելենա Օտտոբալդի Գլազերը:
  3. Նկատի ունի Ղրիմի պատերազմը (1855-1856), երբ Սեվաստոպոլը խիստ ավերվել էր: Ջովանի Բատիստա Պիրանեզի (1720-1778) – իտալացի ճարտարապետ, վիմանկարիչ:
  4. «Բոյարինյա Մորոզովայի» վրա Սուրիկովը սկսել է աշխատել 1881-ին: Այդ ժամանակ նա ապրում էր Դոլգորուկովո փողոցում:
  5. Նկատի ունի 1881թ. մարտի 1-ին Ալեքսանդր II-ի սպանությունը նարոդովոլեցների կողմից:
  6. Տուրկին, Նիկանդր Վասիլյեվիչ (1863-1919) – հետագայում լրագրող:
  7. Լ.Ի. Պոլիվանովի (1838-1899) մասնավոր գիմնազիան գտնվում էր Պրեչիստենկայում:
  8. Կոկտեբել – գյուղ արևելյան Ղրիմում, Թեոդոսիայի և Սուդակի միջև. այն ժամանակ հիմնականում բնակեցված էր բուլղարացիներով: Վոլոշինը Կիմերիա է անվանում արևելյան Ղրիմը (մ.թ. 2000 տարի առաջ այդտեղ բնակվող քիմերացիների անունով)
  9. Պահպանվել է 1900թ-ի «Журнал путешествия»-ում, գրառել են Վոլոշինը և իր ուղեկիցները:
  10. Ֆրիդրիխ Նիցշե (1844-1900) – գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ: Սոլովյով, Վլադիմիր Սերգեևիչ (1853-1900) – ռուս փիլիսոփա, բանաստեղծ:
  11. Հետագայում Վոլոշինը, ըստ պայմանավորվածության, սկսեց աշխատել Մ. և Ս.Սաբաշնիկովների հրատարակչության հետ «Գոթիկայի ոգին» գրքի վրա, որը մնաց անավարտ:
  12. Պարիս, Գաստոն (1839-1903) – ֆրանսիացի գրող, բանասեր:   Բերգսոն, Անրի (1859-1941) – ֆրանսիացի փիլիսոփա:
  13. Հոդվածի վերնագիրն էր «Ի պաշտպանություն Հաուփթմանի: պր. Բալմոնտի թարգմանությունների առիթով»:
  14. Շտայներ, Ռուդոլֆ (1861-1925)– գերմանացի փիլիսոփա, ոգեգետ, Անտրոպոսոֆական ընկերության հիմնադիր:
  15. Տե՛ս Վոլոշինի «Արյունոտ շաբաթ Սանկտ-Պետերբուրգում» հոդվածը:
  16. Գյոթեանում – անտրոպոսոֆական աշխարհայացքի հոգևոր-մշակութային կենտրոն Բազելի մոտ գտնվող Դոռնախ բնակավայրում:
  17. «Anno Mundi Ardentis» գիրքը լույս է տեսնում Մոսկվայում 1916-ի գարնանը Մ. Օ. Ցետլինի «Зерна» հրատարակչությունում:
  18. «Խուլ ու համր դեմոնները» գիրքը լույս է տեսել Խարկովում 1919-ի սկզբին. «Քահանայապետ Ավվակումը» պոեմը ներառվել է այդ գրքում:

 

 

 

Ռուսերենից թարգմանությունը` Սուսաննա Գյուլամիրյանի

«Литературная учеба» 5. 1988