1/4/2002

Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում

Որտեղ քննարկվում են գաղափարներն առհասարակ և ընթացքում հետազոտվում՝ արդյոք մարդկային հոգին միշտ է մտածում

«Նոր փորձեր մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, Գաղափարների մասին, գլուխ առաջին

  • 1. ՖԻԼԱԼԵՏ. - Քննելուց հետո, թե արդյոք գաղա­փարները բնածին են, դիտարկենք նրանց բնու­թյունն ու տարբերությունները։ ճշմարիտ չէ՞, որ գաղափարը մտածողության օբյեկտն է։

ԹԵՈՖԻԼ.– Համամիտ եմ, միայն թե ավելացրեք, որ դա անմիջական ներքին օբյեկտ է, և այդ օբյեկտը բնության կամ իրերի որակների արտահայտությունն է։ Եթե գաղափարը լիներ մտածողության ձևը, ապա կծնվեր ու կվերանար դրան համապատաս­խան ակտուալ մտքերի հետ, բայց լինելով մտածո­ղության օբյեկտ՝ կարող է նախորդել ու հաջորդել մտքերին։ Արտաքին զգայական իրերը լոկ միջ­նորդավորված են, քանզի չեն կարող ան­միջապես ազդել հոգու վրա։ Միայն Աստված է ան­միջական արտաքին օբյեկտ։ Կարելի է ասել, թե հոգին իր անմիջական ներքին օբյեկտն է. բայց այնքանով, որքանով պարունակում է գաղա­փարներ կամ այն, ինչը համապատասխանում է իրերին։ Քանզի հոգին փոքր աշխարհ է, որտեղ հս­տակ գաղափարները Աստծո մասին պատկերացում­ներ են, իսկ աղոտ գաղափարները՝ ունիվերսումի։

  • 2. Ֆ. - Մեր պարոնները, որ ենթադրում են, թե հոգին ի սկզբանե մաքուր տախտակ է՝ առանց որևէ նշանի ու գաղափարի, հարցնում են, թե ինչպես է այն կարողա­նում գաղափարներ ստանալ և ինչ միջոցով է ձեռք բե­րում դրանց զարմանալի քանակությունը։ Սրան պա­տասխանում են նրանք մեկ բառով՝ փորձով։

Թ. - Խնդրո առարկա այդ tabula rasa-ն ըստ իս սոսկ մտապատրանք է, որ բնությունը բնավ չի հանդուր­ժում, և հիմնված է փիլիսոփաների թերի հասկացու­թյունների վրա, որպիսիք են դատարկությունը, ատոմները, ամբողջի բացարձակ կամ երկու մասերի փոխհարաբերական հանգիստը, կամ անձև ընկալ­վող նախասկզբնական մատերիան։ Որևէ բազմազա­նություն չպարունակող, միակերպ իրերը սոսկ աբս­տրակցիաներ են, ինչպես ժամանակը, տարածու­թյունը և զուտ մաթեմատիկական այլ օբյեկտները։ Չկա մարմին, որի մասերը լինեն հանգստի վիճա­կում, և չկա սուբստանց, որը չունենա ցանկացած այլ սուբստանցից տարբերակվող ինչ-որ բան։ Մարդկա­յին հոգիները տարբերվում են ոչ միայն մյուս հոգի­ներից, այլև իրարից, թեև այդ տարբերությունը ամենևին էլ առանձնահատուկ կոչված բնույթի չէ։ Համաձայն իմ ապացույցների, որ կարծում եմ ունեմ, սուբստանցական ամեն բան, լինի հոգի թե մարմին, իրեն բնորոշ հարաբերության մեջ է բոլոր մյուսների հետ. և մեկը միշտ պիտի տարբերվի մյուսից բուն անվանումով <dénomination>։ էլ չասած, որ նրանք, ովքեր այդքան խոսում են այդ մաքուր տախ­տակից, չեն կարող ասել, թե ինչ կմնա դրան գաղա­փարներից զրկելուց հետո, և նման են սխոլաստ փիլիսոփաներին, որ ոչինչ չեն թողնում իրենց նա­խասկզբնական մատերիային։ Թերևս ինձ պատաս­խանեն, թե փիլիսոփաների այղ մաքուր տախտակը նշանակում է, որ հոգին ի բնե և ի սկզբանե ունի սոսկ զուտ կարողություններ։ Բայց առանց որևէ գործողության կարողությունները, մի խոսքով՝ սխոլաստիկ ուսմունքի զուտ ներունա­կությունները, նույնպես բնությանը բոլորովին խորթ մտապատրանք են և ձեռք են բերվում սոսկ վերացարկմամբ։ Քանզի աշխարհում որտե՞ղ կարելի է գտնել միմիայն իր ներունակության մեջ ամփոփված և որևէ գործողություն հանդես չբերող կարողություն, մշտապես կա մի առանձնահատուկ հակվածություն առ գործողությունը, այն էլ՝ այս և ոչ այն գործողու­թյունը։ Հակվածությունից զատ առկա է նաև միտում առ գործողությունը և նույնիսկ՝ միաժամանակ բա­զում միտումներ յուրաքանչյուր սուբյեկտի մեջ, և այդ միտումները երբեք առանց արդյունքի չեն լի­նում։ Ընդունում եմ՝ փորձն անհրաժեշտ է, որպեսզի հոգին ուղղվի դեպի այս կամ այն միտքը և ուշա­դրություն դարձնի մեր մեջ եղած գաղափարներին, բայց ինչպե՞ս են փորձն ու զգացումները գաղա­փարներ տալիս։ Արդյո՞ք հոգին պատուհաններ ունի, նման է տախտակի կամ մոմի։ Պարզ է, ովքեր այս­կերպ են մտածում հոգու մասին, ըստ էության դարձ­նում են այն մարմնական։ Ասածիս կարող են հա­կադրել փիլիսոփաների մոտ ընդունված աքսիոմը՝ որ հոգու մեջ չկա ոչինչ, որը չբխի զգացումներից : Բայց պետք է բացառել հենց հոգին և նրա մղումները։ Nihil est in intellectu, quod non fuerit in sensu–ի վրա։ Սակայն հոգին ներառում է կեցությունը, սուբս­տանցը, մեկը, նույնը, պատճառը, ընկալումը, դա­տողությունը և շատ այլ հասկացություններ, որ չեն կարող հաղորդել զգացումները։ Սա բավականա­չափ համապատասխանում է «Փորձի» ձեր հե­ղինակի հայացքներին, որը գաղափարների մեծ մա­սի աղբյուրը որոնում է ոգու՝ սեփական բնության շուրջ ունեցած ռեֆլեքսիայի մեջ։

Ֆ.– Հուսով եմ, կհամաձայնեք այդ ճարտարամիտ հեղինակի հետ, որ բոլոր գաղափարները բխում են զգայությունից կամ ռեֆլեքսիայից, այսինքն՝ արտա­քին զգայահասու առարկաների կամ մեր հոգու ներ­քին գործողությունների դիտարկումներից։

Թ. - Խուսափելու համար տարաձայնությունից, որի վրա առանց այդ էլ շատ ենք կանգ առել, նախապես ձեզ հայտարարում եմ, պարոն, որ երբ դուք ասում եք, թե գաղափարները մեր մեջ առաջ են գալիս այդ պատճառներից մեկնումեկից, ես դա հասկանում եմ դրանց ակտուալ ընկալման իմաստով, քանզի, կար­ծում եմ, ցույց եմ տվել, որ դրանք մեր մեջ են, նախքան կնկատվեն իբրև ինչ֊որ չափով հստակ գաղա­փարներ։

  • 9. Ֆ. - Այժմ տեսնենք, թե երբ կարող ենք ասել, որ հոգին իսկապես սկսում է ընկալել ու մտածել գաղա­փարներով։ Ինձ քաջ հայտնի է, թե կարծիք կա, հա­մաձայն որի հոգին միշտ մտածում է և ակտուալ մտածողությունը նույնքան անբաժան է հոգուց, որ­քան ակտուալ տարաձգությունը՝ մարմնից։ (§ 10) Բայց չեմ կարողանում հասկանալ, որ հոգուն առա­վել անհրաժեշտ է միշտ մտածելը, քան մարմին­ներին՝ միշտ շարժման մեջ գտնվելը, քանզի գաղա­փարների ընկալումը հոգու համար այն է, ինչ շարժումը՝ մարմնի։ Սա գոնե շատ խելամիտ է թվում, և ես ուրախ կլինեի, պարոն, իմանալ ձեր կարծիքն այս մասին։

Թ. - Դուք դա արդեն ասել եք, պարոն։ Գործողու­թյունը ավելի շատ չի առնչվում հոգուն, քան մարմ­նին. հոգու մտազուրկ վիճակը և մարմնի բացարձակ հանգիստը ինձ թվում են հավասարապես ներհակ բնությանը և անօրինակ մի բան աշխարհում։ Մեկ անգամ գործել սկսած սուբստանցը կգործի միշտ, քանզի բոլոր տպավորությունները մնում են՝ միայն թե միախառնված ուրիշ նոր տպավորությունների։ Հարվածը մարմնի մեջ առաջացնում է կամ, ավելի շուտ, ի հայտ է բերում բազում հորձանքներ, ինչպես հեղուկի մեջ, և քանի որ պինդ մարմինը որոշ հեղու­կայնություն է պարունակում և ամեն հեղուկ՝ պնդու­թյան որոշ աստիճան, երբևէ հնարավոր չէ ամբող­ջապես կասեցնել այդ ներքին հորձանքները, հիմա կարելի է կարծել, որ եթե մարմինը երբեք հանգստի մեջ չէ, դրան համապատասխանող հոգին նույնպես երբեք չի լինի ընկալումից զուրկ։

Ֆ.– Բայց ղա թերևս ամեն բանի արարչի և պա­հապանի մենաշնորհն է, որն իր կատարելություննե­րի մեջ լինելով անվերջանալի՝ երբեք չի ննջում կամ նիրհում։ Ինչը բնավ չի համապատասխանում որևէ վերջավոր էակի կամ գոնե այնպիսի էության, ինչպիսին մարդկային հոգին է։

Թ. - Պարզ է, մենք ենք ննջում ու նիրհում, իսկ Աստ­ված ենթակա չէ դրան։ Սակայն սրանից բնավ չի հե­տևում, թե մենք ոչինչ չենք ընկալում քնի ժամանակ։ Ուշադիր լինելու դեպքում ավելի շուտ հակառակը կնկատենք։

Ֆ.– Մեր մեջ կա ինչ-որ բան, որը մտածելու ներու­նակություն ունի, բայց սա չի նշանակում, թե մենք միշտ այդ ակտն ենք կատարում։

Թ. - Իսկական ներունակությունները երբեք պարզ հնարավորություններ չեն։ Միշտ գոյություն ունի մի­տում և գործողություն։

Ֆ.– Բայց այն դրույթը, թե հոգին միշտ մտածում է, ինքնին ակնհայտ չէ։

Թ. - Ես նման բան չեմ էլ ասում։ Փոքր-ինչ ուշադրու­թյուն ու դատողություն է պետք դա հայտնաբերելու համար, հասարակ մարդը դա նկատում է նույնքան քիչ, որքան օդի ճնշումը կամ Երկրի գնդաձևու­թյունը։

Ֆ.– Կասկածում եմ, թե միտքս գործել է անցյալ գիշեր, սա փաստական հարց է, և այն պետք է լուծել զգայական փորձով։

Թ. - Դա լուծում են այնպես, ինչպես ապացուցում են, թե կան անշոշափելի մարմիններ, անտեսանելի շարժումներ, թեև ոմանք դրանք համարում են ծիծա­ղելի։ ճիշտ նույնկերպ կան անթիվ-անհամար աննշմարելի ընկալումներ, որոնք բավականաչափ չեն առանձնանում նկատելի կամ հիշելի լինելու հա­մար, բայց որոնք ճանաչելի են դառնում որոշակի հետևանքների շնորհիվ։

Ֆ.– Ոմն հեղինակ մեզ հանդիմանում է այն բանի համար, թե մենք պաշտպանում ենք այն թեզը, ըստ որի հոգին դադարում է գոյություն ունենալուց, քանի որ քնի ժամանակ այն չենք զգում։ Այս հանդիմա­նությունը կարող է սոսկ տարօրինակ կանխակար­ծության արդյունք լինել, քանզի մենք չենք ասում, թե մարդու մեջ հոգի չկա, որովհետև չենք զգում նրա գոյությունը քնի ժամանակ, այլ միայն նշում ենք, թե մարդը չի կարող մտածել առանց դա գիտակցելու։

Թ.– Ես չեմ կարդացել այդ քննադատությունը պարունակող գիրքը, բայց ամենևին չեմ սխալվի՝ առարկելով, թե մտածողության չգիտակցվածությունից չի հետևում, որ այն գոյություն չունի, քանզի հակառակ դեպքում նույն հիմնավորմամբ կարելի էր ասել, թե գոյություն չունի հոգի, քանի դեռ այն չենք գիտակ­ցում։ Իբրև այդ առարկության հերքում պետք է մաս­նավորապես մտածողության առումով մատնանշել, որ նրա համար էական է գիտակցելի լինելը։

  • 11. Ֆ.– Դժվար է ըմբռնել, թե ինչ-որ բան կարող է մտածել և չզգալ, որ ինքը մտածում է։

Թ.– Ահա և խնդրի հանգույցն ու ճարտարամիտնե­րին խանգարող դժվարությունը։ Բայց ահա և դրա լուծման միջոցը։ Պետք է նկատի առնել, որ մենք միա­ժամանակ մտածում ենք բազմաթիվ բաների մասին, բայց ուշադրություն ենք դարձնում սոսկ ամենից առանձնացող մտքերին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ամեն ինչին ուշադրություն դարձնելու դեպքում հարկ կլիներ միաժամանակ ու սևեռակի մտածել բազում բաների մասին, որ զգում ենք և որոնք ազդեցություն են գործում մեր զգացումների վրա։ Կասեմ ավելին, մեր անցյալ բոլոր մտքերից մնում է ինչ-որ բան, ոչ մեկը երբեք չի ջնջվում ամ­բողջովին։ Չէ՞ որ երբ քնած ենք ու երազ չենք տես­նում կամ թուլացած ենք ինչ-որ հարվածից, ընկ­նելուց, հիվանդությունից կամ այլ պատահարից, մեր մեջ առաջանում են բազում խառնաշփոթ, աղոտ զգա­ցումներ. նույնիսկ մահը չի կարող մեկ այլ ազդե­ցություն թողնել շնչավորների հոգիների վրա, որոնք անտարակույս վաղ թե ուշ պիտի ստանան հստակ ըն­կալումներ, քանզի բնության մեջ ամեն ինչ ընթանում է իր կարգով։ Սակայն ընդունում եմ, որ այդ խառնաշփոթ վիճակում հոգին կլիներ հաճույքից ու ցավից զերծ, քանի որ դրանք նշանակալի ընկալումներ են։

  • 12. Ֆ. - Մի՞թե ճիշտ չեն նրանք, ում հետ գործ ունենք հիմա, այսինքն՝ կարտեզիականները, ովքեր կարծում են, թե հոգին միշտ է մտածում, և կյանք են շնորհում մարդուց տարբեր բոլոր շնչավորներին՝ առանց նրանց տալու ճանաչող ու մտածող հոգի։ Հենց նրանք էլ առանց դժվարության ասում են, թե հո­գին կարող է մտածել առանց մարմնին միացած լինելու։

Թ. - Ինչ վերաբերում է ինձ, ես բոլորովին այլ կար­ծիքի եմ, քանզի թեև ինքս էլ համամիտ լինելով կարտեզիականների հետ այն հարցում, որ հոգին միշտ մտածում է, միանգամայն տարակարծիք եմ մյուս երկու կետերի վերաբերյալ։ Ըստ իս, կենդա­նիներն ունեն անկորնչելի հոգի, իսկ մարդկային հո­գիները, ինչպես և մյուսները, երբեք չեն լինում առանց մարմնի, նույնիսկ մտածում եմ, որ լինելով զուտ գործողություն՝ միայն Աստված է ամբողջովին զերծ մարմնավորությունից։

Ֆ.– Եթե համամիտ լինեիք կարտեզիականների հետ, դրանից կեզրակացնեի, որ քանզի Կաստորի և Պոլլուքսի մարմինները կարող են մերթ ունենալ, մերթ չունենալ հոգի, թեև միշտ մնալով գոյացական, և քանի որ հոգին էլ կարող է մերթ հայտնվել մարմնի մեջ, մերթ լինել նրանից դուրս, ուստի Կաստորն ու Պոլլուքսը կունենային միայն մեկ հոգի, որը հաջոր­դաբար կգործեր հերթով ննջող ու արթմնի մնացող այդ երկու մարդկանց մարմնում, այսպիսով այդ հոգին կլիներ երկու նույնքան տարբեր անձ, որքան Կաստորն ու Հերկուլեսն են։

Թ. - Իմ հերթին ձեզ կներկայացնեմ մեկ այլ ենթա­դրություն, որն ավելի իրական է թվում։ Մի՞թե ճիշտ չէ այն, ինչի հետ պետք է միշտ համաձայնել, թե որոշ ժամանակից կամ որևէ մեծ փոփոխությունից հետո կարելի է ընդհանրապես մոռացության մեջ ընկնել։ (Ասում են)՝ Սլեյդանը նախքան մահանալը մոռացել է իր ողջ գիտեցածը. նմանատիպ տխուր դեպքի բազ­մաթիվ օրինակներ կան։ Ենթադրենք, նման մեկը երի­տասարդանում է և ամեն ինչ ուսանում նորից, այդ դեպքում նա կլինի՞ ուրիշ մարդ։ Հիշողությունը չէ, որ ստեղծում է միևնույն մարդուն։ Եվ սակայն, հերթով տարբեր մարմիններ շնչավորող հոգու մտապատրանքը, - հոգի, որ կենդանություն է պարգևում այնպես, որ այդ մարմիններից մեկնումեկի մեջ իր հետ կատարվածը չի հետաքրքրում իրեն մյուս մարմ­նում, - իրերի բնությանը ներհակ այն մտապատ­րանքներից մեկն է, որոնք բխում են փիլիսոփաների թերի հասկացություններից, ինչպես տարածությունն առանց մարմնի և մարմինն առանց շարժման, և որոնք վերանում են, երբ փոքր-ինչ ավելի ենք խորամուխ լինում հարցի մեջ, քանզի հարկ է գիտենալ, որ ցանկացած հոգի պահպանում է բոլոր նախորդ տպավորությունները և չի կարող երկատվել ձեր ներկայացրած ձևով, յուրաքանչյուր սուբստանցի մեջ ապագան լիակատար կապի մեջ է անցյալի հետ, ինչն էլ կազմում է անհատի նույնությունը։ Եվ սակայն, հի­շողությունն անհրաժեշտ չէ, ոչ էլ միշտ հնարավոր անթիվ-անհամար ներկա ու անցյալ տպավորություն­ների պատճառով, որոնք զուգորդվում են մեր ներկա մտքերին, քանզի չեմ կարծում, թե մարդու մեջ լինեն մտքեր, որոնք չգործեն որոշ, թեկուզ աննշմար ազ­դեցություն կամ որոնցից չմնա ինչ-որ բան՝ միա­խառնված հաջորդ մտքերին։ Կարելի է շատ բան մոռանալ, բայց կարելի է վերհիշել անցած-գնացած բաներ, եթե տնտղենք ինչպես հարկն է։

  • 13. Ֆ.- Նրանց, ովքեր քնել են առանց երազ տեսնե­լու, երբեք չես համոզի, որ իրենց մտքերը գործել են։

Թ. - Քնած ժամանակ, նույնիսկ երբ երազ չենք տես­նում, մարդու մեջ պահպանվում են թույլ զգայու­թյուններ։ Դա է վկայում անգամ արթնացումը, և որ­քան ավելի հեշտությամբ ենք արթնանում, այնքան ավելի շատ ենք զգում, թե ինչ է կատարվում դրսում, թեև այդ զգացումը ոչ միշտ է բավական ուժգին լինում արթնացնելու համար։

  • 14. Ֆ.– Թվում է, շատ դժվար է ընկալել, որ այս պահին հոգին մտածում է քնած մարդու մեջ, իսկ հաջորդ վայրկյանին՝ արթնացած մարդու և չի հիշում այդ մասին։

Թ. - Դա ոչ միայն հեշտ է ըմբռնել, այլև համանման բան է նկատվում ամեն օր արթուն ժամանակ, քանզի միշտ լինում են մեր աչքն ու ականջը ծակող առար­կաներ, հետևաբար հոգին նույնպես ազդվում է դրանցից, մինչդեռ մենք չենք էլ նկատում դա, քանզի մեր ուշադրությունը սևեռված է այլ առարկաների վրա, քանի դեռ որևէ առարկա բավականաչափ ուժգ­նորեն մեզ չի գրավել՝ սաստկացնելով իր ազդեցու­թյունը կամ մի այլ պատճառով, դա ասես առանձ­նահատուկ քուն է այդ առարկայի նկատմամբ, և այդ քունը դառնում է ընդհանուր, երբ մեր ուշադրու­թյունը շեղում ենք բոլոր առարկաներից միասին վերցրած։ Ուշադրության մասնատումն այն թուլաց­նելու համար նույնպես քնելու միջոց է։

Ֆ. - Մի մարդ պատմում էր, որ պատանի ժամանակ, իր ուսումնառության տարիներին, ունեցել է սքան­չելի հիշողություն, բայց երբեք երազ չի տեսել, քանի դեռ տենդով չէր հիվանդացել։ Դրանից նոր-նոր էր բուժվել ինձ հետ զրույց ունեցած շրջանում, երբ արդեն քսանհինգ-քսանվեց տարեկան էր։

Թ. - Ինձ նույնպես պատմել են բավական առաջա­ցած տարիք ունեցող մի ուսյալի մասին, որ երբեք երազներ չի տեսել։ Բայց հոգու ընկալման անընդ­հատությունը չպետք է հիմնել միայն երազների վրա, քանզի, ինչպես ցույց տվեցի, նույնիսկ քնի ժամա­նակ նա ինչ-որ չափով ընկալում է դրսում կատար­վածը։

  • 15. Ֆ. - Հաճախ մտածել և ոչ մի պահ չպահպանել դրա հիշողությունը նշանակում է մտածել ապար­դյուն։

Թ.– Բոլոր տպավորությունները թողնում են իրենց հետևանքը, բայց ոչ բոլոր հետևանքներն են միշտ նշանակալի լինում։ Երբ ես շրջվում եմ ավելի շուտ այս կողմը, քան մյուսը, շատ հաճախ դա անում եմ մի շարք աննշան տպավորությունների տակ, որոնք չեմ էլ նկատում և որոնք այդ շարժումը դարձնում են առավել հարմար, քան մյուսը։ Մեր բոլոր չմտածված գործողությունները արդյունք են աննշան ընկալում­ների ամբողջության, և նույնիսկ մեր սովորություն­ներն ու կրքերը, որոնք մեծ ազդեցություն ունեն մեր վճիռների վրա, բխում են դրանցից. չէ՞ որ այդ սո­վորույթները ծնվում են աստիճանաբար, ուստի առանց աննշան ընկալումների չենք հանգի նշանա­կալի հակումների։ Արդեն ասել եմ՝ ով ժխտում է այդ ազդեցությունները բարոյականության մեջ, նման­վում է այն տգետներին, որոնք չեն ընդունում ան­շոշափելի մասնիկները ֆիզիկայում։ Եվ սակայն, նկատում եմ, որ ազատության մասին խոսողների մեջ կան մարդիկ, որոնք ուշադրություն չեն դարձ­նում այդ աննշմար, նժարը թեքելու ունակ տպավո­րությունների վրա, պատկերացնում են, թե բարոյա­կան գործողությունների մեջ լիակատար անտարբե­րություն է տիրում, ինչպես երկու մարգագետինների մեջտեղում կանգնած Բուրիդանի էշի դեպքում։ Այս մասին առավել հանգամանալից կխոսենք հետագա­յում։ Ընդունում եմ, սակայն, որ այդ տպավորություն­ները հակում են առանց պարտադրելու։

Ֆ.– Գուցե կասեն, թե արթուն, մտածող մարդու մեջ նրա մարմինը ինչ-որ դեր է խաղում, և ուղեղում մնա­ցած հետքերի շնորհիվ պահպանվում է հիշողու­թյունը, բայց երբ մարմինը քնած է, հոգին իր մեջ ունենում է իր առանձին մտքերը։

Թ. - Ես բոլորովին այլ կարծիքի եմ, քանզի են­թադրում եմ, թե մարմնի և հոգու միջև միշտ գոյու­թյուն ունի ճշգրիտ համապատասխանություն, և այդ իսկ պատճառով օգտվում եմ մարմնի տպավորու­թյուններից, որոնք նկատելի չեն արթուն կամ քնած ժամանակ, որպեսզի ապացուցեմ, թե հոգին նույն­պես ունի համանման տպավորություններ։ Նույնիսկ կարծում եմ, որ արյան շրջանառությանն ու ներքին օրգանների բոլոր ներքին շարժումներին համապա­տասխանող ինչ-որ բան է տեղի ունենում հոգում, որը սակայն չի նկատվում, ճիշտ ինչպես ջրաղացի մոտ բնակվողները չեն լսում նրա աղմուկը։ Արդարև, եթե քնած կամ արթուն ժամանակ մարմնի մեջ լինեին տպավորություններ, որոնք բնավ չներգործեին կամ չազդեին հոգու վրա, ապա հարկ կլիներ սահմաններ դնել հոգու և մարմնի միությանը, կարծես մարմ­նական տպավորությունները կարիք ունեն որոշ կերպարանք ու մեծություն առնելու, որպեսզի հոգին կարողանա զգալ դրանք, սա ամենևին քննություն չի բռնում, եթե հոգին անմարմին է, քանզի բնավ հա­մամասնություն չկա անմարմին սուբստանցի և մատերիայի այս կամ այն ձևափոխության միջև։ Մի խոսքով՝ մոլորությունների մեծ աղբյուր է կարծել, թե հոգում չկա որևէ ընկալում, բացի նրանից, ինչ ինքն է նկատում։

  • 16. Ֆ.– Մեր հիշած երազների մեծ մասը տարօ­րինակ են և չկապակցված։ Կարելի է, ուրեմն, ասել, թե հոգին շրջահայացորեն մտածելու կարողությունը պարտական է մարմնին կամ թե նա չի հիշում իր խելամիտ մենախոսություններից ոչ մեկը։

Թ. - Մարմինը պատասխանում է հոգու բոլոր մտքե­րին, լինեն խելամիտ թե ոչ, իսկ երազները նույնպես իրենց հետքն են թողնում ուղեղում, ինչպես արթուն մարդկանց մտքերը։

  • 17. Ֆ. - Քանի որ դուք այդքան վստահ եք, թե հո­գին իսկապես միշտ մտածում է, կուզեի, որ ինձ պար­զաբանեիք, թե որոնք են մանկան հոգու մեջ եղած գաղափարները նախքան հոգու միանալը մարմնին, կամ հենց միանալիս՝ նախքան զգայության ճանա­պարհով որևէ գաղափար ստանալը։

Թ. - Դժվար չէ ելնելով մեր սկզբունքներից բավարարել ձեզ։ Հոգու ընկալումները բնականորեն միշտ համապատասխանում են մարմնի կազմված­քին, և երբ ուղեղում հանդես են գալիս բազմաթիվ խառնաշփոթ ու աղոտ մղումներ, ինչպես պատա­հում է ոչ փորձառու մարդկանց դեպքում, հոգու մտքերը (հետևելով իրերի կարգին) նույնպես չեն կարող հստակ լինել։ Սակայն հոգին երբեք զրկված չէ զգայության օժանդակությունից, քանզի միշտ արտահայտում է իր մարմինը, իսկ այդ մարմինը միշտ ենթակա է շրջապատի բազմաբնույթ մարմին­ների ազդեցությանը, որոնք հաճախ թողնում են միայն խառնաշփոթ տպավորություն։

  • 18. Ֆ. - Բայց ահա և մեկ այլ հարց, որ առաջ է քա­շում «Փորձի» հեղինակը։ Կուզեի, (ասում է նա), որ նրանք, ովքեր այդքան վստահությամբ պաշտպա­նում են այն կարծիքը, թե մարդու հոգին կամ (ինչը միևնույն բանն է) մարդը միշտ է մտածում, ինձ լու­սաբանեն, թե ինչպես են դա իմանում։

Թ. - Չգիտեմ, արդյոք ավելի շատ վստահություն պետք չէ ժխտելու համար, թե հոգու մեջ տեղի է ունե­նում ինչ-որ բան, որը մենք չենք նկատում, ևքանի որ նկատելին պիտի կազմված լինի ոչ-նկատելի մասե­րից, ոչինչ չի կարող ծնվել միանգամից, միտքը՝ նույնպես, շարժումը՝ ևս։ Ինչևէ, դա նման է այն բա­նին, որ այսօր ինչ-որ մեկը հարց տա, թե ինչպես ենք հասու դառնում անզգայելի մասնիկներին։

  • 19. Ֆ.— Ես չեմ հիշում, թե «հոգին միշտ մտածում է» պնդողները երբևէ ասած լինեն, որ մարդը միշտ մտածում է։

Թ. - Ենթադրում եմ, թե դրա պատճառն այն է, որ նկատի են ունենում նաև տարանջատված հոգին, և սակայն, նրանք հաճույքով ընդունում են, որ մարդը միշտ մտածում է (հոգու և մարմնի) միության ընթաց­քում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա հիմքեր ունենա­լով պնդելու, որ հոգին երբեք չի տարանջատվում ամբողջ մարմնից, կարծում եմ, թե կարելի է միանգամայն ասել, որ մարդը մտածում է և կմտածի միշտ։

Ֆ. - Ասել, թե մարմինը տարաձիգ է առանց մասեր ունենալու և որևէ բան մտածում է առանց գիտակ­ցելու, որ ինքը մտածում է, - այս երկուսն էլ հավա­սարապես թվում են անհասկանալի պնդումներ։

Թ.– Ներեցեք, պարոն, ստիպված եմ նշել, որ ձեր զարգացրած միտքը, թե հոգու մեջ չկա ոչինչ, որ ինքը չգիտակցի, սկզբունքի կանխադրում <pétition de principe> է, որն արդեն գերիշխել է մեր առաջին զրույցի ընթացքում և որից դուք կամեցաք օգտվել բնածին գաղափարներն ու ճշմարտությունները հերքելու համար։ Եթե ընդունեինք այս սկզբունքը, ապա բացի այն բանից, որ դեմ դուրս կգայինք փորձին ու բանականությանը, նաև անհիմն կերպով կհրա­ժարվեինք մեր կարծիքից, որն, ըստ իս, ես բավակա­նաչափ հասկանալի եմ դարձրել։ Բացի այն, որ մեր հակառակորդները, որքան էլ ճարտարամիտ են, չտվեցին իրենց այնքան հաճախ և որոշակիորեն զարգացրած վերոշարադրանքի ապացույցը, դյու­րին է նրանց ցույց տալ հակառակը, այսինքն՝ անհնար է, որ մենք միշտ և հստակորեն ռեֆլեկտենք մեր բոլոր մտքերի վերաբերյալ, այլապես ոգին ան­վերջ կռեֆլեկտեր ամեն մի ռեֆլեքսիա՝ չկարողա­նալով երբևէ անցնել նոր մտքի։ Օրինակ, նկատելով առկա ինչ-որ զգացում՝ ես պիտի միշտ մտածեի, որ մտածում եմ դրա մասին, ու նաև մտածեի, որ մտա­ծում եմ մտածածիս մասին, և այսպես անվերջ։ Մինչ­դեռ հարկ է, որ ես դադարեմ ռեֆլեկտելուց այդ բոլոր ռեֆլեքսիաները, և վերջապես պիտի լինի մի միտք, որ թողնես անցնի՝ առանց դրա մասին մտածելու, այ­լապես մենք միշտ կմնանք միևնույն տեղում։

Ֆ.– Բայց այս հիմնավորմամբ չե՞նք կարող նաև պնդել, թե մարդը միշտ քաղցած է, ասելով, որ նա կարող է դա չնկատել։

Թ. - Խիստ տարբերություն կա. քաղցն ունի առանձ­նահատուկ պատճառներ, որոնք լինում են ոչ միշտ։ Սակայն ճշմարիտ է նաև այն, որ քաղցած ժամանակ մարդն անդադար չի մտածում այդ մասին, բայց երբ մտածում է, գիտակցում է դա, քանզի խիստ նկատելի զգացում է. ստամոքսը լինում է միշտ գրգռված, բայց այդ գրգռվածությունը պիտի ուժգնանա քաղց առա­ջացնելու համար։ Նույն տարբերակումը պիտի անել առհասարակ մտքերի և նշանակալի մտքերի միջև։ Այսպիսով, մեր դատողությունը ծիծաղելի դարձնելու ամեն փորձ նպաստում է դրա հաստատմանը։

  • 23. Ֆ.– Այժմ կարող ենք հարցնել, թե մարդու գլխում երբ են ծագում մտքերը։ Կարծում եմ, պետք է պատասխանել՝ երբ ունենում է որևէ զգայություն։

Թ.- Համամիտ եմ ձեզ, բայց ելնելով փոքր-ինչ առանձնահատուկ սկզբունքից՝ կարծում եմ, թե երբեք չենք լինում առանց մտքերի, ինչպես նաև առանց զգայությունների։ Միայն թե տարբերակում եմ դնում գաղափարների և մտքերի միջև, քանի որ զուտ կամ առանձին գաղափարներ ունենում ենք միշտ զգացումներից անկախ, իսկ մտքերը միշտ համապատասխանում են որևէ զգայության։

  • 25. Ֆ.- Բայց ոգին պասսիվ է միայն պարզ գաղափարներն ընկալելիս, որոնք ճանաչողության նախատարրերն են կամ նյութերը, մինչդեռ նա ակտիվ է, երբ կազմավորում է բարդ գաղափարներ։

Թ. - Ինչպե՞ս կարող է նա պասսիվ լինել միայն պարզ գաղափարների ընկալման դեպքում, եթե ձեր իսկ խոստովանությամբ կան պարզ գաղափարներ, որոնց ընկալումը սկիզբ է առնում ռեֆլեքսիայից, իսկ ոգին ինքն է իրեն տալիս ռեֆլեքսիայի մտքեր, քանզի ռեֆլեկտողը ինքն է։ Այլ հարց է, եթե նա կարողանար հրաժարվել դրանցից, բայց անտարակույս դա չի կարող անել առանց որևէ պատճառի, որը առիթի դեպքում կշեղեր նրան։

Ֆ. - Թվում է, մինչ այժմ մենք բանավիճել ենք ex professo։ Հիմա մանրամասնորեն կանդրադառնանք գաղափարներին, և հուսով եմ, ավելի շատ համա­կարծիք կլինենք ու տարաձայնություններ կունե­նանք լոկ մասնավոր դեպքերի առումով։

Թ.– Ուրախ կլինեմ, եթե տեսնեմ ճարտարամիտ մարդկանց, որոնք համակարծիք կլինեն ինձ հետ այն հարցերում, որոնք ինքս եմ համարում ճիշտ, քանզի միայն այդ մարդիկ կարող են արժևորել և մի օր կյանքի կոչել դրանք։

 

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյան