1/4/2002

Ընդհանրապես գաղափարների և դրանց ծագման մասին

«Փորձ մարդկային ըմբռնողության մասին», գիրք երկրորդ, բաժին առաջին 

  1. Գաղափարը մտածողության օբյեկտ է։ Յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ մտածում է և որ այն, ինչով զբաղված է իր միտքը մտածելիս, գաղափարներ են։ Կասկածից վեր է, որ մարդիկ իրենց մտքում մի շարք գաղափարներ ու­նեն, ինչպես օրինակ, հետևյալ բառերով արտա­հայտվածները՝ ճերմակություն, կարծրություն, քաղցրություն, մտածողություն, շարժում, մարդ, փիղ, զորք, հարբեցում և այլն, հետևապես նախ և առաջ հարկ է պարզել, թե ինչպես է մարդը գալիս այղ գաղափարներին։ Ես գիտեմ, որ կա մի ընդունված ուսմունք, համաձայն որի մարդիկ ունեն բնածին գաղափարներ և նախնական նշաններ, որոնք վերջիններիս գոյության ամենասկզբից դրոշմված են նրանց մտքում։ Ես արդեն ծավալուն կերպով քննության առա այդ կարծիքը և ինձ թվում է, որ նախորդ գլխում ասածիս հետ ավելի հեշտ կլինի համաձայնել, երբ ես ցույց կտամ, թե որտեղից կա­րող է բանականությունը ձեռք բերել իր ունեցած բո­լոր գաղափարները և ինչ ճանապարհներով ու աս­տիճաններով են դրանք մուտք գործում մեր հոգի։ Այս առիթով ես դիմում եմ յուրաքանչյուրի դիտարկ­մանն ու փորձին։
  2. Բոլոր գաղափարները առաջ են գալիս կա՛մ զգայությունից, կա՛մ էլ ռեֆլեքսիայից։ Ենթադրենք, որ խելքը, այսպես ասած, սպիտակ թուղթ է՝ առանց նշանների ու որևէ գաղափարների։ Բայց ինչպե՞ս է այն լցվում։ Ինչպե՞ս է առաջանում այն ստվար պաշարը, որը մարդու գործուն և անսպառ երևակայությունը նկա­րել է գրեթե անսահման բազմազանությամբ։ Որ­տեղի՞ց ունի նա կշռադատության և իմացության ամբողջ այդ նյութը։ Ես կպատասխանեմ սրան մեկ բառով՝ փորձից: Փորձի վրա է հիմնված մեր ամբողջ իմացությունը, և ի վերջո դրանից է այն ծագում։ Մեր մտածողության ամբողջ նյութը բանականությանն է հասցնում մեր դիտարկումը՝ ուղղված կամ արտա­քին զգայական օբյեկտներին, կամ մեր մտքի ներ­քին գործողություններին, որոնք մենք ինքներս ենք ընկալում և որոնց մասին ինքներս ենք խորհում։ Սրանք են իմացության երկու աղբյուրները, որոնցից կարող են ծագել այն գաղափարները, որ մենք ունենք կամ կարող ենք ունենալ բնականորեն։
  3. Զգայական օբյեկտները գաղա­փարների մեկ աղբյուրն են։ Նախ, մեր զգայարանները առնչվելով առանձին զգայահասու առարկաներին՝ միտք են հասցնում իրերի տարբեր ընկալումներ, համաձայն այն եղանակների, որոն­ցով այդ առարկաները ներգործում են դրանց վրա։ Այդկերպ ենք մենք գալիս գաղափարներին, որոնք ունենք դեղինի, սպիտակի, տաքի, պաղի, փափուկի, կարծրի, դառի, քաղցրի և այն ամենի մասին, ինչը կոչում են զգայական որակներ, որոնց վերաբերյալ, երբ ես ասում եմ, որ զգայարանները դրանցով մատակարարում են միտքը, նկատի ունեմ, որ վերջիններս արտաքին օբյեկտներից մտքին են հասցնում այն, ինչը նրանում առաջ է բերում հիշյալ ընկալումները։ Մեր գաղափարների մեծ մասի այս հարուստ աղբյուրը, որն ամբողջապես կախված է մեր զգայարաններից և որը նրանցով ուղղորդվում է բանականություն, ես անվանում եմ զգայություն։
  4. Մեր մտքի գործողությունները գաղափարների մյուս աղբյուրն են։ Այնուհետև մյուս աղբյուրը, որից փորձը գաղափարներ է հասցնում բանականությանը, մեր մտքի գործողությունների ընկալումն է մեր ներսում, երբ միտքը գործ ունի ձեռք բերած գաղափարների հետ։ Հենց որ հոգին սկսում է խորհել և դիտարկել նշված գործողությունները, վերջիններս մեր բանա­կանությանն են ընձեռում գաղափարների մեկ այլ բազմություն, որոնք անհնար էր ստանալ արտաքին իրերից։ Այդպիսիք են ընկալումը, մտածողությունը, կասկածելը, հավատալը, կշռադատումը, իմանալը, ցանկանալը և մեր մտքի բոլոր զանազան գոր­ծողությունները։ Գիտակցելով և նկատելով մեր մեջ այդ գործողությունները՝ մենք մեր բանականության մեջ նրանցից ստանում ենք նույնպիսի զանազան գաղափարներ, ինչպիսիք ստանում ենք մեր զգա­յարանների վրա ներգործող մարմիններից։ Գաղա­փարների այս աղբյուրը մարդն ամբողջովին ունի իր մեջ, այդ աղբյուրը զգացում չէ, քանի որ արտաքին առարկաների հետ որևէ ընդհանուր բան չունի, բայց այնուամենայնիվ շատ նման է զգացմանը և միան­գամայն իրավացիորեն կարող է ներքին զգացում կոչվել։ Սակայն առաջին աղբյուրն անվանելով զգայություն, երկրորդը ես անվանում եմ ռեֆլեքսիա, որովհետև սրա առաջարկած գա­ղափարները միտքը ձեռք է բերում խորհելով իր ներսում կատարած սեփական գործողությունների մասին։ Այսպես, հետագա շարադրության ընթաց­քում ասելով ռեֆլեքսիա, ես նկատի կունենամ մտքի կողմից իր գործողությունների զննումը և դրանց վարքը, որի հետևանքով բանականության մեջ առաջ են գալիս այդ գործողությունների գաղափարները։ Այս երկու աղբյուրները, կրկնում եմ, այսինքն՝ արտաքին նյութական Իրերը, որպես զգայության օբյեկտներ, և մեր մտքի ներքին գործողությունները, որպես ռեֆլեքսիայի օբյեկտներ, ըստ իս միակ օրրանն են, որից սկիզբ են առնում մեր բոլոր գաղափարները։ Գործողու­թյուններ տերմինը ես կիրառում եմ այստեղ լայն իմաստով՝ նկատի ունենալով ոչ միայն մտքի ակ­տերն իր գաղափարների նկատմամբ, այլև այդ գոր­ծողություններից սկիզբ առնող յուրահատուկ կրքերը, ինչպիսիք են բավարարվածությունը կամ անբավարարվածությունը, որոնք առաջ են գալիս որևէ մտքից։
  5. Մեր բոլոր գաղափարները կամ առաջին աղբյուրից են, կամ երկրորդից։ Կարծում եմ, որ բացի նշված զույգ աղբյուրներից բանականությունը ոչ մի տեղից գա­ղափարների նշույլ անգամ չի ստանում։ Արտաքին օբյեկտները մատակարարում են միտքը զգայական որակների գաղափարներով, որոնք բոլորն էլ մեզանում օբյեկտների առաջ բերած զանազան ընկալումներ են, իսկ միտքը բանականությանը մա­տակարարում է իր սեփական գործողությունների գաղափարները։

Եթե մենք ամբողջությամբ հետազոտենք այդ աղ­բյուրները և դրանց տարբեր մոդուսները, բաղադրիչ­ներն ու հարաբերությունները, ապա կպարզենք, որ վերջիններս ընդգրկում են մեր գաղափարների ամ­բողջ պաշարը և որ մեր մտքում չկա մի բան, որը չգար ոչ այդ երկու աղբյուրներից որևէ մեկից։ Թող յուրաքանչյուր ոք ստուգի սեփական մտքերը ու հիմ­նավորապես ուսումնասիրի իր բանականությունը և այնուհետև ասի ինձ, որ իր ունեցած բոլոր սկզբնա­կան գաղափարները տարբեր են զգայական օբյեկտ­ների կամ որպես ռեֆլեքսիայի օբյեկտ դիտվող նրա մտքի գործողությունների գաղափարներից։ Որքան էլ նրա կարծիքով մեծ լինի բանականության մեջ տեղ գտած իմացության ծավալը, հետևողական ուսումնասիրությունից հետո նա կտեսնի, որ իր մտքում չկան ուրիշ գաղափարներ, բացի նրանցից, որոնք դրոշմել են այդ երկու աղբյուրները, թեպետ գուցե, ինչպես մենք կտեսնենք ստորև, դրանք գու­մարված կլինեն անսպառ բազմազանությամբ և ընդ­լայնված կլինեն բանականությամբ։

  1. Դա նկատվում է երեխաների մոտ։ Նա, ով ուշադիր ուսումնասիրի երեխայի վիճակը լույս աշխարհ գալու պահին, դժվար թե մտածի, որ վերջինս առատորեն մատակարարված է գաղափարներով, որոնք պիտի նրա գալիք իմա­ցության առարկան հանդիսանան։ Նա աստիճա­նաբար է հասնում դրանց։ Ու չնայած այն բանին, որ ակնհայտ ու սովորական որակների գաղափարները դրոշմվում են նախքան հիշողությունը կսկսի ժամանակի ու կարգի գրանցում պահել, այնու­ամենայնիվ դա հաճախ տեղի է ունենում ավելի ուշ, քան երեխան կհանդիպի ոչ սովորական որակների, այնպես որ շատ չէ այն մարդկանց թիվը, որոնք ի վիճակի կլինեին մտաբերել իրենց առաջին ծա­նոթությունը այդ որակներին։ Եվ հարկ եղած դեպ­քում, իհարկե, կարելի էր անել այնպես, որ մանուկը նախքան հասակ առնելը նույնիսկ սովորական գաղափարների շատ փոքր պաշար ունենար։ Բայց քանի որ բոլոր լույս աշխարհ եկողները շրջա­պատված են առարկաներով, որոնք մշտապես և տարբեր ձևով ներգործում են նրանց վրա, այնպես է լինում, որ բազում գաղափարներ դրոշմվում են երեխաների մտքում, անկախ այն բանից՝ դրա մասին հոգ տարվում է, թե՝ ոչ։ Լույսը և գույները առկա են ամենուր, որտեղ բաց են աչքերը, ձայներն ու որոշ հոտառական որակներ անպակաս են գրգռելու համար մանուկների համապատասխան զգայա­րանները և մուտք գործելու միտք։ Բայց այնուա­մենայնիվ, կարծում եմ, հեշտությամբ կհամաձայնեն, որ եթե երեխան պահվեր մի վայրում, որտեղ մինչև հասակ առնելը նա չտեսներ ոչ մի ուրիշ գույն բացի սևից և սպիտակից, ապա ալ կարմրի կամ կանաչի գաղափարները ձեռք կբերեր նույն հաջողությամբ, ինչպես նա, ով ձեռք է բերում ոստրեի կամ արքայախնձորի համը՝ մանկուց համտեսած չլի­նելով դրանք։
  2. Կախված հանդիպող օբյեկտ­ների զանազանությունից՝ մար­դիկ տարբեր կերպ են մատակա­րարվում գաղափարներով։ Մարդիկ դրսից մատակարարվում են գաղափարների ավելի մեծ կամ ավելի փոքր թվով, կախված այն բանից, թե ինչպիսի բազմազանություն են առաջարկում իրենց հանդիպող օբյեկտները՝ մեծ, թե փոքր։ Եվ սեփական մտքի գործողություններով՝ կախված այն բանից, թե որքան են մտածում վերջիններիս մասին՝ շատ, թե քիչ։ Այդպես, թեև նա, ով հայում է իր մտքի գոր­ծողությունները, չի կարող չունենալ այդ գործողու­թյունների պարզ ու հստակ գաղափարները, ով նշված գործողություններին չի ուղղի իր մտքերը և ուշադրությամբ չի դիտի դրանք, չի ունենա իր մտքի գործողությունների և մտքում գտնվող ամենի հստակ, միմյանցից տարբեր գաղափարներ։ Չէ՞ որ բնանկարի կամ ժամացույցի մասերի ու շարժում­ների առանձին գաղափարներ կունենա նա, ով կդիտի դրանք և ուշադրությամբ կուսումնասիրի բոլոր մասերը։ Նկարը կամ ժամացույցը կարող են դրված լինել այնպես, որ ամեն օր հանդիպեն նրա ճանապարհին, բայց այնուամենայնիվ դրանց բոլոր մասերի մասին նա շփոթ գաղափարներ կունենա այնքան ժամանակ, քանի դեռ չի ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրն առանձին։
  3. Ռեֆլեէսիայի գաղափարները (առաջ են գալիս) ավելի ուշ, որովհետև ուշադրության կարիք ունեն։ Սա է պատճառը, որով երեխաների մեծ մասը իրենց մտքի գործողությունների գաղափար­ները ձեռք է բերում բավականին ուշ, իսկ ոմանք նույնիսկ ամբողջ կյանքի ընթացքում զուրկ են այդ գործողությունների հստակ ու կատարյալ գաղա­փարներից։ Այսպես, թեև այդ գործողություններն անընդհատ տեղի են ունենում, սակայն քանի դեռ բանականությունը չի անդրադարձել ինքն իրեն և չի խորհել սեփական գործողությունների մասին՝ դարձնելով դրանք հայեցողության օբյեկտներ, դրանք շրջող տեսիլքների նման բավականաչափ խորը տպավորություններ չեն թողնում, որպեսզի մտքի մեջ դրոշմեն հստակ, միմյանցից տարբեր, ամուր գաղափարներ։ Մանուկները, երբ ծնվում են, շրջապատված են նոր իրերի աշխարհով, իրեր, որոնք մշտապես գրգռում են նրանց զգայարանները, դեպի իրենց գրավում միտքը, որը պատրաստ է ուշադրության արժանացնել նորը և հակված է վայելել փոփոխվող օբյեկտների բազմազա­նությունը։ Այսպես, առաջին տարիներին մանուկ­ները զբաղված և հետաքրքրված են շրջապատի զննությամբ։ Նրանց դեպքում մարդու գործը արտաքին աշխարհին ծանոթանալն է։ Մեծանալով արտաքին զգայությունների հանդեպ ունեցած ուշադրության ներքո՝ մարդիկ նախքան հասուն տարիքի հասնելը հազվադեպ են լուրջ խորհում իրենց ներսում տեղի ունեցածի մասին, իսկ ոմանք գրեթե չեն խորհում ընդհանրապես։
  4. Հոգին գաղափարներ է ստա­նում, երբ սկսում է ընկալել։ Հարցնել, թե երբ է մարդը առաջին անգամ գաղափարներ ունենում, նշանակում է հարցնել, թե երբ է նա ընկալում, քանի որ գաղափարներ ունենալն ու ընկալելը նույն բանն է։ Ինձ հայտնի է, որ կա կարծիք, ըստ որի հոգին միշտ մտածում է և որ իր ներսում գաղափարների ակտուալ ընկալում ունի այնքան ժամանակ, քանի դեռ մտածում է, և իբր ակտուալ մտածողությունը անբաժանելի է հոգուց, ինչպես ակտուալ տարաձգությունը՝ մարմնից։ Եթե սա ճշմարիտ է, ապա հարց բարձրացնել մարդու գաղափարների ծագման մասին նույնն է, ինչ հարց բարձրացնել հոգու ծագման մասին։ Չէ՞ որ համա­ձայն նշված կարծիքի, հոգին և իր գաղափարները, ինչպես մարմինը և իր տարաձգությունը, սկսում են գոյություն ունենալ միաժամանակ։
  5. Հոգին միշտ չէ, որ մտածում է, որովհետև հակառակն անապացույց է։ Համարել արդյոք, որ հոգին գոյություն ուներ մարմնի մեջ կյանքի կազմակերպման նախնական ռուդիմենտներից կամ սկզբունքներից առաջ կամ որոշ ժամանակ հետո, թե ոչ, ես թողնում եմ այն մարդկանց դատին, ովքեր ավելի լավ են մտածել սույն թեմայի շուրջ։ Ես խոստովանում եմ, որ իմ հոգին մեկն է այն բութ հոգիներից, որոնք չէին ասի, թե անվերջ գաղափարներ են հայեցում և չեն հասկանում, թե ինչու է հոգու համար անընդհատ մտածելն ավելի անհրաժեշտ, քան մարմնի համար անընդհատ շարժվելը։ Չէ՞ որ գաղափարների ընկա­լումը (ինչպես ես եմ հասկանում) հոգու համար լինելով այն, ինչ շարժումն է մարմնի համար, ոչ թե նրա էությունն է, այլ գործողություններից մեկը։ Ուստի, որքան էլ մտածողությունը գործողություն համարեն, որը հատուկ է հոգուն, այնուհանդերձ անհրաժեշտություն չկա համարել, թե այն միշտ մտածում և միշտ գործում է։ Գուցե սա բոլոր իրերի անվերջ հեղինակի և պահապանի մենաշնորհն է, որը «երբեք ոչ ննջում է, ոչ քնում», բայց այն չի վերաբերում և ոչ մի վերջավոր էակի, և ամեն դեպքում ոչ մարդկային հոգուն։ Փորձից մենք հավաստիորեն գիտենք, որ երբեմն մտածում ենք, և այստեղից գալիս ենք այն ճշմարիտ հետևությանը, որ մեզանում կա մի բան, որը մտածելու ունա­կություն ունի։ Բայց թե միշտ է մտածում այդ սուբստանցը, թե ոչ, մենք կարող ենք պնդել ելնելով այն բանից, թե որքան է մեզ տեղեկացնում փորձը։ Չէ՞ որ ասել, իբր ակտուալ մտածողությունը էական է հոգու համար և անբաժան է նրանից, նշանակում է պնդել հենց այն, ինչը խնդրո առարկա է, բայց ոչ ապացուցել բանական ճանապարհով, մինչդեռ, եթե մենք գործ ունենք ոչ ինքնաակնհայտ դրույթի հետ, ապա դա պարզապես անհրաժեշտ է անել։ Ես հարցնում եմ ողջ մարդկությանը, արդյո՞ք «հոգին միշտ մտածում է» դրույթը ինքնաակնհայտ է այնպես, որ յուրաքանչյուր ոք այն լսելուն պես համաձայներ դրան։ Ինձ համար կասկածելի է, մտածել եմ ես արդյոք ամբողջ անցած գիշեր, թե ոչ։ Քանի որ հարցը փաստի մասին է, ապա որպես ապացույց բերել մի հիպոթեզ, որը վիճաբանության առարկա է, կնշանակեր խուսափել ապացույցից, այդպես կարելի է ապացուցել ամեն ինչ։ Են­թադրենք, որ բոլոր ժամացույցները մտածում են, քանի դեռ շարժվում է ճոճանիվը, և դա բավական կլինի ապացուցված համարելու համար այն, որ իմ ժամացույցը մտածել է ամբողջ անցած գիշեր։ Բայց նա, ով չի պատրաստվում խաբել ինքն իրեն, պար­տավոր է իր ապացույցը կառուցել փաստերի վրա և այդ փաստերը ապացուցել փորձով, այլ ոչ կառուցել դրանք հիպոթեզների վրա, այսինքն՝ մի բանի, որը նա ենթադրում է։ Ենթադրությունների վրա կառուց­ված ապացույցի դեպքում ես անհրաժեշտաբար պիտի մտածած լինեի ամբողջ անցած գիշեր, որով­հետև ինչ-որ մեկը ենթադրել է, որ ես միշտ մտածում եմ, թեպետ ես ինքս դա չեմ նկատում։

Սակայն սիրահարված լինելով իրենց կարծիքներին՝ մարդիկ կարող են վկայակոչել ոչ միայն խնդրո առարկան, այլև սխալ փաստերը։ Այլկերպ ինչպե՞ս կարելի էր իմ խոսքերից եզրակացնել, որ իրը չկա, որովհետև քնած ժամանակ մարդն այն չի զգում։ Ես չեմ ասում, որ մարդու մեջ հոգի չկա, ոչ, ես ասում եմ, որ հոգին, թե արթմնի, թե քնած վիճակում չի կարող մտածել ամբողջ ժամանակ՝ չզգալով դա։ Մենք զգում ենք մեր մտածելը շնորհիվ միայն մեր մտքերի, և դա անհրաժեշտաբար կլինի այդպես այնքան ժամանակ, մինչև մենք չսկսենք մտածել՝ չգիտակ­ցելով այդ։

  1. Հոգին միշտ չէ, որ գիտակցում է իր մտածելը։ Ես համաձայն եմ, որ արթուն մարդու մեջ հոգին չի կարող լինել առանց մտքերի, քանի որ դա է արթուն լինելու պայմանը։ Բայց մի՞թե աներազ քունը ամբողջ մարդու վիճակը չէ՝ ինչպես մտքի, այնպես էլ մարմնի, սա արժանի է արթուն մարդու խորհրդածությանը, քանի որ դժվար է պատ­կերացնել, թե ինչպես կարող է մի բան մտածել և չգի­տակցել դա։ Եթե հոգին մտածում է քնած մարդու մեջ, առանց դա գիտակցելու, ապա ես հարցնում եմ՝ կարո՞ղ է արդյոք հոգին նման մտածողության ընթացքում ունենալ հաճույքի կամ ցավի, երջան­կության կամ դժբախտության զգացումներ։ Ես համոզված եմ, որ չի կարող, ճիշտ այնպես, ինչպես չի կարող անկողինը կամ հողը, որոնց վրա պառկում է մարդը, որովհետև ինձ անհարիր ու անհնար է թվում, որ կարելի է երջանիկ կամ դժբախտ լինել, առանց դրա գիտակցության։ Իսկ եթե հնարավոր է, որ հոգին, այն ժամանակ երբ մարմինը քնած է, ունենա մտքեր, ուրախություններ ու հետաքրքրու­թյուններ կամ հաճույքներ ու տառապանքներ, որոնք մարդը չի գիտակցում և որոնց հաղորդակից չէ, ապա, իհարկե, քնած Սոկրատեսը և արթուն Սոկրատեսը միևնույն անձը չեն։ Սոկրատեսի հոգին, երբ նա քնած է, և մարդ Սոկրատեսը, որը կազմված է մարմնից և հոգուց, երբ նա արթուն է, այդ դեպքում երկու անձինք են։ Չէ՞ որ արթուն Սոկրատեսը տեղյակ և մտահոգ չէ իր հոգու երջանկությամբ կամ դժբախտությամբ, որոնք հոգին վերապրում է իր համար Սոկրատեսի քնած ժամանակ, և նա չի ընկալում դրանք ճիշտ այնպես, ինչպես բոլորովին չի ընկալում Հնդկաստանում ապրող իրեն անծանոթ մի մարդու երջանկությունը կամ դժբախտությունը։ Իսկապես, եթե մենք կատարելապես հեռացնենք մեր գործողությունների և զգացողությունների ամեն գիտակցություն, հատկապես հաճույքի և դժբախ­տության զգացումները և դրանց ուղղորդող հե­տաքրքրությունը, ապա դժվար կլինի իմանալ, թե որն է անձի նույնությունը։
  2. Եթե քնած մարդը մտածում է առանց դա իմանալու, արըա քնած և արթուն մարդը տարբեր անձ են։ «Հոգին մտածում է խորը քնի ըն­թացքում», - ասում են այդ մարդիկ։ Քանի դեռ հոգին մտածում և ընկալում է, այն, իհարկե, ընդունակ է մտածել կամ ընկալել հաճույքն ու ցավը, ինչպես նաև ցանկացած ուրիշ ընկալումներ, և անհրաժեշ­տաբար պիտի իմանա իր սեփական ընկալումները։ Բայց այդ բոլորը նա ունի առանձին, քնած մարդն ակնհայտաբար չի գիտակցում դա։ Ենթադրենք, որ Կաստորի հոգին քնած ժամանակ հեռանում է նրա մարմնից։ Սա անհնար չէ այն մարդկանց համար, որոնց հետ ես այստեղ գործ ունեմ և որոնք մեծահոգաբար կյանք են շնորհում բոլոր մյուս կենդանիներին, առանց մտածող հոգու։ Դուրս է գալիս, որ այդ մարդիկ չեն կարող անհնար կամ հակասական համարել այն, որ մարմինը կարող է ապրել առանց հոգու, և որ հոգին կարող է գոյել, մտածել, ընկալումներ ունենալ, նույնիսկ երջան­կության ու դժբախտության ընկալումներ, առանց մարմնի։ Այսպես, կրկնում եմ, ենթադրենք, որ Կաս­տորի հոգին նրա քնած ժամանակ բաժանվում է մարմնից և մտածում առանձին։ Ենթադրենք նաև, որ մտածելու համար այդ հոգին հանգրվան է ընտրում մեկ այլ մարդու մարմին, ասենք՝ Պոլլուքսուսի մար­մինը, որը քնած է առանց հոգու, չէ՞ որ եթե Կաստորի հոգին կարող է մտածել վերջինիս քնած ժամանակ, ինչը Կաստորը չի գիտակցում, ապա կարևոր չէ, թե հոգին ինչ վայր է փնտրում մտածելու համար։ Եվ այսպես, մենք ունենք երկու մարդկանց մարմիններ՝ միևնույն հոգով երկուսի համար, մարմիններ, որոնց քնած և արթուն ենք համարում հերթափոխով, հոգին միշտ մտածում է արթուն մարդու մեջ, ինչը քնած մարդը երբեք չի գիտակցում և բոլորովին չի ընկալում։ Այժմ ես հարցնում եմ. արդյո՞ք այս դեպ­քում Կաստորն ու Պոլլուքսուսը՝ միևնույն հոգով երկուսի համար, որը մեկի մեջ մտածում և ընկալում է այն, ինչ մյուսը երբեք չի գիտակցում և ինչին բնավ չի առնչվում, երկու տարբեր անձինք են, ինչպես Կաստորն ու Հերկուլեսն էին կամ ինչպես Սոկրատեսն ու Պլատոնը։ Կամ կարո՞ղ է արդյոք նրանցից մեկը շատ երջանիկ լինել, իսկ մյուսը՝ դժբախտ։ Այս նույնը իբրև հիմք ընդունելով՝ հոգին և մարդուն տարբեր անձանց բաժանողները ստիպում են, որպեսզի հոգին առանձին մտածի այն, ինչը մարդը չի գիտակցում։ Քանզի ես կարծում եմ, ոչ ոք չի ընդունի, որ անձի նույնությունը հոգու և միևնույն նյու­թական մասնիկների թվային միացման մեջ է։ Չէ՞ որ եթե դա անհրաժեշտ լիներ նույնության համար, ապա հաշվի առնելով մեր մարմնի մասնիկների անընդհատ շարժումը՝ անհնար կլիներ, որպեսզի ինչ որ մեկը նույն անձը մնար երկու օր կամ նույնիսկ երկու ակնթարթ շարունակ։
  3. Անհնար է աներազ քուն ունե­ցողներին համոզել, թե նրանք մտածում են քնելիս։ Այնպես որ, յուրա­քանչյուր խորը քուն, կարծում եմ, խարխլում է այն մարդկանց ուսմունքը, որոնք ասում են՝ իբր հոգին մտածում է միշտ։ Առնվազն նրանց, ովքեր քնում են առանց երազներ տեսնելու, երբեք հնարավոր չէ համոզել, որ իրենց մտքերը երբեմն չորս ժամ շարունակ գործում են, առանց իրենց գիտության։
  4. Զուր են պնդում, որ մարդիկ չեն հիշում տեսած երազները։ Գուցե ասեն. որ հոգին մտածում է նույնիսկ ամենախորը քնի մեջ, բայց նրա մտքերը չեն պահպանվում հիշողության մեջ։ Այն, որ մարդու հոգին տվյալ պահին զբաղված է մտածողությամբ, իսկ մյուս պահին՝ արթուն ժամանակ, չի հիշում այդ և գեթ յոտա իսկ չի կարող վերհիշել բոլոր այդ մտքերից, շատ դժվար է պատկերացնել, և որպեսզի դրան հավատան, պահանջվում է ավելի լուրջ ապացույց, քան միայն մերկ պնդումը։ Իսկապես, ո՞վ կարող է հեշտությամբ, սոսկ այն պատճառով, որ իրեն այդ­պես են ասել, պատկերացնել, իբր մարդկանց մեծ մասը իրենց ողջ կյանքի ընթացքում ամեն օր մի քանի ժամ շարունակ մտածում է ինչ-որ բանի մա­սին, բայց կատարելապես ոչինչ չի կարողանում հիշել, նույնիսկ եթե նրանց հարցնեն այդ մտքերի կեսից։ Ես կարծում եմ, որ մարդկանց մեծամաս­նությունը իրենց քնի առյուծի բաժինը անցկացնում է առանց երազների։ Ես ճանաչում էի մի կիրթ և լավ հիշողության տեր մարդու, որն ասում էր ինձ, ամբողջ կյանքում երազ չի տեսել, մինչև մեկ օր տենդով հիվանդանալը։ Տենդից նա վերջերս ապաքինվեց, իսկ հիվանդացել էր քսանհինգ կամ քսանվեց տարեկան հասակում։ Կարծում եմ, որ աշխարհում կարելի է բազում նման դեպքեր գտնել, առնվազն ամեն ոք իր կյանքում հանդիպած կլինի բավա­կանաչափ օրինակների, երբ մարդիկ գիշերները երազներ չեն տեսնում։
  5. Համաձայն վերոհիշյալ հիպո­թեզի, քնած մարդու մտքերը պիտի ավելի բանական լինեին։ Մտածել հաճախ, բայց ոչ մի վայրկյան չպահպանել մտքերը, նշանակում է զբաղվել շատ անօգուտ մի մտա­ծողությամբ։ Եվ նման մտածողության դեպքում հոգին շատ քիչ է տարբերվում (եթե իհարկե տարբերվում է) հայելուց, որն անընդհատ պատկերացումների կամ գաղափարների բազմազանություն է ստանում, սակայն և ոչ մեկը չի պահպանում, դրանք չքանում են և անհետ կորչում։ Ոչ հայելին է ավելի լավը դառնում նման գաղափարներից, ոչ էլ հոգին՝ նման մտքերից։ Գուցե ասեն, որ արթուն մարդու մտածողության մեջ օգտագործվում ու կիրառվում է մարմնի նյութը և որ մտքերի հիշողությունը պահպանվում է ուղեղի մեջ եղած տպավորություններով ու մտքերով, որոնք մնում են այդպիսի մտածողությունից հետո, սակայն հոգու մտածողության դեպքում, որը չի ընկալվում քնած մարդու կողմից, հոգին մտածում է մեկուսի և, չօգտվելով մարմնի օրգաններից, դրանց վրա որևէ տպավորություն չի թողնում, հետևապես նաև չի թողնում մտքերի հիշողություն։ Այս թյուրիմա­ցությունից բխող երկու անձանց հետ կապված թյուրիմացությունը կրկին չհիշատակելու համար ավելացնեմ, որ ինչպիսին էլ լինեն գաղափարները, որոնք միտքը կարող է ստանալ կամ հայել առանց մարմնի օգնության, խոհեմ կլիներ եզրակացնել, որ պահպանել դրանք հոգին կարող է վերստին առանց մարմնի օգնության։ Հակառակ դեպքում հոգին կամ ամեն անջատված ոգի, քիչ օգուտ կքաղեն մտածողությունից։ Եթե հոգին չի հիշում իր սեփական մտքերը, եթե չի կարող մի կողմ դնել դրանք հետագա օգտագործման համար և առիթ եղած ժամանակ չի կարող մտաբերել, եթե չի կարող խորհել անցյալի մասին և օգտվել իր նախորդ փորձառություններից, մտորումներից և հայեցողություններից, ապա ո՞րն է նրա մտածելու նպատակը։ Նրանք, ովքեր մտածող իր են դարձնում հոգին, այդպիսով ավելի վեհ մի էակ չեն դարձնում այն, քան նրանք, որոնց վերջիններս դատապարտում են՝ հոգին ընդամենը մատերիայի ամենանուրբ մասը ճանաչելու համար։ Փոշու վրա գծված նշանները, որ ջնջվում են քամու առաջին իսկ շնչից, ատոմների կույտի կամ կենդանի ոգիների վրա արված դրոշմվածքներն ընդհանրապես նույնքան օգտակար և նույնքան վեհ են դարձնում առարկան, որքան հոգու մտքերը, որոնք կորչում են մտածելու ընթացքում, և մեկ անգամ չքանալով՝ ընդմիշտ կորչում են և իրենց մասին ոչ մի հուշ չեն թողնում։ Բնությունը երբեք չի ստեղծում կատարյալ իրեր նվազ օգուտով կամ էլ անօգուտ։ Եվ դժվարությամբ կարելի է պատկերացնել, որ մեր անվերջ իմաստուն Արարիչը ստեղծած լիներ այնպիսի զարմանալի ունակություն, որն ամենից մոտ կանգնած լինելով իր սեփական անհասու էության կատարելությանը՝ նման զուր ու անօգուտ կիրառություն ունենա, առնվազն այստեղ անցնող նրա ժամանակի քառորդ մասի համար, այնպիսի ունակություն, ինչպիսին է անընդհատ մտածելը, առանց հիշելու ունեցած մտքերը, առանց բարին անելու ոչ իրեն, ոչ էլ ուրիշներին կամ առանց օգտակար լինելու արարված իրականության որևէ այլ մասի համար։ Եթե մենք քննենք աշխարհը, ապա կարծում եմ՝ չենք գտնի, որ տիեզերքում ինչ-որ տեղ, նույնիսկ կոպիտ և անզգա մատերիայի շարժումը նույնքան քիչ օգտագործվեր ու նման ձևով անօգուտ վատնվեր։
  6. Համաձայն այս հիպոթեզի՝ հոգին պիտի ունենա գաղափար­ներ, որոնք առաջ են գալիս ոչ զգայությունից կամ ռեֆլեքսիայից, բայց այդպիսի գաղափարներ չեն երևում։ ճիշտ է, որ քնած ժամանակ մենք ունենում ենք ընկալման օրինակներ և որ այդ մտքերը պահպանվում են հիշողության մեջ։ Սակայն հարկ չկա երազներին ծանոթ մարդկանց պատմել, թե հիմնականում որքան տարօրինակ ու անկապ են դրանք և որքան քիչ են համապատասխանում բանական էակի կատարելությանն ու նորմալ վի­ճակին։ Ինձ անչափ հետաքրքրում է հետևյալը, երբ հոգին մտածում է առանձին և երբ այն կարծես անջատված է մարմնից, ապա այն պակա՞ս բա­նական է գործում, քան երբ կապված է մարմնի հետ, թե՞ ոչ։ Եթե հոգու առանձին մտքերը պակաս բանա­կան են, ապա այդ մարդիկ պիտի ասեն, որ բանա­կան մտածողության կատարելությամբ հոգին պար­տական է մարմնին, իսկ եթե դա այդպես չէ, ապա զարմանալի է, որ մեր երազները մեծ մասամբ այդքան մակերեսային ու անմիտ են և հոգին չի պահպանում իր համեմատաբար ավելի խոհեմ մենախոսություններն ու խորհրադածությունները։
  7. Եթե ես մտածում եմ, բայց չգիտեմ այդ մասին, ապա ուրիշ որևէ մեկը չի կարող դա իմանալ։ Ես կցանկանայի որպեսզի նրանք, ովքեր այդպես համոզվածությամբ ասում են մեզ, թե հոգին փաս­տորեն միշտ մտածում է, ասեին նաև, թե այդ ի՞նչ գաղափարներ են, որ ունի մանկան հոգին նախքան մարմնի հետ միանալը կամ հենց միանալու պահին, երբ նա դեռ գաղափարներ չի ստացել զգայության միջոցով։ Քնած մարդու երազները, ինչպես ես եմ կարծում, բոլորն էլ կազմված են արթուն մարդու գաղափարներից, չնայած որ դրանք հիմնականում կազմված են անսովոր կերպով։ Տարօրինակ է, եթե հոգին ունենար սեփական գաղափարներ, որոնք ստացած լիներ ոչ զգայությունից, ոչ էլ ռեֆլեքսիայից (ինչը անհրաժեշտ է, եթե հոգին մտածած լիներ նախքան մարմնից տպավորություններ ստանալը), մինչդեռ իր մեկուսացած մտածողության ժա­մանակ (մեկուսացած այնպես, որ մարդը դա չի ընկալում) հոգին չի պահպանում դրանցից և ոչ մեկը արդեն իսկ այն պահին, երբ զարթնում ու սթափվում է դրանցից և այլևս չի ուրախացնում մարդուն նո­րանոր հայտնագործություններով։ Ո՞վ խելքին մոտ կհամարի այն, որ հոգին քնած ժամանակ իր մեկուսացման մեջ մտածում է այսքան-այսքան ժամեր շարունակ և այդուհանդերձ երբեք չի հանդիպում այն գաղափարներից որևէ մեկին, որոնք նա վերցնում է ո՛չ զգայությունից, ո՛չ ռեֆլեքսիայից, կամ առնվազն այն, ինչն ավելի պակաս բնական է ոգու համար, որ հիշողության մեջ չի պահպանվում և ոչ մի գաղափար, բացի նրանցից, որոնց համար պատճառ է հանդիսանում մարմինը։ Տարօրինակ է, որ մարդու ողջ կյանքի ընթացքում հոգին չի վերհիշում իր զուտ, բնածին մտքերից ոչ մեկը և ոչ էլ այն գաղափար­ներից, որոնք վերջինս ուներ նախքան մարմնից ինչ որ բան փոխառելը, տարօրինակ է, որ հոգին երբեք արթուն մարդու ուշադրությանը չի տրամադրում որևէ այլ գաղափար, բացի նրանցից, որոնք ունեն այն տակառի համը, որի մեջ զետեղված է հոգին և որոնք պարզորոշ նշում են իրենց ծագումը մարմնի և հոգու այդ միացությունից։ Եթե հոգին միշտ մտա­ծում է և այդպիսով գաղափարներ ունի նախքան մարմնի հետ միանալը կամ նախքան մարմնից որևէ գաղափար ստանալը, ապա մնում է միայն են­թադրել, որ քնած ժամանակ հոգին վերհիշում է իր բնածին գաղափարները և որ մարմնի հետ հա­ղորդակցությունից դուրս գալու ժամանակ, երբ այն մտածում է ինքնուրույն, գաղափարները, որոնցով նա զբաղված է, առնվազն երբեմն այն բնական ու բնածին (congenial) գաղափարներն են, որոնք այն ուներ իր մեջ և որոնք չեն գոյանում մարմնից կամ գաղափարների նկատմամբ հենց իր կատարած գործողություններից։ Քանի որ արթուն մարդը երբեք չի հիշում այդ գաղափարները, մենք պիտի այդ հիպոթեզի հիման վրա եզրակացնենք, որ կամ հոգին է հիշում այն, ինչը մարդը չի հիշում, կամ էլ հիշողությունը վերաբերում է միայն այնպիսի գաղա­փարներին, որոնք առաջ են գալիս մարմնից կամ այդ գաղափարների նկատմամբ մտքի կատարած գործողություններից։
  8. Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ հոգին մշտապես մտածում է։ Չէ՞ որ եթե դա ինէնաակնհայտ դրույթ չէ, ապա ապացույցի կարիք ունի։ Մարդկանց, որոնք այնպիսի համոզվածությամբ են հայտարարում, որ մարդու հոգին, կամ, ինչը միևնույն է, որ մարդը մտածում է միշտ, ես շատ կուզեի նաև հարցնել, թե ինչպես են նրանք իմանում այդ մասին, ավելին, ինչպես են նրանք իմանում, որ իրենք մտածում են, եթե իրենք դա չեն նկատում։ Ես մտավախություն ունեմ, որ սա նշանակում հա­մոզված լինել առանց ապացույց ունենալու և իմա­նալ մի բան, առանց այն ընկալելու։ Ես ենթադրում եմ, որ դա մի խճճված դրույթ է, որը վերցված է նշված հիպոթեզին օժանդակելու համար և չի հանդիսա­նում մեկն այն պարզ ճշմարտություններից, որոնք մեզ ստիպում է ընդունել հենց իրենց ակնհայ­տությունը, կամ էլ սովորական փորձը թույլ չի տալիս մերժել։ Այդ դրույթի մասին ամենաշատը կարելի է ասել այն, որ հոգու անընդհատ մտածելը հնարավոր է, բայց անհնար է, որ հոգին մշտապես հիշողության մեջ պահի մտածածը։ Ես պնդում եմ, սակայն, որ նույնքան հնարավոր է, որ հոգին չի մտածում և այն, որ հոգին երբեմն չի մտածում, ավելի հավանական է, քան այն, որ հոգին հաճախ մտածում է և այն էլ երկար ժամանակ, իսկ հաջորդ պահին չի գիտակ­ցում, որ մտածում է։
  9. Շատ հավանական է, որ մար­դը զբաղված լինելով մտածո­ղությամբ՝ այնուամենայնիվ կհի­շեր դա հաջորդ պահին։ Ենթադրել, թե հոգին մտածում է, իսկ մարդը դա չի գիտակցում, ինչպես ասվեց, կնշանակի մեկ մարդուն բաժանել երկու անձի։ Եվ եթե մեկը լավ խորամուխ լինի այդ մարդկանց ասածին, ապա կկասկածի, թե նրանք հենց այդպես են վարվում։ Չէ՞ որ նրանք, ովքեր ասում են, թե հոգին միշտ մտածում է, որքան ես հիշում եմ, երբեք չեն ասում, որ մարդը միշտ մտածում է։ Բայց կարո՞ղ է արդյոք հոգին մտածել, իսկ մարդը՝ ոչ։ Կամ կարո՞ղ է արդյոք մարդը մտածել և չգիտակցել դա։ Ոմանք գուցե անհեթեթություն համարեին սա։ Եթե ասում են, որ մարդը միշտ մտածում է, բայց միշտ չի դա գիտակցում, ապա նույն համոզվածությամբ կարող են ասել, որ նրա մարմինը տարաձիգ է, բայց չունի մասեր։ Չէ՞ որ պնդումը, ըստ որի մարմինը տարաձիգ է առանց մասերի, հասկանալի է նույնքան, որքան այն, որ մի բան կարող է մտածել առանց դա գիտակցելու կամ նկատելու։ Նրանք, ողքեր այդպես են ասում, կարող են միևնույն հիմքի վրա հենվելով, եթե դա անհրա­ժեշտ լինի իրենց հիպոթեզի համար, ասել, որ մարդը միշտ քաղցած է, բայց միշտ չի դա զգում, մինչդեռ քաղցը հենց այդ զգայությունն է, ինչպես և մտածելը սեփական մտածողությունը գիտակցելու մեջ է։ Եթե նրանք ասեն, որ մարդը մշտապես գիտակցում է իր մտածելը, ապա ես կհարցնեմ, որտեղի՞ց նրանք գիտեն այդ մասին։ Գիտակցությունը մարդկային մտքում տեղի ունեցածի ընկալումն է։ Կարո՞ղ է արդյոք մեկ ուրիշը ընկալել, որ ես ինչ-որ բան գիտակցում եմ, եթե ես ինքս դա չեմ ընկալում։ Ոչ մի մարդու իմացությունը այստեղ չի կարող առաջ անցնել իր փորձից։ Արթնացրեք որևէ մեկին խորը քնից և հարցրեք, թե ինչի մասին էր նա այդ պահին մտածում։ Եթե վերջինս ինքը չիմանա, թե այդժամ ինչ էր մտածում, ապա մտքերի ինչպիսի ականավոր գուշակ պիտի լինի նա, ով կկարողանա համոզել այդ մարդուն, թե նա մտածում էր։ Եվ արդյո՞ք ավելի մեծ հիմնավորվածությամբ չէր համոզի նրան, որ նա բոլորովին չի էլ քնել։ Սա փիլիսոփայությունից վեր ինչ-որ բան է։ Դա կարող է լինել առնվազն հայտ­նություն, որը ուրիշի առաջ բացում է մտքեր, որոնցից և ոչ մեկը ես չեմ կարողանում գտնել իմ մեջ։ Եվ պիտի ներթափանցող տեսողություն ունենան նրանք, ովքեր իսկապես ի վիճակի են տեսնել, որ ես մտածում եմ, այն դեպքում երբ ես դա չեմ նկատում և հայտարարում եմ, որ չեմ մտածում, և նրանք, այնուամենայնիվ, ի վիճակի են տեսնել նաև այն, որ շներն ու փղերը չեն մտածում, թեև վերջիններս պատկերավոր ձևով տալիս են մեզ այդ բանի ամեն ապացույցը, միայն թե չեն ասում, որ մտածում են։ Ոմանց կարող է թվալ, թե այդ մարդիկ մեկ աստիճանով բարձր են ռոզենկրոյցերներից, քանի որ, ճիշտն ասած, ավելի դյուրին է անտեսանելի դառնալ այլոց համար, քան իր համար տեսանելի դարձնել մեկ ուրիշի մտքերը, որոնք նա ինքը չի տեսնում։ Եվ դրա համար բավական է միայն հոգին սահմանել «մշտապես մտածող սուբստանց» և վերջ։ Եթե նման սահմանումը ինչ-որ կերպ համոզիչ է, ապա ես չգիտեմ, թե որն է դրա օգուտը, եթե այն ստիպում է բազում մարդկանց կասկածի առնել այն, որ իրենք ընդհանրապես հոգի ունեն, քանզի նրանք տեսնում են, որ իրենց կյանքի առավելագույն մասը նրանք անց են կացնում առանց մտածելու։ Իսկա­պես, ինձ հայտնի ոչ մի սահմանում կամ որևէ աղան­դի ոչ մի ենթադրություն չունի հաստատուն փորձը խարխլելու բավարար ուժ, և գուցե մեր ընկալման սահմաններից այն կողմ ընկածն իմանալու հավակ­նությունն է, որ այսքան անօգուտ վեճեր ու աղմուկ է բարձրացնում աշխարհում։
  10. Մանուկներին դիտելիս ակնհայտ երևում է, որ զգայու­թյունից կամ ռեֆլեքսիայից ստաց­վող գաղափարներից զատ ուրիշ գաղափարներ չկան։ Այդ իսկ պատճառով ես որևէ հիմք չեմ տեսնում հավատալու, թե հոգին մտածում է, նախքան զգայությունները նրան գաղափարներ կմատակարարեն։ Եվ որքան գաղա­փարները ավելանում և պահպանվում են, այնքան հոգին, շնորհիվ վարժման, տարբեր ուղղություն­ներով ավելի է զարգացնում իր մտածողունակությունը, ճիշտ այնպես, ինչպես հետագայում բա­ղադրելով այդ գաղափարները և խորհելով իր սե­փական գործողությունների մասին՝ հոգին ավելաց­նում է իր պաշարը, ինչպես նաև ուժեղացնում է հիշողության, երևակայության և կշռադատման ու­նակությունները և մտածողության այլ եղանակները։
  11. Մանկան վիճակը մոր արգան­դում։ Նա, ով տեղեկություններ է ստանում դիտարկումից ու փորձից և բնության օրենք չի դարձնում իր ամեն հիպոթեզ, կտեսնի, որ նորածնի մոտ սակավ են շատ մտածելուն սովոր հոգու նշույլները և ավելի սակավ՝ որևէ կշռադատման նշույլներն ընդհանրապես։ Եվ այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ բանական հոգին ի վի­ճակի լիներ այդքան շատ մտածել և բոլորովին չկշռադատել։ Բայց նա, ով ուշադրություն դարձնի այն բանին, որ նորածինները աշխարհ գալով՝ ժամանակի մեծ մասը անց են կացնում քնած վի­ճակում և հազվադեպ են լինում արթուն, միայն երբ սովն է ստիպում նրանց կուրծք ուզել կամ որևէ այլ սաստիկ մարմնական ներգործություն, որը ստիպում է հոգուն ընկալել դա և բևեռվել դրա վրա, ես կրկնում եմ, նա, ով նկատի այս բոլորը, հավանաբար հիմքեր կունենա մտածելու, որ պտղի վիճակը մոր արգան­դում շատ չի տարբերվում բույսի վիճակից, ժա­մանակի մեծ մասը նա անց է կացնում առանց ըն­կալելու իր մտածողությունը, զբաղված է սոսկ նրանով, որ քնում է մի վայրում, որտեղ սննդի կարիք չունի և առնված է հեղուկի մեջ, որը մշտապես ունի նույն մեղմությունն ու նույն բաղադրությունը, որտեղ աչքերը չունեն լույս, իսկ ականջները այնպես են փակ, որ ընկալունակ չեն ձայների նկատմամբ, որտեղ կամ քիչ է, կամ էլ ընդհանրապես չկա օբյեկտների բազմազանություն կամ փոփոխություն, որը գործի կդներ զգայարանները։
  12. Հոգու մտածողությունը համաչափ է փորձից ստացված նյութին։ Հետևեք մանկանը սկսած նրա ծննդից և դիտեք այն փոփոխությունները, որոնք առաջ է բերում ժամանակը, դուք կտեսնեք, թե ինչպես շնորհիվ զգացումների միտքը ավելի ու ավելի է հարստանում գաղափարներով, ավելի ու ավելի է արթնանում, և որքան ավելի է նրա մտածողության նյութը, այնքան ավելի է նա մտածում։ Որոշ ժամանակ անց երեխան սկսում է ճանաչել օբյեկտները, որոնք ավելի ծանոթ լինելով նրան՝ արդեն մնայուն տպավորություններ են թողել։ Այսպես նա աստիճանաբար սկսում է ճանաչել այն անձանց, որոնց հետ օրական շփվում է և տարբերում է օտարներից։ Սրանք այն բանի օրինակներն ու արդյունքներն են, թե ինչպես երե­խան սկսում է պահպանելով զանազանել զգա­ցումներից ստացած գաղափարները։ Միևնույն ձևով մենք կարող ենք դիտել, թե ինչպես է հոգին աստի­ճանաբար վարժվում այդ գործում և անցնում իր գաղափարները ընդարձակելու, բաղադրելու և վե­րացարկելու կարողությունների վարժմանը՝ խորհե­լով ու մտորելով դրանց մասին, սա ես դեռ առիթ կու­նենամ ներկայացնելու ստորև։
  13. Մարդը սկսում է գաղափար­ներ ունենալ սկսած առաջին զգայությունից։ Ի՞նչ է զգայությունը։ Եթե հարցնեն, ե՞րբ է մարդը սկսում գաղափարներ ունենալ, ապա, կարծում եմ, ճիշտ պատասխանը հետևյալն է. երբ առաջին անգամ զգայություն է ստանում։ Չէ՞ որ պարզվում է, որ մտքում, նախքան զգայությամբ ինչ-որ բան ստանալը ոչ մի գաղափար չկա։ Ես գտնում եմ, որ բանականության մեջ գա­ղափարները հանդես են գալիս զգայության հետ միաժամանակ, որը լինելով կամ տպավորություն, կամ էլ մարմնի որևէ մասի շարժում՝ բանականու­թյան մեջ առաջ է բերում որոշակի ընկալում։ Մեր զգայարանների վրա արտաքին օբյեկտների թողած հենց այս տպավորությունների հետ գործ ունի միտքը, երբ առաջին անգամ կատարում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ընկալումը, հիշո­ղությունը, մտորումը, կշռադատումը և այլն։
  14. Մեր ամբողջ իմացության ծա­գումը։ Ժամանակի ընթացքում հոգին սկսում է խորհել իր սեփական գործողությունների մասին, որոնք նա կատարում է զգայությամբ ձեռք բերած գաղափարների հետ և այդկերպ հարստացնում իրեն մի շարք նոր գաղափարներով, որոնք ես անվանում եմ ռեֆլեքսիայի գաղափարներ։ Այս տպա­վորությունները, որոնք գոյանում են մեր զգացումների վրա արտաքին օբյեկտների ազդե­ցության հետևանքով, և մեր մտքի սեփական գոր­ծողությունները, որոնք առաջ են գալիս ներքին ու նրան հատուկ ուժից և որոնք, երբ հոգին խորհում է դրանց մասին, նույնպես հայեցողության առարկա են դառնում, հանդիսանում են, ինչպես ասացի, ողջ իմացության աղբյուրը։ Այսպիսով, մարդկային ինտելեկտի ամբողջ ընդունակությունը նրանում է, որ միտքը համապատասխանեցված է ստանալու այն տպավորությունները, որոնք նրա վրա են գործում կամ արտաքին օբյեկտները զգայարանների մի­ջոցով, կա՛մ էլ իր սեփական գործողությունները, երբ նա խորհում է դրանց մասին։ Սա է առաջին քայլը ինչ-որ բան հայտնաբերելու ճանապարհին և հիմքը, որի վրա կառուցվում են բոլոր այն հասկացու­թյունները, որոնք մարդը երբևէ ձեռք է բերում այս աշխարհում բնական ճանապարհով։ Բոլոր այն վեհ մտքերը, որոնք ամպերից վեր խոյանալով հասնում են երկինք, իրենց սկիզբն ու հենակետը ստանում են այստեղ։ Այն վիթխարի տարածություններում, որ­տեղ դեգերում է սպեկուլյացիաներով տարված միտ­քը, սպեկուլյացիաներ, որոնք իբրև թե վսեմացնում են իրեն, վերջինս մեկ յոտա իսկ չի անցնում այն գա­ղափարներից, որոնք հայեցողությանն են առաջար­կում զգայությունը կամ ռեֆլեքսիան։
  15. Պարզ գաղափարների ընկալ­ման ժամանակ բանականու­թյունը հիմնականում պասսիվ է։ Այս մասում բանականությունը պարզապես պասսիվ է, և նրա կարողությունից դուրս է ունենալ կամ չունե­նալ իմացության սկզբնավորումները կամ այսպես կոչված նյութեղենը։ Քանի որ անկախ այն բանից՝ ուզում ենք, թե ոչ, մեր զգացման օբյեկտները հիմնականում մեր մտքին պարտադրում են իրենց առանձին գաղափարները, իսկ մեր մտքի գործողու­թյունները մեզ չեն թողնում առնվազն առանց իրենց մասին որոշ մթին պատկերացումների։ Ոչ ոք չի կարող բոլորովին չիմանալ, թե ինչ է անում, երբ մտածում է։ Բանականությունը նույնքան քիչ կարող է ցանկանալ չունենալ այդ պարզ գաղափարները, որոնք առաջարկվում են հոգուն, փոխել դրանք, երբ դրանք արդեն դրոշմվել են, կամ ջնջել և կազմել նորերը, որքան հայելին կարող է մերժել, փոխել կամ ջնջել այն պատկերներն ու գաղափարները, որոնք առաջ են գալիս իր առջև դրված առարկաներից։ Երբ մեզ շրջապատող մարմինները զանազան կերպով ազդում են մեր օրգանների վրա, միտքը ստիպված է լինում տպավորություններ ստանալ և չի կարող խուսափել դրանց հետ կապված գաղափարների ընկալումից։

 

 

 

 

Անգլերենից թարգմանությունը՝ Սերգեյ Ստեփանյանի