1/4/2002

Ներբող աստվածության կառքին

Վարդան Անեցին մեր բանաստեղծության ամենաանհայտ, սակայն Անիից մեզ հայտնի թերևս ամենամեծ բանաստեղծներից է, ումից պահպանվել է մի բացառիկ ստեղծագործություն «Վասն կառաց աստվածությանն ներբող» երկը:

Առաջին անգամ, 1800 թվականին այն նկատել և ընդօրինակել է Մ. Չամչյանը Պոլսո պատրիարքարանի մի ձեռագրից։ Ներբողից հատվածներ է հրատարակել Ղևոնդ Ալիշանը, 1873-ին, «Շնորհալի և պարագայ իւր» գրքում՝ հետևյալ գնահատանքով. - «հանդերձ ամեն աստուածաբանական խորատեսութեամբքն՝ գերազանցէ բանաստեղծութեամբը, Նարեկացւոյ հանճարագիտութեանց նման, թերեւս եւ ավելի»։ 1912 թվականին Ալիշանից օգտվելով, Վարդան Անեցուն անդրադարձել է Արշակ Չոպանյանը՝ վերատպելով նույն հատվածները իր «Հայ էջեր»–ում, նույնպես գնահատելով շատ բարձր. - «Ուրիշ Նարեկացի մըն է, որ ունեցեր ենք այդ Վարդանին մեջ... Անիի ճարտարապետությունն է, Անիի արվեստն է, Անիի հոգին է՝ բանաստեղծական ձևին տակ, զոր առաջին անգամ ըլլալով պիտի գտնենք այդ քերթուածին մեջ»։

Մ. Չամչյանի ընդօրինակած բնագիրը շատ ժամանակ անց հրապարակեց Հայր Բարսեղ Սարգսյանը, նախ «Բազմավեպ»–ում և այնուհետև առանձին գրքույկով՝ 1919-ին։ Գրքույկն այդպես էլ աննկատ մնաց, մինչև որ 1971-ին՝ «Բանբեր Մատենադարանի» հանդեսում, երկու նորահայտ ձեռագրերի հետ բաղդատած և իր նախաբանով հրատարակեց Ասատուր Մնացականյանը, և որը նույնպես պատշաճ ուշադրության չարժա­նացավ։

Նորահայտ օրինակների ենթախորագրերից մեկում հեղինակը հիշատակված է որպես Վարդան Վարդանեց (տարբ. Վարդանաց)։ Ցարդ հայտնի էր նրա անունը, այժմ հայտնի է նաև տոհմանունը։ Այս տոհմանունն էլ, ըստ հիշատակարանների որոշ վկայությունների, մտածել է տալիս Վարդան Մամիկոնյանի շառավիղների մասին, որը սակայն սոսկ ենթադրություն է։

Նորահայտ ձեռագրերն օգտակար են նաև հեղինակի ապրած ժամանակը ճշտելու առումով։ Ըստ Ղևոնդ Ալիշանի նա պիտի ապրած լինի XII դարում, իսկ ըստ Բարսեղ Սարգսյանի՝ X կամ XI դարերում։ Նրանց համար ելակետ են Վարդան Անեցու ներբողի ոճը և նրա անեցի լինելը։ Այժմ նրանց կարծիքները և հատկապես Բարսեղ Սարգսյանի ենթադրությունը հաստատվում են նորահայտ ձեռագրերի հիման վրա։

Վարդան Անեցին վարդապետ է եղել և, ինչպես իր ներբողից է երևում, ունեցել է խորը և բազմակողմանի գիտելիքներ։ Այդ պատճառով էլ Բարսեղ Սարգսյանը գրում է. «Կորով մեկնիչք և աստուածաբանք իսկ գլուխնին շատ պիտի հոգնեցնեն վերահասու ըլլալու համար Անեցի վարդապետիս խորհրդապաշտ բառերուն և բացատրութեանց»։

Ներբողի նյութը հիմնված է Եզեկիել մարգարեի տեսիլքի վրա և ներկայացնում է աստվածային կառքին լծված մարդուն, առյուծին, եզին և արծվին (որոնք դարձան նաև չորս ավետարանիչների խորհրդանիշը)։

Այս տեսիլքն Աստվածաշնչի ամենաբանաստեղծական դրսևորումներից մեկն է՝ հնուց ի վեր սիրված բա­նաստեղծների, նկարիչների և այլ արվեստագետների կողմից։ Աստվածաշնչում համապատասխան այլ տեսիլ­ներ էլ կան, բայց Վարդան Անեցունը, ինչպես ճիշտ նկատել է Ղևոնդ Ալիշանը, վերաբերում է «այն կառաց զոր Եզեկիել մարգարեն տեսավ ի տեսլյան», և դա հաստատվում է հեղինակի լուծմունքի պատառիկներից։ Մյուս տեսիլներից ուշագրավ է, օրինակ, Զաքարիա մարգարեինը, որտեղ սակայն նկարագրվում է չորս կառք, որոնց էլ լծված են տարբեր գույնի ձիեր (Զաքարիա, Զ 1): Հետաքրքրական է նաև Հովհաննու հայտնության մեջ պատ­կերված կառքը՝ և՛ եզեկիելյան չորս կենդանիներով (Մարդ, Առյուծ, Եզ, Արծիվ), և՛ ձիերով (Հայտնություն Հովհաննու, Ի. ե)։ Այս տեսիլներն էլ արտացոլում են գտել մեր միջնադարյան արվեստի և գրականության մեջ, բայց շատ քիչ։ Ամենատարածվածը Եզեկիելի տեսիլի վերարտադրությունն է։ Այն առատորեն ի հայտ է գալիս հատկապես մանրանկարչության և որմնանկարչության մեջ և ունի հիմնականում մի մշակված ձև, որի կենտրոնում նստած Քրիստոս Աստվածն է։ Մեզ ծանոթ միակ ուշագրավ շեղումը դրանից Վարդան Անեցու մշակումն է։

Վարդան Անեցու կառքն ու նրա լծկանները ղեկավարվում են ինքնուրույնաբար և չունեն որոշակի կառավար, որը երևար իր տեսանելի կերպարանքով։ Դա մասամբ համապատասխանում է Եզնիկ Կողբացու, մասամբ էլ Աստվածաշնչի տվյալներին։

Քանի որ Աստվածաշունչը սնվել է Հին Արևելքի և առհասարակ հին աշխարհի դիցաբանությամբ, ուստի, երկ­նային չորս էակներն էլ պիտի որոնել այնտեղ։ «Ասուրական աստեղային ... աստվածները չորսն էին՝ Մարդուկը, որին պատկերում էին թևավոր եզ, Նաբուն՝ թևավոր մարդ, Ներգալը՝ թևավոր առյուծ և Նինուրտեն՝ արծիվ»։ Համանման կենդանիների պատկերներով և արձաններով է լի նաև ուրարտական արվեստը։

Ըստ երևույթին, մեր միջնադարյան գրագետներին ծանոթ են եղել ոչ միայն համապատասխան քանդակներ և արձաններ, այլև պաշտամունքային գրավոր կամ անգիր բնագրեր, որոնցից օգտվել է նաև Վարդան Անեցին։ Սուրբ գրոց խորհրդանշանները հասկանանք թե ոչ (ինչպես նաև դրանց ակունքները, կերպափոխությունները և ճառագումները), ակնհայտ է, որ բարդ և ինքնատիպ, նորօրինակ կառույցով ստեղծագործության հետ գործ ունենք, ճարտարապետական կոթողի հանգույն, որը մեզ ապշեցնում է, մանավանդ չափի և ներդաշնակության գիտակցությամբ։ Ամեն ինչ համաչափ է քերթված-կառույցի մեջ. ոչ մի ավելորդ զգայական և բանական շեղում, տող առ տող, տուն առ տուն աճող ու զարգացող մտքի և սրտի միաձույլ, համահավասար ընթացք և այդ ամենի կառավար ստեղծարար հանճար։

Վարդան Անեցու այս կուռ ներբողի մեջ առկա է մեր ողջ բանաստեղծական փորձառությունն ու սլացքը։

 

ՎԱՐԴԱՆ ԱՆԵՑԻ ՆԵՐԲՈՂ ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՌՔԻՆ

 

Ա. Կառքին

Աստվածությանդ կառքիդ

Եվ քառադեմ լծակիցներիդ,

Միշտ ողջակիզվածներիդ

Եվ արարածների պսակներիդ,

5     Մշտահոլով և անկեզ հարաբարդ անիվներիդ,

Եվ կալերիդ՝ կենդանության ոստահատի ամենայն երախայրիքներին.

Երկրպագում եմ մշտածագ և շահավետ ձեր հովանուն՝

Տեղալու առ ինձ կաթիլդ կենդանարար,

Բուսցնելու ինձնից բույսը բանական՝

10   Օրհնություն բարունակիդ միշտ և հարաժամ։

 

Նուրբ և անքննին էության ընդունարաններ

Եվ երկատեսակ հայելիներ՝ բազմաբորբոք ճառագայթների.

Մշտաթափ և սքանչալուր ձայներով գետեր հորդառատ

Որ առ երամներն հրեղենների վառվում եք՝ ծով մշտածավալ.

15   Ըմբռնողների և անգոների մեջ եք գոյանում,

Եվ կրում եք փառքը Վեհի. –

Որով հայցում եմ առ քառադեմերդ,

Որ փառավոր ներգործությամբ իմ մեջ էլ ձևանաք,

Զի սկզբնատիպի ձևով լինեմ ըստ ամենայնի միշտ և հարաժամ։

 

20   Արագընթացներ և սրադարձներ՝ ի խոր և ի վեր,

Ստեղծագործող Բանի՝ սուրբ լարեր

Եվ ուռկաններ՝ ոսկետեսակ և բազմարարք,

Համայն գոյակներովս կալված ձեռքի մեջ Ինքնագոյի,

Որ ջրերի վրա է միշտ շրջում

25  Եվ երկանուն ու անծնունդ մեծ ծովից

Հանում է մարմին և շունչ՝ տեսակ֊տեսակ,

Եվ ընտրյալներին նրանցից անում է դասին ձեր փառակից.

Եվ Անեղը մարմնում է գոյանում,

Որ մարդու նմանությամբ ձեզանով վերամբարձ՝ փառավորությամբ է երկրպագվում-

 

30   Եվ ահա կոչում եմ քառակերպերիդ,

Ձեզանով ամբարձված սուրբ պատկերի զորությամբ,

Պահել հոգուս մեջ

Կերպարը տերունական միշտ և հարաժամ։

 

Ցանկապատերը բուրաստանի,

35   Որ ունի իր մեջ ծառը կենդանի՝ ոսկեսաղարթ

Եվ պտուղը հոմազգի,

Որի նեղ ճամփան սերովբեներն այլևս մաքրվածի համար չեն պահում,

Եվ որ ձեր քառաբուխ խորհուրդների մեջ է մկրտվում,

Արագահաս բարունակից է պտղաբերում ՝ ժառանգ Հայր Աստծո

40   Եվ Քրիստոսի ժառանգակից. ֊

Որով և կենդանի և բանավոր ոստերով

Հայցում եմ առ քառանուններդ,

Մտցնել ինձ պարտեզդ աստվածային

Եվ միահյուսել ինձ ոստին իմ հոմազգի՝

45   Պտղաբերելու այն միշտ և հարաժամ։

 

Բ. Մարդուն

Բազմադեմ և սրբազան ստեղծվածիդ

Եվ ձևիս և բանական բնությանս ընտելիդ,

Մարդուդ բազմաթև,

Որ ունես ձեռքերիդ մեջ կշիռը Որդու նոր Սիոնի.

50   Եվ զորությանդ ու իմաստությանդ՝ Ադամի որդիների և բոլոր բանականների

 

Եվ առաջին գաղափարիդ,

Եվ անփոփոխ կնիքիդ,

Ձուլարան դեմքիդ Եվ թագընկալ գլխիդ,

55   Անտարակուսելի հանճարիդ.

Արդյունավոր և անկարոտ բանականիդ,

Աստվածաբանիդ և ոգեղեն վարդապետիդ,

Փութում է անձն իմ հաղորդվել ստվերին մտքերիդ

Եվ կենդանանալ խոսքով էիդ համար-

60   Եվ արդ, հրափայլ գարշապարդ համբուրելիս՝

Բանականացրու այն լեզվիս մեջ միշտ և հարաժամ։

Վաղվաղատես և փութալուր այր՝ հրաշքների էի,

Որից երկյուղում են էակները համայն.

Զի անձևը կերպարանքդ առավ,

65  Արարեց մարդուն և մարդացավ,

Աստված և Տեր ձևդ քարոզեց.

Միայն քո ձևը նմանների մեջ բազմացավ

Եվ փառաց Տիրոջ տաղանդը

70   Խեցեղեն անոթների մեջ գանձվեց՝

Դառնալու կենդանի և մշտախոս քնարավորներ,

Եվ փողհարներ՝ անճառելիի, և ապագայի հույժ ազդարարներ–

Եվ արդ, դու, որ մուտքն ես ամենայն ձայների

Եվ ելքն ընդ բնավս,

75   Որով երկրպագում և պաղատում ենք առ շնչառուչ փողդ բանավոր,

Լեզվիս բանական քնարը պահել կազմ և ձայնալի՝

Խոսել առ տերունականները միշտ և հարաժամ։

 

Առ հարսնարանը փեսայի՝ ոսկետեսակ աշտանակ,

Եվ շնորհաբաշխության հանդեսին՝ լապտեր անկարոտ,

80   Եվ տունկ ձիթենի մշտակեցագույն,

Դահեկան վարձու

Եվ քանքարներ շահողների գանձ անթվելի,

Թագավորողներին՝ թագադիր,

Եվ քաղաքների իշխանների՝ կարապետ անմոլար,

85   Աստվածացածներին՝ կերպովդ խոստովանող և աննախանձ երկրպագու,

Եվ համբուրելի օծյալիդ և քահանայի ձևիդ՝ վիճակ ճշմարիտ,

Եվ անձանձիր դպիր պատարագի,

Վասն էի հաշտության՝ բարեխոս անդադար,

Եվ կողահոս վտակի՝ պատկառելի վարագույր–

90   Եվ իբրև տերունի տանուտեր նախատիպիս եմ աղաչում,

Հաղորդակից անել շնորհներին միշտ և հարաժամ։

 

Վարդապետների և աննյութեղենների դասի

Արուսյակ՝ փայլմամբ իմաստության.

Եվ սերովբեների խրտչած գնդի և հուսացողների

95   Դե~տ լուսալիր.

Կամարի գագաթին եղածների և գալիքների նշան հավատալի

Եվ մելան ոսկի առ գրչին,

Որով, էի ձեռքով ընդհանուրս աշխարհագրվեցինք.

Պարտամուրհակները պատռվում են

100  Եվ Բանի մարմնացած քարտեզի վրա

Սքանչելափառ անսուտ դաշինքով, նոր անուններ են որդեգրվում–

Եվ ահա հանուր հարազատներով

Հայցում ենք առ հարազատ ձևդ մեր՝

Մնալ անջնջելի կենդանագրի մեջ միշտ և հարաժամ։

 

105  էի դատաստանի վկա ճշմարիտ,

Եվ դատապարտված գնդի հատու սուր երկսայրի,

Ճգնավորների ճգնությունների ասպարեզ հանդեսի

Եվ քաջապես մրցողների պսակ ոսկեհուռ.

Անկիրթ մրցողների վարդապետ վարժասեր

110  Եվ տկարների ապաշխարության

Ջատագով հույսի և բարեխոս անաչառ.

Ի հաշտություն՝ Հոր գիրկ լայնատարած,

Եվ կարոտյալներին ողջունելու համբույր սրբության.

Հավատի մատանու վրա անջնջելի դրոշմ,

115  Մշտազեն պարարակի արյանը՝ լիճ համատարած–

Եվ ամենայն մկրտվածներովս աղաչում ենք ձևիդ իմ՝ սեռին

Սիրույդ համբույրով պահել ինձ միշտ և հարաժամ։

 

Անմարմին զվարթուն և անդադար երգիչ սիրեցյալի,

Հոգեղենների իմաստությամբ

120  Բերկրական բարբառ և ավետաբեր տավիղ.

Աստղերի հույլերի լեզվով ազդեցիկ զրույց,

Եվ ձայն արթնացման՝ միաձույլ հովերի նուրբ շնչին.

Բանական ծով և պատրաստի նավ՝ գոհար բեռներով։

Եվ նավահանգիստ ամենառատ.

125  Խոսուն բուրաստան,

Եվ ծաղիկ անթառամ՝

Ծածկված ծոցում դշխուհու Սիոնի Մոր.

Հրաշաբեր և կաթնաբուխ Բանին՝ ստինք՝

Երկնային մատենագրին աշակերտողների շուրթերին֊

Եվ ահա Բանիդ աշակերտներով աղաչում ենք կերպարին հարազատիդ՝

Որ ջամբես առ ինձ կաթդ բանական միշտ և հարաժամ։

 

Գ. Առյուծի կերպին և նախագաղափարին

բարուց նրա Ի Տեր մեր Հիսուս Քրիստոս։

Վարդան Վարդանանց

 

Նկարյալ անուն և ահարկու դեմք,

Անձնապաստան և զարհուրելի բարբառ,

Հնազանդների գնդերին՝ լռությանց սանձ,

135  Եվ Փախստական ապստամբների հնարավոր դարանակալ.

Քինահատույց և վրեժխնդիր բարք.

Քեզ հեգնողներին՝ անաչառ դատավճիռ.

Անախտ խորհուրդ և կյանք առանձնասեր, բազմահնար,

140  Եվ շառավիղ անքննելի՝ քեզ քննողների,

Անքուն ակն ու զվարթուն աննընջելի,

Վերակացու սրտերի և քննող երիկամների,

Որ անարատներին զանց ես առնում,

Եվ չես երևում նրանց սարսելի դեմքով և մահարար ճիրանով–

145  Եվ ահա , աղաչում եմ գգվելի և քաղցրաբարո բնավորությանդ,

Լինել ինձ ախոյան առ թշնամիներն իմ միշտ և հարաժամ։

 

Առ բազուկդ աջակողմյան,

Որ ունի իր մեջ վճիռը յոթնակնիք՝ առ ինքնաճառ նամակդ

Եվ բարբառին՝ Արքայիդ գալստյան խոստման,

150  Առ երկնքի բացմանը

Եվ սպիտակ կառավարիդ ելնելուն,

Խոցով նետի մահվան մահացնողիդ

Եվ մահացյալիս կենդանապարգևիդ.

Երկրպագում եմ իշխանաց իշխողիդ

155  Եվ թագավորադեմ սուրբ ձևիդ,

Որ պճնազարդ թիկնոցը և թագը ճշմարիտ համասեռիս

Պահես վրաս,

Ահավոր և պատկառելիդ իմ, միշտ և հարաժամ։

 

ա. Սուրբ թևերին

 

Վրան՝ լայնատարած թևերով

160  Եվ խորան՝ առյուծի անախտածին կորյունների վրա.

Թևեր ցողաբեր և լուսալիր՝

Ցանված հասողության Կտակարանի մեջ,

Առ հավատն անքննելի՝ ծագումը բազմերանգ.

Եվ երկնագույն տեսքը թևերիդ երկնաթռիչ է դարձնում անախտածիններին

165  Եվ թևից քո մշտաշարժ

Քաղցրասյուք շունչն իջած՝ ջահավառվում էր.

Եվ զարմանավոր տնօրինյալը

Քառանկյուն դեպ մեր բնությունը

Թռավ թևերով քառադեմիդ,

170  Եվ զվարճացավ հովիդ թևերի վրա.

Եվ որպես անգղը անզուգական

Նստեց կայանի մեջ յուր բնական,

Իրեն ծանոթ երամներն անդ են խոյանում–

Եվ արդ, հայցում եմ առ թագավորական սուրբ ձևդ,

175  Ընդունել ինձ հովանուդ ներքո միշտ և հարաժամ։

 

բ. Սուրբ երեսին

 

Անքննելի դեմքին՝ անճառելի կերպ,

Եվ անհասանելի էությանը՝ նկարագրյալ պատկեր.

Քառակողմյան ամենայն արարածների օրհնություններին՝ քառադեմ ընկալուչ,

Եվ արարածներիս դաստիարակությանը՝ քառապատկեր մատակարար.

180  Ախտով մեռածներին՝ անախտ շնչովդ հարություն,

Եվ անծնունդ մոր որդիներին՝ անախտածին ծնող.

Եվ որսասեր կորյուններին առյուծների մեկ անձիդ մեջ՝ երեսներ քառակողմյան

Եվ բերաններ արդարադատ,

Եվ օրենք՝ փութավճիռ միիշխան արարչությունների,

185  Եվ հրաթափ լեզու՝ ապստամբներին,

Եվ առ հնազանդները՝ շրթունք մեղրածորան–

Եվ արդ, երկյուղալի դեմքիդ եմ աղաչում՝

Տեղալ իմ մեջ մանանադ երկնային միշտ և հարաժամ։

 

գ. Սուրբ ձեռքերին

 

Վարդապետ աննյութական մեքենաների՝ ձեռքդ չորս,

190  Որ ունի վեմն անկյան

Եվ համատարած առասանը բախտի,

Որով շարժվում է ճախարակը բրուտի,

Եվ մատներով ոսկի հորինում է պարսը աստղերի,

Որով հյուսում է ծիրանին և երկնագույնը

195  Վասն անխախուտ և խոսուն խորանի Սկզբնատիպի

Եվ անփոփոխ օրինագրի,

Որ և շարժում է տապանակը Ինքնաշարժի,

Որի ձեռքից ենք կախված էակներս համայն.

Կապյալներն արձակվում են

200  Եվ դառների հոտերն են մակաղում

Միջօրեին լեռների մոտ,

Ուր քարկոծվում են զլացյալները–

Եվ ահա, դառներիդ զենմամբ եմ պաղատում,

Որ սուրբ Խորանիդ շինության մեջ

205  Պահես ինձ միշտ և հարաժամ։

 

դ. Սուրբ ոտքերին

 

Դու քավարան ամենքի

Եվ անկայարան գարշապար հսկա սուրհանդակի՝

Բոցեղենների զորքի ոգիների և երամների մեջ,

Եվ մուտք՝ առ դուռը.

210  Աստղերի շավղի վրա՝ գեղեցիկ ճեմասեր

Եվ առ նշույլներն արեգակի՝ ճաճա~նչ թափանցիկ,

Ջրերում ծովի՝ անհետազոտելի լողորդ,

Եվ վիշապը կարթելու հմուտ որսորդ, և մանուկ խաղաղասեր.

Ամուլի հղության սաղմը սուրբ,

215  Եվ ծնունդին՝ վկայված կնիք և դրոշմ անարատ.

Գերեզմանի ակոսի մեջ՝ ցորնահատիկ,

Եվ արդյունաբերություն բերողը

Եվ մուտքը՝ ի վերնատունն ու հոգեղենները՝

Անկարոտ բանալիների֊

220  Եվ արդ, Սուրբ Արքայիդ երկնակոխ գարշապարն եմ համբուրում՝

Պահել ինձ սրբությանդ սրահի մեջ միշտ և հարաժամ։

 

Դ. Սուրբ եզին և կնիքին նրա

ի Հիսուս Քրիստոս Տերն

 

Երկնային հովտի աշխատավորին,

Եվ սերովբեների խմբի լծին,

 

Եվ ամոլիդ ընտիր.

225  Որայի և հասկի դեզին,

Ցնծաբեր որոճումիդ,

Եվ կենաց հացի էջքին՝

Հաշտարար զվարակիդ,

Աստեղաց սայլի շարժմանը՝ առաջընթաց եզիդ

230  Եվ լրմանը տարվա՝ ուսուցանող երկրավաստակիդ,

Եվ ծովի կոհակների վրա ակոսապատառ ձևիդ,

Եվ ուռկանով ժողովվածների բարեբարձ շտեմարանիդ,

Ծաղկալից բուրաստաններում շնչալի արածողիդ,

Եվ առ նազելի լռությունդ խոկասեր,

235  Եվ իմացական որոճացողիդ եմ երկրպագում,

Որ կրես լուծն իմ անձկության միշտ և հարաժամ։

 

ա. Սուրբ եղջյուրին

 

Պանծալի ու լի շափյուղակապ և մարգարտահեռ եղջյուր կամարաձև,

Որ ունես աղբյուր օծման յուղի,

Որից օծվեցին ոչ միայն Մելիքսեդեկից օծյալները և այլք ապա,

240 Այլև Աստված և Տերը քաղաքների և Դավթի.

Պարարտության ձեթով

Եվ թափված յուղի անվամբ

Գլուխն օծեց Միեղջյուրի հզոր և եղնիկի հորթի,

Որ վազում է Բեդելի լեռների վրա

245  Եվ օծում է կարիքները բանականների

Եվ հասնում է մինչև խորքերը

Ամենայն անվանակոչությամբ կաթած պարարտության պարարակիդ–

Եվ արդ, աղաչում եմ Պաշտելուդ՝ ճարպդ անտոչորելի օծման քո

250  Պահիր ինձ միշտ և հարաժամ։

 

բ. Սուրբ երեսին

 

Երեսներովդ չորս և հողմաբեր վարշամակներովդ

Նոր Սիոնի դստեր քողը՝ փութապատառ և բոցակեզ ցուցանեցիր,

Եվ խավարը ծածկույթ դրած և մրրիկը բոլորյալ մետաղի մեջ սանձեցիր,

Եվ կերպը քո ցանկալի և հարսի նմանությամբ՝ հարսի երեսին ձուլեցիր,

255  Լինելու խանդակաթ ի սեր և ի խնդիր անախտ փեսայի,

Եվ պատկերիդ ցոլքից ցանկությամբ շարժյալ

Բոլոր էակներս նմանվեցինք Աննմանին,

Ինչպես ոմանք, որ կերպդ առան

Եվ հարակա ընդ էակցիդ օրհնաբանվում են–

260  Եվ արդ, նրանց հետ հայցում եմ առ պարուրակդ սուրբ՝

Պահպանելու երեսը ձևիս իմ Փեսայիդ համբույրին միշտ և հարաժամ։

 

գ. Սուրբ շնչին

 

Դեմքիդ տեսքից և հարավաբեր շնչովդ

Փախչում է սյուքը հյուսիսական,

Որթերը սաղարթազարդ և տունկերը խնկաբեր

265  Քեզնից շնչաբերված՝ անծախապես բուրում են.

ճնճուղները գարնանաբեր և ծիծառները ճռվողաձայն

 

Ձայնիդ վճիռն առնելով գարունն են հավիտենից ճչում.

Եվ մաճկալներն ու այգեգործները

Անկարացան քաղել երկնաթռիչ բարունակիցդ,

270  Որ պտղաբերեց ասւողապարսերը և գնդերը հրեշտակաց.

Որ լծով քո սքանչելի և լծակցովդ զարմանալի

Ժողովվում են առ գուբը հնձանի

Եվ ճմլվում են մեծ Արքայի ծոցում–

Եվ արդ, համբուրելով ցանկալի դեմքդ սուրբ եզիդ,

275  Գարնանաբեր և կենդանարար շունչդ

Աղաչում եմ առ ինձ պահել միշտ և հարաժամ։

 

դ. Սուրբ ձեռքին

 

Օրարասեր ձեռքիդ ստաշխից՝ հարսի զարդի հանգրեճներին

Եվ ջահավառ մատներիդ՝ անձանձիր լուսամատույց,

Սեղանամեծար բազկիդ, որ հյուրասիրում է

Աբրահամին և որդիներին նրա,

280  Եփփաթաձայն մատներիդ,

Գրկիդ գգվասեր՝ տաճարի մեջ մանկանն առած,

Եվ սպեղանապատ կիսամահ թաթիդ

Բիլիդ և ափիդ՝ երկաթիվ և ծովաչափ,

Եվ հանուր էակների քանակագետ թիզիդ,

285  Երկնանման մշտատարած բազկիդ,

Եվ բոլոր էակներիս պատարագները նվիրողիդ, երկրպագում եմ,

Որ նվիրես ինձ Տիրոջդ միշտ և հարաժամ։

 

ե. Ոտքերի սուրբ կճղակին

 

Ոտքերիդ պատվանդանի վրա դրված իմացական խորանի խարիսխ,

Ուսկից ցայտած լույսը՝ լցնում է ծիրն աստղերի

290  Եվ հանճարագետ է անում էին և նորածին Արքայածնին.

Որ կենաց Փայտն ու Նավաստուն բերելով

Գլուխն էր մահաբերի կճղակահերձ ջախջախում

Ու նվիրում էր հողեղեններին ողջակեզներն անզենելի.

Եզիդ զենմամբ հաղորդյալներիս կճղակավոր դարձրիր,

295  Առած երինջը լծընկեց,

Լծեցիր լծին քաղցրագույն

Եվ բեռով փոքրագույն՝ երկնավաստակ դարձրիր֊

Եվ արդ, ճաշակելի սրբիդ եմ աղաչում,

Պահել ինձ անձամբ պատարագելի՝

300  Հիսուսի սիրո լծի մեջ միշտ և հարաժամ։

 

Ե. Սուրբ Սրծվին և Հոգուն

 

Վարդապետ նոր,

Եվ անշարժ խորանաշենին

Եվ աննյութ թելերին՝ ոսկյա և արծաթյա՝

Մտավոր և հոգատար թելամատույց.

305  Եվ բոց փորձության՝

Վառված եղեգի և աչքերի մեջ.

Եվ ախտով ծերացած անծերանալի Հոգուն՝

Մանուկ նորոգյալ.

Եվ թևերով արեգակի սլացյալ ի վեր

310  Եվ սովացյալ ձագերն աղաղակում էին ի Տեր

Եվ սուրբ Մարմնին՝ համախմբող արծիվների երամին.

Եվ ձայն ցողաբեր, ծանոթ և լուսալիր՝

Նկատվում էր բարձրունքներին՝ արթնացած ննջեցյալներով

Եվ ահա, աղաչելով համբուրում եմ իմաստությունդ արագաթռիչ,

315  Արթնացրու տառապանքների գուբից հոգիս՝

Խոյանալ և առ քեզ լինել միշտ և հարաժամ։

 

ա. Սուրբ թևերին

 

էի ժրաջան և անտանելի հողմը կրողիդ,

Շնչակապ և բոցահոգ ժրաջանների վերակացուիդ,

Պաշտոնասեր աստղերի թռիչքի՝ կետ լուսաբաշխ

320  Եվ շունչ՝ Պաշտելու ազդեցությամբ.

Գալիք հողմի տարակույսների՝ սաստկահնչյուն հայտնություն

Եվ վառյալդ՝ անկիզելի նամակների սրտի մեջ.

Ծովի ծփանքների վրա՝ թռչուն ավետաբեր,

Եվ նավ կենդանի՝ բարձված միջնողոփ

325  Աստղաճաճանչ և հարավադետ թևերովդ

Լինելով միշտ ժողովարան,

Որի համար պատվելի սուրբ թևիդ եմ աղաչում՝

Թռցնելով ինձ խորքերիցս՝

Սիրո անապատիդ մեջ հանգչեցնես ինձ միշտ և հարաժամ։

 

բ. Սուրբ շնչին

 

330 Եսայատես և մարգարեագետ հրաշքներին՝ խոյացող հողմ

Եվ ծուխ աղդարար.

Եվ անգոյից ծնվածների ընթացքի մեջ՝ գիսավոր և ամպեղեն թևերովդ՝

Ստինք բազմալեզու ամենայնի դիմաց.

Եվ առ հանդերձյալ գոյությունները՝

335  Անախտ սերմ և ձու աննյութ.

Բյուրավոր անուններով պարուրված ստեղծասեր թևիդ ներքո,

Ինչպես անթարթելի և անքուն բիբերիդ խորքում.

Ահա մահու արձանները կապարյա

Ծնվեցին լույսիդ արտևանունքների ներքո–

340  Եվ արդ, պաշտելի երկնասերիդ եմ աղաչում՝

Ծնել ինձ հույսով կենդանի

Փառավորվելու Քեզնից միշտ և հարաժամ։

 

գ. Սուրբ երեսներին

 

Լուսատու սքանչելապես լեռների՝ երեսներդ չորս

Եվ աստղերի հոլովույթի հայելի կերպընկալ.

345  Բարբառ՝ փողից և պատգամաձայն հողմից,

Շտեմարան անթերի,

Եվ համատարած լիճ ջրերի՝ հույսով շաղալից,

Եվ մշտակա թև, և վարսեր սուրբ.

Կիսագնդի վրա, տարրիս հողեղեն մահճիս մեջ՝ ճաշակ

350  Եվ որակ՝ ճեմասեր և ինքնազարթույց.

էիդ տասանորդիդ ընծաների մեջ՝ ծխելի կնդրուկ և մշտակեզ մորենի

Եվ նվերներ ինքնամատույց–

Որով հայցում ենք առ Դեմքդ նվիրագործ՝

355 Նվիրել ինձ Տիրոջը միշտ և հարաժամ։

 

դ. Սուրբ կեռակտուցին

 

Շրթերիդ ծիրերին շարյալ ակռաներին՝ խոսուն շափյուղա

Եվ հալվե գոհար՝ հանված ժայռերից,

Պատվական քարերով ընդելուզված պսակ,

Որ աչքերով է ամենայն ինչ բոլորում,

Առած ակն աննյութ՝ խորագիտությամբ զարդարեց հրեշտակներին

360  Եվ տեսանելի մտքերի գարշապար

Հաստատեց առ վեմդ երկնաթռիչ

Եվ որ ծանծաղուտի մեջ գետիդ,

Որ վեմիցդ ըմպածներին և լվացվածներին հանգչեցնում է

Ձագախառն երամներով ոսկեսաղարթ ոստերի վրա-

365  Եվ արդ, Դու, որ անձանձիր կեցած ես թևերովդ երկնատարած,

Շուրթերիցդ շնչաբերված՝

Ինձ ևս թռցրու առ վեմդ սուրբ միշտ և հարաժամ։

 

ե. Արծվի սուրբ մագիլներին

 

Ամենայն կայանների միացման կապ անխզելի,

Մագիլ և կնիք լուսապայծառ

370  Եվ նվերներ պաշտելի, անձանձիր.

Հրեշտակների նախաշավիղ օդապատառ,

Աստղերի իմացական երթի քայլերի՝

Պարապետ լուսաբաշխ

Եվ գարշապար ինքնավար.

375  Ընդդեմ սաստկության հողմի՝ արձան մտքերի

Եվ ձայների բաժանման կանոն և կշիռ լուսալիր.

Բազմաձույլ և հոգեղեն գնդիս ծոցածին ծնող,

Եվ Սաղեմի անկյունների բովանդակ ստինք մշտաբուխ

Ի խնդիր զմրուխտե ուլունքների՝ կենդանի բազմածին,

Եվ առ հովանասեր ծնունդները՝ արմավենի անթառամ,

Եվ արդ, մաղթում եմ առ արծիվդ բազմածին՝

Պահել շուրթերիս վրա շունչդ բազմասնունդ միշտ և հարաժամ։

 

Գրաբարից աշխարհաբարի վերածեց

Վարդան Ֆերեշեթյանը