1/4/2002

Հիպնոսի թերթիկներ

 

Ալբեր Կամյուին

Հիպնոսը պատեց ձմռանը և գրանիտ հագցրեց նրան։ Ձմեռը վերածվեց քնի, իսկ Հիպնոսը հուր դարձավ։ Մնացյալը պատկանում է մարդկանց։

 

1.

Հնարավորին չափ սովորեցրու եռանդուն դառնալ, հանուն հասնելիի, բայց ոչ դրանից այն կողմ։ Այնկողմայինը ծուխ է։ Որտեղ կա ծուխ, կա փոփո­խություն։

2.

Մի հապաղիր արդյունքների անվահետքում։

3.

Ուղեկցել իրականը մինչև գործողություն, ինչպես մանուկների թթու բերանում սահած մի ծաղիկ։ Հուսահատ ադամանդի անպատմելի իմացություն (կյանքը)։

4.

Լինել ստոիկ, նշանակում է անշարժանալ Նարցիսի գեղեցիկ աչքերով։ Մենք հաշվառեցինք ողջ ցավը, որ դահիճը թերևս կարող էր բռնագանձել մեր մարմնի յուրաքանչյուր դյույմից, հետո նեղսրտած գնացինք և վճարեցինք։

5.

Մենք ոչ ոքի չենք պատկանում, բացի մեզ անծանոթ, անմատչելի այն կանթեղի ոսկե կիզակետից, որ արթուն է պահում արիությունն ու լռությունը։

6.

Պոետը ջանք է թափում վաղեմի թշնամիներին վերա­փոխել օրինապահ հակառակորդների, ամեն բեղուն վաղվա օր նախագծի հաջողության արդյունք է հատ­կապես այնտեղ, որտեղ խոյանում է, միահյուսվում, շեղվում և նոսրանում առագաստների ողջ գամման, որտեղ մայրցամաքների քամին իր սիրտն է հանձնում անդունդների քամուն։

7.

Այս պատերազմը կշարունակվի պլատոնական զինա­դադարներից անդին։ Քաղաքական ըմբռնումների արմատավորումը կընթանա հակասականորեն, ջղակծկումներով և իր իրավունքներում վստահ երկերեսանության քողի ներքո։ Մի՛ ժպտացեք։ Տա­րանջատեք սկեպտիցիզմն ու հլությունը և պատ­րաստեք ձեր մահկանացու հոգին (intra-muros)՝ դիմագրավելու սառցե դեմոններին, որ նման են միկրոբային հանճարների։

 

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշան Մակարյանի

 

8.

Բանական էակները կորցնում են իրենց կյանքի հավանական տևողության գաղափարը և իրենց առօրյա հավասարակշռությունը, երբ պահպանման բնազդը փլուզվում է նրանց մեջ, սեփականության բնազդի պահանջների ներքո։ Նրանք թշնամի են դառ­նում մթնոլորտի դողէրոցքին ու անվերապահորեն ենթարկվում խաբեության ու ցավի պահանջներին։ Կործանարար կարկտահարության տակ ուժասպառ­վում է նրանց թշվառ վիճակը։

11.

Եղբայրս՝ էտվորը, որի մասին տեղեկություն չունեմ, կատակով իրեն համարում էր Պոմպեի կատուների ազգականը։ Երբ մեզ հասավ այդ մեծահոգի էակի արտաքսման լուրը, նրա բանտն այլևս չէր կարող բացվել, շղթաները մարտահրավեր էին նետում նրա արիությանը. Ավստրիան էր պահում նրան ձեռքերում։

15.

Կիրակի օրը ձանձրանում են մանուկները։ ճնճղուկն առաջարկում է քսանչորսօրյա շաբաթ, կիրակին մանրացնելու համար։ Թող մեկ ժամ կիրակի լինի՝ ավելանալու ամեն մի օրվան, ցանկալի է՝ ճաշերի ժամը, քանզի չկա այլևս մի կտոր չոր հաց։

Միայն թե այլևս իր հետ չխոսեն կիրակիի մասին։

16.

Խելամտություն հրեշտակի հետ՝ մեր առաջնային հոգսը։ (Հրեշտակ, որ մարդու ներսում հեռու է պահում ամենավերին լռության խոսքը և չգնահատվող իմաս­տը կրոնական զիջողականությունից։ Թոքեր դաշնա­վորող, որ ոսկեզօծում է անհնարինի վիտամինացված ողկույզները։ Ծանոթ՝ արյանը, անծանոթ՝ երկնայի­նին։ Հրեշտակ՝ մոմ, որ հակվում է դեպի սրտի հյուսիսը)։

18.

Թող ավելի ուշ լինի, թող հետաձգվի երևակայական մասը, որ ինքը նույնպես ընդունակ է գործողության։

22.

ԶԳՈՒՇԱՎՈՐՆԵՐԻՆ. Մացառուտի վրա ձյուն է տեղում, իսկ դա մեր դեմ կազմակերպված որս է հավերժական։ Դուք, ում տունը չի արտասվում, ում ագահությունը ճզմում է սիրուն, տաք օրերի հաջորդականության մեջ ձեր կրակը լոկ հիվանդապահ է։ Չափազանց ուշ է։ Ձեր քաղցկեղը իր խոսքն ասել է։ Ծննդավայրը իշխանազուրկ է։

25.

Օրերից զատված կեսօր։ Կեսգիշեր՝ կտրված-հանված մարդանցից։ Կեսգիշեր՝ մահազանգով նեխած, որի բերանը անկարող են փակելու մեկ, երկու, երեք, չորս ժամերը

28.

Մարդկանց մի տեսակ կա, որ միշտ առաջ է ընկնում իր կղկղանքից։

31.

Գրում եմ համառոտ։ Այսուհետև երկար ժամանակ բացակայել չեմ կարող։ Տարածվելը կհասցնի հալածանքի: Հովիվների պաշտամունքն այլևս օգուտ չի բերում մոլորակին։

33.

Կարմրալանջիկ բարեկամ, գալիս էիք, երբ այգին էրամայի այս աշնանը ձեր գեղգեղանքը հուշեր է փլցնում, որ մարդակերները շատ կուզեին լսել։

42.

Կրակոցի երկու ճայթյունների արանքում, որ նրա բախտը վճռեցին, նա ժամանակ ունեցավ մի ճանճի ձայն տալ «Հե՜յ, Տիկին»։

44.

Բարեկամներ, ձյունը ձյան է սպասում պարզ ու մաքուր մի գործի համար, օդի և հողի սահմանագծում։

45.

Երազում ես մի երկրի մասին, որ զարդանախշված է բարեհամբույր է ու հանկարծակի խիստ բորբոքվում է հանկարծակի խիստ բորբոքվում է իմաստունների աշխատանքներից, միաժամանակ հուզում է ապրում մի քանի աստծու ոգևորումից, կանանց հարևանությամբ։

57.

Ակունքը ժայռ է, լեզուն հատվել է։

60.

Արևավառել երևակայությունը նրանց, ովքեր կակազում են՝ փոխանակ խոսեն, ովքեր կարմրում են վստահեցնելիս։ Սրանք են աննկուն (կայուն) պարտիզանները։

62.

Մեր ժառանգությունը ոչ մի կտակի արդյունք չէ։

63.

Մենք մաքառում ենք համառորեն միմիայն մեր ստեղծած գործերի համար, որոնց հետ նաև մենք այրվում ենք և նույնանում։

66.

Թե համաձայնեմ ըմբռնմանը այն, որ թելադրում է իր վախկոտությունը կյանքին, ես աշխարհ կբերեմ ձևական բարեկամության մի բազմություն, որ ինձ մոտ է թռչում՝ օգնելու։

69.

Տեսնում եմ քաղաքական խաթարումներից կործան­ված մարդուն, որ շփոթում է գործողությունը և քա­վությունը, հաղթանակ հռչակելով իր փլուզումը։

71.

Գիշեր՝ բումերանգի ողջ արագությամբ, մեր ոսկոր­ներում ամուր հաստատված, որ սուլո՜ւմ է, սուլո՜ւմ...

73.

Եթե հավատանք խոտի ընդերքին, ուր ծղրիդների մի զույգ էր երգում այս գիշերվա մեջ, նախածննդյան կյանքը պետք է որ շատ անուշ եղած լինի։

74.

Մենավոր և բազմապատիկ։ Անքնություն և նինջ որպես մի թուր պատյանի մեջ։ Տարանջատված սնունդների մի ստամոքս։ Մոմի բարձրություն։

79.

Երախտապարտ եմ ճակատագրին, որ թույլ տվեց Պրովանսի որսագողերին կռվել մեր ճամբարում։ Այս պարզամիտների անտառի հիշողությունը, հաշվար­կելու նրանց ունակությունը, սուր հոտառությունը բոլոր եղանակներին, զարմանք կհարուցի ինձ, եթե այս հարցում թերացում լինի։ Ես պիտի հետևեմ, որ նրանց ոտքերին կոշիկներ լինեն, ինչպիսիք աստվածներն են ունենում։

85.

Սառցե հետաքրքրասիրություն։ Արժևորում առանց առարկայի։

86.

Ամենաանարատ բերքերը գոյություն չունեցող հողի սերմից են։ Նրանք բացառում են երախտագիտու­թյունը և գարունին են միայն պարտական։

92.

Այն ամենը, որ ցասումի դեմք ունի և ձայնը չի բարձրացնում։

93.

Դիմացկունության պայքար։

Մեզ կրող սիմֆոնիան լռեց։ Պետք է հավատալ ծե­րացմանը։ Այդքան առեղծվածներ՝ ոչ ներթափանց­ված, ոչ էլ ոչնչացված։

95.

Բառի խավարը ինձ անզգամ և իմմուն է դարձնում։ Ես չեմ մասնակցում երազային հոգեվարքին։ Քար սթափությամբ ես մնում եմ հեռավոր օրորոցների մայրը։

96.

Կատաղի լեռների և ֆանտաստիկ ընկերության ժամանակը։

165.

Պտուղը կույր է։ Տեսնողը ծառն է։

166.

Որ ժառանգությունն իրոք մեծ լինի, հանգուցյալի ձեռքը պիտի լինի անտեսանելի։

 

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Նվարդ Վարդանյանի