1/4/2002

Հռչակի փորձություն

 

Ռընե Շառը ներկայումս ենթարկվում է այն փորձու­թյանը, որը մեր օրերում վերապահված է փառքի կամ ավելի շուտ՝ հռչակի ամոթը ճաշակած յուրաքանչյուր պոետի։ Տարբերությունը զգալի է։ Խոսքը վերա­բերում է այն բանին, որ վիրաբուժության մեջ կոչվում է «անջատման ֆենոմեն». պոետա­կան մարմինը հիմնականում դժվարությամբ է ըն­դունում առաջնայնությունը յուրացնող այս տիպի օր­գանի պատվաստումը՝ ի վնաս իր շատ կարևոր անդամների՝ ելուսւոների, աներևույթ մասնիկների։ ճշմարիտ փառքը պետք է գաղտնի մնա, որպեսզի նրանք, ովքեր չունեն դրա իրավունքը, կարողանան կարծել, թե իրենք էլ են ճանաչել այն (սա, այնուհան­դերձ, ճիշտ չէ, քանի որ իրենք գիտեն դա)։ Լինելով հռչակավոր, Շառը խախտեց այն չգրված համաձայ­նագիրը, որ իրար մեջ կնքում են խմբակային սպորտի արժանավորներն ու երկրպագուները։

Ի դեպ, անօգուտ է ցույց տալ, թե ինչում է Շառն ինքը եղել կորպորատիստ՝ մի տեսակ տեխնիկական կիրա­ռումով փոխարինելով այն շլացումը, որ աստվածներն ի վերջո այլևս չեն շնորհում։ Այս դեպքում նա իրականում նմանվում է շատ այլ պոետների, որոնք ճիշտ արած կլինեին, եթե անհետանային առաջին փայլատակումից հետո։ Այդպիսով նա, այսպես ասած, իջնում է գրողի աշխատանքային վիճակի, աշխա­տություն, քննադատություններ (ինքնաքննադատու­թյունները ևս սակավ չեն)։ Նա խախտեց այն կանոնը, որը պարտադրում էր սոսկ մեկ մոդել՝ Ռեմբո։ Հարյուր քսանհինգ ի սկզբանե չհաջողված ռեմբոներ ճնշում են նրան իրենց անցողիկ գերազանցությամբ (նրանք ապրում են, դեռ ժամանակ ունեն կանգ առնելու)։ Արդյո՞ք ես այդքան ավելի, ազնիվ եմ։ Շառից ես պահում եմ սոսկ այն, ինչ ինձ հարկավոր է։ Փոքր-ինչ պատահականորեն բացում եմ նրա գրքերից և հազ­վադեպ է պատահում, որ որևէ էջի, դրվագի, նախա­դասության, պատկերի համար չարժանացնեմ նրան մեծ պոետի իր վկայագրին՝ երաշխավորված, բացի այդ, կառավարության կողմից։ Ես նույնիսկ հարց եմ տալիս ինձ, ինչպես նա կարողացավ այդ աստիճան հռչակավոր դառնալ նման հստակ, թարմ, անաղարտ, կտրուկ տոնով (ու նաև որքան անգնդակ հրանոթազարկեր նախասոկրատյան փոշու մեջ)։ Բայց նա գեղեցիկ է, ըստ իս, այդ հպարտ և համառ մարդը, որը չդադարեց կայծեր որոնել բառերի արանքում։ «Ծուխը կմտապահեն նրանք, ովքեր մոռացած կլինեն այրումի ամպը»։ (In Moulin premier)

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշան Մակարյանի