1/4/2002

Ռընե Շառ

 

 

1907թ. հունիսի 14-ին ծնվում է Ռընե Շառը, Իլ-սյուը– լա-Սորգում, Նեոնի կալվածքում։

1918թ. հունվարի 15-ին վախճանվում է պոետի հայրը՝ էմիլ Շառը։ Ուսանում է Ավինյոնի լիցեյում։

1924թ. Կարդում է Վիյոն, Ռասին, Վինյի, Ներվալ, Բոդլեր։ ճամփորդում է Թունիսում։

1925թ. Ուսանում է Մարսելի առևտրական դպրոցում։ 1927թ. Զինվորական ծառայություն Նիմում. հրետա­նավոր է։

1928թ. Հրատարակվում է «Զանգեր սրտի վրա» շարքը։

1929թ. Անդրե Կայատի հետ գլխավորում է Méridiens ամսագիրը, որի համարներից մեկը նվիրվում է Պոլ էլյուարին։ Մեծ և երկարատև բարեկամություն է սկսվում երկու պոետների միջև։ Սակայն էլյուարի համակրանքը ստալինյան կոմունիզմին բաժանում է նրանց։

Ռընե Շառը մեկնում է Փարիզ, որտեղ և հանդիպում է Բրետոնին, Արագոնին, Կրըվելին։ Հարում է սյուրռեալիստական խմբին և աշխատակցում Surréaliste ամսագրի 12-րդ համարին։

1930թ. «Գաղտնիքների գերեզման»՝ նվիրված Գալա և Պոլ էլյուարներին։ Կարդում է Ռեմբո, Լոտրեամոն, նախասոկրատյան հեղինակների գործերից, ալքիմիային վերաբերող աշխատություններ։

Հրատարակվում է «Դանդաղեցնել աշխատանքնե­րը» շարքը՝ գրված միասնաբար Բրետոնի, էլյուարի և Ռընե Շառի կողմից Ավինյոնում և Վոկլյուզում կա­տարած զբոսանքների ժամանակ։

Էլյուարի, Բրետոնի և Արագոնի հետ հիմնում է Surréalisme au service de la révolution ամսագիրը և հրատարակում «Ազատության օրն ու գիշերը» շարքը։

1932թ. «Արագոնի գործը»։ Պոետը հետապնդվում է սպանության մասնակցության մեղադրանքով։ Ամուսնանում է ժորժետ Գոլդստեյնի հետ, որին նվիրելու է «Անտերունչ մուրճը» շարքը։

Հրատարակում է «Մայր ջրեր» շարքը Le Surréalisme au service de la Révolution ամսագրում։

1934թ. Մասնակցում է փետրվարի 9-ի ցույցերին՝ ընդ­դեմ նույն ամսի 6-ի ֆաշիստական խռովությունների։ Կանդինսկին պատկերազարդում է «Անտերունչ մուրճը» շարքը։

Աստիճանաբար հեռանում է սյուրռեալիստական խմբից։

1936թ. Ռընե Շառը նշանակվում է Վոկլյուզի Ծե­փագործների ակցիոներական ընկերության ադմի­նիստրատոր։

1937թ. էլյուարը և Շառը միասնաբար բանաստեղծու­թյուններ են գրում։

Շառը հրաժարվում է ադմինիստրատորի իր պաշտո­նից։ Աշխատակցում է Քրիստիան Զերվոսի գլխավո­րած Cahiers d’Art ամսագրին։

Վերադառնում է Փարիզ և ճամփորդում է Հոլանդի­այով։

1939թ. Սեպտեմբերի 3 պատերազմ։ «Պիրոլ»։

«Պիրոլը մտավ արշալույսի մայրաքաղաք։

Նրա երգի սուրը ծածկեց մահիճը թախծոտ։

Ամեն բան վերջացավ առհավետ»։

Դընե Շառը զորակոչվում է ծանր հրետանու 173-րդ գունդ։

«Գեղեցկություն, իմ շիփ-շիտակ, աստեղային ճամ­փաներով,

Լապտերների և գոց քաջության այս փուլում,

Դիր մահասփյուռ ձեռքերդ գերանդու փայտին»։

(«Վարդենու փայտը» 6)

1940թ. Որպես բրիգադի հրամանատար նշանակվում է սպայական դպրոցում։ Ջախջախումը խափանում է այս ծրագիրը։ Մասնակցում է Ժիեն կամրջի պաշտպանությանը, որով հնարավոր է դառնում քաղաքացիների անցումը Լուարայի վրայով։ Զորացրվում է հուլիսի 26-ին, որպես հրետանու սերժանտ։ Մերկացվում է որպես սայրահեղ ձախական։ Խուզարկություն Նեոնի տանը։ Շառը տեղեկանում է իրեն սպասվող ձերբակալության մասին, լքում է Իլ-սյուր-լա-Սորգը և մեկնում Սերեստ։

1941թ. Կրկին Դիմադրության շարժման մեջ է։

1942թ. Մասնակցում է Դիմադրության շարժմանը՝ Ալեքսանդր ծածկանունով։ Դրյուանս-Սյու գաղտնի բանակի մի թևի հրամանատարն է։

1943թ. Ռընե Շառը, նույն ինքը կապիտան Ալեք­սանդրը Action ցանցի տարածքային հրամանատարի օգնականն է։

Ռընե Շառը նշումներ է կատարում նոթատետրերում, որոնց մի մասը ոչնչանում է, իսկ մյուս մասը տպագրվում «Հիպնոսի թերթիկներ» խորագրով։

«Այս նոթերը ներկայացնում են իր պարտավորությունները գիտակցող, առաքինությունների մեջ ժուժկալ, իր արևների երևակայությանը անմատչելի ազատ դաշտ տրամադրել տենչացող և դրա համար վճարելու պատրաստ մարդկությանը»։

1945թ. «Միայն նրանք են մնում» (Gallimard)

Բարեկամանում է ժ. Բրաքի և Ալ.Կամյուի հետ։

1946թ. «Սպանեք մեզ», «Հիպնոսի թերթիկներ», «Հույս» ժողովածուները՝ Ալբեր Կամյուի խմբագրու­թյամբ։

Լույս է տեսնում Շառի ստեղծագործությանը նվիրված առաջին գործը՝ Ժորժ Մունենի հեղինակությամբ. «Դուք կարդացե՞լ եք Շառ»։

1947թ. «Դավադրություն» գործի բեմականացումը Շանզ էլիզեի թատրոնում։

«Փոշիացած պոեմ»։

«Կռացի՛ր լոկ սիրելու համար։ Եթե մեռնում ես, սիրում ես դեռ» («Օձի կենացը» XX)։

1948թ. «Ցասում և առեղծված», «Ծառերի և որսորդի տոնը» Միռոյի վիմագրությամբ։

1949թ. Քաղաքական բնույթի բազմաթիվ ելույթներ, ընդդեմ ստալինիզմի և գաղութային արդարադա­տության, ի պաշտպանություն մահվան դատապարտ­ված հույն ուսանողների։

Ամուսնալուծվում են Ռընե և ժորժետ Շառերը։

1951թ. Բարեկամանում է Նիկոլա դը Ստալի հետ։ «Կնճռոտ անխռովություն»։

«Պոեզիայի կենտրոնում մի ընդդիմախոս է քեզ սպասում։ Նա քո տիրակալն է։ Կռվի ել նրա դեմ ազնվորեն»։

Հունիսի 27. մեռնում է պոետի մայրը։

1953թ. «Lettera amorosa» («Հույս» շարքից)

«Նա ով սթափ է հաճույքի գագաթին, նման է արևին, ինչպես և գիշերվան։ Նա, ով սթափ է, թևեր չունի, նա չի ձգտի»։

1955թ. «Հիմքի և գագաթի որոնումներ», «Աղքատու­թյուն և մենաշնորհ» (Gallimard, «Հույս» շարքից)։ Շառի և Հայդեգգերի առաջին հանդիպումը Բոֆրեի մոտ։

1956թ. «Գրադարանը բոցերի մեջ» Ժ. Բրաքի գու­նավոր օֆորտով։

1957թ. «Չափածո և արձակ ընտրանի» (Gallimard) «Minuscules» շարք, պատկերազարդումը Միռոյի, Ժան Հյուգոյի, Պ.Ա. Բենուայի։

1961թ. «Հեռավոր անողորմություն», չափածո ծաղ­կաքաղ՝ պատկերազարդված Վիեյրա դա Սիլվայի 25 փորագրություններով։

1962թ. «Խոսքը կղզեխմբով» (Gallimard)։

«Մենք անկառավարելի ենք։ Միակ տերը, որ բարյա­ցակամ կլինի մեր հանդեպ, կայծակն է, որ մերթ լուսա­վորում, մերթ ճեղքում է մեզ» («Ընկերներն այգում»)։

1966թ. Շառի խնդրանքով Հայդեգգերի առաջին սեմինարը Թորում՝ Իլ-սյուր-լա-Սորգի մերձակայքում։

1968թ. Ծանր հիվանդանում է։

«1968թ. մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը կայծակը, որին այնքան հաճախ անձկությամբ նայել եմ երկնքում, պայթեց գլխիս մեջ՝ նվիրելով ինձ ամենանյութական որոտից փոխառված կայծակի օդեղեն դեմքը՝ ինձ հարազատ խավարի ֆոնի վրա» («Սրտի շունը»)։

1969թ. «Սրտի շունը» Միռոյի վիմագրությամբ (G.L.M.)։ Շառը իր ձայնն է միացնում 1967թ-ից ի վեր Բոլիվիայում բանտարկված Ռեժիս Դըբրեյի ազատու­թյանը հետամուտ խնդրարկուներին։

«Մարդկային արարքը կարող է նաև քաղաքական ժեստ լինել։ Շատե՞րը մեզնից գիտեն այսօր, որ համակենտրոնացման ճամբարներն ու բանտերը ոչ մի տեղ չեն նպաստում ազգերի զարգացմանը, ոչ էլ բարձրացնում մարդկանց»։

(ֆրանսերեն նամակներ,  N1308), 2 նոյեմբերի 1969թ. Հայդեգգերի երրորդ և վերջին սեմինարը Թորում։

1971թ. «Կորած մերկությունը»։

«Ես ապրեցի դրսում՝ անպաշտպան՝ ամեն վատ եղա­նակից։ Հնչեց ժամը իմ ետդարձի, օ~սևագույն (թեր­թաքարի) ծիծաղ, դեպի գիրք կամ մահ»։ («Ուրախության սարսափը»)

1972թ. «Թալիսմանային գիշերը» («Արարչության շա­վիղները» շարքից, պատկերազարդումը Ռընե Շառի)։

1974թ. «Արվեստի աշխարհը ներումի աշխարհ չէ» պատկերազարդված Պ. Շարբոննիեի. Վ. Լամի, Խ. Միռոյի, Մ. Սցենեսի, Մ.Ե. Վիեյրա դա Սիլվայի, Ցաո Վու-Կիի, Բոյանի փորագրանկարներով։

1975թ. «Որսորդ համեմունքներ»

«Քչերը կկարողանան նայել հողին, որի վրա ապրում են և հետը խոսում դու-ով՝ խոնարհելով հայացքը։ Մոռացումի հող, մերձավոր հող, որին սարսափով ենք սիրահարվում։ Եվ սարսափն անցյալ է...»

1977թ. «Բալանդրանի երգեր» (Gallimard)

1978թ. Շառը Փարիզից վերադառնում է Իլ-սյուր-լա– Սորգ։

1979թ. «Ննջող պատուհաններ և երդիկ՝ տանիքին» «Հանգի՞ստը, բարեկեցությո՞ւնը։ Մենք ընկնում ենք։ Ես գրում եմ ձեզ անկման ընթացքում։ Հենց այսպես եմ ես զգում լինելության վիճակը։ Մարդը քանդվում է նույնքան հաստատորեն, որքան կառուցված է եղել սկզբնապես։ ճակատագրի անիվը պտտվում է հա­կառակ և նրա ատամները պատառոտում են մեզ։ Մենք բռնկվում ենք ավելի շուտ անկման արա­գացման հետևանքով։ Սերը, այդ վսեմ արգելակը, կոտրված է, գործածությունից դուրս»։

(«Հողի թեթևություն»)

1980թ. Շառի պատկերազարդ ձեռագրերի ցուցա­հանդեսը Փարիզի Ազգային գրադարանում։

1982թ. Ռընե Շառի թանգարանի բացումը Իլ-սյուր-լա– Սորգում։

1987թ. Հոկտեմբերի 17-ին Շառն ամուսնանում է Մարի-Կլոդ դը Սեն-Սենի հետ։

1988թ. փետրվարի 19-ին մեռնում է Ռընե Շառը։ Մայիսին լույս է տեսնում «Ներբող առ կասկածյալ մի կնոջ» հատորը, որ պոետն էր պատրաստել։

 

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշան Մակարյանի