1/3/2001

Զարմանահրաշ և աններհայելի

Կենսագիր Նիկոլա Բոյլը այսօր Գյոթեի շանսերի մասին

 

Բոյլ, 53 տարեկան, դասավանդում է գերմանական գրականություն Քեմբրիջի Մագդալենա քոլեջում: Վերջերս C.H.Beck հրատարակչությունում լույս տեսավ Գյոթեի կենսագրությունը ներկայացնող նրա երկրորդ մոնումենտալ աշխատությունը:

Շպիգել – Պարոն պրոֆ. Բոյլ, ինչո՞ւմ է Գյոթեի նշանակությունն այսօր:

Բոյլ – Ի տարբերություն Գերմանիայի, աշխարհի համար Գյոթեն նախևառաջ բանաստեղծ է: Նա համաշխարհային գրականություն է գրել, հասկացություն, որ ծագել է հենց իրենից: Նրա ստեղծագործությունները պարունակում են խորը ճշմարտություններ: Ես նույնիսկ կարծում եմ, որ Գյոթեի ժամանակը դեռ նոր է սկսվում:

Շ. – Ինչպե՞ս հասկանալ դա:

Բ. – Նա սերում էր նախահեղափոխական աշխարհից, 18-րդ դարի նախամոդեռն ժամանակաշրջանից: Իսկ ֆրանսիական հեղափոխությամբ սկիզբ առած այդ դարաշրջանը իրոք միայն այս դարի կեսերին է ավարտվում: Իսկ մենք գտնվում ենք հետազգային, հետբյուրգերական ժամանակաշրջանում, այսինքն` մի իրավիճակում, որը որոշ նմանություն ունի Գյոթեի վաղ շրջանի հետ:

Շ. – Արդյո՞ք դա նշանակում է, թե մենք կարող ենք նրա գործերը այլ կերպ կամ ավելի լավ հասկանալ, քան նրա ժամանակակիցները:

Բ. – Իհարկե, նրա վեպերը, ինչպես «Մերձավորները», նաև «Ֆաուստ II»-ը, մեզ տալիս են այն, ինչ մենք սպասում ենք պոստմոդեռնիստական գրականությունից: Դրանցում խոսքը ոչ թե ռեալիզմի, այլ սիմվոլների մասին է: Գյոթեն նույնիսկ շատ ավելի հեռուն էր տեսնում, քան մենք` այսօր: Այսօր ամենուրեք առկա է մեր անհատականության մասնատվածությունն ու տրոհվածությունը, ինչը նրա համար ինքնըստինքյան հասկանալի էր: Նա կարծես Պրոթեոս լիներ: Եվ արդեն իսկ իր կյանքի օրոք նա զգում էր, որ գրում է ապագայի, այն էլ` հեռավոր ապագայի համար:

Շ. – Կա՞ արդյոք նրա համար հեռավոր ապագա: Շատերը գտնում են, որ անվերջ փառաբանումն ու դասականների պաշտամունքը ձանձրալի է և անտանելի:

Բ. – Գյոթեն անհաջողություն ունեցավ անցյալ դարի վերջում, երբ ընդունվեց գերմանական նացիոնալիզմի և իմպերիալիզմի կողմից, ցավոք հենց այն ժամանակ, երբ Գյոթեին ուղղված հետազոտական աշխատանքը իր ծաղկման փուլում էր: Ազգային դասականի այդ գաղափարախոսությունը այսօր էլ դեռ որոշիչ է բանաստեղծի կերպարի համար: Ընդ որում, Գյոթեն` ինքը, իր դեպքում հրաժարվում էր «դասականի» գաղափարից:

Շ. – Այսինքն նոր ապահմայողներն իրավացի՞ են:

Բ. – Այժմ նրանք նորից ենթակա են ջրի հետ երեխային ևս դեն նետելու վտանգին: Նրանք գրեթե միշտ պատկերում են ծաղրանկարի ծաղրանկարը: Իսկ հուշարձանը, որ գլխիվայր են դնում կամ ծաղրի առարկա դարձնում, միևնույն է հուշարձան է մնում: Իսկ ինչո՞ւ պետք է այդքան մեծ նշանակություն տալ այն բանին, որ Գյոթեն այս կամ այն սխալն է ունեցել: Չէ՞ որ նա բոլորովին էլ սուրբ չէր:

Շ. – Սկեպտիկները թվարկում են մի շարք անհարիր օրինակներ նրա Law-and-Order (օրենք և կարգ) մտածելակերպի, և հատկապես` նրա էգոիզմի առումով:

Բ. – Անկասկած Գյոթեն երբևէ եղած մեծագույն էգոիստներից էր: Սակայն նա իր էգոիզմը մյուսների համար արդյունավետ էր դարձրել, այո, նա առատաձեռն էր իր հանճարով: Գրեթե բոլոր ժամանակակիցները նրան զարմանահրաշ ու աններհայելի էին համարում: Սակայն գրեթե ոչ ոք չի հաղորդում, որ Գյոթեն երբևէ միտումնավոր ցավ պատճառած լիներ իր մերձավորներին: Ութսուն տարուց ավել ապրած մարդու համար դա բավականին շատ է: Մնացյալը ըստ էության վերաբերվում է թերևս միայն իրեն` Գյոթեին և իր Արարչին:

Շ. – Ի տարբերություն նախորդ շատ հեղինակների, Դուք ձեր գրքում ավելի շատ եք ուշադրություն դարձնում Գյոթեի վերաբերմունքին կրոնի հանդեպ: Ինչո՞ւ եք Դուք Գրեթխենի հարցը նորից դնում նրա առջև:

Բ. – Դա անձնական ցանկություն է, բայց նաև` ավելին: Կրոնական մտքի զարգացումը 1800-ականներին ահռելի նշանակություն ուներ եվրոպական հոգևոր պատմության համար: Հյոլդերլինը, Հերդերը, Հեգելն ու Շելինգը սկսել են իբրև աստվածաբաններ: Գյոթեն, որ ճանաչում էր նրանց բոլորին, ավելի շուտ կողք էր կանգնած, բայց հետաքրքրված էր այդ ամենով, համենայն դեպս անտարբեր կամ ծաղրական չէր նրա վերաբերմունքը:

Շ. – Իսկ հավատո՞ւմ էր արդյոք նա Աստվածաշնչի Աստծուն:

Բ. – Երբեմն թերևս` այո: Իր կյանքի յուրաքանչյուր փուլում, իր բազմաթիվ զրուցակիցներից յուրաքանչյուրի համար նա եղել է տարբեր` աստվածապաշտից մինչև հերետիկոս, ինչպես մի Պրոթեոս: Իր կյանքի վաղ շրջանում նա իրեն «կատարյալ ռեալիստ» էր համարում: Բայց ընդհանուր առմամբ, նա իր ժամանակակիցներից շատերի նման այդքան կենսականորեն չի բախվել հավատքի հարցերին:

Շ. – Ինչպե՞ս է տեղի ունեցել Ձեր դարձը Գյոթեին:

Բ. – Նրա անունն առաջին անգամ լսել եմ ութ տարեկանում, երբ կարդում էի Թոր Հեյերդալի «Կոն-Տիկիի լաստային ուղևորությունը» գիրքը: Ինչ-որ մեկն անձնակազմից անպատճառ իր հետ էր ուզում վերցնել Գյոթեի 14 հատորները, այդ իսկ պատճառով նույնիսկ իր գուլպաները թողնելով տանը, և դա շարժեց իմ հետաքրքրությունը: Հետագայում, դպրոցական տարիներին` 13 տարեկանում, ավտոբուսով տնից դպրոց գնալիս, ես կարդացի Գյոթեի «Ֆաուստի» 2 մասերի թարգմանությունը: Այն ժամանակ ես ինքս սիրով կուզեի նման մի բան գրել:

Շ. – Իսկ եթե որևէ մեկն այսօր, ով դեռ երբեք որևէ բան չի կարդացել Յոհան Վոլֆգանգ Գյոթեից, հարցնի, թե ինչից պետք է սկսի:

Բ. – Անգլիացի գերմանիստը հաճախ պիտի պատասխանի այդ հարցին: Ես կառաջարկեի անել այն, ինչ ինքս եմ արել` կարդալ «Ֆաուստը»: Դա մեծագույնն է, իսկ դրա առաջին մասը` ամենահրապուրիչը, որ Գյոթեն երբևէ ստեղծել է: Դրանում կա իրոք ամեն ինչ: Բացի այդ, որքան տողեր են դարձել դարձվածքներ, որ յուրաքանչյուր ոք զարմանում է, երբ նկատում է, թե որքան հաճախ է մեջբերումներ անում Գյոթեից` չիմանալով այդ մասին:

 

Գերմաներենից թարգմանությունը` Գայանե Գևորգյանի