1/3/2001

Բանաստեղծություններ

«Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերան մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեւանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»:

«Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ, եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան եւ ծնան իւրեաց որդիս: Նոքա էին սակայքն, որ յավիտենից արք անուանիք»:

 

Գիրք ծննդոց գլ. Զ2 եւ 4

Երկնի որդիներ, մի՞թե անհունը սահմանազատվեց,

Եւ ինչո՞ւ դարձաք ականատեսը այս կողմնայինի:

Վկա եք, գիտեմ, սակայն ձեր միջից ո՞վ է վկայել,

Կամ անքնինը, որն ի վերուստ էր, քննության առա՞ք:

 

Չէ՞ որ ունեիք այլ մի խնդություն, խրախճանք մի այլ

Չէ՞ որ լի էին կարասները ձեր այլ արբեցումով,

Եւ սրտերը ձեր տռփանքի թույնով ինչո՞ւ եղծեցիք,

Եւ դեմքերը ձեր այս կողմ շրջելով ինչո՞ւ դարձան բորբ:

 

Մարդոց դստերաց զիստերի դողը ձեզ ինչո՞վ դյութեց,

Նախա-խարանված կնիքներ կային նրանց կրծքերին,

Այն, ինչ ապրեցիք, խաբկանք չէր նյութի` ոչ-ինչով լեցուն,

Կամ այսուհետեւ ո՞նց պիտի նայեք ձեր Հոր աչքերին:

 

Թե՞ անմասն եղաք նախաստեղծ մեղաց որոգայթներին,

Եւ կնոջածին ձեր զավակներին ի՞նչ ժառանգեցիք,

Ընդհատակների ի՞նչ գաղտնանիշ է նրանց ճակատին,

Օ~, ի դարձ տարեք դարձովորիս, ի դա~րձ:

 

Գմբեթ

Աստծո վրանը Տաճարի գլխին բեւեռեցին, տե՛ս,

Եւ անտարակույս բեւեռողները թեւավոր էին.

Դույն բեւեռները խորհուրդն ունեին Մահտեսի արյան,

Յոթնապետերը կառանում էին Մուրճով Ալմաստե:

 

Երեւութական, չէ՛, բրգաձեւ էր անձեռակերտը,

Նիստերի ներքո եթերը այնպես կենսահաստատվեց,

Որ ավազանում Մյուռոնը ծաղկեց քառասուն գույնով,

Եւ մկրտվելով` ձուկը Սուրբ հոգով Որդու կեր դարձավ:

 

Ու Տերն էր գալու` հոտն իր համրելու: Անդաստական էր:

Հովվի մաղախում` ոսկու, զմուռսի, կնդրուկի պաշար,

Թե որ վրանը երկնքից իջավ` Կենտ աչքով տեսա,

Զի մյուս զույգին սեւ ջուր էր կապել:

 

 

 

Սոճի

Դու, որ բերում ես անկախտավորիս ապաքինություն,

Կոնիդ ընդերքում ներանձնավոր եմ դրուիդի պես,

Ամենատոնին Ցայգ – հավասարի գարնամբ` ներշնչված

Կենսակիր ջրով քե՛զ եմ ջրցողում` մակընթացողիդ

 

Հանց առհավատչյա համատեղ կյանքի ու կենակցության:

Նավարկելու եմ հակադարձ եզերք, այսօր չէ` վաղը,

Հրաժեշտի մեջ եզրագիծն է քո – տերունական ձեռք –

Հովանավոր իմ, ընծայաբանիր մի վերջին անգամ:

 

Տապանիս համար տո՛ւր ինձ տախտակներ, փայտամած անփուտ,

Արցունքի խեժով, որ ջրանցիկ չէ, օծիր ու պատիր,

Եւ երկնուղեշվող բունդ շնորհիր, որպես կայմաձող,

Կոնիդ սերմերը` պարեն ու պաշար: Ուղեւոր եմ ես:

 

Դու հավերժների կին ու հոմանի, դից փշատերև,

Ծովամերձների իմ հուշը պահիր բույրիդ համուղեշ,

Քո վերջին-վերջին հայացքը խոնավ` մշտադալա~ր իմ,

Եւ ափերիս մեջ` խեժե արտասուք, որ Սաթ է հիմա:

 

 

Սալամանդր

AUTODAFE. Եւ դանթեական քո տիրույթներում

Առօրյաներից հրաբոսորով սահմանազատված,

Ո՛վ հրաբարբառ, պահապան եղիր խարակամահից,

Հրանշանով նշիր, որ դառնամ անկիզանելի:

 

Բոցերում թրծված, ասես թրծակավ սկիհը հելլեն,

Որ գաղութների գինուց հղացած` հնչեղ է դառնում:

Ձվադրում ես դու քուրաների հրաբամբակում

Ալ-քիմիկոս են զավակները քո եւ Հրահմա:

 

Ոսկեզոծվում են քո զորության մեջ սնդիկ ու կապար:

Առաջնորդում ես Հմայատեսիլ բոցերի շարքին:

Անսում են նրանք քո հրահանգին, հանց ռազմափաղանգ,

Եւ Երկկենցաղիդ հրով մկրտված` բերում են համբավ:

 

Ո՛վ Լամբամողես, հրահալոցքի տարբերանշան,

Հրապարակից ո՞ւր պիտի այրվեմ իբրեւ հերձվացող,

Փրկության աղերս, քեզ եմ երկարում ձեռքս խանձահոտ,

Սակայն ափիս մեջ, ո~վ Մողեսալամբ, քո պոչն է մնում:

 

***

Անձրևների մեջ երբ դեմքդ տեսա` երաշտ էր գուժում,

«Եւ անապատն է այգին Ալլահի», – ասաց մի բեդվին:

Երբ բերանումս ավազափոշու համը զգացի –

Ավազավարդի բերքը քաղեցի այրվող մատներով:

 

Ավազների մեջ երբ դեմքդ տեսա` հեղեղ էր գուժում,

Եւ անձրեւներից, որ շրխկացին քառասուն տարի,

Ջրամույն եղան չափանիշները ժամանակների,

Խոնավությունից մարմինս շերտ-շերտ թեփուկավորվեց:

 

Ցավից գալարվող քո դեմքը տեսա

Վահանիս վրա, հանց հաղթանշան,

Չքնաղ էիր դու, Գորգոն Մեդուսա,

Համբուրեցի քեզ: Եւ քար էի ես:

 

 

Էլեգիա քրոջս

Համաչափության կաղապարներին

Ձեւավորվում են մահանիշները,

Սյուքերի ներքո կիպարիսների

Գերիրական են կյանքն ու օրերը:

 

Եւ ի հակառակ Կանխատեսների –

Ժամանակները մեզ չեն բաժանում,

Տեսակցությանը քո` արթնատեսիլ

Հաճախակի եմ ես արժանանում:

 

Մեռելահարցուկ մեզ պետք չէ, սակայն,

Զի մեր կյանքերը շատ են սերտաճած,

Թե որն է արդյոք կյանքը իրական –

Օրերը ներկա, օրերը անցյալ:

 

Եւ ագուցվում են ոլորտները մեր,

Տեսլաժամերն են առնակյալ թռչում,

Հաշիվս փակ է ընթացիկի հետ, –

Ակնկալիքից աչքս է սառչում: