1/3/2001

Փորձ և գիտություն (1798)

Ֆենոմենները, որոնք մենք նաև փաստեր ենք անվանում, իրենց բնույթով ստույգ և որոշակի են, սակայն դրան հակառակ` հաճախ անորոշ և երերուն, քանզի հանդես են գալիս իբրև երևույթ:

Բնախույզը ձգտում է բռնել և ամուր պահել որոշակին երևույթների մեջ: Առանձին դեպքերում նա ուշադրություն է դարձնում ոչ միայն այն բանի վրա, թե ֆենոմենները ինչպես են դրսևորվում, այլև` ինչպես պետք է որ դրսևորվեին: Ինչպես ես հաճախ հնարավորություն եմ ունեցել նկատելու, հատկապես այն բնագավառում, որով զբաղվել եմ, գոյություն ունեն բազմաթիվ էմպիրիկ կոտորակներ, որոնք պետք է դեն նետել, եթե ցանկանում ենք ստանալ զուտ հաստատուն ֆենոմեն: Բայց հենց որ ես ինձ դա թույլ եմ տալիս, արդեն իսկ առաջարկում եմ մի տեսակ իդեալ:

Այնուհանդերձ մեծ տարբերություն կա` տրոհում են ամբողջ թվերը կոտորակների հանուն ինչ-որ վարկածի (ինչպես դա անում են «տեսաբանները»), թե զոհաբերում էմպիրիկ կոտորակը զուտ ֆենոմենի գաղափարին:

Քանզի դիտողը երբեք չի տեսնում զուտ ֆենոմենը իր աչքով, այլ շատ բան կախված է իր հոգեվիճակից, զգայարանի վիճակից տվյալ պահին, լույսից, օդից, եղանակից, առարկաներից, վարվելակերպից և հազար ու մի այլ հանգամանքից, այնպես որ դա հավասարազոր է ծով խմելուն, եթե մենք ցանկանանք գործ ունենալ ֆենոմենի անհատականության հետ, այն դիտել, չափել, կշռել և նկարագրել:

Բնությունը դիտելիս և քննելիս, հատկապես վերջին ժամանակ, ես, որքան դա հնարավոր է եղել, հավատարիմ եմ մնացել հետևյալ մեթոդին:

Մինչև որոշակի աստիճան տեղեկանալով ֆենոմեն- ների հաստատունությանն ու հետևողականությանը` ես այստեղից դուրս եմ բերում էմպիրիկ մի օրենք, որը վերագրում եմ ապագա երևույթներին: Եթե օրենքն ու երևույթները հետագայում լիովին համապատասխանում են իրար, ուրեմն ես շահեցի: Եթե համապատասխանում են ոչ լրիվ, ապա ես ուշադրությունս ուղղում եմ առանձին դեպքերի հանգամանքների վրա և ստիպված եմ որոնելու նոր պայմաններ, որոնցում կկարողանամ ավելի հստակ ներկայացնել հակասող էքսպերիմենտները: Բայց եթե երբեմն միևնույն պարագաներում ի հայտ է գալիս որևէ դեպք, որն հակասում է իմ օրենքին, ապա ես տեսնում եմ, որ իմ ամբողջ աշխատանքով պետք է առաջ գնամ ու ավելի բարձր տեսակետ փնտրեմ:

Այդպիսին է, համաձայն իմ փորձի, այն կետը, ուր մարդկային ոգին առավելագույնս կարող է մոտենալ առարկաներին իրենց համընդհանրության մեջ, դրանք մերձեցնել իրեն, ինչ-որ ռացիոնալ եղանակով (ինչպես որ դա և անում ենք մենք սովորական էմպիրիայում), ասես միահյուսվել դրանց հետ:

Ահա թե ինչ մենք պետք է ներկայացնենք իբրև մեր աշխատանքի արդյունք.

  1. Էմպիրիկ ֆենոմեն, որը բնության մեջ նկատում է յուրաքանչյուր ոք և որը այնուհետև էքսպերիմենտների միջոցով բարձրացվում է դեպի
  2. Գիտական ֆենոմեն, շնորհիվ այն բանի, որ ներկայացվում է ուրիշ պարագաներում և պայմաններում, քան դա սկզբից հայտնի էր, և ավելի կամ պակաս հաջող հաջորդականությամբ:
  3. Զուտ ֆենոմենն ի վերջո հանդես է գալիս որպես բոլոր դիտարկումների և փորձերի արդյունք: Այն երբեք չի կարող մեկուսի լինել և ի հայտ է գալիս երևույթների մշտական հաջորդականության մեջ: Այն պատկերելու համար մարդկային ոգին որոշում է էմպիրիկ երերունը, հեռացնում պատահականը, զատում ոչ-զուտը, լուծում խճճվածը, նույնիսկ հայտնագործում անծանոթը:

Եթե մարդը բավարարվել գիտենար, ապա այստեղ հավանաբար կլիներ մեր ջանքերի վերջին նպա- տակը: Քանզի այստեղ հարցնում են ոչ թե պատճառների մասին, այլ պայմանների, որոնցում ֆենոմենները դրսևորվում են: Այստեղ հայեցվում և ընդունվում է դրանց խիստ հաջորդականությունը, դրանց հավերժական վերադարձը հազարավոր պարագաներում, միատեսականությունն ու փոփոխականությունը, ճանաչվում է դրանց որոշակիությունը և վերստին որոշարկվում մարդկային ոգով:

Ըստ էության, այս աշխատանքը չի կարելի մտահայեցական կոչել, քանի որ ի վերջո դրանք, ըստ իս, նույն պրակտիկ և իրենք իրենց ուղղող օպերացիաներն են սովորական մարդկային դատողականության, որը հանդգնում է գործել ավելի բարձր ոլորտում:

 

Գերմաներենից թարգմանությունը` Սերգեյ Խաչիկօղլյանի

«Goethes Werke» Stuttgart 1867