1/3/2001

Ինդուկցիա (1829)

Ինդուկցիա ես ինձ երբեք թույլ չեմ տվել, անգամ իմ նկատմամբ:

Փաստերը ես միշտ մեկուսացված եմ թողել: Սակայն որոնել եմ համաբանականը:

Եվ այդ ճանապարհին հասել եմ, օրինակ, բույսերի մետամորֆոզի հասկացությանը:

Ինդուկցիան օգտակար է միայն նրան, ով ուզում է դիմացինին խոսքախեղդ անել:

Բավական է, որ համաձայնվես երկու-երեք դրույթների և մի քանի եզրակացությունների հետ, և կորած ես:

Այստեղ, իսկն ասած, ինչպես իրենց սեփական տանն են զգում բոլոր տեսակի պարալոգիզմները, սուբ- և օբրեպցիաները, և էլ ինչպես անվանես այդ վիժվածքները, որոնք մի որևէ դիալեկտիկ իհարկե ինձնից շատ ավելի լավ կասահմանի ու կբնորոշի: Սանդուղքներից սարքած այս լաստակի վրա կմոլորվի տաքարյուն մարդը:

Իսկ եթե բանը հասնում է կենսակերպին, կուսակցականությանը, կարծիքներին, իմի ու քոնի առավելություններին, հակումներին, ապա նման կապակցումները դառնում են անլուծելի:

Մարդուն դժվար է դրանից զերծ մնալ, դժվար է և ուրիշներին այդ կապանքներից ազատել և ետ քաշել:

Հերիք է, որ սկեպսիսը դոգմատիկ դառնա, և նա վերստին պատրաստի հակառակորդներ կգտնի:

Չէ որ նա էլ հարկադրված է կա՛մ պրոբլեմները հանգիստ թողնելու, կա՛մ էլ լուծելու դրանք ինչ-ինչ կերպ, որը մարդկային դատողականությունը տագնապի է մատնում:

 

Գերմաներենից թարգմանությունը` Սերգեյ Խաչիկօղլյանի

«Goethes Werke» Stuttgart 1867