1/3/2001

Բնություն (դրվագ)

Բնությո~ւն: Մենք շրջապատված ու պարուրված ենք նրանով` անկարող նրանից դուրս գալու և անկարող նրա մեջ ավելի խորը թափանցելու: Անկոչ ու անսպասելի նա տանում է մեզ իր բուռն պարի հորձանուտը և սլանում է մեզ հետ, մինչև որ մենք, ուժասպառ կպոկվենք նրա ձեռքերից:

Նա ստեղծում է հավերժ նոր կերպարներ. այն, ինչ կա այստեղ, դեռ երբեք չի եղել. ինչ եղել է, կրկին չի գալու, – ամեն ինչ նոր է և, սակայն, միշտ հին:

Մենք կենում ենք նրանում, բայց օտար ենք նրան: Նա անդադար խոսում է մեզ հետ, բայց չի բացում իր գաղտնիքը: Մենք միշտ ներգործում ենք նրա վրա, սակայն չենք տիրում նրան:

Թվում է, ամեն ինչ նա հիմնել է անհատականության վրա, բայց անհատները նրա համար նշանակություն չունեն: Նա միշտ կառուցում է և միշտ քանդում, և արհեստանոցը նրա անմատչելի է:

Նա ամբողջովին իր զավակներում է, իսկ մայրն ինքը, որտե՞ղ է նա: – Նա միակ արվեստագետն է. ամենահասարակ նյութից նա մեծագույն հակադրություններ է ստեղծում. առանց ճիգ իսկ գործադրելու` մեծագույն կատարելություն` ճշգրիտ որոշակիություն, – և միշտ այդ ամենի վրա մի նուրբ շղարշ է փռում: Նրա յուրաքանչյուր հորինվածք իր սեփական էությունն ունի, յուրաքանչյուր երևույթ` իր առանձին հասկացությունը, և, սակայն, ամեն ինչ միասնություն է կազմում:

Նա մի թատերգություն է խաղում: Արդյոք ինքն այն տեսնում է` մենք չգիտենք, սակայն նա խաղում է մեզ համար, իսկ մենք մի անկյունից դիտում ենք այդ խաղը:

Նրանում մի հավերժական կյանք կա, կայացում ու շարժում, սակայն նա առաջ չի ընթանում: Անվերջ կերպարանափոխվում է, և ոչ մի պահ անգամ կանգ չի առնում: Դադարի հասկացություն նա չունի, նա նզովել է ամեն տեսակի դադար: Նա հաստատուն է: Նրա քայլերը չափված են, բացառությունները` հազվագյուտ, օրենքները` անփոփոխելի:

Նա անընդհատ մտորել է և խորհում է շարունակ, բայց ոչ որպես մարդ, այլ իբրև բնություն: Նա իր սեփական, համապարփակ իմաստն ունի, որն ի վիճակի չէ նկատել և ոչ ոք:

Բոլոր մարդիկ նրանում են և նա` բոլորի մեջ: Յուրաքանչյուրի հետ նա մի մտերիմ խաղ է վարում և ուրախանում է, երբ պարտության է մատնվում: Շատերի հետ նա խաղում է այնքան ծածուկ ու գաղտնի, որ հաճախ խաղն ավարտին է հասցնում, նախքան նրանք դա կնկատեին:

Նաև ամենաանբնականն է բնություն (անգամ ամենակարկառուն քաղքենիությունը մասն ունի նրա հանճարից): Ով չի տեսնում նրան ամենուր, ոչ մի տեղ չի տեսնում նրան իրապես:

Նա սիրում է ինքն իրեն անթիվ սրտերով, հայում անհամար աչքերով: Նա մասնատվել է ինքն իրեն վայելելու համար: Անհագ, անկշտում դրսևորվելով, նա անդադար նորանոր վայելողներ է ծնում:

Նա բերկրում է պատրանքով: Եվ ով ոչնչացնում է այն իր կամ ուրիշի մեջ, պատժում է նրան ինչպես դաժանագույն բռնակալ: Ով հավատով հետևում է իրեն, նրան որդու պես կրծքին է սեղմում:

Անթիվ են նրա զավակները: Ժլատ չլինելով և ոչ մեկի հանդեպ` նա ունի իր սիրելիները, որոնց համար ամեն ինչ շռայլում է, ամեն ինչ զոհաբերում: Մեծին, վեհին նա պաշտպան է կանգնում:

Նա բխեցնում է իր արարածներին ոչնչից և չի ասում նրանց, թե որտեղից են եկել և թե ուր են գնում: Նրանք պարտավոր են գնալ միայն: Ճամփան գիտե նա:

Սակավ են նրա շարժառիթները, սակայն դրանք երբեք չեն հնանում, հավերժ ներգործուն են, միշտ բազմապիսի:

Նրա խաղը միշտ նոր է, քանզի նա միշտ նոր հանդիսատեսներ է ծնում: Կյանքը նրա ամենագեղեցիկ գյուտն է, իսկ մահը` շատ կյանք ունենալու լոկ մի հնարք:

Նա մարդուն պատում է խավարով և հավերժ խթանում դեպի լույսը: Նա մատնում է մարդուն երկրին, քնկոտ ու ծանր, ու կրկին նրան հանում է քնից:

Նա կարիքներ է տալիս, քանզի սիրում է շարժում: Եվ ի~նչ հրաշալի դյուրությամբ է հասնում այդ շարժմանը: Ամեն մի կարիք – բարիք է. արագորեն բավարարվում է ու կրկին ծագում: Եվ թե տա նա մի նորը, դա հաճույքի ևս մեկ աղբյուր կդառնա: Սակայն շուտով նա հավասարակշռության է գալիս:

Ամեն ակնթարթ նա մի դժվարին գործ է ձեռնարկում, և ամեն ակնթարթ հասնում է նպատակին:

Նա ինքը ունայնությունն է, բայց ոչ մեզ համար. մեզ համար նա լեցուն է մեծագույն կարևորությամբ:

Ամեն մի երեխայի նա թույլ է տալիս իմաստակել իր վրա, ամեն մի հիմարի` դատողություն անել իր մասին, հազարավոր մարդկանց` բութ ու անզգա անցնել իր կողքով ու ոչինչ չտեսնել, և ամենքով ուրախանում է, ամենքի հետ իր հաշիվն է տեսնում: Օրենքներին նրա ենթարկվում են, անգամ երբ դիմադրում են դրանց, գործում են նրան համաձայն, անգամ երբ ցանկանում են գործել նրա դեմ:

Այն, ինչ տալիս է նա` բարիք է, քանզի յուրաքանչյուր իր արարք` անհրաժեշտ է: Նա հապաղում է, որ- պեսզի ցանկան իրեն, շտապում է, որպեսզի չհագենան իրենով:

Նա չունի ո՛չ խոսք ու ո՛չ էլ լեզու, բայց ստեղծում է լեզուներ ու սրտեր, որոնցով նա զգում է և բարբառում:

Նրա պսակը սերն է: Միայն սիրով կարելի է մոտենալ նրան: Բոլոր էակների միջև նա անդունդներ է բացել, և բոլորը տենչում են կրկին միանալ: Նա մեկուսացրել է, որպեսցի նորից ժողովի: Մի երկու ումպ սիրո գավաթից, – դրանով փոխհատուցում է նա չարչարանքներով լի կյանքին:

Նա ամեն ինչ է: Նա ինքն է իրեն վարձատրում ու պատժում, ուրախացնում ու տանջում: Նա դաժան է և մեղմ, հրապուրիչ և սարսափելի, անուժ և ամենազոր: Ամեն ինչ հավետ նրանում է: Անցյալ և ապագա նա չգիտե: Ներկան նրա հավերժությունն է: Նա բարի է: Ես փառաբանում եմ նրան իր բոլոր գործերով: Նա իմաստուն է և խաղաղ: Նրանից չես կորզի սիրո խոստովանություն ու ոչ էլ ընծա, եթե ինքը չտա այն կամովին: Նա խորամանկ է, բայց հանուն բարի նպատակի, և լավագույնը` չնկատելն է նրա խորամանկությունը:

Նա ամբողջական է և, սակայն, միշտ անավարտ: Այնպես, ինչպես նա է գործում, կարող է գործել հավիտյան:

Յուրաքանչյուրին նա ներկայանում է մի առանձնահատուկ կերպարանքով: Նա թաքնվում է հազարավոր անունների ու անվանումների տակ, – և միշտ միևնույնը մնում:

Նա է ինձ աշխարհ բերել, նա էլ ինձ կտանի այստեղից: Ես վստահում եմ նրան: Թող վարվի ինձ հետ, ինչպես կամենա: Նա չի ատի իր ստեղծածին:

Ես ոչինչ չասացի նրա մասին: Ոչ, այն ինչ ճիշտ է և ինչը` սխալ, այդ ամենն ասաց նա: Ամեն ինչ նրա մեղքն է և ամեն ինչ նրա վաստակը:

 

Ծանոթագրություն

Այս հրաշալի ձոնը «Դրվագ» վերնագրով լույս է տեսել 1782թ. վերջին, կամ 1783-ի սկզբին, «Ժուռնալ ֆոն Թիֆուրտ» ձեռագիր հանդեսում, որն օրինակների խիստ սահմանափակ քանակով հրապարակվում էր դքսուհի Աննա Ամալիայի արքունիքում:

Առաջին անգամ տպագրվել է 1892 թվին: Հետաքրքրական է, որ բուն տեքստը շարադրել է ոչ ինքը Գյոթեն, այլ շվեյցարացի աստվածաբան Յոհան Քրիստոֆ Թոբլերը, որն այդ ժամանակ բնակվելիս է եղել Վայմարում և, լինելով Գյոթեի մտերիմ բարեկամներից մեկը, հաճախ զրուցել է նրա հետ «Դրվագում» շոշափված թեմայի շուրջ: Բազմաթիվ զրույցների հիման վրա էլ Թոբլերը ազատ պոետական շնչով արտահայտել է նրա պանթեիստական մտքերն ու գաղափարները:

Պահպանված բնագրի վրա, որ գրի է առնվել Գյոթեի այդ տարիների քարտուղար Զայդելի ձեռքով, կան նաև բանաստեղծի ուղղումները. Գյոթեն իրավամբ համարել է «Դրվագը» իր ոգու արգասիք և, հեղինակացնելով այն, զետեղել իր ստեղծագործությունների շարքը: