1/2/2000

Երկխոսություն

Արա Գուրզադյան. – «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը հետխորհրդային շրջանի նշանակալից մշակութային նախաձեռնություններից է հայ իրականության մեջ: Կարծում եմ, որ աննախադեպ աշխատանք է տարվել և տարվում է այսօր, պետական և հասարակական անտարբերության պայմաններում, լրացնելու համար այն ահռելի բացը հայ մշակույթում, որը մենք ժառանգել ենք մեր պատմության խորհրդային ժամանակաշրջանից համաշխարհային քաղաքակրթության շերտերին հայերենով անտեղյակ լինելու առումով: Ի՞նչ գաղափարներ են ընկած ձեր ծրագրի հիմքում և ինչպիսի՞ն է այդ ծրագրի ընդհանուր ուրվագիծը:

Սերգեյ Խաչիկօղլյան. - Ես արդեն առիթ եմ ունեցել հրապարակելու մեր ծրագիրը, խնդիրներն ու նպատակները հրատարակչության լույս ընծայած անդրանիկ գրքում (Պ.Գոգեն, 1994): Չեմ կարծում, թե այդ պահից սկզբունքորեն ինչ-որ բան փոխվել է, և եթե այսօր գրելու լինեի այդ «մշակութային-հրատարակչական մանիֆեստը», հավանաբար նույնկերպ կձևակերպեի մտքերս:

Դրանք ինձ պարզ և միանգամայն ըմբռնելի են թվացել դեռևս 80-ականներին, երբ տարիների ընթացքում շարունակ աճող անհանգստությունը, որ առաջ էր բերել հայ հոգևոր, մշակութային, գիտական կյանքի խիստ անբավարար, անհանդուրժելի մակարդակը, փոխարինվեց հստակ վճռի` իրական քայլեր անել այդ վտանգավոր իրավիճակը փոխելու, ամուր հիմքեր դնել` հետագայում առողջ հոգևոր կառույց բարձրացնելու համար: Միասնական մարդկությունը, մեր մոլորակի բնակչությունը տրոհված է ազգերի ու ցեղերի, որոնցից յուրաքանչյուրը, կրելով իր մեջ համամարդկայինն ու սնվելով նրանից, այդ համամարդկայինին բերում-ավելացնում է իր անհատականը, այն, ինչ դարերի ընթացքում, որոշակի պայմաններում, դառնում է իր հոգևոր դիմապատկերը, իր էությունը: Աշխարհն ապրում է ըստ ունիվերսալ, տիեզերական, վերազգային իդեալների, սակայն սրանք բեկվում են ազգային գիտակցությունների մեջ, մարմին առնում նրանցում, անհատական, յուրահատուկ բնույթ ու դրսևորում ստանում, և այդպես է գոյանում մարդ տեսակի պոլիֆոնիկ, բազմազգ մշակույթը:

Ամեն առանձին մաս կապված է մյուսների հետ, պահանջ ունի այլ մասերի և ամբողջի, որը պակասավոր է, երբ որևէ միավոր չի կարող կամ այլևս չի ուզում կատարել իր անհատական գործը, իր «պարտքը» մնացյալ մասերի և ամբողջի հանդեպ: Այդժամ տուժում է Երկիր մոլորակի, աշխարհի ամբողջական կուլտուրան, իսկ իր հոգևոր պոտենցիալը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չիրականացրած միավորը կորչում է, տեղը զիջում այլոց:

Սրանում է, ի վերջո, այս կամ այն ժողովրդի գոյունակության գաղտնիքը. քանի դեռ ժողովուրդը, ցեղը կարող է հոգևոր սնունդ առնել ամբողջից և տալ ամբողջին, մասնակցել համայն մարդկության քաղաքակրթության կառուցմանը, քանի դեռ զորեղ է նրա հոգևոր, ստեղծարար միջուկը, նա ենթակա չէ կորստյան, ինչպիսի բնական, քաղաքական, պատմական արհավիրքներ էլ որ անցնեն նրա գլխով: Եվ հակառակը. ոգեպես տկարացած ազգն ի վերջո տկարանում է մարմնապես, կորցնում հողը, երկիրը, բնակչությունը, այլևս ուժ չունի դիմադրելու արտաքին ու ներքին թշնամիների հարձակումներին, բնական աղետներին, ուժեղների քաղա- քական խարդավանքներին: Ուրեմն, սկիզբների սկիզբը հենց այդ հոգևոր միջուկն է, իդեաների և իդեալների այն հանրագումարը, որ ընկած է այս կամ այն քաղաքակրթության հիմքում, նաև` այդ կենարար մտքերի կրողները, այն ինտելեկտուալները, որոնք ամեն պարագայում պետք է, իրենց կոչումին համեմատ, լուծեն ի վերուստ իրենց վրա դրված խնդիրը` կարողանան տարբերել ոգեղենը ոգեզուրկից, կարևորը անկարևորից, առողջը հիվանդագինից, կենարարը մահաբերից և ըստ այդմ կերտեն ազգի ու երկրի կյանքը: Ես միտումնավոր չեմ օգտագործում «մտավորական», «մտավորականություն» բառերը. դրանց այսօրվա ընկալումը հեռու է ճշմարիտ լինելուց: Ինտելեկտուալ ասելով` նկատի ունեմ այն մարդուն, ոգու ասպետին, որն ապրում է առողջ, վերանձնական մտքի ոլորտում, կրում այն և անհատականապես իրականացնում կյանքում անշահախնդրորեն:

Հայ ժողովրդի վերջին դարերի, պայմանականորեն ասած` «հետգրաբարյան» շրջանի հոգևոր գահավիժումը, որն, ի վերջո, հիմնական պատճառը դարձավ 1915 թվականի աղետի, հենց այդպես հասկացված ինտելեկտուալիզմի և հոգևոր բարձր գիտակցության պակասի կամ, հաճախ, բացակայության դրսևորում է: Այսօր էլ, մեր այժմյան կյանքում տագնապալի փոքր է, եթե ընդհանրապես կա, ինտելեկտուալիզմի կշիռը բոլոր ոլորտներում` մշակութային, տնտեսական, քաղաքական, կրոնական: Ես հեռու եմ այն մտքից, թե պատճառը սոսկ կոմունիզմն է, որի կապարե ստվերը մամլիչի պես պառկեց մեր առանց այն էլ տկար, անկազմակերպ ոգու ու մարմնի վրա: Իհարկե, կոմունիզմն արեց իր սև գործը` ոչնչացնելով 10-20-ական թվականների տաղանդավոր, ուսում առած ու արթնացող սերունդը, որն ազդարարեց և սկսեց իրագործել «Հոգևոր Հայաստան» փրկարար գաղափարը, և պատվանդան հանելով գորշ, կիսագրագետ, անթռիչք, հավերժաբար գավառացի, հավակնոտ «բանվոր-գյուղացիական մտավորականին» (անհեթե~թ բառակապակցություն), որն էլ մինչև օրս միանգամայն հանիրավի դիտվում է որպես մտավորականի միակ հնարավոր կերպ:

Սակայն կոչը հնչել է, և «Հոգևոր Հայաստանը», իդեալական «Նաիրին» այլևս անհնար է լռեցնել, այլևս անհնար է երկիր կառուցել այդ գաղափարային մայրուղուց հեռու: Նորից հրամայական է դարձել մաշտոցյան միտքը` յուրացնել տիեզերականը հայերեն լեզվով ու մշակույթով, պատվաստել և հագեցնել ազգայինը համամարդկային ոգեղենով, սնել հայի հոգին ամենաբարձր հոգևոր սնունդով, որպեսզի նա ևս ի վիճակի լինի ծնելու այն և հագեցնելու ամբողջը: Սա գոյության խնդիր է, քանզի «անպտուղ թզենին» ապրելու որևէ հեռանկար չունի: Մեզ դարձյալ մեր լեզվով հարկավոր է գիր ու գրականություն, այն լավագույնը, ինչ մարդկությունը, այդ թվում` մեր իսկ ցեղը, ստեղծել է հազարավոր տարիների ընթացքում և այսօր էլ ստեղծում է` փիլիսոփայություն, աստվածաբանություն, գիտություն, արվեստ, - կարճ ասած` հայերեն մտածված մեծ մտքեր:

Ա.Գ.- 1994 թ. Ձեր հրատարակած առաջին գրքի (Պոլ Գոգեն, «Նոա-Նոա, Առաջ և հետո,. հոդվածներ, նամակներ») «Մուտք»-մանիֆեստում կան հետևյալ տողերը. «Ու թեև այժմ չափազանց մեծ են նյութական դժվարություններն ու արգելքները, այսուհանդերձ, մեր խոր համոզմամբ, այսօր Արարատյան երկրում բաց են բոլոր հոգևոր դռները, ներքին կենսատու աղբյուրները, այսինքն` մեզ աննախադեպ հնարավորություն է ընձեռված վերագտնելու ու վերակերտելու մեր քաղաքակրթական ուրույն գոյակերպը և առաջ տանելու մեր ազգային զարգացումը` Ժամանակի Ոգուն համընթաց»: Վերջին տասնամյակի ընթացքում մենք չափազանց հոգնել ենք վերամբարձ ու դատարկ «ազգային» փրկության կամ վերածնունդի ծրագրային պոռթկումներից, որոնք ուղեկցվում են սոցիալ-տնտեսական, հոգևոր կյանքի պերմանենտ աղքատացմամբ: Հինգ տարի է անցել Ձեր առաջին գրքի հրատարակումից, և եթե առկա չլինեին այդ տարիների ընթացքում Ձեր հրատարակած գրքերը,-

ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐ` Դենի Դիդրո «Սալոններ» (1994), «Խորանների մեկնություններ» (1995), Պոլ Սեզան «Նամակներ, զրույցներ» (1996), Բրասսայ «Զրույցներ Պիկասսոյի հետ» (1997), Վինսենթ Վան Գոգ «Նամակներ» (1999), Կոստան Զարյան «Նավատոմար» (1999), Անրի Մատիս «Հոդվածներ, նամակներ, զրույցներ» (1999), Շառլ Բոդլեր «Էսթետիկա, քննադատություն» (1999), Օգյուստ Ռոդեն «Արվեստ» (2000), ԳՐԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐ` «Ռոլանդի երգը» (1995), Վիկտոր Հյուգո «Արքան զվարճանում է» (1998), ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ` Վահան Սարգսյան «Ուրարտական քաղաքակրթությունը և բասկերի նախահայրենիքի հարցը» (1998), Պիեր Տեյար դը Շարդեն «Մարդու Ֆենոմենը» (1998), Ռուդոլֆ Շտայներ «Ազատության փիլիսոփայություն» (1998), Անրի Ֆոսիյոն «Ձևերի կյանքը», «Գովք ձեռքին» (1999), Պլոտինոս «Էննեադներ», գիրք V (1999), «ԻՆՉ ԳԻՏԵՄ ԵՍ» մատենաշար` Մորիս Ռոշլեն «Հոգեբանության պատմություն» (1999), Պոլ Պուպար «Կրոններ» (1999), ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ` «Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի» (1999), - «չափազանց մեծ նյութական դժվարությունների ու արգելքների» շարունակական ուղեկցությամբ, Ձեր խոսքերը ևս կդառնային դատարկ ու վերամբարձ: Սակայն հրատարակված գրքերի այս պատկառելի ցուցակը հաստատում է Ձեր գաղափարների ուժն ու իսկությունը, Ձեր մտադրությունների ծրագրային հեռանկարայնությունը: Իսկ ի՞նչ է սպասվում առաջիկայում:

Ս.Խ.- Առաջին գիրքը, ճիշտ է, լույս է տեսել 1994-ին, սակայն սրան նախորդել է յոթնամյա նախապատրաստական փուլ: 1987-ին, երբ Ազգային պատկերասրահ ընդունվեցի աշխատելու որպես գիտ. քարտուղար, այն ժամանակվա տնօրեն  Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանի և արվեստի տեսաբան Վիլհելմ Մաթևոսյանի հետ միասին որոշեցինք ստեղծել «Արվեստի մատենաշար»` հայերեն լեզվով երբևէ չեղած մի ամբողջ գրադարան, որ պիտի արվեստասեր հասարակայնությանը, ինտելեկտուալ հետաքրքրություններ ունեցող բոլոր մարդկանց ներկայացներ աշխարհի, այդ թվում և հայ, խոշորագույն նկարիչների, քննադատների, արվեստաբանների երկերը, գրական ժառանգությունը: Նման ծրագիր մեզանում որևէ հրատարակչություն կամ ինստիտուտ երբեք չի իրականացրել, և հարկ էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ` մասնագիտական, լեզվական, նաև ֆինանսական, պոլիգրաֆիկ բնույթի և այլն: Տեր-Գաբրիելյանը կարողացավ որոշ գումար ստանալ Կուլտուրայի մինիստրությունից, և սկսեցինք աշխատել: Ես պետք է ասեմ, որ այս գաղափարի, նաև անձիս ձևավորման գործում վիթխարի դեր է խաղացել Վիլհելմ Մաթևոսյանը: Տարիներ շարունակ մեր գրեթե ամենօրյա զրույցներում հասունացել է այս ծրագիրը, կերպ ստացել: Ամեն պահ վայելել եմ և վայելում եմ նրա բարոյա-հոգևոր և մասնագիտական օգնությունը` սկզբունքային խնդիրներից մինչև կոնկրետ տեքստի մշակում: Ընդհանրապես անհնար է գերագնահատել այդ հզոր ինտելեկտուալի խորքային ազդեցությունը իր սերնդակիցների վրա ու նաև մերօրյա հոգևոր կյանքում` թերևս փոքր-ինչ քողարկված, բայց միշտ կենարար ու անվրեպ,- այն չափով, որչափով որ կամեցել են և ի վիճակի են եղել կրելու այդ ազդեցությունը: Ահա այս եռյակի ջանքերով ծայր առավ ծրագիրը, և 90-91 թթ. մենք արդեն պատրաստ ունեինք Գոգենի, Դիդրոյի հատորների, «Խորանների մեկնությունների» ձեռագրերը, հոր` Կոստան Զարյանի ժողովածուի վրա էր աշխատում Արմեն Զարյանը, այդ փայլուն ու բացառիկ անհատականությունը, որը նույնպես միշտ ոգևորել ու ուղղություն է ցույց տվել ինձ: Ցավոք, շարքի առաջին գիրքը լույս տեսավ նրա մահից երկու ամիս անց միայն:

Հետո սկսվեց այն հայտնի ավազակային, խայտառակ արշավանքն ընդդեմ Պատկերասրահի, երբ «Պիոներ կանչից» մինչև «Կոմունիստ» ու «Հայք» գրեթե բոլոր թերթերը զրպարտական սարսափելի պարսավագրեր էին տպում, ցեխ նետում թանգարանի և նրա աշխատակիցների վրա: (Այսօր էլ կրկնվում են նման փորձերը:)

Այդ տարիների քաղաքական թոհուբոհի մեջ, երբ բոլոր կողմերը, արդարությունը դեն նետած, ամեն բան օգտագործում էին հօգուտ իրենց քաղաքական կամ անձնական շահերի, մութ հոգիները, չնայած մեր ամեն հակամիջոցի, հասան իրենց նպատակին. ի վերջո տնօրենին հեռացրին աշխատանքից, շատ ծրագրեր մնացին անավարտ, առկախ վիճակում մնաց նաև մեր այնքան փայփայված երազանքը` «Արվեստի մատենաշարը»: Ժող. վերահսկողության կոմիտեն մեզ մեղադրեց «ապօրինի հրատարակչական գործունեության» մեջ, թեև Հրատպետկոմի համաձայնությունը ստացել էինք: Մնալով մեն-մենակ այս ծրագիրն իրականացնելու բեռի հետ, առանց մի կոպեկի` դիմեցի պետական և արդեն ստեղծված մասնավոր հրատարակչություններ, կառավարական մարմիններ, հազար ու մի ատյան ու անհատի: Ապարդյուն:

Արվեստը, մշակույթը ոչ մեկին չէին հետաքրքրում: Գրքերը, ի սկզբանե պարզ էր, շահութաբեր չէին կարող լինել, իսկ գործը դժվարին ու աշխատատար էր, ուստի ոչ ոքի այդ ամենը պետք չէր: Ասում էին (առերևույթ լուրջ մարդիկ)` ռուսերեն կա, յոլա կգնանք, սրա ժամանակը չէ, կգա այդ օրն էլ...

Փառք Աստծո, թանգարան եկավ Շահեն Խաչատրյանը, արվեստին անմնացորդ նվիրված մարդ, որը ոչ միայն պաշտպանեց գաղափարը և սկսված գործը, այլև ամեն կերպ խրախուսեց, աջակցեց, առաջնորդեց, նոր լիցքեր հաղորդեց ծրագրին: Միասին դիմեցինք նոր բացված Ֆրանսիական դեսպանատուն, հանդիպեցինք դեսպան տ. Ֆրանս դ՛Արտենգի և մշակույթի ատտաշե պ. Պատրիկ Տոնապետյանի հետ, որոնք հանձն առան օգնելու ֆրանսիացի հեղինակների հրատարակման հարցում: Պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ տեսել ու այլևս չտեսա խնդրի կարևորության այդչափ ըմբռնում ու բարյացակամություն, որքան որ ցուցաբերեցին դեսպանը և ատտաշեն` այդ երկու ազնվական անձնավորությունները: 1993 թ. ստեղծեցինք «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը, որը գործում է Ազգային պատկերասրահում, կարելի է ասել` նրա ծնունդն է: Եվ ահա այս հինգ տարիների ընթացքում լույս տեսան Ձեր նշած հատորները:

Այս պահին շուրջ երեսուն անուն գիրք, տարբեր փուլերում, պատրաստում ենք հրատարակության: Նշեմ միայն այն գրքերը, որոնք լույս կտեսնեն առաջիկա 1-1,5 տարում. ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐ` Վասիլի Կանդինսկի «Հոգևորն արվեստում, էսսեներ», Հերբերտ Ռիդ «Արդի նկարչության համառոտ պատմություն», Էլի Ֆոր «Արվեստի պատմություն», հ. 1, «Հին  աշխարհի  արվեստ»,  Վիլհելմ Մաթևոսյան «Զրույցներ Սարյանի հետ», ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ` Անրի Բերգսոն «Ստեղծարար էվոլյուցիա», «Մետաֆիզիկայի ներածություն», «Բարոյականության և կրոնի երկու ակունքները», Իմմանուել Կանտ «Պրոլեգոմեններ ապագա ամեն մետաֆիզիկայի», Շառլ Դիլ «Բյուզանդիայի պատմության հիմնական պրոբլեմները», Գ.Վ. Լայբնից «Քննախոսություն մետաֆիզիկայի մասին», Ժան Գեբսեր «Ծագում և արդիականություն», Թելման Գևորգյան «Համամասնությունները հայ ճարտարապետության մեջ», Յուրգիս Բալտրուշայտիս «Ուսումնասիրություն հայ և վրացական միջնադարյան արվեստի»:

Ավաղ, պատրաստվող գրքերի մեծ մասի հրատարակման հեռանկարները մշուշոտ են: Յուրաքանչյուր գրքի համար ամեն անգամ հարկ է լինում հովանավոր գտնել, մի բան, որ հասկանալի է, անշնորհակալ զբաղմունք է: Ամեն նոր հրատարակություն մի արկածախնդրություն է, մի Գողգոթա, որ պիտի անցնես: Սակայն դժվարություններն ու ծանր պահերը մոռացվում են ու անէանում. գիրքը ծնվում է, ապրում տասնամյակներ, կատարում իր քաղաքակրթիչ, լուսավորիչ ֆունկցիան, իսկ դրա համար արժե ապրել ու տքնել: Ինչ է սպասում ապագայու՞մ: Դժվար է ասել: Տնտեսության փլուզման, երկրի թշվառացման, աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների ցավալի կուրության պայմաններում հեշտ չէ նման գործունեություն ծավալել: Մյուս կողմից` ընթերցող զանգվածի սոսկալի կենսամակարդակը թույլ չի տալիս հուսալ, թե լույս տեսած գիրքը արագ կվաճառվի, եկամուտ կբերի հաջորդի համար: Տիրաժի զգալի մասը նվեր է տրվում` գրադարաններին, անհատ մարդկանց: Բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում. պետք է անել, և վերջ, ինչ գնով էլ լինի: Չափազանց մեծ է պատասխանատվությունը և պահի լրջությունը, այլևս հապաղելու իրավունք չունենք: Այդ տրամադրությամբ էլ ապրում և գործում է մեր հրատարակչության և տպարանի փոքրիկ անձնակազմը, մեր բարեկամ մասնագետների ու թարգմանիչների խումբը, որ, հաճախ զուտ սիմվոլիկ վարձատրությամբ կամ նույնիսկ անհատույց, ստեղծում է այդ գրքերը` Վիլհելմ Մաթևոսյան, Շահեն Խաչատրյան, Էդուարդ Աթայան, Վիգեն Ղազարյան, Հենրիկ Բախչինյան, Յուրի Խաչատրյան, Սոֆի Ավագյան, Արուս Բոյաջյան, Ալբերտ Ստեփանյան, Նվարդ Վարդանյան, Ամալյա Մուրադյան, Արա Գուրզադյան, Սուսաննա Խաչատրյան, Հրաչյա Ստեփանյան, Վահան Սարգսյան, Սիմոն Գրքաշարյան, Վահան Ալավերդյան, Սուսաննա Բոչոլյան, Կարինե Նալչաջյան, Շուշան Մակարյան, Սերգեյ Ստեփանյան:

Ա.Գ. - Հրատարակչական Ձեր ծրագիրն իրոք պատկառելի է, իրոք հիացմունք ու խոր ակնածանք է առաջացնում, որովհետև հույս ու վստահություն է գոյանում, որ այսօրվա և վաղվա մեր երիտասարդությունը իր կրթական պրոցեսում հնարավորություն կստանա հայերենով առնչվելու համաշխարհային մշակույթի մնայուն արժեքներին: Ներկայիս հասարակությունը կարծես հրաժարվել է կարդալուց, էլ չեմ ասում կարդալու կուլտուրայից: Շուկայում հայերեն գիրքը գրեթե չի գնվում, որովհետև ինտելեկտուալ շուկան նորից մնում է կենտրոնացած հիմնականում ռուսալեզու գրականության վրա: Պատճառները տարբեր են. նախ կարծում եմ, որ շուկայում չափազանց էական է ոչ միայն գրքի «ինչը» (բովանդակությունը), այլև «ինչպեսը» (պոլիգրաֆիան): Հայերեն գրքի պոլիգրաֆիան սովետական շրջանից ի վեր եղել է այնպիսին, որ նրա «իմիջը» աստիճանաբար հավասարվել է զրոյի, համենայն դեպս ինտելեկտուալների համար: Այսօր այդ իներցիան դեռ շարունակվում է, երբ արդեն չկա ոչ միայն գաղափարական-աշխարհայացքային ճնշում «վերևից», այլ նաև վարչա-հրամայական` «ներսից»: Հայերեն գիրքը կարծես դատապարտված է «գավառական» կարգավիճակի: Ձեր հրատարակչական ջանքերը ակներևաբար ուղղված են նաև պատշաճ պոլիգրաֆիական կերպար ձևավորելու խնդրին: Սակայն օրիգինալ և նորարարական լուծումներից մենք դեռ հեռու ենք, քանի որ ֆինանսական ծախսերը կենտրոնացած են հիմնականում տեքստը ստեղծելու (թարգմանության, խմբագրության, սրբագրության) և գրքի տպագրական պրոբլեմների վրա: Դիզայնը մնում է ամենավերջին տեղում, որի պատճառով էլ չի ձևավորում գրքի թե՛ մշակութաբանական, թե՛ սպառողական «իմիջը»: Կարծում եմ` նաև այս խնդրի լոծումից է կախված լինելու հայերեն գրքի կարգավիճակը մեր մշակութային կյանքում: Ինչպիսին է Ձեր հրատարակչության ստրատեգիան և տակտիկան նման արտադրական և շուկայական ոլորտներում:

Ս.Խ. - Նախ ես չեմ կարծում, թե իսկական ընթերցողները հրաժարվել են գրքից կամ էլ կորցրել են կարդալու կուլտուրան (որքանով որ այն եղել է): Ինտելեկտուալ գրականությունը չի կարող մեծ լսարան ունենալ ըստ սահմանման:

Այն քչերի համար է, լավագույն փոքրամասնության համար, որը և ձևավորում է ազգի դեմքն ու էությունը, կամ կձևավորի, երբ իրեն հասունացած կզգա և երբ կգա դրա պահը: Երկրի ինտելեկտուալ սերուցքը գոյանում է լուռ, աղմուկից  ու արտաքին անցուդարձից հեռու, հանրությանն անհայտ անհատականությունների հոգում: Հոգևոր կայացումը միջոցառում չէ, այն անհնար է ո՛չ պատվիրել, ո՛չ էլ իրականացնել արտաքին միջոցներով: Միակ բանը, որ կարելի է անել, որոնող, հոգով երիտասարդ և իրենց վրա աշխատել ցանկացող մարդկանց համապատասխան մտավոր սնունդ տալն է, որոշակի ինտելեկտուալ նախապայմաններ և մթնոլորտ ստեղծելն է: Մնացյալը կարողությունիցդ վեր է. եթե հողը պատրաստ է, սերմը կընդունվի և ծիլ կտա:

Հայ ինտելեկտուալ գրքի «շուկա» չկա և դեռ չի կարող լինել բնական պատճառներով. մեր ազգը դեռևս չունի ձևավորված ինտելեկտուալ խավ, կան առանձին արթուն անհատականություններ, երիտասարդության մեջ կա որոշակի տոկոս, որ պահանջ ունեն նման գրքերի, և իրենք գնում են կամ նվեր ստանում մեր հրատարակությունները: Այսօր ես իմ խնդիրը տեսնում եմ այդ հոգևոր սնունդը պատրաստելու և դրա պահանջը զգացող կամ միգուցե միայն վաղը դրա կարևորությունը գիտակցող մարդկանց այն հասցնելու մեջ: Ժամանակ և ռեսուրսներ, ինչպես նկատեցիք, չկան ամենակարևորից զատ այլ խնդիրների մասին մտածելու: Իհարկե, վատ չի լինի, եթե գրքերն ավելի գեղեցիկ ձևավորված լինեն, բայց անկեղծ ասած, դա չէ իմ հոգսն այսօր:

Բացի այդ, կա մի հանգամանք ևս: Գրքարվեստը չափազանց բարդ ու բազմասպեկտ արվեստ է, հազար ու մի բանից կախված, հազար ու մի կոմպոնենտից բաղկացած: Այսօր մենք չունենք գրքի մեծ վարպետներ, ինչպիսիք էին Սարյանը, Կոջոյանը, Արուտչյանը: Ինձ հաճախ այս ու այն կողմից իրարարամերժ խորհուրդներ են տալիս գրքերիս տեսքը բարելավելու համար` հիմնականում անհատական ճաշակի կամ «դուր գալու» սկզբունքով առաջնորդվելով: Ես նախընտրում եմ հանգիստ, ոչ հավակնոտ, չեզոք ձևավորում: Իմ կարծիքով, գիտական գրքին ամենից վայել ոճը: Սակայն ուրախ կլինեմ, եթե հայերեն գիրք տեսնեմ` բարձրաճաշակ, բարձրարվեստ. իբրև ընթերցողի` դա ինձ երջանկություն կպատճառեր: Մյուս կողմից` մեր պոլիգրաֆիայի իրոք անբավարար մակարդակը թույլ չի տալիս բարդ խնդիրներ լուծելու. որքան հետաքրքիր լինի նկարչի մտահղացումը, այնքան ավելի որակյալ պիտի լինի պոլիգրաֆիկ կատարումը, այլապես կոչնչացվի նկարչի միտքն էլ, գիրքն էլ: Հետևաբար այս կամ այն գիրքը հրատարակելիս ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով. նվազագույն դիզայն, մինիմում ձևավորում, որպեսզի քիչ բան լինի ձևախեղելու ու փչացնելու:

Երևի թե սա ժամանակավոր երևույթ է, և եթե հայ պոլիգրաֆիան երբևէ բարձրացնի իր մակարդակը, կփոխվի նաև հրատարակվող գրքի արտաքինը:

Իսկ առայժմ` տեքստ, տեքստ և էլի տեքստ: Առանց գեղեցիկ դիզայնի ծայրահեղ դեպքում կարելի է ապրել, առանց Պլատոնի «Դիալոգների» ու Արիստոտելի «Մետաֆիզիկայի», գերմանական դասական փիլիսոփայության ու եվրոպական նորագույն մտքի հայացման հայ աշխարհաբար մշակույթը չի կայանա:

Ա.Գ. - Ձեր հրատարակած և հրատարակվելիք գրքերի մեծ մասը թարգմանություններ են ֆրանսերենից, գերմաներենից, անգլերենից, հունարենից: Իմ տպավորությամբ դրանք բավականին բարձրորակ ու բարեխիղճ թարգմանություններ են, որ անցել են մանրակրկիտ խմբագրման փուլով, և արդյունք են թարգմանչի հետ խմբագրության համատեղ ստեղծագործական աշխատանքի, որն ինչ-որ առումով նաև սևագործ աշխատանք է և միշտ չէ, որ «հարթ» է ընթանում: Լինու՞մ են արդյոք սկզբունքային անհամաձայնություններ թարգմանչի հետ, որի պատճառով գիրքը կարող է մնալ չհրատարակված կամ «գնալ» ուրիշ հրատարակչի մոտ: Այս առումով ինչպես եք տեսնում թարգմանչական բարձրորակ դպրոցների ձևավորման մոտավոր ապագան (չմոռանանք, որ Հայաստանում թարգմանչաց արվեստը պատմականորեն միշտ եղել է հոգևոր մշակույթի ամենակարևոր բաղկացուցիչը և այսօր դադարել է այդպիսին լինելուց), ընտրության լայն հնարավորություններ ապահովելու տեսանկյունից:

Ս.Խ. - Ցանկացած խնդիր լուծելու համար նախ պետք է այն ճիշտ ձևակերպել, հստակ որոշել նպատակը, միջոցները, անելիքը: Եթե գիտակցում ես ինչ-որ բանի կարևորությունը և եկել է պահը դա անելու, քայլեր ես ձեռնարկում, որոնք հետզհետե անպայման տալու են դրական արդյունք: Ահա ասում ենք. հայերեն լեզվով, բնագրից թարգմանված, մեզ անհրաժեշտ է համաշխարհային գիտական, փիլիսոփայական գրականություն: Բնականաբար, միայն օտար լեզվի իմացությունը կամ նույնիսկ թարգմանական պրակտիկան քիչ է: Իդեալական տարբերակը` երբ թարգմանիչը տվյալ բնագավառի մասնագետ է: Սակայն մեզանում արմատավորված միջակության ու կիսագրագիտության պայմաններում սա հազվագյուտ բան է. մարդ իմանա իր գործը, օտար լեզու, մայրենի լեզու, գրելու որոշակի ձիրք ունենա... Մենք հաճախ դիմում ենք հմուտ բանասեր-թարգմանիչների, հաշվի ենք առնում նրանց նախասիրությունները, հետաքրքրությունները, կարողությունները և աշխատում նրանց հետ: Իհարկե, որքան էլ փայլուն ստացվի տեքստի լեզվական կողմը, այդպիսի թարգմանությունը հարկ է լինում չափազանց ուշադիր, մանրակրկիտ կարդալ-խմբագրել: Մեզ այս հարցում օգնում են մասնագետներ, որոնք նաև գրում են գրքերի առաջաբանները: Տարաձայնություններ, զուտ ստեղծագործական բնույթի, լինում են, դա բնական է: Սակայն և՛ թարգմանիչը, և՛ հրատարակչությունը նախ և առաջ շահագըրգռված են լավագույնս լուծելու գերխնդիրը` հայերեն տալու բնագրին համարժեք տեքստ, որքան ժամանակ ու ջանք էլ որ պահանջվի: Միասին հասնում ենք դրական արդյունքի:

Գիտական, փիլիսոփայական լիարժեք արձակ արդի հայերենը դեռևս չունի, և թարգմանելով զարգացած մշակույթների գրական-գիտական գլուխգործոցները, բախվելով լեզվամտածողության բոլորովին այլ աստիճանների հետ` թարգմանիչն ու խմբագիրները, օգտագործելով աշխարհաբար հայերենի անսահման հնարավորությունները, բայց և հաղթահարելով լեզվի առկա անբավարար վիճակի իներտ դիմադրությունն ու «վախերը», հարստացնում են մեր լեզուն, լեզվամտածողությունը, հասու դարձնում մտքի ամենախորունկ ու ամենանրբին երանգներին: Յուրաքանչյուր հաջողված թարգմանություն, ամեն մի խորապես ապրված և հստակ ձևակերպված միտք քայլ է դեպի լեզվի և ազգի հասունություն, ոգու ընդլայնում ու խորացում:

Կարծիք կա, թե աշխարհաբարը «զիջում է» գրաբարին, թե վերջինիս հնարավորությունները շատ ավելի էին, քան արդի լեզվինը: Իհարկե, այդպես չէ: Պարզապես գրաբարի մասին խոսելիս նկատի են առնում կայացած, մշակութային հասուն պտուղներ տված լեզու, մինչդեռ աշխարհաբարը դեռևս երիտասարդ տարերք է` նոր-նոր իր մայրական-իգական, «պոետական» փուլից ելած ու դեպի հայրական-արական, «մետաֆիզիկական» ոլորտ ոտք դրած: Այսօր մեր լեզուն (և երիտասարդ «աշխարհաբար հայությունը») ակտիվ խմորման մեջ է, ունի զարգացման հսկայական, անսպառ հնարավորություններ: Պարզապես պետք է շատ աշխատել, անընդհատ ընդլայնել մտածողության (= լեզվամտածողության) շրջանակները, օգտագործել լեզվի ներքին ռեսուրսները, քաղել և՛ գրաբարից, և՛ օտար լեզուներից (մի բան, որից սարսափում են սահմանափակ հոգիները): Սա երկար, դժվարին պրոցես է, որ ազգն անցնում է և անցնելու է իր լավագույն զավակների` ինտելեկտուալների ջանքերով: Ես կասկած չունեմ, որ իր հասուն վիճակում աշխարհաբարը ոչնչով չի զիջելու ո՛չ գրաբարին, ո՛չ գերմաներենին կամ լատիներենին: Կրկնում եմ. մեր լեզուն անափ օվկիանոս է` դեռևս չնավարկված, բայց և կենսական ներուժով առլեցուն: Թո՛ղ երիտասարդ մասնագետները, ուսանողները մտածեն այս մասին, թո՛ղ իրենց մասնագիտության հետ մեկտեղ սովորեն օտար լեզուներ և փորձեն թարգմանություններ անել, թո՛ղ իրենց սովորածն ու գիտցածը գրեն հնչեցնեն մայրենի լեզվով, թո՛ղ շատ աշխատեն ու չվախենան դժվարություններից,- և, հաստատ կարող եմ ասել, կլինեն թարգմանչական դպրոցներ, կլինեն նաև առողջ ազգային-հոգևոր հիմքի վրա խարսխված գիտական դպրոցներ: (Գիտական դպրոց, որքան էլ ուզես, չես հիմնի ռուսերենի կամ այլ օտար լեզվի վրա, հիմնածն էլ երկար չի ապրի:)

Ա.Գ.- Ժամանակակից աշխարհում հայ մշակույթի կայացման կերպը էապես կախված է նորագույն ժամանակների հոգևոր ձևագոյացումների համաշխարհային փորձի ստեղծագործական յուրացման տեմպից: Այդ ահռելի փորձին ինչ-որ չափով տեղյակ մարդու համար, որը գիտակցում է նաև արդի աշխարհի աննախադեպ արագացումների, ճգնաժամային համաճարակների, նոր կռապաշտական սեկտաների, մասսայական կուլտուրայի շուկայական աղմուկ-աղաղակի, անբարոյական երևակայության հաղթարշավի իրական վտանգները, իհարկե, չափազանց ուրախալի է համաշխարհային հումանիզմի մնայուն արժեքների հոգևոր ներարկման կուրսը, որ որդեգրել է «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը: Բայց մոտավորապես պատկերացնելով վերջին հարյուրամյակների բացթողումների իրական մասշտաբները, չի՞ թվում Ձեզ արդյոք, որ մենք անհույս ետ ենք մնացել և ետ ենք վարժվել արդիականության չափանիշներից, և անխուսափելիորեն  դատապարտված ենք մեր հազարամյակների գոյությունը սոսկ գոյատևման կարգավիճակում պահելու և դրանով հպարտանալու տխուր ռեժիմին: Թե՞ հնարավոր է մեր մեկուսացման, կոնսերվացման «հարյուր տարվա մենությունը» վերափոխել այնպես, որ առանց կրկնելու արևմտյան աշխարհի զարգացման տրամաբանությունը, հնարավորին չափ քիչ տրվելով արևմտյան գայթակղություններին (այսինքն` դրանք էապես յուրացնելով, կողմնորոշվելով և «իմունիտետ» զարգացնելով այդ գայթակղությունների անծայրածիր ջունգլիներում) արարել «նոր տեսողության» մի մշակույթ, որը թույլ կտա ոչ թե գոյատևել, այլ ստեղծագործաբար ապրել առաջիկա XXI դարի նոր անհայտության տարածքներում:

Նոր սնունդ ինտելեկտուալ հեգնանքի համար` նոր գավառական ուտոպիա:

Ս.Խ.- Հարցը չափազանց տարողունակ է և պահանջում է հանգամանալից պատասխան, եթե ընդհանրապես հնարավոր է «պատասխանել» հարցը լիովին սպառելու իմաստով: Կփորձեմ հակիրճ ներկայացնել իմ ըմբռնումը: Իհարկե, համաշխարհային քաղաքակրթության հետ որևէ չափով առնչվելիս առաջին ցնցող տպավորությունը ստանում ես մշակութային այդ աներևակայելի բազմազանությունից ու հարստությունից, որը անհնար է ամբողջությամբ յուրացնել ու սեփականացնել: Այն ստեղծվել է հազարամյակների ընթացքում բազմաթիվ հին ու նոր ժողովուրդների ջանքերով, և մեկ ազգ սկզբունքորեն չի կարող անցնել նույն ճանապարհն ամբողջությամբ, անգամ եթե նույնքան ժամանակ տրվեր նրան:

Բայց այդպիսի խնդիր գոյություն չունի~: Յուրացնել չի նշանակում մեխանիկորեն «կրկնել» ուրիշի արածը. պատվաստի ֆունկցիան սեփական պոտենցիալը հզորացնելու և այն պտղաբերության նախապատրաստելու մեջ է: Աշակերտը չի կրկնում ուսուցչի ճամփան, այլ սոսկ վերցնում է այն կենդանի սերմերը, որոնք թույլ կտան իրեն հասունանալու և առաջ գնալու` ի՛ր ճանապարհով: Ոչ մի ազգ երբեք չի կրկնում այլոց կյանքն ու մշակույթը: Հույները պատմական ասպարեզ իջան, երբ իր բարձրակետն անցել էր եգիպտական մեծ մշակույթը: Եվ երիտասարդ, դեռևս ոչ կիրթ, բայց զարգացման բոլոր նախադրյալներով օժտված ցեղը ավագ մշակույթից վերցրեց ճիշտ այնքան, որքան պետք եղավ կերտելու սեփականը: Նույն կերպ, դարեր անց, հույների նկատմամբ վարվեցին հռոմեացիք, այդ հնազանդ ու ջանասեր աշակերտները: Ավելի ուշ, Վերածննդի շրջանում, հռոմեացիներից սովորեցին և նրանց մշակույթից քաղեցին իտալացիք և այլ եվրոպական երիտասարդ ժողովուրդներ: Կրկնում եմ. վերցվում է այնքան, որքան անհրաժեշտ է բարձրացող, ոտքի կանգնող էթնոմշակութային օրգանիզմին:

Եվ միշտ չէ, որ այդ յուրացումն ընթանում է քրեստոմատիկ-անթոլոգիական եղանակով. երբեմն արտաքուստ ոչ առաջնակարգ (բայց տիպակա՛ն) փաստը կարող է նույնքան (և ավելի) խթանիչ դեր կատարել, որքան այս կամ այն առաջնակարգ երևույթը: Յուրացումը պարզ շարժում չէ, այստեղ լինում են և՛ հակասություններ, և՛ «ոչ-տրամաբանական», ինտուիտիվ քայլեր: Անշուշտ, բոլոր դեպքերում պետք է ձգտել նախ և առաջ ըմբռնել ու յուրացնել այն բարձրագույն արժեքները, որոնք դիմացել են ժամանակի քննությանը և այսօր էլ կենդանի խթանիչներ են ողջ մարդկության համար: Ինչպիսի՞ն է մեր պարագան: Արդյո՞ք մեկընդմիշտ հետ ենք մնացել աշխարհից ու հևիհև, գլխապատառ պիտի վազենք մեծ արագությամբ առջևում հեռացող գնացքի ետևից: Եթե այդպես լիներ, մենք, իրոք, ոչ մի շանս չէինք ունենա դարձյալ քաղաքակիրթ լինելու և աշխարհին համընթաց զարգանալու, լավագույն դեպքում մեզ վիճակված պիտի լիներ «լուսանցքային» գոյատևում` գոհանալով լոկ աշխարհի մշակութային ճոխ սեղանից մեզ բաժին ընկած հազվագյուտ փշուրներով: Անկեղծ ասած, ես մեծ իմաստ չեմ տեսնում սոսկ գոյատևելու մեջ. եթե, ինչպես կարծում են, իր դարն ապրած հին, հոգնած, կենսուժը սպառած ժողովուրդ ենք, գրեթե ամեն բան կորցրած` պատմական տարածքներ, որ կազմում են երկրի 90%-ը, բնակչություն, ազգային գիտակցություն, միտք ու երգ, ուրեմն մեզ իսկապես պիտի մնար, լավագույն դեպքում, միայն արժանապատիվ կերպով ավարտել մեր օրերը և չարատավորել ողջ փառահեղ ուղին վերջին ժամերի քայքայման զառամությամբ...

Բայց այժմյան տկարությունը ա՛յլ բնույթի է: Աշխարհաբար հայությունը մեռնող ազգ չէ, ընդհակառակը` երիտասարդ, նույնիսկ մանուկ ցեղ է (բայց դեռևս նախնյաց վերհուշի բարդույթով), որին զարգացում և ծաղկունք է սպասում: Ես ավելի քան վստահ եմ դրանում և ապրում եմ այդ ճշմարիտ զգացողությամբ տոգորված: Ինձ համար սա լոկ կարծիք չէ, որին, չհուսահատվելու համար, հարմար է հետևել, այլ` խորապես ապրված ներքին, անհերքելի ճշմարտություն:

Անշուշտ, կարող եք մատնացույց անել արտաքին ծանր հակափաստարկներ. Հայաստանի վերջին տարիների զանգվածային խայտառակ հայաթափությունը (իշխանավորների հանցավոր թողտվությամբ), երկրի սրընթաց, գրեթե ծրագրված թշվառացում, տնտեսական և կենցաղային պարզունակ բնազդների հաղթանակ, մշակույթի ապակողմնորոշում ու շփոթ... Սակայն հարկ է կամք դրսևորել և տեսնել խորքային տենդենցները ևս, որ թեկուզ քիչ նշմարելի, բայց կան և զարգանում են այսօր: Պետք է տեսնել և հասկանալ նաև ձևավորվող մյուս բևեռը, որն այժմ դեռևս ամփոփված է հազվագյուտ արթուն ինտելեկտուալների հոգում, իսկ վաղը կարող է դրսևորվել և իր բարեփոխիչ դերը խաղալ ազգի սոցիալական կյանքում:

Ո՞ր տենդենցը կհաղթի, կկայանա՞ հայ նոր մշակույթը  (=աշխարհաբար էթնոսը), թե՞ արտաքին ուժերի կողմից և ներքին տհասությամբ մեզ պարտադրված տձև, չկենտրոնացած, «խալխային» գոյությունը կդառնա հավերժ իշխողն ու միակը և կսպանի զարգացման առաջին նուրբ բողբոջները: Սա տեսական հարց չէ, անհնար է պատասխանել «այո» կամ «ոչ», մնալով այդ` էությամբ հոգևոր պայքարից դուրս: Նման բաներն  անհնար է «իմանալ» a priori, և ով կարծում է, թե գիտի` սխալվում է: Նման «բարձրագույն ոլորտներում այլևս ոչ թե գիտես, այլ գործում ես», և ինչպես քվանտային մեխանիկայում` արդեն փորձին մասնակցելիս դու փոխում ես փորձի պայմանները: Ամեն պահ պահանջում է հոգևոր կամք և կենտրոնացում` Էմերսոնի խոսքերով` «կյանքում միակ բարիքը»: Եվ ամեն պահ քո գործողությամբ փոխում ես ներքին և արտաքին իրավիճակը: Որպեսզի Հայաստանը թոթափի դրսից պարտադրվող և ներսում թուլակամորեն ընդունվող գավառականության մոդելը, պետք է արթնանալ և աշխատել, իսկ թե ո՛ր բևեռը կհաղթի, այժմ չեմ էլ ուզում մտածել. կիմանանք, երբ կհաղթենք:

Ի մի բերելով ասեմ. նոր, աշխարհաբար Հայաստանը կարող է և պարտավոր է ոգեպես կայանալ և աշխարհին ասել իր մշակութային խոսքը: Հանուն այդ գերխնդրի այսօր անհրաժեշտ է հագեցնել մեր լեզուն և մեր գիտակցությունը մարդկության մտավոր մեծագույն արժեքներով, հասունանալ ու մաքառել` մեր մեջ եղած ամեն հնացածն ու հողեղենը հաղթահարելով և նորին ու հոգևորին շավիղներ պատրաստելով: Նորը կգա: Արդեն իսկ գալիս է:

Ա.Գ.- Շնորհակալություն: