1/1/1998

Խուան Միռոյի ժառանգությունը

«Նրա աշխարհում տեղ ունեն ոչ միայն ուրախությունը, հեգնանքն ու բանաստեղծությունը, այլև երազները, վախն ու ագրեսիան: Միռոյի իրականությունը տեսանելիի իրականությունը չէ. այն թաքուցյալի, մոգականի և միստիկականի իրականությունն է»:

Վալտեր Էռբեն

«Միռոն ինձ համար ազատության էությունն է: Ավելի օդային, տարրալույծ, թեթև, քան այն ամենը, ինչ ես երբևէ տեսել էի: Ինչ-որ առումով նա կատարյալ է ...»:

Ալբերտո Ջակոմետտի

«Պարե°ք լեռներ: Միռոյի մասին մտածելիս ոգեկան ծանր սարսուռի պատկերում իսկույն անթիվ ճեղքվածքներ են բացվում, առանց աշխարհի չնչին իսկ մասնիկի տարրալուծման: Նավաբեկության դղրդացող բեկորները, քանդակված արձանն ու խաղաղ կտավն այլևս չեն սահում ետ՝ դեպի հեռուներ: Դրանք բացվածքի և հաստատ խոստումի են վերածվում: Այստեղ Միռոն է. նա բնակվում է վերը՝ գյուղացիական տնամերձում. նկարում է, փորագրում. հեքիաթային ժայռե ցանկապատի կողքին զբաղված է: Ուրախ մի նկարիչ, առանց սովորության: Երջանկության հեսանիվից նա հավասարման կայծեր է սփռում: Սգո ծալքավոր զգեստը մի գեղեցկություն է թաքցնում, որ նույնիսկ Օսիրիսին է արթնացնում: Արդեն վաղուց ի վեր նրբին այդ տենչանքներին երկնային մեխանիկան ցույց է տվել դրանց ասպարեզների, սեփական լաբիրինթոսների առաջացումն ու անհետացումը: Իսկ գիսաստղը ոչինչ է, եթե չի այրվում: Միռոն կանգնած է բոցերում, նվիրաբերվում է մեզ և բոցավառվում է նորովի»:

Ռընե Շառ, 1961

 

«Երկնքի ներկայացումը կլանում է ինձ: Ես ազդվում եմ ահռելի երկնքում կիսալուսինն ու արևը տեսնելիս: Իմ նկարներում կան փոքրիկ առարկաներ՝ ահռելի դատարկ տարածությունների մեջ: Դատարկ տարածություններ, դատարկ հորիզոններ, դատարկ հարթություններ. յուրաքանչյուր մերկ բան միշտ մեծապես ազդել է ինձ վրա:

Երբ ես սկսեցի, ինձ վրա ուժեղ տպավորություն թողնող նկարիչներն էին Վան Գոգը, Սեզանը, Մաքսավոր Ռուսսոն: Երբ սիրեցի Մաքսավոր Ռուսսոյին, արդեն սիրում էի ժողովրդական արվեստը: Տարիքի հետ այդ արվեստն ավելի մեծ նշանակություն ստացավ: Գյուղացու լավ կոփած եղանը շատ կարևոր է ինձ համար:

Անշարժությունն ապշեցնում է ինձ: Այս շիշը, այս բաժակը, մեծ քարը՝ լքված ծովափում, – սրանք անշարժ առարկաներ են, սակայն մեծ շարժում են առաջացնում իմ մտքում: Ես նման բան չեմ զգում, երբ մարդ արարածն անընդհատ փոխում է իր տեղը ամենաանհեթեթ ձևով: Մարդիկ, որ գնում են լողալու ծովափին, և անցուդարձ են անում, շատ ավելի քիչ են ներգործում ինձ վրա, քան ծովաքարի անշարժությունը: (Անշարժ առարկաները դառնում են ահռելի, շատ ավելի ահռելի, քան շարժվողները): Անշարժությունն ինձ մտածել է տալիս մեծ տարածությունների մասին, որոնցում սկիզբ առած շարժումը չի դադարում որոշակի մի պահի, շարժում, որը վերջ չունի: Ինչպես Կանտն է ասում՝ դա անվերջության անմիջական մուտքն է վերջավորի մեջ: Ծովաքարը, որ վերջավոր և անշարժ օբյեկտ է, ինձ ոչ միայն սոսկ շարժում է ներշնչում, այլ այնպիսի շարժում, որը վերջ չունի: Իմ կտավներում դա թարգմանվում է կայծերի նմանվող ձևերով, որոնք ժայթքում են շրջանակից դուրս, ինչպես հրաբխից:

Քանի որ այնտեղ չկա հորիզոնի գիծ, ոչ էլ խորության նշույլ, նրանք տեղափոխվում են խորության մեջ: Նրանք տեղափոխվում են նաև հարթության մեջ, քանի որ գույնը կամ գիծը անխուսափելիորեն բերում են տեսանելիության անկյան տեղաշարժ: Մեծ ձևերի մեջ շարժվում են փոքրերը:

Փաստորեն իմ փնտրածը անշարժ շարժումն է, մի բան, որ համարժեք է այսպես կոչված լռության ճարտասանությանը, կամ թե՝ ինչ է ենթադրում Խաչի սբ. Հովհաննես ասելը բառերով. կարծում եմ՝ համր երաժշտություն:

Ես սկսում եմ իմ նկարները ցնցման ազդեցության տակ, որն ինձ ստիպում է փախչել իրականությունից: Այդ ցնցման պատճառը կարող է լինել կտավից դուրս ցցված փոքրիկ թելը, ընկնող ջրի կաթիլը, այս ներկը, որ մնացել է իմ մատից սեղանի փայլող մակերեսին:

Ամեն դեպքում ես ելման կետի կարիք ունեմ, անգամ եթե դա փոշու հատիկ է կամ լույսի բռնկում: Այդ ձևը ծնում է առարկաների մի շարք՝ մեկը մյուսին ծնելով: Եվ այդպես, թելի կտորը կարող է մի ամբողջ աշխարհ շարժման մեջ դնել: Ես սկսում եմ ինչ-որ բանից, որն անկենդան է համարվում, և հասնում եմ աշխարհի: Եվ երբ ես անուն եմ դնում նրան, նա ավելի է կենդանանում:

Ամեն անգամ նայելիս պետք է հնարավոր լինի նկարում նոր բաներ հայտնաբերել: Բայց դու կարող ես նկարին նայել մի ամբողջ շաբաթ և էլ երբեք չհիշել նրա մասին: Կարող ես նաև մի վայրկյան նայել նկարին և հիշել ողջ կյանքում: Նկարն ինձ համար պետք է կայծի նման լինի: Նա պետք է կուրացնի պոեմի կամ կնոջ գեղեցկության նման: Նա պետք է փայլ ունենա, պետք է լինի այն կայծքարերի նման, որոնցից օգտվում են պիրենեյան հովիվներն իրենց չիբուխները վառելիս:

Ես կարիք եմ զգում առավելագույն լարվածության հասնել նվազագույն միջոցներով: Սա է, որ ստիպեց ինձ իմ նկարներին ավելի շատ մերկության բնույթ տալ:

Մերկության և պարզեցման իմ ձգտումն իրագործվում է երեք բնագավառներում՝ մոդելավորման, գույնի և պերսոնաժների ֆիգուրացիայի մեջ:

1935-ին իմ նկարներում տարածությունն ու ձևերը դեռ մոդելավորվում էին: Իմ նկարներում դեռ առկա էին լույսն ու ստվերը: Սակայն կամաց-կամաց այդ բոլորն անցավ:

1940-ի մոտ մոդելավորումն ու լույս ու ստվերը լիովին վտարվեցին: Մոդելավորված ձևը պակաս ապշեցնող է, քան չմոդելավորվածը: Մոդելավորումը խանգարում է ցնցմանը և սահմանափակում շարժումը դեպի տեսանելի խորություն: Առանց մոդելավորման կամ լույս ու ստվերի, խորությունն անսահման է, շարժումը կարող է ձգվել մինչև անվերջություն:

Կամաց-կամաց ես հասա փոքրաթիվ ձևերից և գույներից օգտվելու մակարդակին: Առաջին անգամ չէ, որ նկարն արվել է շատ սուղ գույներով:

X դարի որմնանկարներն արվել են նույն կերպ: Ինձ համար դրանք հրաշալի գործեր են»:

Միռո, 1958 թ.

 «Նա ուզում էր ինքնասպան լինել՝ ամեն ինչ նորից սկսելու համար»

Խուան Միռոն (1893-1983) XX դարի գեղարվեստական նոր լեզվամտածողության ժայռապատկերային, արխաիկ շերտերի և մանկական նկարչության հիերոգլիֆների գույնզգույն հանքերի և հանքագործության ստեղծարար մշակն է:

Ծնվել և սովորել է Բարսելոնում: 1919-ից սկսած հաճախ այցելել է Փարիզ: Կրելով պոստիմպրեսիոնիստների և կուբիստների ազդեցությունը, հարել է սյուռռեալիզմին: Ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում էապես կապված է եղել ժողովրդական և պրիմիտիվ արվեստների հետ: Զբաղվել է մարդկային գիտակցության երազային և ենթագիտակցական եզրերի բազմամյա պեղումներով՝ հայտնագործելով նախնադարյան արվեստների մոգական հմայքը XX դարի կոնտեքստում: Օգտագործել է արվեստի գրեթե բոլոր տեսակներն ու տեխնիկական միջոցները իր անհատական լեզուն հղկելու համար: Կյանքի օրոք հասել է մեծ հռչակի, փառքի ու ճանաչման: Սակայն քչերին է հայտնի, որ վերջին տարիներին հաճախ հայտնվել է ծանր հոգեկան դեպրեսիաների մեջ, ի հետևանք որի խոշտանգել, պատռել և այրել է իր նկարները բողո- քարկելով որոշակի մշակութային-քաղաքական երևույթների դեմ:

1998-ի ապրիլին Քյոլնի գալերեաներից մեկում բացվեց այդ աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որին ներկա էր նաև նկարչի թոռը՝ Խուան Պունյե Միռոն: Ստորև վերատպում ենք նրա հետ գերմանական ART ամսագրի թղթակցի հարցազրույցը հայերեն թարգմանությամբ:

ART        Ի՞նչու ծեր հասակում Խուան Միռոն դեպրեսիվ դարձավ:

Միռո   Նրա դեպրեսիան բազմաթիվ պատճառներ ուներ: Կարևորագույնը քաղաքական իրադրությունն էր Իսպանիայում: Ֆրանկոն մահացավ 1975-ին, իսկ Միռոն նորից ու նորից պայքարում էր դիկտատուրայի դեմ: Երկրորդ պատճառն այն էր, որ նա դասական էր դարձել: Նրանով հիանում էին բանաստեղծական, գունագեղ կոմպոզիցիաների համար: Նա ուզում էր կոտրել այդ իմիջը, այդ իսկ պատճառով նա պետք է սպաներ իր աստղային, միջերկրածովյան նկարները, դիտորդին շոկի մեջ դնելու նպատակով: Նա ուզում էր ինքնասպան լինել՝ նորից սկսել կարողանալու համար:

ART        Իսկ ինչպիսին էր նրա հանրաճանաչ գալերիստների՝ Էմե Մայեի /Aime Maeght/ և Պիեռ Մատիսի /Pierre Matisse/ դիրքորոշումը: Միռոն վիրավորված չէ՞ր արդյոք, որ նրանք չէին ցուցադրում իր վերջին շրջանի գործերը:

Միռո  Ճիշտ այդպես: Միռոն զայրացած էր, Միռոն հուսախաբված էր ու երբեմն նույնիսկ մոլեգնած: Ի՞նչու չէին վերցնում նրանք այդ նկարներն իրենց հետ: Չէ՞ որ բազմաթիվ առումներով դրանք Ֆրանկոյի ռեժիմի դեմ, իր երկրում տիրող իրադրության դեմ նրա պայքարի արտահայտությունն էին: Դրա միակ բացատրությունը, որ այսօր կարելի է գտնել, այն է, որ դա առևտրի բան չէր: Դրանք սուր գործեր էին, որոնք ոչ ոք չէր ուզում իր տան սրահում կախել: Դրանք չափազանց վայրի էին հանդուրժվելու համար:

ART        Հայտնի է, թե որքան կանոնավորված էր Միռոն Մալորկայում անցկացնում իր օրերը: Նա մենության կարիք ուներ արվեստանոցում: Այդուհանդերձ, նա խառնվե՞լ է առօրյա քաղաքականությանը:

Միռո   Եվ ինչպե°ս: Դա սկսվեց արդեն 1975-ին: 1972-ին Միռոն 79 տարեկան էր, երբ եկավ ոստիկանությունն ու երկու շաբաթով տարավ նրա անձնագիրը: Նա բողոքի ցույց էր արել 1973-ին Ֆրանկոյի կողմից մահվան դատապարտված երիտասարդ մի անարխիստի՝ կատալոնացի ուսանողի ազատ արձակման համար: Այդ կապակցությամբ Միռոն Տառագոնայի խանութներից մեկում հինգ մեծ կտավ փռեց հատակին, բենզին լցրեց դրանց վրա և հրկիզեց: Ավելով և ջրով նա ղեկավարում էր այդ պրոցեսը, միաժամանակ կտավների վրա էր լցնում կարմիր, սև և դեղին ներկերը, ձեռքերով և ոտքերով մշակում դրանք:

ART        Ինչպիսի՞ անձնական հիշողություններ ունեք Դուք Ձեր պապից:

Միռո   Միռոն մահացավ 1983-ին, երբ ես 15 տարեկան էի: Նրա կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում մենք շատ մտերիմ էինք: Չէ որ Միռոն միստիկ էր, չափազանց երկչոտ ու լռակյաց: Նույնիսկ եթե մեզ հետ էր նստած լինում, միշտ հեռուներում էր: Նա գրեթե երբեք չի խաղացել մեզ հետ: Բայց նա մեզ սովորեցնում էր լսել լռությունն ու ականջ դնել լռությանը: Նա սովորեցնում էր մեզ հաղորդակցություն առանց բառերի, լոկ հայացքով էր տեղի ունենում քնքշանքով լի համագործակցությունը:

 

Անգլերենից և գերմաներենից թարգմանությունը՝ Ա.Գուրզադյանի: