1/1/1998

Մերկ պատը

«Ռուսսոն ասել է՝ գեղեցիկ է այն, ինչը չկա: Դա չի նշանակում, որ գեղեցիկ է միայն այն, ինչ գոյություն չունի: Գեղեցիկը գոյություն ունի, բայց չկա, քանզի այն երևութանում է, որ ահնետանա, որ կենդանացնե՛նք, վերակենդանացնենք մեր հոգիները, բայց այն պահել, ճանաչել, ըմբռնել մենք չենք կարող»:

Պուշկին 1834, Սևագրության տետր N 2837

 

Մերկ պատ...

Իդեալական պատ, որի վրա ոչինչ չկա, որին ոչինչ չի հենվում, որից նկար չի կախված, որի վրա տեսնելու ոչինչ չկա:

Էգոցենտրիկ, «ինքնաբավ» ապրող, իրեն հաստատող, անարատ պատ:

Ռոմանտիկ պատ:

Ես էլ եմ սիրում մերկ պատը, որովհետև այն նոր, եկող ռոմանտիկայի հնչողություններից մեկն է:

Մերկ պատի մունետիկը, ռոմանտիկայի հակառակորդներն այսօր արվեստի և հատկապես նկարչության լավագույն բարեկամներն են:

Մանավանդ նկարչության, որովհետև նրանք բոլոր արվեստներից միայն նկարչության դեմ են պայքարում:

Ով կարող է վերապրել մերկ պատը, լավագույնս նախապատրաստված է նկարչական ստեղծագործության վերապրման համար:

Երկչափ, անթերի հարթ, ուղղահայաց, համաչափ, «լռող», վեհ, իրեն հաստատող, խորասույզ, դրսից սահմանափակված և դեպի դուրս ճառագող պատը գրեթե նախնական մի տարր է:

Իսկ նախնական տարրը արվեստի ըմբռնման «Ա»-ն է, որից հետո անխուսափելիորեն «Բ»-ն պետք է գա. պետք է, քանզի կարող է:

Գարեջրային երաժշտությունը բարձր է և դղրդալից միջակ բյուրգերական բնակարանի նման: Այսօրվա մարդը խլացած է. նա կարող է միայն բարձրաձայնն ընկալել: Եթե նրան չեն բռնում օձիքից և կարգին ցնցում, ապա նա անհաղորդ է մնում: Սակայն բարձրաձայնը միայն մի մասն է ամբողջի. ով գիտե, ցածրաձայնը (և լռինը) արդյո՞ք ամբողջի ավելի կարևոր մասը չէ: Մենք նկարիչներս երախտապարտ ենք մեր «թշնամիներին», որովհետև նրանք մեր բարեկամներն են: Նայած «ուղղության» և համոզմունքի՝ տարբեր բաներ են պահանջվում այսօրվա նկարչից: Հատկապես «վերացականից»: Ոմանք պահանջում են մեզնից, որ միայն պատեր ներկենք:

Եվ միայն ներսում:

Ոմանք ուզում են, որ մենք տներ ներկենք դրսից:

Եվ միայն դրսից:

Ոմանք պահանջում են, որ արդյունաբերությանը ծառայենք, որ նյութերի, փողկապների, գուլպաների, ամանեղենի, հովանոցների, մոխրամանների, գորգերի համար նմուշներ մատակարարենք:

Միայն կիրառական արվեստ:

Միայն թե պետք է նկար անելը վերջնականապես թողնենք: Ոմանք նորից բարյացակամ են դառնում և թույլատրում են մեզ ուղղակի պատերին նկարել, եթե մենք հրաժարվենք հաստոցային նկարչությունից:

Նայած «ուղղության» և համոզմունքի այսօրվա նկարչին արգելվում է հաստոցային նկարչությունը, որմնանկարչությունը, նյութերի և ուրիշ առարկաների ձևավորումը, պատ ներկելը դրսից, պատ ներկելը ներսից, նկարելն առհասարակ:

Այսօր կան մարդիկ, որոնք սիրում են նկարչությունը: Երբեմն նրանք գտնում են, որ այսօր «ճիշտ» նկարչություն չի արվում: Նկարիչների կողմից հին վստահելի ավանդույթից հրաժարվելը, այդ արվեստասեր մարդկանց կարծիքով անբեղմնավորությամբ է պատժվում:

Որքան հաճախ բանավոր և գրավոր ողբում են, թե «հերթափոխ» չկա: «Միշտ միևնույն դանդաղ ծերացող նկարիչները. իսկ ո՞ւր է երիտասարդությունը, որ պետք է և կարող է փոխառել արվեստի սուրբ դրոշը»:

«Նկարչությունն այլասերվել և անկում է ապրում»: Ոմանք ողբում են, ուրիշներն՝ ուրախանում: Ոմանք ողբում են, ուրիշներն՝ ուրախանում, որ Բաուհաուզում նկարում են, որ դա ոչ միայն «վարպետներն» են անում, այլև երիտասարդությունը, որ Բաուհաուզում ահավասիկ երկու տարի է ինչ իսկական դասընթաց կա. գործնական «որմնանկարի արհեստանոցից» բացի նկարչությունն այժմ կուլտիվացվում է նաև ոչ գործնական «ազատ նկարչության դասարաններում»:

Նույն Բաուհաուզում սակայն հանդիպում են ուսանողներ, որոնք ոչ գործնական բաժանմունքում են, ոչ էլ ոչ գործնական նկարչության դասարաններում և, այնուհանդերձ, զբաղված են «ազատ նկարչությամբ». նկարում են օրինակ ատաղձագործները, մետաղագործները, ջուլհակուհիները, նույնիսկ ճարտարապետները: Նույնիսկ ճարտարապետները:

Հրաշք չէ՞ արդյոք, որ բոլոր այդ երիտասարդ մարդիկ սիրում են մերկ պատը, չնայած նրանք հաճախ բոլորովին էլ չգիտեն, թե որքան ռոմանտիկական է այն: Նրանք նկարում են ներքին պահանջից ելնելով և կասկած չունեն նկարչության ապագայի համար: Եթե նրանք տեսաբանում են, ապա դա էլ են նկարչականորեն անում, այսինքն՝ գեղարվեստորեն:

Մահացած արվեստ բառը հենց Բաուհաուզում է հարություն առել: Իսկ բառի հետ կապված է գործը:

Բարեբախտաբար և վերջապես (մերկ պատի) մեր բարեկամների շնորհիվ պատերից անհետանում են նկարչության թերածինները: Եվ ոչ միայն մենք՝ համբերատար, դիմացկուն, թեկուզ «դանդաղ ծերացող վարպետներս», այլ մեզ հետ միասին աճող սերունդը ևս կհոգա, որ մերկ պատն այնտեղ, ուր անհրաժեշտ է, կշարունակի մերկ մնալ, իսկ մնացած պատերը ոչ թե նորից կծանրաբեռնվեն թերածիններով, այլ «ծրագրայնորեն և նպատակայնորեն» լռակյաց ուրախությամբ կբեռնվեն «նկարչական աշխարհներով»: Ով այստեղ առիթ է գտնում տխրելու, թող հանգիստ շարունակի տխրել:

Մենք ուրախանում ենք: 1929 թ.

 

Գերմաներենից թարգմանությունը՝ Արա Գուրզադյանի