1/1/1998

Արվեստի սահմանները

Տիկնայք և Պարոնայք*,

Եթե եկել եմ այստեղ խոսելու արվեստի սահմանների մասին, նախապես համոզված եղեք, բնավ ոչ այն պատճառով, որ այդ սահմանները ընդարձակելու կամ նեղացնելու որևէ մտադրություն ունեմ այս զրույցի ընթացքում: Եվ եթե տվյալ վերնագիրը կթվա բավականաչափ ընդհանուր, վստահեցնում եմ՝ իմ հանդգնությունը ամենևին դրա ընտրության մեջ չէ, այլ՝ նկարիչների մասին խոսելու:

Մենք այլևս չենք ապրում այն ժամանակներում, երբ Ռուոյի արվեստանոցի մի քանի դուրսպրծուկներ կարող էին Գոթիեի հետ կրկնել՝ ut pictura poesis (պոեզիան որպես գեղանկարչություն –  Հորատիուս): Բայց եթե այսօր գրագետները հասկացել են գրիչը վրձնի նման իրենց ծառա- յեցնելու հավակնության վտանգը կամ առնվազն անհեթեթությունը, ապա նկարիչներն իրենց հերթին պակաս չեն հասկացել, որ ut poesis pictura-ն գեղանկարչությունը որպես պոեզիա) կլինի առավել ևս կործանարար տեսություն իրենց համար: Բարեբախտաբար գրականությունն ու գեղանկարչությունը տարանջատված են, և ես այստեղ չեմ եկել դժգոհելու, ընդհակառակը: Նախապես ընդունենք, որ ես ոչինչ չեմ հասկանում ձեր արհեստից, դուք՝ իմ: Դուք մշակում եք ձեր պարտեզը, մենք՝ մերը: Երբեմն մի քիչ հարևանություն ենք անում: Ահա ամենը:

Այնուամենայնիվ, եթե այսօր ինձ բարեկամաբար հրավիրել եք զրույցի և եթե ինքս էլ ուրախությամբ հանձն եմ առել, ապա ամենևին ոչ բարիդրացիական մղումներից ելնելով: Մենք այն սակավաթիվ ընտրյալներն ենք, որոնք գիտակցում են, թե վայել չէ, որ միևնույն երկրի արվեստագետները, որոնցից յուրաքանչյուրը տարված է իր արվեստով, չճանաչեն միմյանց, որ գրական և գեղանկարչական մաս- նավոր հարցերից վեր կան առավել ընդհանուր, գեղագիտական այնպիսի հարցեր (որոնք, օրինակ, լուծելուց հետո Պուսսենին եղբայրացրին Ռասինի հետ), որոնց առջև մենք միասին կարող ենք մի պահ մոռանալ, պարոնայք, թե դուք նկարիչներ եք, իսկ ես՝ գրչի մշակ, որպեսզի ավելի լավ հիշենք, որ չնայած մեր արհեստների խիստ տարբերությանը, թե՛ մեկս և թե՛ մյուսս արվեստագետ ենք:

Ահա ինչու այսօր ձեր առջև նման ընդհանրությունների քննարկումը ամենևին չեմ համարում հանդգնություն, այլ ընդհակառակը, համեստ մտավախություն, քանզի չունեմ յուրաքանչյուր թեմային անհրաժեշտ խիստ մասնագիտական գիտակություն:

Մի քանի օր առաջ, «Պոզիտիվ փիլիսոփայության դասընթացը» ավելի շուտ թերթելիս, քան կարդալիս, ինձ զարմանք պատճառեց մի հետաքրքիր հատված: Խոսքը վերաբերում է գիտության ջատագովությանը: Օգյուստ Կոնտը համամիտ է դրան և գովաբանում է ըստ հարկի. քիչ՝ անցյալը, ավելի շատ՝ ներկան, գրեթե անվերջ՝ ապագան:

Ասում եմ՝ «գրեթե»՝ ունենալով հիպերբոլի հանդեպ ողջամիտ երկյուղ և մտահոգություն ճշգրտության նկատմամբ, քանզի Կոնտը անորոշ կերպով ուրվագծելուց հետո, թե ապագան ինչ կարող է ակնկալել ու պահանջել գիտությունից, անմիջապես ավելացնում է, որ այդ ակնկալիքներն ու պահանջները կարող են լինել անվերջ: Գրեթե դյուրին է, գրում է նա (սա՝ մոտավորապես, քանզի մեջբերում եմ հիշողությամբ), այժմվանից կանխատեսել սահմանները և մատնանշել, թե ինչ բնագավառներ կմնան նրա համար մեկընդմիշտ փակ. հայտնի է, օրինակ, որ գիտությունը երբեք չի հասնի... Գիտե՞ք ինչ օրինակ է բերում, որ երբեք չի հասնի լուսատուների քիմիական բաղադրությանը: Մեկ սերունդ անց, սպեկտրալ անալիզը առանց աղմուկ աղաղակի պարզապես տեր դարձավ այդ նույն լուսատուներին, և գիտությունը անցավ նշված սահմանը: Պոզիտիվիստի այդ էջից, որտեղ հակառակ ամեն ինչի ես ավելի շատ հիանալու, քան հեգնելու բան գտա, այս զրույցի խորագրի ու գաղափարի հետ մեկտեղ ծնունդ առավ ինքս իմ նկատմամբ առավել մեծ անվստահություն՝ իբրև արտասովոր նախազգուշացում, որ մարդկային բանականության ուժով սահմանները նախապես որոշարկելու հավանականությունը խելահեղություն է, իր տեսակի մեջ նույնքան ամբարտավան խելահեղություն, որքան այդ ուժի ապագա դրսևորումները նախօրոք կանխատեսելու, ուրվագծելու, անվերջ համարելու հավակնությունը:

Անդադար նորացող միջոցները գիտնականներին թույլ են տալիս նորանոր ներդրումներ ու ճշգրտումներ անել: Յուրաքանչյուր նոր հայտնագործություն իր հերթին ծառայում է իբրև միջոց: Հենց սրանից ելնելով, և քանի որ յուրաքանչյուր նոր դրսևորում այսպես գումարվում է նախորդին, յուրաքանչյուր հին դրսևորում միախառնվում, տարրալուծվում է այնպես, որ նրա առանձին մասերը երբեք չեն դիտվում որպես ամենավերջին հաղթանակ, կարելի է ասել (սա գրեթե նույնաբանություն է), որ գիտության սահմանները շարունակ ընդարձակվում են իր առաջընթացի համաձայն: Հարց է ծագում. մինչև ու՞ր կգնա գիտությունը:

Արվեստում այս հարցը առաջադրվում է բոլորովին այլ կերպ: «Առաջընթաց» բառը այստեղ կորցնում է ամեն իմաստ, և ինչպես իր ժամանակին գրել է Էնգրը, չես կարող սառնասրտորեն ասել և լսել, որ «արդի սերունդը հրճվում է՝ տեսնելով Վերածննդի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը գեղանկարչության ունեցած հսկայական առաջադիմությունը»: Ուրեմն խնդիրն այլևս ոչ թե այն է, թե մինչև ուր կգնան գեղանկարչությունը, երաժշտությունը, գրականությունը, այլ առավել անորոշ մի հարցադրում՝ ուր են գնում դրանք. և այս հարցում ավելի քիչ համարձակություն ես հանդես բերում պատասխանելու համար:

Արժանավոր արվեստագետի պարագայում խոսքն այլևս ոչ թե երեկվա արվեստի վրա հենվելու կամ սահմանները ընդարձակելու մասին է՝ առավել հեռու գնալու համար, այլ արվեստի իմաստը փոխելու, իր ջանքերով մի նոր ուղղություն ստեղծելու: Ու թեև, դրան հակառակ, անցյալի արվեստագետների ստեղծագործությունները պահպանում են իրենց լիակատար արժեքը այն աստիճան, որ այդ արվեստագետներից յուրաքանչյուրը ամեն անգամ ասես գրեթե վերաստեղծում է, կարծես նորից է բնորոշում իր արվեստը, ամեն մի նոր հանճար, թվում է, սկզբում դեգերում է՝ այնքան վճռականորեն է նա թիկունք դարձնում ուրիշներին: Թվում է, յուրաքանչյուր նոր հանճար դարձյալ քննության առարկա է դարձնում արվեստի խնդիրը: Յոհան  Սեբաստիան Բախից հետո տիրում էր մի մտայնություն. «Այսպիսին է երաժշտությունը»: Գալիս է մի Մոցարտ, մի Բեթհովեն, որոնցից հետո ասում են . «Ահա քեզ երաժշտություն», միայն թե, արդեն կանխակալորեն տրամադրված, չմտածեն. «Ի՞նչ է երաժշտությունը» և վերջապես հասկանան, որ երաժշտությունը ո՛չ Բախն է, ո՛չ Մոցարտը, ո՛չ Բեթհովենը, որ նրանցից յուրաքանչյուրը կկարողանա միայն իր սահմանները տալ, որ երաժշտությունն իր գոյությունը շարունակելու համար պետք է անդադար լինի այլ բան, քան եղել է նրանց միջոցով:

Եվ սակայն ոմանք թերագնահատելով և ընդունելով, թե հանճարեղ արվեստագետին այլևս ոչինչ չի մնացել փորձելու, թե նա իրենով մատնանշում է ուղղությունը, ասես առաջնորդում է (բայց ըստ էության առաջնորդում է լոկ ինքն իրեն) և կանգնում է նրա եռանդի առջև, ով ուղեկցում է իրեն, ինչպես դերասանի խաղին՝ բեմական մթնոլորտը, կարծում են, թե հանձին նրա բացահայտել են գեղեցիկի ինչ-որ գաղտնիք, որևէ բաղադրատոմս կամ ավելի շուտ մտածում են, թե վարպետի հաջողությունը իրենց ազատելու է ճիգ ու ջանք թափելուց և մեկ անգամ վարպետի հայտնաբերածից հետո այլևս որոնումների կարիք չկա: Նրանք իրոք չեն նմանակում վերջինիս, համենայն դեպս խուսափում են, սակայն հետևում են նրա ուղղությանը: Սա այն հզոր հորձանքն է, որ նրանց նետում է արվեսագետի բացած ակոսի մեջ: Դեռ ավելին, երբ վարպետը լռում է նրանցից առաջ, վերջիններս իրենց խելահեղությունը խիզախության տեղ դնելով՝ մտածում են, թե գերազանցել են նրան, նրանից ավելի հեռու գնացել, իսկ մեծագույն խոչընդոտը, որին բախվում են, դարձյալ մնում է մյուս կողմից փորձելը: Նրանց միջոցով վարպետի առաջադրած ձևը դառնում է բանաձև, և այլևս ոչ մի ներքին անհրաժեշտությամբ այն չի հիմնավորվում: Նրանց միջոցով և հենց նրանց վրա է իջնում գիշերը, մինչդեռ իրենք այդ մասին չեն էլ կասկածում, քանզի վերջալույսից շլացած նրանց աչքերը մթագնող մայրամուտի փոխարեն դեռևս տեսնում են լուսատուին այն դեպքում, երբ նրանց ետևում արդեն, արվեստի մյուս բևեռում բարձրանում է մի նոր շողարձակ արև:

Ճշմարտությունը (այսինքն՝ հնարավորությունը) միշտ գտնվում է հանճարի այս, բայց ոչ երբեք այն կողմում:

Իսկ ինչպիսի՞ն է այն տարածքը, որ իր սահմանները շոշափելու գնացող հանճարը թողնում է իր ետևում, այն աշխարհը, որը պիտի ելակետ լինի յուրաքանչյուրի համար, ո՞րն է գլուխգործոցների ընդհանուր վայրը, երբևէ չզբաղեցրած դաշտը:

Այստեղ պիտի ներողություն խնդրեմ, պարոնայք, որ ձեզ ներկայացնելու եմ ոչ այլ ինչ, քան շատ սովորական ու պարզ բան: Իսկ ինչու՞ չափից դուրս մտածված ընդհանուր բաները պիտի չլինեն այդքան պարզ ու հայտնի: Եվ եթե այնուհանդերձ համարձակվում եմ կրկնել, ապա սոսկ այն պատճառով, որ արվեստում, ըստ իս, հարկ է, որ յուրաքանչյուր նոր սերունդ իր առջև վերստին դնի խնդիրը, որ երբեք չընդունի նախանցյալ օրվա կամ երեկվա բերած պատրաստի լուծումները և բնավ չմոռանա, որ անցյալի արվեստագետները, որոնցով հիանում է, հենց նրանք են, ովքեր իրենք են սկզբում տառապանքով ու տքնանքով լուծումներ փնտրել: Լեսսինգի «Լաոկոոնը» այն գործն է, որ պետք է երեսուն տարին մեկ հաստատել կամ մերժել: Մեծ դարաշրջաններին միշտ բնորոշ է անհուն պայծա- ռատեսությունը: Թվում է, այդ խորաթափանցությունը դեռևս պակասում է մեզ: Հաճախ, մեր ունեցածին չափազանց սիրահարված՝ մենք կորցնում ենք մեր պակասների ու թերությունների սուր զգացողությունը: Եվ այսօր, ավա~ղ, ես տեսնում եմ ավելի շատ արվեստագետ, քան արվեստի գործ, քանզի կորել է ստեղծագործության նկատմամբ եղած ճաշակը, և շատ անգամ արվեստագետը կարծում է, թե բավականաչափ բան է արել իր գեղանկարչությամբ կամ բանաստեղծություններով, երբ ցույց է տվել, որ ինքը արվեստագետ է՝ բանականության, մտքի, կամքի մասնաբաժինը, մի խոսքով՝ կառուցվածքը համարելով արհամարհելի ու չնչին: Արգահատելի արժեզրկումը, որի մեջ մեծ արհեստավորների միջակության շնորհիվ հայտնվել է այն, ինչը կոչում էին և այժմ ոչ առանց ժպիտի չեն համարձակվում կոչել «մեծ ժանրեր», պատճառ է դարձել, որ նկարիչներն այլևս սիրտ չանեն նկարներ ստեղծել, իսկ գրողները չկարողանան ավելի քան մեկ տարի իրենց մտքում պահել մի սյուժե, և գրականության, նկարչության, երաժշտության մեջ հաղթանակի իմպրեսիոնիզմը, պատեհապաշտ պոեզիան:

Այն չեզոք տարածքը, դեպի ուր կտրուկ շրջադարձ անելով միշտ պիտի դառնանք նորից ու նորից, շատ լավ գիտեք, պարոնայք, պարզապես Բնությունն է... Ուրեմն ես նույնպես խոսելու եմ դեպի բնությունը հանրահայտ այս վերադարձի մասին, որը ոմանց կարծիքով թվում է ամեն արվեստի միակ գաղտնիքը, և սրանով արդեն համարվում է ամեն ինչ ասված ...

Վերադարձ դեպի բնություն ... Սակայն դա ի՞նչ է նշանակում: Դեպի էլ ու՞ր կարելի է դառնալ: Ինքդ քեզնից դուրս ի՞նչ կարող ես գտնել, եթե ոչ շարունակական և համատարած բնություն: Բայց և ուրիշ ի՞նչ կգտնես քո մեջ, եթե ոչ դարձյալ բնություն:

Դեպի բնություն իսկական վերադարձը վերջնական վերադարձ է դեպի տարրը, դեպի մահ: Սակայն քանի դեռ մարդուն մնում է դույզն ձգտումը առ կյանքը, ինքնադրսևորման աննշան պահանջը, մի՞թե դրա դեմ պայքարելու, արվեստագետի պարագայում՝ բնությանը հակադրվելու և ինքնահաստատվելու համար չէ դա:

Ինչպե՞ս, ինչու՞ չըմբռնել, որ այս երկու «բնական» արտաքինը և ներքինը հակադրվում են իրար, և ըստ այս մեկի ձևավորվում է և իրազեկվում այն մյուսը: Այս բնական ներքինը արդյոք պակա՞ս արժեքավոր է, քան մյուսը, և մի՞թե նրան մերժվելու է այդ իրավունքը կամ ժխտվելու է այն ուժը առանց որի այլևս չի լինում արվեստի գործ, թե՞ կարծում են, որ ամեն արվեստ լինելու է սոսկ ռեալիզմ: Չափից դուրս ծայրահեղորեն ձևակերպված այս կարծիքը, հույս ունեմ, ոչ ոք չի պաշտպանի: Բայց չէ՞ որ այս տեսակետից են ելնում, երբ ասում են, թե արվեստագետը պիտի բացակա լինի իր գործի մեջ, թե առարկայացումը արվեստի նախապայմաններից մեկն է. այնպես որ, եթե հնարավոր լիներ հասնելու այս առաջարկված նպատա- կակետին՝ տրված երկից բացառելով ամեն անհատականություն, մի ստեղծագործությունը կտարբերվեր մյուսից լոկ ներկայացրած սյուժեով, և արվեստագետը վերջապես կգոհանար՝ անմահություն ապահովելով դատարկ ու անկարևոր դեպքերին, միայն թե ընտրություն կատարեր, որքան էլ անցանկալի լիներ պատահական բաներ հավերժացնելը: Սակայն ընտրության ո՞ր իրավունքով դա պիտի աներ: Եվ արդյո՞ք «մեկնաբանություն» չի կոչվում նաև հետագայում արված առավել նուրբ, առավել մանրակրկիտ ընտրությունը, որը «սյուժեի» ընտրության նման գալիս է մատնանշելու եթե ոչ իմ կամքը, ապա գոնե իմ նախընտրանքը ....

Չե՞ք ենթադրում արդյոք, թե հարկ է ընդունել, որ հենց այս ընտրությունը, սկզբում բնազդական, իսկ հետո նաև կամային այս նախապատվությունը արվեստի իսկ հաստատումն է, այն արվեստի, որ ամենևին բնության մեջ չէ, բնական չէ, արվեստ, որ լոկ արվեստագետն է պարտադրում բնությանը և պարտադրում է տքնանքով ու տառապանքով:

Սակայն այստեղ մտցնենք ևս մի ճշգրտում:

Հիմա բավական չէ ասել, ինչպես դա արվում է առհասարակ, թե արվեստի գործը մարդկային խառնվածքի միջով դիտված բնության մի կտոր է: Այս ճշմարտանման բանաձևի մեջ չեն մտնում ո՛չ արվեստագետի ինտելեկտը, ո՛չ կամքը: Ուրեմն այն չի կարող ինձ բավարարել:

Արվեստի երկը կամայածին ստեղծագործություն է: Այն մտքի գործ է: Քանզի նա պիտի իր մեջ գտնի իր ինքնաբավությունը, նպատակը, կատարյալ հիմնավորումը. կազմելով մեկ ամբողջություն՝ նա պիտի առանձնանա և ասես դրվի տարածության ու ժամանակից դուրս, բավարար և բավարարող ներդաշնակության մեջ: Գեղանկարը ավարտվում է շրջանակով ամենևին ոչ այն պատճառով, որ շրջանակված է, այլ ընդհակառակը, շրջանակը կա, որովհետև հենց այդտեղ է ավարտվում նկարը: Եվ այդ շրջանակը կա ոչ միայն ընդգծելու համար այդ ավարտը, այլև առավել ակնառու դարձնելու առանձնացումը:

Բնության մեջ ոչինչ չի կարող առանձնանալ, ոչ էլ ընդհատվել, ամեն ինչ շարունակվում է: Մարդը կարող է այնտեղ փորձել ինչ-որ բան, ծնունդ տալ գեղեցկության:

Բնությունն անմիջապես դառնում է տեր ու տիրական և տնօրինում է այն: Ահա և իսկապես իմ հիշատակած հակադրությունը: Այստեղ մարդը ենթարկվում է բնությանը:

Արվեստի գործում, ընդհակառակը, նա իրեն է ենթարկում բնությունը: «Մարդը ենթադրում է, Աստված տնօրինում»,— ասում են մեզ: Սա ճշմարիտ է բնության պարագայում: Սակայն ես կեզրափակեմ իմ մատնանշած հակադրությունը ասելով՝ արվեստի գործում, ընդհակառակը, Աստված ենթադրում է, մարդը տնօրինում: Եվ արվեստի գործ ստեղծելու յուրաքանչյուր հավակնորդ, որը չի գիտակցում սա, ամեն ինչ է, բայց ոչ արվեստագետ:

Բաժանեք նախադասությունը երկու մասի, որպես հավատամք ընդունեք բանաձևի երկու մասերից մեկը, և դուք կունենաք արվեստի երկու մեծ աղանդ, որոնք դարձյալ ու դարձյալ բախվելու են իրար՝ չփորձելով հասկանալ, որ հենց իրենց միությունից ու փոխզիջումներից միայն կարող է արվեստ ծնվել:

Աստված ենթադրում է. սա նատուրալիզմն է, առարկայացումը, կոչեք ինչպես կուզեք:

Մարդը տնօրինում է. սա ապրիորիզմն է, իդեալիզմը ...

Աստված ենթադրում է, մարդը տնօրինում. սա արվեստի գործն է:

Ամեն նոր, կեղծ «դպրոցի» պարագայում ինչու՞ պիտի բանաձևի մասերի այս անհեթեթ անհամատեղելիությունը փրկությունը տեսնի երկու մասերից բացառապես մեկի պաշտամունքի մեջ:

Մարդը ենթադրում է՝ սա երեկ, այսօր՝ Աստված ենթադրում է... Երբեմն կարծես մոռանում են, որ արվեստագետը տնօրինելու բոլոր իրավունքներն ունի, և մերթընդմերթ նա պիտի տնօրինի այն, ինչ ենթադրում է բնությունը:

Եթե քիչ առաջ ես խոսում էի արվեստագետի՝ որպես բնությանը հակադրվողի մասին և ասես արվեստի գործի մեջ նախ և առաջ տեսնում էի հաստատում, արդյո՞ք հիմա անհատապաշտությունը փառաբանելու համար էր դա, և արդյո՞ք մենք մի ծայրահեղությունից ելնելով դեպի մյուսը չենք աճապարում: Ի՞նչ է արվեստագետ հակաանհատը: Թող նա իր «համոզմունքները» թողնի ուրիշներին: Դրանք նրա վրա չափազանց թանկ են նստում և սոսկալի խեղաթյուրում են նրան: Արվեստագետը ո՛չ այս ճամբարից է, ո՛չ մյուս: Նա կոնֆլիկտի կիզակետում է:

Արվեստը չափադրող երևույթ է: Անշուշտ, սրանով չեմ ուզում ասել, թե արվեստի ամենաավարտուն գործը կլիներ այն երկը, որը հավասարաչափ հեռավորություն կպահպաներ իդեալիզմի և ռեալիզմի միջև: Բնավ ոչ: Արվեստագետը կարող է մոտենալ այդ երկու բևեռներից մեկին, որքան թույլ կտա իր համարձակությունը, սակայն պայմանով, որ աչքաթող չանի նաև մյուսը. մի ոստյուն ևս՝ և նա կկորցնի ոտքի տակի հողը:

«Մարդու մեծությունը երևում է,– ասում էր Պասկալը,– ոչ թե մի ծայրակետում լինելուց, այլ երկու ծայրակետերը միաժամանակ շոշափելուց և դրանց միջև եղած տարածությունը լցնելուց»:

Արվեստի սահմանները, որ իսկույն ևեթ հրաժարվում էինք որոնելուց, այն աստիճան պահանջում էինք, որ դրանք լինեն արտաքին, այդ սահմանները, պարոնա՛յք, որոնք ո՛չ խոչընդոտ են, ո՛չ մարտահրավեր, մենք բացահայտում ենք իբրև համակ ներքին սահմաններ: Դրանք ընդլայնման սահմաններն են:

Դա լարման բարձրակետն է, որը անցնելուց հետո ստեղծագործությունն անմիջապես տեղի է տալիս և կազմալուծ- վում, ասես երբևէ չի էլ ստեղծվել: Սահմանները արվես- տագետի մեջ են միայն. երանի նրան, ով իր մեջ ընդլայնում է, ընդարձակում դրանք, ով, ինչպես կբաղձար արվեստագետներից յուրաքանչյուրը, հնարավորին չափ ենթարկում է իրեն հնարավորին չափ բնականը:

Տիկնայք և Պարոնայք,

Եթե հանդգնեցի կրկնել, չնայած արդեն գիտեիք այդ ամենը, պատճառն այն է, որ դուք՝ այս մասին մտածողներդ, խիստ փոքրաթիվ եք, իսկ կեղծ արվեստագետներն ու հերետիկոսները մեծ թիվ են կազմում:

Ամառ, 1901 թ.

 

* Այս խորագրով հայտարարված զեկուցումը պատրաստվել էր Անկախ արվեստագետների 1901 թ. ցուցահանդեսի համար: Ի մեծ ափսոսանք ինձ, ինչ-որ խոչընդոտ խանգարեց այն կարդալու: Այստեղ պարզապես ներկայացնում եմ դրա ուրվագիծը:

 

 

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյանի

André Gide, “Prétextes” Paris, 1995