1/1/1998

Ասույթներ

Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Ջինո Դե Դոմինիցիսը ծնվել է Անկոնայում 1947 թվականին: Նրա ստեղծագործությունը ետպատերազմյան շրջանից ի վեր բացարձակապես զերծ է այլազան գեղարվեստական ազդեցություններից: Առաջին անգամ ցուցադրվել է 1966 թվականին, որից հետո նրա ստեղծագործությունները ցուցադրվել են թե Իտալիայում, թե արտասահմանում:

Ջինոյի ստեղծագործությունների մասին ոչ ժողովածուներ են հրատարակվել, ոչ գրքեր: Նա համարում է, որ լուսանկարչությունը ո՛չ վավերագիրն է, և ո՛չ էլ ծանուցողական օժանդակությունն իր աշխատանքի:

 

  • Հասարակությունն է, որ ցուցադրում է իրեն արվեստի ստեղծագործությանը, և ոչ հակառակը:

 

  • Այսօր համատարած այն կարծիքն է իշխում, թե տեսողական արվեստի ցուցադրությանը նվիրված վայրերն ընդունակ են հրաշքով արվեստի ստեղծագործության վերածելու այն, ինչ այնտեղ ցուցադրվում է:

 

  • Սխալ է արվեստագետի անունը դնել իր ստեղծագործության լուսանկարի տակ. լուսանկարի տակ լուսանկարչի անունը պետք է լինի:

 

  • Իմ սեփական արվեստը ներկայացված է գծանկարչության, գեղանկարչության, քանդակագործության (եռաչափ  ստեղծագործությունների), անտեսանելի գործերի, ճարտարապետության ձևով. երբեմն ստեղծել եմ նաև «ֆիզիկական օքսիմորոններ  (հակասությունների  համաձուլվածքներ)  և հոմեոպատիկ» գործեր:

 

  • Ես առանձնապես հետաքրքրված չեմ ժամանակակից կամ անտիկ արվեստով: Նախընտրում եմ անդրջրհեղեղյան արվեստը:

 

  • Իմ ստեղծագործությունները հաճախ հրաժարվել են ցուցադրվել խոշոր ցուցահանդեսներում:

 

  • Լուսանկարչությունը չի ստեղծում. այն վերարտադրում կամ մեկնաբանում է այն, ինչ արդեն գոյություն ունի:

 

  • Նկարիչը նման է աճպարարի, որը պետք է կարողանա զարմացնել իրեն իր իսկ հնարքներով: Այս է բարդությունը:

 

  • Նորաձևության ցուցադրություններն, անշուշտ, ավելի մեծ հաջողություն կունենային, եթե այնտեղ հագուստների ցուցադրություն չլիներ:

 

  • Համատեղ կամ թեմատիկ ցուցադրություններում առանձին թեմա ներկայացնելու կամ օժանդակելու նպատակով հաճախ նույնիսկ մեռած արվեստագետների գործերից օգտվելու փոխարեն ավելի լավ կլիներ, եթե «քննադատները» փորձեին որևէ խմբագրի համոզել, որ իրենց պրոբլեմների մասին գիրք հրատարակի:

 

  • Պատմության առասպելը հանգեցնում է այն հավատին, որ գեղարվեստական ցանկացած փաստ կամ արտահայտություն հետաքրքիր է, հիշվելու ու հավաքագրման արժան, լոկ իր գոյության արժանիքից ելնելով:

 

  • Հազվադեպ է լինում, որ արվեստագետը՝ գիտակցաբար թե անգիտակցաբար, պայմանավորված չլինի կրոնով, որին հարում է: Այն ի հայտ է գալիս նրա գեղարվեստական ինքնաարտահայտման եղանակի մեջ:

 

  • Մոտ երկու հազար տարի առաջ որոշվեց, որ կինը ստորադաս է տղամարդուն, և որ արվեստագետն ավելորդ կերպար է, որին պետք է փոքր-ինչ վերապահումով մոտենալ. ահա ձեզ սերնդե-սերունդ հաղորդված հիմարության երկու օրինակ:

 

  • Գծանկարչության ու գեղանկարչության նման «քանդակագործությունը» չի պայմանավորված ձգողականության ուժով:

 

  • Հռոմը հիմնադրվել է Ռոմուլուսից ու Ռեմուսից շատ ավելի վաղ՝ շումերների կողմից:

 

  • Այն արվեստագետները, որոնց թվում է, թե իրենց ստեղծագործությունը այլ արվեստագետների «հետազոտությունների բնական շարունակությունն» է, արվեստը շփոթում են գիտության հետ:

 

  • Ժամանակակից արվեստը պատմականացնելու անմիտ սովորությունը գալիս է մեր ժառանգների դատին արժանանալու վախից:

 

  • Աշխարհին հայտնի են միայն երկչափ կամ եռաչափ ստեղծագործություններ, ու մեկ էլ՝ Ջինո Դե Դոմինիցիսի մի քանի անտեսանելի գործ:
  • Արվեստը հանճարի տիրույթն է, իսկ դրա տարածքը ուղղահայացությունն է. այն չի շարժվում աջից՝ ձախ կամ հակառակը. ավելի շուտ այն անշարժ է՝ բարձունքից բարձունք:

 

  • «Կահավորանք» ու «ինստալացիա» ստեղծող արվեստագետները պարզապես փոխարինել են արհեստավորներին:

 

  • Ժամանակակից արվեստի նովելները բիբլիական ոճով հանգերգում են. «Ռաուշենբերգը ծնեց Բուրիին, որը ծնեց...»:

 

  • Իտալիայում ամերիկյան ծագում ունեցող «կոնցեպտուալ արվեստ» տերմինը մեծ համակրանք է վայելում, քանի որ այն, ըստ երևույթին մեզ հիշեցնում է այնպիսի տարածված անուններ, ինչպիսիք են՝ «Concetta»-ն, «Concezione»-ն, «Concettina»-ն և այլն, և շարունակում է կիրառվել որպես ընդհանուր տերմին այն ամենի համար, ինչը գեղանկարչություն կամ «քանդակագործություն» չէ:

 

  • Ամերիկայում, ինչպեսև Եվրոպա վերադառնալիս մարդիկ դեմ առան Դյուշանի «դիրքորոշման» մասին նամակին ու կարծեցին, թե դա ընդօրինակման արժանի մոդել է, և թե նրա մեթոդը արվեստ ստեղծելու այլընտրանքային ու արդիական ձև է. Իրականում դա պարզապես Մարսել Դյուշանի ձևն էր: Կարևոր է երբեք արվեստագետին չշփոթել մոդելի հետ, առավելևս մոդելն՝ արվեստագետի:

 

  • Քանի որ տեսողական արվեստի համար հեղինակային իրավունքի օրենքներ չկան, կարելի է այն պատճենել՝ պնդելով, թե իրականում, դա ընդամենը «մեջբերում» է:

 

  • Վենետիկի Բիեննալեի հետ միաժամանակ լավ կլիներ կազմակերպել «Ստեղծագործ մարդկանց Բիեննալե» (ասենք՝ Միլանում), ուր բացարձակապես ոչ մի նկարիչ ու քանդակագործ չհրավիրվեր: Ցուցադրությունը կարելի էր վստահել փոքրիշատե «ստեղծագործ» կազմակերպչի, և մրցանակներ շնորհել. օրինակ՝ «Էնդի Ուորհոլի մրցանակ»՝ լավագույն «ստեղծագործական լուսանկարի» համար, և այլ մրցանակներ՝ լավագույն փերֆորմանսի (performance) կամ լավագույն վիդեոյի, լավագույն նախապատրաստության կամ ոճավորման համար, և այլն... Այդ կերպ բոլորը երջանիկ կլինեին, մանավանդ՝ բացակայողները (նկարիչներն ու «քանդակագործները»):

 

  • Իմ աշխատանքների միակ թափառականությունն (nomadism) այն է, որ դրանք երբեմն ցուցադրվել են նաև Հռոմից դուրս:

 

  • Գծանկարչություն, գեղանկարչություն և «քանդակագործություն». անշարժ ու համր նյութ, գոյաբանորեն հակադիր՝ բոլոր մյուս գեղարվեստական արտահայտչաձևերին:

 

  • 1968 թվականին ի հայտ եկան ցուցասրահների առաջին «ստեղծագործական մենեջերները», ապա՝ «ստեղծագործական քննադատները», և բոլորովին վերջերս՝ «թանգարանի ստեղծագործական տնօրենները». շուտով գալու են «ստեղծագործական կոլեկցիոներները», «գազանանոցների ստեղծագործական տերերը», «ստեղծագործական վիրաբույժները», «ստեղծագործական կայարանապետերը» և այլն, և այլն:

 

  • Համահարթման ու մոլորակային վարակիչ եռուզեռի այս դարաշրջանում փրկվում են լոկ աննյութական ու վերացական, «անտարանցիկ» հիմնական արվեստները:

 

  • Մեր դարաշրջանը տեսողական արվեստը չի սիրում. այն նախընտրում է լեզուները, որ հոսում են ժամանակի ու տարածության միջով. գրականությունը, երաժշտությունը, կինոն, հեռուստատեսությունը և այլն... Շատերն էլ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել տեսողական արվեստի նկատմամբ՝ միակ նպատակով. աղճատելու դրա հիմնարար սկզբունքն ու այն համասեռ դարձնելու ապագայի այն լեզուներին, որ առավել հոգեհարազատ են իրենց:

 

  • «Եզրային» ու խաչաձևվող գիտությունների անհեթեթ մոդան նշանակում է, որ արվեստի խոշոր ցուցահանդեսները խճողվել են այսպես կոչված արվեստագետներով, որոնք իրականում երաժիշտներ են, տնօրեններ, բանաստեղծներ, լրագրողներ, լուսանկարիչներ, պարողներ, էկոլոգներ, դերասաններ, քննադատներ, ցուցասրահների տնօրեններ, հասարակագետներ, դրամատուրգներ, կատարողներ (performers), փիլիսոփաներ և այլն...

 

  • Նրանք, ովքեր չեն ստեղծագործում գծանկարի կամ գեղանկարի օգնությամբ, այդ անում են ակամայից, որովհետև այլ ընտրություն չունեն, կարճ ասած՝ անկարող են այդ անել:

 

  • Լեզուների «բաղարկությունը» («Contamination») մշտապես ընթացել է մի ուղղությամբ. զանազան «գեղարվեստական» լեզուները միշտ նմանակել կամ փոխ են առել հիմնական արվեստներից, և ոչ թե հակառակը:

 

  • Երբեք գոյություն չի ունեցել «արվեստի աշխարհ», գոյություն են ունեցել միայն արվեստի գործեր՝ աշխարհում:

 

  • Ավարտելուց հետո ստեղծագործությունը պետք է զարմացնի և ավելի մեծ ավյուն հաղորդի ինձ, քան սպառել եմ այն արարելիս: Այսպիսով արվեստի գործը «հակաէնտրոպիկ» է և հակասում է «թերմոդինամիկայի երկրորդ օրենքին»: Այդ կերպ մենք վերգտնում ենք մահվան և անմահության պրոբլեմը՝ չվստահելով այն գիտությանն ու գիտնականներին, ինչը վտանգավոր կլիներ:

 

  • Ապրելու համար նկարիչները կարող են ստիպված լինել վաճառել իրենց գործերը:

 

  • Արվեստն ամբողջությամբ արդիական է: Հակառակ դեպքում դա նման կլիներ այն բանին, որ քեզ ընդառաջ եկող 1920 թվականի ավտոմեքենա տեսնելիս որոշեիր փողոցն անցնել առանց շտապելու՝ մտածելով, որ վրաերթի չես ենթարկվի, որովհետև մեքենան այլ դարաշրջանից է: Իրականում այդպես չէ. նույնն է արվեստի գործերի պարագայում. նրանք միշտ էլ «այժմ» են:

 

  • Լավ կլիներ, եթե մարդիկ իրենց տունը ժողովածուներով ու գրքերով լցնելու, կամ քչփորելու համար Ինտերնետ բաժանորդագրվելու փոխարեն օդանավի կամ գնացքի սեզոնային տոմսեր գնեին և գնային իսկապես արվեստի գործեր տեսնելու:

 

  • Հետաքրքիր «վիդեոարվեստագետներին» պետք է ընտրել ու հրավիրել մասնակցելու ֆիլմերի փառատոներին՝ հատուկ բաժնով:

 

  • Յուրաքանչյուր արվեստագետ նաև խոշոր դիզայներ է, նկարիչ կամ «քանդակագործ» և աջ ոտքի վրա հատուկ նշան ունի:

 

  • Հասարակությունը նախապատվությունը տալիս է ոչ թե արվեստի ստեղծագործությանը կամ արվեստագետին, այլ «արվեստի ու արվեստագետների պատմությանը»:

 

  • Հաշվապահիս դեպքը եզակի չէ: Ներկայումս ամենատարբեր լեզուներով ու մասնագիտությամբ զբաղվող անթիվ-անհամար մարդիկ նույնպես երազում են մինչև վերջ քանդել արվեստի բազմաշերտ ու բազմաբնույթ (multimedia) սահմանները: Նրանք նույնպես ուզում են դառնալ արվեստագետ, ցուցահանդեսներ բացել, քչփորել Ինտերնետն ու իրենց փորձը կիսել միլիոնավոր այլ «արվեստագետների» հետ:

 

  • Ամեն լեզու անհրաժեշտությունից է ծնվում: Ֆիզիկական անմահությունը հիմնական արվեստների պահանջն է, իսկ դրա մոդելը գլուխգործոցն է:

 

  • Ես, անշուշտ, շատ ավելի հին եմ, քան եգիպտացի արվեստագետը:

 

  • Այսօր, ի թիվս շատ այլ «վերիվարումների», արվեստում ևս մնայուն է շրջված ժամանակի ընկալումը. արվեստն ու ժամանակակից արվեստագետներն իրենց համարում, և համարվում են արդիական, այնինչ՝ իրենցից առաջ եղածը տեսնելով իրենց պետք է ավելի հին համարեին:

 

  • Արվեստի գործը՝ որպես կատարյալ ու կենդանի օբյեկտ կարող է ներազդել կենսաբանական պրոցեսների վրա:

 

  • Գծանկարչությունը, գեղանկարչությունն ու «քանդակագործությունը» ոչ թե ավանդական արտահայտչաձևեր են, այլ նախնական: Դրա համար էլ պատկանում են նաև ապագային:

 

  • Ջինո Դե Դոմինիցիսի ասույթներից. 1969-96:

 

Կազմեց՝  Սեսիլիա Թորիլտան

 

Անգլերենից  թարգմանությունը՝  Անի Կլչյանի