1/1/1998

Նամակներ գերմանացի բարեկամին

Ռընե Լեյնոյին

 

ՆԱԽԱԲԱՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Նամակներ գերմանացի բարեկամին»-ը լույս է տեսել Ֆրանսիայում ազատագրումից հետո փոքր տպաքանակով և երբեք չիվերահրատարակվել: Ես միշտ դեմ եմ եղել դրանց հրատարակմանը արտասահմանում ՝ ելնելով այն պատճառներից, որ կներկայացնեմ ստորև:

Առաջին անգամն է, որ այդ նամակները լույս են տեսնում Ֆրանսիայի տարածքից դուրս: Նման վճիռ կայացնելու համար պակաս կարևոր չէր այն գիտակցությունը, թե իմ համեստ մասնակցությամբ երբևէ նպաստելու եմ մեր երկու տերությունները բաժանող անհեթեթ սահմանի վերացմանը:

Սակայն չեմ կարող թույլ տալ, որ այդ էջերը վերահրատարակվեն առանց լուսաբանման, թե դրանք ինչ են ներկայացնում իրենցից: Այդ էջերը գրվել և հրատարակվել են ընդհատակում: Նրանք ունեցել են մի նպատակ՝ փոքր-ինչ պարզաբանել այն կույր պայքարը, որ մղում էինք մենք, և դրանով իսկ առավել արդյունավետ դարձնել այն:

Դրանք հանգամանքների պարտադրանքով շարադրված էջեր են և այսօր կարող են անարդարացի երևալ: Եթե իրոք պետք էր գրել պարտված Գերմանիայի մասին, հարկ կլիներ փոքր-ինչ այլ լեզու գործածել: Բայց ես կուզեի միայն կանխել մի թյուրիմացություն: Երբ տողերիս հեղինակն ասում է «դուք», նկատի ունի ոչ թե «դուք՝ գերմանացիներդ», այլ «դուք՝ նացիստներդ»: Երբ ասում է «մենք», սա միշտ չի նշանակում «մենք՝ ֆրանսիացիներս», այլ «մենք՝ ազատ եվրոպացիներս»: Ես հակադրում եմ երկու դիրքորոշումները, ոչ թե երկու ազգերին, նույնիսկ եթե պատմության մի շրջանում այդ ազգերը երկուստեք հանդես են բերել թշնամական դիրքորոշում: Ուզում եմ հիշատակել ինձ չպատկանող մի խոսք. «Ես չափազանց շատ եմ սիրում իմ երկիրը ազգայնամոլ լինելու համար»: Եվ գիտեմ, որ ո ՛չ Ֆրանսիան, ո ՛չ Իտալիան, ընդհակառակը ոչինչ չեն կորցնի, եթե սկիզբ դնեն առավել լայն մի ընկերակցության: Բայց մենք դեռևս հեռու ենք նման ակնկալիքից, և Եվրոպան շարունակում է մասնատված մնալ: Ահա ինչու այսօր ես կամաչեի, եթե ստեղծեի այն տպավորությունը, թե ֆրանսիացի մի գրող կարող է թշնամի դառնալ որևէ ազգի:

Ես ատում եմ լոկ դահիճներին: Յուրաքանչյուր ընթերցող, որ կուզենա կարդալ «Նամակներ գերմանացի բարեկամին»- ը այս տեսանկյունից, այսինքն՝ իբրև պայքարի վավերագիր ընդդեմ բռնության, կընդունի, որ այժմ կարող եմ ասել, թե չեմ հրաժարվում իմ այս խոսքի ոչ մի բառից:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ տրված հրատարակչի կողմից: Այս նամակներից առաջինը լույս է տեսել 1943թ. «Ռըվյու լիբր»-ի երկրորդ համարում, երկրորդը՝ «Կաիե դը լիբերասիոն»-ի երրորդ համարում 1944թ.: Մյուս երկուսը՝ գրված «Ռըվյու լիբր»-ի համար մնացել են չհրապարակված մինչև Ազատագրումը: Երրորդը տպագրել է «Լիբերթե» շաբաթաթերթը 1945թ. սկզբին:

 

ՆԱՄԱԿ ԱՌԱՋԻՆ

Դուք ասում էիք ինձ. «Անգնահատելի է իմ երկրի փառքն ու մեծությունը: Լավ է այն ամենը, ինչը նպաստում է նրա բարգավաճմանը: Աշխարհում, ուր ամեն բան զուրկ է իմաստից, նրանք, ովքեր մեզ՝ երիտասարդ գերմանացիներիս նման բախտ են ունեցել այն գտնել իրենց ազգի ճակատագրի մեջ, պիտի ամեն ինչ զոհաբերեն նրան»: Մի ժամանակ սիրում էի ձեզ, բայց դա արդեն մեզ բաժանում էր իրարից: «Ո ՛չ, – ասում էի ձեզ, – չեմ կարող ընդունել, թե հարկավոր է ամեն ինչ ծառայեցնել հետապնդվող նպատակին: Կան միջոցներ, որոնք չեն ներվում: Ես կուզեի իմ երկիրը սիրել կարողանալ՝ լիովին սիրելով արդարությունը: Նրան չեմ կամենա պատեհ-անպատեհ մի փառք, որին խառնված է արյուն ու կեղծիք: Կուզեի արդարությունը կյանքի կոչելով՝ նրան կյանք ապահովել»: Ինձ պատասխանեցիք. «Որ այդպես է, դուք չեք սիրում ձեր երկիրը»:

Հինգ տարի է անցել այդ օրվանից, մենք բաժանվեցինք, կարող եմ ասել, թե այդ երկարուձիգ (սակայն ձեզ համար այնքա~ն կարճատև, այնքա~ն կայծակնային) տարիների մեջ չկա մի օր, որ միտքս չգա ձեր խոսքը. «Դուք չեք սիրում ձեր երկիրը»: Երբ այսօր մտածում եմ այդ մասին, կոկորդումս ինչ-որ բան սեղմվում է: Ո ՛չ, չեմ սիրում, եթե չսիրել նշանակում է վեր հանել անարդարը այն ամենի մեջ, ինչը սիրում ենք, եթե չսիրել նշանակում է պահանջել, որ սիրելի էակը նույնանա նրա մասին ունեցած մեր ամենագեղեցիկ պատկերացման հետ: Հինգ տարի առաջ Ֆրանսիայում շատերն էին մտածում ինձ պես: Նրանցից ոմանք, սակայն, արդեն հայտնվել են գերմանական ճակատագրի մութ ու մռայլ տասներկու փոքրիկ աչքերի առջև: Եվ այդ մարդիկ, որոնք ըստ ձեզ չէին սիրում իրենց երկիրը, նրա համար արեցին ավելին, քան դուք երբևէ կանեիք հանուն ձեր երկրի, եթե նույնիսկ հնարավորություն ունենայիք հարյուր անգամ տալու ձեր կյանքը: Քանզի նրանք կարողացան հաղթել իրենք իրենց, և դա է նրանց հերոսությունը: Բայց այստեղ նկատի ունեմ երկու տեսակի փառք և ուզում եմ խոսել մի հակասության մասին, որը պարտավոր եմ ձեզ պարզաբանել:

Թե բախտը կամենա, կտեսնվենք շուտով: Բայց այնժամ մեր բարեկամությանը կտրվի վերջ: Դուք տարված կլինեք ձեր պարտությամբ և չեք ամաչի նախկին հաղթանակներից, ավելի շուտ կափսոսաք ձեր բոլոր ջախջախված ուժերի համար: Այսօր դեռևս մտքով ես ձեր կողքին եմ, ես, ճիշտ է, ձեր թշնամին, բայց նաև փոքր-ինչ բարեկամը, որովհետև այստեղ շարադրում եմ իմ բոլոր մտքերը: Վաղը սա արդեն վերջացած կլինի: Այն, ինչ ձեր հաղթանակը չկարողացավ մինչև վերջ խզել, իր ավարտին կհասցնի ձեր պարտությունը: Բայց մինչ երկուստեք գործի կդնենք անտարբերությունը, ուզում եմ առնվազն հստակ պատկերացում տալ մի բանի մասին, ինչը ո ՛չ խաղաղությունը, ո ՛չ պատերազմը չսովորեցրին ձեզ ճանաչել իմ երկրի ճակատագրի մեջ: Ուզում եմ առանց այլևայլության ասել, թե փառքի որ գաղափարն է մեզ գործի դնում: Բայց դա նշանակու ՛մ է ասել, թե ինչպիսի արիությամբ ենք մենք հիանում, որը բնորոշ չէ ձեզ: Քանզի դատարկ բան է կռվի վազ տալը, երբ դրան պատրաստվել ես շարունակ, երբ ձեզ համար ավելի բնական է վազելը, քան մտածելը: Ընդհակառակը, շատ մեծ բան է, երբ ընդառաջ ես գնում տանջանքին ու մահվան և հաստատապես գիտես, որ ատելությունն ու բռնությունն ինքնին ապարդյուն միջոցներ են: Շատ մեծ բան է, երբ կռվում ես արհամարհելով պատերազմը, երբ համաձայն ես ամեն ինչ կորցնել, բայց պահպանել երջանկության համը, երբ դիմում ես քարուքանդի, սակայն փայփայում ես բարձրագույն քաղաքակրթության գաղափարը: Հենց սրանով է, որ մենք անում ենք ավելին, քան դուք, քանզի պիտի հաղթահարենք ինքներս մեզ: Դուք հաղթահարելու ոչինչ չունեցաք ո ՛չ ձեր սրտում, ո ՛չ ձեր բանականության մեջ: Մենք ունեինք երկու թշնամի, և զենքով հաղթանակ տանելը մեզ բավական չէր, ինչպես ձեզ, որ ոչնչի տեր չէիք դառնալու:

Մենք շատ բաներով պիտի անցնեինք, գուցեև առաջին հերթին ձեզ նմանվելու հավիտենական գայթակղությունը հաղթահարելու համար: Քանզի մեր մեջ էլ միշտ կա ինչ-որ բան, որը մղում է շարժվելու բնազդորեն, բանականությունը քամահրելով, հաջողությունը պաշտամունք դարձնելով: Մեր մեծ առաքինություններն ի վերջո հոգնեցնում են մեզ: Գիտակցությունը մեզ ամոթի զգացում է հաղորդում, և երբեմն մենք երազում ենք ինչ-որ բերկրալի բարբարոսության մասին, ուր ճշմարտությունը կտրվեր առանց ճիգուջանքի:

Բայց այս հարցում կարելի է հեշտ ապաքինվել. չէ՞ որ ի դեմս ձեզ տեսնում ենք, թե ինչի է հասցնում նման երազանքը, և մենք կրկին զգաստանում ենք, ուղղվում: Եթե հավատայի պատմության ինչ-ինչ ճակատագրականությանը, կմտածեի, թե դուք մեր՝ բանականության կղզյակներիս կողքին եք հայտնվել մեզ ուղղելու, դաս տալու համար: Եվ դա է մեզ տալիս ոգու վերածնունդ, դրանից մենք ավելի լավ ենք զգում:

Բայց մենք դեռ պիտի հաղթահարեինք կասկածը, որի տակ էինք առնում հերոսությունը: Գիտեմ, դուք մեզ համարում եք հերոսությանը խորթ: Եվ սխալվում եք: Պարզապես մենք գործում ենք հերոսություն և արհամարհում ենք այն միաժամանակ: Գործում ենք, քանզի պատմության տասը դարերը մեզ պարգևել են ամենայն ազնվագույնի գիտությունը:

Արհամարհում ենք, քանզի բանականության այդ տասը դարերը մեզ ուսանել են բնականի արվեստն ու արժա- նիքները: Ձեր առջև կանգնելու համար մենք պիտի գայինք շատ հեռվից: Ահա ինչու ենք ետ մնում ողջ Եվրոպայից, որը հարկ եղած դեպքում նետվում էր դեպի կեղծիքը, մինչ մենք իրար անցած որոնում էինք ճշմարտությունը: Ահա ինչու մենք սկսեցինք պարտությունից, և մինչ դուք հարձակվում էիք մեզ վրա, մենք զբաղված էինք մեր սրտերում որոշելով, թե արդյոք լիակատար իրավունքը մեզ է պատկանում:

Մենք դեռ պիտի հաղթահարեինք մարդու հանդեպ ունեցած սերը, խաղաղ ու հանգիստ ճակատագրի մեր ստեղծած պատկերը, այն խորին համոզմունքը, թե ոչ մի հաղթանակ հատուցում չի բերում, մինչդեռ մարդու ամենայն աղճատում ու խեղում անդառնալի է լինում: Մենք պիտի միաժամանակ հրաժարվեինք մեր գիտությունից և մեր հույսից, սիրելու մեր պատճառներից և ցանկացած պատերազմի հանդեպ տա- ծած մեր ատելությունից: Մեկ բառով դա ասելու համար, որը, կարծում եմ, կհասկանաք և որը արտաբերում եմ ես, ում ձեռքը դուք սիրում էիք սեղմել, մենք պիտի լռեցնեինք բարեկամության հանդեպ ունեցած մեր սերը:

Հիմա արդեն սա ի կատար է ածվել: Մենք պիտի մի երկարատև շրջադարձ անեինք և շատ ուշացումով տեղ հասանք: Մի շրջադարձ, որ ճշմարտության հանդեպ եղած կասկածը պարտադրում է կատարել բանականությանը, բարեկամության հանդեպ եղածը՝ սրտին: Այս շրջադարձը փրկեց արդարությունը, ճշմարտությունը դրեց նրանց կողքին, ովքեր վարանումների մեջ էին: Եվ անտարկույս, դրա համար վճարեցինք շատ թանկ: Վճարեցինք ստորացումներով և լռություններով, դառնություններով և բանտերով, մահապատժի առավոտներով, հրաժարումներով, բաժանումներով, հանապազօրյա քաղցով, վտիտ ու հյուծված երեխաներով և վճարեցինք ավելի, քան կարող է պարտադրել ցանկացած պատիժ: Բայց այդպես էր կարգը: Մեզ պետք էր այդ ամբողջ ժամանակը, որ տեսնեինք, թե արդյոք ունենք մարդկանց սպանելու իրավունք, թե արդյոք մեզ թույլատրված էր ավելացնել այս աշխարհի դժնդակ թշվառությունը: Եվ այդ կորցրած ու վերագտած ժամանակը, այդ ընդունված ու հաղթահարված պարտությունը, արյամբ հատուցված այդ կասկածները այսօր իրավունք են տալիս մեզ՝ ֆրանսիացիներիս, մտածելու, թե մենք այդ պատերազմի մեջ մտանք մաքուր ձեռքերով, զոհերի և հանցավոր ճանաչվածների մաքրությամբ և նրանից դուրս ենք գալու դարձյալ մաքուր ձեռքերով, բայց այս անգամ անարդարության և ինքներս մեր դեմ տարած հաղթանակի մաքրությամբ:

Որ մենք կլինենք հաղթող, դրանում դուք մի՛ կասկածեք:

Բայց կլինենք հաղթող շնորհիվ հենց այդ պարտության, այն երկարուձիգ դեգերումների, որոնցով հայտնաբերեցինք մեր հիմնավորումները, շնորհիվ այն տառապանքի, որի անարդարությունը ճաշակեցինք մենք և որից քաղեցինք դասեր: Մենք սովորեցինք ամեն հաղթանակի գաղտնիքը և եթե մի օր չկորցնենք այն, կճանաչենք վերջնական հաղթանակը: Սովորեցինք, թե երբեմն մեր մտածածին հակառակ, ոգին ոչինչ չի կարող անել ընդդեմ սրի, բայց սրին միացած ոգին հավիտենական հաղթանակողն է այն սրի նկատմամբ, որ դուրս է քաշվել պատյանից ինքնանպատակ: Ահա ինչու մենք հիմա ընդունեցինք սուրը՝ վստահանալով, որ ոգին մեզ հետ է: Սրա համար մեզ հարկ եղավ տեսնել մահն ու մահվան վտանգը, իր բանտի միջանցքներով դեպի գիլյոտին գնացող ֆրանսիացի բանվորի առավոտյան զբոսանքը, երբ նա դռնից դուռ անցնելիս արիության էր կոչում իր ընկերներին: Ի վերջո մեզ հարկ եղավ մեր մարմնի խոշտանգումը, որ տեր դառնանք ոգուն: Իսկապես ունենում ես միայն այն, ինչի համար թանկ ես վճարում: Մենք թանկ վճարեցինք և վճարելու ենք դեռ: Բայց մենք մեր համոզմունքն ունենք, մեր փաստարկները, մեր արդարությունը. ձեր պարտությունն անխուսափելի է:

Ես երբեք չեմ հավատացել ինքնանպատակ ճշմարտության ուժին: Բայց արդեն մեծ բան է նշանակում գիտենալ, որ հավասարազոր ուժերի դեպքում ճշմարտությունը տանում է հաղթանակ ստի նկատմամբ: Մենք հասել ենք այդ դժվար հավասարակշռությանը: Եվ այսօր պայքարում ենք՝ հիմք ունենալով այդ նրբերանգը: Նույնիսկ համարձակվում եմ ասել, որ ուղղակի կռվում ենք հանուն նրբերանգների, այն նրբերանգների, որոնք կարևոր են, ինչպես մարդը: Կռվում ենք հանուն այն նրբերանգի, որը տարանջատում է զոհաբերությունը միստիկականությունից, եռանդը բռնությունից, ուժը դաժանությունից, հանուն դեռևս շատ թույլ դրսևորվող այն նրբերանգի, որը զատում է կեղծը ճշմարիտից, մարդուն, որի հետ հույսեր ենք կապում, թուլամորթ աստվածներից, որոնց մեծարում եք դուք:

Ահա թե ինչ էի ուզում ձեզ ասել ոչ թե այս գոտեմարտից դուրս, այլ հենց նրա մեջ: Ահա թե ինչ էի ուզում պատասխանել «դուք չեք սիրում ձեր երկիրը» խոսքին, որն ինձ հետապնդում է դեռ: Բայց կամենում եմ ձեզ հետ լինել շիտակ: Կարծում եմ, Ֆրանսիան կորցրել է իր հզորությունն ու գերիշխանությունը երկար ժամանակով և երկար ժամանակ նրան հարկ կլինի մի հուսակտուր համբերություն, աչալուրջ ընդվզում, որպեսզի վերագտնի հեղինակության իր մասնաբաժինը, հեղինակություն, որ անհրաժեշտ է ցանկա- ցած մշակույթի: Սակայն կարծում եմ, թե նա կորցրեց այդ ամենը անբասիր նկատառումներից ելնելով: Ահա ինչու հույսն ինձ չի լքում: Սա է նամակիս բուն իմաստը: Մարդը, որին հինգ տարի առաջ կարեկցեցինք իր երկրի նկատմամբ այնքան ծածկամիտ լինելու համար, նույն անձնավորությունն է, որն այսօր ուզում է ձեզ ասել, ձեզ և մեր դարաշրջանում Եվրոպայում, ամբողջ աշխարհում ապրող բոլոր մարդկանց. ՙԵս պատկանում եմ մի հրաշալի ու հարատևող ազգի, որն իր մոլորությունների ու թուլությունների երկար շարանի մեջ չի կորցրել իր փառքն ու մեծությունը կազմող գաղափարը, ինչը նրա ժողովուրդն անվերջ, անդադար, իսկ ընտրյալ խավը երբեմն ջանում է ավելի ու ավելի լավ ձևակերպել: Ես պատկանում եմ մի ազգի, որը չորս տարի առաջ սկսել է վերանայել իր ողջ պատմությունը և այժմ ավերակների մեջ հանգիստ ու վստահ պատրաստվում է այլ կերպ կերտել այն ու իր բախտը փորձել մի խաղի մեջ, որին մասնակցում է առանց հաղթաթղթերի: Այս երկիրն արժանի է, որ սիրեմ նրան դժվարին ու պահանջկոտ մի սիրով, ինչ- պիսին իմն է: Կարծում եմ՝ հիմա արդեն ավելի շատ արժե կռվել հանուն նրա, քանզի նա արժանի է բարձրագույն սիրո:

Եվ ասում եմ՝ ձեր ազգն իր զավակներից, ընդհակառակը, ստացավ միայն իրեն արժանի մի սեր, որը կույր էր: Ամեն սիրով չես արդարանա: Հենց դա ձեզ մատնեց կորստյան: Եվ դուք, որ արդեն պարտված էիք ձեր ամենամեծ հաղթանակների մեջ, ի՞նչ եք լինելու վրա հասնող պարտության մեջ»: Հուլիս, 1943 թ.

 

ՆԱՄԱԿ ԵՐԿՐՈՐԴ

Արդեն գրել եմ ձեզ և գրել եմ համոզված տոնով: Մեր բաժանումից հինգ տարի անց ես ասացի, թե ինչու էինք մենք ամենաուժեղը: Պատճառը շրջադարձն էր, որով գնացինք փնտրելու մեր փաստարկները, պատճառը այն հապաղումն էր, որին մղեց մեր իրավասության նկատմամբ դրսևորվող մտահոգությունը և այն խենթությունը, որով կամենում էինք հաշտեցնել այն ամենը, ինչ սիրում էինք: Բայց արժե դարձյալ անդրադառնալ սրան: Արդեն ասացի, թե այդ շրջադարձի համար մենք վճարեցինք թանկ: Ավելի շուտ նախընտրեցինք կարգուկանոնի կորուստը, քան անարդար լինելու վտանգը: Բայց միևնույն ժամանակ այսօր այդ շրջադարձը կազմում է մեր ուժը, և դրա շնորհիվ մենք մոտենում ենք հաղթանակին:

Այո, այդ ամենը ասացի ձեզ և ասացի համոզված տոնով, գրիչս շարժելու ընթացքում առանց բառ ջնջելու: Նաև այն պատճառով, որ այդ մասին մտածելու ժամանակ ունեցա: Մարդ մտորում է հատկապես գիշերը: Երեք տարի է, ինչ դուք գիշեր եք փռել մեր քաղաքների վրա և մեր սրտերում: Երեք տարի է, մենք խավարի մեջ հետամուտ ենք լինում այն գաղափարին, որն այսօր զենքի ձևով հառնում է ձեր դեմ: Այժմ կարող եմ ձեզ հետ խոսել բանականության մասին: Քանզի այսօրվա մեր ձեռք բերած համոզմունքն այնպիսին է, որ նրա մեջ ամեն ինչ փոխհատուցված է, պարզաբանված, իսկ բանականությունը դաշն է արիության հետ: Կարծում եմ, ի մեծ զարմանս ձեզ, դուք, որ բանականության մասին ինձ հետ խոսում էիք հեշտ ու հանգիստ, նկատելու եք, թե այն որքան հեռվից է գալիս՝ հանկարծ վճռելով մտնել պատմության մեջ:

Ահա այստեղ դարձյալ ուզում եմ անդրադառնալ ձեզ:

Ավելի ուշ կասեմ, թե սրտում տեղ գտած համոզվածությունը համենայն դեպս չի լիացնում սիրտը զվարթությամբ: Սա արդեն որոշակիորեն իմաստավորում է ձեզ գրած իմ խոսքերը: Բայց նախ ուզում եմ պատշաճը հատուցել ձեզ, ձեր հիշողությանն ու մեր բարեկամությանը: Քանի դեռ կարող եմ, ուզում եմ անել այն միակ բանը, ինչը դեռ կարելի է անել հանուն մեր մարող բարեկամության. ուզում եմ մեկընդմիշտ պարզություն մտցնել: Արդեն պատասխանել եմ «դուք չեք սիրում ձեր երկիրը» խոսքին, որ երբեմն-երբեմն նետում էիք երեսիս և որի հիշողությունը դեռ չի լքել ինձ: Այսօր ուզում եմ միայն պատասխանել ձեր անհամբեր, անփույթ ժպիտին, որ հանդես էիք բերում բանականություն բառը լսելիս: «Իր ողջ բանականությամբ հանդերձ, – ասում էիք ինձ, – Ֆրանսիան ժխտում է ինքն իրեն: Ձեր մտավորականները իրենց երկրից ավելի նախընտրում են, նայած հանգամանքներին, հուսահատությունը կամ անհավանական ճշմարտության հետամտումը: Իսկ մենք Գերմանիան դասում ենք ճշմարտությունից առաջ, հուսահատությունից վեր»: Ըստ երևույթինդա ճիշտ էր: Բայց արդեն ասացի, որ եթե մենք երբեմն կարծես նախապատվությունը տվել ենք արդարությանը, ոչ թե երկրին, պատճառն այն է, որ ուզել ենք սիրել մեր երկիրը միայն արդարության մեջ, ինչպես կուզեինք սիրել նրան ճշմարտության և հույսի մեջ: Սրանով ենք մենք տարբերվում ձեզնից, մենք պահանջկոտ էինք ինքներս մեր հանդեպ: Դուք գոհանում էիք ձեր ազգի հզորությանը զինվորագրվել, մենք երազում էինք ճշմարտությունը մատուցել մեր ազգին: Դուք բավականանում էիք իրական քաղաքականությանը ծառայելով, մենք մեր ծանրածանր մոլորությունների մեջ տարտամորեն պահպանում էինք պատվի քաղաքականության գաղափարը, որը վերագտել ենք այսօր: Ասում եմ «մենք», ոչ թե մեր ղեկավարները: Ի վերջո ղեկավարը դեռ ոչինչ չի նշանակում:

Այս պահին կարծես նորից տեսնում եմ ձեր ժպիտը: Դուք միշտ չեք վստահել խոսքերին: Ես՝ նույնպես, բայց առավել ևս ինքս ինձ: Դուք փորձում էիք ինձ մղել դեպի այն ճանապարհը, ուր ինքներդ էիք ոտք դրել, և ուր բանականությունը ամաչում էր բանականությունից: Դեռ այն ժամանակ արդեն ես չէի հետևում ձեզ: Սակայն այսօր իմ պատասխանները կլինեն ավելի վստահ: «Ի՞նչ է ճշմարտությունը»-ասում էիք դուք: Անշուշտ, դրա պատասխանը չկա, բայց մենք գոնե գիտենք, թե ինչ է սուտը: Դա հենց այն է, ինչը դուք սովորեցրիք մեզ: «Իսկ ի՞նչ է ոգին»: Մեզ ծանոթ է դրա հակառակը, որը սպանությունն է: «Եվ ի՞նչ է մարդը»: Բայց այստեղ ձեզ կընդհատեմ, քանզի դա արդեն մենք գիտենք: Նա այն ուժն է, որ վերջիվերջո հակակշռում է և՛ բռնակալներին, և՛ աստվածներին: Նա ակներևության ուժն է: Մարդկային այդ ակներևությունը պիտի պահպանենք մենք, և այժմյան մեր համոզմունքը բխում է նրանից, որ մարդու և մեր երկրի ճակատագրերը կապված են միմյանց: Եթե ոչ մի բան իմաստ չունենար, դուք ճիշտ կլինեիք: Սակայն կա ինչ-որ բան, որը դեռևս ունի իմաստ:

Չեմ կարող չափից դուրս կրկնել, բայց հենց դրանով ենք մենք տարբերվում ձեզնից: Մենք վերածել էինք մեր երկիրը գաղափարի, որը դնում էր նրան իր արժանի տեղը, այլ մեծությունների՝ բարեկամության, մարդու, երջանկության, արդարության մեր ձգտման կողքին: Եվ դա մեզ մղում էր նրա նկատմամբ խստապահանջ լինելու: Սակայն ի վերջո իրավացի դուրս եկանք մենք: Մեր հայրենիքին մենք չտվեցինք ստրուկներ, ոչինչ չնսեմացրինք հանուն նրա: Համբերությամբ սպասեցինք, որ պարզ տեսնենք և թշվառության ու ցավի մեջ ձեռք բերեցինք ուրախություն, որ միաժամանակ կարող ենք մարտնչել հանուն այն ամենի, ինչը սիրում ենք մենք: Դուք, ընդհակառակը, կռվում եք մարդու այն մասի դեմ, որը չի պատկանում հայրենիքին: Ձեր զոհողությունները անիմաստ են, քանզի ձեր հիերարխիան կատարյալ չէ և ձեր արժեքները իրենց տեղում չեն: Միայն սրտին չէ, որ դուք դավաճանեցիք: Եվ հիմա բանականությունը իր վրեժն է լուծում: Դուք չվճարեցիք նրա պահանջած գինը, պայծառամտությանը տրվող ծանր տուրքը: Պարտության այս խորխորատի միջից կարող եմ ձեզ ասել, թե հենց դա է ձեզ մատնում կորստյան:Ավելի շուտ թույլ տվեք ձեզ պատմելու սա: Ֆրանսիայում, կարևոր չէ որտեղ, մի անգամ արշալույսին ինձ ծանոթ բանտից զինված զինվորների ուղեկցությամբ մի բեռնատար տասնմեկ ֆրանսիացիների տանում է գերեզմանոց, որտեղ նրանց պիտի գնդակահարեիք: Տասնմեկից հինգը կամ վեցը իրոք արել են ինչ-որ բան դրա համար. թռուցիկ են տարածել, ինչ-ինչ տեսակցություններ ունեցել և այս ամենից զատ ժխտել ամեն ինչ: Նրանք անշարժ նստած են բեռնատարի մեջ, անշուշտ, կուլ գնացած վախին,թող թույլ տրվի ասել անմիտ վախին, որ սահմռկեցնում է անհայտության դեմ հանդիման կանգնած մարդուն, վախ, որի հետ հաշտվում է արիությունը: Մյուսները ոչինչ չեն արել: Եվ սխալմամբ մեռնելու կամ ինչ-որ անտարբերության զոհը դառնալու գիտակցությունը առավել ծանր է դարձնում նրանց այդ ժամը: Նրանց մեջ է նաև տասնվեց տարեկան մի տղա: Ձեզ ծանոթ են մեր պատանիների դեմքերը, չեմ ուզում անդրադառնալ դրան: Տղան հայտնվել էր վախի ճիրաններում, անձնատուր եղել դրան առանց ամաչելու: Մի՛ խաղացրեք ձեր արհամարհական ժպիտը: Տղայի ատամները կափկափել են ահ ու սարսափից: Բայց նրա կողքին դուք դրել եք մի հոգևորականի, որի գործն էր լինելու թեթևացնել այդ մարդկանց սպասվող ծանր ժամը: Կարծում եմ, կարող եմ ասել, թե մահվան գնացող մարդկանց համար ապագա կյանքի մասին խոսակցությունը ոչինչ չի նշանակում: Շատ դժվար է հավատալ, թե ընդհանուր փոսով չի ավարտվում ամեն ինչ: Եվ բանտարկյալները շարունակում են լուռումունջ մնալ բեռնատարի մեջ: Քահանան շրջվում է անկյունում կուչ եկած երեխայի կողմը: Սա ավելի լավ կհասկանա իրեն: Տղան արձագանքում է նրան, կառչում այդ ձայնից, հույսը նորից խայտում է նրա սրտում: Երբ տիրում է համր սարսափը երբեմն բավական է որևէ մեկը ձայն հանի, և կթվա, թե դեռ ամեն ինչ կորած չէ: «Ես ոչինչ չեմ արել» – ասում է տղան: «Այո, – պատասխանում է քահանան, – դա չէ խնդիրը: Դու պիտի պատրաստվես մահն արժանապատվորեն դիմավորելու»: «Անհնար է, որ ինձ չհասկանան»: «Ես քո բարեկամն եմ և թերևս հասկանում եմ քեզ: Բայց արդեն ուշ է: Ես կլինեմ քո կողքին, և Տեր Աստված՝ նույնպես: Կտեսնես, շատ հեշտ կլինի»: Երեխան շրջվում է: Քահանան սկսում է խոսել Աստծո մասին: Արդյո՞ք երեխան հավատում է դրան: Այո, հավատում է: Ուրեմն պիտի իմանա, որ ոչինչ արժեք չունի նրան սպասվող հավիտենական հանգստի համեմատ: Բայց հենց այդ հանգիստն է սարսափեցնում տղային: «Ես քո բարեկամն եմ» – կրկնում է քահանան: Մյուսները շարունակում են լուռ մնալ: Հարկավոր է մտածել և նրանց մասին: Քահանան մոտենում է այդ համր զանգ- վածին, մի պահ թիկունքը դարձնում երեխային: Բեռնատարը հանդարտ, թույլ հռնդյունով ընթանում է շաղից խոնավացած ճանապարհով: Պատկերացրեք ծեգի մեջ այդ լուսումութ ժամը, քնատ մարդկանց հոտը, գյուղը, որ առանց տեսնելու կարելի է կռահել միայն լծկանների բառաչից ու թռչնի ճիչից:

Երեխան կիպ սեղմվում է բրեզենտե ծածկին, որ տեղի է տալիս փոքր-ինչ: Նա հայտնաբերում է մի նեղ ճեղք բրեզենտե ծածկի ու թափքի միջև: Եթե ուզենա, կարող է ցած թռչել: Այն մեկը թիկունքը շրջել է իրեն: Առաջնամասում զինվորները ուշադիր նայում են, որ կողմնորոշվեն մռայլ աղջամուղջի մեջ: Տղան երկար-բարակ չի մտածում, պոկում է բրեզենտը, ճեղքով դուրս սահում ու ցատկում: Հազիվ լսվում է նրա թրմփոցը, հետո ճանապարհով հեռացող հապշտապ ոտնաձայնը, այնուհետև տիրում է լռություն: Տղան անցնում է հող ու դաշտով, որ խլացնում է վազքի աղմուկը:

Բայց բրեզենտի շփշփոցը, բեռնատարի մեջ ներխուժող առավոտվա խոնավ ու սուր օդը հարկադրում են քահանային ու դատապարտվածներին ետ շրջվել: Մի պահ քահանան սևեռուն նայում է իրեն լուռ զննող այդ մարդկանց: Մի պահ միայն, և Աստծո ծառան իր կոչման համաձայն պիտի որոշի, ում հետ է ինքը, դահիճների՞, թե՞ նահատակվողների: Բայց նա արդեն ծեծում է միջնորմը, որը նրան բաժանում է իր ընկերներից: «Achtung»: Ահազանգը տրված է: Երկու զինվոր նետվում են բեռնատարի մեջ և բանտարկյալների վրա նշան բռնած հսկում: Մյուս երկուսը ցատկում են ցած և դաշտերով մեկ վազում: Քահանան բեռնատարից մի քանի քայլ հեռու, ասֆալտին ցցված՝ փորձում է աղջամուղջի միջից հայացքով հետևել նրանց: Բեռնատարի մեջ մարդիկ լուռ միայն ականջ են դնում. հետապնդման աղմուկ, խլացող բացականչություններ, կրակոց, լռություն, հետո նորից ձայներ՝ ավելի ու ավելի մոտեցող և վերջապես մարող ոտնաձայներ: Տղային ետ են բերում: Նրան չէին բռնել, բայց նա ինքն էր կանգ առել թշնամական մշուշոտ այդ օղակի մեջ հայտնված, հանկարծակի քաջությունը կորցրած և թևաթափ եղած: Պահակները նրան ավելի շուտ քարշ են տալիս, քան ուղեկցում: Ծեծում են մի քիչ, ոչ շատ: Չէ՞ որ ամենակարևորը դեռ առջևում է: Տղան աչք չի գցում ո՛չ քահանայի, ո՛չ մյուսների վրա: Քահանան նստում է վարորդի կողքին, բեռնատարի մեջ մի զինված զինվոր փոխարինում է նրան: Մեքենայի մի անկյունը նետված երեխան լաց չի լինում: Բրեզենտի և հատակի արանքից նայում է սուրացող ճանապարհին, որի վրա բացվում է լույսը:

Ես ճանաչում եմ ձեզ, դուք շատ լավ եք պատկերացնում մնացյալը: Բայց դուք պիտի իմանաք, թե ինձ ով է պատմել այս պատմությունը: Ֆրանսիացի մի քահանա: Նա ասաց. «Ես ամաչում եմ այդ մարդու փոխարեն և գոհանում եմ այն մտքից,որ ոչ մի ֆրանսիացի քահանա չի հանդուրժի իր Աստծուն ի սպաս դնել մարդասպանությանը»: Եվ դա ճշմարիտ էր: Պարզապես այն հոգևորականը մտածում էր ձեզ նման: Նրան բնական էր թվում ամեն ինչ, մինչև իսկ հավատը ի սպաս դնելը իր երկրին: Ձեզ մոտ զորակոչվեցին նույնիսկ աստվածները: Նրանք ձեզ հետ են, ինչպես ասում եք դուք, բայց ոչ իրենց կամքով: Դուք այլևս ոչինչ չեք տարբերակում, դուք վերածվել եք սոսկ մի անսանձ պոռթկման: Եվ այժմ կռվում եք միայն կույր մոլեգնության միջոցներով, ուշադիր՝ ավելի շուտ զենք ու զրահին, շաչ ու շառաչին, քան գաղափարների հրամայականին, համառ՝ ամեն ինչ ցրիվ տալու և ձեր սևեռուն մտքին հետևելու մեջ: Մենք ելնում էինք բանականությունից ու դրանից բխող վարանումներից: Այդ մոլեգնության դեմ մենք ուժ չէինք: Բայց հիմա արդեն շրջադարձն ավարտված է: Մեզ հարկ եղավ մեկ երեխայի մահ, որ բանականությանը գումարեինք նաև մեր ցասումը, և այսուհետ մենք երկուսն ենք մեկի դեմ: ՈՒզում եմ ձեզ հետ խոսել ցասման մասին:

Հապա հիշեք: Ձեր վերադասներից մեկի հանկարծական պոռթկման հանդեպ ցուցաբերած իմ զարմանքին դուք պատասխանեցիք. «Դա նույնպես շատ լավ է: Բայց դուք չեք հասկանա: Ֆրանսիացիները զուրկ են այդ առաքինությունից, այն է՝ զայրույթից»: Ո՛չ, այդպես չէ, բայց ֆրանսիացիները դժվարահաճ են առաքինությունների հարցում: Եվ դրանք ի հայտ են բերում միայն անհրաժեշտության դեպքում: Դա նրանց ցասումը դարձնում է լուռ և ուժեղ, ինչը սկսել եք դուք նոր-նոր զգալ: Եվ ավարտելու համար, հենց այդ ցասումով, ինձ ծանոթ այդ միակ ցասումով էլ խոսելու եմ ձեզ հետ:

Ձեզ արդեն ասացի, թե համոզվածությունը չի լիացնում սիրտը զվարթությամբ: Մենք գիտենք, թե ինչ կորցրեցինք այդ երկարուձիգ շրջադարձի ընթացքում: Գիտենք ինքներս մեզ հետ հաշտ լինելով կռվելու այդ դառը ուրախության գինը: Քանզի ունենք անդառնալիության սուր զգացում, քանզի մեր կռիվն էլ իր մեջ ունի նույնքան դառնություն, որքան վստահություն հաղթանակի հանդեպ: Պատերազմը չէր գոհացնում մեզ: Մեր փաստարկները դեռևս պատրաստ չէին: Մեր ժողովուրդը ընտրեց քաղաքացիական պատերազմը, համառ ու հավաքական պայքարը, առանց մեկնաբանությունների զոհողությունը: Սա պատերազմ է, որ նա հայտարարեց ինքն իր դեմ և ոչ թե ընդունեց տխմար ու թուլամորթ կառավարություններից: Պատերազմ, որի մեջ վերագտավ ինքն իրեն և կռվում է հանուն այն գաղափարի, որ կազմել է ինքն իր մասին: Բայց ինքն իրեն թույլ տված այդ շքեղությունը ահավոր թանկ նստեց նրա վրա: Այդտեղ ևս այս ժողովուրդը առավել արժանիք ունի, քան ձերն է: Քանզի կենացմահու այդ կռվում ընկան նրա լավագույն զավակները. ահա իմ ամենադաժան միտքը: Պատերազմի հեգնանքի մեջ կա հեգնանքի առավելություն: Մահը տարածվում է ամենուր և բախտապավեն: Մեր մղած պատերազմի մեջ արիությունը դրսևորվում է ինքնաբուխ, և դուք հանապազօր գնդակահարեցիք մեր ամենաարդար ոգին: Քանզի ձեր պարզամտությունը զուրկ չէ կանխատեսությունից: Դուք երբեք չիմացաք, թե ինչ է հարկավոր ընտրել, բայց գիտեք, թե ինչ է հարկավոր ավերել: Իսկ մենք, որ մեզ համարում ենք ոգու պաշտպաններ, գիտենք, սակայն, որ ոգին կարող է մեռնել, երբ նրան ջախջախող ուժը բավականաչափ մեծ է:

Բայց մենք հավատում ենք մի այլ ուժի: Դուք կարծում եք, թե համրացած, այս աշխարհին արդեն հրաժեշտ տված այդ դեմքերը գնդակներով ծակծկելով այլանդակում եք մեր ճշմարտության դեմքը: Բայց դուք հաշվի չեք առնում համառությունը, որը պարտադրում է Ֆրանսիային կռվել ժամանակի հետ: Դժվարին ժամերին մեզ սատար է կանգնում այս վհատեցնող հույսը. մեր ընկերները կլինեն ավելի համբերատար, քան դահիճները և առավել շատ, քան գնդակները: Տեսնում եք, ֆրանսիացիներն ընդունակ են ցասման:

Դեկտեմբեր 1943 թ.

 

 

ՆԱՄԱԿ ԵՐՐՈՐԴ

Մինչև այժմ ձեզ հետ խոսել եմ իմ երկրի մասին, և սկզբում դուք հավանաբար մտածել եք, թե իմ լեզուն փոխվել է: Իրականում ոչինչ չի փոխվել: Պարզապես մենք նույն իմաստը չենք տալիս միևնույն բառերին, այլևս չենք խոսում միևնույն լեզվով: Բառերը միշտ ընդունում են հարուցած գործողությունների կամ զոհողությունների գույնը: «Հայրենիք» բառը ձեզ մոտ ունի արյունոտ ու կույր անդրադարձներ, ինչն առմիշտ օտար է ինձ համար, մինչդեռ նույն բառի մեջ մենք բանականության հուրն ենք դրել. դրա մեջ արիությունն առավել դժվարությամբ է ի հայտ գալիս, բայց մարդ առնվազն գտնում է իր ողջ ակնկալիքը: Մի խոսքով՝ դուք հասկացաք, իմ լեզուն իսկապես երբեք չի փոխվել: Դա այն նույն լեզուն է , որով խոսել եմ ձեզ հետ մինչև 1939 թ. և խոսում եմ այսօր:

Խոստովանությունը, որ անելու եմ ձեզ, անտարակույս, ավելի լավ կապացուցի այդ: Այս ամբողջ ժամանակ, երբ մենք համառորեն, լուռումունջ ծառայել ենք սոսկ մեր հայրենիքին, երբեք մեր տեսադաշտից չենք կորցրել շարունակ մեր մեջ առկա գաղափարը և հույսը, որոնք վերաբերել են նաև Եվրոպային: Ճշմարիտ է, հինգ տարի է, մենք չենք խոսել այդ մասին: Բայց դուք դրան անդրադարձել եք չափազանց բարձրագոչ: Այն ժամանակ մենք դարձյալ չէինք խոսում միևնույն լեզվով, մեր Եվրոպան ամենևին ձեր Եվրոպան չէր:

Բայց նախքան ասելը, թե ինչ է նա, ուզում եմ գոնե հավաստել, որ ձեզ հետ կռիվ մղելու մեր պատճառների մեջ (իսկ դրանք նույն պատճառներն են, որոնցով հաղթելու ենք ձեզ) գուցե առավել խորապես ըմբռնվածը այն գիտակցությունն է, որ մենք ոչ միայն տանջվեցինք ու տառապեցինք մեր երկրում, խոցվեցինք կարեվեր, այլև թալանվեցինք, զրկվեցինք մեր ամենագեղեցիկ պատկերացումներից, որոնց այլանդակ ու ծիծաղելի տարբերակը դուք հրամցրիք ամբողջ աշխարհին: Ամենից դաժանորեն տառապում ես այն դեպքում, երբ տեսնում ես, թե ինչպես են ծանակում և աղավաղում այն, ինչը սիրում ես: Եվրոպայի գաղափարը, որ դուք խլեցիք մեր լավագույն մարդկանցից՝ նրան տալով ձեր ընտրած վիրավորական իմաստը, այդ նորոգ ու հզոր Եվրոպայի գաղափարը մեր հոգիներում փայփայելու համար պիտի հանդես բերենք գիտակցված սիրո մեծ ուժ և կարողություն: Մի ածական կա, որ մենք այլևս չենք գործածում, ինչ դուք եվրոպական եք կոչել ստրուկների բանակը, որպեսզի նախանձախնդրորեն պահպանենք մեզ համար իր զուտ իմաստը երբևէ չկորցրած բառը, ինչը հիմա կներկայացնեմ ձեզ:

Դուք խոսում եք Եվրոպայի մասին, բայց այն տարբերությամբ, որ Եվրոպան ձեզ համար սեփականություն է, մինչդեռ մենք մեզ զգում ենք նրա ենթակաները: Դուք սկսեցիք այդպես խոսել Եվրոպայի մասին այն օրվանից, ինչ կորցրեցիք Աֆրիկան: Այդ տեսակ սերը արատավոր է: Այս հողը, որտեղ բազում դարերը թողել են իրենց հետքը, ձեզ համար սոսկ պարտադրված նահանջ է, մինչդեռ մեզ համար՝ սրբազան հույս: Ձեր հապճեպ, հանկարծական կիրքը արդյունք է հուսախաբության ու անհրաժեշտության: Այդ զգացումը պատիվ չի բերում որևէ մեկին, և դուք հիմա կհասկանաք, թե ինչու եվրոպացի անվանը արժանի ամեն ոք այլևս չընդունեց այն:

Դուք ասում եք Եվրոպա, բայց ձեր մտքում դա ռազմական տարածք է, ցորենի ամբար, կենցաղային արդյունաբերություն, կառավարվող միտք: Արդյոք շատ հեռու՞ եմ գնում:

Բայց գոնե գիտեմ, որ երբ դուք ասում եք Եվրոպա, նույնիսկ ձեր կյանքի լավագույն րոպեներին, երբ տարվում եք ձեր իսկ հորինած ստերով, չեք կարողանում չմտածել հլու, հնազանդ ազգերի կոհորտայի մասին, որին տերերի Գերմանիան տանում է դեպի առասպելական ու արնաներկ ապագա: Կկամենայի, որ դուք լավ զգայիք այս տարբերությունը. Եվրոպան ձեզ համար ծովերով ու լեռներով շրջափակված, ամբարտակներով մասնատված, հանքահորերով պատված, հասկառատ դաշտերով ծածկված տարածք է, որտեղ Գերմանիան սկսել է մի խաղ, որի ողջ խաղագումարը իր իսկ ճակատագիրն է: Բայց այդ Եվրոպան մեզ համար ոգու օրրան է, ուր քսան դար շարունակ արարվել է մարդկային ոգու ամենազարմանալի խորհուրդը: Նա այն բացառիկ ասպարեզն է, որտեղ արևմուտքի մարդու պայքարը ընդդեմ աշխարհի, ընդդեմ աստվածների, ընդդեմ ինքն իրեն այսօր հասնում է իր ամենացնցումնալից պահին: Տեսնում եք, մենք չունենք ընդհանուր չափանիշ:

Մի՛ երկնչեք, թե ձեր դեմ կկիրառեմ հին ու մաշված քարոզի կարգախոսներ. քրիստոնեական ավանդապահության կոչ չեմ անի ձեզ: Դա այլ խնդիր է: Այդ մասին դուք նույնպես շատ եք խոսել և Հռոմի պաշտպանների դերը ստանձնելով՝ չվախեցաք տարփողել Քրիստոսին, ինչին նա սկսեց վարժվել այն օրվանից, երբ ստացավ իր մահապատիժն ազդարարող համբույրը: Բայց միևնույն ժամանակ քրիստոնեական ավանդույթը մեկն է այն ավանդույթներից, որոնք ստեղծեցին այս Եվրոպան, և ես կոչված չեմ նրան պաշտպանել ձեր առջև: Այստեղ պիտի լիներ Աստծուն պահ տրված սրտի հակումն ու սերը: Իսկ դուք գիտե՞ք, որ ես որևէ առնչություն չունեմ դրա հետ: Բայց երբ մտածում եմ, թե իմ երկիրը խոսում է Եվրոպայի անունից, և պաշտպանելով մեկին՝ պաշտպանում ենք մյուսներին, այնժամ ես նույնպես դառնում եմ ավանդապահ: Այդ ավանդույթը մի քանի մեծ անհատների և միաժամանակ անկորնչելի մի ժողովրդի ավանդույթն է: Իմ ավանդույթը ունի երկու ընտրյալ՝ բանականություն և արիություն, ունի մտքի իր իշխաններն ու բազմաքանակ իր ժողովուրդը: Ինքներդ դատեք, թե արդյո՞ք տարբերվում է այն Եվրոպան, որի սահմանագիծը մարդկային ինչ-ինչ հանճարն է, իսկ խորունկ, մեծ սիրտը նրա բոլոր ժողովուրդներինը այդ գունավոր գծապատկերից, որ բռնակցելով ստեղծել եք դուք ձեր ժամանակավոր քարտեզների վրա: Հապա հիշեք, թե ինչ ասացիք ինձ մի օր, երբ ծիծաղում էիք իմ վրդովմունքի վրա. «Դոն Կիխոտն իրենից ուժ չի ներկայացնում, եթե Ֆաուստը կամենա նրան հաղթել»: Այն ժամանակ ձեզ պատասխանեցի, թե ո՛չ Ֆաուստը, ո՛չ Դոն Կիխոտը չեն ստեղծվել իրար հաղթելու համար, և արվեստը չի արարվել աշխարհին չարիք բերելու նպատակով: Այն ժամանակ դուք սիրում էիք փոքր-ինչ չափազանցված կերպարները և շարունակեցիք: Հիմա հարկավոր է, ըստ ձեզ, ընտրություն կատարել Համլետի և Զիգֆրիդի միջև: Այն շրջանում ես չէի ուզում ընտրել և մանավանդ չէի կարող Արևմուտքը պատկերացնել ուժի և ճանաչողության հավասարակշռությունից դուրս: Բայց դուք ծիծաղում էիք ճանաչողության վրա, խոսում միայն հզորությունից: Այսօր ես շատ լավ եմ հասկանում և գիտեմ, որ նույնիսկ Ֆաուստը չի օգնի ձեզ: Քանզի մենք իրոք ըմբռնել ենք, որ որոշ դեպքերում ընտրությունն անհրաժեշտ է: Բայց մեր ընտրությունը առավել արժեք չէր ունենա, քան ձերը, եթե կատարված չլիներ այն գիտակցությամբ, որ դա անմարդկային է և որ հոգևոր արժեքները չեն առանձնացվում իրարից: Մենք կարող ենք հետո դրանք վերամիավորել, ինչը դուք չկարողացաք երբեք: Տեսնում եք, շարունակ նույն միտքն է՝ մենք գալիս ենք շատ հեռվից: Բայց դրա համար վճարեցինք բավականաչափ թանկ, որպեսզի հիմա իրավունք ունենանք պաշտպանելու այն: Դա ստիպում է ինձ ասելու, թե ձեր Եվրոպան բանի պետք չէ: Նա ոչինչ չունի միավորելու կամ ջերմացնելու համար: Մեր Եվրոպան համընդհանուր ապագան է, որ շարունակում ենք կերտել բանականության ոգով ի հեճուկս ձեզ:

Շատ հեռու չեմ գնա: Երբեմն պատահում է, որ փողոցի շրջադարձին, կարճատև դադարներին, որ ընձեռում են համընդհանուր կռվի երկարատև ժամերը, մտածում եմ ինձ քաջ ծանոթ եվրոպական վայրերի մասին: Եվրոպան իրոք հրաշալի անդաստան է՝ ստեղծված տառապանքով և պատմությամբ: Ես վերսկսում եմ այդ ուխտագնացությունը, որ արել են Արևմուտքի բոլոր մարդիկ. վարդեր Ֆլորենցիայի վանքերում, կրակովյան ոսկեզօծ գմբեթներ, Հրադշին՝ իր մեռած պալատներով, Ուլտավայի վրայով ձգվող Կարլի կամուրջի ծամածռված արձաններ, Զալցբուրգի նրբագեղ զբոսայգիներ: Օ~, այդ վարդերն ու քարերը, բլուրներն ու բնապատկերները, որտեղ մարդկանց ժամանակն ու աշխարհի ժամանակը իրար են խառնել հինավուրց ծառերն ու արձանները: Հիշողությունս տարրալուծել է այդ հերթագայող պատկերները՝ ստեղծելու համար մեկ դեմք, որն իմ մեծ հայրենիքի դեմքն է: Սիրտս սեղմվում է կրծքիս տակ, երբ մտածում եմ, թե այդ կորովի ու տառապած դեմքի վրա տարիներ շարունակ ընկել է ձեր ստվերը: Եվ սակայն կան վայրեր, որ ես և դուք տեսել ենք միասին: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում, թե մի օր մենք ստիպված կլինենք այդ վայրերն ազատագրել ձեզնից: Պատահում է նաև, բարկության ու հուսահատության որոշ ժամերին ափսոսում եմ, որ վարդերը դեռ աճում են Սան Մարկոյի վանքում, աղավնիները տարմով ճախրում են Զալցբուրգի տաճարի վրա, իսկ կարմիր խորդենիները անվերջ տարածվում են Սիլեզիայի փոքրիկ գերեզմանոցներում:

Բայց լինում են և այլ պահեր, իրոք ճշմարիտ պահեր, երբ սիրտս հրճվում է: Քանզի այդ բոլոր բնապատկերները, ծաղիկները, հերկած դաշտերը, այս հինավուրց հողը ամեն գարնան ձեզ ապացուցում են, որ կան բաներ, որոնք դուք անկարող եք խեղդել արյան մեջ: Սրանով էլ ուզում եմ ավարտել խոսքս: Ինձ համար բավական չէ այն միտքը, թե Արևմուտքի բոլոր մեծ ստվերները, թե նրա երեսուն ժողովուրդները մեզ հետ են. ես չեմ կարող գոհանալ առանց նրա հողի: Եվ գիտեմ նաև, որ Եվրոպայում ամեն ինչ՝ բնությունն ու ոգին ժխտում են ձեզ հանգիստ, առանց բուռն ատելության, հաղթանակների անխռով ուժով: Զենքը, որ եվրոպական ոգին ուղղում է ձեր դեմ նույն զենքն է, որ ունի իր հասկապսակներով ու ծաղկաբույլերով անվերջ վերածնվող այս հողը: Մեր մղած պայքարը հաղթանակի համոզմունքն է կրում իր մեջ, քանզի ունի գարունների համառությունը: Վերջապես գիտեմ, որ ձեր պարտությամբ ամեն ինչ չի կարգավորվի: Եվրոպան պիտի նորից ստեղծվի: Նրան պիտի միշտ ստեղծել: Բայց առնվազն նորից կմնա Եվրոպա, այսինքն՝ այն ինչ ձեզ արդեն ներկայացրի: Ոչինչ չի կորչի: Իսկ հիմա պատկերացրեք մեզ՝ վստահ մեր փաստարկների վրա, սիրահարված մեր հայրենիքին, հափշտակված ողջ Եվրոպայով և ճիշտ հավասարակշռությունը գտած զոհողության ու երջանկության, ոգու ու սրի միջև: Սա ասում եմ դարձյալ, քանզի անհրաժեշտ է ասել, քանզի դա է ճշմարտությունը, և այդ ճշմարտությունը ձեզ ցույց կտա այն ուղին, որ իմ երկիրն ու ես անցանք մեր բարեկամությունից ի վեր. այսուհետ մեր մեջ կա մի գերազանցություն, որը կսպանի ձեզ: Ապրիլ 1944 թ.

 

ՆԱՄԱԿ ՉՈՐՐՈՐԴ

«Մարդս մահկանացու է: Հնարավոր է. բայց մահն ընդունենք դիմակայելով, և եթե մեզ վերապահված է անէություն, այնպես չանենք, որ դա դառնա դատաստան»:

Օբերման, նամակ 90

Ահա և եկավ ձեր պարտության ժամը: Ձեզ գրում եմ աշխարհահռչակ մի քաղաքից, որն ընդդեմ ձեզ պատրաստում է ազատության վաղվա օրը: Նա գիտի, որ դա հեշտ չէ և իրեն հարկավոր է մինչ այդ դարձյալ հաղթահարել ավելի մութ ու խավար մի գիշեր, քան այն գիշերը, որին սկիզբ դրեց չորս տարի առաջ ձեր գալուստը: Ձեզ գրում եմ ամեն ինչ կորցրած, լույս ու կրակից զրկված, սովի մատնված, բայց երբեք չծնկած մի քաղաքից: Ուր որ է, շատ շուտով մի նոր շունչ կփչի այնտեղ, որի մասին դուք դեռ գաղափար չունեք: Եթե մեր բախտը բերեր, կհայտնվեինք դեմ դիմաց: Այնժամ կկարողանայինք կռվել գործիմաց կերպով. ես՝ ճշմարիտ պատկերացում կազմած ձեր դրդապատճառների մասին, դուք՝ շատ լավ ըմբռնած մեր շարժառիթները:

Հուլիսյան այս գիշերները միաժամանակ թեթև են ու ծանր: Թեթև են Սենայի վրա, ծառերի տակ, ծանր՝ նրանց սրտում, ովքեր սպասում են հետայսու բաղձալի միակ արշալույսին:

Ես նույնպես սպասում եմ և մտածում եմ ձեր մասին: Ուզում եմ մի բան էլ ասել, որը կլինի վերջինը: Խոսքս այն մասին է, թե ինչպես հնարավոր եղավ այդքան նման լինելով իրար՝ այսօր արդեն թշնամիներ դառնալ, թե ինչպես կարող էի լինել ձեր կողքին և թե ինչու է այժմ ամեն ինչ վերջացած մեր միջև: Մենք երկուսով երկար ժամանակ կարծել ենք, թե այս աշխարհը չունի բարձրագույն միտք և թե մենք խաբված ենք: Որոշ առումով դեռ այդ կարծիքին եմ: Սակայն ես դրանից եկա նաև այլ եզրակացությունների, տարբեր՝ այն ժամանակ ինձ ներկայացրած ձեր եզրահանգումներից և նրանցից, որ տարիներ շարունակ փորձում եք խցկել Պատմության մեջ:

Այսօր ինքս ինձ խորհում եմ, որ եթե իսկապես դարձած լինեի ձեր գաղափարների հետևորդը, պիտի արդարացնեի ձեր գործողությունները: Իսկ դա այնքան լուրջ բան է, որ ավելի լավ է կանգ առնեմ այդ մտքի վրա այս ամառային գիշերվա սրտում՝ այնքան խոստումնալից մեզ և այնքան տագնապալից ձեզ համար:

Դուք երբեք չհավատացիք, որ այս աշխարհը իմաստ ունի և դրանից եզրակացրիք, թե ամեն բան նույն արժեքն ունի, թե բարին ու չարը կարելի է բնորոշել ըստ ցանկության: Դուք ենթադրեցիք, որ մարդկային կամ աստվածային ամենայն բարոյականության բացակայության դեպքում միակ արժեքները կենդանական աշխարհը ղեկավարող արժեքներն են, այսինքն՝ բռնությունն ու խաբեությունը: Սրանից էլ եզրակացրիք, թե մարդը ոչինչ է և կարելի է սպանել նրա հոգին, թե ամենից իմաստազուրկ այս պատմության մեջ անհատի խնդիրն է իր ուժի և հզորության գործադրությունը, իսկ նրա բարոյականությունը՝ նվաճումների իրողությունը: Ճիշտն ասած, ես, որ կարծում էի, թե մտածում եմ ձեզ պես, ձեզ հակադրվելու գրեթե այլ փաստարկ չէի գտնում, քան արդարության իմ ուժգին ծարավը, ինչն ի վերջո, ինձ թվում էր նույնքան քիչ հիմնավորված, որքան կրքի ամենահանկարծական պոռթկումը:

Ո՞րն էր տարբերությունը: Այն, որ դուք հեշտությամբ ընկնում էիք հուսահատության գիրկը, ինչի հետ ես երբեք չհաշտվեցի: Այն, որ շատ թե քիչ ընդունելով մեր վիճակի անարդարությունը՝ վճիռ կայացրիք ավելացնել այն. մինչդեռ ինձ հակառակն էր թվում, թե մարդը պիտի արդարություն հաստատի, որպեսզի դիմակայի հավերժական անարդարու- թյանը, երջանկություն արարի, որպես բողոք ընդդեմ դժբախտությունների աշխարհի: Դուք ձեր հուսահատությունը վերածեցիք գինովության, ձերբազատվեցիք նրանից՝ սարքելով այն սկզբունք, հեշտությամբ հանձն առաք կործանել մարդու ստեղծագործությունները և կռվել նրա դեմ՝ վերջնակետին հասցնելու համար նրա հանապազօրյա թշվառությունը: Իսկ ես, մերժելով այդ հուսահատությունը և այդ չարչրկված աշխարհը, կամենում էի միայն, որ մարդիկ վերագտնեն իրենց համերաշխությունը և պայքարի մեջ մտնեն իրենց անօրեն ճակատագրի հետ:

Տեսնում եք, միևնույն սկզբունքից մենք քաղել ենք բարոյական տարբեր դասեր: Պարզապես դուք ճանապարհին հրաժարվեցիք ողջախոհությունից և ավելի հարմար (դուք կասեիք անտարբեր) համարեցիք, որ մեկ ուրիշը մտածի ձեր և միլիոնավոր գերմանացիների փոխարեն: Քանի որ հոգնել էիք երկնքի դեմ կռվելուց, շունչ առաք այս ուժասպառող արկածախնդրության մեջ, որտեղ ձեր խնդիրն է հոգիներ խեղանդամելն ու աշխարհը կործանելը: Մի խոսքով, դուք ընտրեցիք անարդարությունը և ձեզ նույնացրիք աստված- ների հետ: Ձեր տրամաբանությունը մնաց երևութական:

Ես, ընդհակառակը, ընտրեցի արդարությունը, որպեսզի հա- վատարիմ մնամ աշխարհին: Բայց շարունակում եմ կարծել, թե այս աշխարհը չունի բարձրագույն իմաստ: Թեև գիտեմ, որ ինչ-որ բան նրա մեջ ունի իմաստ, և դա մարդն է, քանզի նա միակ արարածն է, որ պահանջ ունի ձեռք բերելու այդ իմաստը: Այս աշխարհն առնվազն ունի մարդու ճշմարտությունը, և մեր խնդիրն է նրան տալ անհրաժեշտ փաստարկներ ընդդեմ ճակատագրի մարտնչելու համար: Իսկ նա մարդ լինելուց զատ այլ փաստարկներ չունի, և հենց մարդուն է պետք փրկել, եթե ուզում ենք փրկել կյանքի մասին ունեցած մեր պատկերացումը: Ձեր ժպիտն ու արհամարհանքը կասեն ինձ. «Իսկ ի՞նչ է նշանակում փրկել մարդուն»: Բայց ես իմ ողջ էությամբ գոռում եմ՝ դա նշանակում է չայլանդակել նրան և տալ արդարության բոլոր հնարավորությունները, արդարություն, որ միայն նա է ընդունակ ընբռնելու:

Ահա ինչու մենք ելանք ձեր դեմ: Ահա ինչու պիտի գնայինք սկզբում ձեր ճանապարհով, որը խորթ էր մեր էությանը և որն ի վերջո ավարտվեց մեր պարտությամբ: Քանզի ձեր ուժը ձեր հուսահատության մեջ էր: Այն պահից, երբ այդ հուսահատությունը մենակ է, մաքուր, ինքնավստահ, անողոք իր հետևանքների մեջ, ձեռք է բերում անողոք հզորություն: Դա այն հզորությունն է, որը ջախջախեց մեզ, մինչ մենք վարանումների մեջ էինք և դեռ հետադարձ հայացք էինք նետում դեպի երջանիկ ժամանակները: Կարծում էինք, թե երջանկությունը ամենամեծ նվաճումն է, հաղթանակը, որ տանում ենք մեզ պարտադրված ճակատագրի հանդեպ: Նույնիսկ պարտության մեջ դրա կորստի ափսոսանքը չէր լքում մեզ:

Բայց դուք արեցիք պետք եղածը, մենք մտանք Պատմության մեջ: Եվ հինգ տարիների ընթացքում այլևս անհնարին դարձավ մթնշաղի զովության մեջ վայելելու թռչունների դայլայլը: Դուք պարտադրեցիք մեզ հուսահատության մեջ ընկնել: Մենք կտրվել էինք աշխարհից, քանզի յուրաքանչյուր պահը այդ աշխարհը լցնում էր մահվան պատկերների հերթական շարքով: Արդեն հինգ տարի է, ինչ այս հողի վրա չի բացվում մի առավոտ առանց հոգեվարքի, չի իջնում մի երեկո առանց բանտերի, չի լինում մի օր առանց սպանության: Այո՛, մենք հարկադրված էինք հետևել ձեզ: Բայց մեր դժվարին սխրանքը հանգում էր նրան, որ պատերազմում հետևելով ձեզ՝ չմոռանանք երջանկության մասին: Եվ անողոք գոռում-գոչյունի, դաժանության մեջ մենք փորձում էինք մեր սրտերում պահել գեղածիծաղ ծովի, անմոռաց բլրի, ժպտաթով, սիրելի դեմքի հիշողությունը: Հարկավ, սա մեր լավագույն զենքն էր, զենք, որ երբեք վայր չենք դնելու: Քանզի այն օրը, երբ ցած դնենք այն, կդառնանք ձեզ պես մեռած: Պարզապես մենք այժմ գիտենք, որ երջանկության զենքը կռելու համար շատ ժամանակ ու շատ արյուն է պահանջվում: Մեզ հարկ եղավ թափանցել ձեր փիլիսոփայության մեջ, համաձայնվել փոքր-ինչ նմանվել ձեզ: Դուք ընտրել էիք աննպատակ, ուղեկորույս հերոսությունը, քանզի դա միակ արժեքն էր իր իմաստը կորցրած այս աշխարհի մեջ: Եվ ընտրելով այն ձեզ համար՝ ընտրեցիք նաև բոլորի ու մեզ համար: Մենք ստիպված էինք ձեզ ընդօրինակել, որպեսզի չմեռնեինք: Բայց այնժամ նկատեցինք, որ ձեր նկատմամբ ունեցած մեր գերազանցությունը հենց ուղեգիծ ունենալն էր: Հիմա, երբ պատերազմը ավարտվելու վրա է, կարող ենք ասել, թե ինչ սովորեցինք՝ հերոսություն գործելը մեծ բան չէ, առավել դժվար է երջանկություն նվաճելը:

Այժմ ձեզ համար ամեն ինչ պիտի պարզ լինի. դուք գիտեք, որ մենք թշնամիներ ենք: Դուք անարդարության մարդիկն եք, իսկ աշխարհում չկա մի բան, որ հոգիս ավելի շատ ատի, քան անարդարությունը: Բայց եթե դա եղել է լոկ կրքի պոռթկում, այժմ արդեն գիտեմ դրա պատճառները: Ես կռվում եմ ձեր դեմ, որովհետև ձեր տրամաբանությունը նույնքան ոճրագործ է, որքան սիրտը: Եվ չորս տարի շարունակ մեզ շռայլած սարսափների մեջ ձեր բանականությունը նույնքան մասնակից է, որքան բնազդը: Ահա ինչու, իմ դատավճիռը կլինի վերջնական, դուք արդեն մեռած եք իմ աչքին: Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ կդատեմ ձեզ ձեր արյունարբու վարքագծի համար, կհիշեմ, որ և՛ դուք, և՛ մենք գալիս ենք նույն մենությունից, որ և՛ դուք, և՛ մենք ողջ Եվրոպայի հետ հաղորդակիցն ենք բանականության նույն ողբերգության: Եվ հակառակ ձեզ, ձեզնից չեմ վերցնի մարդ կոչումը: Մեր հավատին հավատարիմ մնալու համար մենք ստիպված ենք հարգել ձեր մեջ այն, ինչը չեք հարգում դուք ուրիշների մեջ: Երկար ժամանակ դա ձեր մեծագույն առավելությունն էր, քանզի դուք սպանում էիք առավել հեշտությամբ, քան մենք: Եվ մինչև ժամանակների վախճանը դա կլինի ձեր նմանների առավելությունը: Բայց մինչև ժամանակների վախճանը մենք, որ չենք նմանվում ձեզ, պիտի վկայություն տանք, որպեսզի մարդը չնայած իր ծանրագույն մեղքերին, ստանա իր արդարացումն ու անմեղության գրավականները:

Ահա ինչու այս պայքարի վերջում դժոխքի դեմքն ստացած քաղաքի սրտում, չնայած հայրենակիցներիս հասցրած բոլոր տառապանքներին, չնայած այլանդակված մեր մեռելներին և որբացած գյուղերին, կարող եմ ասել նույնիսկ այն պահին, երբ ձեզ կջախջախենք անգթորեն ու անողոքաբար, համենայն դեպս չենք տածի ատելություն ձեր նկատմամբ:

Եվ եթե վաղը նույնիսկ այլոց պես մեզ հարկ լինի մեռնել, մենք դարձյալ ատելություն չենք ցուցաբերի: Չենք ասի, թե կլինենք զերծ վախից, մենք կփորձենք միայն մնալ ողջախոհ: Բայց կարող ենք հավաստել, որ ոչինչ չենք ատի:

Աշխարհում մի բան կա, որ կարող էի այսօր ատել, բայց ասում եմ ձեզ, թե դրա հետ արդեն փակել ենք հաշիվները և ուզում ենք ոչնչացնել ձեզ՝ ջախջախելով ձեր հզորությունը, բայց առանց խեղելու ձեր հոգին:

Մեր նկատմամբ ունեցած առավելությունը, ինչպես տեսնում եք, դուք շարունակում եք պահպանել: Բայց դա նաև մեր գերազանցությունն է: Եվ հիմա դա է ինձ համար դարձնում թեթև այս գիշերը: Մեր ուժը ձեզ նման աշխարհի խորիմաստության մասին մտածելու մեջ է, մեր ապրած դրամայից ոչինչ չժխտելու մեջ, բայց միաժամանակ բանականության այս ավերածության վերջում մարդու գաղափարը փրկելու և դրանից դեպի վերածնունդ տանող անհողդողդ արիություն քաղելու մեջ: Անշուշտ, աշխարհին ուղղած մեր մեղադրանքը դրանից չի նվազում: Այս նոր գիտության համար մենք շատ թանկ վճարեցինք, որպեսզի մեր իրավիճակը հուսահատական չթվա մեզ: Լուսաբացին հարյուր հազարավոր սպանվածներ, բանտերի ահարկու պատեր, Եվրոպա, որի հողը տնքում է միլիոնավոր դիակներից, որոնք եղել են իր զավակները. այս ամենը հարկ եղավ երկու-երեք նրբերանգի ձեռք բերման վճարի համար, նրբերանգներ, որոնք թերևս այլ բանի պիտանի չլինեն մեզնից մի քանիսին օգնելուց բացի, որ պատվով մեռնեն: Այո, սա հուսահատեցնող է: Բայց մենք պիտի ապացուցենք, որ արժանի չենք այդքան անարդարության: Այս այն խնդիրն է, որ դրել ենք մեր առջև և պիտի լուծենք վաղը: Եվրոպայի այս գիշերվա մեջ, ուր թևածում է ամառվա շունչը, միլիոնավոր զինված կամ անզեն մարդիկ պատրաստվում են պայքարի: Ուր որ է, կծագի արշալույսը և կբերի վերջապես ձեր պարտությունը: Գիտեմ, երկինքը, որ այնքան անտարբեր էր եղել ձեր դաժան հաղթանակների նկատմամբ, նույնքան անտարբեր կլինի ձեր արդարացի պարտության հանդեպ: Այսօր դեռևս ոչինչ չեմ սպասում նրանից: Բայց մենք գոնե կօգնենք մարդ արարածին, որ փրկվի մենությունից, ուր ուզում էիք դուք նետել նրան: Իսկ դուք, որ ուրացել եք հավատարմությունն առ մարդը, պիտի մեռնեք հազարներով հենց մենության մեջ: Հիմա արդեն կարող եմ ձեզ ասել՝ մնաք բարով:

Հուլիս 1944թ.

 

 

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Արուս Բոյաջյանի

Albert Camus “Lettres à un ami allemand”, Gallimard 1948