1/1/1998

Հայ. ընկոյզ բառի տոհմածառը

Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում «ընկույզ» իմաստը նշանակելու համար գոյություն ունեն զգալի քանակությամբ  հոմանիշ  ձևեր,  գրական  և  բարբառային  զանազան տարբերակներ՝ ընկոյզ, կաղին, կակալ, պոպոկ, ճղոպուր, նուշ և այլն: Նույնիմաստ բառերի նման առատությունը պատահական չի կարող լինել և, անտարակույս,  արդյունք է այն բանի, որ դեռևս անհիշելի ժամանակներից հայերն ունեցել են բնությունից իրենց տրված ընկույզի մշակույթ, որի լեզվական դրսևորումներն էլ հասել են մինչև մեր օրերը:

Ցավոք սրտի, դեռևս գոյություն չունի «ընկույզ» իմաստով հայերեն բառերի ամբողջական մի քննություն, իսկ առկա մի քանի մեկնություններն էլ թերի են և կողմնորոշված բացառապես դեպի արտաքին աշխարհը:

Սույն հոդվածը մի փորձ է լրացնելու այդ բացը, լեզվաբանության նորագույն մեթոդների կիրառմամբ լուսաբանելու հայ. ընկոյզ բառի, հայոց ընկոյզ աշխարհի ընդերքն ու եզերքը:

Ընկոյզ Սա հայոց լեզվում ընկույզի ընհանրական անվանումն է, որի բարբառային տարբերակները, ըստ Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի», բավականին շատ են՝ ընկուզ, ունղայզ, ունգուզ, անգուզ, ինգօզ, գուզ, գիւզ, ունգուս և այլն: Բացի այդ, Աճառյանը բերում է նաև ընգոյզ և անկոյզ  գրավոր  ավանդված  ձևերը:  Խոսելով  հայ. ընկոյզ բառի ծագման և արտաքին կապերի մասին, Հ. Աճառյանն արտահայտում է մի շարք նկատառումներ, որոնք, ելնելով մեր  հետագա  շարադրանքի  շահերից,  նպատակահարմար ենք գտնում մեջբերել ամբողջությամբ:

«= Բառս գտնվում է Առաջավոր Ասիայի շատ լեզուների մեջ. հմմտ.  պրս.  goz,  gavz,  քրդ.  guz,  guiz,  goviz,  չաղաթայ., արաբ. javz, թրք. jeviz, եբր. egoz, ասոր. gauza, օսս. angoza, anguz, իմերել. և վրաց. նիգոզի, մինգր. նէջի, չերքեզ. desvi, բոշայ. անքօռ (Կովկաս), անքոտ (Ակն. տես Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 62): Բայց այս ձևերից ոչ մեկը չի կարող հայերենի մայր համարվել: Ընդհակառակը շատերը կարող են բացատրվել հայերենով: Ձայնական օրենքների համաձայն՝ հյ. ընկոյզ ձևը գալիս է նախավոր *ինկոյզ ձևից և այս էլ թերևս *engouz ձևից, որին առանձնապես նման են կովկասյանները (օսս., իմերել., վրաց.): Սեմական ձևերը սեմագետ- ների կողմից բնիկ չեն համարվում. արդեն սեմական gauz ձևը  չի  կարող  տալ  հայ.  ընկոյզ.  հավանաբար  հին  հայ. *engouz տվել է սեմ. *eggouz, որից եբր. egoz, նախաձայնի կրճատմամբ էլ՝ մյուս բոլոր ձևերը: Արդեն ըստ Hehn, Kulturpflanzen, էջ 390, ընկոյզը, նուշը և շագանակը Փոքր Ասիո հյուսիսային կողմերից են գալիս և Հայաստանը՝ որ ընկույզի արտադրության կողմից նշանավոր երկիր է, կարող էր իր բառը դեպի հարավ և դեպի արևելք տարածած լինել: Հավանաբար հյ. ընկոյզ հին խալդիական լեզվից մնացած բառ է»:

Արդ՝ կարելի՞ է արդյոք զուտ լեզվաբանական նյութի հիման վրա  ապացուցել  հայ.  ընկոյզ  բառի՝  այլ  լեզուներ ներթափանցած  լինելու  հանգամանքը:  Այս  հարցին  մենք տալիս ենք   դրական  պատասխան՝  սոսկ  այն  վերապահումով, որ դրա համար հարկ կլինի ցույց տալ, որ ընկոյզ բառն ունի հենց հայկական կազմություն, և որ այդ կազմությունը գալիս է ընկույզի ֆիզիկական հատկություններից:

Ամենից առաջ ասենք, որ վիճելի է Աճառյանի կարծիքն այն մասին, թե հայ. ընկոյզ բառը, ձայնական օրենքների համաձայն, գալիս է նախավոր *ինկոյզ կազմությունից. սա հնարավոր մի շարք տարբերակներից մեկն է միայն: Ինչպես հայտնիէ, հայերենում ը-ձայնավորը կարող է ծագել ոչ միայն նախա- վոր ի-ից, այլև ու-ից, ինչպես որ ունենք մուտք-մտնել և միտք-մտածել և այլն: Ասվածից հետևում է, որ հայ. ընկոյզ բառի համար կարելի է վերականգնել ոչ միայն *ինկոյզ, այլ նաև *ունկոյզ նախաձևը, որը հաստատվում է բարբառային ունգուզ, ունգուս տարբերակների գոյությամբ:

Այսպիսով, իբրև ելակետային լեզվաբանական տվյալներ, մենք ստացանք հայ. ընկոյզ բառի առաջին բաղադրիչի վերականգնման երկու տարբերակ *ին- և *ուն-, սակայն, մինչ դրանց հանգամանալից քննությունը, մեզ հարկ է զբաղվել ընկոյզ բառի կոյզ բաղադրիչով:

Ինչպես ցույց են տվել վերջին տարիների մեր ուսումնասիրությունները, հայերենում ոյ երկբարբառը կարող է ծագել նախավոր *որ-ից, այսինքն՝ հայերենում գործում է որ > ոյ > ու հնչյունափոխության օրենքը: Եվ եթե փորձենք այդ օրենքով վերականգնել մեզ հետաքրքրող կոյզ տարրի նախաձևը, ապա կստանանք *կորզ կազմությունը՝ կոյզ < կորզ: Ստացված կորզ բառն աստղանիշ չի կրում, քանի որ նույնանում է հայ. կորզ արմատի հետ, որից ունենք կորզել «քաշել, հանել, խլել, փրցնել» բայը, որը Հ. Աճառյանը դրել է անհայտ ծագման բառերի շարքը: Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է կապը կորիզ բառի հետ: Այլ կերպ ասած, մենք կարծում ենք, որ հայ. կորզել բառը ծագում է նախավոր *կորիզել կազմությունից և հնում նշանակել է պարզապես «կորիզը հանել»:

Այն, որ ընկոյզ բառի կոյզ բաղադրիչը ծագմամբ նույնն է կորիզ բառի հետ, ունի իր օգտին խոսող մի կռվան ևս. հայերենում այդ երկու բառերն էլ պատկանում են -ո հոլովման՝ ընկոյզ-ընկուզո և կորիզ-կորիզո:

Այսպիսով, մենք պարզեցինք, որ հայ. ընկոյզ բառի կոյզ տարրը ոչ այլ ինչ է, քան կորիզ բառի հնչյունափոխված տարբերակը: Մի փոքր ավելի խորացված քննությունը մեզ հնարավորություն կտա վեր հանել մի ամբողջ շարք ձևաիմաստային այլ զուգահեռներ, որոնց կապը խնդրո առարկա հոմանիշների հետ արտաքուստ թվում է միանգամայն անտեսանելի:

Հայերենում կորիզ բառի բացարձակ զուգահեռն է կուտ, և եթե  փորձենք  այն  դիտարկել  վերը  նշված  որ  >  ոյ  >  ու զարգացման   տեսանկյունից,   ապա   կստանանք մոտավորապես հետևյալ պատկերը. կուտ > կոյտ > կորտ: Այս վերականգնումից հետևում է, որ *կորտ նախաձևի կոր արմատը նույնն է կորիզ հոմանիշի կոր արմատի հետ, այսինքն՝ հայերենում կորիզ և կուտ  բառերը նույնն են ոչ միայն իմաստով, այլև ծագմամբ, իսկ կառուցվածքային մասնակի տարբերությունները ներկայացնում են միևնույն հնչյունական օրենքի զարգացման տարբեր փուլերը:

Այս վերլուծությամբ մենք մոտենում ենք հնարավոր իմաստային խառնաշփոթի վտանգավոր սահմանագծին, քանի որ կորիզ իմաստը կարող է ծագել ինչպես կառուցվածքային հատկանիշներից՝  «կլոր,  կոր,  ուռուցիկ,  գնդաձև»  և  այլն, այնպես էլ բովանդակային չափանիշներից՝ «կոշտ, պինդ, կարծր, ամուր» և այլն: Անշուշտ, չի կարելի բացառել նաև այս երկու իմաստային դաշտերի միախառնումը, քանի որ պտուղների մի մասում՝ ծիրան, դեղձ, սալոր և այլն, կորիզը կոշտ է, իսկ այլ խմբում՝ ընկույզ, կաղին, նուշ և այլն, ընդհակառակը՝ փափուկ և ուտելի: Անտարակույս, կարելի է ամեն մի դեպքի համար առաջարկել ինչ-ինչ բացատրություններ, բերել  զանազան  փաստեր  ու  ապացույցներ,  սակայն  այդ ամենը մեզ շատ կհեռացնի մեր բուն նյութից: Վերը բերված վերականգնումները մեզ բավարարում են այնքանով, որ ցույց են տալիս հայ. ընկոյզ բառի կապը կորիզ բառի հետ, իսկ կորիզ և կուտ հոմանիշների ծագման և նախնական իմաստի հետ կապված հարցերը թեև շատ կարևոր են, բայց ներկա հոդվածի շրջանակներում չենք կարող դրանց բավա- կանաչափ տեղ և ուշադրություն հատկացնել:

Արդ՝ այսքանով մենք կարող ենք ավարտված համարել հայ. ընկոյզ բառի մեկնության առաջին փուլը՝ կոյզ տարրի ստուգաբանությունը իբրև կորիզ բառի հնչյունափոխված տարատեսակը, ուստի կարող ենք անցնել ին- և ուն- բաղադրիչների բացատրությանը:

Ինչպես վերը նշվեց, հայ. ընկոյզ բառի առաջին վանկը ներկայացված է զանազան ձայնավորումներով՝ ընկոյզ, անկոյզ, ինգօզ, օնգուզ, ունգուզ: Դժվար է ենթադրել, թե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ձայնավորների լծորդությանը՝ ա > օ, ա > ի, ա > ու և այլն: Մենք հակված ենք այն կարծիքին, որ ձայնավորների այդ տարբերությունները հետևանք են մենաբարբառացման, այսինքն՝ մեզ հետաքրքրող ա, ի, ը, ու, օ ձայնավորները տվյալ դեպքում հանդիսանում են ինչ-որ երկբարբառի տարբեր ժառանգորդները: Եվ, դատելով մենաբարբառացման արդյունք հանդիսացող ա, ի, ը, ու, օ ձայնավորներից, կարելի է խոսել անհետացած երկու երկբարբառի մասին՝ *այն և *ոյն: Սրանցից առաջինը  մենաբարբառացվելով կտար ին-, ան-, օն-, իսկ երկրորդը՝ ուն-. հասկանալի է, որ ըն- ձևը, ինչպես որ ասվել է, կարող էր ծագել հավասարապես և ի-ից և ու-ից՝ ուն > ըն և ին > ըն:

Այս վերականգնումներից ելնելով, մենք կարող ենք ընկոյզ բառի հնչյունական զարգացման շղթան երկարացնել ևս մեկ փուլով՝ ընկոյզ < ունկոյզ < ոյնկոյզ   կամ՝ ընկոյզ < ինկոյզ  < այնկոյզ: Ինչ վերաբերում է անկոյզ և օնգուզ տարբերակներին, ապա կներկայացնեին կիսաձայն յ-ի անկումից գոյացած մենաբարբառներ՝ անկոյզ < այնկոյզ և օնգուզ < ոյնգոյզ:

Մինչ այժմ շարադրված փաստերից կարելի է գալ այն եզրակացության, որ ընկոյզ բառի առավել ամբողջական նախաձևերը կլինեն *ոյնկորիզ և *այնկորիզ: Եվ քանի որ վերջիններիս պարունակած կորիզ բաղադրիչի ինքնությունն արդեն իսկ պարզ է, փորձենք պարզել, թե ինչ է թաքնված մեր կողմից վերականգնված *ոյն և *այն տարրերի ետևում: Այստեղ ևս մեր հիմնական կողմնորոշիչները պետք է լինեն հայերենի հնչյունական օրենքները: Վերջիններս ցույց են տալիս, ինչպես քանիցս առիթ ունեցանք համոզվելու, որ հայերենում ոյ երկբարբառը վերածվում է ու-ի՝ բոյս > բուսական, բոյն > բուն, ընկոյզ > ընկուզենի և այլն: Այս անցումը մեզ հուշում է, որ *ոյնկորիզ նախաձևի ոյն բաղադրիչի հնչյունական զարգացման հաջորդ փուլը պետք է որ լիներ ուն (ոյն > ուն), որը պահպանվել է ունգուզ, ունգուս կազմություններում:

Հայերենում այդ ուն- տարրը հեշտությամբ բացատրվում է ուն- արմատով, որի բուն իմաստն է «բռնել, առնել, ստանալ, ունենալ», որից՝ ունիլ, ունենալ, ունելի, ունեցվածք և այլն:

Այս համեմատությունը մեզ հնարավորություն տվեց ընդհուպ մոտենալու հայ. ընկոյզ բառի առեղծվածի բացահայտմանը. եթե ընկոյզ բառը, ինչպես ցույց է տալիս նրա կառուցվածքի վերլուծությունը, ծագում է ուն «ունենալ» և կոյզ «կորիզ» տարրերի միաձուլումից, ապա վստահաբար կարելի է խոսել «կորիզ ունեցող» նախնական իմաստի մասին, որը լիովին համապատասխանում է ընկույզի ֆիզիկական հատկանիշներին:

Թվում է, թե այս ամենը դժվար է համաձայնեցնել ինգօզ և անգուզ, անկոյզ կառուցվածքների հետ, քանի որ այդ դեպքում ին- և ան- հնչյունակապակցությունները պետք է դիտվեն իբրև ուն «բռնել, առնել, ստանալ, ունենալ» արմատի տարատեսակները:   Սակայն   իրականում այստեղ   ոչ   մի դժվարություն չկա, և հարկ է պարզապես մեկ աստիճանով երկարացնել  հնչյունական  վերականգնման  շղթան՝ ոյ երկ- բարբառը բխեցնելով նախավոր որ-ից՝ ուն < ոյն < որն: Եվ հայ. ուն արմատի համար վերականգնված *որն նախաձևը կլինի առնել «վերցնել, բռնել, ստանալ, ունենալ» բայի կրկնակը: Հետևաբար, հայ. առնել և ունենալ հոմանիշները ծագմամբ  նույնն  են,  ուստի  կարելի  է  ասել,  որ  ինգօզ  և անկոյզ ձևերի ին- և ան- տարրերը առնել բառի մնացորդներն են և որպես այդպիսին, ունիլ բայի հնչյունափոխված տարատեսակները:

Այս ամենը՝ հայերենի ներսում:

Արտաքին  համեմատություններն  ասվածին  շատ  բան  չեն ավելացնում: Արդեն տեղեկացանք, որ սեմական ձևերը սեմագետների  կողմից  բնիկ  չեն  համարվում,  և  պատճառը պարզ    է՝    ընկույզն    անծանոթ է սեմական աշխարհի ավազուտներին, ուստի պատահական չէ, որ Աստվածաշնչում ընկույզի և ընկուզենու հետ կապված դրվագներն աննշան են:

Գալով կովկասյան և մնացած այլ ձևերին, ապա դրանց՝ հայերենից փոխառյալ լինելը ևս որևէ կասկած չպետք է հարուցի, քանի որ ընկոյզ բառի բուն իմաստը՝ «կորիզ ունեցող»,  թելադրված  է  ընկույզի  բնական  հատկանիշներով և արտահայտված զուտ հայկական կազմությամբ՝   ուն «ունենալ» և կոյզ «կորիզ»:

Ըստ էության, հայերենի պարագայում մենք իրավունք ունենք խոսելու, այսպես ասած, գիտակցված անվանադրության մասին, որը լինելով որոշակի հերթականությամբ կատարված գործողությունների արդյունք, արդեն իսկ բացառում է արտաքին ազդեցության գործոնը:

Գուզ Բարբառներում կան սրա զանազան տարբերակները՝ գիւզ, գէօզ, գոզ, որոնք մասամբ հիշեցնում են վերը նշված իրանական ձևերը՝ goz, guiz, goviz և այլն:

Ակնհայտ է, որ մենք գործ ունենք միևնույն կորիզ բառի հնչյունափոխված տարբերակների հետ՝ կորիզ > կոյզ > կուզ > գուզ: Մյուս կողմից՝ ձայնեղությունը կարելի է բացատրել մի  ժամանակ կ-ի  հարևանությամբ  ն-ի  առկայությամբ. այս դեպքում գուզ բառը կարող է բացատրվել իբրև ընկոյզ ձևի աստիճանական կրճատման արդյունք՝ ընկոյզ > ընգոյզ > ընգուզ > նգուզ > գուզ: Նման վարկածի օգտին է խոսում Թբիլիսիի բարբառում գոյություն ունեցող նընգուզ ձևը,  որը փաստորեն նույնն է վերականգնված *նգուզ կառուցվածքի հետ: Կրկնում ենք, սա չի բացառում այն բանի հնարա- վորությունը, որ մեր մի շարք բարբառներում գուզ բառը նշանակեր  պարզապես «կորիզ»՝  գալով  նախավոր «կլոր, գնդաձև» կամ «կոշտ, կարծր, պինդ, ամուր» իմաստներից որևէ մեկից:

Ի դեպ, լատիներենն ունի nux (սեռ. nucis) «ընկույզ» բառը, որը, հայ. գուզ-ի նման, ակներևաբար ծագում է nucleus «միջուկ, կորիզ» բառից, թեև որոշ հետազոտողներ փորձում են կապ տեսնել հայ. նուշ-ի հետ:

Կաղին Կառուցվածքային առումով ներկայացնում է ընկույզի մանր տարատեսակը՝ կոշտ կեղևով և ուտելի միջուկով: Իր «Արմատական բառարանում» Հ. Աճառյանը բերել է մի քանի արտաքին համեմատություններ, որոնք, սակայն, կաղին բառը անջատում են հայերենի ներքին համակարգից: Մենաբարբառացման օրինաչափությանը համապատասխան, հայ. կաղին (սեռ. կաղնո)  բառը  ծագում   է  նախավոր *կայղին ձևից, իսկ վերջինս, ար < այ հնչյունափոխությանը համաձայն՝ *կարղին կամ ավելի ճիշտ՝ *կարեղին կազմությունից: Սրա արմատն է կար, որը պատկանում է կորիզ (կոր-  արմատից)  խմբին:  Ինչ  վերաբերում  է  -եղին բաղադրիչին, ապա կարելի է առաջարկել վերլուծության հետևյալ տարբերակը:

Հայերենում -եղ վերջածանցը ցույց է տալիս «առատ ունենալ» իմաստը՝ հյութ-եղ «առատ հյութ ունեցող», մարմնեղ «մեծ մարմին ունեցող», ձայնեղ «ուժեղ ձայն ունեցող» և այլն: Մենք ենթադրում ենք, որ կաղնի բառի *կարեղին նախաձևի մեջ կարելի է տեսնել -եղ ածանցը, որով կստանանք *կար-եղ «կար ունեցող» կառուցվածքը՝ ճիշտ և ճիշտ ընկոյզ բառի նման՝ «կորիզ ունեցող»:

Հետագայում *կարեղ > կայղ > կաղ զարգացման հետևանքով -եղ վերջածանցը ձուլվել է կար արմատին՝ ծնունդ տալով կաղ կազմությանը, որն էլ ընկալվելով իբրև արմատական բառ, ստացել է -ին/ո վերջածանցը՝ կարեղին > կայղին > կաղին/ո:

Ստացվում է, որ հայերը կաղին բառն ստեղծելու համար օգտագործել  են  բառակազմական  նույն  կաղապարը,  որը գտանք ընկոյզ հոմանիշի մեջ. փաստորեն նույնն են կոր և կար արմատները, իսկ «ունենալ» իմաստն արտահայտվում է երկու հոմանիշ ձևերի միջոցով՝ ընկոյզ բառի մեջ ուն «ունենալ», իսկ կաղին (< *կարեղին) հոմանիշում՝ -եղ «առատ ունենալ» ածանցով:

Եվ որպեսզի մեր կատարած վերականգնումները ստանան կողմնակի ապացույցներ, քննենք նույն խմբին պատկանող մեկ այլ հոմանիշ ևս:

Կակալ Բառը տարածված է մի շարք բարբառներում և հանդիսանում է ընկոյզ-ի բացարձակ հոմանիշը: Առաջին հայացքից թվում է, թե կակալ բառը պատկանում է պատկերավոր - նկարագրական կազմությունների թվին, և որ կարող է ծագած լինել մանկական խոսքից: Սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է, քանի որ իրականում կակալ բառը պատկանում է հայերենի հնչյունական-իմաստային ներքին համակարգին և անբաժանելի է վերջինիս մնացած բաղադրիչներից:

Հայոց լեզվի բառակազմական առանձնահատկություններից ելնելով, կարող ենք նկատել, որ կակալ բառը ներկայացնում է կրկնավոր կազմություն, այսինքն՝ ձևավորվել է կալ տարրի կրկնությամբ՝ կալ-կալ > կալկալ > կակալ: Ակնհայտ է նաև, որ խնդրո առարկա կալ արմատը նույնն է կաղին բառի կաղ տարրի հետ, ուստի պետք է որ անցած լինի հնչյունական զարգացման նույն ճանապարհը՝ կարել > կայլ > կալ, ընդ որում, կար արմատը այստեղ ևս չունի բավարար իմաստային  հստակություն՝  տատանվելով «կոր, կլոր, գնդաձև» և «կոշտ, պինդ, ամուր» իմաստային դաշտերի միջև: Սրանցից բացի, կա նաև «կեղև» իմաստային դաշտը և հենց կեղեւ բառը, որն, անտարակույս, պատկանում է միևնույն համակարգին:

Կթուն Բարբառային ձև է, որն արտահայտում է «ընկույզի, նուշի կամ բռինչի միջուկ» իմաստը:

Մինչ այժմ դիտարկված օրինակներում մենք գործ ունեինք ընկույզի ամբողջական ընկալման հետ՝ առանց իրարից անջատելու պտուղն ու կեղևը, մինչդեռ կթուն բառի արտահայտած իմաստը ավելի կոնկրետ է: Չնայած դրան, հեշտ չէ վերականգնել հնչյունական և իմաստային զարգացման շղթան, քանի որ տարբեր հոմանիշ ձևերի հետ միախառնվելու վտանգը բավականին մեծ է:

Հայտնի է, որ հայերենում -ուն վերջածանցը արտահայտում է «մի բան ունենալ» իմաստը և, ինչպես վերը նշվել է, ծագմամբ նույնն է ուն «ունենալ» արմատի հետ: Սրանից հետևում է, որ կթուն բառի բուն իմաստն է «կթ ունեցող»՝ կթուն: Իսկ ի՞նչ է թաքնված այդ կթ արմատի ետևում:

Ինչպես գիտենք, գաղտնավանկի ը ձայնավորը կարող է ծագել նախավոր ու կամ ի ձայնավորներից, ուստի հայերենի ներքին օրենքները թույլ են տալիս կթ հնչյունակապակցության համար առաջարկել *կիթ կամ *կութ նախաձևերից որևէ մեկը: Մնացածն արդեն հեշտ է, քանի որ *կիթ նախաձևը իր հերթին կարող է վերականգնվել մեզ ծանոթ *կիթ < կէթ < կայթ < կարթ կաղա-պարով, իսկ *կութ տարրը՝ *կութ < կոյթ < կորթ շղթայով: Առաջին դեպքում կստանանք կար արմատը, որն առկա էր կաղին, կակալ հոմանիշներում, իսկ երկրորդ դեպքում՝ կոր արմատը, որին հանդիպել ենք կորիզ, ընկոյզ բառերում: Ըստ էության, վերականգնված *կութ արմատը նույնանում  է  հայ.  կուտ  բառի  հետ,  սակայն  իմաստային առումով չունի բավարար հստակություն, քանի որ «կուտ ունեցող»  նշանակումը  համապատասխանում  է   ընկույզին ամբողջապես, այլ ոչ թե առանձին վերցված միջուկին: Կարելի է ենթադրել, որ այստեղ միախառնվել են նաև «կոտրել, ջարդել, կտրել» իմաստային խմբին պատկանող այլ բառեր, որոնք իրենց նշանակումով բավականին մոտ են «ընկույզ, կաղին, կակալ» դաշտին:

Պոպոկ / Պոպոք Բարբառներում լայն տարածում գտած բառ է և արտահայտում է «ընկույզ» ընդհանուր իմաստը:

Դժվար չէ նկատել, որ պոպոկ բառն իր կառուցվածքով ընդհանուր ոչինչ չունի նախորդ շարադրանքում բերված հոմանիշների հետ: Սակայն դա ամենևին չի նշանակում, թե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անպայման օտարամուտ տարրի: Արդեն ասվել է, որ հայերն ունեցել են ընկույզի սեփական մշակույթ, և ամենևին պարտադիր չէ, որ հայոց լեզվում այն ներկայացված լիներ միմիայն ընկոյզ խմբով: Հայ. կակալ հոմանիշի նման պոպոկ բառը արտաքուստ հիշեցնում է պատկերավոր-նկարագրական կազմություն, սակայն, կրկին կակալ բառի օրինակով, կարող ենք դիտել իբրև կրկնավոր բարդություն: Այստեղ հիմնական դժվարությունն այն է, թե ինչպես պետք է կատարվի նախկին կառուցվածքի վերականգնումը: Անշուշտ, զուտ մեխանիկական մոտեցումը տվյալ դեպքում արդյունք չի տա, քանի որ պոկ-պոկ տիպի մասնատումը կարող է տանել փակուղի:

Հաշվի առնելով պոպոկ բառի՝ ի հոլովման պատկանելը՝ սեռ. պոպոկի, կարող ենք առանձնացնել -կի ածանցը, որը՝ -ակի ձևով, հայերենում հայտնի է իբրև մակբայակերտ՝ թեթևակի, հաճախակի և այլն: Այս մասնատման արդյունքում մեզ կմնա  պոպո-  տարրը,  որի  համար  կարելի  է  առաջարկել *պոր-պոր նախաձևը՝ հայերենի համար ր ձայնորդի սովորական անկումով: Այս դեպքում հայ. պոպոկ/ի բառի հնչյունական կառուցվածքի վերականգնումը կունենա մոտավորապես հետևյալ պատկերը՝ պոպոկ < պոյպոյկ < պորպորկ/ի: Այս շղթայից *պոր-պոր-կի կազմության բուն իմաստը  կլիներ,  դատելով  -կի  եղանակավորող մասնիկից, «պոր-պոր-ի նման»:

Արդ՝ ո՞րն է այդ *պոր արմատի իմաստը, որը կրկնվելով նույն բառի կազմում, հանգեցրել է «ընկույզ» նշանակմանը:

Այս  ուղղությամբ  մեր  որոնումները  մեզ  հանգեցրին  այն եզրակացությանը, որ խնդրո առարկա *պոր արմատի բուն իմաստն է «գլուխ»: Հայերենում գոյություն ունի պոյր (նաև պուր)  «գլուխ»  բառը,  որը  լիովին  համեմատելի  է  *պոր արմատի հետ: Այս պարզ և հայերենի ներքին օրինաչափություններից բխող վերականգնումը ցույց է տալիս, որ հայ. պոպոկ  բառը  ծագումնաբանորեն  կապված  է  հայ.  պոյր «գլուխ» բառի հետ, ուստի իմաստային առումով էապես տարբերվում է ընկոյզ, կաղին և կակալ հոմանիշներից: Եթե սրանք  հիմնված  էին  ընկույզի  ներքին  բովանդակության ճանաչողության վրա և գալիս էին «կորիզ ունեցող» նշանակումից, ապա պոպոկ բառը ձևավորվել է ընկոյզի արտաքին տեսքի ընկալման վրա՝ նմանեցվելով գլխին՝ *պոր-պոր- կի «գլուխների-գլուխների նման»:

Այս առումով, բացառված չէ, որ պոպոկ բառը լինի շատ ավելի հին կազմություն, քան նախորդ հոմանիշները:

Ճղոպուր Հոմանիշների շարքի վերջին ներկայացուցիչն է, որն առավել տարածված է Ղարաբաղի բարբառում: Միաժամանակ, դիտարկված բոլոր բառերից ամենաերկարը:

Մեր կարծիքով, բառը կարելի է բաժանել երկու մասի՝ ճղո- և պուր: Երկրորդն առանց դժվարության կարելի է նույնացնել հայ. պոյր (կամ պուր) բառի հետ, որն առկա էր նաև պոպոկ հոմանիշում: Ինչ վերաբերում է ճղո- տարրին, ապա դրա հետ կապված կարելի է առաջարկել երկու հնարավոր բացատրություն:

Առաջինը կապված է հայ. ճիւղ բառի հետ և հիմնված է վերջինիս -ո հոլովման պատկանելու վրա՝ սեռ. ճիւղո: Այս համեմատության դեպքում ճղոպուր բառի նախնական իմաստը դառնում է «ճյուղի գլուխ», որը միանգամայն համապատասխանում է ընկույզի արտաքին տեսքին:

Երկրորդ  տարբերակը  ծագումնաբանական  կապ  է  ենթադրում հայ. ճղել, ճողել ձևերի հետ, որի արդյունքում  պոպոկ բառը հնում պետք է որ նշանակելիս լիներ «ծակ գլուխ, ճղած գլուխ»:

Այս երկու հնարավորություններից մենք առավել հակված ենք առաջինի կողմը:

Ընդհանուր եզրակացություններ

Եզրակացություննե՞ր, ընդհանու՞ր: Իսկ միգուցե կարիք չկա՞: