1/1/1998

Հայկական Օրացոյցը իր սկզբնաւորումից մինչև մեր օրերը

Հայոց պատմութեան հնագոյն շրջանը ներկայումս հարուստ է տակաւին չլուսաբանուած շատ հարցերով: Այս շրջանին վերաբերող բազմաթիւ հարցեր այսօր կամ բնաւ պատասխան չունեն, եւ կամ էլ ունեն իրար հակասող՝ մէկից աւելի պատասխաններ: Այս կարգի հարցերի թուում են հայկական հնագոյն օրացոյցին (կամ օրացոյցներին) վերաբերող հարցերը:

Հայոց հնագոյն օրացոյցի մասին մեր ներկայ իմացութեան թերի լինելը պայմանաւորուած է հիմնականում երկու գործօնով. նախ, որ մեզ շատ քիչ տեղեկութիւն է հասել այդ մասին. ընդ որում, ուղղակի տեղեկութիւն բնաւ չկայ եւ եղած կցկտուր տեղեկութիւնն էլ համարեա ամբողջովին անուղղակի է (վերաբերում է ոչ թէ հէնց օրացոյցին, այլ նրա հետ առնչուող տարբեր բաների): Երկրորդ, որ ցարդ կատարուած հետազօտութիւններում օրացոյցը դիտարկուել է գերազանցապէս կիրառական-սպառողական տեսանկիւնից, զուտ իբր ժամանակաչափութեան գործիք՝ կոչուած տնտեսական ինչ-ինչ պէտքերի գոհացում տալու համար: Մինչդեռ օրացոյցի այդպիսի ընկալումը, մեղմ ասած՝ բաւական թերի է: Տարբեր երկրներում, տարբեր ժամանակներ տարբեր ազգերի օգտագործած բազմաթիւ օրացոյցների, դրանց փոփոխութիւնների ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ զուտ կիրառական- սպառողական-տնտեսական տեսանկիւնից դիտելով, կարելի չէ բացատրել օրացոյցների՝ այսօր մեզ յայտնի մեծ բազմազանութիւնը, առաւել եւս՝ միեւնոյն երկրում միեւնոյն ազգի կիրառած օրացոյցի՝ յաճախ դիտուող «տարօրինակ» փոփոխութիւնները ժամանակի ընթացքում:

Տարբեր օրացոյցների վերաբերեալ զանազան տուեալների համեմատութիւնը ցոյց է տալիս, որ օրացոյցների փոփոխութիւնները (բարեփոխումներն ու փոխարինումները), որպէս կանոն, կապուած են կրօնի-հաւատի, աշխարհայեացքի փոփոխութիւնների հետ: Օրինակ կարող են ծառայել իրանական օրացոյցները, որոնց դէպքում երբեմն առաւել ճշգրիտ օրացոյցը փոխարինուել է անհամեմատ աւելի անճիշդ օրացոյցով՝ զուտ կրօնական պատճառներով: Կրօնի դերը օրացոյցի հարցերում ակնառու երեւում է նաեւ Հայոց օրացոյցի պարագայում, որ աւելի մանրամասն կը տեսնենք ստորեւ՝ յընթացս շարադրանքի: Համեմատաբար նոր ժամանակների ակնառու օրինակ է Ֆրանսական յեղափոխութիւնը, որ փոխելով պետական վերաբերմունքը կրօնի նկատմամբ, փոխեց եւ պաշտօնական օրացոյցը: Այս նոյնը հաստատող հին ու նոր օրինակներ շատ կան, բաւարարուենք, սակայն, նշուածով, եւ տեսնենք, ինչ եզրակացութեան կարելի է գալ սրանից:

Սա նշանակում է, որ օրացոյցը սերտօրէն կապուած է կրօնի հետ, եւ աւելին՝ օրացոյցը մասն է կրօնի: Իրօք, եթէ նկատի ունենանք այն բացառիկ առաջնային դերը, որ կրօնն ունեցել է հասարակութեան կեանքում, մեզնից մի քանի հազար տարի առաջ, ակնյայտ կը դառնայ, որ հէնց կրօնը պիտի լինէր օրացոյցի ստեղծողը, ձեւաւորողը, կարգադրողն ու պահպանողը: Յայտնի է, որ հնում կրօնական պատկերացումները անչափ սերտ առնչուած են եղել երկնային-աստղագիտական իրողութիւններին: Եւ, ըստ այդմ, բնական է, որ հարկ պիտի լինէր ինչ-որ կերպ ապահովել կրօնական զանազան իրողոթիւնների  (տօների, ծէսերի, զանազան խորհուրդների) ճշգրիտ կապը երկնային-աստղագիտական համապատասխան իրողութիւնների (աստղերի, համաստեղութիւնների ծագման, մայրամուտի, Լուսնի փուլերի, Արեւի ծագման, մայրամուտի եւն) հետ: Սա աւելի քան բնական է, եթէ նկատի ունենանք, որ հնում երկնային լուսատուներն իրենք աստուածացուած են եղել եւ մեզ յայտնի բոլոր հին դիցարաններում էլ եղել է երկնային լուսատուների պաշտամունք այս կամ այն կերպ: Իսկ սա իր հերթին նշանակում է արդէն որոշակի օրացոյցի անհրաժեշտութիւն: Ըստ այսմ, բնական է, որ ամեն մի կրօն պիտի ստեղծէր ի՛ր օրացոյցը՝ ըստ իր աշխարհայեացքի ու պաշտամունքի: Այսինքն, ոչ միայն օրացոյցը ստեղ- ծւում է կրօնի «պատուէրով», այլեւ օրացոյցը հէնց բաղկացուցիչ մասն է կրօնի, նրա կարեւոր կիրառական բաղադրիչներից մէկն է:

Նկատի առնելով օրացոյցի այսպիսի առնչութիւնը կրօնի- հաւատքի հետ, բնականաբար, հարկ է օրացոյցին (դրա կառուցուածքին, փոփոխութիւններին) վերաբերող հարցերը քննելիս հաշուի առնել անպայման նաեւ (նախ եւ առաջ) օրացոյցի կրօնական-պաշտամունքային կողմը: Այսինքն, հարկ է միշտ նկատի ունենալ այն (կրօնական-աշխարհայեացքային) պատճառները, որոնք օրացոյցի առաջացման, գոյութեան հիմքն են: Ինչպէս ստորեւ կը տեսնենք, այսպիսի՛ մօտեցումը հնարաւորութիւն է տալիս պատասխանել տակաւին չլուծուած մի շարք հարցերի, հասկանալ ՙտարօրինակ՚ թուացող օրա- ցուցային որոշ իրողութիւններ, եւ, որպէս բնական հետեւանք այս ամենի, որոշակիօրէն ընդլայնել մեր իմացութիւնն ու պատկերացումները հայկական (եւ ոչ միայն հայկական) հնագոյն օրացոյցների, դրանց առնչութիւնների ու փոփոխոթիւնների մասին:

Հայկական օրացոյցներին վերաբերող հետազօտութիւնների համար աւանդաբար, որպէս ելակէտային տուեալներ ծառայելեն միջնադարեան հայ տոմարագէտների աշխատութիւններով մեզ հասած տեղեկութիւնները: Սրանք հիմնականում միջնադարում Հայաստանում օգտագործուած տարբեր օրացոյցների նկարագրութիւններ-բացատրութիւններ են, որոշ հարեւան ազգերի օրացոյցների նկարագրութիւններ, հայկական եւ որոշ այլ օրացոյցների համեմատութիւններ ու նաեւ՝ որոշ աւանդական տեղեկութիւններ հայկական օրացոյցի անցեալի մասին: Այս տեղեկութիւնների հիման վրայ մենք բաւական լրիւ պատկերացում ենք կազմում հայկական միջնադարեան օրացոյցների, դրանց փոփոխութիւնների եւ դրանց աղերսուող պատմական անցքերի մասին: Առաւել հին շրջանում Հայաստանում կիրառուած օրացոյցների մասին ուղղակի տեղեկութիւններ այս միջնադարեան աղբիւրներում չկան:

Հայկական հնագոյն օրացոյցների մասին կարծիք կազմելու համար ցարդ կիրառուած է երկու մօտեցում: Առաջինը այն է, որ 5-րդ դարից մեզ յայտնի օրացոյցի կառուցուածքը վերագրւում է դրան նախորդած ժամանակներին՝ ընդհուպ մինչեւ հայկական օրացոյցի սկզբնաւորումը (ն.Ք. 25 - 24-րդ դարերը): Երկրորդ մօտեցումը հիմնուած է ժայռապատկերների եւ զանազան հնագիտական գտածոների ուսումնասիրութեան վրայ: Ընդ որում, նշենք, որ թէպէտ ժայռապատկերային ու հնագիտական «օրացուցային» նիւթը շատ ծաւալուն է, այդուհանդերձ, ի հետեւանք դրա ուսումնասիրութեան անբաւարարութեան, այս երկրորդ մօտեցմամբ եւս (ինչպէս եւ առաջինով) յստակ պատկերացում չի կազմուած հայկական հնագոյն օրացոյցների մասին:

Ստորեւ կը փորձենք ի մի բերել-ամբողջացնել մեր իմացածը հայկական հնագոյն, հին եւ միջնադարեան օրացոյցների մասին: Այս կարգի հետազօտութիւններն ընդհանրապէս

արւում են «հակառակ ժամանակային» յաջորդականութեամբ՝ ներկայից դէպի անցեալը: Ընդ որում, այս դէպքում հետազօտութեան իւրաքանչիւր փուլում ստացուած արդիւնքը որպէս ելակէտային տուեալ է ծառայում յաջորդ փուլի (դրան նախորդած ժամանակաշրջանին վերաբերող) հարցերը քննելիս: Հետազօտութեան այս եղանակը բնագիտութեան մէջ յայտնի է ՙհակադարձ խնդիր՚ անունով: Սրա մի էական առանձնայատկութիւնն այն է, որ յաճախ ուղղակի տեղե- կութիւնների պակասը լրացւում է առաջին հայեացքից խնդրի հետ կապ չունեցող կողմնակի անուղղակի տեղեկոյթով: Մեր դէպքում օրացոյցի հարցերը լուծելու համար, որպէս կողմնակի, անուղղակի տեղեկոյթ, կ’օգտագործուեն զանազան (օրացոյցի հետ առաջին հայեացքից կապ չունեցող) տեղեկութիւններ մշակոյթի տարբեր բնագաւառներից, պատմութիւնից եւ այլուստ:

Այդուհանդերձ, սոյն ակնարկը չծանրաբեռնելու եւ առաւել ընկալելի դարձնելու միտումով, այստեղ բաց կը թողնուեն բազմաթիւ փաստերի քննարկումները, ապացոյցները եւ որոշ մանրամասներ: Սրա հետ մէկտեղ, շարադրանքը (ինչպէս՝ հետազօտութիւնը) կը տրուի հակառակ ժամանակային յաջորդականութեամբ՝ տրամաբանական ամբողջականութիւնը պահպանելու միտումով:

Արդ ի մի բերենք այն ամենը, ինչ մեզ յայտնի է հայկական օրացոյցի աւանդական կառուցուածքի մասին:

Ա. Հայկական օրացոյցի աւանդական կառուցուածքը:

Միջնադարից մեզ հասած զանազան սկզբնաղբիւրներով մեզ է աւանդուել հայկական օրացոյցի հետեւեալ կառուցուածքը: Տարին բաղկացած է եղել 12 ամիսներից, որոնցից իւրաքանչիւրը պարունակել է 30-ական օր: Այս 12 ամիսներից յետոյ տարեվերջում դրուել են 5 յաւելեալ օրեր. սրանք դիտուել են տարուց դուրս և համարուել են արարչութեան օրեր (արարչութեան հինգ օրերը, որոնք նախորդել են մարդու արարմանը): Ընդհանուր անուամբ այդ հինգ օրերը կոչուել են Աւելիք կամ աւուրք աւելեաց: Այսպիսով, օրացուցային պարբերաշրջանը դարձել է 365 օր (12 ամիս x 30 օր + 5 օր = 365 օր): Նահանջի օր այստեղ չի կիրառուել: Ուշ միջնադարի որոշ մատենագիրների եւ տոմարագէտների երկերում հանդիպում են դէպքեր, երբ տարուայ վերջում դրուող յաւելեալ օրերը դիտուած են իբր առանձին՝ 13-րդ «ամիս», բաղկացած միայն 5 օրից: Աւելեաց օրերը (Աւելիքը) իբր առանձին ամիս է դիտուած  նաեւ արդի հայ տոմարագէտներից ոմանց աշխատութիւններում: Սակայն յիշենք այս առիթով, որ ե՛ւ Անանիա Շիրակունին (Շիրակացին), ե՛ւ Յովհաննէս Սարկաւագը, ե՛ւ միջնադարի այլ ականաւոր տոմարագէտներ հայկական օրացոյցում իմացել են միայն 12 ամիս, իսկ Աւելիքը (աւելեաց օրերը) համարել են տարուց դուրս՝ արարչութեան օրեր: Եւ դա բնական էլ է, զի ամիս հասկացութիւնը ընդհանրապէս կապուած է Լուսնի փուլերի պարբերութեան հետ (որ մօտ 30 օր է), ուստի եւ չի կարող լինել 5-օրեայ «ամիս»: Փաստօրէն, հայկական միջնադարեան տոմարագիտութեան մէջ տարին համարուել է միայն 360 օր, իսկ 5 յաւելեալ օրերը դրուել են «տարուց դուրս» (օրացուցային պարբերութիւնը

բնականին մօտեցնելու համար):

Այս 365-օրեայ պարբերաշրջանը մօտ քառորդ օրով կարճ է արեւադարձային տարուայ տեւողութիւնից (365,2422 օր), որի հետեւանքով էլ այսպիսի տարիներով օրացոյցի տարեմուտը պիտի լինէր շարժական եւ 1506 արեւադարձային տարում այս օրացուցային տարուայ սկիզբը պիտի շրջէր տարուայ եղանակներով: Այսինքն, 1506 արեւադարձային տարում պիտի հաշուուէր 1507 հայկական 365-օրեայ տարի (1506 x 365,2422 = 1507 x 365):

Այսպիսին է եղել հայկական օրացոյցը միջնադարում, ընդհուպ մինչեւ Յովհաննէս Սարկաւագի տոմարական բարեփոխումը: Փաստեր կան՝ վկայող, որ Հայոց օրացոյցի կառուցուածքն այդպիսին է եղել նաեւ քրիստոնէութեանը նախորդած դարերում1: Այսինքն, միջնադարեան հայկական օրացոյցի այս կառուցուածքը ժառանգութիւն է նախաքրիստոնէական ժամանակներից:

Հայկական օրացոյցում յատուկ անուններ են ունեցել ե՛ւ տարուայ 12 ամիսները, ե՛ւ ամսուայ 30 օրերը, ե՛ւ էլ յաւելեալ 5 օրերը: Ահա հայկական ամիսների եւ օրերի անունները:

Ամիսներ

  1. Նաւասարդի,
  2. Հոռի,
  3. Սահմի,
  4. Տրէ,
  5. Քաղոց,
  6. Արաց,
  7. Մեհեկան,
  8. Արեգ,
  9. Ահեկան,
  10. Մարերի,
  11. Մարգաց,
  12. Հրոտից:

Որոշ ամսանուններ մեզ հասել են տարբերակներով, ինչպէս՝ Տրէ-Տրեայ, Մեհեկան-Մեհեկի, Մահեկի, Ահեկան-Ահկի: Մեզ են աւանդուել նաեւ երկու ամսանունների հին, նախնական տարբերակները: Ըստ Յովհաննէս Երզնկացու եւ Անանիա Շիրակունու վկայութիւնների, Հոռի (Խոռի) ամիսը նախապէս կոչուել է Մատրան (այստեղից էլ՝ Աշխարհամատրան տօնի անունը), իսկ Ահեկանը նախապէս եղել է Հարաւանց (կայ եւ Հարուանց ձևը):

Օրանուններ

  1. Արեգ                              
  2. Հրանդ
  3. Արամ
  4. Մարգար
  5. Ահրանք
  6. Մազդեզ
  7. Աստղիկ
  8. Միհր
  9. Ձոպաբեր
  10. Մուրց
  11. Երեզկան
  12. Անի
  13. Պարխար
  14. Վանատուր
  15. Արամազդ
  16. Մանի
  17. Ասակ
  18. Մասիս
  19. Անահիտ
  20. Արագած
  21. Գրգուռ
  22. Կորդուիք
  23. Ծմակ
  24. Լուսնակ
  25. Ցրօն
  26. Նպատ
  27. Վահագն
  28. Սիմ
  29. Վարագ
  30. Գիշերավար:

Աւելեաց 5 օրերի անուններն են.

  1. Լուծ
  2. Եղջերու
  3. Ծկրաւորի
  4. Արտախոյր
  5. Փառազնոտի:

Օրացուցային այս անուններից զատ մեզ հասել են նաեւ հայկական ժամանունները: Օրը բաժանուել է երկու մասի՝ ցերեկ եւ գիշեր, որոնք էլ, իրենց հերթին, բաժանուել են 12-ական ժամերի, որոնցից իւրաքանչիւրն ունեցել է իր յատուկ անունը: Ցերեկ է համարուել արեւածագից մինչեւ արեւամուտ ժամանակը, իսկ գիշեր՝ Արեւի մայրամուտից մինչեւ արեւածագ:

Բնականաբար, այսպիսի բաժանմամբ, ցերեկային եւ գիշերային ժամերի տեւողութիւնները տարբեր կը լինէին տարուայ տարբեր եղանակներին. ամռանը երկար կը լինէին ցերեկային ժամերը եւ կարճ՝ գիշերայինները, իսկ ձմռանը՝ ընդհակառակը՝ երկար կը լինէին գիշերային ժամերն ու կարճ՝ ցերեկայինները: Օրինակ, այսպիսի ժամաբաժանմամբ, ամառնամուտի օրերին գիշերային մէկ ժամը (ժամանակի այսօրուայ միաւորներով) պիտի տեւէր ընդամենը 45 րոպէ, իսկ ցերեկային մէկ ժամը՝ 75 րոպէ:

Այսպիսի անհաւասար ժամաբաժանումը, որ չէր կարող յարմար լինել կենցաղի ու տնտեսութեան մէջ (առաւել եւս գիտութեան մէջ), անշուշտ, պիտի ստեղծուած լինէր կրօնական- պաշտամունքային նկատառումներով: Կան տուեալներ յօգուտ այն բանի, որ արդէն վաղ միջնադարում (գոնէ 4-րդ դարից) Հայաստանում կիրառուել է օրուայ բաժանումը 24 հաւասար ժամերի (անկախ գիշեր-ցերեկից)2: Թէ երբուանից է անհաւասար ժամաբաժանումը փոխարինուել հաւասար ժամաբաժանմամբ Հայաստանում, դժուար է ասել, յայտնի է միայն, որ անտիկ գիտութեան մէջ առաջին անգամ օրուայ հաւասար ժամաբաժանում կիրառել է Կղաւդիոս Պտղոմէոսը (2-րդ դար): Ի տարբերութիւն ամսանունների եւ օրանունների, հայկական ժամանունները մեզ են հասել հիմնականում մէկից աւելի տարբերակներով: Ահա հայկական ժամանունները (իրենց տարբերակներով):

Ցերեկային ժամեր

  1. Այգն,
  2. Ծայգն /Ծագեալն/,
  3. Զօրացեալն /Զայրացեալն/,
  4. Ճառագայթեալն,
  5. Շառաւիղեալն /Շառավեղն, Շառաւեղեալն/,
  6. Երկրատեսն,
  7. Շանթակալն /Շանթակողմն, Շանթակողն/,
  8. Հրակաթն,
  9. Հուր թափեալն /Հուր կաթեալն, Հուր փայլեալն/,
  10. Թաղանթեալն /Թաղարթափեալն/,
  11. Առաւարն /Տարափն/,
  12. Արփողն /Տարափողն/:

 

Գիշերային ժամեր

  1. Խաւարականն /Խաւարակն, Գիշերակն/,
  2. Աղջամուղջն /Աղջամղջակն/,
  3. Մթացեալն /Բաւանդակն/,
  4. Շաղաւօտն /Խուժակն/,
  5. Կամաւօտն /Համառօտն/,
  6. Բաւականն /Կատաղատեսն/,
  7. Հաւթափեալն /Խօթափեալն/,
  8. Գիզակն /Գիջակ, Դազակն/,
  9. Լուսաճեմն /Լուսակ, Լուսագայ/,
  10. Առաւօտն /Փողահարն/,
  11. Լուսափայլն /Հետազօտն/,
  12. Փայլածումն /Կաքաւողն/:

Այս ժամանուններից որոշները այսօր էլ հայերէնում կիրառական բառեր են եւ նշանակում են օրուայ տարբեր մասերը (այգ, ծայգ, առաւօտ, աղջամուղջ եւն):

Հայկական օրացոյցի այս աւանդական կառուցուածքը ընդհանրապէս չի վիճարկուել: Այս հարցում միակ տարակարծութիւնը հ. Ղ. Ալիշանի ենթադրութիւնն է, ըստ որի, հնում այս շարժական տարեմուտով օրացոյցի հետ մէկտեղ Հայերն ունեցել են մի այլ օրացոյց եւս, Յուլեան օրացոյցի նմանութեամբ՝ չորս տարին մէկ մուծուող նահանջի օրով եւ 365,25 օր միջին տեւողութեամբ տարիներով3: Սակայն այս ենթադրութիւնը տոմարական ոեւէ փաստի վրայ յեցած չէ, եւ ընդհակառակը, կան փաստեր յօգուտ այն բանի, որ քիստոնէութեան մուտքին նախորդած ժամանակաշրջանում երկար դարեր Հայաստանում կիրառուել է 365-օրեայ հաստատուն աննահանջ տարիներով եւ շարժուն տարեմուտով օրացոյցը4: Հիմք ընդունելով հայկական օրացոյցի այսպիսի կառուցուածքը, տարբեր հետազօտողներ փորձեր են արել՝ տոմարական ետհաշուարկով գտնելու Հայոց Բուն օրացոյցի սկիզբը, որ ըստ տարբեր հեղինակների, դրւում է ն.Ք. 2492-ից ն.Ք. 455 թթ. միջակայքում5: Այս հարցը քննարկած բոլոր հեղինակներն էլ լռելեայն ընդունում են, որ հայկական օրացոյցի կառուցուածքը իր սկզբնաւորումից մինչեւ 5-6-րդ դարը (30-ից 9 դար) եղել է անփոփոխ: Կառուցուածքի անփոփոխ եղած լինելուն կ’անդրադառնանք իր տեղում, իսկ այստեղ նկատենք, որ այսպիսի կառուցուածքով օրացոյցը ունէր մէկ մեծ թերութիւն եւ երկու (աւելի մեծ) առաւելութիւն: Թերութիւնն այն էր, որ ի հետեւանք տարուայ օրերի թուի կայունութեան (365 օր), այստեղ տարեմուտը դանդաղ պիտի շրջէր տարուայ եղանակներով. ինչպէս վերը նշուեց՝ մի պտոյտ 1506 տարում: Սա, բնականաբար, պիտի առաջ բերէր բազմաթիւ անպատեհութիւններ, թէկուզ նրանով, որ տարբեր դարերում պիտի տարբեր լինէր օրացուցային ամիսների եւ տարուայ եղանակների համապատասխանութիւնը (մօտ 750 տարում ձմեռային ամիսը կը դառնար ամառային եւ ամառայինը՝ ձմեռային):

Ի հակակշիռ այս ակնյայտ անպատեհութեանը, օրացոյցի այսպիսի կառուցուածքն ունէր այն ակնառու առաւելութիւնը, որ ի տարբերութիւն բազմաթիւ այլ օրացոյցների, սրա կառուցուածքը չափազանց պարզ էր, ուստի եւ դիւրին էր այն մտապահելն ու կիրառելը (բոլոր ամիսները պարունակում են միեւնոյն թուով օրեր ու բոլոր տարիներն իրար նման են): Սրա միւս առաւելութիւնն այն էր, որ այսպիսի կառուցուածքը շատ լաւ ներդաշնակեցուած էր իր ժամանակի տիեզերաբանական-կրօնական պատկերացումներին (ամիսները՝ 12 հատ - հէնց այնքան, որքան կեդանակերպերը երկնքում, եւ ամսուայ օրերն էլ՝ 30 - այնքան, որքան Լուսնի պարբերութիւնն է):

Այսինքն, այսպիսի կառուցուածքը պիտի ամեն կերպ պաշտպանուէր նաեւ կրօնի-հաւատքի կողմից: Աւելացնենք նաեւ, որ սրա հիմնական թերութիւնը՝ տարեմուտի շարժունութիւնը, իր ժամանակին կարող էր այնքան էլ էական չդիտուել: Մէկ մարդու կեանքի տեւողութեան ընթացքում (մօտ 80 տարի) տարեմուտի տեղաշարժը կը կազմէր ընդամենը 20 օր, որ այնքան էլ զգալի չպիտի լինէր կենցաղում: Այս նոյն տիպի կառուցուածք է ունեցել նաեւ հին եգիպտական օրացոյցը, ինչպէս նաեւ իրանական եւ փոքրասիական վաղմիջնադարեան մի շարք օրացոյցներ6:

Բնականաբար, հարց է առաջանում, թէ երբուանից է սկիզբ առել այսպիսի հայկական օրացոյցը ու նաեւ՝ թէ ինչպիսին է եղել դրան նախորդած հայկական օրացոյցը: Այս հարցերը հայ մտաւորականներին հետաքրքրել են շատ վաղուց: Սրանց պատասխան տալու մեզ յայտնի առաջին փորձը վերաբերում է Անանիա Շիրակունուն (VII դար), այդ մասին տեղեկութիւններ են հաղորդել նաեւ Յովհաննէս Սարկաւագը, Գրիգոր Տաթեւացին եւ միջնադարեան այլ հեղինակներ: Սակայն նրանց յայտնած տեղեկութիւնները այսօրուայ գիտութեան առումով յոյժ անբաւարար են, թէպէտ որոշ առումներով՝ խիստ էական: Սրանք տրուած են առանց յստակ ժամանակագրական համակարգի, եւ այս տուեալներից տարեթիւ դուրս կորզելը անհնար է:

Այդուհանդերձ, միջնադարեան հեղինակների տեղեկութիւնները այդ մասին շատ կարեւոր են, եւ դրանց կ’անդրադառնանք իր տեղում: Իսկ նախքան հայկական օրացոյցի սկզբնաւորման հարցին անդրադառնալը, ջանանք առաւել լրիւ պատկերացում կազմել հայկական միջնադարեան ամենահիմնական, ամենակիրառական օրացոյցի՝ Հայոց Մեծ թուականի մասին, հասկանանք դրա կառուցուածքը, փոփոխութիւնները, դրան առնչուող պատմական անցքերը:

Բ. Հայոց Մեծ թուական: Ընդհանրապէս, ոեւէ օրացոյցի մասին փոքր ի շատէ ամբողջական պատկերացում ունենալու համար հարկ է իմանալ հետեւեալ հարցերի պատասխանները.

ա. ե՞րբ (եւ ում կողմից) է հիմնուել այդ օրացոյցը,

բ. ի՞նչ կառուցուածք է ունեցել,

գ. երբուանի՞ց է սկսուել տարեհաշիւը, այլ կերպ ասած՝ ո՞րն է հաշուարկի սկզբնակէտը,

դ. ի՞նչ փոփոխութիւնների է ենթարկուել հետագայում (եւ ե՞րբ, ու՞մ կողմից են դրանք եղել):

Թէպէտ, ինչպէս նշուեց, Հայոց Մեծ թուականը միջնադարում, ընդհուպ մինչեւ 19-րդ դարը Հայաստանում ամենատարածուած, ամենաշատ կիրառուած օրացոյցն է եղել եւ օգտագործւում է նաեւ մեր օրերում, այդուհանդերձ, այս օրա- ցոյցի պարագայում վերոշարադրեալ չորս հարցերի պատասխաններն էլ տակաւին միանշանակ չեն: Ընդ որում, այդ պատասխանների բազմազանութիւնը ծնունդ է ոչ թէ մերօրեայ հետազօտութիւնների, այլ գալիս է տակաւին միջնադարից:

Արդէն իսկ 10 - 11-րդ դարերի հեղինակները սրա հիմնումը վերագրել են Հայոց երեք կաթողիկոսների՝ Յովհաննէս Գաբեղեանին,  Ներսէս  Աշտարակեցուն  եւ Մովսէս Եղիվարդեցուն7: Բնականաբար, տրւում են նաեւ հիմնադրման տարբեր ժամանակներ: Արդի հետազօտողներն էլ այդ ակնյայտ դժուարութիւնը յաղթահարելու համար, այս օրացոյցի հիմնումը բաժանել են երկու փուլի, Ներսէս կաթողիկոսին տուել են բուն հիմնումը, իսկ Մովսէս կաթողիկոսին՝ դրանից բաւական անց՝ պաշտօնական վաւերացումը8: Աւելի բարւօք չէ մեր պատկերացումների վիճակը նաեւ այս օրացոյցի կառուցուածքի հարցում: Այստեղ էլ կան երկու իրարամերժ պատասխաններ: Ոմանք (արդի հոտազօտողներից) այս օրացոյցը համարում են 365-օրեայ, շարժական տարեմուտով օրացոյց (տարեմուտը՝ Նաւասարդի մէկը), ոմանք էլ լրջօրէն հիմնաւորում են այս օրացոյցի անշարժ լինելը9:

Համանման է վիճակը նաեւ տարեհաշուի սկզբի հարցում: Այստեղ էլ կան լաւ հիմնաւորուած երկու մօտեցումներ՝ Հայոց Մեծ թուականի սկիզբը Փրկչական 552 թուից (Յուլիսի 11-ից) կամ մի տարի անց՝ 553-ից: Երկու մօտեցումներն էլ հիմքում ունեն բազմաթիւ փաստեր:

Փոքր ի շատէ պարզ է վիճակը մեր չորրորդ հարցի պարագայում: Այս կէտում հիմնականում ընդունուած տեսակէտ է, որ 7-րդ դարում Մեծ թուականը բարեփոխել է Անանիա Շիրակունին10: Համակարծիք են նաեւ բարեփոխութեան բնոյթի խնդրում. Անանիա Շիրակունին անշարժացրել է Հայոց տոմարը: Միակ տարակարծութիւնն այն է, որ ոմանք նրա բարեփոխած տարբերակը համարում են կորած, ոմանք էլ համոզուած են, որ այն հասել է մեզ:

Ահա, ընդհանուր առմամբ այն ամենը, ինչ այսօր ունենք Հայոց միջնադարեան հիմնական օրացոյցի վերաբերեալ: Ինչպէս տեսնում ենք, այստեղ հարցերի իրարամերժ պատասխանները գոյացրել են մի թնջուկ, որով կարելի է ասել, թէ այս օրացոյցի մասին էլ մեր իմացածը, մեղմ ասած, յստակ չէ: Փորձենք ըստ կարելւոյն յստակեցնել մեր պատկերացումներն այս օրացոյցի մասին: Սկսենք նախ կառուցուածքի հարցերը քննելուց:

Նախ նկատենք, որ օրացոյցի կառուցուածքի հարցը սերտօրէն կապուած է դրա բարեփոխութեան հարցին: Իրօք, եթէ օրացոյցը ենթարկուել է բարեփոխութեան, ապա շատ սպասելի է, որ մեզ հասած լինեն բեկորներ ե՛ւ նախնական, ե՛ւ էլ՝ բարեփոխեալ տարբերակներից: Այնպէս որ, օրացոյցիս կառուցուածքը քննելիս հարկ է նկատի ունենալ, որ հաւանաբար մենք գործ ունենք իրար խառնուած երկու տարբերակների հետ, եւ պիտի ջանանք ըստ կարելւոյն դրանք զատել իրարից:

Արդ տեսնենք, թէ ինչ ունենք մենք Հայոց Մեծ թուականին11, դրա կառուցուածքին վերաբերող:

Ամենածաւալուն ու կարևոր տեղեկոյթ այս մասին պահ- պանուել է Ա. Շիրակունու անուամբ մեզ հասած տոմարական աղիւսակներում, մասամբ նաեւ տոմարական այլ գրուածքներում (Շիրակունու՝ Յայտնութեան եւ Զատկի ճառերը, ՇԼԲ աղիւսակները, Յովհ. Սարկաւագի Տոմարական Պատճէնը, Հայկական տոմարի մեկնութիւնը եւ այլն): Ահա այս աշխատութիւնների հիման վրայ էլ փորձենք պարզել Մեծ թուականի կառուցուածքը, սկիզբը եւ փոփոխութիւնները:

Իր նշանաւոր Զատկի ճառի վերջում Անանիա Շիրակունին յայտնում է, որ ինքը 532 տարիների համար կազմել է մանրամասն աղիւսակներ, որտեղ բոլոր 532 տարիների համար տուել է Զատիկները և տոմարական բացատրութիւններ: Այս աղիւսակները հասել են մեզ, եւ որոշ խմբագրութեամբ հրատարակուած են Շիրակունու աշխատութիւնների շարքում12: Սրանք Փրկչական 580 - 1112 թթ. ընդգրկող աղիւսակներ են, որ պարունակել են Հայոց ԻԹ (29)-ից ՇԿ (560) թուականները՝ ընդամենը 532 տարի: Շնորհիւ այն բանի, որ այս աղիւսակները բաւական մանրամասն են, դրանց վերլուծութեամբ հնարաւոր է գաղափար կազմել թէ՛ Անանիա Շիրակունու կատարած օրացուցային բարեփոխութեան, եւ թէ՛ մինչ այդ եղած օրացոյցի մասին: Նախ մի քանի խօսք, նախքան Շիրակունու բարեփոխութիւնն եղած վիճակի մասին:

Պատմութիւնից գիտենք, որ քիրստոնէութեան պաշտօնական ընդունումից յետոյ Հայաստանեայց եկեղեցին մասն է կազմել ընդհանրական եկեղեցու, մասնակցել է (մինչեւ 451թ.) եկեղեցու տիեզերաժողովներին: Բնականաբար, օրացոյցի (եկեղեցական տօների) հարցում եւս պիտի լինէր միասնութիւն Հայոց եկեղեցու եւ միւս քոյր եկեղեցիների միջեւ: Անշուշտ, սա է պատճառը, որ Հայոց գրերի սքանչելի գիւտից շատ չանցած՝ 5-րդ դարի սկզբներում՝ հայերէն է թարգմանւում Անդրէաս Բիւզանդացու 200-ամեայ զատկացուցակը եւ տոմարը: Սա 353 - 552 թթ. ընդգրկող տօնացոյց է եղել, որով առաջնորդուել են բոլոր քրիստոնեայ ազգերը: 552 թուականին աւարտւում է այս զատկացուցակը, եւ քրիստոնեայ աշխարհում տոմարական խառնաշփոթ է յառաջանում:

Բանն այն է, որ Անդրէասի զատկացուցակը կազմուած է եղել 19-երեակներով: Սա Լուսնի 19-ամեայ պարբերաշրջանն է, որ յայտնի է նաեւ Մեթոնի շրջան անունով: Այդ ժամանակներում 19-ամեակներով էին կազմւում բոլոր օրացոյցները: Ահա, Անդրէասի ցուցակն էլ պարունակել է 10 հատ 19-երեակ եւ 10 տարի եւս՝ յաջորդ 19-երեակից (10 x 19 + 10 = 200): Նոր տոմար սկսելը, անշուշտ, շատ յարմար էր 19-ամեակի սկզբից, ուստի հարկ էր սպասել 9 տարի եւս ու նոր 19-երեակի սկզբով սկսել նոր տոնացոյցը: Այս է պատճառը, որ 9 տարի տոմարական խառնաշփոթ է տիրում քրիստոնեայ աշխարհում:

Ահա, այս օրացուցային խառնաշփոթի հէնց սկզբում Հայաստանեայց եկեղեցին, չսպասելով հարցի համընդհանուր լուծմանը, իր տոմարական հարցերը կարգադրում է սեփական միջոցներով: Յիշենք, որ այս շրջանում (6-րդ դարի կէսերին) արդէն սկսել էին ծաւալուել ու թափ առնել դաւանաբանական տարաձայնութիւններն ու վէճերը, Քաղկեդոնի 451թ. ժողովի որոշումների շուրջ, եւ Հայաստանեայց եկեղեցին աւելի ու աւելի էր հեռանում-անջատւում Բիւզանդականից: Չի բացառւում, որ ինքնուրոյն տոմար հիմնելն այս ժամանակ, եղել է նաեւ քաղաքական քայլ, Հայոց եկեղեցու ինքնուրոյնութիւնը ամրակայելու ուղղութեամբ: Յայտնի է նաեւ, որ Հայաստանեայց եկեղեցու այս քայլը բնաւ հաւանութեան չի արժանանում արեւմուտքում: Ամեն դէպքում, Հայոց կաթողիկոսի պատուէրով Գլակայ Սուրբ Կարապետի վանքի վանահայր Աթանաս Տարօնացին, լինելով հմուտ տոմարագէտ, կազմում է սեփական զատկացուցակ եւ բնականաբար՝ նաեւ տարեհաշիւ: Անդրէասի ցուցակի վերջին Զատիկը 552 թուականինն էր (Մարտի 31-ին), Աթանասի ցուցակի առաջին Զատիկն էլ դրա յաջորդն է՝ 553 թուականինը (Ապրիլի 20-ին): Հէնց այս Զատկացուցակի տարիների թուահաշիւն էլ դառնում է Հայոց Մեծ թուականի տարեհաշիւ: Աթանասի ժամանակ հայկական աւանդական օրացոյցը տակաւին ոեւէ փոփոխութեան ենթարկուած չէր եւ կիրառւում էր 365-օրեայ տարիներով ու Նաւասարդի մէկ շարժական տարեմուտով: Հէնց այս օրացոյցն էլ Աթանաս Տարօնացին դնում է իր կազմած տօնացոյցի հիմքում: Աթանասի ժամանակ (552թ.) Նաւասարդի մէկը համապատասխանում էր Յուլեան օրացոյցի Յուլիսի 11-ին, եւ Նաւասարդի մէկի չորս տարին մի օրով փոփոխուելը բնաւ չէր խանգարում տոմարական հաշւումներին, զի Զատիկը որո- շելուց էականը գարնանամուտի օրն էր՝ Մարտի 20-ը13: Մարտի 20-ից մինչեւ Յուլիսի 11-ը կար 113 օր, այնպէս որ դեռ 452 տարի կար (113 x 4 = 452), մինչեւ Նաւասարդի մէկը չորս տարին մէկ օր յառաջանալով, հասնէր գարնանամուտի օրուան եւ խանգարէր տոմարական հաշւումներին: Ուստի, Աթանասը, չվախենալով ոեւէ թիւրիմացութիւնից, կարող էր կազմել թէ՛ 95-ամեայ, թէ՛ 200-ամեայ, եւ թէ՛ այլ տեւողութեան զատկացուցակներ (միայն թէ 452 տարուց ոչ աւելի տեւողութեամբ): Այսօր ստոյգ չգիտենք, թէ քանի տարի է ընդգրկել Աթանասի կազմած տոմարը, գուցէ դա եղել է ընդամենը 95 տարուայ համար, կամ՝ Անդրէասի նմանութեամբ՝ 200 տարուայ: Վստահ կարող ենք լինել միայն նրանում, որ այն չի գերազանցել 452 տարին:

Փաստօրէն, Հայոց Մեծ թուականը հիմնուել է, որպէս շարժական տարեմուտով օրացոյց՝ Նաւասարդի մէկ տարեմուտով, որ չորս տարում մի-մի օր տեղաշարժուել է: Եւ այս կերպ հիմնուած տարեհաշուի սկիզբն էլ եղել է 552 թ. Յուլիսի 11 = Նաւասարդի մէկը: Այս օրացոյցով առաջին Զատիկը եղել է 553 թ. Ապրիլի 20-ին, որ համարուել է Հայոց (Մեծ) թուականի առաջին տարուայ Զատիկը:

Կարող ենք ասել, որ Աթանաս Տարօնացին առաջինն էր, որ հայկական աւանդական շարժական օրացոյցի հիման վրայ կազմեց քրիստոնէական տօնացոյց (առաջին ինքնուրոյն հայկական քրիստոնէական տօնացոյցը), որի տարիների հաշիւն էլ դարձաւ Հայոց Մեծ թուական կոչուող տարեհաշիւը (552 թ. Յուլիսի 11-ից սկիզբ առնող):

Ցաւօք սրտի, այստեղ կար մի շատ էական անպատեհութիւն:

Բանն այն է, որ հայկական աւանդական օրացոյցը ստեղծուել էր քրիստոնէութիւնից շատ առաջ, բոլորովին այլ կրօնի պայմաններում եւ, բնականաբար, կոչուած էր բաւարարելու ա՛յդ կրօնի պահանջները, որին էլ նա ծառայել էր երկար դարերի ընթացքում: Քրիստոնէութիւնը, լինելով նոր կրօն, թէպէտ շատ հին արմատներով, անշուշտ, ունէր նաեւ նոր պահանջներ օրացոյցի նկատմամբ: Հարկաւ, այդ նոր պահանջները չէին կարող ներդաշնակել հայկական հնաւանդ օրացոյցի հնարաւորութիւններին:

Քրիստոնէական տօնացոյցը հիմնուած է ե՛ւ լուսնա-արեգակնային օրացոյցի վրայ, որը գալիս էր հրէական տոմարական աւանդոյթից, ե՛ւ էլ արեգակնային օրացոյցի վրայ, որն էլ գալիս էր հռոմէական տոմարից: Հայկական օրացոյցը ներդաշնակ չէր սրանցից եւ ոչ մէկին: Եւ, որպէս բնական հետեւանք օրացուցային հնարաւորութիւնների ու պահանջների այս լուրջ տարաձայնութեան, պիտի շատ մեծ դժուարութիւններ յառաջանային հայկական օրացոյցով քրիստոնէական տօնացոյց կազմելիս: Այս դժուարութիւնների մի մասը, որ կայանում էր հաշւումների խրթինութեան մէջ, Աթանասը յաղթահարում է իր տօնացոյցը կազմելիս: Սակայն կային եւ դժուարութիւններ, որ շատ աւելի սկզբունքային բնոյթի էին եւ Աթանասի ժամա- նակ դեռ խոչընդոտ չէին, ուստի եւ նա փորձ էլ չի արել դրանք յաղթահարելու:

Ահա այս դժուարութիւններն էին, որ Աթանասից մէկ դար անց ստիպեցին նորից անդրադառնալ տոմարին: Այս անգամ Հայոց կաթողիկոս Անաստաս Ակոռեցին ինքն է զբաղւում տոմարի հարցով: Նրա կարգադրութեամբ ժամանակի խոշորագոյն գիտնական Անանիա Շիրակունին ստեղծում է հայկական անշարժ օրացոյց, բայց այդ օրացոյցը պաշտօնապէս վաւերացնելուց առաջ վախճանւում է պատուիրատու կաթողիկոսը, նրա յաջորդը այդ հարցում անփոյթ է լինում, քիչ ժամանակ անց մահանում է եւ Անանիա Շիրակունին, որով եւ անշարժ օրացոյցի հարցը փակւում է: Այդուհանդերձ, Շիրակունու տոմարական աշխատութիւնները մեծաւ մասամբ հասել են մեզ: Յայտնի է, որ Մեծն Անանիան հեղինակել է մի ծաւալուն տոմարական աշխատութիւն, որում մանրամասն ներկայացուած են եղել 14 քրիստոնեայ ազգերի օրացոյցները, անշարժացուած հայկական օրացոյցը եւ լուսնացոյց: Եղել են նաեւ այլ օժանդակ միաւորներ (տոմարական տարբեր աղիւսակներ եւ բացատրական բնագրեր): Անանիայի ծաւալուն Տոմարի մէջ 14 քրիստոնեայ ազգերի օրացոյցները զուգահեռաբար ներկայացուած են եղել նրա կազմած «Խառնախորան»-ում, իսկ հայկական օրացոյցը, իւրայատուկ լինելու պատճառով, տրուած է եղել առանձին՝ ՇԼԲ բոլորակում:

Անանիայի Տոմարի բաղադրիչ մասերից միայն մէկն է, որում անկասկած ներկայացուած է անշարժացուած հայկական օրացոյց: Դա Շիրակունու վերոնշեալ օրացուցային աղիւսակներն են, որ յայտնի են ՇԼԲ բոլորակ անուամբ: Որոշ արդի հետազօտողներ այս աղիւսակներում ներկայացուած հայկա- կան օրացոյցը համարել են շարժական, ելնելով նրանից, որ այստեղ հայկական Նաւասարդի մէկը իրօք շարժական է, չորս տարին մէկ առաջ է ընկնում հռոմէական համապատասխան ամսաթուերից: Սակայն այդ աղիւսակների մանրակրկիտ վեր- լուծութիւնը համոզում է, որ դրանցում հայկական օրացոյցը իրօք անշարժացուած է14:

Սակայն բանն այն է, որ Անանիա Շիրակունին օրացոյցն անշարժացրել է փոքր-ինչ անսովոր ձեւով: Ընդհանրապէս, անշարժ օրացոյց ասելով, հասկանում են մի օրացոյց, որի տարեմուտը անշարժ է տարուայ եղանակների նկատմամբ:

Եւ տարեմուտն էլ, բնականաբար, կապւում է ամսակարգի սկզբի՝ առաջին ամսի առաջին օրուայ հետ: Շիրակունին հայկական օրացոյցն անշարժացրել էր էլի տարեմուտը անշարժացնելով, բայց ի տարբերութիւն աւանդական պատկերացման, նա իրարից անջատել էր տարեմուտն ու ամսակարգի սկիզբը (այսինքն՝ Նաւասարդի մէկը): Շիրակունու բարեփոխութեամբ Նաւասարդի մէկը՝ մնալով փոփոխական, դադարում է տարեմուտ դիտուել: Հայկական ամիսները առաջուայ պէս մնում են շարժական, իսկ տարեմուտ է համարւում միշտ Յունուարի 6-ը, անկախ դրան համապատասխանող հայկական ամիս-ամսաթուից: Այսինքն, մի տարի տարեմուտը կը լինէր, ասենք, Մեհեկան 7-ին (Յունուարի 6-ին), չորս տարի անց՝ Մեհեկան 8-ին (Յունուարի 6-ին), եւս չորս տարի անց՝ Մեհեկան 9-ին եւ այլն: Անշուշտ, այսպիսի բարեփոխութիւնը, մեղմ ասած, փոքր-ինչ խրթին է:

Իր բարեկարգած օրացոյցի խրթինութիւնը յաղթահարելու, դրա կիրառութիւնը առաւել դիւրին ու մատչելի դարձնելու համար էլ Շիրակունին կազմում է յիշեալ մանրամասն աղիւսակները: Այս աղիւսակներում բոլոր 532 տարիների համար տրուած են թուականը (նաեւ՝ նահանջը), տարուայ հնգեակը, վերադիրը, եօթներեակը, Յայտնութեան օրը, Բարեկենդանի, գարնանամուտի, Լուսնի աւագ լրման, եւ Զատիկի ամիս-ամսաթուերը15: Ընդ որում, այս ամենը տրուած են զուգահեռաբար թէ՛ հայկական, եւ թէ՛ հռոմէական ամիս-ամսաթուերով: Օրացոյցի այսպիսի մանրակրկիտ մատուցումը պատճառ է դարձել դրա լայն կիրառութեան, եւ սրա շնորհիւ, թէպէտ վաւերացուած չի եղել, այդուհանդերձ Անանիայի կազմած օրացոյցը ապրել է շատ երկար եւ հասել մինչեւ մեզ: Համոզուելու համար, որ իրօք այս աղիւսակներում ներկայացուած հայկական օրացոյցը անշարժացուած է, մի փոքր վերլուծենք դրանք:

Առաջին ակնառու փաստը, որ վկայում է տարեմուտը Նաւասարդի մէկից տարբեր եղած լինելու մասին, հետեւեալն է:

Այստեղ իւրաքանչիւր տարեթուի համար տրուած է այդ տարուայ Զատիկը ե՛ւ հայկական, ե՛ւ էլ հռոմէական ամիս-ամսաթուերով: Միեւնոյն ժամանակ, Զատիկն էլ շարժական տօն է, ունի 35 օրուայ շարժականութիւն: Դրա հետեւանքով հնարաւոր է այնպիսի իրավիճակ, որ երբ Նաւասարդի մէկը քիչ-քիչ յառաջանալով հասնէր Մարտ-Ապրիլ միջակայքին, ապա ստացուէր այնպէս, որ Նաւասարդի մէկից մինչեւ յաջորդ Նաւասարդի մէկն ընկած ժամանակահատուածում պատահէր ոչ թէ մէկ, այլ երկու Զատիկ, իսկ դրա յաջորդ (կամ նախորդ) 365 օրերի ընթացքում ոչ մի Զատիկ չլինէր: Այսպիսի դէպքում Նաւասարդի մէկով սկսուող հայկական մի «տարին» պիտի երկու Զատիկ պարունակէր, իսկ միւս «տարին» բնաւ Զատիկ չպարունակէր: Նման իրավիճակ իրօք տեղի է ունեցել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել Հայոց ՅԻԹ (329) թուին: Սրա նախորդ տարուայ Զատիկը եղել է ՅԻԸ (328) թուի Հրոտից ամսի 19-ին (Ապրիլի 3-ին): Դրա յաջորդ Զատիկը եղել է 385 օր յետոյ՝ ՅԻԹ (329) թուի Նաւասարդի 4-ին (Ապրիլի 23-ին): Իսկ դրան յաջորդողն էլ՝ 350 օր անց՝ Հրոտից 24-ին (Ապրիլի 8-ին): Եթէ տարեմուտ համարուէր Նաւասարդի մէկը, ապա կը ստացուէր, որ Հայոց ՅԻԹ (329) տարին Զատիկ պիտի չունենար: Այդ «տարին» պիտի սկսուած լինէր Նաւասարդի 1 = 880 թ. Ապրիլի 20-ին և աւարտուած լինէր աւելեաց հինգերորդ օր = 881 թ. Ապրիլի 19-ով: Իսկ այդ ժամանակահատուածը ընկած է եղել երկու յաջորդական Զատիկների միջեւ, եւ այդ ընթացքում Զատիկ չի եղել: Սրան հակառակ, Հայոց ՅԼ (330) «տարին» պէտք է երկու Զատիկ ունենար, այդ «տարին» սկսուել է Նաւասարդի 1 = 881 թ. Ապրիլի 20-ին, աւարտուել է աւելեաց հինգ = 882 թ. Ապրիլի 19-ին: Իսկ այդ ընթացքում եղել է երկու Զատիկ՝ 881 թ. Ապրիլի 23-ին եւ 882 թ. Ապրիլի 8-ին: Այդուհանդերձ, Անանիա Շիրակունու ՇԼԲ աղիւսակում Հայոց բոլոր տարիներն էլ ունեն Զատիկ եւ այն էլ՝ մէկական: Նման իրավիճակ հայկական օրացոյցում կրկնուել է ՅԼԲ (332), ՅԽ (340), ՅԽԳ (343) եւ բազում այլ տարիների, մինչեւ Հայոց ՆԼԲ (432) թուականը: Եւ բոլոր նման դէպքերում էլ Շիրակունու տոմարական աղիւսակներում Հայոց ամեն մի տարի ունի իր Զատիկը եւ այն էլ՝ միայն մէկը: Սա նշանակում է, որ  այս աղիւսակները կազմողը տարեմուտ չի համարել Նաւասարդի մէկը: Այսինքն, Շիրակունու կազմած 532-ամեայ տօնացոյցում (ՇԼԲ բոլորակում) Մեծ թուականի տարին տարբեր է եղել ամսակարգից եւ չի սկսուել Նաւասարդի մէկով, որը շարժական էր:

Անանիա Շիրակունու կազմած ՇԼԲ բոլորակը  մի անկախ փաստ եւս տալիս է, դրանում ներկայացուած հայկական օրացոյցի բնոյթը որոշելու համար: Այստեղ հայկական իւրաքանչիւր տարուայ համար տրուած է երկուական եօթներեակ: Սա շատ տարօրինակ է, եթէ տարեմուտ սեպենք Նաւասարդի մէկը: Իրօք, եօթներեակը մէկից եօթ միջակայքում գտնուող մի թիւ է, որով որոշւում են շաբաթուայ օրերը տարուայ կամայական օրուայ համար: Բնականաբար, մէկ տարում եօթներեակը պիտի մէկը լինէր: Այդպէս է սոյն տոմարական աղիւսակի՝ հռոմէական ամիսներով տրուած մասում (այստեղ երկուական եօթներեակ ունեն միայն նահանջ տարիները, այն էլ՝ դրանցից մէկը Յունուար-Փետրուար ամիսների, միւսը՝ Մարտ-Դեկտեմբերի համար): Հայկական եօթներեակների կրկնակիութիւնը հասկանալի է դառնում, եթէ հրաժարւում ենք տարեմուտը Նաւասարդի մէկին նոյնացնելուց: Իրօք, եթէ տարեմուտը տարբեր լինէր Նաւասարդի մէկից, ապա հայ- կական իւրաքանչիւր տարին բաղկացած պիտի լինէր երկու հատուածից. մէկը՝ տարեմուտից մինչեւ Նաւասարդի մէկն ընկած մասն է, միւսը՝ Նաւասարդի մէկից մինչեւ տարեվերջ հատուածը: Եւ այս երկու հատուածներն էլ, բնականաբար, պիտի ունենան իրենց տարբեր եօթներեակները: Զանց առնելով մանրամասների քննարկումը, նշենք, որ Շիրակունու ՇԼԲ աղիւսակում հայկական եօթներեակների կրկնակիութիւնը եւս վկայում է, որ այս աղիւսակում ներկայացուած հայկական օրացոյցի տարեմուտը չի եղել Նաւասարդի մէկը16:

Կան այլ փաստեր եւս, որ այս աղիւսակի վերլուծութիւնը տալիս է ի հաստատումն այն բանի, որ դրանում Հայոց օրացոյցի տարեմուտը կապուած չի եղել Նաւասարդի մէկին, այլ եղել է անշարժ: Իսկ թէ երբ է եղել հայկական տարեմուտն ըստ Անանիայի բարեփոխութեան, իմանում ենք նրա տոմարի մասը կազմած «Յայտնութեան ճառից», ուր հեղինակն ինքը յայտ- նում է, որ Քրիստոսի Յայտնութեան տօնը (իմա՛ Յունուարի 6- ը) դրել է տարուայ եւ տարեկան տօների գլխին: Այս մասին աւելի հանգամանօրէն պատմում է Առաքել Նախիջեւանցին17, որ ուղղակի նշում է, թէ Մեծ թուականի տարեմուտը, սկիզբը դրուել է Յայտնութեան օրը՝ Յունուարի 6-ին:

Ի մի բերելով այս ամենը, տեսնում ենք, որ Անանիա Շիրակունին իրօք անշարժացրել է հայկական օրացոյցը՝ տարեմուտը դնելով Յունուարի 6-ին, անկախ հայկական ամիս-ամսաթուից: Ուրեմն, ըստ նրա բարեփոխութեան, Հայոց Մեծ թուականի սկիզբը պիտի հաշուել ոչ թէ 552 թ. Յուլիսի 11-ից, այլ 553 թ. Յունուարի 6-ից (պարզութեան համար կարելի է վերցնել Յունուարի 1-ից, դա շօշափելի սխալի չի բերի): Այսպէս է Հայոց Մեծ թուականը ներկայացուած նրա կազմած տոմարական աղիւսակում՝ ՇԼԲ բոլորակում: Փաստօրէն, ստացւում է Հայոց Մեծ թուականի երկու տարբերակ՝ հին ու նոր՝ ըստ Աթանաս Տարօնացու եւ ըստ Անանիա Շիրակունու: Այս երկրորդ տարբերակը, թէպէտ պաշտօնապէս վաւերացուած չի եղել, այդուհանդերձ ունեցել է բաւական լայն կիրառութիւն (թերեւս՝ շնորհիւ Անանիայի բացառիկ մեծ հեղինակութեան, կամ նրա կազմած աղիւսակների մատչելիութեանն ու յարմարութեանը): Որպէս սրա արդիւնք, մեզ են հասել Հայոց Մեծ թուականով տրուած տարեթուեր երկու տարբերակով էլ՝ ե՛ւ Մեծ թուականը դիտելով իբր 552 թ. Յուլիսի 11-ից սկսուող շարժական տարեմուտով օրացոյց, ե՛ւ էլ իբր 553 թ. Յունուարից սկսուող անշարժ օրացոյց: Սա էլ նշանակում է, որ հայկական այս օրացոյցով տրուած տարեթուերը Փրկչականի վերածելիս հարկ է նկատի ունենալ հնարաւոր անճշդութիւնը (մինչեւ մէկ տարի), եւ  հնարաւորութեան դէպքում տարեթիւը ճշգրտել կողմնակի այլ տուեալներով: Հայոց Մեծ թուականի մասին մեր պատկերացումը ամբողջացնելու համար հարկ է ճշդել նաեւ նրա հիմնադրման ճշգրիտ ժամանակը եւ այն, թէ ով է եղել դրա պատուիրատու կաթողիկոսը: Ինչպէս արդէն նշուեց, այս հարցերին իրարամերժ պատասխաններ են տրուել տակաւին միջնադարից: Որպէս տոմարի կարգադրիչ, հայ մատենագիրները յիշատակում են երեք տարբեր կաթողիկոսների անունները: Մերօրեայ հրատարակութիւններում եւս այս հարցը լուսաբանուած է ոչ միարժէքօրէն18: Ընդ որում, այս հարցերը տոմարագիտութեան եւ պատմագրութեան առումով մեծ կարեւորութիւն են ունեցել իրենց ծագումից ի վեր, եւ դրա վկայութիւնն է այն, որ Հայոց տոմարին եւ 6-րդ դարի պատմական անցքերին անդրադարձած համարեա բոլոր հեղինակներն էլ անդրադարձել են այդ հարցերին եւ ջանացել են այս կամ այն կերպ պատասխանել դրանց: Միեւնոյն ժամանակ, մատենագիր սկզբնաղբիւրներում այս հարցերի պատասխանների իրարամերժ լինելը վկայում է, որ սրանց հետ կապուած թիւրիմացութեան պատճառը ինքը շատ հին է, եւ պէտք է այդ թիւրիմացութիւնը փնտռել հէնց Հայոց Մեծ թուականի հիմնադրման ժամանակներում:

Հայոց պատմութեան այս ժամանակաշրջանը հարուստ է բուռն իրադարձութիւններով, մեծ վայրուվերումներով, սակայն, դրան հակառակ (կամ գուցէ դրան ի հետեւանք), յոյժ աղքատ

է ժամանակակից պատմական սկզբնաղբիւրներով: Որպէսզի հնարաւոր լինի եղած սկզբնաղբիւրների տուեալներով որոշել Մեծ թուականի հիմնման ժամանակն ու պատուիրատու կաթողիկոսի ինքնութիւնը, զուգահեռաբար կը քննենք նաեւ մի քանի այլ իրադարձութիւնների ժամանակի հարցը. Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսի ընտրութիւնը, ՇԼԲ պարբերաշրջանի գիւտը, Ս. Յիզտբուզիտի նահատակութիւնը, Հայոց կաթողիկոսութեան բաժանումը երկուսի, Աբրահամ Աղբաթանեցի կաթողիկոսի ընտրութիւնը եւ որոշ այլ իրադար- ձութիւններ, որոնք ժամանակագրօրէն աղերսւում են տոմարի կարգադրութեանը եւ կարող են օժանդակել մեր խնդրի լուծմանը:

Միեւնոյն ժամանակ, հէնց իր՝ օրացոյցի քննութիւնը ծանրակշիռ փաստեր է տալիս որոշելու համար, թէ երբ պիտի լինէր Մեծ թուականի հիմնումը:

Քննելով Անդրէաս Բիւզանադացու եւ Աթանաս Տարօնացու տոմարների մասին մեզ հասած տեղեկութիւնները եւ այդ տուեալները զուգադրելով օրացոյցի կարգադրութեան մասին գրած տարբեր հեղինակների տուած տարեթուերին, գալիս ենք այն եզրակացութեան, որ Հայոց Մեծ թուականի հիմնումը եղել է Անդրէասի 200-եակի աւարտին՝ Փրկչ. 551 թուին: Փաստօրէն, Հայերը թուականը հիմնել են նախքան 200-եակի աւարտը (552 թ. Զատիկից առաջ), նախօրօք որոշելու համար Անդրէասի տօնացոյցի աւարտից յետոյ իրենց անելիքը19: Սրանից ինը տարի անց՝ 560-ին Աղէքսանդրիայում 36 տոմա- րագէտների ժողովը կարգադրում է միասնական օրացոյցի խնդիրը եւ պաշտօնապէս ընդունում է Էաս Աղէքսանդրացու գտած 532-ամեայ մշտնջենական պարբերաշրջանը: Սա նախորդ բոլոր տօնացոյցների նկատմամբ ունէր այն ակնյայտ առաւելութիւնը, որ այս աղիւսակների աւարտից յետոյ կարելի պիտի լինէր անմիջապէս, առանց ընդմիջման դրանք վերստին կիրառել սկզբից20:

Այս նոյն ժամանակ (հաւանական է՝ հէնց նոյն ժողովում, կամ դրա առնչութեամբ) Հայերի համար առանձին անշարժ տոմար են կարգում, որ սակայն Հայոց եկեղեցին չի ընդունում եւ շարունակում է իր սկսած ուրոյն տարեհաշիւը եւ ազգային աւանդական 365-օրեայ ամսակարգն ու Նաւասարդի մէկով սկսուող շարժուն տարին: Միեւնոյն ժամանակ, Հայերն ընդունում են Աղէքսանդրիայում որոշուած 500-եակի (532-ամեայ շրջանի) տոմարական կարեւոր սկզբունքները (վերադիրների ու Լուսնի լրումների համակարգը), եւ այդպիսով ապահովում են Հայոց եւ արեւմտեան եկեղեցիների Զատիկների համաժամանակութիւնը:

Աւելի դժուար է պատուիրատու կաթողիկոսի հարցը պարզելը: Ինչպէս վերը նշուեց, պատմական սկզբնաղբիւրներն այս կապակցութեամբ յիշատակում են երեք տարբեր կաթողիկոսների՝ Յովհաննէս Գաբեղեանին, Ներսէս Բագրեւանդեցուն (Աշտարակեցուն) եւ Մովսէս Եղիվարդեցուն: Միեւնոյն ժամանակ, տոմարի կարգադրութիւնը տարբեր կաթողիկոսների վերագրելով հանդերձ, այդ տարբեր սկզբնաղբիւրները տոմարի կարգադրութեան համար տալիս են հիմնականում միեւնոյն տարեթիւը: Սա շատ ուշագրաւ է. այստեղից հետեւում է, որ այդ բոլոր հեղինակներն էլ իմացել են տոմարի կարգադրութեան ճշգրիտ ժամանակը (բոլորն էլ նոյն տարին են տալիս, թէպէտ՝ տարբեր համակարգերով՝ Աշխարհի արարչու- թեան, Յունաց Փիլիպպոս կայսեր, Քրիստոսի ծննդեան, եւ այլ թուականներով): Իսկ նոյն թուին եղած նոյն գործը տարբեր կաթողիկոսների վերագրելը հետեւանք է այն բանի, որ տարբեր հեղինակների ձեռքի տակ եղած գաւազանագիրքերում21 տարբեր են եղել Հայոց կաթողիկոսների տարիները, եւ իւրաքանչիւր հեղինակ, նայելով, թէ ըստ իր ունեցած գաւազանագիրքի, ով է եղել 551 թուին Հայոց կաթողիկոսը, նրան էլ վերագրել է տոմարի կարգադրութիւնը: Իսկ ինչո՞ւ պիտի գաւազանագիրքերում շփոթուած լինէին Հայոց կաթողիկոսների տարիները: Այս հարցի պատասխանն էլ ժամանակի պատմական անցքերի մէջ է:

Յայտնի է, որ 6-րդ դարի կէսերին Հայաստանը բաժանուած էր Պարսկաստանի եւ Բիւզանդական կայսրութեան միջեւ եւ այս երկու գերտէրութիւնների անհաշտ պայքարը աւերում էր ոչ միայն Հայոց երկիրը, այլեւ Հայոց եկեղեցին: Օգտուելով դէպքերի նպաստաւոր ընթացքից, Յունաց կայսրը Հայաստանի յունական մասում ստեղծում է նոր կաթողիկոսութիւն, կաթողիկոս է կարգում Յովհան Բագարանցուն եւ նստավայր ընտրում Յույն-Պարսկական սահմանին մօտիկ Աւան գիւղը (այժմ՝ Երեւանի շրջագծում). այնտեղ էլ Յովհան Բագարանցին կառուցում է Աւանի նշանաւոր կաթողիկէն: Այս կաթողիկոսը աթոռակալել է 26 տարի: Նրա գահակալութեան վերջերում յունա-պարսկական հակամարտութեան մէջ յաջողութիւնը անցնում է Պարսիկներին, որոնք էլ վերջ են տալիս Աւանի կաթողիկոսութեանը:

Բնականաբար, կաթողիկոս դնելով իրենց ընտրած թեկնա- ծուին, Յոյները նրան նաեւ պարտադրում են ընդունել քաղկեդոնական դաւանանքը, որ սակայն չի ընդունւում  Հայ եկեղեցու մեծ մասի կողմից: Հայ պատմագիրները վկայում են, որ Յովհան Բագարանցին համարուել է հակաթոռ կաթողիկոս: Այդ է ցոյց տալիս եւ այն, որ նա չի նստել Դուինի կաթողիկոսարանում, այլ առանձին նոր կաթողիկոսարան է կառուցել Աւանում իր իսկ կառուցած կաթողիկէի կողքին: Ահա, Յովհան Բագարանցու հակաթոռ (նաեւ քաղկեդոնական) եղած լինելու հանգամանքն էլ առիթ է դարձել Հայոց կաթողիկոսների գաւազանագիրքի այդ հատուածում շփոթութիւն առաջացնելու համար: Տարօրինակ է նաեւ այն, որ հակաթոռ համարուելով հանդերձ, նա իր գահակալութեան 26 տարիներով մտել է Հայոց կաթողիկոսների բոլոր ցուցակների մէջ: Այսինքն, առկայ է ե՛ւ նրան հակաթոռ համարելը (բոլորը գրում են այդ մասին), ե՛ւ էլ նրան օրինական կաթողիկոս համարելը (մտցուած է բոլոր գաւազանագիրքերի մէջ իր 26 տարիներով):

Այս եւ սրան յաջորդող պատմական անցքերի ժամանակները համեմատելով, ստանում ենք, որ Յովհանը իր կաթողիկոսութեան միայն մի հատուածում (վերջում) է եղել հակաթոռ, իսկ սկզբում նա գահակալել է իբր կաթողիկոս ամենայն Հայոց: Ճշգրտելով այս շրջանի անցուդարձի ժամանակագրութիւնը, ստանում ենք դէպքերի ժամանակային հետեւեալ յաջորդականութիւնը:

551 թ. Հայոց կաթողիկոս է դարձել Մովսէս Եղիվարդեցին: Նա էլ իր կաթողիկոսութեան սկզբում (551թ.) ժողով է գումարել օրացոյցի հարցը լուծելու համար: Որոշուել է առանձին հայկական տոմար հիմնել, որը եւ արել է Աթանաս Տարօնացին: 560 թուին՝ Մովսէսի 10-րդ տարում Աղէքսանդրիայում կարգադրուել է միասնական քրիստոնէական տոմարի խնդիրը, ընդունուել է 532-ամեայ (ՇԼԲ) պարբերաշրջանը, նոյնիսկ՝ Հայերի համար անշարժ տոմար են կարգել, սակայն Հայոց եկեղեցին մերժել է դա եւ շարունակել է իր սկսած տարեհաշիւն ու աւանդական (365-օրեայ) տարիով օրացոյցը՝ Նաւասարդի մէկ շրջիկ տարեմուտով: Այդուհանդերձ, լրիւ ընդունել է աղէքսանդրեան ՇԼԲ շրջանի սկզբունքները (վերադիրներ եւն):

Մովսէս կաթողիկոսի օրօք են եղել Ս. Յիզտբուզիտի նահատա- կութիւնը, (Փոքր) Վարդան Մամիկոնեանի ապստամբութիւնը, պարսիկ Սուրէն մարզպանի սպանումը 571 թ., եւ Խաղամախի նշանաւոր ճակատամարտը:

581 թ. վախճանւում է Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսը: Քաղաքական կացութիւնը խոչընդոտում է բնականոն կերպով կաթողիկոսի ընտրութիւն անցկացնելուն եւ երեք տարի տեղապահ է մնում Վրթանէս Քերթող վարդապետը:

581-584 թթ. Վրթանէսի տեղապահութիւնն է: Այս ընթացքում, օգտուելով Հայոց եկեղեցու տկարացումից, Կիւրիոնը Վրաց եկեղեցին անջատում է Հայոց եկեղեցուց:

584-ին, օգտուելով Պարսից ներքին անկայուն վիճակից, Յունաց Մօրիկ կայսրը կաթողիկոս է դարձնում Յովհան Բագարանցուն, նրան պարտադրելով քաղկեդոնական դաւանանք: Այդուհանդերձ, այս կաթողիկոսը ճանաչում չի ստանում բոլոր եպիսկոպոսների կողմից եւ Մօրիկը չի կարողանում Յովհանին նստեցնել Դուինի կաթողիկոսարանում, այլ նոր կաթողիկոսարան եւ կաթողիկէ տաճար է հիմնում Յունաց բաժնում, սահմանին մօտ՝ Կոտայքի Աւան գիւղում: Սրանով էլ խափանւում է Վրթանէսի տեղապահութիւնը եւ որոշ ժամանակ (գոնէ մինչեւ Մօրիկի մահը 602-ին) համայն Հայոց կաթողիկոս է դիտւում Յովհան Բագարանցին:

602-ին Մօրիկի մահից յետոյ Պարսիկները պատերազմական գործողութիւններ են ծաւալում Հայաստանում եւ Յովհանը Աւանից փախնում է Կարին: Հաւանական է, այս ժամանակից էլ նա դիտուել է հակաթոռ:

607-ին Պարսից արքայ Խոսրով Բ-ը Հայաստան է ուղարկում Սմբատ Բագրատունուն, որն էլ կազմակերպում է կաթողիկոսական կանոնաւոր ընտրութիւն, ուր ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրւում Աբրահամ Աղբաթանեցին:

610-ին Պարսիկները գրաւում են Կարինը եւ ժողովրդի հետ միասին գերեվարում անդ ապաստանած ծերունի Յովհան կաթողիկոսին, տանում են Համադան, ուր եւ նա վախճանւում է: Նոյն տարին վախճանւում է եւ Աբրահամ Աղբաթանեցին՝ գահակալելով միայն 3 տարի:

610-ին կաթողիկոս է ընտրւում Կոմիտաս Աղցեցին:

Այսպիսով, պարզ է դառնում, որ Հայոց տոմարի կարգադրութիւնն ու Հայոց Մեծ թուականի հիմնումն էլ ամբողջովին Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսի ձեռակերտն են, որ իրականացրել է Աթանաս Տարօնացին:

Ի մի բերելով Հայոց Մեծ թուականի մասին ասուածը, կարող ենք այդ օրացոյցի ստեղծումը, բնոյթը եւ կրած փոփոխութիւնները պատկերել հետեւեալ կերպ:

552 թուականին աւարտւում է Անդրէաս Բիւզանդացու 200-ամեայ զատկացուցակը, որով ի թիւս այլ ազգերի, առաջնորդւում էին եւ Հայերը: Այս ժամանակ տակաւին լուծուած չի

եղել նոր համընդհանուր օրացոյցի հարցը: Օգտուելով առիթից, Հայոց կաթողիկոս Մովսէս Եղիվարդեցին կարգադրում է հայկական տոմարի հարցը: Նա վճռում է ստեղծել ինքնուրոյն ազգային օրացոյց: Նրա կարգադրութեամբ Աթանաս Տարօնացին Հայկական հնաւանդ շարժական օրացոյցի հիման վրայ կազմում է քրիստոնէական տօնացոյց, որի տարեհաշիւն էլ դառնում է Հայոց Մեծ թուականի հիմքը:

Այստեղ ամբողջովին պահպանւում է Հայոց օրացուցային աւանդական դրուածքը. տարուայ տեւողութիւնը միշտ 365 օր (առանց նահանջ տարիների), տարեմուտն էլ՝ Նաւասարդի մէկը չորս տարում մի օր առաջ է ընկնում հռոմէական ամսաթուերից: Այս կառուցուածքով օրացոյցը անխուսափե- լիօրէն պատճառ պիտի դառնար տոմարական թիւրիմացութիւնների, երբ Նաւասարդի մէկը հասնէր Մարտ-Ապրիլին: Դրա համար էլ 7-րդ դարում Անանիա Շիրակունին բարեփոխում է այն: Նա տարեմուտը առանձնացնում է Նաւասարդի մէկից եւ կայուն դնում Յունուարի 6-ի դիմաց՝ անկախ հայկական ամիս-ամսաթուից, իսկ Նաւասարդի մէկը էլի մնում է շրջիկ: Նա նաեւ կազմում է մանրակրկիտ աղիւսակներ 532 տարիների համար: Սակայն, Անանիայի բարեփոխումը պաշտօնական վաւերացում չի ստանում: Ի հետեւանք այս ամենի, Մեծ թուականը սկսում է կիրառուել երկու տարբեր ձեւերով. մէկն ըստ Աթանասի սահմանածի՝ 552 թ. Յուլիսի 11-ից  սկսուող, փոփոխական տարեմուտով, միւսն ըստ Անանիայի բարեփոխման՝ 553 թ. Յունուարից սկսուող, կայուն տարեմուտով:

Այս կերպ էլ Հայոց Մեծ թուականը հասել է մինչեւ մեր օրերը:

Այս օրացոյցի յաջորդ բարեփոխութիւնը եղել է 11-12-րդ դարերում եւ դա արել է եռամեծ իմաստասէր Յովհաննէս Սարկաւագը: Սակայն ի տարբերութիւն նախորդ բարեփոխութեան, այս անգամ Մեծ թուականը թողնւում է անփոփոխ, եւ դրան կից ստեղծւում ու կիրառութեան մէջ է դրւում նոր բարեփոխեալ օրացոյց՝ Հայոց Փոքր թուականը:

Արդ նայենք, թէ ինչ է իրենից ներկայացրել Յովհաննէս Սարկաւագի ստեղծած Հայոց Փոքր թուականը, ինչ փոփոխութիւններ են կատարուել հայկական օրացոյցում այս կապակցութեամբ եւ որն է եղել դրանց հիմքը:

 

Շարունակությունը հաջորդ համարում

 

 

Ծանոթագրություններ

 

 

  1. Այս մասին տես՝ Գր.Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց օրացոյցը մինչեւ Մեծ թուականը, «Էջմիածին», 1984, թւ ե, էջ 54-58:
  2. Տես՝ օր. Բ.Ե.Թումանեան, Տոմարի պատմութիւն, Երեւանի Համալսարանի Հրատ., Երեւան, 1972, էջ 44-45: 3. Ղ.Ալիշան, Յուշիկք Հայրենեաց Հայոց, հ. Ա, Վենետիկ, 1869, էջ 76-104:
  3. Տես՝ Գր. Բրուտեան, Նշ. աշխ.:
  4. Այս մասին տես՝ Գր. Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին, Հայոց Բուն թուական, «Էջմիածին», 1985, թւ Ա, էջ 51- 57, թւ Բ-Գ, էջ 72-104:
  5. Յունական եւ փոքրասիական տարբեր օրացոյցների մասին յայտնում է Անանիա Շիրակունին (Շիրակացին): Տես՝ Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, ՀՍՍՌ Մատենադարանի Հրատ., Երեւան 1994, էջ 116-122:
  6. Այս մասին մանրամասն տես՝ Գր. Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց Օրացոյցի բարեկարգումն ու կաթողիկոսների գահացուցակը, ՙԷջմիածին՚, 1994, թւ Ը, էջ 30-48:
  7. Տես՝ նոյն տեղում:
  8. Տես՝ Գր. Բրուտեան, Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Հայոց Մեծ թուական, «Էջմիածին», 1983, թւ Ը, էջ 41-44:
  9. Ներկայումս ընդունուած եւ տարածուած է այս հեղինակի անունը՝ Անանիա Շիրակացի: Սակայն իր աշխատութիւններում նա ինքն իրեն անուանում է Շիրակունի, ուստի եւ աւելի ճիշդ եմ տեսնում նրան կոչել իր իսկ ձեւով՝ Շիրակունի: Պատահում է եւ Ա. Անեցի ձեւը:
  10. Այս օրացոյցը տոմարական գրականութեան մէջ յայտնի է տարբեր անուններով. թուականութիւն Հայոց, թուականութիւն Հայկազեան, Բուն թուական Հայոց, Ասքանազեան թուական եւ այլն: Շփոթութիւնից խուսափելու համար դա կը կոչենք Մեծ թուական, կամ Մեծ օրացոյց անուններով:
  11. Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, էջ 262-282:
  12. Հայ միջնադարեան տոմարական գրականութեան մէջ որպէս գարնանամուտի կայուն օր ընդունուած է ոչ թէ Մարտի 21-ը, այլ 20-ը:
  13. Տես՝ Գր. Բրուտեան, ՙԷջմիածին՚, 1983, թւ Ը, էջ 41-44:
  14. Հնգեակը, Վերադիրը եւ Եօթներեակը տոմարական հասկացութիւններ են, որ կիրառուել են միջնադարում օրացուցային հաշւումներ անելու համար: Եօթներեակով որոշուել է շաբաթուայ ինչ օր լինելը, վերադիրով՝ Լուսնի փուլը, իսկ հնգեակը տարուայ 12 ամիսներից դուրս մնացած 5 յաւելեալ օրերն են, որ 19 տարում կուտակուելով կազմել են 95 օր (5x19=95):
  15. Աւելի մանրամասն այս մասին տես՝ Գր.Բրուտեան, «Էջմիածին», 1985, թւ Ա, էջ 52:
  16. Տես՝ Ա.Գ.Աբրահամեան, Տոմարատիեզերագիտական երեք բնագրեր, «Բնագիտութեան եւ տեխնիկայի պատմութիւնը Հայաստանում. VII», ժողովածուում, գլխ. խմբ. Գ.Բ.Պետրոսեան, ՀԽՍՀ ԳԱ Հրատ., Երեւան, 1979, էջ 62-65:
  17. Այս մասին մանրամասն տե՛ս Գր. Բրուտեան, «Էջմիածին» 1994, թւ Ը, էջ 30-48:
  18. Այս եւ հետագայ շարադրանքին վերաբերող մանրամասները տես՝ Գր. Բրուտեան, «Էջմիածին» 1994, թւ Ը, էջ 30-48:
  19. 532-ամեակը փաստօրէն Լուսնի 19-ամեայ եւ Արեւի 28-ամեայ պարբերաշրջանների արտադրեալն է (19x28=532), որով եւ 532 տարի պարբերութեամբ կրկնւում են Լուսնի փուլերի, ամիս-ամսաթուերի եւ շաբաթուայ օրերի համապատասխանութիւնները, ուրեմն նաեւ Զատիկները եւ միւս տօները: Իր ժամանակին այս պարբերաշրջանի գիւտը շատ մեծ ոգեւորութիւն է առաջացրել, որպէս օրացուցային հարցի վերջնական կատարեալ լուծում: Իրականում, սակայն, այս պարբերութիւնն այնքան էլ «հաւերժական չէ»: Բանն այն է, որ սա հիմնուած է Լուսնի 19-ամեայ (Մեթոնի) շրջանի եւ Յուլեան օրացոյցի վրայ: Իսկ սրանք երկուսն էլ որոշակի սխալներ են պարունակում, այնպէս որ, 532 տարի անց աղիւսակը կրկնելու պարագայում ի յայտ պիտի գային որոշ անհամաձայնութիւններ Լուսնի իրական փուլերի, գիշերահաւասարի օրուայ եւ աղիւսակում տրուածի միջեւ: Ի վերջոյ, այս անհամաձայնութիւններն էլ ստիպեցին անցնելու նոր տոմարի՝ 1582-ին:
  20. Գաւազանագիրք (Գաւազանագիր) է կոչւում ժամանակագրական կանոնը (ցուցակը), որտեղ ներկայացուած են յաջորդական տիրակալները (կաթողիկոսները) իրենց գահատարիներով: