1/1/1998

"Պարականոն" շարքից

Գիտեմն ու Չգիտեմը

Ոմն այր երկու զավակ է ունենում` Գիտեմն ու Չգիտեմը, որոնց մայրը մահանում է: Հայրը խորթ մայր է բերում տուն (հետևելով հեքիաթների տխուր իրողությանը):

Գիտեմը, որ ամեն ինչ գիտեր, մեղադրում է հորը և տանից վտարվում:

Չգիտեմը, որ ոչինչ չգիտեր, մեղադրում է հորը և վտարվում:

Գիտեմն ու Չգիտեմը երկար դեգերելուց հետո հայտնվում են մի թավուտում և անվերջ իրար են փնտրում, մինչև որ չեն դիմանում և Գիտեմը գոռում է` Չգիտեմ, Չգիտեմը` Գիտեմ:

 

Կաղամախի

Ահա' մի ծառը, որի անունը հանկարծ հիշեցի, բայց իրեն չեմ հիշում: Կաղամախի ... Ահա' մի անուն, որ այս փոշոտված ու սմքած ծառն է գուցե, որի կողքով բազմիցս անցել եմ և որի տակ, թերևս, երբեմն խոնջացած երկարել եմ, բայց անունը չեմ հիշում:

 

Բաց նամակ ևս մի չգրված պատմվածք ընթերցելուց հետո

Երկար ժամանակ ոչինչ չէի գրել, և մի ծրար առա, գտա հեռա- վոր ընկերներիցս մեկի հասցեն, մի երկտող գրեցի. «ուղարկում եմ քեզ այս վերջին պատմվածքս, ասելու շատ բան ունեմ ...» մանրակրկիտ ծալեցի, զգուշորեն տեղավորեցի ծրարի  մեջ, ելա, քայլեցի դեպի անկյունի փոստարկղը, ծրարը գողացված գանձի պես բռնած գցեցի ներս ու վերադարձա:

Վեց ամիս անց ծրարը ետ ստացա (գուցե հասցեն էր սխալ, կամ ընկերս էր ավելի հեռվում), զգուշորեն թերթատեցի այն` երկտողը չգտա, բայց գտա չգրված պատմվածքս և սկսեցի ընթերցել ...

Առաջին և ամենավերջին մարդը

Եթե երբևէ միայնակ դեգերելիս, սարն ի վեր մագլցելիս, թուփ ու ծառերի, ծաղկանց ու ցողի բույրերից արբշիռ ու թափա- ռումներից խոնջացած, երբ պառկում ես սիզախոտերի մեջ ու հայում երկնքին, քեզ չի թվացել, որ դու երկրի երեսին առաջին մարդն ես, ապա դու ամենավերջին մարդն ես ...

 

Առյուծը և թիթեռնիկը

(չստացված հեքիաթ)

Մի անգամ երբ առյուծը նեղացրեց թիթեռնիկին, հասկացավ, որ ամենքս էլ մի օրվա կյանք ունենք:

 

Չկայացած հանդիպում

Հիշողությունը ծերացել ու ընկել էր մոռացության գիրկը: Մոռացությունը պինդ գրկել նրան ու ասում էր. - Ինձ չե՞ս հիշում:

- Ոչ,- ասաց հիշողությունը, դանդաղ քարշ գալով մոռացության հունով:

 

«Սեր և անմահություն»

Երբ բրազիլացի կինոբեմադրիչ Ֆրանսիսկո Ռոխաս Բաստոսը սկսեց նկարահանել «Սեր և անմահություն» սերիալը, Հայկ Մուրադյանը ութ տարեկան էր, իսկ երբ այն սկսեց ցուցադրվել Հայաստանում, նա արդեն Անասնաբուժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր, իսկ Հայաստանն անկախ էր ու միացյալ և բաժանված արդեն անջատ-անջատ մարզպետությունների, և, ի դեպ արդեն չեմ հիշում որ շրջանի մարզպետն էր նաև մեր հերոսի բազմաչարչար հայրը` Գևորգ Մուրադյանը, ում ընկերները կես լուրջ կես կատակ ասում էին Գևորգ Մարզ- պետունի: Երևի դա էր պատճառը, կամ պատճառներից մեկը, որ «Գևորգ Մարզպետունին» մեր հերոսի սեղանի գիրքն էր (և այդպես սեղանին է դրված մինչև այսօր, կամ ինչպես սիրում են ասել մեր քաղաքականապես գրագետ այրերը` ցայժմ): Մայրը` Անգելինա Մուրադյանը` գաճաճի պես կոլոտ և մեր նախկին երկրի պես լայնարձակ` ռուսական կրթություն ուներ և Կոնսերվատորիայի դիպլոմ, որը պահում էր տատից մնացած նախշազարդ ու ոսկեզօծ` 17-րդ դարի հոլանդացի ծովահեն- ների սնդուկում, որը ինչպես հայտնի է օվկիանոսի տակ էլ ջուր չի քաշում և եթե ջրհեղեղը կրկնվի էլ` Անգելինա Մուրադյանի դիպլոմը կմնա:

Նա մտածում էր ստամոքսով և շատ էր սիրում ուղեղ, իսկ գլխում պտտվում էր «դելիկատես» բառը, որի իմաստը չգիտեր, բայց հմայքը զգում էր: Դպրոցական ծրագրից ժանգոտած փամփուշտի պես մեջը մնացել էր “Хрустальный дворец” վերնագիրը և շուրջ քսանհինգ տարի տունը վերածում էր դրան: Նա սիրում էր գեղեցիկ շրջանակներ (մի կերպ հանդուրժելով նկարները), մոդայիկ զգեստներ, ազգային երաժշտություն  և  իհարկե  իր  մինուճար  որդուն,  ով  մեր ազգի ապագան էր:

Երբ Ֆրանսիսկո Ռոխաս Բաստոսը 58 տարեկանում սկսեց նկարահանել հաջորդ սերիալը, որն ինչպես պարզվեց նույնի շարունակությունն էր, Հայկ Մուրադյանն արդեն 40 տարեկան էր, իսկ Հայաստանում դեռ ցուցադրվում էր «Սեր և անմահություն» կինոնկարի 3005-րդ սերիան, և քառասուն տարեկան Հայկ Մուրադյանն ու իր չորս ընկերները (հայրն արդեն չկար), մայրն ու վեց հարևանուհիները, շունն ու մորաքույրը` մեկ մարդու պես մունջ ու կլանված նայում էին այն, իսկ հետո արդեն քննարկում, վիճում, թեյ կամ սուրճ էին ըմպում ու գնում քնելու: Ֆրանսիսկո Ռոխաս Բաստոսը, ով հիմա իր բազմաթիվ ֆազենդաներից մեկի պուրակում, արմավենու տակ, կախօրրանի մեջ պառկած շոյում էր իր հերթական սիրուհիներից մեկին, չէր էլ կասկածում, որ հեռավոր մի երկրի, եթե ոչ 99 տոկոսը, ապա 90-ը հանուն «Սիրո և անմահության» քաղաքականության և «ազգային» ինքնագիտակցության հրաժարվել էր սեփական կյանքից:

Սկսեցին ծնվել երեխաներ, որոնք միաբերան լալիս էին, և չէին հանդարտվում` ոչ մայրական գորովից, ոչ կուրծք ուտելուց, ոչ էլ հայրերի շվարած ու անօգ հայացքներից, այլ մեն միայն «Սեր և անմահություն» սերիալից, քաղաքական այրերի ելույթներից, խավարից և որոտընդոստ ռազմահայրենասիրական երգերից:

45  տարեկանում  Հայկ  Մուրադյանն  «Ազգային գենոֆոնդ» փակ թե՞ սահմանափակ բաժնետիրական ընկերության նախագահն էր և զբաղվում էր մանրածախ և մեծածախ առևտրով, և երկուսի արանքում նայում էր «Սեր և անմահություն» կինոնկարը, իսկ երբ ցուցադրումը մեկ ամսով դադարեցրին`ամուսնացավ և ինը ու կես ամսից զավակ ունեցավ` Ֆրանսիսկո Հայկի Մուրադյան:

Երբ Ֆրանսիսկո Ռոխաս Բաստոսը, 75 տարեկանում, իր հերթական ֆազենդաներից մեկի, հերթական պուրակի, հերթական արմավենիներից մեկի տակ, հերթական սիրուհիներից մեկի գրկում, ավանդում էր «հերթական» հոգին, (Հայաստանում այդժամ ցուցադրվում էր նրա կինոնկարի 8007-րդ սերիան), նա չէր էլ կասկածում, որ հեռավոր երկրի մի անկյունում տեղի էր ունենում իր հերթական ռեինկարնացիան:

Երբ 50 տարեկանում Հայկ Մուրադյանը գարնանային մի օր կորցրեց իր ամենամտերիմ մանկության ընկերոջը և տխրամած երաժշտության տակ քրտնաթոր քարշ էր գալիս թաղման թափորում, նրա միակ մտահոգությունն այն էր, որ չէր կարողանալու դիտել Ռոխաս Բաստոսի այդ դյութական կինոնկարի 8057-րդ սերիան:

(Ճիշտ ժամանակն է հիշելու չնաշխարհիկ իմաստասեր Չուան Չզիին, ով ասում էր, թե մարդու կյանքը սահմանափակ է, բայց գիտելիքներն անսահմանափակ, և որ երազում` հոգով ընկալածն է, իսկ արթմնի` մարմնով, իսկ Հայկ Մուրադյանը երազ չէր տեսնում, կամ եթե տեսնում էլ էր` միայն մարմնով. թե իբր ինքը Ռոխաս Բաստոսի հերթական հերոսներից մեկն էր, որ ահա Ռոխաս Բաստոսի հերթական ֆազենդաներից մեկում, շոյում էր իր հերթական սիրուհուն):

Քաղաքում սկսեցին երեխաներ կորչել, իսկ գողությունների թիվը 40 տոկոսով բարձրացավ: Միայն մի գող բռնվեց, քանի որ չդիմանալով գայթակղությանը ինքն էլ սկսեց նայել հերթական սերիան, և երբ այն վերջացավ` նրան բռնեցին, և ուզում էին հիշել թե նման դեպքերում սերիալներում ինչ են անում: Հայկ Մուրադյանը չհասկացավ, թե այդ երբ և կամ թե ինչպես նա դարձավ 90 տարեկան:

Իսկ երբ հյուրերը գնացին, և քիչ անց, երբ որդին էլ գնաց, Հայկ Մուրադյանը մերձիմահ գլուխը հակել սեղանին ու աղի- ողորմ լալիս էր, և միակ մտահոգությունն այն էր, որ այլևս չէր կարողանալու դիտել Ֆրանսիսկո Ռոխաս Բաստոսի մնացյալ կինոնկարները:

«– Վերջացնենք Լաերտ այս խեղկատակությունը»: