1/11/2007

Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն

 

 

 

Ազատության ճակատագիրն ու կուրության գեղագիտության ֆենոմենոլոգիան

 

Մենք ճզմված ենք դարավերջի ծանրությունից: Մահվան և ծնունդի ուժերը մեզ փորձադաշտ դարձրած իրենց ուղին են հարթում «լինել, թե չլինել»-ու անդունդի եզրին: Դարը վիթխարի էր ներսի, խորքային ունկնդրի համար, չնչին` մակերեսից, «պատանի հանդիսատեսների» հայացքին: Հսկայական հակասությունների և աննախադեպ խմորումների մի դարաշրջան, որը մեծ արագությամբ սլացավ մեր կարճատես հայացքի միջով տարբեր խորությունների հետքեր, վերքեր ու մեղքեր թողնելով մեր իներտ ընդերքում: Ամենադժվար բանը ապրածդ ժամանակաշրջանի համաժամանակյա գնահատականն է, խորությունների ընկալումը: Տեսնելու տենչը, լույսի կարոտից խելագարվող կույրի կենսագրության առանցքն է, եթե, իհարկե, նա անդառնալիորեն չի սիրահարվել խավարին:

Այս գրքում փորձ է արվում վերաիմաստավորել, վերընթերցել ու վերծանել ահռելի այս դարաշրջանի հոգևոր-մշակութային խմորումների մարմինը, հին կուրության և նոր տեսողության դաժան պայքարում ծնվող նոր երևակայության, ստեղծագործության և ազատության տեսանկյունից: Մտնել այդ մարմնի հյուսվածքների մեջ ոչ թե վիրահատողի կամ քննադատողի կեցվածքով, այլ ստեղծագործողի ազատ երևակայությամբ փորձել ընկղմվել այդ հյուսվածքների տրամաբանության, էության, օրգանական կյանքի օրինաչափությունների ու տենդենցների մեջ, օրգանիզմի ներքին անատոմիան յուրացնելու և այդ կյանքին հաղորդակից դառնալու համար: Բնականաբար չվախենալով սխալվելու իրավունք վերապահել իրեն, քանզի կուրության մեջ տեսողության փնտրումները միշտ էլ հղի են սխալներով: Բայց գոյություն ունի սխալվելու տեխնիկա և սխալների վրա ազատություն աճեցնելու արվեստ, եթե սխալներն արվում են սիրուց: Ով սիրում է իր դարը և գիտի իր ժամանակաշրջանի ու աշխարհագրության իմաստը, նա չի լողա առանց ջուրը մտնելու, հաջորդ դարի ափերին նոր մայրցամաքներ հայտնաբերելու համար:

Փորձ է արվում ըմբռնել կատարվածը: Մտնել ընդերքի ճանաչողության մեջ, որ հղիությունից ծնվող ստեղծագործությունը պարարտացնի մեզ իր ազատությամբ ու բեղմնավորի նոր երևակայություններ` XXI դարում տեսնել կարողանալու համար: Մշակույթի մարմինը պեղելիս մենք գործ ունենք ունենալու հիմնականում ոչ նոմենկլատուրային, ոչ դպրոցական, հաճախ չհասկացված, չընդունված ստեղծագործողների հետ, մենագնաց անհատների, ժամանակակից հերետիկոսների հետ, որոնց գործերում տարբեր կտրվածքներով տեսանելի են դարի սիմպտոմներն ու նշաններն ապագայի, ծնված նոր ազատությունը կերտելու ջանքերից: Պատմականորեն նրանք ինձ երևութանում են, որպես միջնադարյան հերետիկոսների ժառանգներ, որոնք չնայած ամեն ինչի խոչնդոտում են իրական ճշմարտությունների փրփրացմանը` մի կողմից, կարծրացմանը` մյուս, ճշմարիտ փահլևանի նման շարունակելով լարախաղացի ընթացքը, անգամ անապատներում:

Պատմության մեջ դերերը պարբերաբար փոխվում են` բեմադրության տրամաբանությունից ելնելով:

Բայց կան հավերժական դերեր և առանցքային գործողություններ, որոնք ապահովում են այս աշխարհի կայունությունը և բեմադրության շարունակությունը: Կան տեսանելի դերեր, կան անտեսանելի, աննկատ դերեր: Կան տեսանելի գործողություններ, կան անտեսանելի, աննկատ գործողություններ: Բեմադրությունը միշտ կատարվում է տեսանելիի և անտեսանելիի միջև ու կայանում անտեսանելին տեսանելի դարձնելու մեջ: Այսօր արդեն փորձեր են արվում տեսանելին անտեսանելի դարձնելու ուղղությամբ, որովհետև տեսանելին հոգեվարք է ապրում: Այս ճչացող, տեսանելիությունից հոգնած աշխարհի ընդերքում ավելի ու ավելի է հասունանում այն համոզմունքը, որ լռությունն է ի վերջո ծննդաբերում իրականն ու ճշմարիտը, և ոչ թե աղմուկը: Որ կուրությունն է հղի նոր տեսողությամբ, և ոչ թե խայտաբղետ այս տեսանելիությունը: Ավելի ու ավելի խայտաբղետ դարձնող, խելակորույս արագացման մեջ գտնվող այս աշխարհում, տեսողության թակարդն ընկածի հոգում հասունանում է իր կուրության փաստը և նոր տեսողության արարումով այդ բանտարկությունից ազատվելու կանխազգացումը: Մենք աստիճանաբար գիտակցում ենք, որ մեր առօրյա տեսողության վրա սփռված է որոշակի մի կուրություն: Այդ կուրությունը նման է լռության: Այն միշտ աննկատ ուղեկցում է մեզ: Մենք պարուրված ենք դրանով: Բայց այն ավելին է քան սոսկ տեսողության բացակայությունը: Կուրությունը այն հանքն է, որի հումքը երևակայությունը վերամշակում է նոր տեսողության, ազատության մեջ տեսնել կարողանալու համար:

Այս գիրքը այդ վերամշակման մասին է:

Արդի աշխարհը, հատկապես իր արևմտյան մրցավազքի թելադրանքով, դարձել է ինֆորմացիայի, տեղեկատվության աշխարհ: Ինֆորմացիան եկել է

փոխարինելու մշակույթին: Ինֆորմացիայի քանակը` փոխարինելու մշակույթի որակին: Ինֆորմացիա ունենալ, նշանակում է ունենալ իշխանություն: Իշխանություն ունենալ, նշանակում է հաստատված լինել սեփական գոյության մեջ, նշանակում է տնօրինել որոշակի արժեքների, այսինքն` լինել հաղթողի դերում: Հաղթողի դերը, հաղթանակողի իդեալը չափազանց էական է դարվինյան այս գոյապայքարում, որը հաստատվել է իբրև ապրելակերպ հատկապես վերջին հարյուրամյակի գիտական մատերիալիզմի զարգացման կուռ տրամաբանությունից: «Հաղթում են ուժեղները» նշանաբանով գոյացան քաղաքակրթություններ, որոնք իշխող են այսօրվա ապրանքափոխանակության և տեղեկատվության ոլորտում և թելադրող քաղաքականության ու ապրելակերպի առումով: Մոլորակային հոգևոր կյանքում ներարկվեցին և շարունակում են ներարկվել նորանոր գաղափարներ, իդեալներ ու նպատակներ, որոնցում կողմնորոշվելը կենսական խնդիր է դարձել, հատկապես նոր սերնդի համար, որն այս քաոսում բավարար էթիկական և էսթետիկական ուղեցույցներ չգտնելով, ապակողմնորոշված կուլ է գնում մոդաների ու իզմերի այս հորձանուտին: Դասական մշակույթների, դասական տեսողության ժամանակները վաղուց անցել են, և մարդկությունը աստիճանաբար կորցնելով դասական օրենքների հետ կապը` հաճախ կուրորեն տրվում է մոդեռնի, պոստմոդեռնի, նեոպոստմոդեռնի… մոդայիկ քամիներին, չիմանալով նոր նավարկության ո՛չ ուղղությունը, ո՛չ էլ օրենքները, մանավանդ, որ փարոսներ կարծես այլևս չկան: Կա կեղծ փարոսների առօրեական հերթափոխ ամենօրյա կռապաշտության տրամաբանությունից ածանցվող, և սպառողական գիտակցության բջիջներում ներարկվող: Այդ փարոսները նավարկողներին ցուցանում են սպառողական մայրցամաքների ուղղությունը: Մասսայական կոչվող կուլտուրան հեղեղել է մարդու առօրյան: Մարդու կենցաղը սպառողական սպունգի նման ներծծում է տեղեկատվության խողովակներով անընդհատ ախտոտվող հոգևոր էկոլոգիայի միկրոբները, որոնք կենցաղային կուլիսների ետևում շարունակում են իրենց աշխատանքը նոր, քաղաքակրթական հիվանդություններ հորինելու ուղղությամբ: Նոր թեքնաբանությունները ծնում են նոր միկրոբներ, նոր միկրոբները` նոր հիվանդություններ, նոր հիվանդությունները` նոր բուժման ձևեր և համապատասխանաբար իմունիտետ: Այսօր, հոգևոր էկոլոգիայի ծայրահեղ ախտոտվածության պայմաններում մարդկությունը կանգնած է հոգևոր իմունիտետի գլոբալ պրոբլեմի առջև, քանզի հոգևորի ոլորտում այդ պրոբլեմը աչքաթող անելը համարժեք է նոր համաճարակների գոյացմանը ֆիզիկականի ոլորտում, որոնց հետևող տառապանքը միշտ ավելի նյութական ու շոշափելի է լինում: Մարդկության պատմության մեջ միշտ է այդպես եղել: Եվ, ցավոք, միշտ էլ այդ աղետները գիտակցվել և դրանց դեմ միջոցներ են ձեռնարկվել post factum: Մարդիկ հիմնականում հակված չեն սովորել անցյալի և ուրիշների սխալների վրա: Լավագույն դեպքում նրանք սովորում են իրենց սեփական սխալներից:

Հոգևոր առողջության խնդիրն այսօր ավելի հրատապ է քան երբևէ: Դրա հիմնական նախապայմաններից մեկը հարմոնիկ նյութափոխանակությունն է հոգևորի ոլորտում: Մշակույթն ինքնին սնունդ է, որի մարսողությունը ենթադրում է առողջ մարսողական օրգաններ: Այդ օրգանների ձևավորումը մանկավարժության գերխնդիրն է: Մարդու և հասարակության հոգևոր օրգանիզմի առողջ գործունեության գրավականը: Պասսիվ ընկալող օրգանիզմը արագ վեր է ածվում սպառողական օրգանիզմի: Ակտիվ ընկալողությունը ծնում է ճանաչողություն, իսկ ճանաչողությունը բերում է ստեղծագործության: Ստեղծագործությունը օրգանիզմի բարձրագույն ֆունկցիան է: Ստեղծագործության մեջ օրգանիզմը հրաժարվում է սպառողի, գոյատևողի իր դերից, դառնալով իր կյանքը տնօրինող, ապրող միավոր: Դեմիուրգիկ, արարչագործական պրոցեսն այդ մակարդակի վրա ապրող օրգանիզմում ձեռք է բերում ոչ թե ընդհանրական, պասսիվ արտացոլման բնույթ, այլ դառնում է դինամիկ անհատականացված, միկրոկոսմիկ օրենքները ստեղծագործվում են անհատականության, Ես-ի էությունից: Սա էլ հենց ազատության նախապայմանն է` ծնված ստեղծագործական երևակայությունից:

Երևակայություն, ստեղծագործություն, ազատություն. մարդու լինելիության այս առանցքային էությունների շուրջ է պտտվելու մեր զգացմունքը, միտքն ու կամքը` XX դարի մշակութային տենդենցներում առկա կուրության և տեսողության դիալեկտիկայում այդ էությունների դերն ու նշանակությունը ուրվագծելու համար:

 

Երևակայություն

Մարդու հոգևոր օրգանիզմը, այդ օրգանիզմի ֆունկցիաներն ապահովող ուժերը, դրանց կապը մարդու ֆիզիոլոգիական կառուցվածքի հետ թեև բավականին ուսումնասիրված են տարբեր փիլիսոփայությունների և գիտությունների կողմից, այնուհանդերձ մարդու անհատական կենսափորձում դեռ շարունակում են մնալ բավականին անորոշ ու առաձգական, դժվարամարս հասկացություններ, որով էլ պայմանավորված է մարդու ընդերքի խավարն ու ինքնաճանաչման խրթինությունը: Այդ ուժերն են զգացմունքը, միտքն ու կամքը: Սրանք միանգամայն իրարից տարբեր հոգևոր որակներ են, որոնք մշտապես գտնվում են շարժուն ու դինամիկ վիճակում, անընդհատ գոյանալով և անհետանալով դիֆուզիոն բարդ շարժումներ են կատարում մարդու օրգանիզմում, ստեղծելով հոգևոր կյանքի նախադրյալներ հավերժականի և ժամանակայինի փոխներթափանցման կտրվածքում մարդու Ես-ի գործունեության համար:1 Ըստ Ես-ի հասունության և զարգացման մակարդակի` զգացմունքի, մտքի և կամքի գործունեությունը լինում է չափազանց տարբեր անհատականացման բնույթի: Ամենաքաոսային դիֆուզիոն, սուբյեկտիվ տեսակից մինչև ամենակարգավորված, համակարգված, օբյեկտիվ տեսակը, ըստ որի համապատասխան գործունեություններն ու կյանքերը ստանում են ժամանակայինի` անցողիկ կամ հավերժականի` մնայուն երանգներ: Ես-ի գործունեությունը զգացմունքի, մտքի և կամքի ոլորտում ձգտելով ստեղծագործունեության, դառնում է մշակույթ, մի կողմից` պրոյեկտվելով, մարմնավորվելով նյութականի, ժամանակայինի, անցողիկի, մյուս կողմից` ոգեկանի, հավերժականի, մնայունի աշխարհում: Իրական մշակույթը այդ երկու պրոյեկցիաների օրգանական միասնությունն է` մարդու կողմից ստեղծագործվող տիեզերքը, որն ի սկզբանե տրված տիեզերքի զգայարանների միջոցով ընկալված, հոգու և ոգու մեջ Ես-ի կողմից մարսված և երևակայությամբ ստեղծագործված, ծննդաբերված, մետամորֆոզված վիճակն է, այսինքն` բուն մարդու արքայությունը, որում բնակվելու կարողությունն է, որ մարդուն դարձնում է մարդ: Իրական մշակույթը իրական Եսի կյանքն է հոգևորի և նյութականի սահմանին: Այդ կյանքն է, որ կամրջում է երթևեկությունը ոգու և նյութի օտարացած աշխարհների միջև: Այդ կյանքն է, որ նյութափոխանակություն է ապահովում տիեզերական մակրոմետամորֆոզի օրգանիզմում, խոչընդոտելով օտարացման և տրոհման գլոբալ տենդենցներին:

Մարդը տիեզերական պրոցեսների առանցքային տեսանելի հանգույցն է, որում շաղախվում ու խմորվում է այդ պրոցեսներից գոյացած այն բազմակերպությունը, որն արդյունքն է աստվածային երևակայության: Տիեզերածնական այդ երևակայության փշրանքներն ամենուր են: Դրանք շարունակում են գործել թե՛ անօրգանական, թե՛ օրգանական աշխարհի ձևագոյացման և թե՛ մարդու ընդերքում կատարվող ստեղծարար խմորումների միստերիաներում: Մարդը երևակայության ծնունդ է և իր հասունության մեջ` երևակայության օրգան:

Երևակայությունն է, որ դառնալով Ես-ի էությունը և հիմնական գործոնը, նրա կայացման, զգացմունքի, մտքի և կամքի շաղախից դնում է հիմքը ստեղծագործական այն խմորումների, որոնցից էլ ծնվում է մշակույթը, միակ գրավականն ու վկայությունը Եսի կայացման:

Տեսանելիության և անտեսանելիության սահմանին Ես-ի մանիֆեստացիայի բարձրագույն երաշխիքն է երևակայությունը:

Գաղտնիքի նման այն ողողում է մեր կուրության անդաստանները, քաոսային ընկալողությունների մառախուղը ցրելով ճառագում է մեր ընդերքից, բեղմնավորելով ասելիքի էությունը: Նրա ակունքները անտեսանելի են մարդուն: Նրա թիթեռները տիեզերածնական երևակայության ժառանգությունն են մեզնում:

Տիեզերքը ծնվել է ահռելի երևակայությունից: Պայթող, ցնծացող, խելագարվող երևակայությունից:

Երևակայության, ստեղծագործության և ազատության հղիությունից:

Այդ երևակայության բեկորներն ենք մենք, որ եկել ենք վկայելու կատարված, կատարվող և կատարվելիք ծննդաբերությունների մասին:

Բեղմնավորման, հղիության և ծննդաբերության երևույթները այս տիեզերքի երևի թե ամենաառեղծվածային և ամենաֆունդամենտալ երևույթներն են, որ կյանքի բուն էությունն են կազմում: Շատ բարդ հակասությունների դիալեկտիկական պայքարի, հաշտեցման ու մերձեցման, վանողական ու ձգողական միստերիաների, տարալուծման ու սինթեզի ալքիմիայի դրաման է ընկած բեղմնավորման, հղիության և ծննդաբերության հիմքում: Սիրո և ատելության հավերժական պայքարն է այդ գործողությունների էությունը: Ցավի ու հաճույքի, տառապանքի ու երջանկության, զոհաբերության ու շնորհի խառնուրդից է ծնվում պտուղը սիրո: Սերն է այս աշխարհի սոսինձը: Վերաիմաստավորելու, միաձուլվելու, ամբողջականանալու տիեզերական խնդիրն է լուծում այն, պերմանենտ տրոհման ու պառակտման այս պրոցեսում: Հսկայական այս դիֆերենցման ինտեգրումն է այն, ոչ թե մեխանիկական, այլ ալքիմիական ճանապարհով: Հակասությունների, բևեռների չեզոքացման վայրում մի որակն անհետանալով տեղ է բացում մեկ ուրիշ որակի ներխուժման համար: Կատարվում է բեղմնավորում: Մի ոլորտից որակի մուտք է տեղի ունենում մեկ այլ ոլորտ: Տվյալ ոլորտում կայանալու համար այն անցնում է հղիության փուլով: Հղիության փուլն ավարտվում է ծննդաբերությամբ: Որակը մարմնավորում է ստանում: Մի ոլորտի պոտենցիան մանիֆեստացվում է մյուսում: Մեր կյանքը նման պրոցեսների մի ահռելի հյուսվածք է: Բեղմնավորման, հղիության և ծննդաբերության միստերիա:

Սրանք են ստեղծագործության օրգանիզմի առանցքային ֆունկցիաները, որ ծնունդ են առնում երևակայությունից: Այդ օրգանիզմում գործող Ես-ը, որն արարիչն է դառնում բեղմնավորման, հղիության և ծննդաբերության այդ միստերիայի, սոսկ գոյատևման ռեժիմից անցնում է ապրելու ռեժիմին: Նա դադարում է տարերայնորեն գոյություն ունենալուց, փուլային անցում կատարելով կենսաստեղծ ապրելակերպին: Պասսիվ ու կույր գոյությունից նա անցնում է ակտիվ, ինքնարար, տեսնող կյանքի: Կուրության մառախուղը ցրելով` նա տեսնում է նոր հորիզոններ, ուր կյանքը դառնում է արվեստի ստեղծագործություն: Այդ ստեղծագործությանը տանող ուղին էլ ճանապարհն է դեպի ազատություն:

Այստեղ փորձենք հակիրճ անդրադառնալ մարդու հոգևոր օրգանիզմում գործող հիմնական ուժերի ծագումնաբանությանն ու գործելակերպին, որ ներկայացվել է Ռուդոլֆ Շտայների կողմից նրա «Ընդհանուր մարդաբանությունն իբրև մանկավարժության հիմք» 1919 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը Շտուտգարտում կարդացած դասախոսությունների շարքում: Օգոստոսի 22-ի 2-րդ դասախոսությունում շեշտվում է այն միտքը, որ մարդու էությունը որպես այդպիսին իր գաղափարի մեջ հասկանալի է դառնում միայն այն դեպքում, երբ մարդ կարողանում է նկատի առնել առանձին մարդու կապը ողջ տիեզերքի հետ: Երեխաների մոտ պատկերացման, զգացումի և կամքի զարգացման անհրաժեշտությունը, որը և կազմում է մանկավարժության հիմքը, մեզ ստիպում է անդրադառնալ այդ երեք կարողություններին` հստակ պատկերացնելու համար դրանց էությունն ու փոխհարաբերակցությունը:

Ըստ Շտայների` պատկերացումն ունի պատկերի բնույթ, և ով իրական գոյության բնույթ է փնտրում դրանում մեծ պատրանքի է տրվում և հեռանում է իրականությունից: Մեր օրգանիզմի մասերը, օրինակ, մեր աչքերը, մեր քիթը, մեր ստամոքսը և այլն գոյության տարրեր են, և չնայած որ մենք ապրում ենք գոյության այդ տարրերում, սակայն դրանցով մենք չենք կարողանում պատկերացնել: Մենք նույնանում ենք այդ տարրերի հետ: Իսկ պատկերացումների միջոցով ինչ-որ բան կորզելու հնարավորությունը ստեղծվում է հենց այն պարզ պատճառով, որ դրանք պատկերի բնույթ ունեն, և մեզ հետ չեն միաձուլվում այնպես, որ մենք լինենք դրանցում: Այս առիթով Շտայները նշում է, որ վերջին հարյուրամյակների մեծ սխալներից մեկն է գոյությունը մտածողության հետ որպես այդպիսին նույնացնելը: Դեկարտի «Cogito ergo sum» («Մտածում եմ, ուրեմն կամ») հայտարարությունը նորագույն ժամանակների աշխարհայացքային ամենամեծ մոլորություններից է, քանզի «Cogito»-ի, «մտածելու» հիմքում ընկած է ոչ թե «sum»-ը (լինելը), այլ «non sum»-ը (չլինելը): Այսինքն` իմ ճանաչողության մեջ ընկած է պատկերի և ոչ թե իմ գոյությունը: Իմ գոյությանը հասնելու համար ես պետք է վերապրեմ իմ ճանաչողության մեջ իմ Ես-ի պատկերացման պատճառը, ոչ թե պատկերի, այլ բուն բովանդակության ձևով: Ես պետք է մտնեմ պատկերացումների կուլիսային աշխարհը ինքս ինձ գտնելու համար, որը և մտածողության պատմության հիմնական շարժիչ ուժն է և որի բարդության պատճառով մարդիկ գերադասում են մնալ կյանքի սոսկ կենսական, լավագույն դեպքում ընկալողական-զգայական-ռեֆլեքտիվ վերապրման վրա` զգալու համար սոսկ գոյության բերկրանքը, հաճախ ուղղակի խուսափելով ճանաչողությունից, քանզի դրանից սկզբում փչում է անգոյության, վերացականության մահացու շունչը: Ճանաչողության պատկերացումային և հասկացութային դատողական-ստվերային բնույթը շատերին վանում է այդ գործունեությունից և նետում զգայական շոշափելիության կամ միստիկական երազայնության ավելի ակնհայտորեն վերապրելի և հաճելի ոլորտները: Մարդը երես է թեքում բանականությունից: Դժվարությունների առաջին իսկ խաչմերուկում նա տրվում է պատրանքների երթևեկությանը, հեռանալով ինքնաճանաչողության հաճախ դաժան իրականությունից: Ի հետևանք որի` առհասարակ իրականությունից: Սա է կյանքի, գոյության, ճանաչողության դրաման, որի տարբեր փուլերի մասնակիցն ենք ակամայից դառնում մենք, ինչ-ինչ պատճառով մուտք գործելով այդ գործընթացի մեջ:

Պատկերացման ֆունկցիան ընդունված է դիտել իբրև արտաքին առարկայական աշխարհի մեր բանականության մեջ զգայարանների միջոցով արտացոլման հետևանք: Սակայն ըստ Շտայների` ոգեգիտության պատկերացումային արտացոլումն է իրականում հետևանքը պատկերացման կարողության, որի առկայությունը մեր հոգևոր օրգանիզմում անդրադարձն է այն վերապրումների, որ մենք ունեցել ենք մինչև ծնվելը կամ մինչև մեր բեղմնավորումը: Պատկերացնելը այդ ապրումների պատկերն է: Ինչպես, որ հայելային պատկերներն հետևանք են առարկայական աշխարհի արտացոլման, այսինքն` հայելու անդրադարձման կարողության, այնպես էլ պատկերացնելն ինքնին նախածննդյան կյանքի անդրադարձն է այժմյան կյանքում: Հայելու դերն այստեղ ստանձնում է մարդու օրգանիզմը, որի կողմից անդրադարձվող նախածննդյան կյանքը դրսևորվում է որպես պատկերացնելու կարողություն: Շտայներն այստեղ մի պնդում է անում, ըստ որի իրական ճանաչողության համար պատկերացնելու կարողությունն ինքնին ապացույց է նախածննդյան գոյության, քանզի այն նախածննդյան այդ գոյության պատկերն է: Եվ ընդհակառակը, ինչ վերաբերում է կամքին, դրա առարկայությունն ինքնին հետմահու գոյության ապացույցն է, քանզի այն սաղմն է այն ամենի, ինչ հոգևոր իրականություն է դառնալու մեզնում մահից հետո:

Այսպիսով մի կողմից` մենք գործ ունենք պատկերացման հետ, որը պատկերն է մինչծննդjան կյանքի, մյուս կողմից` կամքի հետ, որը սաղմն է hետմահու կյանքի: Այստեղ պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ պատկերը որպես արտացոլանք ստորադաս իրական մի բան է, իսկ սաղմը գերիրական մի բան, որն հետագայում է վերածվելու իրականի:

Այսինքն այս կյանքում, այս աշխարհում պատկերացումն ու կամքը երկու բևեռային հնարավորություններ են, մեկն իբրև թերիրական, ածանցյալ արդյունք, մյուսն իբրև գերիրական, դեռ ծավալվելիք պոտենցիա, որոնցով մարդու անցյալն ու ապագան գործնական ներկայություն են ստանում ներկայում, երաշխավորելով ներկայի իրական լինելիության իրագործումը: Սա կարևորագույն մի հանգամանք է, որով բացատրվում են փիլիսոփայության մեջ արմատացած շատ ու շատ թյուրիմացություններ, ընդհուպ մինչև Շոպենհաուերի կողմից առաջ քաշված այն տեսակետը, ըստ որի աշխարհը սոսկ իմ պատկերացումն է, կամ սոսկ իմ կամքն է: Շոպենհաուերն աչքաթող է անում այն փաստը, որ զգայարանների միջոցով ընկալվող աշխարհը ողջ աշխարհը չէ, լինելիության մեջ գտնվող աշխարհը չէ, այլ ընդամենը դրա զգայական ընկալման համար կայացած մասն է: Ողջ աշխարհը մեր առջև ունենալու համար մենք պիտի ներառենք դրանում ինքներս մեզ` մեր ընկալողական, զգայական, մտածողական և կամային ֆունկցիաներով, քանզի դրանք ևս աշխարհում կատարվող և աշխարհին պատկանող պրոցեսներ են, առանց որի աշխարհը աշխարհ չէ: Ինչպես որ բնության մեջ տեղի ունեցող որևէ երևույթ, ասենք քամին, անբաժանելի է աշխարհի պատկերից, այնպես էլ մեզնով իրագործվող ընկալողությունը, մտածողությունն ու կամայնությունը համաշխարհային պրոցեսների բաղկացուցիչներն են, որոնք չգիտես ինչու միշտ դուրս են մնում օբյեկտիվ աշխարհընկալման համայնապատկերից, ի հետևանք որի տարբեր աշխարհայացքները որպես կանոն մնում են թերի և միակողմանի:

Մեր գոյությունը, մեր առկայությունն այս աշխարհում պարզապես վկայում է, որ աշխարհը ստեղծված է նախ ընկալման համար, այնուհետև զգալու, մտածելու և կամելու համար, առանց որի այն մնում է կիսատ, չկայացած, չիրագործված, անիրական աշխարհ: Ինչ-որ կիսաֆաբրիկատ մի բան, որը չի հասնում իր հասցեատիրոջը լիաֆաբրիկատ դառնալու համար: Առանց մարդու աշխարհը կիսատ է: Տիեզերածնական այս թխվածքը հում է դեռ: Այն պետք է դեռ եփվի և ճաշակվի ներկաների կողմից: Պետք է հասունացվի պտղատվության նոր բերքահավաքի համար: Ընկալելու, պատկերացնելու, մտածելու միջոցով հասունացվի պտղատվության և ստեղծագործության, երևակայության, կամքի միջոցով բերվի բերքատվության: Այդ իսկ պատճառով էլ աշխարհը չի կարող լինել պատրաստի պատկերացում և կամք, այլ միայն այդ երկու ֆունկցիաների միջոցով իրականացվելու հնարավորություն ունեցող կիսաֆաբրիկատ: Շոպենհաուերյան աշխարհընկալման հետևանքներին մշակութային զանազան ոլորտներում մենք դեռ կանդրադառնանք հետագայում: Այժմ շարունակենք Շտայների դիտարկումները:

Մարդու հոգևոր կյանքը երկու ոլորտների` պատկերային պատկերացման և սաղմնային կամքի տարանջատելուց հետո բնականաբար հարց է առաջանում, թե որո՞նք ենք իրականում այն ուժերը, որոնցով իրագործվում է ֆիզիկական մարդու մեջ մինչծննդյան կյանքի արտացոլումը` պատկերացման պատկերների գոյացումը և կամքի մշտապես սաղմնային վիճակում պահելը` հետմահու իրականության սոսկ սաղմ լինելը: Ըստ Շտայների` այդ ուժերն են համակրանքն (Sympathie) ու հակակրանքը (Antipathie): Մինչծննդյան հոգևոր աշխարհից ծնվելով ֆիզիկական աշխարհում, մենք անգիտակցաբար որոշակի հակակրանք ենք տածում այն ամենի հանդեպ ինչ ոգեղեն է, մինչծննդյան ոգեղեն իրականությունը այդ հակակրանքի ուժով մենք փոխակերպում ենք պատկերացումի: Իսկ համակրանքով միանում ենք կամային այն իրականության հետ, որը մահից հետո ճառագում է մեր հետագա գոյության մեջ իմաստավորելով այն: Համակրանքի և հակակրանքի այդ ուժերը անմիջականորեն չգիտակցվելով մեր կողմից, այնուհանդերձ անգիտակցորեն ապրում ու գործում են մեզնում և փոփոխական ռիթմերով անցնելով մեկը մյուսին` հյուսում են մեր զգացմունքը: Համակրանքի և հակակրանքի անընդհատ խաղով մենք զարգացնում ենք մեզնում մեր զգացմունքային աշխարհը: Մակընթացությամբ և տեղատվության նման համակրանքն ու հակակրանքը ողողում են մեր հոգևոր կյանքը, մի կողմից` հակակրանքի ուժով այն վերածելով պատկերացումային կյանքի, մյուս կողմից` համակրանքի ուժով այն փոխակերպելով կամային այնպիսի սաղմնայնության, որը հետմահու ոգեղեն իրականություն է դառնում:

նկ.1.

Հակակրանքով մենք անդրադարձնում ենք մինչև ծնվելը մեր կողմից վերապրած ողջ կյանքը, որն էապես ճանաչողական բնույթի է: Եվ այդ հզոր ճանաչողությունն է, որ հանդիպելով հակակրանքի` թուլացվում է դառնալով պատկերացում: Իսկ հակակրանքի ուժգնացումով պատկերացումն անհետանում է` տեղի տալով հիշողությանը, հիշողության պատկերին: Հիշողությունն արդյունք է ուժգնացած հակակրանքի: Այնուհետև այս ընթացքը բերում է այն բանին, որ պատկերացման և հիշողության ակտից հետո պատկերացման պատկերային մասը պահելով մեզնում գոյանում է հասկացություն, որն իր հերթին բերում է ներկա ճանաչողությանը: Այստեղ նշենք, որ հին աշխարհում գիտեին ճանաչողության հիմքում ընկած այս մեխանիզմի մասին` ըստ որի ճանաչողության ակտում հայտնվող միտքը վկայում է հոգու նախագոյությունը (Präexistenz) ոգեղեն աշխարհում (իդեաների աշխարհում), և որ հոգին իր երկրային գոյության ժամանակ հիշողության միջոցով ստանում է այն որպես նախագո այդ կյանքի արձագանք: Այսինքն` ճանաչողությունը Պլատոնի ժամանակ ինչ-որ տեղ նույնացվում էր հիշողության հետ:

Ներկայիս աշխարհում դա չի գիտակցվում, քանզի միտքն այժմ ստվերային հասկացության ձևով է գոյանում մեզանում ներսից, և ոչ թե ինչպես անտիկ աշխարհում հիշողության մեջ ընկալողության ձևով տրվում դրսից: Հունաստանում մտածողությունը դեռ ընկալողություն էր, այն դեռ չէր նույնացած ուղեղի աշխատանքի հետ ինչպես ներկայիս մատերիալիստական աշխարհում: Մատերիալիզմը մտքի այդ ուղեղային աշխատանքի հետևանքն է:

Չնայած ուղեղը դառնում է ավելի ոգեղեն, սակայն մտածողությունն ու միտքը դառնում են ավելի նյութական: Համենայն դեպս այդ նյութականացումից այնքան են թուլանում, ստվերայնացվում, որ ի վիճակի են լինում լուսաբանել առավելապես կմախքային, մեխանիկական, անատոմիական հարաբերակցությունները մահացած բնության մեջ և անզոր են մնում կյանքի, օրգանական աշխարհի, ոգեղենի էական ճանաչողության գործում: Առաջանումէ պարադոքսալ մի իրավիճակ` մարդը ավելի ու ավելի է ոգեղենանում (իհարկե հիմնականում ուղեղի ոլորտում), ինտելեկտուալանում, սակայն նրա աշխարհայացքը ավելի ու ավելի է մատերիալիզացվում` բարոյականությունը դարձնելով նյութապաշտական: Չնայած XX դարում արդեն նկատվում են այդ վիճակից դուրս գալու ուղիները զանազան տենդենցիաների ձևով, սակայն համաշխարհային հոգևոր-մշակութային իրադրությունը դեռ չափազանց խճճված է ու քաոսային, թակարդն ընկածի կենսագրության նման:

Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում կամքի ասպարեզում, որի սաղմնային, գերիրական բնույթը համակրանքի վրա է հիմնվում: Ինչպես որ պատկերացման պարագայում հակակրանքի ուժեղացման դեպքում հիշողությունն էր սնվում, այնպես էլ համակրանքի ուժեղացումով կամքի սաղմնային, գերիրական էությունից ծնվում է երևակայությունը: Իսկ երբ երևակայությունը թափանցում է մարդու էությունը ընդհուպ մինչև զգայարաններ, ապա գոյանում են արտաքին առարկայական աշխարհը երևակայելու իմագինացիաները:

Եվ մեծ թյուրիմացություն է հոգեբանության մեջ տարածում գտած այն կարծիքը, ըստ որի առարկաները դիտելիս մենք այնուհետև վերացարկում ենք դրանք և ձեռք ենք բերում պատկերացում դրանց մասին: Իրականում տեղի ունի հետևյալը. օրինակ, այն, որ կավիճը մենք սպիտակ ենք ընկալում, բխում է կամքի կիրառումից, որը համակրանքի և երևակայության գործունեությամբ իմագինացիայի է վերածվում: Իսկ երբ մենք որևէ հասկացություն ենք կազմում, ապա այն բոլորովին այլ բնույթ ունի, քանզի հասկացությունը հիշողությունից է սերում: Մի դեպքում գործում է համակրանքի, գերիրականացնող սկզբունքը, մյուս դեպքում` հակակրանքի, թերիրականացնող սկզբունքը: Իրենց ծայրահեղ ու միակողմանի դրսևորման մեջ այդ երկու սկզբունքներն էլ մի կողմից` հենվելով անցյալի (պատկերացում), մյուս կողմից` ապագայի (երևակայություն) վրա, մեզ պոկում են իրական ներկայից և կենդանի ներկա իրականության փոխարեն մեզ հրամցնում աշխարհի պատրանքային, մի դեպքում թերիրական (կմախքային), մյուս դեպքում գերիրական (ֆանտաստիկ) պատկերը: Աշխարհայացքային առումով առաջին մոտեցումից ծնվում են գիտական գռեհիկ մատերիալիզմի տարատեսակները, երկրորդ մոտեցումից` ֆանտաստիկ սպիրիտուալիզմի սեկտանտական նմուշները: Մշակույթի պատմության հետազոտումն այս կտրվածքով ուրվագծում է այդ ուժերի տարբեր հարաբերակցություններից հյուսված մի համայնապատկեր, որի առեղծվածային և անհասկանալի թվացող առանձին երևույթներն իրենց լուսաբանումն են ստանում այս մոտեցումով:

Արդեն կայացած անցյալից և դեռ կայանալիք ապագայից մարդու զգացմունքային աշխարհի այդ երկու բաղադրիչների (հակակրանքի և համակրանքի) վրա բեկվող հոսանքները ապահովում են ներկան գիտակցելու, ճանաչելու և տրանսֆորմացնելու (ստեղծագործելու) հնարավորությունը` դառնալով մարդկային կեցության հիմքը: Այդ ուժերի գործունեության շնորհիվ անցյալն ու ապագան անընդհատ առկա են ներկայում, կամ ավելի ճիշտ, մի չափազանց բարդ հոգևոր ալքիմիայի միջոցով անընդհատ սինթեզում են ներկան, որում անցյալը կորչելով դառնում է հիշողություն, իսկ ապագան ծնվում է որպես երևակայություն: Հիշողության, ճանաչողության վրա հիմնվող, ներկան իրականություն դարձնելով, ճշգրիտ երևակայության (Գյոթե) մեջ ստեղծագործվող աշխարհը դառնում է մշակույթ, մշակված աշխարհ, իսկ դա իրագործող կյանքը` իրոք ապրված կյանք, ինքնաբեղմնավորող կյանք, ինքնածննդաբերման կենսագրություն: Մշակույթ ստեղծելիս է մարդը ծնում ինքն իրեն: Իրականում հենց ինքն է մշակույթը: Մշակն ի վերջո ինքն է դառնում մշակույթ:

Մարդու մարմինն, օրինակ, անցյալից մնացած ամենակենդանի մշակույթն է, որի անատոմիան բեմահարթակն է հոգու և ոգու կողմից բեմադրվող ներկայացումների, որոնցում հակակրանքն ու համակրանքը հյուսում են մտածողության ու կամքի կյանքային դրաման: Հակակրանքով պայմանավորված հիշողությունն ու հասկացությունը այդ անատոմիայում ներկայացվում են նյարդային համակարգով, որում արտացոլվում է մինչծննդյան տարրը: Իսկ համակրանքով պայմանավորված կամքն ու երևակայությունը մշտապես սաղմնայինում պահելով իրենց էությունը` դրսևորում են արյան շրջանառության մեջ: Արյունն անընդհատ ուզում է ոգի դառնալ: Շնչառության պրոցեսում ծնվելով ու ոչնչանալով, այն որպես ոգեղեն նյութ միշտ մնում է սաղմնային վիճակում և ապահովում երևակայության գործունեությունը մեզնում: Ճանաչողության և երևակայության ուժերով մարդու օրգանիզմն այսպիսով գտնվում է անընդհատ նյութական մահվան և ոգեղեն ծնունդի վիճակում, որում էլ հենց կայանում է բուն կյանքի էությունը և այդ բևեռայնության մեջ հոգեկանի ներդաշնակ դրսևորման հնարավորությունը:*

 

* Լույս է տեսնում առաջին անգամ:

 

11.09.96

Գերմանիա