1/13/2008

Նամակներ

 

[Քրոջը]1

[Միլան, 26 հունվարի 1770թ.]

 

Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել: Բայց ինձ տխրեցնում է, որ դու այդպիսով ստիպում ես պր. ֆոն Մյոլկին2 անվերջ հոգոցներ հանել ու տառապել և որ նրա հետ չես գնացել սահնակ քշելու, ինչ է թե կարող էր քեզ գետնին տապալել: Պատկերացնում եմ, թե այդ օրը նա քանի թաշկինակ է կեղտոտել լաց լինելով: Մինչ այդ էլ, երևի, 2 լոտ գինեքար է ընդունել իր մարմնի ամբողջ անմաքրությունը դուրս մղելու համար: Ոչ մի նորություն չունեմ, բացի նրանից, որ Լայպցիգում մահացել է պոետ պր. Գելլերտը3 ու մահից հետո այլևս ոչ մի բանաստեղծություն չի ստեղծի:

Հենց    նոր, մինչև այս նամակին անցնելը, Դեմետրիոյից4 մի արիա ավարտեցի, որը սկսվում է այսպես.

Misero tu non sei:

Tu spieghi il tuo Dolore

e se non clessti amore

Ritrove almen pietà

Misera ben so io

che nel secreto taccio

amo, non spero e taccio

e l’idol mio nol sà5

Մանտուայում օպերան սքանչելի է, խաղում են Դեմետրիո6: Պրիմադոննան լավ է երգում, բայց ցածր ձայնով, ու եթե բեմում նրան չտեսնես և միայն լսես, կարող է թվալ, թե չի երգում, քանի որ բերանը բացել չգիտի, ամեն ինչ նվնվոցով է դուրս բերում, ինչը, սակայն, մեզանում բոլորովին նորություն չի: La secunda Dona7-ն գրենադյորի է նման, նա նաև ուժեղ ձայն ունի և առաջին բեմելի համար երևի թե վատ չի: Il primo uomo il musico8-ն գեղեցիկ է երգում, անունը Կասսելի է: Il secund o homo9-ն արդեն ծեր է, դուրս չի գալիս, անունը <...>, նա տենոր է: Մի երգիչ կա, Օտինի է անունը, որը վատ չի երգում, բայց բավականին ծանրաշարժ է, ճիշտ ինչպես բոլոր իտալական տենորները: Նա մեր լավ բարեկամն է: Մեկ ուրիշը, անունը չգիտեմ, երիտասարդ է, բայց երևելի մի բան չի: Primo ballerino10-ն լավն է, պրիմա բալերինան` նույնպես. ասում են շուն չի11, թեև չգիտեմ, մոտիկից չեմ տեսել: Մնացածը ոչնչով չեն առանձնանում: Այստեղ կա մեկը, որ դեռ խակ է, լավ է թռչկոտում, բայց չէ, այն չի, ինչպես գրում են: Խռնչում են խոզի պես: Նվագախումբը վատը չի: Կրեմոնայում նվագախումբը լավն է, առաջին ջութակի անունը Սպանյոլետտո է: Պրիմադոննան վատ չի, բայց կարծում եմ, արդեն պառավ է շան պես, ավելի լավ խաղում է, քան` երգում: Նա կինն է մի ջութակահարի, որն օպերայում է նվագում: Երգչուհու անունը Մազի է: Օպերան կոչվում է La clemenza di Tito12: Seconda Dona-ն բեմում շուն չի, երիտասարդ է, բայց հազվագյուտ մի բան չի: Primo huomo Musico Զիկոնյանին հաճելի ձայն է, գեղեցիկ Cantable: Մյուս երկուսը` ներքինիները, երիտասարդ են և իրենց տեղում: Տենորի անունը non lo so13, հաճելի մարդ է, շատ նման է Վիեննայի le Roi14-ին Ժնևյան լճի15 ափին: Ballerino promo16-ն լավն է, Ballerina prima-ն` մի իսկական գամփռ շուն: Այնտեղ կար մի պարուհի, որ վատ չէր պարում, և այն, ինչ Capo d’opera-ի համար չի նախատեսված, թատրոնից դուրս և թատրոնում բնավ չի դիտվում17: Այստեղ էլ կար մի խակ երևույթ, որի ամեն մի թռիչքը խեղկատակությամբ էր ուղեկցվում:

Միլանի մասին, ճիշտն ասած, շատ բան չեմ կարող գրել, օպերայում դեռ չենք եղել, լսել եմ, որ գնալու տեղ չի: Primo uomo Ապրիլեն18 լավ է երգում, մենք նրան լսեցինք մի եկեղեցում, ուր գնացինք հենց այն պահին, երբ այնտեղ մեծ տոնախմբություն էր: Մադամ Պիչինելլին Փարիզից, որ երգեց մեր համերգին, այստեղ հանդես է գալիս օպերայում: Պարոն Բիզը, որ մի ժամանակ պարում էր Վիեննայում, այժմ այստեղ` Միլանում է պարում: Օպերան (որ բեմադրվում է այստեղ) կոչվում է Didone abbandonata19: Այս օպերան շուտով վերջին անգամ է ներկայացվելու, ապագայում սպասվում է մեկ ուրիշը, որ գրում է սինյոր Պիչչիննին20, նա այստեղ է` Միլանում: Լսել եմ, որ նրա օպերան կոչվում է Caesaro in Eccito21: Այստեղ նաև տոնական di Ballo22-ներ են լինում: Հենց օպերան վերջանում է, սկսվում է di ballo-ն: Կոմս դե Ֆիրմինանի23 տան տնտեսուհին վիեննացի է, անցած ուրբաթ մենք ճաշեցինք այնտեղ: Եկող կիրակի կրկին այնտեղ ենք ճաշելու: Մնաս բարով ու հազար անգամ համբուրիր in vece mia24 մայրիկի ձեռքերը: Մնում եմ քո հավատարիմ եղբայրը մինչ ի մահ:

Վոլֆգանգ դե Մոցարտ

Հոխենտալի ազնվական

Գանձատան բարեկամ25

[Միլան] Հունվարի 26, 1770

 

 

[Մորն ու քրոջը]

Բոլոնիա, 21 օգոստոսի 1770թ.

 

Ես նույնպես դեռ ողջ եմ, ուրեմն և` շատ ուրախ: Այսօր էշ քշելու ցանկություն ունեցա: Քանի որ դա սովորություն է Իտալիայում, մտածեցի` ինչու ես էլ չփորձեմ: Մենք պատիվ ունենք շփվելու մի իսկական դոմինիկացու26 հետ, որը սուրբ է համարվում: Թեև ես դրան շատ չեմ հավատում, որովհետև նա նախաճաշին հաճախ շոկոլադ է խմում ու անմիջապես հետո` մի մեծ բաժակ թունդ իսպանական գինի: Անձամբ պատիվ եմ ունեցել ճաշելու այդ սրբի հետ: Նա ճաշին մի լավ գինի խմեց, վերջում` մի լիքը գավաթ թունդ գինի, հետո երկու մեծ կտոր սեխ կերավ, մի քանի դեղձ, տանձ և հինգ գավաթ սուրճ խմելուց հետո կուլ տվեց մի ամբողջ սկուտեղ թռչուն, երկու լիքը պնակ լիմոնով կաթ: Գուցե նա այդ ամենին հավելում էր ջերմեռանդություն, բայց չեմ կարծում, քանի որ դա արդեն չափից ավելի կլիներ, չէ՞ որ նա ճաշի և ընթրիքի միջև շատ բաներ է ճաշակում:

 

 

[Քրոջը]

Միլան, 24 օգոստոսի 1771թ.

 Սիրելի քույրիկ,

Ուղևորության ժամանակ ստիպված էինք դիմադրել սարսափելի շոգին և փոշու լկտի հարվածներից հաստատ կխեղդվեինք ու տանջամահ կլինեինք, եթե սթափ չմնայինք: Ամբողջ ամսվա ընթացքում ոչ մի կաթիլ անձրև չի եկել (միլանցիներն են ասում), միայն այսօր մի քիչ անձրև կաթկթեց, բայց հիմա նորից արև է ու նորից շատ շոգ: Ինչ որ խոստացել ես ինձ (Դու գիտես, թե ինչ... օ~ Դու, Դու թանկագինս), պարտավոր ես կատարել, խնդրում եմ Քեզ, իսկ ես, հաստատ, պարտքի տակ չեմ մնա: Արքայադուստրը վերջերս մի գործնական հավաքի ժամանակ շատ բլբլաց [...] ու ցաքուցրիվ դուրս տվեց: Ուրիշ ոչ մի նորություն չունեմ:

Մի նոր բան դո՛ւ ինձ գրիր: Իմ բարևները բոլոր լավ բարեկամներին ու բարեկամուհիներին: Համբուրում եմ մայրիկի ձեռքը: Հիմա շոգից շունչս կփչեմ, զբաղված եմ մարմնիկս քրքրելով: Addio, լավ եղիր:

 Վոլֆգանգ

Մի ջութակահար կա մեր վերևում, ևս մեկը` մեր ներքևում, մի երգահան, որ դաս է տալիս մեր կողքին, մի հոբոյահար` մեր դիմացի վերջին սենյակում: Ինչպիսի~ զվարճալի մթնոլորտ` երաժշտություն հորինելու համար: Մտքեր են, որ գալիս են:

 

 

 

[Քրոջը]

Վիեննա, 14 օգոստոսի 1773թ.

Հուսով եմ, իմ թագուհի, որ վայելում ես առողջության բարձրագույն աստիճանը և հաստատ կարող ես ժամանակ առ ժամանակ, կամ ավելի շուտ` երբեմն-երբեմն, կամ ավելի լավ` այսուհետ, կամ էլ ավելի լավ է` qualche volta27, ինչպես իտալացիներն են ասում, ինձ զոհաբերել Քո կարևոր ու համառ որոշ մտքերից (որոնք անվերջ ծագում են Քո ամենաչքնաղ և ամենահուսալի խելոք գլխում, որ Դու սեփականացրել ես գեղեցկությանդ հետ մեկտեղ), թեև նման նուրբ տարիքից ու կին արարածից վերն ասվածից գրեթե ոչինչ չի կարելի պահանջել. Դու, օ~ թագուհիս, այնպես ես տիրապետում այդ ամենին, որ ամաչեցնում ես տղամարդկանց, այո, նույնիսկ իմաստուն ծերունիներին:

Վոլֆգանգ

Ահա և Քեզ խելքը գլխին մի բան:

 

[Քրոջը]

Մյունխեն, 14 հունվարի 1775թ.

Փա~ռք Աստծո, երեկ, այսինքն` [ամսի] 13-ին, իմ օպերան28 ներկայացվեց բեմում և այնքան լավ անցավ, որ ուղղակի անհնարին է մայրիկին նկարագրել ամբողջ աղմուկը: Նախ ասեմ, որ թատրոնն այնպես լեփլեցուն էր, որ շատերը ստիպված եղան ետ դառնալ: Ամեն անգամ, յուրաքանչյուր արիայից հետո ծափերի տարափից ահավոր աղմուկ էր բարձրանում, բոլորը viva մաեստրո էին գոռում: Նորին Պայծառափայլություն կուրֆյուրստուհին և այրի29 տիկինը (որոնց հետ ես vis à vis էի) նույնպես ինձ bravo էին ասում: Օպերայի ավարտից հետո, մինչև բալետի սկսվելը, երբ սովորաբար լռություն է տիրում, անվերջ ծափահարում ու bravo էին գոչում, մի պահ դադար էին առնում ու կրկին սկսում, և այսպես շարունակ:

Հետո ես հայրիկի հետ գնացի ինչ-որ սենյակ, որտեղ ամբողջ արքունիքն էր, և բոլորը պարտադիր կարգով Նորին Պայծառափայլությունների` կուրֆյուրստի և կուրֆյուրստուհու, մյուս բարձր աստիճանավորների ձեռքն էին համբուրում, բոլորը շատ բարեհամբույր էին:

Այսօր վաղ առավոտյան Նորին Իշխանափայլ Գերաշնորհ Խիմզեեի եպիսկոպոսը30 մարդ էր ուղարկել հայտնելու իր շնորհավորանքները, քանի որ բոլորի կողմից օպերան գերազանց ընդունելության էր արժանացել: Ինչ վերաբերում է մեր վերադարձին, ապա դա շուտով չի լինի. մայրիկը թող նման հույսեր չփայփայի և հետո, նա պիտի որ իմանա, թե ինչ լավ բան է մի քիչ շունչ առնելը... մենք դեռ էլի մտադիր ենք բավականին շուտ վերադառնալ: Իմ այստեղ մնալու իրական պատճառն այն է, որ օպերան եկող ուրբաթ ներկայացվելու է կրկին, իսկ ներկայացման ժամանակ ես շատ եմ պետք, թե չէ սրանք կարող են իմացածն էլ լրիվ մոռանալ, քանի որ այստեղ շատ անհեթեթ բաներ են լինում:

1000 անգամ համբուրում եմ մայրիկի ձեռքերը: Իմ ողջույնները մեր բոլոր լավ բարեկամ-բարեկամուհիներին:         Բարի   մաղթանքներս պարոն Անդրետտերին31, թող ների ինձ, որ դեռ չեմ պատասխանել նրան, բոլորովին ժամանակ չեմ ունեցել: Դա կանեմ անպայման հաջորդ անգամ: Adieu; Հազար պաչիկներ Բիմբեռլին32...

 

 

 

Զալցբուրգի արքեպիսկոպոս Հիերոնիմուսին33

Զալցբուրգ, 1 օգոստոսի 1777թ.

 

Նորին Իշխանափայլ, Գերաշնորհ [Սրբազան Հայր]

Սրբազան Հռոմեական Կայսրության Իշխան [տիրակալ]

Երկրի Սրբազնագույն իշխան և Տեր Տեր

Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ etc.34, ես չեմ հանդգնում անհանգստացնել Ձեզ մեր տխուր հանգամանքների մանրամասն նկարագրությամբ. իմ հայրը սույն թվականի մարտի 14-ին Ձեզ ուղղած իր խնդրագրում հպատակի խոնարհությամբ, պատվի ու խղճի մտոք արդեն իսկ ծանուցել է Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ etc.-ին ամբողջ ճշմարտությունն այդ մասին: Իսկ քանի որ դրան չի հետևել արքունի ողորմած բարեհաճ Ձերդ Իշխանափայլի որոշումը, հայրս մեկ ամիս սպասելուց հետո խոնարհաբար խնդրել է Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհ etc.-ից մեզ բարեհաճորեն մի քանի ամսով շրջագայելու թույլտվություն արտոնել և դրանով իսկ կրկին աջակցել մեզ, քանի որ առանց Սրբազան Հոր բարեհաճության և բարձր հրամանի անկարելի է, որ Նորին Մեծության կայսեր սպասվող այցելության առիթով տրվելիք երաժշտության ապահովումը փոխանցվի մեկ ուրիշին: Ուստի հայրս խոնարհաբար այդ թույլտվությունն է խնդրել: Սակայն, Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհը մերժել է նրան և բարեհաճել է արտահայտել այն կարծիքը, թե ես (միևնույն է, թե միայն կիսով չափ եմ ծառայության մեջ) կարող եմ ըստ ամենայնի միայնակ շրջագայել: Մեր հանգամանքները անհապաղ լուծում են պահանջում. հայրս որոշել է ինձ միայնակ ճանապարհել: Սակայն այս պարագայում ևս Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ etc.-ն մի քանի առարկություններ է արել: Երկրի Սրբազնագույն իշխան և Տեր Տեր, ծնողները ջանում են իրենց զավակներին ոտքի կանգնեցնել, որ նրանք կարողանան ինքնուրույն վաստակել իրենց հացը: Եվ որքան շատ է Աստծո կողմից զավակներին տրված տաղանդը, այնքան ավելի են նրանք պարտավորված գտնել տաղանդի օգտակար կիրառությունը, որ բարելավեն իրենց սեփական և իրենց ծնողների վիճակը, աջակից լինեն ծնողներին և ինքնուրույնաբար հոգան իրենց հաջողության ու ապագայի մասին:

Ավետարանը ուսուցանում է մեզ լինել տաղանդի նման շահառու: Ուստի Աստծո առջև իմ սուրբ պարտքն է հոգալ հորս մասին, որն անխոնջ զոհաբերել է իր ամբողջ ժամանակը իմ դաստիարակությանը, իմ ուժերի չափով շնորհակալ լինել նրան, թեթևացնել նրա բեռը, հոգ տանել իմ և իմ քրոջ մասին. ինձ համար շատ ցավալի բան կլինի, եթե դաշնամուրին տրամադրած նրա բազում ժամերը օգտակար կիրառություն չգտնեն:

Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ etc., թույլ տվեք ըստ այդմ խոնարհաբար խնդրել Սրբազան Հորից ազատել ինձ իմ ծառայողական պարտականությունից, քանի որ ես ստիպված եմ օգտագործել (շրջագայության համար) գալիք աշնան ամիսը, որպեսզի չենթարկվեմ առաջիկա ցրտաշունչ ամիսների վատ եղանակի վտանգներին: Հուսով եմ, որ Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհ etc.-ն դժկամությամբ չի ընդունի իմ այս համեստ խնդրանքը, քանի որ Սրբազան Հայրը դեռ երեք ամիս առաջ, երբ ես խնդրում էի Վիեննա գնալու թույլտվություն, ինձ բարեհաճորեն բացատրեց, որ ոչ մի սպասելիք չունենամ և ավելի լավ է իմ հաջողությունը փնտրեմ մեկ այլ տեղ:

Ձերդ Իշխանափայլ, Գերաշնորհ [Սրբազան Հայր], թույլ տվեք հայտնել իմ խորին շնորհակալությունը բոլոր բարձրագույն շնորհների համար և հույս տածել, որ հասուն տարիքում ես կկարողանամ առավել մեծ հաջողությամբ ծառայել Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհ [Սրբազան հորը]. ակնկալելով արդարամիտ բարձրագույն ողորմածություն և բարեհաճություն` ներկայանում եմ 

Ձերդ Իշխանափայլ Գերաշնորհին

Երկրիս սրբազնագույն Իշխանին

և

Տեր Տիրոջը

մեծապես հավատարիմ և խոնարհ

Վոլֆգանգ Մոցարտ

 

 

[Հորը]

Մյունխեն, 6 հոկտեմբերի 1777թ.

Mon très cher Père,

Մայրիկը չի կարող գրել: Առաջինը` դա նրան հոգնեցնում է, երկրորդը` գլխացավ է առաջացնում: Ուրեմն, քավության նոխազը ես եմ:

Այս պահին պատրաստվում եմ պարոն պրոֆեսորի հետ այցի գնալ օրիորդ Կայզերուհու մոտ: Երեկ մեզ մոտ` այս տանը, հոգևոր հարսանիք էր կամ altum tempus Eclesiasticum35: Պարեր եղան, բայց ես միայն 4 մենուետ պարեցի ու ժամը 11-ին վերադարձա սենյակս, քանի որ բազմաթիվ կանանցից միայն մեկն էր, որը տակտից չէր շեղվում, և դա օրիորդ Կեզերն էր` կոմս Պերուզի (որն եղել է Զալցբուրգում) պարոն քարտուղարի քույրը:

Պարոն պրոֆեսորը բարի գտնվեց և ինձ իզուր սպասեցնել չտվեց. ուրեմն, օրիորդ Կայզերուհու մոտ չեմ գնա, որովհետև նրա հասցեն չգիտեմ: Նախանցյալ օրը, դա ամսի 4-ին էր, շաբաթ օրը, մի փոքր ակադեմիա (համերգ) էր մեզ մոտ Նորին Թագավորական Մեծություն Էրցհերցոգ Ալբերտի36 անվանակոչության տոնի կապակցությամբ: Այն սկսվեց 3-ն անց կեսին և ավարտվեց ժամը 8-ին: Ներկա էր նաև պարոն Դյուբրեյը37, որին հայրիկը պիտի որ հիշի: Նա Տարտինիի38 աշակերտն է: Կեսօրին նա [Ալբերտի] կրտսեր որդուն` Կառլին, ջութակի դաս էր տալիս, և ես ներս մտա հենց այդ պահին: Նախկինում շատ չէի վստահում նրան, բայց տեսա, թե ինչ խնամքով է դաս տալիս, իսկ երբ մենք զրույցի բռնվեցինք համերգային ջութակների մասին, նա շատ խելացի դատողություններ էր անում` մշտապես կիսելով իմ կարծիքը: Այնպես որ, հիմա ես փոխել եմ իմ ունեցած կարծիքը նրա մասին: Այժմ համոզված եմ, թե նա հենց այն ջութակահարն է, որն ինձ պետք է, իսկական նվագախմբային ջութակահար է: Խնդրեցի նրան վաղը կեսօրին գալ մեր փոքրիկ ակադեմիան:

Ամենասկզբում նվագեցինք Հայդնի39 երկու կվինտետը, բայց, ցավոք, նրան գրեթե անհնարին էր լսել, նա չէր կարողանում առանց սխալվելու չորս տակտ իրար ետևից նվագել, չէր գտնում ապլիկատուրան, իսկ sospirs40, կարծես, ընդհանրապես գոյություն չուներ նրա համար:

Ամենալավ բանը նրա մեջ այն էր, որ շատ քաղաքավարի էր և գովում էր կվինտետները, բայց մնացածը... Սակայն ես նրան ոչինչ չէի ասում, փոխարենը նա էր շարունակ ասում. «Կներեք, կրկին սխալվեցի: Փոքրիկ գործ է, բայց շատ գեղեցիկ»: Ես անընդհատ կրկնում էի. «Անհանգստանալու բան չկա, այստեղ բոլորը մերոնք են»: Հետո նվագեցի իմ C և Es կոնցերտները41 և իմ տրիոն42: Նվագակցումը շատ գեղեցիկ էր: Ադաժիոյում ստիպված եղա նվագել նրա պարտիայի 6 տակտերը: Ավարտեցի իմ վերջին կասացիայով B-ից43: Բոլորը զարմանք էին կտրել: Այնպես էի նվագում, կարծես ամբողջ Եվրոպայի մեծագույն ջութակահարը լինեի:

Դրանից հետո կիրակի օրը ժամը երեքին գնացինք պարոն ֆոն Համմի44 մոտ:

Այլևս գրելու ժամանակ չունեմ, թե չէ չեմ հասցնի վերցնել պարոն ֆոն Կլայնմայերի45 նամակը: Խիմզեեի եպիսկոպոսը այսօր մեկնեց Զալցբուրգ: NB. Քրոջս ուղարկում եմ Շուստերի46 6 դուստրերը à Clavicembalo e Violino47: Դրանք այստեղ հաճախ եմ նվագել, վատ չեն: Եթե մնամ այստեղ, ես էլ 6-ը կանեմ նույն gusto48-ով, քանի որ դրանք շատ սիրված են այստեղ: Ուղարկում եմ դրանք, միայն թե դուք երկուսով կարողանաք դիվերտիրանալ49: Addio50: Համբուրում եմ 1000 անգամ Ձեր ձեռքերը, իսկ քեզ, իմ սիրելի Նանեռլ, խնդրում եմ մի քիչ էլ համբերել: Մնամ Ձեր ամենահնազանդ որդի`

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

 

 [Հորը]

Մյունխեն, 10/11 հոկտեմբերի 1777թ.

...Նորից մի օպերա գրելու անասելի մեծ ցանկություն ունեմ: Ճիշտ է, տարբերակը երկար է, բայց ճիշտը դա է: Բայց և մենք դեռ շատ հեռու ենք այն ժամանակից, երբ ես պարտավորված կլինեմ գրել այդ օպերան: Մինչ այդ, շատ բան կարող է փոխվել: Կարծում եմ, որ այն [առաջարկությունը] այնուամենայնիվ կարելի է ընդունել: Իսկ եթե մինչ այդ չկարողանամ ծառայության անցնել, eh bien51, որպես հոգեպահուստ ունեմ Իտալիան: Կառնավալի ընթացքում ես հաստատ կունենամ իմ 100 դուկատը: Եթե մեկ անգամ Նեապոլում [օպերա] գրեմ, ապա ինձ անմիջապես կսկսեն ամենուր հրավիրել: Հայրիկը լավ գիտի, որ գարնան, ամռան և աշնան ընթացքում կարելի է, որտեղ էլ լինի, մի օպերա-բուֆ գրել` ուղղակի վարժանքի համար, որ պարապ չմնամ: Ճիշտ է, դրանով շատ չես վաստակի, բայց գոնե ինչ-որ բան է, և հետո, այդպես կարելի է ավելի պատիվ ու համբավ ձեռք բերել, քան 100 համերգներով Գերմանիայում: Ինձ էլ է դա շատ գոհացնում, քանի որ զբաղված կլինեմ երաժշտություն գրելով, ինչն իմ միակ ուրախությունն ու ցանկությունն է [Passion]: Իսկ եթե որևէ տեղ ծառայության հնարավորություն գտնվի, կամ գոնե դրա հույսը նշմարվի, ապա scritura52-ն լավ հանձնարարական է ինձ համար, ուշադրություն է գրավում, իմ արժեքն էլ ավելի է բարձրացնում:

Բայց, դեհ, խոսում եմ էլի, ասում եմ` ինչ սրտովս է անցնում...

Եթե հայրիկն ինձ հիմնավոր կերպով ապացուցի, որ իրավացի չեմ, կհամաձայնեմ, թեև դժկամությամբ, քանի որ ես հիմա միայն օպերայի մասին եմ ուզում լսել. բավական է միայն հայտնվել թատրոնում, լսել ձայներ... օ~, ես այլևս ինձ կորցնում եմ...

 

[Հորը]

Մաննհայմ, 13 նոյեմբերի 1777թ.

Mon très cher Père53,

Ստացանք վերջին երկու` հոկտեմբերի 29-ի և նոյեմբերի 6-ի նամակները: Ստիպված եմ այժմ դրանց միասին պատասխանել: Այն նամակը, որտեղ ասվում է, թե ես պիտի աշխատեմ Մաննհայմում նախ հանդիպել Բեկեի54 ծնողներին, շատ ուշ ստացա, որպեսզի դա իրականացնեմ, իսկ անձամբ իմ մտքով նման բան չէր կարող անցնել, քանի որ իրականում ես դրա կարիքը չունեմ: Հիմա հայրիկն ուզում է իմանալ, թե նա [Բեկեն] ինչպես ինձ ընդունեց,– այդպես չէ՞,– բավականին լավ և շատ քաղաքավարի: Նա ինձ հարցրեց, թե ուր եմ մտադիր մեկնելու, ասացի` հավանաբար Փարիզ: Հետո նա ինձ շատ խորհուրդներ տվեց` ասելով, որ ինքը վերջերս է եղել Փարիզում և որ այնտեղ դասեր տալը շատ նպաստավոր կլինի ինձ համար, որովհետև Փարիզում դաշնամուրը շատ բարձր է գնահատվում: Նա անմիջապես միջոցներ ձեռնարկեց, որ հրավիրվեմ պաշտոնական ճաշկերույթին. աշխատում էր, որ ես իշխանավորների հետ խոսելու հնարավորություն ունենամ: Շատ էր ափսոսում, որ ինքը չի կարող տանից դուրս գալ և անձամբ այդ զրույցի հնարավորությունը ստեղծել ինձ համար, ասաց, թե կոկորդը ցավում է (և դա իրոք այդպես էր):

Ափսոսում էր նաև, որ չի կարողանալու իմ պատվին կազմակերպել համերգ, որովհետև բոլորն անհայտ ուղղություններով հանգստանալու են մեկնել: Նրա խնդրանքով նվագեցի կլավիկորդով, որը շատ լավն է: Նա հաճախ Bravo էր ասում: Ես նվագում էի սրտիս ուզածը ու նվագեցի ex B և D սոնատները, մի խոսքով` նա շատ քաղաքավարի էր, իսկ ես բարեհամբույր էի, բայց նա չափազանց լուրջ էր: Խոսեցինք տարբեր բաների մասին, ի միջի այլոց նաև Վիեննայի, որ, օրինակ, կայսրը բոլորովին էլ երաժշտության մեծ սիրահար չի: Նա ասաց. «Ճիշտ է, նա պասաժների [saz] գիտակ է, բայց դրանից բացի ուրիշ ոչինչ չգիտի: Հիշում եմ (այստեղ նա սկսեց տրորել ճակատը), պիտի նվագեի նրա առջև ու չգիտեի, թե ինչ եմ նվագելու, սկսեցի ֆուգաներ նվագել ու նման երեխայություններ, այնպես որ, մտքումս ծիծաղում էի այդ ամենի վրա»: Ես մտածեցի, որ այլևս չեմ դիմանա ու կասեմ նրան. «Տեր իմ, գուցե և ծիծաղում էիք, բայց հազիվ թե այնպես ուժգին, ինչպես կծիծաղեի ես, եթե լինեի Ձեզ լսողի դերում»: Հետո նա ասաց (և դա իրոք ճշմարիտ էր ասված), որ կայսեր մոտ` կաբինետում, համերգներ են տալիս, որոնցից նույնիսկ շները կարող են փախչել: Այստեղ ասացի, թե նման համերգներին միշտ գլխացավ եմ ունենում, եթե ժամանակին չեմ կարողանում գլուխս առնել ու փախչել: «Օ, ոչ, ինձ հետ նման բան չի լինում, վատ երաժշտությունը չի ազդում իմ նյարդերի վրա, իսկ այ լավ երաժշտության դեպքում կարող եմ գլխացավ ունենալ»: Այստեղ ես կրկին մտածեցի, թե քեզ նման հիվանդ գլուխը իրոք պիտի ցավի, երբ լսում է մի բան, որ չի կարողանում ընկալել: Հիմա մի փոքր այստեղից: Երեկ Կաննաբիխի55  հետ գնացի պարոն ինտենդանտկոմս Սավիոլիի56 մոտ իմ նվերը վերցնելու: Դա հենց այն էր, ինչ ենթադրում էի: Ոչ, փող չէր, [այլ] մի գեղեցիկ ոսկյա ժամացույց: Բայց հիմա ինձ ավելի հաճելի կլիներ ստանալ 10 կարոլին, քան ժամացույց, որը շղթայով և կախազարդով հանդերձ մոտ 20 կարոլին կարժենա: Ճանապարհին մարդ փողի կարիք ունի: Այժմ, Ձեր թույլտվությամբ, արդեն ունեմ 5 ժամացույց և ամենայն լրջությամբ մտադրվել եմ վարտիքիս յուրաքանչյուր ոտքին կարել տալ ժամացույցի մի փոքրիկ գրպան, ու մեծամեծ պարոնների մոտ գնալիս երկու ժամացույց կրել (բացի այդ` դա նաև մոդա է այսօր), որպեսզի այսուհետ ոչ մեկի մտքով չանցնի ինձ ժամացույց պատիվ անել: Նամակից երևում է, որ հայրիկը դեռ չի կարդացել Ֆոգլերի գիրքը57: Ես այն արդեն կարդացել եմ, Կաննաբիխից վերցրի: Հիմա նրանից [Ֆոգլերից] մի պատմություն անեմ` շատ կարճ: Նա շատ խղճուկ ձևով դրսևորեց իրեն: Ցուցադրեց իր կարողությունը դաշնամուրի վրա, աշխարհ հանեց մի բալետ: Նրան խղճացին: Կուրֆյուրստը նրան Իտալիա գործուղեց: Երբ կուրֆյուրստը եկավ Բոլոնիա, հարցրեց պ[ադրե] Վալոտիին Ֆոգլերի մասին. «O altezza, questo e un grand uomo! Etc58»: Նա հարցրեց նաև պ[ադրե] Մարտինիին59. «Altezza; è buono; ma à poco à poco. quando sarà un poco più vechio, più sodo. si farà, si farà, ma bisogna che sie cangi molto»60: Երբ Ֆոգլերը վերադարձավ, դարձավ հոգևորական ու միանգամից պալատական կապելլան: Մի Miserere աշխարհ բերեց, որը, բոլորի ասելով, լսելու բան չէ, քանի որ ամբողջովին սխալներով է արված: Առանձնապես լավ գովեստներ չլսելով իր մասին, գնաց կուրֆյուրստի մոտ ու բողոքեց` ասելով, թե նվագախումբը իրեն վարկաբեկելու նպատակով միտումնավոր կերպով վատ է նվագում: Մի խոսքով, նա կարողացավ ամեն ինչ իր օգտին գլխիվայր շրջել (նույն կարգի մանրմունր վատ, բայց իր համար շահեկան խաղեր է արել նաև կանանց հետ) և, այդպիսով, ի վերջո դարձավ վիցեկապելմայստեր: Նա հիմարի մեկն է, երևակայում է, թե ինքն է, որ կա ամենից լավն ու ամենակատարյալը: Ամբողջ նվագախումբը` վերից վար, չի սիրում նրան: Նա շատ անախորժություններ է պատճառել Հոլցբաուերին61: Նրա գիրքը ամենաշատը կարող է հաշվել սովորեցնել, բայց ոչ կոմպոզիցիա: Ասում է, թե կարող է 3 շաբաթում կոմպոզիտոր սարքել, 6 ամսում` երգիչ, բայց ո՞վ է տեսել նման բան: Նա արհամարհում է մեծագույն վարպետներին: Իմ առջև քամահրանքով արտահայտվեց Բախի մասին62:

Բախն այստեղ երկու օպերա է գրել, որոնցից առաջինը [Թեմիստոկլ], ավելի շատ հաջողություն է ունեցել, քան երկրորդը [Լուցիոս Սուլլա]: Քանի որ Միլանում ես էլ եմ նման բան գրել, ուզում էի այն տեսնել: Հոլցբաուերից տեղեկանալով, որ Ֆոգլերի մոտ դա կա, խնդրեցի նրան տալ ինձ: «Սրտանց Ձեզ կուղարկեմ հենց վաղը, սակայն այնտեղ խելքին մոտ շատ բան չեք գտնի»: Մի քանի օր հետո, տեսնելով ինձ, հեգնանքով հարցրեց. «Դեհ, տեսա՞ք այնտեղ գեղեցիկ մի բան: Որևէ բան դուրս բերեցի՞ք Ձեզ համար»: «Բավականին գեղեցիկ մի արիա»: «Ի՞նչ, ինչպե՞ս է կոչվում,– հարցրեց նա մեր կողքին կանգնած ինչ-որ մեկին,– այդ ո՞ր արիան է»: «Դե, Բախի գարշելի արիան, խոզություն»: «Հա, Pupille amate63, նա դա հաստատ պունշի գոլորշու ազդեցության տակ է գրել»: Ինձ թվում էր` հիմա կքաշեմ նրա ծամից ու կպոկեմ, բայց ձևացրեցի, թե չեմ լսել և առանց որևէ բան ասելու թողեցի դուրս եկա: Նա Կուրֆյուրստին էլ է արդեն իր ծառայությունը մատուցել:

Արդեն պատրաստ է տիկին Ռոզա Կաննաբիխի64 համար գրված սոնատը: Անցյալ կիրակի իմ հաճույքի համար կապելլայում երգեհոնի վրա նվագեցի: Եկա Kyrie65-ի ժամանակ, նվագեցի նրա վերջը, իսկ երբ քահանան ավարտեց Gloria-ն, կատարեցի մի կադենցիա, որն այնքան էր տարբերվում նրանից, ինչին այստեղ սովոր են, որ բոլորը աչքերն էին ոլորում: Հատկապես Հոլցբաուերը ինձ դիմելով` ասաց. «Եթե իմանայի, թե ինչ է լինելու, դրա տեղը ուրիշ մեսսա կդնեի»:

«Այո,– ասացի ես,– դրանով Դուք ինձ իմ տեղը ցույց կտայիք»: Ծերուկ Տյոսկին66 և Վենդլինգը67 կողքիցս չէին հեռանում: Մարդիկ ծիծաղելու լավ առիթ էին ստացել: Ժամանակ առ ժամանակ Pizzicato էր լինում: Ես էլ ամեն անգամ ստեղներին հարվածելով էի ձայնակցում: Ահավոր ուրախ տրամադրություն ունեի: Benedictus-ի փոխարեն այստեղ միշտ անհրաժեշտ են համարում նվագել:

Դեհ, ես էլ sanctus-ից վերցրեցի մի գաղափար (թեմա) ու դա ֆուգավորելով ավարտեցի: Պետք էր տեսնել դրանց դեմքերը: Վերջում` ita miss est-ից հետո, նվագեցի մի ֆուգա: Պեդալն այստեղ մերի նման չի: Դա ինձ սկզբում մի քիչ շփոթեցրեց, բայց ես անմիջապես սթափվեցի: Ստիպված եմ արդեն վերջացնել [նամակս]: Թող հայրիկը մեզ առայժմ Մաննհայմի հասցեով գրի, այդպես ավելի վստահ կարելի է լինել, իսկ ես կհոգամ, որ նամակները մեզ հասնեն: Միսլիվեչեկի68 սոնատներին ծանոթ եմ: Չէ՞ որ դրանք նվագել եմ Մյունխենում, շատ թեթև են ու ականջի համար հաճելի: Քրոջս, որին իմ բարեմաղթանքներն եմ ուղարկում, մի խորհուրդ կտայի. թող նա դրանք նվագելիս ավելի շատ էքսպրեսիա, gusto69 և կրակ ներդնի, ու թող անգիր անի: Քանի որ դրանք այնպիսի սոնատներ են, որ մարդիկ կհավանեն: Ու նաև հեշտ են հիշվում, դժվար չի լինի անգիր անել և ուշադրության արժանացնել, եթե անհրաժեշտ ճշգրտությամբ կատարվեն: Համբուրում եմ հայրիկի ձեռքերը և մնում Ձեր ամենահնազանդ որդին`

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

 

1. Մարիա Աննա (կամ Նանեռլ, ինչպես նրան տանն էին կոչում) (1751-1829) – Վոլֆգանգի ավագ քույրը:

2. Ֆրանց ֆոն Մյոլկ (1748-1800), – Մարիա Աննայի երկրպագուն, Վոլֆգանգի ընկերը, Մոցարտներին մտերիմ մի ընտանիքի զավակ, հետագայում պալատական խորհրդական Զալցբուրգում:

3. Գելլերտ, Քրիստիան Ֆյուրխտեգոտ, (1715-1769) – գերմանացի գրող:

4. «Դեմետրիո», լիբրետոյի տեքստ, հեղինակ` Պյետրո Մետաստազիո (1698-1782), այդ տեքստի հիման վրա մի շարք երաժշտական կոմպոզիցիաներ են ստեղծվել, Մոցարտի կոմպոզիցիան չի պահպանվել:

5. Դու դժբախտ չես. պատմիր քո ցավը

և թե սեր չարթնացնես,

գոնե գթություն կգտնես:

Ես այնքան դժբախտ եմ,

որ գաղտնի եմ պահում,

որ սիրում եմ` լուռ ու անհույս,

և կուռքն իմ դա չգիտի:

(իտ. տողացի թարգմ.)

6. Պյետրո Մետաստազիոյի լիբրետոյի հիման վրա գրված օպերա, հեղինակ` Հասսե, Յեհան Ադոլֆ (1699-1783):

7. Երկրորդ պարտիան կատարող երգչուհի (իտ.):

8. Առաջին պարտիան կատարող երգիչ (իտ.):

9. Երկրորդ պարտիան կատարող երգիչ (իտ.):

10. Գլխավոր պարող (իտ.):

11. Այստեղ և հետագայում շան հետ համեմատությունը վերաբերում է, հավանաբար, դերասանի արտաքինին, ասել է թե` վատ չի նայվում բեմում (ծ. թարգմանչի):

12. «Տիտոյի գթասրտությունը» (La clemenza di Tito) – օպերա, կոմպոզիտոր` Յոհան Ադոլֆ Հասսե, լիբրետտո` Պյետրո Մետաստազիո:

13. Չգիտեմ (իտ.):

14. Արքա (ֆր.), մեկնաբանվել է նաև իբրև ազգանուն` Լերուա:

15. Բնագրում` Leman (ֆր.), ժնևյան լիճ:

16. Գլխավոր պարող օպերայում (իտ.):

17. Բնագրում` und in dem Theater kein Hund ist, այն է` թատրոնում բնավ շուն չի, որ կարող է նշանակել նաև «թատրոնում տեղ չունի»:

18. Ապրիլե Ջուզեպպե (1732-1813) – իտալացի երգիչ:

19. «Լքյալ Դիդոնան» (Didone abbandonata) – ենթադրվում է, որ խոսքն այստեղ Նիկոլո Գոմելլիի (1714-1774) օպերայի մասին է, լիբրետոյի հեղինակ` Մետաստազիո:

20. Պիչչիննի, Նիկոլա (Նիկոլո) (1729-1800) – իտալացի օպերային հայտնի կոմպոզիտոր:

21. «Կեսարը Եգիպտոսում» (Casare in Egitto) – Պիչչիննիի այս օպերան գրված է Կառլո Գոլդոնիի (1702-1793) կողմից վերամշակված Ջակոմո Ֆրանչեսկո Բուսսանիի տեքստի հիման վրա: Վերջինս նաև օպերայում երգիչ է եղել:

22. Պարահանդես (իտ.):

23. Ճիշտը` Ֆիրմիան, Կառլ Յոզեֆ (1716-1792) – ավստրիական գրավատների վարչության ղեկավար, հովանավորում էր Մոցարտների ընտանիքին:

24. Իմ փոխարեն (իտ.):

25. Մոցարտը նամակները ստորագրելիս հաճախ է կատակում:

26. Պյետրո Յերվոնիցկի – որբ ջութակահարների խնամակալ:

27. Այստեղ` մի քանի անգամ (իտ.):

28. «Կեղծ այգեպանուհին» (La finta giardiniera) – պրեմիերան կայացել է 1775-ի հունվարի 13-ին Մյունխենի Սալվատոր թատրոնում:

29. Մարիա Աննա Սոֆիա – կոմս Մաքսիմիլիան III Յոզեֆ Բավարացու (1727-1777) կինը:

30. Ցայլ (Ցայլլ), Ֆերդինանդ Քրիստոֆ – կոմս Վալդբուրգ (1719-1786), 17772-ից` եպիսկոպոս Խիմզեեում, Մոցարտի մշտական հովանավորը:

31. Ավստրիական պալատում ռազմական խորհրդական Յոհան Էռնստ ֆոն Անդրետտերի ընտանիքը պատկանել է Մոցարտների ծանոթների շրջանակին: Ենթադրվում է, որ ակնարկն այստեղ վերաբերում է նրա որդուն` Յուդաս Տադեուսին:

32. Հավանաբար Վոլֆգանգի պատանեկան ընկերներից մեկը:

33. Կոլորեդո, Հիերոնիմուս (Յոզեֆ) – կոմս (1732-1812), 1772-ից Զալցբուրգի իշխան-արքեպիսկոպոս:

34. և այլն (լատ.), այստեղ վերաբերում է չհիշատակված մյուս կոչումներին:

35. Եկեղեցական հարսանյաց հանդես (լատ.):

36. Այստեղ խոսքը «Սև արծվի մոտ» կոչվող իշխանատան տիրոջ` Յոզեֆ Ալբերտի մասին է, որին էրցհերցոգ անվանելով` հավանաբար ակնարկում է Սաքսոնիայի դուքս Ալբերտին (Ալբերտ Կազիմիր, 1738-1822):

37. Դյուբրեյ, Շառլ Ալբեր – ջութակահար Մյունխենի պալատական նվագախմբում:

38. Ջուզեպպե Տարտինի (1692-1770) – իտալացի ջութակահար և կոմպոզիտոր:

39. Հայդն, Յոհան Միխայիլ (1736-1806) – ավստրիացի կոմպոզիտոր և կոնցերտմայստեր Զալցբուրգում, Յոզեֆ Հայդնի կրտսեր եղբայրը և Մոցարտների տան բարեկամը:

40. Քառորդային դադար (պաուզա):

41. Դաշնամուրային կոնցերտներ KV 246, KV 238, KV 271:

42. Դիվերտիսմենտ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար:

43. KV 287/271b (KV6. 271 H)

44. Համմ, Յոզեֆ Կոնրադ ֆոն Զոննենֆելս (1728-1795) – պալատական ռազմական խորհրդի քարտուղար:

45. Կլայնմայերն, Ֆրանց, Թադդեուս ֆոն (1733-1805) – պալատական խորհրդի տնօրեն Զալցբուրգում:

46. Շուստեր, Յոզեֆ (1748-1812) – գերմանացի կոմպոզիտոր, պալատական կապելմայստեր Դրեզդենում:

47. (Կլավի) կիմբալի և ջութակի համար (իտ.):

48. Ճաշակ (իտ.)

49. Բնագրում` Divertieren, divertire (իտ.) բառից գերմանական բայաձև, այն է` զվարճանալ:

50. Ցտեսություն (իտ.):

51. Այստեղ` ինչ արած (ֆր.):

52. Գրավոր փաստաթուղթ (իտ.): Այստեղ` գրված գործ:

53. Իմ շատ թանկագին հայրիկ (ֆր.):

54. Բեկե (Բեեկե), Նոտգեր Իգնաց Ֆրանց ֆոն (1733-1803) – գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար:

55. Կաննաբիխ (Յոհան) Քրիստիան (1731-1798) – գերմանացի կոմպոզիտոր, ալտահար, մաննհայմյան դպրոցի ներկայացուցիչ:

56. Սավիոլի, կոմս Լուիս Աուրել (վախճ.` 1788) – պալատական նվագախմբի ինտենդանտ Մաննհայմում:

57. Ֆոգլեր, Գեորգ Յոզեֆ (1749-1814) – աբբա, հոգևոր խորհրդական և փոխկապելմայստեր Մաննհայմում, երաժշտության տեսաբան: Խոսքն այստեղ 1776-ին Մաննհայմում հրապարակված նրա ՙՀնչյունամշակման գիտություն և կոմպոզիտորական արվեստ՚ (ՙTonwissenschaft und Tonsetzkunst՚) գրքի մասին է:

58. [Նա պատասխանեց]. «Օ~, Ձերդ Մեծություն, նա մեծ մարդ է և այլն» (իտ.):

59. Մարտինի, Ջովաննի Բատիստա (1706-1784) – երաժշտության տեսաբան, կոմպոզիտոր, ֆրանցիսկյան քահանա: Որպես կոնտրապունկտի գիտակ և ուսուցիչ լավ համբավ է ունեցել: Որոշ ժամանակ դասեր է տվել Մոցարտին, երբ վերջինս Բոլոնիայում էր:

60. Ձերդ Մեծություն, նա լավն է: Բայց կամաց-կամաց, երբ մի քիչ մեծանա, գուցե մի բան դուրս գա նրանից, իսկ դրա համար նա շատ պետք է փոխվի (իտ.):

61. Հոլցբաուեր, Իգնաց Յակոբ (1711-1783) – ավստրիացի կոմպոզիտոր, 1753-ից Մաննհայմի պալատական օպերայի կապելմայստեր: Մաննհայմում ներկայացվել է նրա «Գյունտերը Շվարցբուրգից» օպերան:

62. Բախ, Յոհանն Քրիստիան (1735-1782) – Յոհանն Սեբաստիան Բախի (1685-1750) կրտսեր որդին, նրան անվանել են լոնդոնյան կամ միլանյան Բախ: Նրա «Թեմիստոկլ» (Temistocle 1772) և «Լուցիոս Սուլլա» (Lucio Silla, 1776) օպերաները բեմադրվել են Մաննհայմում:

63. «Pupille amate», Ցեցիլիոյի արիան Յ.Ք. Բախի «Lucio Silla» օպերայից:

64. Rosa Cannabich (ծն. 1764) – (Յոհանն) Քրիստիան Կաննաբիխի ավագ դուստրը, Մոցարտի աշակերտուհին Մաննհայմում:

65. Kyrie sleison – Տե՛ր, ողորմեա:

66. Տյոսկի, Կառլո Ջուզեպպե (1722-1788) – Մաննհայմի պալատական նվագախմբի ջութակահար, 1774-ից` կամերային նվագախմբի տնօրեն:

67. Վենդլինգ, Յոհան Բապտիստ (մոտ 1720-1797) – գերմանացի ֆլեյտահար Մաննհայմում և Մյունխենում:

68. Միսլիվեչեկ, Յոսեֆ (1737-1781) – կոմպոզիտոր:

69. Ճաշակ (իտ.):

 

Գերմաներենից թարգմանությունը`

Ռուզան Մարգունու