1/11/2007

Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին

 

Չվացուցակներ կազմողի օրագրից

գիրք անհայտության

Աքսորյալի ծոցատետրից

Ապագա կենսաբանության դասագիրք

և այլ մոռացված բաներ

 

Գերմանիա

աշուն 1993

 

 

Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից

Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում

Ցրելով մթնշաղն անմահության ողկույզների.

Կործանման նոր ներկայացումների նախօրեին

Լարախաղացի օրագրում` մերկացող հորիզոններ.

Կենդանաբանական անդորր.

և մեռյալի ծամածռված ժպիտ անկումի ժայռերին.

ծարավի ակնթարթ,

մագլցումի դադար,

հաղթանակի պարտություն:

Մեր ճզմված գոյության առասպելը

Չվացուցակներ կազմողի օրագրում:

Անշարժության նման մոխրացած լուսաբաց.

Բզկտված օրացույց.

Կղզի:

Մեր համբերության հանքերում կախված մայրցամաքներ.

Պտղաբերության օազիսների նման արգելված ժամանակներ

և անվերադարձ կարոտի մակընթացություն.

Խորտակվողի ծարավը չափելու համար

Խմեք օվկիանոսի դառնությունը,

ծննդաբերեք առատության մառաններում

տափաստանների մենությունն ու

ճաքճքած կիրքն անապատների,

որ հուսահատության քարավաններն առասպելանան

ճգնավորի սպիացած կարոտում

և անհայտության սարդոստայնում հասունանա

պահը պտղաբերության ու կղզիանա

մուրացկանի անգույն երազում

տիղմը պարտության ու կարոտը անկումի.

Հայելիների ներսից ծորացող հոգնություն.

անշարժ ու մերկ այս պահին

անձրև մերձարևադարձի

և փղեր պանդխտության

աշխարհագրություն հորինողի երազում.

 

Ուղևորություններ

Ուղևորություններ հարթ ու աննպատակ

և ժպիտ

և մահ

և ծարավ:

 

ծննդաբերության արհավիրքն աղի,

մոխիրն հանքերի ընդերքում,

և երկնքին բացված հայացքը ջրհորի,

սիրամարգված կախարդանքի նման

թափանցիկ, հնազանդ ու բարի:

 

Պողպատ ամենօրյա, նահանջ հնամենի

հպանցիկ կյանքն այս իր տեղումների տարափից,

բեղմնավորման աղետն այս հսկա,

մագլցումի բերումով

ստորգետնյա իր ինքնազգացողությանն ընդառաջ

տարածվող ներդաշնակությունն է սփռում ամանօրի,

իբրև խելագարի հրաժարական և ցասում

անզորության

մոխիր ծննդյան հատակից առաքելով

տապալվող պոռթկումների քարավաններն անդրշիրիմյան

անհայտության տիեզերքի թիրախին,

ընկնելով անմահության փոշոտ սարդոստայնը

ու մառանը հավերժության.

Օ~ ծարավ:

Օ~ օվկիանոս մոլուցքի

Օ~ ոսկեբեր նահատակություն:

 

Թող որ պսպղան արտերն անդորրի

և մեր շիրիմներին իջնի լռության շիրան

Թող թիթեռներ բազմանան փչակներում դարերի

և դամբարաններն աստիճանաբար հղիանան պեղումներից,

որ մահը,

որ սահմանը կյանքի

պտղաբերի ապրածի առեղծվածն ու

մեղրն իմաստության

և սրբագրվի ճաքող տառապանքի քաղցրությունից

իբրև ընդունելության նշան.

իբրև ողջույնի ապացույց:

 

Օ~ հյուրասիրություն կեսօրի.

քամի վերադարձի,

որ հղկում ես դիմագծերն առօրյա նահատակների

և սրում անիմաստության անկյունները

մոլորվածների լքված կենսագրություններում.

թույլ տուր միանալ քո աքսորյալներին

և ուղևորվել ցմահ կործանման

այս աշխարհագրության բորբոսնած ծալքերում

կորած հավերժության հետքերով

մահվան քարավանների ետևից

նոր հայտնագործությունների լուսաբացին,

դատարկություն գտնելու պատրվակով:

28.X.93

 

Սահմանների զոհը

Հին դեմքերի երազներից պոկված մահվան արցունքներ

Հացի ծարավից ճաքած կենսագրություն

Պտղատու անապատ

քո ներդաշնակության կեղևում բարուրված

մենք բազմապատկում ենք սահմաններիդ լռությունը

չափում տարածությունն անցյալի

մեխում ժամանակի ճեղքերին

մարդկային հավաքածուների առօրյան

և հերթերն ապստամբությունների

որ մայրցամաքների արհավիրքն արձագանքի

զառամյալի ջրհորում կիրակնօրյա իր փառքից

և բեղմնավորի ժառանգությունն հանքերի

թռիչքներից ծանրացած երկնքում մենության

մահվան երկնակամարն աղետի

ու առասպելը ծնունդի

անդրշիրիմյան մութ փակուղիներում

և մտնի խառնարան

ձմեռնամուտն ընդունելու պատրվակով.

Եթե սոսնձված ենք մենք ելուստներին այս գոյության

Շղթայված, ճեղքերի այս հորձանուտում

ապա ստվերների տարափով թող լուսավորվի

խառնարանն այս տոնավաճառի

ընկնողի շիկացած ահից իսկ ծնվողի սրտում

Ձմեռային աքսորն հավիտենական

թող բացվի գարնան առասպելին

ու ներշնչի օտարության բույրն աքսորյալին

այս խառնարանի լաբիրինթոսում զմռսված

տեսիլքների վերակենդանացման համար

սահմանների ամրությունն ամրացնելու նկատառումով.

 

Օ ձիարշավ բարեկեցության.

դատապարտվածների շքեղ արտասահման

մենք մեխված ենք այս թեթև կատակերգության սանդուղքին

ունկնդիր լինելու անձնագրով

և դերակատարի պարտադիր իրավունքով

դեռ շարունակվող այս ներկայացման

սահմանների չափագրության համար.

արձանագրեք մեր վազքը գոլորշիացող պողպատի ետևից

ընդհատված հիշողության պեղումներից առաջ

որ սահմանների զոհը

լինի հասցեագրված

մեր ժամանակների

վերջին մոհիկաններին

Մտքերի կարասներ

էպիկական մաքրության ստորոտին

և խելագարված քամու հեթանոսական մի մեներգ

կրկես զարդարողների կյանքից

 

Չինաստանի կայծակները

և Միջագետքի գինին

 լցրու իմ գլխին

գիշերվա կեսին

o պատռված հաղթանակ

օ անկումի հեծկլտոց

հրաժեշտի դամբարան.

և ցորենի մենություն

այս ամենի վերջում

կործանվողի ծոցում.

Ուշ է արդեն,

ողորկ այտերի քունն իր մերկության հմայքից

ճաքճքած կարոտով

տրվում է գիշերվա մթին.

Հույս կա, որ կգան տարածության չափողներն

ընթրիքի

գարնան ու ձմռան մահը չափելու

ու բղավելու լուսնին

վերջին բառերի կրակն ու լույսը

գլորվելուց առաջ:

Օ ներկայացման հրաշք

կեղեքված ունկնդիր

մոլուցքի ոլորտում

տուն կառուցողի կղզին

թող ծաղկի ըմբոստ ներկաների կրքից

և դառնա արաբական ստվերների անապատ

կենսագրություն շարադրողի մտքում

սանրված հմայքից քայքայվող փրկություն

ու մնա ներկայում

և անցնի դարերով

քո փառքի դառնուղին

մոռացման սանդուղքին

բորբոսնած բարձունքին

նոր բացված վերքին

ճզմված մեղքին

 

կարապների աշխարհ

բացակայող ինքնազգացողության արշալույս

թող գան շշուկների երամներն

ու տանեն մոխիրն իմ հիշողության

իբրև պարարտանյութ գալիքի

վկայություն անցյալի

փշրանք պայքարի

և նահանջ պարտության.

մենք վաղուց ի վեր կորցրել ենք

ժամանակի ծայրերն ու

քարակապները գոյության

ժամանակ սանրողների այս նեղ ճահճուտում

 

Երբեմնի հանքագրության դատարկված անդունդից

Կենսագրությունն է ծառանում իր սառը խորքերից

ու փրփրում ժամանակի եզրերին

անդրշիրիմյան զայրույթի պոռթկումից ցնցելով

տարածության հաստատակամ արմատներն ամուր

բանտարկված ազգերի հավերժական երազում.

Գնդակահարված մենության ապոթեոզն այսօր

ասեղնագործված վերքերի անապատ,

ու թիթեռների մերկ շարահյուսություն.

Իսկ աղը դեռ երկար կփայլփլի մեր զարմացած վերքերին

ու գարուններով կգա հանձնվելու լուրը

մոտեցող ամռան ընդերքին.

 

Ազատագրվեք ազատության բանտերից

Օ ստրկության մոհիկաններ,

ճորտերի երամներ, մահվան ճիրաններ.

Աղը աղալու համար

դատապարտված ճգնավորի երազում

ճայերի ճերմակ երամներ

և պանդխտություն անժամկետ

գոյության նեղ եզերքին

իբրև կույրի հառաչանք

իբրև հայացքի գարուն

իբրև պարտություն բերրի

և անկումի ողբ

և հմայք բարի

դառը ու աղի:

3. I. 94

 

Մեր եղյամի կղզին.

Սրբագրված լռության մեր պանդխտությունն աղի

այս վիրահատության կեսին

խորտակվողի ուսին

ծագող մի նոր լուսին

և ամայության ապացույց

և աղետի մուր

և ծով

և կիրք

և քամի

ու ձմեռ, իբրև անծայրածիր մահվան ստորոտ ու

խուճապահար քաղաքների կործանվող մի սարդոստայն

կարծես արշալույսի այս բեկորներից պեղված

խուճապի մենաստան

և մերկություն անոթի

և ցավ

և կարոտ

և սովահար Հայաստան

 

այս ամոթի կենտրոնում

այս խայտառակության կեսին

նվիրիր դու նրան

ու դիր նրա ուսին

իբրև մի լուռ լուսին,

կործանվողի ուսին

նահատակված կույսին

քամիների հույսին

հանձնված պանդխտության մուրը

և ճնճղուկի մենության բանալին

սովահար արմատների բացատում.

Օ թևավոր հառաչանքի

մերկ ու անծայրածիր հմայք.

ծխնելույզի մենություն

և շիկացած անդաստան.

մեր բերքառատ կործանման եզրին

մահվան թեթև շարասյուն

և ձիարշավ կրքերի

բորբոսնած անդունդների

հպանցիկ ներկայության երկայնքով

դեպի ջրաղացն անմահական կարոտի

դեպի ջրհորն անհայտության,

դեպի տաճարը կամքի

-ալրաղացն այս կյանքի,

դեպի կորիզը մահվան

դեպի բոսոր ապագան

ու մղկտացող գառների

լաբիրինթոսխառնարան

երկնաքերների այս խունացած արտերում.

Ցորենի ձմեռնամուտին հասնելու համար

Թող պապանձվեն առօրեական երազներն

ու ցամաքած շատրվանների արմատներից

թող պայթի հրավառությունն ապագայի

ու մոլուցքը դառը անշարժության

աղոթքի կենտրոնում.

Օ կորիզների ամառ,

պղպջակ հիշողության.

մերկանալուց առաջ

արշալույսի առագաստն հովհարի նման պարզելով

և թմբկահարելով սահմաններն ազատության

հանդիսավոր խավարի ու կուրության ընդերքում

գնա բերքահավաքի ուղղությամբ

որ ցորենի առատությամբ ցնծան

քո մենության պարիսպներն ու

մառանները դառնության

եկող արհավիրքի սառը ջրհորում

Օ պարտության կրկես պարտքերի տոնավաճառ

այս կրքերի շռայլության ապագան

բեղմնավորող հանքերի խորքերից

բարձրացող ամոթի ուրվականը

փնտրելով իր ուղին

այս դավաճանության սարդոստայնում

մոլորված խեղկատակի նման

դեռ տենչում է նահատակված կրկեսների

վաղեմի փառքն ու

ծափահարության արտերի տոթն առօրեական

հանգչող տաճարների խուլ թաքստոցում.

Վաղանցիկ բորբոսի մեղեդին

գարնանային այն վճիտ քամիների լեզվին որ լսվում են լքված օազիսների ստորերկրյա

երազներում

աշխարհի համը պեղող մահկանացուի

հացի աղոթքում ճարճատող խնդրանքի

շիկացած խորքերից

ու տարածվում հրեշտակների շնչառության արտերում

պանդուխտի հիշողության նման միայնակ ու մոլոր

Վարդն իր ընդերքն է բացում

ժամանակի ժանգոտած այս որոգայթում

որ ընկնողի փառքից

տապալվում են քո գոյության վերջին հենարաններն ու

հիմքերն իրականության

որի մագաղաթին արձանագրված հիշողության

վերջին արձագանքները փշրվում են

անդառնալիության հավերժական ժայռերին ու

կարկատում մոռացության բորբոսնած անցքերը

անելանելիության նեղ միջանցքներում

թաղված հույսերի երկայնքով

պարարտացնելով հայտնության ուղին փնտրողի

ավարտված կենսագրությունը

ու չդրված ներկայացումների փակուղին.

Մութն իր մուրն է հորիզոնում

սիրամարգված խրախճանքի կեսօրին.

նահատակյալ հայացքի անկումից

և ճչացող առագաստների երամներով

եզրագծվող մեկուսի դաշտերից է

ընդհանրանում լուսաբացն ընտրյալի

հափշտակության ողորկ այս խորքերից

պատռելով անհայտության դատապարտվածի

հավատարմության ճերմակ դրոշները

մոլորված ու միամիտ ուղտի հայացքում

անկարողության ու հավատի ափերին

տարակուսանքի գաղտնիքը մեղրամոմի կեսօրին հոտն իր անդունդից

համն իր փակուղուց

փշրվողի օրացույց

դեղնած

տերևի

կեսօրին

8. X. 94

 

թագը

թագավորի

կոկորդին

սերմնացանի

առավոտ բարի

 

մշուշներից թրծված կավ

ու խոռոչի երգ

ու երազի բույր

մոլորված ու կույր

8. X. 94

 

դուրսը գրկած

լինել ներսում

աքսորի կղզում.

շիկացած քարի

համր կեսօրին.

սրտի պարտեզում

8. X. 94

 

հայեցողության ու արևի մարմին

մահվան քանդակներին

գամված անշարժություն

ու մուր

ճաքճքած դարերից կախված մի ժպիտ

լքված տաճարի փոխարեն.

նայողի նայելուն նայած զարմանքի աշուն

ցորենի ու կարոտի արտեր հնձողի

երազի խորքում….

փաթիլներն

ամռան

9. X. 94

 

Այս քամիների հանքից եկողի

մորմոքը աղի

վերցրու ու մաղի

Երբ կարապներն անհետանան

հմայքի և բերկրանքի ետևում

և երկյուղով բերրիանան երազներն արշալույսի,

կոփի փխրուն պողպատը մոլուցքի

նահատակվող հույսերի խավար այս բացատում,

որ հրաժեշտի առուներն հորդացած ծարավից

գալարվեն հիշողության նեղ խառնարանում

ի հույս մոռացումի, հմայքի ու սիրո,

և գալիքի բուրմունքից արբեցած պանդուխտներին

ցնորքներն ուղեկցեն

նահատակության մացառոտ կրքերի մութ ու

հեղձուցիչ այս որովայնում

դեպի լույսը կարոտի,

դեպի հույսը հաղթական,

դեպի պայծառ ապագան:

3. XII. 94

 

Օ փոթորիկ հեծյալի

դառը ու աղի

կախված դադարի աշուն

հողի մեներգից

իմ մերկ դաշտերում

անհույս մոլորված

խելագար մի շուն

4. XII. 94

 

Լուսնի մաղձն ու այս առուն

բացված վերքերի

տափաստանի պես

փխրուն ու մռայլ

աշնան ընդերքի

դեղնած հոգսերից

խելագարվողի ինքնասպան հեռուն.

 4. XII. 94

 

հաղթահարվածի և կայացածի դառնությունից

ծնվողի ջանքերով

ապրողների երամներից հեռացողի

աղիողորմ հրաժեշտ

այս կցկտուր ներդաշնակության

լքված նավահանգստում:

մենք գնացինք լսելու ձկներինօ~ տեսողություն:

 

Վերջին վերքերի խելացնոր ջրհեղեղից

ազատված հայացքում

հուսահատ կարապների երամներ

դեղնած դաշտերի վրայով

մահվան ծղրիդների տափաստաններից եկողի

ջրհորի երգն ու

դաշնության գինին լցրու իմ գլխին

այս դավաճանության

արևածագին.

94. XII

 

երբ լուրեր այլևս չկան,

իսկ ասելիքը ծանր է ու շատ, հաճախ անասելի,

մնում է պապանձված սպասել, սպասել ամպրոպի,

լսել անձրևն ու հետևել ձնհալքին,

մինչև բողբոջների ուրախության արթնացումն ու

կանաչների խմբերգը բարի,

ամառային ձերբակալություններից առաջ

աշնանային ինքնասպանություններին

պատրաստվելու համար.

 95. I

 

Անդորրի ու Հանդարտության

ծփացող մակընթացությունից

ծնվող անդրշիրիմյան ծարավի

ծաղկունքին խաղաղությունից պայթող

տեղատվության սահմաններից դուրս թույլատրված

խաղերի առօրյան այս անվերջանալի հրաբուխի էպիկենտրոնում

աստիճանաբար տրվելով նահատակության հետմահու իր վերքերի

ողորմելի երաշտից և քաղաքաշինական կենդանաբանության

պարարտ մրջնանոցների թեթև իրարանցումներից բացված

եգիպտական բզկտված

սֆինքսների մերձարևադարձային երախներում բեմադրվող

տիկնիկային կատակերգություններին, հանկարծ անէացավ:

 95. I

 

բառերի քամին

գիշերվա կեսին մեռնողի հույսին

կործանվող լուսին

Սրամտությունից կախված օրեր:

մանուշակի ընդերքից

ծուլորեն բացվող գարուն

գաղտնիքի նման ծվարած

հայրենիք հեռավոր հրաշքի

կնճռոտ ծալքերին.

Այս ծերացած հողի զարմանքից

խեղդվող բերքատվություն

աշխարհի ծարավ երախում

Ջրհորի մերկության միջից բացվող քնարերգության կեսօր

մռայլ ու վճիտ զարթոնքի

բյուրեղյա դեմքին.

մանկություն փնտրողի կենսագրության հատակագիծը

զարմանքի հրապարակում.

Այս ժայռերի ուղղագրության առյուծներն են

մռնչում մեր անուններն հանապազօրյա

իսկ կեսօրն իր թևերից ձանձրացած

արթնացումի պահն է հղկում

այս մութ արևադարձի լքված ստորոտին

կարծես կանաչներից առաջ

մոխրագույնի կույր մորեխներով էր երեսապատված

երկնակամարը հմայքի

իսկ երազն իր տարազով էր բարձրանում գահին

և անէանում պղպջակի պես

վերջին մերկությունից առաջ.

Եվրոպական մակերեսներ

պարկապզուկ պաշտողի ծոցատետրից

Սուզվողի առագաստներից հյուսված սարդոստայն

այս կահավորված անդունդի ստորոտին.

Անտառի մերկությունից հետապնդվողի

հարազատներն արդեն լքել են հայրենիքը.

Ագռավներին բաժանված դառնություն.

Հողի տաք ու պիրկ ծոցից

համբույրի նման բացված տերեփուկ

այժմ, և միշտ, և ամենուր.

այս ժայռերի քնած շնչառությունից

կողոպտված տեղանք ու գյուղական անդորր

բերքահավաքի մայրամուտին

բոլոր գծերից այն կողմ.

 

մոխրագույն քամու ծնունդին

հրաժեշտի օրօրոցում

արթնացողի

կյանքից

պոկված էջերին վերջին տերևաթափից մնացած արձանագրություններ,

գալիք պարտության մասին.

պղպջակներ հետազոտողի մտքերից

անքուն ու բեղմնավոր տափաստան

այս կարասների վրայով

թող սահի

երգերիդ

տխրությունը.

մահվան կիսաբաց երախում

նահանջի պատրաստ մանկություն

լռության դարակներից

հանված հիշողություն.

վաղորդյան այս եղյամի փոխարեն

ձնծաղիկն ամռան

 

աշնան կարոտից խելագարվածն ու

հեթանոսական ջրհորների փառքը կրողի

պարտության գինին

այս տեղատվության իրիկնամուտին:

 

Լիճը, որ հոտ չունի

և շարունակվում է աղմուկից այն կողմ,

իր ձկներին հանգստություն բերող երազների կարասներից

կարապներ ուղարկելով իր հայելու սահմանին,

որ արտացոլանքի առեղծվածին ներկա մահկանացուներն հիանան

ճերմակության ազնվական գծագրության ճիրաններում բանտարկված

կարապի խստաբարո դեմքին սանձազերծված զայրույթի համր լռությամբ,

և ճայերի սեթևեթ աղմուկից,

որ իրենց հրեշտականման թևերն են սփռում

այդ ջրի հանդարտության սահմանով,

արթնանան անծայրածիր սահմանները ջրի,

լսելու առօրյա հրամայականը տիեզերքի,

որ ամենօրյա իր պարով իջնում է արարելու

հավերժական գոյությունը ջրերի վրա սահող իր երազների

աղմուկներից և հոտերից այն կողմ անցնող կյանքերի

ձերբակալված խորքերում:

7. V. 95

 

Երփներանգ արևի կարոտից

ծամածռված կենսագրություն.

հոգնած ուղտերի ուղին բռնողի

ծարավը աղի

դեղնած դաշտերի վրայով

բռնի ու մաղի.

 

Հեծկլտացող երկնակամար

տապդ թող իմ գրկում մարի

այս ահավոր ու վիթխարի դարի.

ես ձեր վերքն եմ այստեղ

լռակյաց մենության աստվածներ, ձեր լքված վիրավոր որդին:

մութ հմայքի ծայրին

հոգին լույսն ու հողը գրկախառնվեցին

Ոչխարներից հետո կգան գայլերը

և անտառը կհանձնեն աղվեսներին

հովիվը դժվարությամբ կգտնի իր գառնուկին

կան շատ ավելի ծանր կյանքեր

 

 

 

Արևմուտքի եզերքին

Օդի երկյուղից ծամածռված հրեշտակների կամարներով տարածվող

երկչոտ անշարժության ծալքերում մոռացված կենսագրություն,

որ հալվեցիր այս անծայրածիր անհեթեթության իմաստում,

ներկայության քո կծիկներից առաքելով դարերի համբերությունն ու

խուլ որոտները մոլուցքի ունայնության այս անապատում,

ի նշան զարհուրելի պարտության ու հնազանդ նահանջի

նյութի այս անծայրածիր սարդոստայնում,

ուր ձերբակալված քո գոյությունից անէանում են աստղերն ու

թիթեռներն են քարանում անդրշիրիմյան քո հմայքից,

որ բուսականության ու կենդանության օրոք բռնագրավված կյանքերի

ջրհորներում սուզված հանելուկների և հեքիաթների միջից արթնանան

նահատակված սուրհանդակներն ազատության

ազդարարելու վերջն այս արհավիրքի և ձերբակալության:

Լիացրեք համբերության ձեր կարասները,

անհամբերության և սպասումի ճիրաններում

խեղկատակված մահկանացուներ,

որ գալիքի մակընթացությամբ

փակվեն անցյալի տեղատվության պարտքերը

մեր ծամածռված հոգիներում,

և սպիանան արյունահոսող վերքերն այս առօրեական,

կապանքների լքված այս անապատում:

Օ~ գլխատված հրեշտակների անտառներ,

կախաղաների հուշարձաններով ամայացած հրապարակների

արևից ճաքճքած դեմքերի հուսահատության քարտեզների

միջով անցնող աստվածների երամներ,

ու՞ր են ձեր ծղրիդները:

15. V. 95

 

մերկ հղի

ու

անտարբեր

գրկիր

կարոտը

ամայի

դառնությունից

մաշված

այս

տարածության

խխունջի գողտրիկ երազում

 

հացի փշրանքի մոխրագույն առավոտ

հին հեթանոսական երգերի նման

ծվարած մեր ծննդյան հեռավոր սահմանին

նայիր չտեսնելու միջով

մառախուղի և արևի միջև կայացած նավաբեկություն

Կծու մերկության հարավից

թիթեռների հեռվից ու ցավից

փխրվող հույսի մենաստան.

այս ժամանակը բնակեցնողի

հիշողության ծալքերում խճճված տարածության

թեթև կահավորում

հանուն անհայտության

 27.12.95

 

 

և ահա աքսորն այս կաչաղակների

բերքատվությունից հերքված ու անթերի

դառնության սարսուռից քարացած ու գերի

վերադարձի պես ձերբակալված

հլուհնազանդ

այս աքաղաղների

կոճկված կարոտի ապաստան

խայտառակ այս հռհռոցի ծայրին

 1.05.96

 

 

կան արյան կղզիներ

կանարյան կղզիներ

անձրևի զուլալ արցունքներ

խավարի սև ու ծարավ սրտում

կարոտից կակղած երազներ

հայրենիքի մենության մասին.

այս օրօրոցային ներկայացման կեսին

 

դեպի նարինջն անհայտի

իսկ մայթերին առյուծներ

ես թևեր ունեմ բայց թռչել չգիտեմ

եզերքի մարդու ցավից

ճաքած առյուծի երախ

տափաստան փնտրողի հոգում

Լռություն չափագրողի անհայտության ցավից

իր դարը ապրած տեսդաշտ.

մեկուսի այս դրախտում, դառը կարագի հանքեր.

 

Առարկաների կյանքից գոլորշիանալ ցանկացող ուրվականների

երամներն անցան ծղոտացած զարմանքի դաշտերով

մորեխներին թողնելով այս թեթև ու հպանցիկ գոյության

ծանրությունը.

Անվերջության լիաթոք հաճույքից

անկշռելիության կարոտից ու խորքից

պայթող ապստամբություն

այս եռուզեռի

մութ էպիկենտրոնում.

 

անմահության պղպջակներն այս անտարբերության

շտեմարաններում

անդամալույծ լռության պահեստներ,

բուրժուական ճարպակալած վստահություն

և խոնավ հրաժեշտի գարուն կգա

այս ճահճացած մերկությունից հետո

պեղումների կիրքը հողին հանձնելու համար

երկնքի դարակներից ճշմարտություն հանելու պայմանով.

ու օրը կփխրվի շերտերի

իսկ գնչուների հետքերը մեզ կտանեն արևելք

 

զգա փրփուրն անվերադարձ ալիքների, օ ժայռերի գերի

մահարձանի նման կախված այս սահմանների հրապարակում

Այս մերկության գագաթին կռահիր պարտության վախճանը

Օ ցորենի բերքառատ հանդարտություն

որ հպվեցիր ժամանակի արգանդին

վիրավորված ծիծեռնակի ցասումից բզկտված

այս քաղաքների վիրավոր անցյալից

ներխուժումը կասեցնելու դառը հուսահատությունից

հիասթափված բեմերի կրակը նորոգելու

անմեղ մտադրությամբ հանձնվելու դատապարտության

1.05.96

 

գարնան հոտը պահիր մտքում, ճապոնական թեթև հանրահաշիվ

 

Կիսախելագարի մկրտության օրը

փակեք դարպասներն այս պղնձյա կարոտի առջև

և թիթեռներին անշարժացրեք ծարավից տխրության ժանգոտած ցանցերում,

որ ժամանակի կարասներից

բացվող վերքերի սարահարթին իջնող անուրջներից

փափկեն ընդերքներն աղակալած հանքերի

և լիանան մառաններն իմաստության.

մեր համբերության վերջին տեղատվությունից

առաջ տրվելով խելագարության մակընթացությանը.

Օ~ էակների պուրակներ մեր դատաստանի օրը

թող որ երևան հղի կարապներ:

 

Արևմուտք եկանք բաժանվելու մեզնից

սրբությունը մեր գրկած եկանք հատուցելու ազատության

կուռքերին

Օ անձրևներ հուսահատ մակընթացության

լվացեք մեր վերքերը

ժանգոտող ժամանակի տխուր այս նահանջից.

 

Իմ մաքառումների կաթից

թող արբենան արձաններն հրաժեշտի

իսկ ցորենի ծննդին

թող ծլվլան հուսահատության սոխակները

նոր գնդակահարվածների հետքերով բռնած

իրենց ներկայացումների տխուր արևադարձին

 

ծռմռված երկունքի աշուղներ

գնչուական այս ներկայացումների ծեսին

գայթակղվածի կղզին

թող մնա գերմանական նավատորմի հույսին

 

ծառերի մահվան դառնահամ հրաժեշտից

ծորող կարոտից անհուն

ծղրիդներն ամայի այս ցավի բեղմնավոր դաշտում.

Նայիր կուրության ուղղությամբ ժայռերի նահանջող նախշերին

որ ճահիճն ամենօրյա պարզաջրվի տխրության իր գահին

կատարվածի ահռելիությունից ազատագրված ճնճղուկներ

ես եկել եմ ձեր մենությունը լացելու.

ազատիր մեզ այս խայտառակությունից.

 

7.06.96

ահավորի օրը

Սոկրատի քարացած դեմքը բացվող մերկության առջև:

Ճապոնական տիկնիկային իրարանցումներ

ծարավ այս մենության հանքերը պեղողի

հմտության ոսկին ահավորի օրը դրվեց մեր գլխին

7.06.96

 

գնալ ու մնալ նույն տեղում.

Ճնճղուկի պես բորբոսնած կարոտ.

վերցրու ինձ մահվան սահմանն անցնելու

թեթևությունից կախարդված այս որոգայթում

7.06.96

 

կենդանիներին նվիրված հափշտակություն

երբ ժպիտը ծառերի կարոտով սահեց արևելք

առօրյա անսահմանության ցանկապատից այն կողմ

լսիր անհայտության մասին:

դեռ չծնված ձևի արմատներով սողոսկիր անհայտության ծոցը

առագաստիդ մեջ առնելու անսպասելի հայտնության քամին

 

կահույքի պես դատապարտված օրերից մնացած

փոշին հոգեհանգստի,

քաղաքկրիաների որովայնում

հավերժության փոխարինելու համար եկած

ժամանակի հոգնած ուրվականների ուսերին.

ինքնանկարի փոխարեն.

հայացք հայացքի ետևում

 

Տուր մեզ շնչելու իրավունք այստեղ

փոշոտ դավաճանության տխուր նավահանգիստ

առագաստների ցավը թող տանեմ գալիքին ընծա

իմ լիաթոք ծերացած անցյալից

Օ~ աննախադեպ դավաճանության արևմուտք

որ խլեցիր իմ վերջին նավաբեկության բեկորները

այս դժբախտ կատակերգության արշալույսին

խառնելով մանկությունն ու ծերությունը իրար

տարերային աղետների այս տխուր կրկեսում

նորից թողնելով մահվան ծղրիդներին

առհավետ լքված ծաղրածուների

հիասթափության գերեզմաններին

 

7.06.96

ամենաահավոր օրը

երեխայիս պահպանիր այս խառնաշփոթում, որ հանգիստ հեռանամ

այստեղից

Անվերջության թաց շրթունքներից

ճաքած այտերի ծղոտից ու շոգից

հառաչանքից կործանված առօրյա:

քաղաքակրթության լաբիրինթոսին

խորը ներարկված այս պահմտոցին

գալիք սերնդի դիմակահանդեսին.

կարուսելի նման հարթ այս մակերեսին.

հեռու արծաթի կանչը լսողի

մութ քամիների սևին հպվողի

կարոտի հողն իր մեջ առնողի

գարունի նման թեթև հառաչանք

ստորգետնյա ամայության պեղումներից

հարություն առնողի սրտում

Այս ինչ քամիներ են տանում տափաստան

Ինձ, կիսախելագարիս,

որ եկել էի շնչելու ու արտաշնչելու համար

փոշու այս կուտակումները

Հողմնաղացների հետ հավերժական այս պայքարում

ուր ամեն հաղթանակ միաժամանակ պարտություն է ու աքսոր

նվաստացում ու արհամարհանք

ո՞ր ուղտերին հանձնեմ իմ տխուր տանելիքը

բեռս, պեղումների ու հանքագործության

երբ ավանակներ էլ չկան

արևմտյան այս լքված տափաստաններում

ուր ինձ խելակորույս իմ քամիներն են տանում

հանուն անհայտության:

Կրիաների նման ավազների մեջ թափառող օրեր

ձեր որովայնում ուրվագծվող իմ ուղին

գաղտնագիրն է ձեր թափառումների

անդրշիրիմյան, լքված այս անապատներում կորածի

մենության անձնագրում.

 

Լցրեք տղամարդկության գավաթները

պարտված հանքափորներ

սերմնահեղուկը թող ծորա այս խմբերգի արգանդում

դավաճանությունը թող ծփա հրաժեշտի մեր գրկում

պեղումներից հոգնած

սիրուց հղի ու պղծված

ակամայից զարմացած

հոգին դրած ուսերին

սառը, տխուր ու դեղին,

հնադարյան տխրության

բեռը առած իր վրան

զարմացածի հայացքով

նա բարձրացավ կախաղան.

7.06.96

 

Ըմբոստացած քամիների խելագարված կծիկներ

երեկ, այսօր և ընդմիշտ.

ցորենի տապը ոսկի

թող որ կեսօր հսկի

մենություն մանողի

լռության այս հոսքի

ու թափվեն ակնհայտ երազներ

աստղերի նրբագեղ կույտերից

ու ցնծան ծննդյան կենացներ

անկումի բորբոքված հանքերից

իսկ նահանջողի գլխին

թող թափվի այն ոսկին

որի կարոտից ընկան

քաղաքները վերջին

խելագարության այս ձմեռնամուտին

 

երբ տաղտուկ կեսօրն այս, իր մահացած կայծերից

մոխրե հուշարձան կասեղնագործի տարրալուծվող հավերժության փառահեղ

ծալքերին և կանէանա փխրուն իր երազներում կորածի հետքերով,

գալիքի դղրդոցից արթնացողի տեսադաշտում թափառող դատարկության

ուրվականը մերկությունից խելագարված

կկորչի ըմբոստացած քամիների ահարկու որովայնում

ի նշան վերադարձի,

անսպասելի առագաստաձև այցի.

ժամանակավոր ավարտ

96-ի վերջը