1/11/2007

1980-1983 Բառերի բույրը Օրագրեր

 

 

Մարդը մանկության ներսում

Սուր մի ցավ.

և փշրվող հայելիների աղմուկ:

Այն փոքրիկ այգին

իր մեջ պարփակեց

քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը:

մանկությունդ կոտրվեց քո գրկում:

այսօր անարդարություն կա այնտեղ:

Փշեր աճեցրու:

արյուն, անձրև և քամիներ կային:

Լճափին դեղին

կդառնաս երեխա

Այնտեղ, լճափին

իր մեջ, նրբորեն

կրում է նա իմ

մետաղյա ծերության

ծանրությունը հին

սակայն իր հոգում նա Լճափն է հիշում.

Լճափը, մեռնող գունագեղ լեռներում:

խորը լռություն:

 

Մեծ է ցավը, որ սրվում է հեռվում:

Երբ նորից դու թռչես երեխայի երկնքում;

ծերության մութ խորքում,

սարսափներ կգտնես

հայելապատ տեղանքում:

 

և լուսինը, որ կախվեց իմ մտքում

լուսավորեց

մի նուրբ, լճափնյա մանկություն:

1980.

 

 

Գաղտնիքը

Թրաշուշանների հոտ.

գրավիր դատարկված փողոցները:

Նրա հոգում կգտնես քո գաղտնիքը.

(անտառների միջով սլանում էր ցուրտ քամին):

 

յուրաքանչյուր ոք ունի իր անձնագիրը այնտեղ:

 

1980.

 

Ժամանակավոր ինքնակենսագրություն

Օձը թունավորելով փարավոնին,

դանդաղորեն նրան դարձրեց թափանցիկ,

մառախլապատ,

մեղրամոմով ներծծված միջավայրում:

1980. VIII

 

 

Օրեր

Յուղակերտ օրերի զարմանահրաշ շարքը

իր ուսերին կրելով

առօրյա անցողիկ հոգսերից ու տագնապներից գործված,

անտեսանելի,

սակայն մետաղափայլ ծանրությամբ օժտված ցանցը

իր սրտում քնքշորեն ընդգրկել էր

վաղուց արդեն լքված մի տարածություն,

որին անկեղծորեն պատկանում էին թռչունները:

 

Երբ հարթավայրում նորից կշատանան խելագարությունները,

միայնակ ու թափանցիկ,

օդը

հետզհետե,

անընդմեջ,

հանդարտորեն,

կկորցնի

իր մեջ թաքնված մեղմ շշուկների

ներքին, արծաթյա արժանապատվությունը,

թողնելով անշարժացած օրը իր տեղում:

Օրեր:

Գաղտնապահ օրեր

ձորը լիքն էր թռչուններով.

Երբ անընկալելի թռիչքը վերջապես պայթեց

իմ կարծրացած կրծքի

լռության որոգայթներում,

ճիչը, ամբողջովին մերկացավ

հայտնաբերելով մի թաքնված,

գույնզգույն ուրախություն:

 

Հետևիր նրան:

շուտով կբացվի օրերի ներքին մերկությունը

շուտով կծնվի ճակատագրից զուրկ երեխան

բերելով մանրացած հանգստությունը աստծո.

Օրերը կլցվեն անսահմանությամբ

և կդառնան շրջանակներ

արտացոլելու համար

երկինքների արծաթը

եթերային.

չթառամող ծաղիկներ շուրջբոլորը կլցնեն

հավերժության մեջ ապրող

թիթեռները երփներանգ.

Հարթավայրը կշնչի իր վերջին խելագարությամբ.

Օրերը կմոռանան իրենց առօրյա հերթականությունը.

Օրերը կդառնան ազատ

ու կծնեն ճակատագրից զուրկ իրենց երեխային:

Հետևիր երեխային

թակարդներից ձանձրացած աշխարհում:

1980. VIII

 

Երկարատև մահվան առավոտը

Ձմեռ:

Նրբագեղ նարգիզների շարքը սահեց

անցողիկ մանրամասնությունների ետևում.

որոշակի հաջորդականությամբ ընկալվող դեպքեր:

սառցակալած բլուրների պաղ մակերևույթները

փայլփլում են

արևային, ծաղկածիծաղ, անթերի

երևակայությամբ.

Երբ դու գրավես օրը,

մանկությունը կբաժանվի չորս մասի,

և միշտ ներկա գտնվող իրականության միջով

կբացահայտի մի թաքնված ուղի.

 

Ես կնվիրեմ նրան բաց դռներով օրեր:

 

Արդյո՞ք կգա նորից երկարատև մահվան առավոտը:

1980.

 

 

Կյանք:

իրենց վերջին լույսով առկայծող հորիզոնների մեջ խճճված

բոլորովին մերկ դեմքի հարթությունների վրա հետզհետե,

դանդաղորեն

դրոշմվում էր

տիեզերական դիմակների ուրախությունը լուռ.

 

Յուրաքանչյուր թռիչք կունենա իր վախճանը,

եթե ճակատագրի անտեսանելի ցանցը չգրավի

մահարձանների խորքում թաքնված դատարկությունը:

Յուղաբեր կանայք կմոլորվե՞ն արդյոք անապատում:

իր մելամաղձությամբ բնութագրվող տեղանքը

շուտով կընդունի հյուրերին:

այսօր ես կդառնամ արքա

ցանկապատված լռության

ողորմելի ներկայությամբ

1980. VIII.

 

Ընկղմված զգացողությունների

արշավանքը հեռավոր խորության եզերքին

Սաղարթախիտ անտառում թափառող օրերի ստվերների վրա

հետմահու արշավանքների բնույթն է իշխում հավերժական:

Տուր ինձ ուժ

տարբերելու համար լռությունների երանգները:

Թիթեռների վաղվա մահը ընկղմվում է այնտեղ,

որտեղ

արևածաղիկն է երփներանգ բորբոսնում,

որտեղ

լճափը համգիստ է ու լուռ,

և բազմոցները դառնում են անիմաստ:

 

Երբ որ լուսամուտները բացվեն,

ժամացույցի անտարբեր թխկթխկոցը

նորից կթափանցի վարագույրից այն կողմ,

և իրեն հատուկ ասպետական երևակայությամբ

կհայտնաբերի

բոլորովին օտար մի տարածություն:

 

վաղը կլինի արևնարնջագույն անապատը

ներողամտորեն կթաքցնի իր մեջ

իր մոլորված ու անօգնական ծերությունը:

 

Բարձունքներից հղիացած մթնոլորտը

կծորա ինչպես մեղրահյութ.

հեռացող հորիզոնի վարդագույն եզերքին

օրերը դարձյալ կընկալվեն որպես գաղտնագրեր:

 

Տուր ինձ ուժ

տարբերելու համար լռությունների երանգները գաղտնի:

 

Անընկալելի գիշեր

Անորսալի ժպիտների տոնահանդես.

անհասկանալի ու մութ

մաշված փողոցների

անխոցելի ներդաշնակության համար:

 

Ասեղնագործ վարագույրերի այն կողմում

բռնկվել էր

իմ ձևերի թվաբանությունը զմրուխտյա:

 

Երեխայի մանկությունը վաղուց արդեն չկար:

 1980. VIII.

 

 

Սառը հայացքներ

քամի,

ձորեր:

 

Փորձիր,

մտիր օդի մեջ:

 

Անցյալդ բուռն կյանքերի խճճված կծիկ.

Ներկադ անորոշ, հանգիստ մի ժպիտ:

իսկ դրսում նորից անսահման ճահիճ,

ցեխ,

վիշտ ու մանանեխ:

Մտիր օդի մեջ: սպասիր.

մի գուցե մի օր

մի օր, երբ չի լինի ամպրոպ,

երբ կլինի գիշեր,

երբ կլինի խաղաղ

խաղաղ,

ձյունաճերմակ լուսամուտներից այն կողմ

նորից կբոցկլտա հայկական միջնադարը,

ուղեղները կլցնի մեղրանման հյութը,

անձրևի պես կտեղան երկնքում թաքնված բանալիները,

մարդիկ կլցվեն անսպասելի, վարդագույն ինքնաճանաչողությամբ

և լույսը կպայթի

իր ներքին,

հավիտենական անդորրից:

 

սպասիր.

 

լքիր ինքդ քեզ.

մի գուցե մի օր կզարթնես քնից,

կչոքես աստծո դռների առաջ

ու կշնչես ազատ

ուրիշ մի երկնքում:

Լքիր ինքդ քեզ:

1980. VIII.

 

Լռության ունկնդրողները (վիպակ)

Տեղումներով հագեցած օրեր:

Օրորոցի ներսում, մոլորված քամին, մթության խորքում, հատնաբերեց լռության ունկնդրողներին:

Մտքաձև կամարներով է շրջափակված ուղին:

Վաղը երեխայանման տեղանքում կլինեն ներկայացումներ:

Սևի մեջ սպիտակին տվող ոսկեզօծ կամուրջը կընդունի ձիավորներին:

Կլինի շքերթ.

նվագախմբի հնչյունների ներքո, ժանգոտած թևերով մի մարդ

փորձում էր ճախրել բարդիներից այն կողմ, սակայն օդը ծանր էր

չափից ավելի, իսկ ծառերի շուրջ, ձեռք ձեռքի տված, զբոսնում էին

անմարմին մահկանացուների խմբերը ստվար, զգեստներով միալար

և իրենց անվերադարձ հայացքներով վերջնականապես լյարդացնում էին

կապկպված մթնոլորտի արյունահոսությունը ներքին:

Ստվերների մի ընտրանք սլացավ շատրվանի կողքով:

Երբ լիճը իր ձևը արագորեն փոխեց, կախաղանների թիվը նվազեց

անտառում:

Կանաչ անտառնե~ր.

ծխաձև լուսին և մի որբ մանկություն:

Խոտերի միջով կգնաս արևին ընդառաջ:

շախմատաձև հրապարակում դոփում էին բորբոսնած ռնգեղջյուրների

բեղմնավորված երամները. քունը գրավում էր ամրոցը, իսկ վաղը

ես կգնեմ ինձ շատ նման էժանագին մի արձան:

Սակավաթիվ հանդիպումների վրայով նա կմագլցի իրեն հասանելիք

դրախտը դիմակների ներկայությամբ:

Երբ լռության ունկընդրողները նորից կուրվագծվեն հորիզոնում,

իմ միջով կվազեն մանկապարտեզի երեխաները, արծաթազօծ մազերով

ու կհամբուրեն իրենց տատերին:

Քամիներով կգա լուրը, որ քո անցյալի մարմինները մեկնել են նոր պատերազմի:

Լռության ունկնդրողների մեջ կա ցանկապատված մի այգի:

Սարսափների կողքով

հետևիր առաջնորդին, այնտեղ:

1980. VIII