1/11/2007

Պոեզիայի փոխարեն կամ «աքսորյալի եվրոպական օրագիրը» շարքից.

 

գերմանա-հայկական օրագիր. 92-93 քայքայման տարեգրություն.

Գերմանիա

 

10. X. 92

 

Լռության փափուկ ծալքերում բազմապատկվող ակնթարթն իր հիշողության

ամայի ընդերքից կաթում է անմահության մեջ:

Փխրուն բորբոսի երակներով առաքվում է խիղճը:

Իսկ խայտաբղետ համբերության հրապարակներում ոմանք բարձրանում

են կախաղան, ապրանքափոխանակությունն այստեղ ստորգետնյա էքստազի

իր ապոթեզով մահկանացուներ է ապահովագրում անդրշիրիմյան կրքի

մութ շտեմարաններում:

Աշխարհամասերի ելուստներից կախված մենք ենթակա ենք տրոհման.

Անտեսանելի վիշապների որովայնում համաշխարհային սահմանների երկայնքով, ազգային անվտանգությունն է ճկուն մարմնամարղվում:

Մենք բանտարկյալներ ենք:

Դերերն ավաղ բաժանված են արդեն,

ելքերը փակված, խցանված, զմռսված.

Ներկայացումներն անխուսափելի են. Հանդիսատեսներ չկան.

Իսկ խելահեղության քամին իր ընծաներով

և հավիտենական ձյունն ամանօրի

պտղաբերության նման կդիպչեն մեր սառած երակներին,

որ ձիարշավներն ահռելիության

ապստամբությունների միջով հասնեն իրենց նպատակին.

 

Մեղադրյալների մի փոքրիկ կրկես

և ձմեռնամուտ ու աշնան արև.

Վերջին ծառերին դեռ կառչող տերև,

ու ծով խորտակվող հոգեհանգստի

և հորիզոններ շառագունող ամոթի

և առագաստների տոնահանդես:

 

Գույնզգույն տնակներում անդամագրված կյանքեր:

Երբ իջնում է երեկոն

և ներկայացումներն հասնում են իրենց ավարտին,

Ձեր փայլը հղկում է ձեր ուղին:

Կան ուղղություններ.

Լռության փափուկ ծալքերում

կան անթիվ ուղություններ.

Այդ ուղղություններով է սփռվում կյանքը

ու դառնում աշխարհը գրկող սարդոստայն:

Այդ ահռելի սարդոստայնում կան անհամար ներկայացումներ.

 

Կյանքն իբրև ներկայացումների հանրագումար.

Իսկ դրսում` ցանցերից ազատագրված ազգերի առօրյան

բուսականության նման փարթամ ու պտղաբեր.

 

12. X. 92

Իբրև մտահորիզոնների նվիրյալ,

 ողբերգություններին գամված ծաղրածուի նման

փողոցների խնջույքն ըմպիր կեսգիշերին մոտեցող ծանրությամբ:

 

Բացվում է անդորրն անապատի.

Լճերի պսպղուն դառնությամբ հոսում է տարերքն անքնության.

իսկ միջօրեից կախված մահկանացուների սրտերում

հալվում են ակնթարթներն անհայտության

ու ցնորքներն մաքառումի.

 

Այլևս վերադարձ չկա.

Այսուհետև անմահությունն է մեր հանգրվանը.

և բանալիներն արդեն բացվող դռներ չունեն:

Ըմպիր տափաստանների մենությունը:

Փխրեցրու ուղին.

որ ըմբոստության հրավերով պատռվեն կաղապարներն անորոշության.

 

և հալվելով ժամանակի փակուղիներում,

և կանգնեցնելով սլաքներն անըմբռնելիության,

ու աղալով բառերի նախնադարյան ժանգը

չափես կաղապարների ձերբակալվածության ուժն ու

աքսորյալ ազատության ուղին:

Չկան այլևս երազներ,

Քարոզներն արգելված են այսուհետ,

Իսկ կաթնագույն խղճահարության օրը

մենք կբարձրանանք սուրհանդակի պատվանդանին

մխիթարության վերջին ծեսի առիթով:

Եվ մութը կողողի կոթողների ծառուղին, իսկ ավազահատիկների ծովափն ու

փահլեվանների ուղին

դեռ կարձագանքեն մեր հիշողության մետաքսյա ծալքերում,

իբրև ազատագրման նշաններ:

Քարավաններ մոռացման.

Հեքիաթներ անքնության. բանաստեղծություն լուսաբացի.

Կաթդ թող սփռվի հոգնության երակներով,

իսկ հարությանդ լուրը թող գա արշալույսի նման,

որ շղթաների ժանգը,

որ մոխիրն անուրջների,

որ մխիթարության հանգրվանը վերջին

տարրալուծվեն հեռուներում գոյության

նոր հյուրընկալությանն ընդառաջ:

Օ~ գարնանային արթնացում ավետումի:

 

19.XI.92

Ես զարմանքն եմ քո գոյության,

Քո դառնության կղզին,

Քո սերմերի պատմությունը անապատի եզրին,

Ունայնության ու մեղքերի մառախլապատ անդունդից

տառապանքի որովայնը մտնող նախավերջին գերին:

 

Բացվող փակուղիմկրտության հրավեր.

Բնազդների մակընթացությունտեղատվություն հոգեհանգստի.

Ես փարոսն եմ քո կործանման

և հարության հուշարձանը

այս պատմության վերջին.

 

Գրկիր ինձ գույներով սիրամարգի նման

ու տար ինձ քո երազանքների ուղղությամբ.

Իբրև մերկության շքերթ

և հայտնության կիրակի.

որ իրականության ճեղքերից բացվող առեղծվածը

հանելուկի նման իջնի մեր հոգիներին,

և պարուրի մեր մարմինների անմեղության կղզին.

Կործանման պտուղը,

տարիների եզրին:

 

Տեղ տուր, որ չկործանվենք.

Փրկիր այս անապատից.

Տար քո փետուրների շառաչով.

Ծիածաններին խաչված,

այս անորսալի երևակայության շեմին,

Ես եմ քո գերին,

մեկընդմիշտ գամված զարմանքիդ ծայրին:

 

19.XI.92

Հոգնության կարասներից հոսող անքնության մեղրահյութը

և երգեցիկ աշնանային պաղ քամին

ծագումնաբանության եզերքներին ցցված դրոշակների

ալեկոծվող ծալքերում,

կենսագրություններ բռնագրավող մակընթացությամբ

լուսնի տենդնն են ըմպում մեներգի նման

ու ձեռագործվում համբերության մառաններում

իբրև ապագայի ավետում.

Սայթաքող ժամանակների ելուստներից

մոռացության չիրն է զմռսվում հիշողության կեղևներում

հիերոգլիֆիկ վայրագությամբ հեղեղելով դաշտը մաքառումի.

Կարապներից կառչած,

մեր ներդաշնակությունն է տարածվում անսքող տխրությամբ,

իսկ վերքերից հիասթափվածներն ամենայն նվիրումի բերումով

հանձնվում են շտեմարաններին

արձանագրությունների նման մեղրացած,

անընթեռնելի հանելուկին ընդառաջ.

Նախնադարի հոտն ու պեղումների քրտինքն ամենօրյա

մումիաների զմռսված հիշողությամբ

կառչում են ժամանակի երակներից

իբրև խեղաթյուրված առասպել,

իսկ պատմության ահռելի ատամնանիվներն աղում են

մեր ժամանակների փոշին

և մենության ժանգը քամիներին տալով

բացում անդունդների գաղտնիքը,

ու սրտերի սերը խտացնելով

կառչում հավերժության ելուստներից

լքված արձանագրություններին հպվող շշուկների նման:

 

Հմայք առասպելական,

հասունացած սահմաններով տարածվող ներդաշնակություն

և մկրտության եզրագիծ.

Նպատակների անտառում կախված

թիթեռներն արոտավայրերի,

քնքշանքն արշալույսի,

արթնացումը մերկացման.

Մտքի փչակներում տխրող անտառակերպ էակներն անուրջների

բղավողի մահվան պես կախված ջրհորում.

Մամուռների կանաչն իր մեջ ներարկած հրաժեշտ.

Մենք տրվում ենք հանքերի լիությանը

ասեղնագործելով անդունդների ուղին.

Օ ~ մենության սարդոստայն, սիրամարգ սպասումի,

տարածվիր իմ մեջ քո անմահության փետուրներով

և հնչեցրու լքված կմախքների մեներգերը

բազմապատկյալ հուսահատության ու

ծարավի ամֆիթատրոններում:

Ապստամբության արշալույսին բորբոսնած մտորում.

ներկայումս անշարժացած կախարդանքի մուտքը

կախվածների երկայնքով,

դեպի անշարժություն.

 

Պատռված երազների միջօրեին

անմահանում են հետքերն ապստամբության.

Կմախքների ձայնը չի հասնում այլևս երկնքին.

Մութ է մարդու անդունդում.

Օ ~ մաքառման կիզակետ

Բզեզ ողբերգության

 

Մղկտացող գառների արոտավայր

Վերջին հոգեվարքի արշալույսին:

 

22.XII.92

Անընդհատ զոհաբերության պատմությունը քո

ասեղնագործված աշխարհագրությանդ մեջ

թող դառնա մնացյալների խնջույքի առարկան.

Այս կահավորված արևմուտքի լպրծուն պատերին

մամռակալած տգիտության նախօրեն,

Նախնադարյան վիշապների տխուր աչքերից հոսող

անքնության նման

պաշարել է մեր գոյության վերջին հանգրվանն

անվերադարձ նյութափոխանակության տենդով,

և հոգեվարքի բերումով

դեռ շարունակվում է կյանքը անմահության

դեղնած բացատներում մոռացության մատնված

տիկնիկային ներդաշնակությամբ

Սլաքների ուղղության համաձայն

բաժանորդագրվում է հույսը.

Հացը տրվում է դժբախտներին.

Անկյուններում մոխրացած սարդոստայններից

հնչում է շաքարի ողբը.

Մահվան շնորհը տրվում է ընտրյալներին.

Քայքայված խիղճը,

Առաքինության ժանգն ու

Երկրպագության ոսկին

ծարավի բերումով

լցնում են անհայտության մառաններն ու

կարասներն անմահության.

Մթերքի աղմուկն այլևս չի հասնում անդունդից.

Լուռ է որովայնի խոռոչներում.

Մութը բռնագրավում է լուսաբացը մոռացումի,

իսկ հիշողության հրավերն այսօր

մնում է չարձանագրված

անաղմուկ ընդդիմության ընդերքում:

 

22.XII.92

Պրպտումի մակույկներ ու նավահանգիստ

իմ ներդաշնակության հեռաստաններում.

Օրորոցային կարոտի պուրակներով տարածվող

ավետումի ցնորքն է, որ կանխելով խելագարության

հարձակումն ու լռեցնելով թնդանոթների ոգին,

մահը սրբագրողի արցունքի նման

կախվում է առասպելական իր մերկությամբ

իբրև դրոշակակիր մի մենություն

ասպետական խաղերի հորիզոնում

և ընդգծում սահմանների առեղծվածը.

 

Մեր պարտությունը հետևողական է.

Մեր անկումը` շքեղ ու անմահական.

Կարոտն է սովի հացահատիկը,

մեր բերքատվության ապագան.

Լույսերի բերումով մեր առջև սփռվում է սահմանը.

Սահմանը վերջին հնարավորությունների և

խմորումների վերջին կիրակին.

Պարզված առագաստի ծանրությունը

դիր ուսերիս Տեր իմ,

ու շարժիր մակույկներիս անշարժությունը

իմ ներդաշնակության մռայլ հեռաստաններում,

դեպի արևելքի արևմուտքը,

դեպի հղիությունը վերջին,

դեպի մոգության կղզին.

Բացված արևի ընդերքից տարածվող երակներով

հասնում է յուղը իմաստության և պտուղը սիրո.

Ձուլվում է կյանքը.

Կոփվում է ուղին.

Իմ գոյության չիրը` կենսագրությունների համաձուլվածք,

Խխունջի նման կպչուն ու ոլորված

չորացած ջրհորի հատակին.

Դատարկված ասպարեզ, ուր բացվում է ծաղիկը հույսի,

ուր ծնվում է վերջին երեխան,

մանկության ծարավն ու հեռանկարը մահվան

արձագանքի անդունդում,

զանգակատան դրախտում,

իբրև վերջին արթնացում,

իբրև վերջին հարություն,

անհայտության կենտրոնում:

 

1.I.93

Բացվում է տարին:

Կարասների հազարամյա փոշին

ոսկեզօծ թիթեռների թևերին

Նախշաքաղն է մեր տառապանքի

Ճանապարհի կեսին.

Լուսաբացին կգա կյանքի հոտը.

ձմեռ է ներսում.

Մեր հետքերը բղավում են ամենօրյա ցավից,

իսկ վերքերը բացված են երկնքին.

Մենք հպվում ենք պատրանքի կամարներին

չնկատելով հեռավորությունների առկայությունը,

չլսելով բաժանումների շառաչն ու

ընկնողի զրնգոցը սփռված հատակին.

Ըմպելով անկումը

մենք անցնում ենք ընդհատակ

ու բացվում գոյության տափաստաններին

խելահեղության նման անվերադարձ.

բոլոր անկյուններից բղավում է պահը,

իսկ կարասներում հասնում է գինին. բզզում է միջօրեի ողնաշարը.

հասունության մեջ պարպվում է կիրքը.

ծփում են մակույկները ծարավի.

մոռացության բզեզներն են հպվում երկնակամարին.

Բացվում է տարին.

իսկ արևելքի հազարամյա փոշին

նստում է ոսկեզօծ թիթեռների թևերին

մեր նոր գոյության ու կերպափոխության

վերջին երկունքի

թաց արշալույսին:

 

10. I. 93

Օ~ անքնության մոծակներ

ստորերկրյա ընդվզում աղի.

Բախումների արահետ

բոցկլտացող զանգերի երկնակամար ու մուր.

Եղեռնի մամուռ ու կախաղանների խառնարան.

ցրտահարության հրդեհներ ամենուր

հուսահատության մոմերի նման կառչած

դարաշրջանի մերկ ելուստներից

իբրև ամանօրյա մկրտություն

իբրև ցեղասպանության արշալույս

իբրև անկումի հրաբուխ

իբրև արևի խավարում.

 

Մենք հպվում ենք գոյության սահմանին

ուր ծիածաններն են կամուրջները,

ուր մահվան արտացոլանքն է կյանքի մեջ

արձագանքում զանգերի ղողանջներում

իր տարրալուծվող մակընթացությամբ,

իսկ հուշարձանների մենությունն աճում է

դատապարտյալների հրապարակներում

իբրև ասֆալտապատ փակուղի.

հրճվանքի թռչուններն են չափում

անկշռելիության խորությունն ու

մորեխներն են արոտավայրերին ներշնչում

հանապազօրյա խաղաղության վիշտը

երկնակամարի տխուր երկայնքով

և բազմապատկում պարտության արտացոլումն անդունդում.

ուր մղկտացող գառնուկների միջով

անցնում են մարտիրոսները խղճի ու հանձնվում անմահության.

 

Ճաքող իրականության արևադարձ

պարպիր քո նկուղներում մոլուցքը ցնորքի

պարտեզներումդ բնակեցրու պանդխտության սոխակներին

ու երգելով երգը աքսորի

տխրության առագաստներով մտիր հրաժեշտի նավահանգիստ

որ լիցքավորված բերկրանքով լցնես

հազարամյա կարասների հոգեհանգիստն ու

փեթակներն անքնության

 

Օ~ անմեղություն արթնացումի

կենսագրության բառարան.

ցամաքած ու ամոթխած կեսօր.

նահատակության զորահավաք բաց երկնքի տակ.

ելևէջներ տարակուսանքի

եկեղեցիներ հուսահատության

կուռ ամրոցներ պարտության

ուր մղկտացող գառնուկների միջով

անցնում են մարտիրոսները խղճի

ու հանձնվում անմահության.

 

10.II.93

Ժամանակն իր անողոք ճանկերում

ճզմում է մեր գոյության ողկույզներն ու

մերկացնում ներկայությունը մեր ամենօրյա:

Հրաժեշտն իր դատարկ հայացքով

չափում է տարածությունն անմահության,

իսկ ճակատագրի տափաստաններով տարածվում է

աքսորի ոսկրացած ողբը:

 

Մենք հերթագրվում ենք անկշռելիության հերթերին:

Հիասթափված վիշապների երախներում

շարունակվում են հուսահատության շքերթները

Մութը բորբոսնում է մարդու անդունդում:

Մոտենում է հավերժության կործանումը.

պատրաստվեցեք բանտարկության այցին

ցրտահարված եվրոպական Հրեշտակներ:

 

18.II.93

Հայրենիքս տար ոտքերիս տակից,

Աստված փնտրողի նման

Թող ինձ կախված օդից.

Ժամանակի ջրհորից թող լսվեն կործանվող ձկների հուսահատության

պղպջակները

իսկ փակվող պետության պարիսպներին թող դրոշմվեն մեր կործանման

զինանշաններն ու կոչերն անմահության.

 

Երկրագնդի գերիներ,

ով կբաժանի մեզ շղթաներն առօրյայի

կցուցանի անհայտության ուղղությունը

կտանի քամու երկայնքով,

Փոշին մեր հանապազօրյա

մեր աղոթքների գոլորշին

մեր անկումի լուրը.

 

Տերևների նման մենք թափվում ենք աստղերից.

բերքահավաք անդրշիրիմյան արտերից.

գերեզման մտնողի օրացույց.

Մեզ գրկում են մահվան կակաչները

հանդիսավոր լռության կենտրոնում.

Անձրևը կտանի մեր հետքերը,

մեր եղելության ապացույցը կլինեն

մեր երազներից հղիացած անկյուններն ու կղզիները ցավերի:

 

Վերքեր

Վերքեր ցամաքած աղբյուրների.

Սպիացած աստղերից աղակալած երկինք.

Թագաժառանգի նման բացվող միջօրե.

Մենք լսում ենք մայրցամաքի դատարկությունը

ըմպում ենք բերկրանքը մայրամուտի

կախվում չղջիկների նման ամայության անդունդում

իբրև տառապանքի դերակատարներ

պարտության մարզիչներ,

այս կատակերգության կենտրոնում:

Աշխարհագրություններին գամված ծաղրածուի նման

շռայլում ներկայացումներ ծիծաղի

և ամֆիթատրոններ տխրության,

գրկում անընդգրկելին լռում ճչալու փոխարեն

ճաքում համբերությունից

և հերթագրվում կործանման.

 

Հպվենք միասին սահմաններին գոյության,

հրաբխի բացված երախում,

որ խեղդվող ձկան նման մեղանչում է տիեզերքին

անհուն գիշերվա մութը աստղերից ըմպելով

ու ցնցելով երկիրը

մեր կյանքերի դառը անմարսելիությունից.

 

Մեր արածը չի մարսվելու.

Աշխարհը չի բաժանվում մարդու վրա առանց մնացորդի.

Մեր պատմության փշրանքները կգոհացնեն վիշապներին.

Աղբակույտերից կհագենան հրեշներն ու տականքը մարդկության.

Աստվածների նախաճաշին, ճաշին ու ընթրիքին

մեզ մատուցում են ընտրյալների նման.

Խոհարարը, խոհանոցն ու խորտիկները այստեղ

ամփոփված են մեր մեջ

և մենք ենք որոշում համերը:

Աստվածները ճաշակում են մեզ ամենօրյա ներկայացումների ետևում,

իսկ մենք նրանց ճաշակն ենք ճաշակում

առօրյա պատմություների լաբիրինթոսում.

 

Մեր ձեռքից խելագարված հրեշտակները

թիթեռների նման գոլորշիանում են տիեզերքից,

թաքնվում անսահմանության փոշոտ անկյուններում,

և հանձնվելով դատարկությանը

մարդկության պատմությունն են մանում անձրևի նման միալար թախիծով.

Կուռքերն այլևս կարծես չեն զառանցում.

Պապանձված ոգիներից կաթում է զարմանքը.

Միտքը զորանում է տիեզերքի պատերին.

Զգացմունքի սարդոստայններում օրօրվում են ճակատագրի պատառները.

Մենք փշրանքն ենք կամքի

Աստված փնտրողի գրպանում.

Հացահատիկն ենք անելանելիության

Հրեշների երախում,

և մանանեխն ենք մահվան

անցյալի մութ ծոցում.

 

Փչիր քո գարնան առասպելը

Ձմեռդ դիր ճակատիս

իսկ վերքերիս ամառը թող որ շիկանա կրծքիս,

 

աշնանային փոշոտ հուսահատությունից պտտվող կարուսել.

արգելված հոգեհանգիստ.

աշխարհի փեթակներից հանվող մեղրահյութն իմացության

և բուրմունքը դավանանքի իր գոլորշիացող շարժուձևով

կարծես լուսաբացի փետուրներից է հյուսում կյանքը,

դեզերն անմահության

և վարագույրը վերջին արթնացումի.

 

Մեր երազների փրփրումից պատրաստվող ապուրը

Աստվածներն իրենց կամքով շնորհում են

ապագա փարավոններին.

Մենք զմռսված ենք ճակատագրով.

Կենդանի մումիաների նման սփռված ենք այս մրջնանոցում.

Մեր բջիջներում ամփոփված է աշխարհի դառնությունը,

Հացահատիկն աղի ու պղպեղը մենության.

Լարախաղացների նման մենք անցնում ենք ժամանակի ողնաշարով

և հիերոգլիֆների նման լցնում կարասներն անմահության

և շտեմարանները կրքի,

արգելված աշխարհագրության փակուղիներում.

Ոսկի որոնողների պես մենք համարակալվում ենք պայքարի

հավերժության հանքերում

և փրկության կարոտից մերկացած

բախվում անանցանելիության մամռակալած պատերին.

 

Օ~ թակարդների արքայություն:

Օ~ բանտարկության մացառուտ:

մեր թաքստոցների աշունը

մեր արգելանոցների ամառանոցներում մոտենում է իր վերջակետին:

Օ~ անվերջանալի ձմեռ, մութ ու անդրշիրիմյան:

Քո ցրտահարության գաղտնիքը մենք կտանենք անհայտ ուղղությամբ,

որ գոյության թակարդներում հասունացող ազատությունը

դրվի Տիրոջ զոհասեղանին

իբրև վերջին հատուցում

իբրև վերջին հրաժեշտ

անսպասելի ու դառը խավարումից առաջ.

 

20.10.93

Մեզ տրված տրամաբանության սահմաններում համարենք, որ բոլոր քերականությունների հիմքում ընկած իմաստությունն ի զորու է արձանագրել անմատչելի շշուկների առասպելական հնարավորությունները անտրամաբանականի ու առեղծվածի սայթաքուն որոգայթում, բացահայտելով էությունների գաղտնիքն ու կորած կենսագրությունների էպիկական անհայտությունն իբրև հնէաբանական անհերքելի մի փաստ:

Շարժվել կաղապարների միջով:

Չշարադրվող իրադարձություններին դատապարտված, փորձել լուծել ծնունդի առեղծվածը:

Այժմ ես գոյություն ունեմ: Իմ գոյության մասին ես որոշակի պատկերացում ունեմ: Չնայած այդ պատկերացումը որոշակի զարգացում է ապրում, այն ունի մի կորիզ, որն անկասկած կապված է իմ Ես-ի հասկացողության հետ: Ես-ի մասին ես ոչինչ չգիտեմ: Դրա հետ կապված կա իհարկե ինչ-որ մառախլապատ կանխազգացում, որ Ես տվյալ որակն եմ: Որից երևի թե էլ չկա: Սակայն ի՞նչ կա, այնքան էլ պարզ չի: Կա միայն արտացոլում: Ստվեր: Ստվերներ: Պետք է հասկանալ, որ իրականում մենք ապրում ենք ստվերի նման ստվերների մեջ: Դրա համար էլ իմ գոյությունը ինձ չի բավարարում: Երբեք չի բավարարել: Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, բայց ես դժգոհ եմ սոսկ գոյություն ունենալուց:

Դժգոհ եմ, որովհետև կա անկասկած ավելին: Ավելին, քան սոսկ գոյություն ունենալն է: Դա այդ գոյությունը կենսագործելն է: Որը տեղի է ունենում միայն ստեղծագործության մեջ: Իսկ այստեղ իր հերթին գոյություն ունի ինտենսիվությունների սանդղակ, ուր տարբեր մակարդակների վրա արձանագրվում է տարբեր ինտենսիվությունների կյանքը: Ուրեմն գոյություն ունենալ դեռ չի նշանակում ապրել: Եվ միայն ապրելով ենք մենք իրականացնում կյանքը: Իրագործում ենք կյանքը: Իսկ դա հնարավոր է միայն Ես-ի որոշակի ակտիվության դեպքում, այսինքն` երբ մենք սկսում ենք ձգտել Ես դառնալ: Մարմնավորել Ես-ը: Այն իրոք աշխատացնել մարմնի կամ ավելի ճիշտ մարմինների մեջ: Մարմիններն այդ պահին ավելի են իմաստավորվում, և մենք ավելի դինամիկ ենք սկսում վերապրել մեր գոյությունը: Մենք սկսում ենք ապրել:

Այստեղից էլ սկսվում է կյանքը:

Որակական տարբեր ձևերով դա տեղի է ունենում թե կամքի, թե զգացմունքի և թե մտքի ոլորտում: Մենք իրոք սկսում ենք ապրել:

Մենք իրագործում և դրանով էլ հաղթահարում ենք մեր բիոլոգիան: Դադարում ենք սոսկ կենսաբանության ապացույց լինելուց: Փոխվում է բջիջների կենսագրությունը մերի հետ միասին: Գիտակցությունը մտնում է նոր փուլ:

Աշխարհը հասկանալի է միայն հիմարներին: Աշխարհի հսկա գաղտնիքն է մեզ ստիպում ապրել: Մենք դատապարտված ենք ապրելու Աստվածային այս հանելուկի լուծման համար:

Մենք դատապարտված ենք կենսագրության. Մենք վկաներն ենք այս կատակերգության, և դերակատարներն այս ողբերգության, բեմն ու հանդիսականն այս ահռելի գործողության. Ապրում ենք տուրիզմի դարաշրջանում:

Զբաղված ենք տուրիզմով:

Այս կյանքն ապրում ենք տուրիստների նման: Ընդամենը հպվում ենք կյանքին, ինչպես տուրիստները տեսարժան վայրերին, հուշարձաններին և աշխարհագրություններին: Քանզի կյանքը հիմնականում չի ապրվում; քանզի ժամանակն ու էներգիան վատնվում է դատարկության հուշարձանն անդադար զարդարելու վրա, և որովհետև մենք հեռացել ենք մեր իմաստից, ուրեմն մեր առջևում է տարերային աղետների դարաշրջանը, որն ի դեպ արդեն թևակոխել ենք մենք և սրընթաց գլորվում ենք համաշխարհային աղետների հորձանուտը, կարծես աննախադեպ երջանկությանն ընդառաջ:

Միայն աղետներով է հնարավոր զգոնացնել մարդու բթացած ընկալողությունը: Այստեղ է թաքնված տառապանքի գաղտնի իմաստը: Ճիշտ վերապրված տառապանքն է այն բանալին, որ նոր զգայարաններ է բացում այս անկրկնելի գոյության հրաշքն ընկալելու համար:

Արտասահման` մահատարած անիմաստություն. Սահմաններից դուրս իմաստ գտնելու փոխարեն հանդիպում ես անիմաստության.

Իմաստն իրականում միշտ սահմաններից դուրս պետք է որ գտնվի: Մի պարագայի դեպքում` եթե անցումը որակական է:

Իսկ այստեղ մենք գործ ունենք, այսօր, կեղծ-որակական (փսեվդոորակական), ճոխ քանակական անցման հետ: Այս աշխարհի առաջացման մոտիվներն ուրիշ են: Առարկաների առաջացման մոտիվներն այս աշխարհում այլևս կապ չունեն այդ առարկաների հետ: Դրա համար էլ առարկաներն ինչ-որ անիմաստ են:

Չնայած արտաքուստ շատ ճոխ են զգեստավորված, սակայն ներքուստ շատ տխուր են ու հուսալքված. Օրինակ եթե հնարավոր լինի նկարագրել արևմըտյան տոնավաճառներին մասնակցող առարկաների ներքին տխրությունն ու ողբերգությունը, մարդկային հոգիներում տեղի ունեցող գունավոր իրարանցման անհեթեթ ֆոնի վրա, արդեն արևմուտքի մասին ահագին բան ասված կլինի:

Առարկաների աշխարհն այստեղ (և ոչ միայն այստեղ) ջերմության կարիք ունի:

 

Արևմուտք.

Ավելի շատ գոյություն չունեցող աշխարհ դժվար է պատկերացնել:

Հասել են խաբուսիկության գագաթնակետին. դրա համար էլ այդքան հաճախ են «միֆ» բառն օգտագործում, սակայն իր լրիվ հակառակ իմաստով.

Миф=иллюзия