1/11/2007

Հատվածներ օրագրից

 

 

23.09.97

Փարիզում եմ:

Նոտր-Դամն ու կանացի մարմինների առատությունն իրագործում են այս հպանցիկ ու թեթև թվացող ներկայացման առօրյան, դարերի ծանրության ընդերքից բացելով միապետության ու տիրապետության ձգտող ոգու քարացած ճարտարապետությունը: Երևակայել, թե ինչպիսի մարդիկ են անցել այստեղով և հպվելով այս օդին ընկալել կատարվածի ու կատարվողի անկրկնելիությունը:

Էժանագին տուրիզմի ճոխ առավոտներ, որ բացվում եք այս թանկարժեք ճիգերի անկրկնելի որովայնում. ձեր ներկայությամբ են կատարվել տեսողության և լսողության այն հեղափոխությունները, որ մեկընդմիշտ փոխեցին աշխարհի մշակութային երթևեկությունը և կանոններն այդ երթևեկության:

Երեկ Լուվրում էի` Հունաստան, Հռոմ, Վերածնունդ. Լուվրն ինքնին ազգի և նրա ինքնագիտակցման, պետականության ամբիցիաների հսկայական մարմնավորումներից մեկն է, որում հավաքված է անցյալի փառքն ու այդ փառքը գնահատողի փառքը որպես ինքնագիտակցության ձգտող կամքի խտացում: Ժամանակներն խաչվում են այստեղ և այդ խաչմերուկում, նաև էթնիկական այդ խաչմերուկում բարձրանում է ժամանակակից աշխարհի ապակե, թափանցիկ բուրգը, որով մուտք ես գործում խաչմերուկ` փորձելով ընտրել անցյալի հետ կապող քո ուղին: Երեք աստիճանավանդակներ տանում են երեք տարբեր ուղղություններով` բացելով զանազան մշակույթների պատկերագրված որովայնը: Պատկերներն ակամայից կլանում են քեզ և հրավիրում հոգևոր մերձեցման:

Նկար նայելու պրոցեսն ինքնին հետաքրքիր է: Թանգարաններում պետք է նայել ոչ միայն նկարները, այլ նաև այդ նկարները դիտող մարդկանց: Տեսնել, թե ինչպես են տեսնում: Տեսնելու էթնիկական և անհատական բազմազանությունը: Դրա օրգանական անհրաժեշտությունը: Դրա ներքին պահանջի քիմիան:

Հասկանալ նկար-առարկայի անհրաժեշտության մետաֆիզիկան, դրա դերը պատմության մեջ, և այսօր նկարի անհետացման ֆենոմենը, որպես հոգեվիճակ և սիմպտոմ: Միաժամանակ նաև ամենատարբեր ազգերի ուխտագնացության պատճառն այսօրվա թանգարաններում: Տեսադաշտ, որում հայտնվում ու անհետանում են աշխարհի պատկերները` երբեմնի ոգեվիճակների հետքերը: Աշխարհն ուզում է պատկերվել ոչ միայն ընկալողության մեջ, այլ նաև ընկալողությունից դուրս` նյութի մեջ` դառնալով ուրիշ աշխարհ և ուրիշ ընկալողության նյութ:

Այսօր Օրսեյի թանգարանում եմ:

Զարմացա, որ Ռենուարը 1882-ին նկարել է Ռ. Վագների դիմանկարը:

Իմպրեսիոնիստների սրահներում աչքի էին ընկնում Մանեի և Մոնեի որոշ գործեր:

Վան Գոգի սրահը միանգամից տապալում է բոլոր իմպրեսիոնիստներին: Վան Գոգը հսկա է: Մոնեի Ռուանի տաճարի շարքը վատ չի, բայց կյանքը ծնվում է միայն Վան Գոգի մոտ: Տարբերությունն ահռելի է: Ներկի փոխարեն կարծես կյանք է քսված Վան Գոգի նկարներին: Նրա հետ սկսվում է ուրիշ դարաշրջան: 90 թվի գործերն անհավանական են:

Գույների այդպիսի թարմություն դժվար է պատկերացնել: Վան Գոգը գեղարվեստական ճշմարտությունը ահավոր վերապրած և դրանից էլ վախճանված մարդ է: Դա հզոր հաղթանակ էր:

Ռենուարը շատ ավելի մանկական է դիտվում այստեղից: Առօրյա քաղցրավենիքի մակարդակով սալոնային նկարչություն:

Հզոր գործ էր Chaumes de Cordeville à Auvers-sur)Oise, Chaumes de Montceé, 1890. նկարը ոչ մի ճաք չուներ:

Նաև հռչակավոր` L’église d’Auvers-sur-Oise–ը, ոչ մի ճաք չուներ:

Սեզանը փոխեց նկարչության կոնստրուկցիան, Վան Գոգը` էքսպրեսսիան:

Դեգայի պաստելները շատ մութ տեղում էին ցուցադրված. Օդիլոն Ռեդոնը նույնպես:

Գոգենը չի ձգում.

Տեսա նաև Ռոդեն, Բուրդել, Մայոլ, Էնգր, Դելակրուա, Կուրբե, Կորո, Միլլե և շատ ու շատ այլ արվեստագետների:

 

24.09.97

Պոմպիդուի կենտրոնում եմ:

Ահռելի մի գործարան խողովակներից, որի աստիճանաձև վերելակը հետզհետե բացում է ողջ Փարիզի փառահեղ տեսքը` վերևից Էյֆելյան աշտարակով, Նոտր-Դամով, Լուվրով և այլ շինություններով:

Առաջին հարկում բացված էր ինժեներական արվեստի մի ցուցահանդես, շատ հետաքրքիր կինետիկ կոնստրուկցիաներով, իսկ վերջին հարկում Լեժեին նվիրված ցուցահանդեսն էր: Նախավերջին հարկում էր գտնվում հիմնական էքսպոզիցիան, ավելի ներքև գրադարանն էր, ադմինիստրացիան և այլ սրահներ:

Ժամանակակից արվեստը ավելի ու ավելի ժամանակակից դառնալով աստիճանաբար վեր է ածվում ատրակցիոնի: Ներկայացում դառնալու փոխարեն այն ձգտում է զվարճալի ատրակցիոնի, ուրախ ժամանցի, սակայն զվարճալի և ուրախ նրան չի հաջողվում դառնալ: Այն տարօրինակ տխրություն և ձանձրույթ է պատճառում: Ինչ-որ ծանր դատարկության հոտ է փչում այստեղից: Ցուցադրումը հաճախ պատահական է և չպատճառաբանված: Ուժեղ էր Վազարելիի մի գործը: Հետաքրքիր էին օպ-արտի որոշ աշխատանքներ: Ռուոյի կանացի մի պորտրետ: Ի տարբերություն Լուվրի և Օրսեի բոլորովին այլ մթնոլորտ է այստեղ: Տխուր է, տխուր:

Այստեղ էին ցուցադրված Ռոբերտո Մատտայի որոշ աշխատանքներ և նրա 60-ականներին արված մեծ համայնապատկերային գործը, որը վերատպությամբ ավելի է շահում:

Կային որոշ հետաքրքիր քանդակներ, Միրոյի և Մաքս Էռնստի գործերը:

 

25.09.97

Այսօր առավոտյան մեկնեցի Դեֆանս: Ֆանտաստիկ էր: Քաղաքաշինական առումով աննախադեպ խնդիրներ էին լուծված: Գիգանտ մասշտաբների քանդակ էր դա, ուրբանիստական միջավայրի կազմակերպման մի գլուխգործոց, որն ապագայի կինետիկ-կիբերնետիկական ճարտարապետության արդեն տեսանելի սաղմերից է: XX դարի մարդու ամբիցիաների նյութական մարմնավորում, շինարարական և տեխնոլոգիական միջոցների ու հնարավորությունների հսկայական մի ատրակցիոն, որում մարդն ակամայից դառնում է հանդիսատես ու կլանվում ահռելի այդ ներկայացումով:

Այնուհետև Շանզ Էլիզեով իջա մինչև Էյֆելյան աշտարակ, որը չափազանց տպավորիչ է մոտիկից և կոնստրուկտիվիստական այդ տենդենցների նախատիպն է:

 

26.09.97

Երկրորդ անգամ Լուվրում:

Ֆրանսիական կլասիցիստական, ակադեմիական քանդակը Միջագետքի քանդակի կողքին բացարձակ ձանձրույթ էր:

Միջագետքը շատ առատ էր:

Առատ էր նաև իսլամի արվեստը, հատկապես խեցեգործությունը, կարպետն ու դեկորատիվ արվեստը: Հետո բարձրացա վերև, որտեղ հյուսիսային միջնադարն ու վերածնունդն էր: Մեկընդմիշտ հիասքանչ Վան Էյկը, Ռոգիր վան դեռ Վեյդենը, Հանս Մեմլինգը, Ժերար Դավիդը, Պետրուս Քրիստուսը, Բոսխը և այլ ֆլամանդացիներ: Ֆոնտենբլոյի դպրոցը սատկացրած արվեստ էր թեթև ֆրանսիական հմայքով: Այնուհետև Հանս Հոլբայն «Կնոջ դիմանկարը» և սըր Հենրի Ուայեթի դիմանկարը, Հանս Կրատցերի, Էրազմի և Ուիլյամ Ուարհամի դիմանկարները: Էրազմի դիմանկարն իրոք գլուխգործոց է: Լուկաս Կրանախի մերկ կնոջ ֆիգուրը և տղամարդու դիմանկարը.

Դե իսկ Դյուրերի ինքնադիմանկարը բոլորից մի քանի կարգ բարձր է որակով.

Սիմոն Բենինգ (1483-1561) – Սուրբ Հիերոնիմուս – հիասքանչ մի փոքրիկ գործ:

Բրոյգելի (1525-1569) անդամալույծները (1568) – փոքրիկ գլուխգործոց, ըստ որում 1569-ին Բրոյգելը մահացել է:

Կոռնելիս վան Դալեմ (1530-1573) – շատ հետաքրքիր կոմպոզիցիոն լուծում:

Բրոյգելի Կույրերն էլ են այստեղ, սակայն դիտելու համար լավ չի կախված, շատ բարձր է: Հոլանդացիներն ինչպես միշտ չքնաղ են: Ռուբենսի բաժինը ապշեցուցիչ էր մասշտաբներով: Ցավոք արդեն ժամը 6-ն էր և պետք էր ազատել թանգարանը, որն ամբողջությամբ դիտելու համար օրեր են պետք: Շատ հոգնեցուցիչ է այդ քանակությամբ բարձրարժեք գործերի ընկալումն ու յուրացումը:

Միայնակ դիտելը լավ է, բայց վերջում կիսվել ես ուզում ինչ-որ մեկի հետ, որը կողքիդ չի: Նման թանգարանային վայրերում ընկալման ինտենսիվությունն ու զգոնությունն է, որ կենդանություն են հաղորդում մենության մեջ խրված նկարների այդ մթնոլորտին:

Նույն օրը առավոտյան Պիկասսոյի թանգարանում էի: Քանդակները կարծես ավելի հետաքրքիր էին: Մեծ հնարամտությամբ և ազատությամբ նրան հաջողվում է հաղորդել ամենաբնորոշն ու ամենաէական կերպարայինը մեծ հումորով և մանկական անմիջականությամբ: Նկարների մեջ տպավորիչ էին որոշ գործեր, հատկապես նրանք, որոնք ես չէի տեսել: Անընդհատ վերատպվող գործերն ակամայից արժեզրկվում են, մի երևույթ, որին պետք է ուշադրության արժանացնել: Անընդհատ կուլտիվացվող անուններն արժեզրկվում են ինքնաբերաբար: Պիկասսոն ընդհանուր առմամբ իհարկե բավականին մակերեսային է մնում:

 

28.09.97

Երրորդ անգամ Լուվրում.

Ժերիկոյի ձիերը ցնցող են. չքնաղ էր նաև մի բնանկար (Le four à platre):

Էնգրի դահլիճը հիասքանչ էր իր դիմանկարներով, մերկ կնոջ ֆիգուրով մեջքից և թուրքական բաղնիքով (1862):

Պուսսենը որոշ գործերում չափազանց անսովոր և հազվագյուտ հնչողության է հասնում. օրինակ շատ հետաքրքիր աշխատանք է 1647–48 թվականների Moise enfant foulant aux pieds de la couronne de Pharaon նկարը, դրա կողքին է կախված «Մանանայի թափվելը» գործը (Շլինկի գրքի թեման): 1660–1664 թվ. L’hiver ou Le déluge գործը չափազանց խորհրդավոր աշխատանք է:

Վերջապես ես զգացի ու ճաշակեցի Պուսսենի հմայքը: Նա հասնում է յուրօրինակ հնչյունների դասական կոմպոզիցիայի տրամաբանության սահմաններին: Լե Բրունը նրանից մի կարգ ցածր է կանգնած: Շատ տպավորիչ էին Ադրիան Ս. Կոորտեյի (A.S. Coorte 1685–1707) խխունջներով երկու փոքրիկ նատյուրմորտները:

XIX      դարի ֆրանսիացիների դահլիճում առանձնանում էին էնգրի երկու դիմանկարները: Կորոյի դահլիճում հիասքանչ էր նրա կապույտ զգեստով կահույքին հենված կնոջ ֆիգուրը, որոշ բնանկարներ իրենց մոխրականաչավուն-արծաթագույն լռությամբ. Դեկամպի գործերից ուշագրավ էր բակ պատկերող փոքրիկ նկարը:

Միլլենը շատ լավն էր:

Դելակրուան բավականին սևացած էր, Թեոդոր Ռուսսոն երկու փոքրիկ բնանկար ուներ, որ մի բան արժեին:

Կորոն 1870 թվի մի բնանկար ունի, որում նա գրեթե Սեզան է դառնում (Le pont de Mantes). Դյուրերի ինքնանկարը արվել է 1493-ին 22 տարեկան հասակում:

Ռուբենսի դահլիճը (Մարիա Մեդիչիի) դիտելուց հետո ընկա հոլանդացիների մոտ, որտեղ բնականաբար առաջին տեղում է Վերմեերը (Կար անող աղջիկն ու աստղագետը), հետո Պիտեր դե Հուուխը, Տեր Բորխը, Ռյոյսդալը և նատյուրմորտի մեծ մասնագետ Վիլլեմ Կալֆը. Հիասքանչ է Օստադեն (1610–1685). Ա. Վան դե Վելդեն (1636–1672) 1607-ին արված հոյակապ մի բնանկար ուներ` կովերով, ոչխարներով և ձախ կողմում երկու տղամարդու և մի կնոջ ֆիգուրներով: Իսկ Վ. Վան դե Վելդեն` գրաֆիկական մի ծովային բնանկար` կատարյալ նկարված նավերով:

Իհարկե չքնաղ էին իտալացիները. շատ տպավորիչ էր Պիեռո դելլա Ֆրանչեսկայի Սիգիզմոնդո Մալատեստայի պորտրետը. Ուչելլոյի Սան Ռոմանոյի ճակատամարտը զիջում էր լոնդոնյան տարբերակին: Հրաշալի էին Ֆրա Անջելիկոն, Լորենցո Մոնակոն, Չիմաբուեն, Ջոտտոն, Մանտենյան, Ջ. Բելլինին, Տիցիանը և իհարկե Լեոնարդոն և Ռաֆաելը: Վերոնեզեն և Տինտորետտոն պակաս տպավորիչ էին: Քանդակի բաժնում Միքելանջելոն էր իր ստրուկներով, Հունաստանի ու Հելլենիզմի բարձունքներն էին Միլոսյան Վեներան և Նիկեն:

Պետք է էապես հասկանալ նկար հասկացության մետաֆիզիկական և պատկերի զարգացման մորֆոլոգիան ժամանակային վերելքների ու անկումների հերթափոխումը: Ո՞նց են առաջանում թռիչքներն ու նահանջները, ինչպե՞ս են դրանք կապվում պատմական, սոցիալական, տնտեսական երևույթների զարգացման հետ:

Պատկերվելու, արտապատկերվելու, ֆիքսվելու, արձանագրվելու, հետք թողնելու, արտացոլվելու պահանջը որպես աշխարհի լինելիության ներքին անհրաժեշտություն, որպես աշխարհի ինքնագիտակցման, համաշխարհային ինքնաճանաչման կարևորագույն մի բաղադրիչ, որը մանիֆեստացնում է ոգեվիճակների բազմազանությունն ու ոգու հասունության փուլերի համայնապատկերը, գեղագիտական ինքնաճանաչման կտրվածքով:

 

30.09.97

Փարիզը մոտենում է իր ավարտին: 10 օր է ինչ այստեղ եմ: Այսօր հավանաբար հաջողվի տեսնել Շարտրը:

Մենք սովորում ենք այս աղմուկի մեջ լռության հետ գործ ունենալու դժվարին արվեստը, Օ¯ Փարիզ, Փարիզ: Աղմուկի ու լռության սարդոստայն (հրաբուխ):

Այն, ինչ գրվել ու արտահայտվել է աշխարհում արժևորվում է հատկապես այն պարագայում, երբ այդ ամենը ծառայում է չգրվածի ու չարտահայտվածի մասին գաղափար կազմելու գործին: Անարտահայտելիի արտահայտման մշակույթը մեր գերխնդիրն է: Ձևավորված աշխարհն ինքնին ինձ արդեն չի հետաքրքրում: Տեսնելիս ինձ միշտ հուզում է անտեսանելին, որը մանիֆեստացվում է միայն տեսողության հաղթահարումով:

 

1.10.97

Երեկ վերջապես հաջողվեց տեսնել Շարտրի տաճարը: Մարդկային հավաքական կամքի գեղարվեստական, կրոնական աննախադեպ մի ստեղծագործություն, որը ֆրանսիական տպավորությունների կուլմինացիան էր: Այդպիսի վիտրաժներ երևի չկան ուրիշ ոչ մի տեղ: Չափազանց ազդեցիկ, միստիկ ու գունեղ էր այդ տաճարի սակրալ տարածությունը:

Հոգևոր մթնոլորտը էապես տարբերվում էր Նոտր-Դամի տուրիստական մթնոլորտից: Ճարտարապետական և շինարարական լուծումները չափազանց ինքնատիպ ու անսպասելի էին: Վիտրաժների ազդեցությունն իհարկե գերազանցում էր ամեն մի սպասելիք: Գույնը, որպես լույսի մանիֆեստացիա հասնում էր անհավանական հոգևոր ինտենսիվությունների և մաքրության: Միջնադարի հզոր այդ կվինտէսենցիան ցնցող էր ու ոգեշնչող: Ահռելի մի վերելքի ապացույց:

Փարիզն ավարտվեց. ծնվող կուռքերի ու մեռնող հռչակների այս մրջնանոցից ինձ մնացին հետևյալ տողերը`

Բառերի լույսը քամելով անցիր խաղաղության

Բացված երակի մեներգիչ:

Հույսի հոտն առած քարավաններով Ներկան ուղեկցող մկրտիչ:

Տափաստաններ զմռսելու կարոտից ու

Պղպջակներ քանդակելու հաճույքից ճաքած

երազների գույնզգույն քարտեզին

իջավ աշունը վերջին իր կորուսյալ շներով,

տերևաթափ, խելակորույս կյանքերով.

Մամռակալած երջանկության ու հոգեհանգստի հրապարակներ,

հեղափոխություններով ու գլխատումներով հղի ձեր առօրյան այս քաղաքի

արմատները փնտրողի պեղումներից գոլորշիացող մակընթացության

արահետներով սավառնող երկունքի շուշաններ է սփռում քո երկնակամարին,

Ձեր հարության հետքերով անցած կենսագրության ճահիճների մրափից ելնող

զարմանքի, ձեր արգանդում գլխատված, անվերադարձ կրքերի տիկնիկային

պուրակում, որ խորտակումների թեթևությունից խելագարվածի վերելքին ներկա

քամիներն ասեղնագործեն փափուկ կղզիների ներսից բացվող

երաշտի տեսադաշտն ու

գաղութատիրության տիղմը ճաշակած,

հողի հմայքից հարբած,

արդյունաբերությունից հոգնած ժողովրդի քաղաքակրթությունը

երկյուղի քամին ըմպելով, ձեթը ծծելով` մաղձի

նավաբեկության ճարպին քսված հայացքից

բարձրացնի առագաստները վերջին ներկայացման

դեպի համբարձվող մերկության հույսի ու լույսի,

լռության գանձարան,

դեպի շտեմարանը անվերջ ուղևորության:

Պահածո երջանկության ողկույզներ ճզմող

կորուստի տխուր կարուսել,

քո պտույտներում տուր ինձ ապաստան,

ստորգետնյա ընդարմացման ճարպոտ ճանկերում

պատսպարվելու անսահմանության հոգսից,

որ այս քաղաքների զարկերակներին հպված

անդունդների մշակույթն են հղկում

փղոսկրյա անտարբերությամբ ու կրքով,

կակղած բնակարանների հոգնած խոռոչներում

ձերբակալված բնակչության դեմքին ծեփելով

անելանելիության ողորկ հետագծեր

ու հետքեր որոնման:

Կորցրածի ուղեծրով կգա հայտնությունն անվերջի, երբ շոշափելիությունն անտեսելով կուրության աշտարակներ մագլցողը կկառչի բացվող հայացքի ելուստներից ու չտեսնվածի կմախքը գրկած կնահատակվի անվերադարձ հափշտակության որովայնում, հոգնության ստվերներին թողնելով լռության ու կարոտի փխրուն հուշարձաններ փափուկ մոռացումի տխուր անցյալից: Իսկ ներկան վիրահատողն այդպես էլ չվերադարձավ ապագայից, կործանվող ակնթարթից ծեփելու քանդակներ աղի ու մեղրամոմով պատելու վերքերն հավերժի անդառնալիության ծուղակներում այս ախորժալի:

Քրիստոսի արածը հիմնականում անտեսանելի էր: Դա տեսանելի է դառնում աստիճանաբար, տեսողությունը քայլ առ քայլ հաղթահարողների տքնաջան ջանքերով, որից հետո մնում են ինքնահաղթահարման և անցողիկ հաղթանակների գողտրիկ հուշարձաններ մշակույթի ու քաղաքակրթության զանազան խաչմերուկներում: Երթևեկության կանոններն այդտեղ լռելյայն հղկում են տեսողության նոր օրգաններ, խորքերի անցուդարձը տեսնելու համար:

Դժվար է ապրել միայն մակերեսը տեսնողների մեջ: