1/11/2007

Արվեստն իբրև հաղորդության լեզու

 

Մարդու պատմության ամենաառանցքային իրադարձությունը անհատի և անհատական ինքնագիտակցության, անհատական ազատության կայացումն է մարդու անհատական միկրոկոսմի, անհատական մշակույթի ձևավորման տեսանկյունից: Իր զարգացման որոշակի փուլում մարդը միշտ հարկադրված է լինել ընդօրինակողի դերում: Վերջին 2500 տարիների ընթացքում այդ փաստը տարբեր ելևէջներով գործել է հին հույների արձանագրած «բնությունն ընդօրինակելու» էսթետիկական կարգախոսում, որն ըստ էության սպառվեց XIX դարի վերջի և XX դարի սկզբի գեղարվեստական-մշակութային հեղաշրջումով: XX դարի երկրորդ կեսը նշանավորվեց արվեստի սարսափելի ինտելեկտուալացմամբ սուբյեկտիվ կամայականության, սխալ հասկացված ազատության կոնտեքստում` մի կողմից, և ահռելի կոմերցիալիզացիայով` մյուս կողմից: Արվեստն աստիճանաբար սկսեց կորցնել իր բուն իմաստը, որովհետև «բնությունն ընդօրինակելու» սկզբունքին փոխարինելու եկած «իզմերը» ընդամենը կարճատև էքսպերիմենտներ էին, որ ավարտվեցին այսօր գերիշխող արվեստը ինտելեկտուալ գաղափարների և կոնցեպցիաների պատկերազարդում դարձնող տենդենցով: Եվ առաջացավ մի իրադրություն, երբ գաղափարները հաճախ ավելի հետաքրքիր են, քան դրանք ներկայացնող ստեղծագործությունները: Երբեմն դրանք ներկայանում են բավականին սրամիտ, հնարամիտ և անսպասելիորեն էքսցենտրիկ: Սակայն արվեստի նպատակը բնավ սրամտությունը, հնարամտությունն ու հետաքրքրաշարժությունը չէ: Արվեստի խնդիրը ոչ թե ինչ-որ գաղափարների պատկերազարդումն է, այլ նյութականի այնպիսի փոխակերպությունը, որի հետևանքով ծնվում են գաղափարների նոր կոնֆիգուրացիաներ, նոր հոգեվիճակներ, ոգեղեն նոր լեզուներ` նոր հաղորդակցության և, ի վերջո, հաղորդության համար: Արվեստը եղել է և մնալու է հաղորդակցության ու հաղորդության լեզու մարդկային հոգևոր կյանքի լայն ոլորտում, ուր հասկացություններն ու գաղափարները անզոր են դառնում արտահայտելու և մարմնավորելու մարդկային ապրումների խորությունները գեղեցկության կատեգորիայի տեսանկյունից:

Արվեստի իմ անձնական մոտեցումներից մեկը ներկայացնում է համաշխարհային մշակույթի, ավելի լայն իմաստով` մարդկային հոգևոր-մշակութային փորձի անհատական հաղորդության ասպեկտը: Այսինքն` այդ հաղորդության շնորհիվ համաշխարհային դարավոր մշակույթի գեղարվեստական տրանսֆորմացիան: Ավելի պատկերավոր ասած` համաշխարհային քաղաքակրթությունների և համապատասխան մշակույթների անհատական մարսողության պրոցեսում նոր ձևագոյացումների լեզու արարելու և հաղորդակցվելու գործառույթը: Եվ այդ լեզվով անցյալի մշակութային զանազան զանգվածների ինչպես իրար, այնպես էլ մեր արդիական մշակույթների հետ պոլիֆոնիկ երկխոսության գոյացումը, քանզի դրանով է պայմանավորված ժամանակակից մարդու հոգևոր ինքնագիտակցության հասնելու մղումը:

Սա ինքնաճանաչողության և աշխարհաճանաչողության կարևորագույն բաղադրիչներից է, և դրանով է, որ արվեստը կարող է նորից վերաիմաստավորվել XXI դարի հոգևոր խմորումների համատեքստում:*

 

* Առաջին անգամ լույս է տեսել Արա Գուրզադյանի «Հայացք հայացքի ետևում» խորագիրը կրող ալբոմում 2004թ.: