1/11/2007

Ռուբիկոնն անցնելու դրաման

Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան պայմանավորված է Ռուբիկոնն անցնելու դրամայով: Արձանագրված պատմական հիշողությունը վկայում է, որ գրեթե 2050 տարի առաջ, մ.թ.ա. 49 թվականին Հուլիոս Կեսարն անցնելով Հռոմեական հանրապետության սահման հանդիսացող Ռուբիկոն գետը՝ գրավեց իր հայրենիքն ու նոր կարգավիճակ տվեց աշխարհագրական այդ վայրին, էապես որոշարկելով նրա պատմամշակութային դերն աշխարհում: Կեսարի վերապրած դրաման նախաերևույթն էր բոլոր այն ինքնագիտակցված գործողությունների, որոնք ոգեպատմական պրոցեսները որակական տրանսֆորմացիայի՝ փուլային անցման են բերում: Սառույցը ջուր կամ գոլորշի դառնալիս փոխում է իր որակական գոյության ձևը՝ մնալով նույն էությունը: Բոժոժը թիթեռ դառնալով որակական հեղաշրջում է ապրում՝ մնալով նույն էությունը: Բնության ամենամեծ գաղտնիքներից մեկը, որ հատուկ է թե՛ անօրգանական, թե՛ օրգանական աշխարհին, կերպափոխության, մետամորֆոզի օրենքն է: Այն տեսանելիացնում է հոգևորի էվոլյուցիոն բնույթը, որի հիմքում ընկած է փուլային զարգացման ռիթմիկ օրինաչափությունը: Մետամորֆոզի բարձրագույն կետում ներքինի, հոգևորի էվոլյուցիան համընկնում է արտաքինի, ձևի ռևոլյուցիայի հետ: Այսինքն այդ կետում էվոլյուցիան դառնում է ռևոլյուցիա, իսկ ռևոլյուցիան՝ էվոլյուցիա: Հենց այդ պահին է, որ տվյալ էությունն անխուսափելիորեն պիտի անցնի Ռուբիկոնը: Անցնելուց առաջ նա պիտի զոհաբերի իր նախկին ձևն ու մտնի իր նոր բովանդակությանը համապատասխանող նոր ձևի մեջ: Ռուբիկոնն անցնելու դրաման բխում է տվյալ մետամորֆոզի դրամատուրգիայից:

Մետամորֆոզի հայրենիքը երևակայության աշխարհն է: Յուրաքանչյուր մետամորֆոզ իր Ռուբիկոնն ունի: Ռուբիկոնն անցնում է տրամաբանության աշխարհի և երևակայության աշխարհի եզրագծով: Վերջավորի ոլորտում էութենական պրոցեսների հիերարխիան ամփոփված է  սահմանների մեջ:  Սահմանների վրա  այդ  պրոցեսներին բացվում   են

զարգացման նոր  հորիզոններ: Սահմանների  վրա  է  բացվում սահմանափակության   և անսահմանության գաղտնիքն ու դրանց փոխներթափանցման ուղին: Այդ ճանապարհին է կայանում հավերժականի, անվերջի և ժամանակայինի, վերջավորի հանդիպումը: Սահմանամերձ վայրերում տվյալ համակարգի կամ օրգանիզմի անընդհատությունն ունենում է ֆունկցիոնալ խզումներ: Այդ իսկ պատճառով սահմանի վրա անցորդից պահանջում են տվյալ համակարգի տրամաբանությունը վկայող անցաթուղթ ու ստուգում են նրա բեռը: Սահմանի վրա թագավորում է կասկածն ու անվստահությունը. փախուստի, դավաճանության ուրվականը: Մթնոլորտում ապրում է վախը: Սահմանի վրա իշխում է տվյալ համակարգի սահմանափակության էգոիզմն ու կոնսերվատիզմը, և այդ սահմանափակության հաղթահարման իղձը: Սահմաններն իրականում խախտելու համար են գծված: Այդ  քայլն անում են ավելի շուտ երևակայությունից և ոչ թե տրամաբանությունից ելնելով: Սահմանամերձ վայրերում մեծանում է հայրենիքի և օտարության հակամարտությունը: Ամենազարմանալին սահմանը խախտելով հայրենիք եկողներն են, հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ հայրենիքից հեռացողները գերակշռող են: Էլ չասած հայրենիքը գրավողների մասին, որպիսին էր Կեսարը:

Ռուբիկոնն անցնելու դրաման «հայրենիքը գրավելու» և նրան նոր իմաստ, նոր կարգավիճակ տալու մեջ է: Նոր «քաղաքացիություն» ձեռք բերելու մեջ:

Տրամաբանությունը միշտ ենթադրում է կարգապահություն, ճշտապահություն, ճշգրտություն, իսկ երևակայությունը միշտ հակված է անկարգապահության, անճշտապահության, անճշգրտության: Մերկ տրամաբանությունը գործ ունի լոկ ճշմարտության սխեմայի, ճշմարտության կմախքի հետ, որովհետև գալիս է անցյալից: Ծայրահեղ երևակայությունը բերում է չափազանցության, վերամբարձության, անարխիայի, որովհետև ներխուժում է ապագայից:  Տրամաբանությունը  ժառանգվում  է  անցյալից,  հիմնված  է  անցյալի, կայացած աշխարհի փորձի վրա, իսկ երևակայությունը ծնվում է ապագայից, կայանալիք աշխարհի պոտենցիայից: Դրանց հանդիպման վայրում, դրանց հանդիպման ձևից ներկայում ծնվում է համապատասխան իրականությունը իր ճշմարտության համապատասխան լիցքով: Կենդանի, լիարժեք ճշմարտությանը կարող է մոտենալ միայն այն տրամաբանությունը, որը ձգտում է դառնալ երևակայություն, կարգապահ, ճշգրիտ երևակայություն: Դա տեղի է ունենում այն ներկայում, որում անցյալը պատրաստ է անմնացորդ մետամորֆոզվել ապագայի: Տրամաբանության և երևակայության բարձրագույն սինթեզում է բացվում ողջ ճշմարտությունը: Իսկ այդ ձգտումն իրագործվում է գիտության և արվեստի սահմանին՝ այդ ոլորտ- ներն անջրպետող Ռուբիկոնն անցնելու ազատության մեջ:

Ռուբիկոնն անցնելու դրամայի հիմքում ընկած է իրական ազատությունը նվաճելու ճշգրիտ երևակայության դրամատուրգիան: