1/11/2007

Ռուբիկոնն անցնելու դրաման

Մարդու, հասարակության և մոլորակային կյանքի ահռելի այս հյուսվածքում անցյալը այն հումքն է, որով ապագան ներկայի ձեռքով ասեղնագործում է իր հանքերի քարտեզը: Հումքը դառնալով հիմք, զոհաբերելով իր էությունը՝ կորչում է ասեղնագործության ներկա հյուսվածքում՝ տեղ ազատելով ապագայից եկող հղիությանը: Ցանկացած հղիություն գալիս է ապագայից և իրագործվում է ներկայում, եթե անցյալի պոտենցիան, լոկալ ոչնչացում ապրելով, տեղ է ազատում ապագայից եկող ներհոսքի համար:

Ակտիվ պասսիվության և պասսիվ ակտիվության չափն այստեղ որոշիչ է ինքնահղիացման ակտի մեջ ստեղծագործաբար ներկան բացակա և բացական ներկա դարձնելիս:

Անցյալի ներկայությունն այժմ, այս պահին, բացակայություն դարձնելու միջոցով մենք մեր մեջ տեղ ենք ազատում ապագայի բացակայությունն այժմ ներկայության վերածելու համար: Անցյալի կուտակումները զոհաբերողն է իրական ներկայի ստեղծողը: Այս զոհաբերությունն է ծնողը ազատության: Ազատությունը ծնվում է զոհաբերությունից, երբ զոհաբերությունն իր հերթին ծնվում է ազատության հղիությունից: Այս դիալեկտիկան մետամորֆոզի էությունն է և զարգացման իմաստը:

Զոհաբերությունը ժխտում չէ: Դա կուտակված հարստության որակական տրանսֆոր- մացիայի ակտ է, որում ինվոլյուցիան անցնում է էվոլյուցիայի և հակառակը: Ցանկացած հարստություն պետք է տրանսֆորմացիա ապրի: Ինքնանպատակ կուտակված հարստու- թյունը տրանսֆորմացիա չապրելով՝ բերում է կործանման: Սա տեղի է ունենում ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր հարստության պարագայում, ինչպես անհատական, այնպես էլ ազգային, քաղաքակրթական մակարդակներում: Կործանարար աղետները գալիս են հենց այդ նպատակով. կարծրացած կուտակումները քանդելով՝ տեղ ազատել ապագայից եկող ներհոսքին:

Հարստությունը ճիշտ չտնօրինողն ակամայից ենթակա է կուրացման: Ոչ թե ձևավորվող և կայացող, այլ ձևավորված և կայացած համակարգին գամված հայացքն է հղի կուրությամբ: Տեսնելու ֆունկցիան ենթադրում է ներխուժում շարժման մեջ: Ենթադրում է էության բացահայտում: Տեսնելն արդեն իսկ ճանաչել է նշանակում: Տեսնել նշանակում է շփվել, դիպչել իմաստին: Բայց արդեն ներսից, քանզի իմաստը բացվում է ներսից: Ստանալով ընկալում դրսից՝ մենք այն ներծծում ենք իմաստով՝ ներսից: Դրսի և ներսի հանդիպման այդ վայրում ծնվում է իրականություն: Մեր միջոցով իր իմաստը վերագտած աշխարհը դառնում է իրական: Դրա համար է աշխարհը զգայարանների միջոցով արտացոլվում մեր մեջ: Արտացոլվելով մեր մեջ՝ նա իր իմաստն է ուզում վերագտնել մեզնում: Աշխարհը ձգտում է ճանաչման: Ճանաչման են ձգտում բոլորը, որովհետև ճանաչվելով է, որ դառնում են իրական: Սրա բարձրակետն է ինքնաճանաչողությունը, որում անհատն ինքն է դարձնում իրեն իրական: Նա իրականացնում է իրեն:

Ճանաչողությունն ինքնին ստեղծագործական պրոցես է, որովհետև դրանում աշխարհը շարունակում է ստեղծագործվել: Ճանաչողությունը արարչագործության շարունակությունն է: Ինքնաճանաչողությունը ինքնաարարման նախադրյալն է: Ինքնաարարման մեջ մարդն ավելի ու ավելի իրական է դառնում: Ինքնաարարման առանցքն է ճշմարտածնության կամքը: Այդ առանցքի վրա սուբյեկտիվը դառնում է օբյեկտիվ: Դուալիզմը հանվում է:

Աշխարհը դառնում է Ես, Ես-ը՝ աշխարհ:

Աշխարհն արտահայտություն է: Ամեն բան ուզում է արտահայտվել, դրսևորվել, իրագործվել մեզնում և մեզնից: Արտահայտվել նշանակում է ազատվել ինչ-որ բանից, տեղ ազատել նոր կուտակումների համար: Մենախոսությունը գոյանում է վերապրված կուտակումներից ազատվելու, արտահայտվելու, իրագործվելու, կարծես սեփական գոյության մեջ համոզվելու նպատակով: Այն ծնվում է մենության անտանելիությունից և ձգտում է երկխոսության: Ուրիշի մեջ արտացոլվելու, ուրիշի մեջ արտահայտվելու, ուրիշի մեջ պարպվելու և ինքնահաստատման ձգտելու պարագան բերում է երկխոսության:

Զրույցն իր խորքերում չափազանց ինտիմ, նույնիսկ էրոտիկ հաղորդակցություն է, որն անցնելով ամենատարբեր ելևէջներով ու նրբերանգներով՝ կարող է հասնել անգամ բռնության և բռնաբարության: Զրույցի էությունը նյութափոխանակությունն է: Արտահայտությունն այսպիսով բերում է հաղորդակցության, հաղորդակցությունն էլ՝ նյութափոխանակության: Նյութափոխանակության ամենագռեհիկ ձևն առևտուրն է: Սակայն այս ստորին օղակում ևս ինչ-որ բան ձեռք բերելու համար անհրաժեշտ է ինչ-որ բան տալ, զոհաբերել, ինչ-որ բանից ազատվել: Մի պահ աղքատանալով՝ հարստացնել ուրիշին, հաջորդ պահին հարստանալու համար և այսպես շարունակ: Կապիտալի էությունը անընդհատ զոհաբերվելու մեջ է: Ապրանքափոխանակության մեջ այն կատարում է արյան դերը: Ինքնանպատակ կուտակումների դեպքում այն բերում է մահացու խցանումների, որից փրկվելու միակ թերապիան դրսից եկող կործանարար հարվածներն են: Խցանումներից ազատվելու մեջ է կործանումների իմաստը: Տիեզերական ահռելի այս նյութափոխանակության օրգանիզմի ֆունկցիոնալ իմաստը հասկացողն ու այն անհատապես մարմնավորողն է օրգանիզմի իմունիտետն արարողը: Ստեղծագործական նյութափոխանակության կուլտուրան հասարակության այն թթվածինն է, որն արտաշնչում է թոքերի դեր կատարող մտավորականությունը զանազան խցանումներից գոյացող ածխաթթու գազը ներշնչելուց հետո: Նյութափոխանակության կուլտուրան օրգանների գործունեության հարց է: Ազգային օրգանիզմի ֆունկցիոնալությունը սոցիալական մարմնի ճիշտ նյութափոխանակությամբ է երաշխավորվում: Ամեն ինչ առողջ օրգանների հարց է: Կործանումները ընկալողներ են պետք: Աղետներն ըմբռնման կարիք ունեն: Ստեղծարար և կործանարար ուժերի դիալեկտիկան ոչ թե պասսիվորեն դրսից ընդունող, այլ ակտիվորեն ներսից իրագործող, այսինքն՝ հոգևորի բուն էության՝ ստեղծագործական մետամորֆոզի մեջ ապրող մարդն է, որ արարելով իրական ազատությունը՝ աստիճանաբար ազատվում է ճակատագրի պատճառ-հետևանքային կապանքներից, արտաքին դետերմինիզմից և մտնում ինքնորոշման, ինքնաարարման նոր հնարավորությունների ոլորտը: Առողջ օրգանների առկայությունը մարդուն և հասարակությանը հնարավորություն են ընձեռում հոգևոր օրենքների ըմբռնման, դրանց անհատական արարման և իրագործման համար, որի կիզակետն է ճշմարտածնության կարողությունը, մարդու վեհության միակ վկայությունը: Սրանով են հաղթահարվում փակուղիները, շրջափակումները, խցանումներն ու մեկու- սացումները: Սրանով են հաղթահարվում մենությունն ու անհայտությունը: Ծայրամասից մենք ընկնում ենք էպիկենտրոն: Ճշմարտածնության էպիկենտրոն: Ժամանակներն հասու- նանում են այդտեղ: