1/11/2007

Ճշմարտածնության էպիկենտրոնում

Հարկադրված կեղծ պետականությունից «սեփականաշնորհված» պետականության անցման հոգեվարքը, պատմահոգեբանական բարդ իրադրության մեջ նետելով մարդկանց, ժամանակների հասունացման հերթական, պատմական այս փուլում, անհրաժեշտաբար դնում է խնդիրներ, որոնց լուծումից է կախված լինելու տվյալ հասունության կերպն ու հյուսվող պատմության տրամաբանությունը:

Այս փուլում անհրաժեշտ է նորից վերանայել անցյալում իրական պետականությունից հրաժարվելու, պետությունը լքելու և անհատական գոյության անցնելու մեր ոդիսականը:

Դրա ոչ միայն արտաքին, այլև ներքին դրդապատճառները: Անկասկած, դրանք ծայրաստիճան  բարդ  են,  բազմաբնույթ  ու  բազմարժեք:  Սա  գիտապատմական, հասարակագիտական, սոցիալ-տնտեսական և մշակութային-հոգեբանական կոմպլեքս հետազոտության թեմա է, որի լուծումից է կախված մեր ազգային ինքնագիտակցության և աշխարհընկալման էությունը: Բնականաբար նաև մեր դերը արդի աշխարհում:

Հունական քաղաքակրթության «Ճանաչիր ինքդ քեզ» հայտնի կարգախոսը հիմնաքարային է հատկապես քրիստոնեական աշխարհի ինքնազգացողության համար: Պարզունակ թվացող այս պահանջարկը արմատներ է նետում թե՛ Երկիր, թե՛ Երկինք: Որովհետև ճանաչելով ինքդ քեզ՝ դու չես կարող խուսափել ո՛չ Երկրի, ո՛չ էլ Երկնքի ճանաչողությունից: Աշխարհը մարդու հետ միասին է միայն ամբողջական: Այդ ամբողջությունը չքանդելու համար սիրիր քո մերձավորին և կողակցին, որ ճանաչես նրան, ինքդ քեզ ճանաչելու համար և հակառակը: Արդեն բոլորովին նոր, քրիստոնեական կտրվածքով այստեղ մուտք է գործում սիրելու ֆունկցիան, որը դառնում է ճանաչողության նախապայմանն ու հետևանքը: Սիրելու ֆունկցիան, քրիստոնեական աշխարհընկալման առանցքային այդ հասկացությունը պատահականորեն չի մտնում ճանաչողության ոլորտ: Այն մուտք է գործում տիեզերական հաշտության գլոբալ նպատակով, քանզի ճանաչողությունն առանց սիրո պետք է ավելի շատ տաներ մարդկանց պառակտման՝ լիովին ատոմականացնելով աշխարհը:

Սակայն տիեզերական սիրո մարմնավորումից 2000 տարի անց իրադրությունը ոչ միայն չի փոխվել, այլ ահռելի զարգացման փուլեր անցնելով և աննախադեպ ունակություններ ձեռք բերելուց հետո՝ մարդկությունը նորից ելակետային դիրքերում է, նորից անկանխատեսելի անհայտության առջև, բայց այս անգամ արդեն ազատության և անկախության դրոշների ներքո:

Ազատությունն ու անկախությունը վերջին հարյուրամյակների հիմնական քաղաքական խմորումների թթխմորն է: Ժամանակակից մարդու, ազգերի և պետությունների առանց այլևայլության, ինքնըստինքյան հասկանալի համարվող հավակնությունը ազատությունն ու անկախությունն են: Յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահում ուրիշից ազատություն և անկախություն պահանջել, առանց որևէ ջանք թափելու՝ այդ  նախադրյալները բավարարել ինքնուրույն և իր ինքնության մեջ դառնալ այդպիսին: Առաջանում է աղետալի մի վիճակ: Բոլորն իրարից անկախություն են պահանջում, երբ փաստորեն գտնվում են ահռելի փոխկախվածության և փոխներգործության ոլորտում: Առաջանում են բացահայտ սեպարատիստական տենդենցներ՝ մի կողմից, և չուզենալով, ինտեգրման հարկադրված քայլեր՝ մյուս կողմից, բնականաբար ոմանց դիմակայելու հաշվենկատությամբ: Սա   արդյունք   է   ազատության   և   անկախության   գերխնդրին   անհատական հոգևոր ճանաչողական լուծում տալու, և համապատասխան մակարդակի վրա մարմնավորելու փաստի բացակայության: Այդ լուծումն անպայմանորեն ենթադրում է ամենօրյա ինտենսիվ ճանաչողություն, ինքնաճանաչողություն և սեր: Վերջինս այն մոգական ուժն է, որ պահում է մարդուն և աշխարհին անընդհատ ուղեկցող կործանարար, աղետաբեր տրոհումից: Սակայն սիրո խնդիրը ոչ թե տրոհվող աշխարհի մեխանիկական, քանակական պահպանումն  է,  այլ  դրա  որակական,  էական,  էութենական  տրանսֆորմացիան գոյող, ապրող, ստեղծագործվող աշխարհի, ուր ազատությունն արդեն օդում է՝ ներշնչվող և արտաշնչվող մթնոլորտում, ոչ թե իրավաբանական օրենքներում: Դրսից տրված օրենքները ներսից ծննդաբերող մարդն է առաքում ազատության շունչը, և ոչ թե օրենքները տառակերորեն կատարող անդեմ կամ դիմակավորված մահկանացուն կամ էլ կամայականությամբ դրանք մերժող անարխիստը:

Ծննդաբերությունն ինքնին ստեղծագործության վկայություն է: Իսկ ստեղծագործությունը հասունանում է երևակայության հղիությունից: Երևակայությունն իր հերթին սնվում է ճանաչողությունից: Ճանաչողության հիմնական դրդապատճառը ճշմարտության որոնումն է: Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը՝ վեր է ածվում ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է:

Այս ուղին բնականաբար ուղղագիծ չէ, այն անցնում է ելևէջներով, անկումներով և վերելքներով, քանզի ճշմարտությունը ունի հակառակորդ ի դեմս հակաճշմարտության, ստի:

Դա մեծ փորձությունների ուղին է, որի դիալեկտիկան էլ բերում է ճշմարտածնության: Ճշմարտությունն անհնար է պատկերացնել ստատիկ, ֆիքսված ձևով: Դա դինամիկ որակ է, որ ձգտում է ամեն կոնկրետ դեպքում անհատական բնույթ ստանալու, անհատական մարմնավորման:  Անհատապես  մարմնավորված,  ստեղծագործված  ճշմարտությունն  է ճշմարտության իրականությունը: Եվ այդ ստեղծագործումն է, որ լուծում է իրականության և կյանքի պրոբլեմը: Մեծացնում դրանց ինտենսիվությունն ու վեհությունը, իմաստն ու քաղցրությունը: Սոսկ գոյատևելու ռեժիմից մարդն անցնում է ապրելու արվեստին: Ճշմարտածնության էպիկենտրոնում կյանքը դառնում է արվեստի ստեղծագործություն: Նման դիրքորոշում և կեցվածք ունեցող մարդկանց համակեցությունն անկասկած այլ պտղատվություն է խոստանում: Ազատության մեջ ընկալող, ճանաչող և ստեղծագործող անհատների միությունը դառնում է ընկալողության, ճանաչողության և ստեղծագործության որակապես ավելի հզոր մի օրգան՝ գաղափարների մշակման և առաքման կենտրոն: Նման քայլերից է կախված ժողովրդի, հասարակության, պետականության ապագան: Նման քայլերից է կախված ՙդարվինիզմի՚ հաղթահարումը ազատ շուկայում և հասարակական կյանքում:

Նման քայլերից է կախված ազատության և անկախության կերպը ահռելի փորձությունների այս դարաշրջանում: