1/11/2007

Արա Գուրզադյան. երկու խոսք

 

«Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երևակայությունը` վերածվում է ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը և իրական ազատության նախապայմանն է»: Այսպես է գրել Արա Գուրզադյանը «Ռուբիկոն» հանդեսի առաջին համարը բացող ներածական հոդվածում: Թերևս սա է լավագույն հակիրճ բնորոշումը նրա այն հավատամքի, ըստ որի մարդու գոյությունը կոչված է ճանաչելու և ստեղծելու ինքն իրեն այն զոհաբերության գնով, որը թույլ կտա նրան վերանվաճել իրեն հենց իր երևակայության և ստեղծագործության մեջ: Նաև այն հավատամքի, ըստ որի մարդու էկզիստենցիան աշխարհում կազմավորվում է ինքն իրեն միաժամանակ թե կենտրոն, թե ծայրամաս վերապրելու, ինչպես նաև սեփական ապագայի մարգարե, հետևաբար երևակայություն, և սեփական անցյալի պեղումնաբան, հետևաբար հիշողություն լինելու կարողությունից: Եվ եթե ստեղծագործական կայացման մոդուսի մեջ էկզիստենցիան երևում է նախ և առաջ որպես առաջընթաց շարժում, ապա ինքնաճանաչողության մոդուսի մեջ այն նախ և առաջ ինքնահուշ է, իմացյալ հիշողություն:

Այսօր երբ «Ռուբիկոնը» հիշում է Արա Գուրզադյանին` խնդիր է դրվում ոչ միայն և ոչ այնքան հարգանքի տուրք մատուցել հեռացածին, որքան վերջինիս մտորումներին ի մոտո ծանոթանալով` փորձել վերստեղծել հոգու այն տրամադրությունը և պահանջը, որը հիմք եղավ տվյալ ամսագրի գոյության համար:

Մասնագիտացող, անվերջ ճյուղավորվող հետաքրքրությունների և գիտելիքի մեր դարում, հոգևոր ամլության ճգնաժամ ապրող մեր երկրում Արան եղավ հազվագյուտ կրողը Վերածնության դարաշրջանի փափագած համալիր մարդու գաղափարի` մարդու, որի իդեալը համապարփակ իմացությունն է, ճանաչողության և ստեղծագործության ազատ և ինքնարարող անսահմանությունը: Կրթությամբ լինելով ֆիզիկոս, նա լրջորեն զբաղվել է արվեստի տեսությամբ, ստեղծագործել անձամբ, ինչի վկայությունն են բազմաթիվ ցուցահանդեսները թե արտերկրում, թե ներսում: Մշակույթի կայացման գործում անչափ կարևորելով կրթության և մանկավարժության դերը` դասավանդել է «Գեղագիտական կենտրոնում»: Կենտրոնի շրջանավարտների հետագա ուսումնառության խնդրով մտահոգված` սեփական նախաձեռնությամբ Երևանի Բաց համալսարանում հիմնել է կերպարվեստի ֆակուլտետը, կազմել ուսումնական ծրագրեր, որոնցում մեծ տեղ էր հատկացնում ֆունդամենտալ հումանիտար գիտելիքին:

Տիրապետելով օտար լեզուների և մեծ հետաքրքրություն տածելով փիլիսոփայության, մշակույթի տեսության, գրականության և այլ ոլորտներում` բազմաթիվ հեղինակներ ու գրքեր կարդացել է բնագրով: Ամենատարբեր հարցերին վերաբերող իր մշակութաբանական մտորումները և մեկնաբանությունները մասամբ գրի է առել տարբեր հոդվածներում, ինչպես նաև օրագրերում (դրանց մի մասը ներկայացվում են «Ռուբիկոնի» այս համարում), մասամբ որպես դասախոսություն կարդացել ամենատարբեր լսարաններում` Վալդորֆյան դպրոց, ՄԻԺԻ, Բաց համալսարան…

Արևմտյան ճանաչողական փորձի «պեղման» և յուրացման մեջ մեծ դեր է հատկացրել թարգմանությանը: 1998 թ. «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը, որի հետ սերտ բարեկամական և գործնական կապերի մեջ էր, նրա և Հրաչյա Ստեփանյանի համատեղ թարգմանությամբ լույս է ընծայել ավստրիացի մեծ ոգեգետ, անտթրոպոսոֆ Ռուդոլֆ Շտայների «Ազատության փիլիսոփայությունը», մի գիրք, որն ինքը Արան համարում էր «քրիստոնեական իմացաբանության և ինքնագիտակցված, ստեղծարար ապրելակերպի պտուղը»: Նույն հրատարակչությունը արդեն 2000 թվականին լույս է ընծայել XX դարի խոշորագույն նկարիչ Վասիլի Կանդինսկու «Հոգևորն արվեստում, էսսեներ» գիրքը (համատեղ թարգմանությունը Սերգեյ Խաչիկօղլյանի հետ):

Ըստ էության հենց թարգմանությունն է եղել «Ռուբիկոն» հանդեսի գործունեության լայտմոտիվը: Այստեղ են առաջին անգամ հայերեն «խոսել» այնպիսի կարևորագույն օտարալեզու գրողներ, արվեստագետներ և փիլիսոփաներ, ինչպիսիք են Ռայներ Մարիա Ռիլկեն, Պոլ Վալերին, Յոզեֆ Բոյսը, Մաքս Ռյուխները, Մաքս Պիկարդը, Ռուդոլֆ Կասսները, Մարտին Հայդեգգերը…

Արան համոզված էր, որ ժամանակակից մարդը ապրում է իմացությունից և ինքնաճանաչողությունից ելնելով ստեղծագործելու ժամանակներում, երբ «արտաքին պատվեր» այլևս չկա: Սոսկ հավատալու ժամանակներն արդեն անցել են, քանի որ դարն անցնում է փորձություն ազատությամբ: Այդ ազատությունը վկայված է զոհաբերության քրիստոնեական հարացույցի մեջ, երբ Բարձրագույնը իջնելով առ ցածրագույնը և հանձնվելով ամենավերջին մարդու համար նախատեսված մահին, հաղթում է մահը և հարություն առնում, ցույց տալով այդկերպ ցածրագույնի փոխակերպման ուղին: Մարդակենտրոնություն ապրող տիեզերերական ժամանակներում է, որ ազատությունը վճռորոշ դեր պիտի ունենա: Մարդու ստեղծագործությունն այս իմաստով կոչված է լուծելու էսթետիկական միանգամայն նոր խնդիրներ: Պիտի հեղաշրջում ապրի ինքը էսթետիկան: Արան հաճախ շեշտում է Ռուդոլֆ Շտայների այն միտքը, համաձայն որի միմեսիսի անտիկ գաղափարին փոխարինելու է եկել նյութականի իդեալացման գաղափարը: Շտայները այդ նոր էսթետիկայի հայր էր համարում Գյոթեին («Ռուբիկոնի» մի համար Արան ամբողջությամբ նվիրել է մեծ գերմանացուն), որի ստեղծագործողության մեջ առաջին անգամ աստվածայինը Երկիր է բերվում ոչ թե որպես էնտուզիազմ աշխարհին հանձնվելու, այլ աշխարհը էնտուզիազմի ոլորտ հանելու համար: «Երևականություն, ստեղծագործություն, ազատություն» իր անավարտ գրքում Արան մտադիր էր քննել XX դարի հոգևոր-մշակութային պրակտիկան` ելնելով հենց այս գեղագիտական կանխադրույթից: Փորձ էր արվում հասկանալ արվեստի և մտածողության անկումային զարգացումները որպես հին տեսողության կաղապարներում իրեն դրսևորել փորձող նոր ազատության չգիտակցված ու տարերային ինքնամղման արդյունք: Հետաքրքրաշարժության, հնարամտության և սրամտության լեզվով խոսող ժամանակակից արվեստը չիրագործված հոգևոր ազատության հետևանք է, քանի որ այն ենթարկված է ինտելեկտուալացման, բայց ոչ սպիրիտուալիզացման: Այն կոնցեպտուալ է, բայց ոչ հոգևոր: Մինչդեռ արվեստի խնդիրը ոչ թե «…ինչ-որ գաղափարների ու կոնցեպցիաների պատկերազարդումն է, այլ նյութականի այնպիսի փոխակերպությունը, որի հետևանքով ծնվում են գաղափարների նոր կոնֆիգուրացիաներ, նոր հոգևիճակներ, ոգեղեն նոր լեզուներ` նոր հաղորդակցության և, ի վերջո, հաղորդության համար»: Հաղորդության ասպեկտը, անհատական թե ազգային, մարդկային հոգևոր-մշակութային փորձի յուրացման և փոխակերպության կենտրոնական ասպեկտն է: Այն թույլ է տալիս ներգրավվել արարմանը և արարել:

Բնության մեծագույն գաղտնիքներից մեկը Արան համարում էր մետամորֆոզի օրենքը (այստեղից է նրա մեծ հետաքրքրությունը Արշիլ Գորկու արվեստի հանդեպ, որը թերևս հիշյալ մետամորֆոզի երևույթի մեջ թափանցելու յուրահատուկ նկարչական փորձ էր): Իր հիմնադրած հանդեսի «Ռուբիկոն» անվանումը հենց փոխակերպությունն է խորհրդանշում, փոխակերպություն ինքնահաղթահարման ճանապարհով: Այսպես, երկու հազարամյակ առաջ անցնելով Հռոմի սահմանը հանդիսացող Ռուբիկոն գետը Հուլիոս Կեսարը նվաճեց իր հայրենիքը և նոր գոյավիճակ տվեց նրան: Խթանել ինքնահաղթահարման գիտակցությունը,– սա է այն նշանաբանը, որ կարմիր թելով անցնում է «Ռուբիկոն» հանդեսի բոլոր համարների միջով:

Արա Գուրզադյանի մարդկային տեսակը անչափ բարդ ու հետաքրքիր է: Նրանց համար, ովքեր անձնական շփման առիթ են ունեցել նրա հետ, դա ակնհայտություն է: Ու թեպետ նա գրավոր քիչ բան է թողել իրենից հետո (նրա կենսագրությունը անսպասելիորեն ընդհատվեց այն ժամանակ, երբ թվում է, նոր պիտի ծավալվեր իր ողջ թափով), եղածն էլ բավական է մեր «աղքատիկ ժամանակին» ի դեմս Արայի իր արտակարգ զավակին ճանաչելու համար: