2/10/2006

Գրականության մեջ ազդեցության դերի մասին

 

Բանախոսություն` կարդացված Բրյուսելի «Ազատ էսթետիկա»-ի կոնֆերանսում 1900 թվականի մարտի 29-ին

Թեո Վան Ռիսսելբերգին

 

Տիկնայք և պարոնայք,

Այստեղ ես ջատագովելու եմ ազդեցությունը:

Սովորաբար ընդունված է, թե կան լավ և վատ ազդեցություններ: Ես հանձն չեմ առնում դրանք տարբերակել: Մտադիր եմ ջատագովել բոլոր ազդեցությունները:

Կարծում եմ` կան հրաշալի ազդեցություններ, որոնք այդպիսին չեն երևում ամենքին:

Ըստ իս` ազդեցությունը չի կարող բացարձակապես լավ կամ վատ լինել, այլ պարզապես այդպիսին է այն կրողի առումով:

Հատկապես ենթադրում եմ, թե կան հոռի բնավորություններ, որոնց համար ամեն ինչ ձախողանք է, ամեն բան անիրավություն իրենց հանդեպ: Մյուսների համար, ընդհակառակը, ամեն ինչ բարերար սնունդ է, և նրանք քարը վերափոխում են հացի: «Ես,– ասում է Գյոթեն,– կլանում էի այն ԱՄԵՆԸ, ինչ Հերդերն ուզում էր ուսուցանել ինձ»:

Ազդեցության ջատագովություն` սկզբում, ազդեցության ջատագովություն` հետո. սրանք կլինեն մեր խոսակցության երկու կետերը:

Գյոթեն իր Հուշերում հուզմունքով է խոսում երիտասարդության այն շրջանի մասին, երբ իր զգայունակությունը եղել է այնքան սրված, որ դաշտում զբոսնելիս իրեն հասած երգը, հովը, թույլ շողը կամ աննշմար ստվերը, թվում է, իրապես ձևափոխել է իրեն: Նա բերկրանքով ենթարկվել է ամենից հպանցիկ ազդեցությանն անգամ:

Ազդեցությունները լինում են բազմատեսակ, և եթե ձեզ հիշեցրի Գյոթեի այս հատվածը, ապա այն պատճառով, որ կամենում էի խոսել բոլոր ազդեցությունների մասին, քանզի յուրաքանչյուրն ունի իր կարևորությունը` սկսած ամենաանորոշներից, ամենաբնականներից, վերջացրած մարդկանց և նրանց ստեղծագործությունների ազդեցություններով. վերջացրած դրանցով, քանզի չափազանց դժվար է խոսել այդ ազդեցությունների մասին, և ամենից շատ ջանում են կամ հավակնում են քարկոծել դրանք: Ու քանի որ ես մտադիր եմ նաև անել դրանց ջատագովությունը, կուզեի այդ ջատագովությունը նախապատրաստել հավուր պատշաճի, այսինքն` աստիճանաբար:

Անկարելի է, որ մարդը զերծ մնա ազդեցություններից: Ամենից զգուշավոր, ամենից մեկուսացած մարդն անգամ դարձյալ զգում է դա: Ազդեցությունները նույնիսկ նկրտում են լինել այնքան ավելի ուժգին, որքան սակավաթիվ են: Եթե վատ եղանակը մոռացության տալու ոչինչ չունենք, ապա նույնիսկ կարճատև տարափը մեզ անմխիթար վիճակի մեջ կգցի:

Այնքան անհնարին է մարդուն պատկերացնել բացարձակապես զերծ բնական ու մարդկային ազդեցություններից, որ երբ երևան են գալիս հերոսներ, որոնք, թվում է, ոչինչ պարտական չեն արտաքին աշխարհին ու որոնց քայլերն անկարելի է բացատրել, իսկ կրած և հասարակ մարդկանց անհասկանալի ազդեցություններն այնպիսին են, որ մարդկային որևէ դրդապատճառով կարծես չեն մեկնաբանվում, նրանց հաջողությունից հետո ուզում են հավատալ աստղերի ազդեցությանը. պարզապես անհնարին է պատկերացնել մարդկային ինչ-որ բան, որն ամբողջությամբ, խորապես ու հիմնովին լինի ինքնաբուխ: Ըստ իս` առհասարակ կարելի է ասել, թե նրանք, ովքեր միայն իրենց աստղին հնազանդվելու փառավոր համբավն ունեն, այն մարդիկ են, որոնց վրա առավել ուժգին են գործում, անհատական, ընտրովի, քան ընդհանուր ազդեցությունները, այսինքն` մի ամբողջ ժողովրդի կամ առնվազն նույն քաղաքի բնակիչների վրա միաժամանակ գործող ազդեցությունները:

Արդ, գոյություն ունի երկու կարգի ազդեցություն` ընդհանուր և մասնավոր. այնպիսին, որին միաժամանակ ենթակա են ողջ ընտանիքը, մարդկանց խումբը, երկիրը, և մեկ ուրիշը, որ ընտանիքում, քաղաքում, երկրում կրում է մեկը (կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, այնպիսիք, որ դուք եք ընտրել, թե դրանք են ձեզ ընտրել): Առաջին խումբը ձգտում է անհատին հանգեցնել ընդհանուր տեսակի, երկրորդը` անհատին հակադրել հանրությանը: Տենը գրեթե բացառապես զբաղվել է առաջին խմբով. դրանք մյուսներից ավելի լավ են շոյել նրա դետերմինիզմը...

Բայց քանի որ անկարելի է միայն ինքնին որևէ նոր բան հորինել, ազդեցությունները, որ անհատական եմ կոչում քանի որ դրանք ինչ-որ ձևով տարանջատելու են ազդեցություն կրող անձին, անհատին իր ընտանիքից, հասարակությունից, նաև լինելու են այն ազդեցությունները, որոնք մերձեցնելու են նրան իր նման կրող կամ կրած այս կամ այն անծանոթին` այսկերպ ձևավորելով նորանոր խմբեր և ասես ստեղծելով երբեմն խիստ ցաքուցրիվ անդամներով մի նոր ընտանիք: Սա աղերսում է կապեր, հիմնում հոգեհարազատություն ու կարող է միևնույն մտքին հանգեցնել պեկինցուն և ինձ, ժամանակի միջով մերձեցնել Ժամին, Վերգիլիուսին և չինացի այն բանաստեղծին, որի հրաշալի, համեստ ու զվարթ բանաստեղծությունը նա ձեզ համար ընթերցեց անցյալ հինգշաբթի:

Ընդհանուր ազդեցությունները, բնականաբար, ամենից հասարակն են. պատահական չէ, որ հասարակ բառը դարձել է ընդհանուրի հոմանիշը:

Գրեթե անհարմար եմ զգում հիշատակել սննդի ազդեցությունը, եթե, օրինակ, Նիցշեն պարադոքսալորեն (ուզում եմ հավատալ դրան) չպնդեր, որ խմիչքն առհասարակ նշանակություն է ունենում ժողովրդի բարքերի, մտքի վրա, որ գերմանացիները գարեջուր խմելով, օրինակ, իրենց մեկընդմիշտ զրկում են մտքի այն թեթևությունից, սրությունից, որ նա կամենում էր վերագրել գինի գործածող ֆրանսիացիներին:

Անցնենք առաջ:

Սակայն կրկնում եմ` որքան ազդեցությունը նվազ հասարակ է, այնքան ավելի է գործում առանձնահատուկ ձևով: Իսկ արդեն ժամանակը, եղանակները թեև բազմությունների վրա գործում են միաժամանակ, բայց ազդում են ավելի նրբորեն ու ավելի ուժգին` առաջացնելով խիստ տարատեսակ հակազդեցություններ: Մեկը կարող է նվաղել շոգից, մյուսը` ոգեշնչվել: Քիթսը կարողանում էր իսկապես աշխատել միայն ամռանը, Շելլին` աշնանը: Իսկ Դիդրոն ասում էր. «Ուժգին քամիների ժամանակ միտքս խելահեղ է դառնում»:

Կարելի է դարձյալ մեջբերումներ անել, օրինակներ բերել նորից ու նորից...

Անցնենք առաջ:

Կլիմայի ազդեցությունը դադարում է ընդհանուր լինելուց և դրանով իսկ դառնում զգայելի նրա համար, ով ենթարկվում է դրան օտար երկրում: Այստեղ գործ ունենք առանձնակի ազդեցությունների հետ, այն միակ ազդեցությունների, որ պիտի հետաքրքրեն մեզ հիմա:

Երբ Գյոթեն Հռոմ ժամանելով գրում է. “Nun bin ich endlich geboren!” «Վերջապես ծնվեցի...», երբ իր նամակներում նշում է, թե Իտալիա ոտք դնելուն պես իրեն թվացել է, որ առաջին անգամ է եկել ինքնագիտակցության և զգացել իր գոյությունը..., ահա ուրեմն, ինչի մասին է մեզ ստիպում մտորել օտար երկրի ազդեցությունը որպես ամենակարևոր երևույթի: Ավելին, սա ընտրովի ազդեցություն է. այսինքն չարաբաստիկ բացառություններից զատ` հարկադրական ուղևորություններ կամ աքսորներ, սովորաբար ընտրում են այն վայրը, ուր ուզում են ճամփորդել. ընտրությունն իսկ ապացույցն է այն բանի, որ արդեն փոքր-ինչ կրում են այդ երկրի ազդեցությունը: Վերջապես, ընտրում են հենց այդ երկիրը, որովհետև գիտեն, որ տպավորվելու են նրանով, որովհետև հույս ունեն կրել այդ ազդեցությունը, փափագում են այն: Դուք ընտրում եք հենց այն վայրերը, որոնք, ձեր համոզմամբ, կարող են ամենից շատ ներազդել ձեզ վրա: Երբ Դելակրուան մեկնում էր Մարոկկո, ապա դա օրիենտալիստ նկարիչ դառնալու համար չէր, այլ հասկանում էր, որ իրեն պետք են առավել վառ, առավել նուրբ ու վսեմ հարմոնիաներ, որպեսզի լիարժեքորեն ինքն իրեն «գիտակցի» իբրև կոլորիստի:

Գրեթե անհարմար է այստեղ հիշել Լեսսինգի` ժպիտ հարուցելու աստիճան հանրահայտ խոսքը, որ Գյոթեն կրկնել է «Ընտրյալ հոգեհարազատության» մեջ. “Es wandelt niemand unbestraft unter Palmen” և որը բավական հասարակ ձևով ֆրանսերեն թարգմանվում է այսկերպ. «Ոչ ոք անպատիժ չի զբոսնում արմավենիների տակ»: Ի՞նչ հասկանանք այս խոսքից, եթե ոչ այն, որ զուր է դուրս գալ նրանց ստվերների տակից. այլևս չես լինի այն, ինչ եղել ես առաջ:

Կարդացի գիրքը. կարդալուց հետո փակեցի, դրեցի գրադարանիս դարակին: Սակայն այդ գրքում կար այնպիսի մի խոսք, որ չկարողացա մոռանալ: Դա այնքան խորն է ներթափանցել իմ մեջ, որ ես այլևս չեմ առանձնացնում ինձնից: Թող որ մոռանամ գիրքը, որի մեջ կարդացել եմ դա, թող նույնիսկ չհիշեմ կարդացածս, մտաբերեմ միայն աղոտ,փույթ չէ: Այլևս անկարող եմ դառնալ այն, ինչ եղել եմ նախքան կարդալը: Ինչպե՞ս բացատրել նրա ուժը:

Նրա ուժը գալիս է այն բանից, որ այն ընդամենը բացահայտեց իմ ես-ի ինձ անհայտ մի կողմը. այն ինձ համար եղավ սոսկ մեկնություն: Արդեն ասվել է` ազդեցությունները գործում են ըստ նմանության. դրանք համեմատելի են այն հայելիների հետ, որոնք մեզ ցույց են տալիս ոչ թե այն, թե ինչ ենք արդեն իրականում, այլ թե ինչ ենք գաղտնապես: «Այն ներքին եղբորը, որ դեռևս չես», ասում էր Անրի դը Ռենիեն: Ավելի ստույգ` ես կհամեմատեի դրանք Մետեռլինկի պիեսի այն արքայազնի հետ, որ գալիս է արթնացնելու արքայադուստրերին: Անծանոթ, քնած քանի~-քանի արքայադուստրեր ենք մենք կրում մեր մեջ, որոնք սպասում են մի հպման, մի ձայնի, խոսքի, որպեսզի արթնանան:

Սրանից բացի ինձ համար կարևոր է, թե արդյոք ուղեղով սովորածս ի վիճակի եմ հիշողության օգնությամբ պահպանելու: Ուսումնառությամբ ես, այսկերպ, կարող եմ կուտակել լուրջ արժեքներ, խոչընդոտող մի ամբողջ պաշար, իբրև միջոց, անշուշտ, արժեքավոր հարստություն, բայց որը կմնա ինձնից տարբեր մինչև ժամանակների վախճանը: Ժլատն իր ոսկեդրամները պահում է սնդուկում, սակայն փակ սնդուկն արդեն նման է դատարկ սնդուկի:

Ոչինչ չի կարելի նմանեցնել այն ներքին ճանաչողությանը, որ ավելի շուտ սիրուն միախառնված ճանաչում է, իսկապես ճանաչում, ինչպիսին է վերագտած հարազատության զգացումը:

Հռոմում, Քիթսի մենավոր փոքրիկ շիրմի մոտ ես կարդացի նրա հրաշալի բանաստեղծությունները, և ինչ անկեղծությամբ անձնատուր եղա նրա մեղմանուշ ազդեցությանը, թողեցի, որ այն քնքշորեն համակի ինձ, ճանաչի, հարազատանա իմ ամենից կասկածելի ու տարտամ մտքերին: Այն աստիճան, որ երբ «Օդա առ սոխակ» քերթվածում նա հիվանդ բացականչում է. «Ախ, ո՞վ ինձ կտա մի կում գինի` խորը հողի մեջ երկար սառեցված, գինին այն, որ ֆլորա ու կանաչազարդ դաշտ է բուրում, պրովանսական երգեր ու պարեր և արևից շիկացած բերկրանք: Ախ, ո՞վ ինձ կտա տաք հարավով լի մի գավաթ», ինձ թվաց, թե լսում եմ իմ սեփական շուրթերից ժայթքող այդ սքանչելի հծծյունը:

Աշխարհում բարեկրթվելն ու զարգանալը կարծես իսկապես նշանակում է հարազատներին վերագտնել:

Գիտակցում եմ, որ հիմա մենք արդեն հասել ենք վտանգավոր, զգայուն կետին, և առավել դժվարին ու բարդ է լինելու այդ մասին խոսելը: Խոսքն այժմ վերաբերում է, ես կասեի բնական, բայց մարդկային ազդեցություններին: Ինչպե՞ս բացատրեմ. եթե մինչ այժմ ազդեցությունը մեզ թվում էր անհատական հարստացման երջանիկ միջոց կամ առնվազն նմանվում էր կախարդական այն փայտիկին, որ թույլ է տալիս մեր մեջ բացահայտել հարստություններ, ի՞նչ բացատրություն տալ, որ հիմա հանկարծ պետք է զգոն դառնալ, երկնչել (մանավանդ մեր օրերում,– խոստովանենք դա) և զգուշանալ: Ազդեցությունն արդեն դիտարկվում է իբրև չարաբաստիկ բան, մահափորձ, անհատականության դեմ ուղղված հանցագործություն:

Բանն այն է, որ հենց մեր ժամանակներում, անհատապաշտությունն առանց մասնագիտություն դարձնելու, մեզնից յուրաքանչյուրը ձգտում է ունենալ իր անհատականությունը. թող որ այդ անհատականությունը շատ զորեղ չլինի, թող որ մեզ և ուրիշներին երևա փոքր-ինչ անորոշ, երերուն կամ թույլ. այն կորցնելու վախը մեզ հետապնդում է և սպառնում փչացնել մեր ամենաիրական ուրախությունները:

Սեփական անհատականությունը կորցնելու վախը...

Մեր երանելի գրական աշխարհում մենք ականատեսն ենք եղել և հանդիպել բազմաթիվ երկյուղների. երկյուղ նորի նկատմամբ, երկյուղ հնից, այս վերջին ժամանակներում նաև երկյուղ օտար լեզուների հանդեպ, և այլն: Բայց այս բոլորից ամենատգեղը, ամենից անհեթեթն ու ծիծաղելին անհատականությունը կորցնելու երկյուղն է:

«Ես չեմ ուզում կարդալ Գյոթե,– ասում էր ինձ երիտասարդ մի գրող (մի՛ վախեցեք, ես անուն տալիս եմ միայն գովաբանելիք),– չեմ ուզում կարդալ Գյոթե, որովհետև դա կարող է ինձ վրա տպավորություն գործել»:

Պետք է հասած լինես, չէ՞, հազվագյուտ կատարելության այնպիսի աստիճանի, որպեսզի հավատաս, թե կարող ես միայն փոխվել դեպի վատը:

Գրողի անհատականությունը, այդ նուրբ, փայփայված անհատականությունը, որ վախենում են կորցնել ոչ այնքան այն պատճառով, որ արժեքավոր են համարում, այլ նրա համար, որ նրանց անվերջ թվում է, թե կորցնելու վրա են, շատ հաճախ արտահայտվում է այս կամ այն բանը երբեք չանելով: Ինչը կարելի է անվանել զրկանքային անհատականություն: Այն կորցնել նշանակում է ցանկալ անել ինքդ քեզ չանել խոստացածը: Տասը տարի առաջ լույս ընծայվեց նովելների մի հատոր, որ հեղինակը վերնագրել էր «Պատմություններ առանց «ով»-ի և «ինչ»-ի»: Հեղինակը ստեղծել էր մի տեսակ ինքնատիպություն, յուրօրինակ ոճ, անհատականություն`` երբեք չգործածելով հարաբերական դերանուն: (Ասես «ով»-ն ու «ինչ»-ը չեն շարունակելու գոյություն ունենալ:) Որքան գրողներ, արվեստագետներ ունեն միայն նմանօրինակ անհատականություն, և այն օրը, երբ նրանք կհամաձայնեն բոլորի նման գործածել «ով»-ն ու «ինչը»-ը, պարզապես կմիաձուլվեն սովորական, մարդկային անսահման երանգավորումներով զանգվածին:

Եվ սակայն, պետք է խոստովանել, որ ականավոր մարդկանց անհատականությունը բաղկացած է նրանց անըմբռնողությունից: Նրանց հատկանշական գծերի շեշտադրումն իսկ պահանջում է ուժեղ սահմանափակում: Ոչ մի ականավոր դեմք իրենից հետո չի թողնում անորոշ կերպար, այլ`ճշգրիտ և խիստ որոշարկված: Նույնիսկ կարելի է ասել, որ նրա անըմբռնողությունները տալիս են մեծ մարդու սահմանումը:

Թող որ Վոլտերը չհասկանա Աստվածաշունչը, թող քրքջա Պինդարոսի վրա. մի՞թե սա չի ներկայացնում Վոլտերի կերպարը, ինչպես այն նկարիչը, որ դեմքի շրջագիծը քաշելիս կասի նրան. «Շատ հեռուն չես գնա»:

Թող որ Գյոթեն` մարդկանցից ամենախելամիտը, չհասկանա Բեթհովենին, որ նրա առջև դո դիեզ մինոր ֆանտազիան նվագելուց հետո (այն, որ սովորաբար կոչում են «Լուսնի սոնատ») հուսահատ ճիչով դիմել է Գյոթեին, երբ վերջինս պահպանել է սառը լռություն. «Բայց, վարպե՛տ, եթե դուք, դուք էլ ոչինչ չեք ասում, այդ դեպքում էլ ով կհասկանա ինձ»: Մի՞թե սա միանգամից չի բնորոշում թե՛ Գյոթեին, թե՛ Բեթհովենին:

Այս անըմբռնողությունները բացատրվում են ահա թե ինչպես. դրանք, անշուշտ, անհեթեթություն չեն, ոչ էլ նույնիսկ մասնակի կուրություն, դրանք շլացումներ են: Այսպես ամեն մեծ սեր բացառիկ է, և իր սիրեցյալի հանդեպ սիրահարի հիացմունքը նրան դարձնում է անտարբեր ցանկացած այլ գեղեցկության հանդեպ: Բանականության նկատմամբ տածած սերը Վոլտերին անհաղորդ էր դարձնում քնարականությանը: Պաշտամունքն առ Հունաստան և Մոցարտի մաքուր ու ժպտուն քնքշություն Գյոթեին ստիպում է երկնչել բեթհովենյան կրքոտ մոլեգնությունից և Մենդելսոնին ասել. «Սա ինձ միայն զարմանք է պատճառում»: Նա համարում էր դա հատկապես շատ աղմկոտ:

Գուցե կարելի է ասել, թե ամեն մի մեծ հեղինակ, ամեն ստեղծագործող սովորաբար այն խնդրի վրա, որն ուզում է արծարծել, սփռում է հոգևոր այնպիսի առատ լույս, ճառագայթների այնպիսի փունջ, որ շուրջը մնացյալ ամեն ինչ թվում է մութ:

Դրա հակառակն է դիլետանտը, նա, ով հասկանում է ամեն ինչ հենց այն պատճառով, որ ոչինչ չի սիրում կրքոտորեն, այսինքն` բացառապես:

Բայց նա, ով չունի ճակատագրական անհատականություն, որ պիտի լիներ ստվեր ու շլացք, ջանում է ստեղծել իր սահմանափակ, համադրական անհատականությունը` իրեն զերծ պահելով որոշ ազդեցություններից և միտքը դնելով ռեժիմի մեջ, ինչպես հիվանդը, որի տկար ստամոքսը կարող է հանդուրժել միայն ընտրովի, ոչ բազմազան սնունդ (և միայն այդ դեպքում է նա կարողանում շատ լավ մարսել), որքան է նա ինձ սիրել տալիս այն դիլետանտին, ով, անկարող արտադրող լինելու և խոսելու, հոյակապ որոշում է կայացնում` ուշադիր լինել և իր կարիերան ստեղծում իրոք հրաշալի լսել իմանալով: (Այսօր ունկնդիրների այնքան պակաս կա, որքան դպրոցների, սա ամեն գնով ինքնատիպ լինելու պահանջի հետևանքներից մեկն է:)

Ամենքին նմանվելու վախը այդ իսկ պահից ստիպում է տվյալ անձնավորությանը որոնել ինչ-ինչ արտառոց, բացառիկ (հաճախ դրանով իսկ անհասկանալի) գծեր, նա կարող է շատ լավ ցույց տալ, թե դրանք ինչ հիմնական կարևորություն ունեն իր համար, որոնք, ըստ նրա, պետք է չափազանցել, թեկուզ մնացյալի հաշվին: Ես գիտեմ մեկին, որ չի ուզում Իբսեն կարդալ, քանզի, ինչպես ինքն է ասում, «վախենում է նրան չափազանց լավ հասկանալուց»: Մեկ ուրիշն էլ խոսք է տվել իրեն երբեք չընթերցել օտար բանաստեղծների` երկյուղելով կորցնել «իր լեզվի մաքուր իմաստը»...

Նրանք, ովքեր վախենում և խուսափում են ազդեցություններից, լռելյայն խոստովանում են իրենց հոգու աղքատությունը: Նրանք անզոր են իրենց մեջ իսկապես որևէ նոր բան բացահայտելու, քանզի չեն ուզում ձեռք մեկնել մի բանի, որը նրանց կառաջնորդի իրենց բացահայտմանը: Եվ եթե նրանց չի մտահոգում հոգեհարազատություն գտնելու խնդիրը, ապա, ըստ իս, այն պատճառով, որ կանխազգում են իրենց ազգակցելու անկարողությունը:

Մեծ մարդը միայն մեկ հոգս ունի` դառնալ հնարավորինս ավելի մարդկային, ավելի ճիշտ` ԴԱՌՆԱԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ: Դառնալ սովորական Շեքսպիր, սովորական Գյոթե, Մոլիեր, Բալզակ, Տոլստոյ...

Եվ զարմանալի բան, այդկերպ նա ձեռք է բերում ավելի անհատականություն: Մինչդեռ նա, ով խույս է տալիս մարդկանցից հանուն իրեն, կարողանում է սոսկ դառնալ առանձնահատուկ, տարօրինակ, մնալ անլիարժեք… Հա՞րկ է մեջբերել Ավետարանի խոսքը: Այո, քանզի չեմ ուզում դրա իմաստը խեղաթյուրել. «Ով կամենում է փրկել իր կյանքը (իր անձնական կյանքը), կկորցնի այն, իսկ ով կամենում է կորստյան մատնել, կփրկի (կամ եթե ավելի ճիշտ թարգմանենք հունարեն տեքստը` «կդարձնի իսկապես կենդանի*»):

Ահա ինչու, մեծ մտածողները, ինչպես տեսնում ենք, չեն երկնչել ազդեցություններից, այլ, ընդհակառակը, փնտրել են մի տեսակ ագահությամբ, ինչը կարծես ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ագահություն է:

Ի~նչ հարստություններ պիտի չզգար իր մեջ Գյոթեն, եթե հրաժարվեր ամեն ինչից կամ Նիցշեի բառերով ասած` եթե «ասեր ոչ» ամեն ինչի: Թվում է` Գյոթեի կենսագրությունը նրա կրած ազդեցությունների պատմությունն է (ազգային` Գյոցից, միջնադարյան` Ֆաուստից, հունական` Իփիգենիաներից, իտալական` Տասսոյից և այլն, իսկ կյանքի վերջում նաև` Հաֆեզի դիվանից, որ թարգմանել էր Համմերը. այնքան ուժգին մի ազդեցություն, որ յոթանասունն անց տարիքում նա սովորում է պարսկերեն և ինքն էլ գրում է «Դիվան»):

Նույն տենչալից մոլուցքը Գյոթեին մղել է Իտալիա, Դանտեին` Ֆրանսիա. վերջինս Իտալիայում այլևս չի գտել բավականաչափ ազդեցություն և փութացել է Փարիզ` ըմբոշխնելու մեր համալսարանի ազդեցությունը:

Եվ սակայն, հարկ է համոզվել, թե հիշատակածս երկյուղը միանգամայն արդիական երևույթ է, գրականության և արվեստների անարխիայի վերջին հետևանք. առաջներում ծանոթ չէին այդ երկյուղին: Ամեն մի մեծ դարաշրջանում գոհանում են անհատ լինելով առանց ճիգի, այնպես որ, ընդհանուր հրաշալի ֆոնը, թվում է, միավորում է մեծ դարաշրջանների արվեստագետներին, և ակամա տարաբնույթ այդ դեմքերի միավորումով ստեղծում մի տեսակ հասարակություն` ինքնին գրեթե նույնքան հրաշալի, որքան հրաշալի է նրանցից յուրաքանչյուրն առանձին: Մի՞թե Ռասինն ուներ մեկ ուրիշին չնմանվելու մտահոգությունը: Նրա «Ֆեդրան» արդյո՞ք նսեմացել է այն բանից, որ ծնվել է, ինչպես ենթադրում են, յանսենական ազդեցություններից: Ֆրանսիական XVII դարը մի՞թե պակաս մեծ է այն պատճառով, որ Դեկարտն է իշխել: Արդյո՞ք Շեքսպիրն ամաչել է Պլուտարքոսի հերոսներին բեմ հանելու և իր նախորդների կամ ժամանակակիցների պիեսները վերցնելու համար:

Մի անգամ երիտասարդ մի գրողի խորհուրդ տվեցի զբաղվել մի սյուժեով, որն ինձ թվում էր հենց նրա համար ստեղծված. գրեթե զարմանում էի, թե ինչու մինչ այժմ չի մտածել դա վերցնել: Մեկ շաբաթ անց նրան տեսա խորտակված վիճակում: Ի՞նչ էր պատահել: Անհանգստացա… «Օհ,– ասաց նա դառնացած,– չեմ ուզում Ձեզ հանդիմանել, քանի որ ինձ առաջարկած Ձեր մոտիվը, ըստ իս, լավն էր, բայց ի սեր Աստծո, բարեկամս, ինձ այլևս խորհուրդներ մի տվեք: Ես հիմա ինքս հանգեցի այդ սյուժեին, որի մասին խոսում էիք անցյալ օրը: Բայց, գրողը տանի, այժմ ի՞նչ անեմ դրա հետ: Չէ՞ որ Դուք եք դա ինձ խորհուրդ տվել. այլևս երբեք չեմ կարողանալու հավատալ, թե ինքս մենակ եմ դա գտել»:

Չե՛մ հնարում... խոստովանում եմ` որոշ ժամանակ ինքս էլ ոչինչ չէի հասկանում. դժբախտը վախեցել էր, թե անհատականություն չի լինի: Պատմում են, որ մի անգամ Պուշկինն ասել է Գոգոլին. «Երիտասարդ բարեկամս, անցյալ օրը միտքս մի սյուժե եկավ, մի գաղափար, որ համարում եմ հրաշալի, բայց զգում եմ, որ ինքս դրանից ոչինչ չեմ քաղի: Դուք պիտի վերցնեք դա: Ըստ իս, որքան Ձեզ գիտեմ, Դուք դրանից ինչ-որ բան կստեղծեք»: Ինչ-որ բան... Գոգոլն, իրոք, դրանից ստեղծեց ոչ պակաս մի բան, քան «Մեռած հոգիները», որին պարտական եղավ իր փառքը. փոքրիկ սյուժե, մի սերմնահատիկ, որ Պուշկինը մի օր գցեց նրա մտքի մեջ:

Հարկ է ավելի հեռուն գնալ և ասել` գեղարվեստական ստեղծարարման մեծ դարաշրջանները, բեղուն դարաշրջանները եղել են ամենից խոր ազդեցություն կրած դարաշրջաններ: Այդպիսին է Օգոստոսի ժամանակը հունական նամակներով, անգլիական, իտալական, ֆրանսիական Վերածնունդները Հնադարի ներխուժումով և այլն:

Այդ մեծ դարաշրջանների դիտարկումը, երբ երջանիկ հանգամանքների բերումով զարգանում, փթթում, շողշողում էր վաղուց ցանված, ծլարձակման պատրաստ և սպասման մեջ գտնվող ամեն բան, այսօր մեզ կարող է ափսոսանքով ու տխրությամբ լցնել: Մեր դարաշրջանում, որով հիանում եմ և որը սիրում եմ, կարծում եմ, լավ է փորձել պարզել, թե որտեղից է գալիս այս տիրող անարխիան, որ կարող է մեզ մի պահ խանդավառել` ստիպելով հորդուն կյանքի տենդով բռնկվել, սակայն անիմաստ է հասկանալ, թե իր հարուստ բազմազանության մեջ ինչ է անում մարդկանց ամբողջությունը, չնայած մեծ դարաշրջանին. բանն այն է, որ դա կազմող բոլոր մտավորականները խմում են նույն ջրից...

Այսօր մենք այլևս չգիտենք` ինչ աղբյուրից խմել. կենարար ջրերին շատ ենք հավատ ընծայում, և մեկը խմում է այստեղից, մյուսը` այնտեղից: Սակայն ոչ մի մեծ աղբյուր մի ակով չի ժայթքում, իսկ ամեն տեղից հանգիստ բխող ջրերը հոսում են աննկատ և գետնի երեսին մնում կանգնած. այսօր գրական դաշտը բավականաչափ նման է ճահճի:

Չկա ուժեղ հոսանք, ուղղություն, համընդհանուր հզոր ազդեցություն, որը համախմբում և միավորում է մտավորականներին` նրանց ենթարկելով ինչ-որ ընդհանուր զորեղ հավատալիքի, գերիշխող մի մեծ գաղափարի, այլ խոսքով` չկա դպրոց, բայց կա միմյանց նմանվելու վախից, իրար ենթարկվելու սարսափից, նաև անորոշությունից, թերահավատությունից ու բարդույթից առաջացած առանձին մանր հավատալիքների մի բազմություն` հանուն առանձին, մանր արտառոցությունների:

Եթե մեծ մարդիկ ագահաբար որոնում են ազդեցություններ, ապա այն պատճառով, որ վստահ սեփական հարստությունների վրա, ունենալով ինտուիտիվ զգացում, որն անտեղյակ է իրենց էությանը ներհատուկ լիությանը, նրանք ապրում են իրենց նոր փթթումների բերկրալից սպասման մեջ: Եվ ընդհակառակը, նրանք, որոնց հոգում չկան խոշոր պաշարներ, թվում է, շարունակ երկյուղի մեջ են` տեսնելով, թե ինչպես է իրենց համար հաստատվում Ավետարանի խոսքը. «Կտրվի նրան, ով ունի, իսկ ով չունի, նրանից կառնվի նույնիսկ իր ունեցածը**»: Այստեղ դարձյալ կյանքն անողոք է թույլերի նկատմամբ: Արդյո՞ք սա պատճառ է ազդեցություններից խույս տալու համար: Ո՛չ: Բայց թույլերը սրանով կարող են կորցնել այն չնչին ինքնատիպությունը, որին կարող են հավակնել... ԱՎԵԼԻ ԼԱՎ, պարոնայք... Հենց սա է թույլ տալիս, որ գոյանա դպրոց:

Դպրոցը միշտ բաղկացած է մի քանի հազվագյուտ, ուղղորդող մտածողներից և ենթակաների մի ամբողջ շարքից, որոնք ձևավորում են այն չեզոք տարածքը, որի վրա բարձրանում են այդ մի քանի մեծերը: Նախ այստեղ մենք տեսնում ենք որոշ ստորադասություն, մի տեսակ լուռ, անգիտակից ենթակայություն այն մի քանի մեծ գաղափարներին, որ ոչ այնքան մեծ դեմքերը ընդունում են որպես ճշմարտություն: Եվ եթե նրանք հետևում են այդ մեծերին, փույթ չէ, քանզի մեծերը նրանց կարող են տանել ավելի հեռու, քան ի զորու էին իրենք գնալ մենակ: Մենք չգիտենք, թե ինչ կլիներ Յորդանսը առանց Ռուբենսի: Ռուբենսի շնորհիվ Յորդանսը բարձրացել է երբեմն այնքան վեր, որ թվում է, թե բերածս օրինակը այնքան էլ հաջող չէ և որ հարկավոր է, ընդհակառակը, Յորդանսին դասել առաջատար մեծերի շարքը: Իսկ ինչ կլինի, եթե խոսեմ Վան Դեյքի մասին, որն իր հերթին ստեղծել է անգլիական դպրոցը և գերիշխել:

Այլ բան. հաճախ մեծ գաղափարի արտահայտման, ծավալման համար բավական չէ միայն մեկ երևելի դեմքը. հարկ է, որ դրան ձեռք զարկեն մի քանի հոգի, նորից ու նորից աշխատեն այդ նախնական գաղափարի վրա, վերստին անդրադառնան դրան, բեկեն այն, արժևորել տան նրա նոր գեղեցկությունը: Շեքսպիրի անչափելի թվացող մեծությունը երկար ժամանակ խանգարել է տեսնելու,– բայց այսօր այլևս մեզ չի խանգարում հիանալու,– նրա շուրջ գտնվող դրամատուրգների հրաշալի համաստեղությունը: Հոլանդական դպրոցի վեր խոյացրած գաղափարը արդյո՞ք կարող էր բավարարվել մի Տերբուրգով, մի Մեթսուով, մի Պետեր դե Հուկով: Ոչ, իհարկե ոչ. հարկավոր էր նրանցից յուրաքանչյուրը, և դեռ շատ ուրիշներ:

Ինչևէ, եթե մեծ մտածողների մի ամբողջ շարք նվիրվում է վսեմ գաղափարի փառաբանմանը, ապա հարկավոր են նաև այլ նվիրյալներ` այն չափազանցելու, իսկ հետո վարկաբեկելու և կործանելու համար: Նկատի չունեմ նրանց, ովքեր կատաղորեն ընդդիմանում են, ոչ, նրանք սովորաբար ծառայում են այն գաղափարին, որի դեմ կռվում են, ամրապնդում իրենց թշնամանքով: Այլ խոսքս նրանց մասին է, ովքեր հավատում են, թե ծառայում են դրան այն տխրահռչակ անկումով, որի մեջ ի վերջո կորչում է այդ գաղափարը: Եվ քանի որ մարդկությունը նշանակալիորեն սպառում է և պիտի սպառի գաղափարներ, պետք է երախտապարտ լինենք նրանց, ովքեր ի վերջո սպառելով այդ գաղափարների մեջ դեռևս եղած ազնվագույնը` դա վերստին վերածելով ԳԱՂԱՓԱՐԻ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, որին նման էր այն, վերջնականապես զրկում են այդ գաղափարը ամեն կենարար ավշից և նոր գաղափար որոնողներին պարտադրում գաղափար, որն իր հերթին թվում է Ճշմարտություն:

Թող օրհնյալ լինեն Միերիսներն ու Անտոն վան Դեյքերը` հոգեվարք ապրող հոլանդական դպրոցի փլուզումն ավարտին հասցնելու և նրա վերջին մեծ գերիշխանությանը վերջ տալու համար:

Գրականության մեջ, հավատացեք, Պառնասն իր ավարտին չհասցրին «վերլիբրիստները», նույնիսկ ամենամեծերը` Վիելե-Գրիֆենները, Վերհառնները, այլ նա ինքը քայքայվեց, վարկաբեկվեց իր վերջին խղճուկ ներկայացուցիչների միջոցով:

Ավելացնենք նաև հետևյալը. ովքեր երկյուղում են ազդեցություններից և մերժում դրանք, պատժվում են հրաշալիորեն. նմանակողի նկատելիս նրան պիտի փնտրել հենց սրանց մեջ: Նրանք լուրջ քննություն չեն բռնում այլոց գեղարվեստական ստեղծագործությունների առջև: Իրենց վախը ստիպում է նրանց կանգ առնել ստեղծագործության մակերեսին. նրանց հազիվ են դրա համն առնում: Ինչ որոնում են այնտեղ (նրանց կարծիքով) նյութի, մասնագիտության միանգամայն արտաքին գաղտնիք է, մի բան, որ ըստ էության գոյություն ունի միայն արվեստագետի անհատականության հետ ներքին ու խորը հարաբերության մեջ և նրա ամենաանօտարելի հարստությունն է:

Գեղարվեստական ստեղծագործության հիմնավորման առումով նրանք բացարձակապես զուրկ են ըմբռնողությունից: Նրանց թվում է, թե կարելի է վերցնել արձանների թաղանթը, մեջը փչել, և կստացվի ինչ-որ բան:

Իսկական, խոր ազդեցությունների ծարավի արվեստագետը կքննի արվեստի գործը` ջանալով մոռանալ այն և թափանցել առավել խորքերը: Նա կդիտի ավարտուն ստեղծագործությունը իբրև կանգառ, սահմանագիծ. ավելի հեռուն կամ այլ տեղ գնալու համար մենք պետք է փոխենք մեր մաշկը: Իսկական արվեստագետը գործի ետևում կորոնի մարդուն և կսովորի նրանից:

Ազնիվ ընդօրինակությունը որևէ կապ չունի նմանակման հետ, որը միշտ մնում է գաղտնի, սքողված աշխատանք: Այսօր չգիտես ինչու մենք այլևս չենք համարձակվում ընդօրինակել: Սրա բացատրությունը շատ երկար կլիներ. թեև խնդիրն առկա է, բայց եթե մինչ այժմ հետևել են խոսքիս, կհասկանան առանց դժվարության: Մեծ արվեստագետները երբեք չեն երկնչել ընդօրինակելուց:

Միքելանջելոն սկզբում այնքան վճռականորեն ընօրինակեց հնադարյան գործերը, որ իր մի քանի արձանները, այդ թվում և ննջող Կուպիդոնը զվարճության համար որոշեց անցկացնել որպես պեղումներից հայտնաբերված արձաններ: Պատմում են, որ Ամուրի մեկ այլ արձան ինքն է թաղել, հետո հողից հանել իբրև հունական մարմարե քանդակ:

Մոնտենը հներին իր հաճախակի անդրադարձի մեջ իրեն համեմատում է մեղուների հետ, «որոնք այստեղ-այնտեղ կողոպտում են ծաղիկները», բայց հետո պատրաստում են մեղր, «որ ամբողջովին իրենցն է», դա այլևս, ասում է նա, «ոչ ուրց է, ոչ սուսամբար»:

Ո՛չ, դա Մոնտեն է, և ավելի լավ:

Տիկնայք և պարոնայք,

Ինքս ինձ խոստացել էի ազդեցություն կրողների ջատագովությունից հետո ջատագովել նաև ներազդողներին: Հիմա այլևս դա ինձ օգտակար չի թվում: Ազդողի ջատագովությունը չէ՞ր լինի արդյոք «մեծ մարդու» ջատագովություն: Ամեն երևելի դեմք ներազդող է: Արվեստագետը, իր գրվածքներն ու նկարները նրա ստեղծագործության լոկ մի մասն են: Նրա ազդեցությունը հենց իր բացատրությունն է, իր ստեղծագործության շարունակությունը: Դեկարտը միայն «Մեթոդի քննախոսության», «Դիոպտրիայի» և «Խոհերի» հեղինակը չէ. նա նաև կարտեզիականության հեղինակն է: Երբեմն նույնիսկ մարդու ազդեցությունն իր գործից առավել նշանակալի է, երբեմն այն առանձնանում է գործից և կարծես հետևում է նրան խիստ հեռվից: Այդպիսին է իներտության դարերից եկող Արիստոտելի «Պոետիկայի» ներգործությունը ֆրանսիական XVII դարի վրա: Եվ վերջապես, ազդեցությունը,հպանցիկ նշեմ սա,լինում է միակ գործը, ինչպես պատահել է երկու բացառիկ դեմքերի` Սոկրատեսի և Քրիստոսի պարագայում:

Հաճախ է խոսվել մեծ մարդկանց պատասխանատվության մասին: Քրիստոսին այնքան չեն հանդիմանել այն բոլոր նահատակների համար, որ տվել է քրիստոնեությունը (քանզի դրան միախառնված էր փրկության գաղափարը), որքան հանդիմանում են դեռևս այս կամ այն գրողին իր գաղափարների երբեմն ողբերգական արձագանքի համար: Ասում են Վերթերից հետո, Վերթերի օրինակով եղել է ինքնասպանությունների համաճարակ: Նույնը և` Ռուսաստանում Լերմոնտովի մի պոեմից հետո:

«Այս գրքից հետո,– ասում էր տիկին դը Սևինյեն` խոսելով Լառոշֆուկոյի «Ասույթների» մասին,– մնում է միայն մեռնել կամ քրիստոնյա դառնալ»: (Սա ասում էր հաստատ համոզված, թե չի գտնվի մեկը, որ չգերադասի հավատադարձությունը մահից:) Ըստ իս` նրանք, ում սպանել է գրականությունը, իրենց մեջ արդեն կրում էին մահը. նրանք, ովքեր դարձան քրիստոնյա հրաշալիորեն պատրաստ էին այդպիսին դառնալու: Ազդեցությունը, կասեի ես, ոչինչ չի ստեղծում, այն արթնացնում է:

Սակայն ես կզգուշանայի մեծ մարդկանց պատասխանատվությունը նվազեցնել ջանալուց: Ի մեծ փառս իրենց, այն նույնիսկ պետք է ամենածանրը և հնարավորինս ամենասոսկալին համարել: Ես չգիտեմ նրանցից մեկին, որ տեղի տված լինի: Ընդհակառակը, նրանք ջանացել են միշտ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել: Նրանք իրենց շրջապատում, կհավատաք թե ոչ, իրենց կյանքը սպառել են ցմրուր:

Բայց ոչ միշտ է նրանց առաջնորդել գերիշխելու պահանջը. հաճախ արվեստագետի կողմից նվաճված ուրիշի հնազանդությունը ունենում է շատ տարբեր պատճառներ: Կարծում եմ, սակայն, դրանք կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. նա չի բավարարվում ինքն իրենով: Իր ունեցած գաղափարի կարևորության գիտակցությունը տանջում է նրան: Դրա համար նա պատասխանատու է, և գիտակցում է դա: Այդ պատասխանատվությունը նրան թվում է ամենակարևորը, մնացյալը ստորադասվում է դրան: Ինչի՞ է ի զորու նա: Միայնակ: Նա ափեափ լիքն է: Նրան չեն բավարարում իր հինգ զգայարանները աշխարհը շոշափելու համար, օրվա քսանչորս ժամը` ապրելու, մտածելու, արտահայտվելու համար: Նա չի գոհանում, և գիտի դա: Կարիք ունի օգնականների, փոխանորդների, քարտուղարների: «Մեծ մարդը,– ասում է Նիցշեն,– միայն իր ոգով չի օժտված, այլ ունի նաև իր բոլոր բարեկամների ոգին»: Բարեկամներից յուրաքանչյուրը նրան կտրամադրի իր զգայարանները, ավելին` կապրի հանուն նրա: Նա դառնում է կենտրոն, տեսնում և օգտվում է ամեն ինչից: Ներգործում է. մյուսները կապրեն և նրա համար կներկայացնեն իր գաղափարները, կհանդգնեն նրա փոխարեն դրանք փորձարկել:

Երբեմն դժվար է մեծ մարդկանց ջատագովել: Չէի ասի, թե խրախուսում եմ դա, այլ միայն ուզում եմ նշել, թե առանց դրա հնարավոր չէ պատկերացնել մեծ մարդու: Այդ դեպքում գուցե կգերադասեին, որ մեծ մարդիկ չլինեին. ես` ոչ, նախընտրանքի հարց է: Եթե նրանք ստեղծագործեին առանց ազդելու, նախ իրենք կմնային անգիտակ` չկարողանալով տեսնել, թե ինչպես են գործում իրենց գաղափարները, հետո չէին լինի հետաքրքիր, քանզի մեզ համար կարևոր է միայն ազդեցիկը: Ահա ինչու մտադրվեցի նախ ջատագովել ազդեցության ենթարկվածներին: Հիմա համարձակ կարող եմ ասել, որ նրանք անհրաժեշտ են մեծերին:

 

Տիկնայք և պարոնայք,

Այս պահին ձեզ ներկայացրի մոտավորապես այն, ինչ կկամենայի ասել: Գուցե և որոշ գաղափարներ, որ փորձեցի շարադրել այստեղ, ձեզ կթվան պարադոքսային, կեղծ: Եվ սակայն, ինձ բավարարված կզգամ, եթե կարողացա ձեր մեջ, թեկուզ և դրանց դեմ առարկության ձևով, առաջացնել, ավելի ճիշտ` արթնացնել ինչ-ինչ գաղափարներ, որ դուք համարում եք ճիշտ և գեղեցիկ:

Դա հենց այն է, ինչ կարող ենք կոչել ազդեցություն հակազդմամբ:

 

* Տե՛ս Ավետարան ըստ Հովհաննեսի, XII, 25:

** Տե՛ս Ավետարան ըստ Մատթեոսի, ԺԳ,12:

 

Ֆրանսերենից թարգմանությունը`

Արուս Բոյաջյանի