2/10/2006

«Քանդակ»

 

Բարբարա Հեփվորթը Բրիտանիայում աբստրակտ արվեստի զարգացման մեջ կարևորագույն դեր ունեցած անգլիացի քանդակագործ է: Ծնվել է 1903թ. հունվարի 10-ին Ուեյքֆիլդում, Յորքշիրի կոմսությունում: Ուսանում է Լիդսի Արվեստի դպրոցում, ուր և ծանոթանում է Հենրի Մուրի հետ, ապա` Արվեստի թագավորական քոլեջում: Նրա վաղ քանդակները քվազի-նատուրալիստական են և շատ ընդհանրություններ ունեն Մուրի աշխատանքների հետ, սակայն 1930-ականներից սկսած նրա գործերն ամբողջովին դառնում են աբստրակտ:

1925թ.  Բարբարա  Հեփվորթն ամուսնանում է քանդակագործ Ջոն Սքիփինգի /1901-1980/ հետ, նրանք միասին ապրում են մինչև 1931թ., երբ, Հեփվորթը հանդիպելով Բեն Նիքոլսոնին, դառնում է վերջինիս կինը: 1933թ. նրանք անդամակցում են Աբստրակցիա-Ստեղծարարություն /Abstraction-Creation/ խմբին, ապա` Unit One-ին: 1930-ական թվականները չափազանց բեղմնավոր տարիներ են Հեփվորթի, Նիքոլսոնի և Մուրի համար, որոնք միասին ստեղծագործում են կատարյալ ներդաշնակության մեջ և ներկայանում արվեստասեր հասարակությանը որպես Անգլիայի աբստրակտ ուղղության ջատագովներ:

Հեփվորթը մի առիթով գրել էր. «Ես չեմ ցանկանում ստեղծել քարե ձի, որը փորձում է, բայց չի կարողանում շնչել: Ինչքա~ն գեղեցիկ են ձիու զգայուն քիթը, շան շարժվող ականջներն ու խորաթափանց հայացքը, բայց ինձ համար դրանք քարե ձևեր չեն, և սերն ու զգացմունքը նրանց հանդեպ կարող է արտահայտվել միայն ավելի ընդհանրացված կերպով: Ես չեմ ցանկանում ստեղծել մի մեքենա, որը չի կարողանա ծառայել իր անմիջական նպատակին, սակայն ես ուզում եմ ստեղծել ծավալների ճիշտ փոխհարաբերություն, քարի մեջ վերածնվող մի առարկա` արտահայտելու այդ առարկայի մասին իմ իմացությունն ու կարծիքը… Բնության հայեցողության մեջ մենք անընդմեջ վերածնվում ենք, մոգականության և մեր պատկերացումների զգացողությունը կենդանի է մնում, և ճիշտ հասկանալու դեպքում այն մեզ տալիս է ուժ` քանդակելու գեղեցկության մի ունիվերսալ կամ վերացական պատկեր»:

1939թ. Հեփվորթը Նիքոլսոնի հետ տեղափոխվում է Սեյնտ Իվ` Քորնուոլում, ուր ապրում է մինչև իր կյանքի վերջը: 1940-ականներին նա կենտրոնանում է քանդակի ծավալի և տարածության հակադրությունների վրա: 1931թ. Հեփվորթը ստեղծում է իր առաջին սնամեջ քանդակները /ոչնչացել են պատերազմի ժամանակ / «Ծակած Ձև»:

Այսպիսով, արվեստագետն ամբողջովին ազատում է իր քանդակները պատկերայնությունից, սակայն միևնույն ժամանակ պահպանում այդ բիոմորֆ կամ բյուրեղյա պատկերների բնական օրգանական ռիթմը:

Արդեն 1950-ականներին նա միջազգային հռչակ ձեռք բերած ամենախոշոր քանդակագործներից է և արժանանում է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Այդ ընթացքում նա ավելի հաճախ է օգտագործում բրոնզը, հատկապես մեծ քանդակներ կերտելիս, սակայն մշտապես պահպանում է սերը փորագրության հանդեպ: Հեփվորթն ունենում է ողբերգական վախճան: 1975թ. մայիսի 20-ին մահանում է Սենտ Իվի իր արվեստանոցում բռնկված հրդեհից. այն այժմ ծառայում է որպես Հեփվորթի թանգարան:

 

Բարբարա Հեփվորթ

«Քանդակ» I

Քանդակի        ամբողջական արտահայտությունը տարածական է, այն ծավալի և տարածական կառույցի միջոցով որևէ գաղափարի եռաչափ իրականացումն է: Քանդակագործական նյութերն իրենց որակով, ուժգնությամբ և հարատևությամբ անսահմանորեն բազմազան են: Բայց որպեսզի պատկերավոր գաղափարը լիովին և ազատորեն արտացոլվի քարի, փայտի կամ որևէ այլ պլաստիկական նյութի մեջ, անհրաժեշտ է ամբողջապես զգալ նյութը, այսինքն` հասկանալ նրան բնորոշ հատկություններն ու բնույթը: Գաղափարի, նյութի և չափի միջև պետք է լինի կատարյալ միասնություն, որից ծնվում է մասշտաբը:

Գաղափարը` պատկերավոր կոնցեպտը, փաստորեն նյութը կյանքի կոչողն ու նրան կենսականություն տվողն է: Բայց երբ փորձում ենք սահմանել այդ հատկությունները, տեսնում ենք, որ դրանք ընդհանուր շատ քիչ բան ունեն քանդակի ֆիզիկական ասպեկտի հետ: Երբ ասում ենք, որ մեծ քանդակն ունի հրաշալի տեսք, ուժ, կենսականություն, մասշտաբ, հավասարակշռություն, ձև կամ գեղեցկություն, մենք չենք խոսում ֆիզիկական ատրիբուտների մասին: Կենսականությունը քանդակի ֆիզիկական,  օրգանական ատրիբուտ չէ. այն հոգևոր ներքին կյանք է: Ուժը մարդկային ուժ կամ ֆիզիկական հզորություն չէ, այլ` ներքին զորություն և էներգիա: Ձևի իրագործումը սոսկ եռաչափ զանգված չէ, այն հատուկ ընտրված, կատարելագործված մի ձև է, որն ունի գերազանց չափ և կերպ` գաղափարը քանդակի մեջ մարմնավորելու համար: Տեսնելը նայել չէ, այն մտավոր ընկալում է:

Կյանքի իրականության ըմբռնում, նյութական գոյության արտաքին մակերեսների ներթափանցում, որ արվեստի գործին տալիս է սեփական կյանք, նպատակ ու նշանակալի ուժ: Քանդակի ամենահիմնական հատկություններից է մասշտաբը, որն ընկալվում է միայն ինտուիտիվ կերպով, քանի որ այն ամբողջությամբ մտքի և տեսողության հատկություն է: Քանդակը ձեռք չի բերում և չի կորցնում իր հոգևոր նշանակությունը` կախված ֆիզիկական ատրիբուտների քանակից: Կենդանի երկը լիակատար համապատասխանություն ունի կոնցեպցիայի և իրականացման միջև. սակայն իրական ֆիզիկական կերտվածքը չի սահմանափակում ավարտուն գաղափարը:

Նշանակություն չունի` քանդակը ասիմետրիկ է, թե սիմետրիկ. այն ոչինչ չի կորցնում և ձեռք չի բերում սրանցից որևէ մեկը լինելուց: Օրինակ, կարող ենք ասել, որ ասիմետրիկ քանդակն ունի ավելի շատ դիտակետեր: Սակայն դա քանդակի բնույթի միայն մեկ կողմն է. ասիմետրիկությունը կարող է հանդիպել լարվածության, հավասարակշռության, տարածության հետ ներքին կենսական բախման և մասշտաբի մեջ:

Այն, որ մտքի պլաստիկական մարմնացումը կարող է գոյություն ունենալ միայն շնորհիվ իր ներքին ուժի, բայց ոչ ֆիզիկական բովանդակության, նշանակում է, որ նրա ձևերի ընտրության դաշտն ազատ է և անսահմանափակ` բազամաթիվ ձևերից մինչև մեկ ձև, անսպասելի խորություններ և համադրում` նրբագույնից ու շատ փոքրից մինչև շատ մեծը: Բոլորը հավասար են, առավելագույնս կենսունակ` համաձայն տեսողության ուժգնության:

Մասշտաբը ֆիզիկական չափում չէ, քանի որ որևէ փոքր իր կարող է ունենալ լավ, իսկ մեծ առարկան` խղճուկ մասշտաբ, թեև հաճախ մեծ քանդակներն ունենում են լավ մասշտաբ, քանի որ արվեստագետը նրանց կոնցեպցիային ավելի լրջությամբ և ուշադրությամբ է մոտենում:

Չափը կարող է ընդգծվել չափազանց մեծի և փոքրի համադրությամբ, սակայն սա քանդակային փոխհարաբերությունների միայն մեկ կողմն է: Կան քանդակներ, որոնք ունեն հրաշալի մասշտաբ` իրենց չափման և գաղափարի միջև գոյություն ունեցող հստակ և ճիշտ փոխհարաբերությունների շնորհիվ. քանդակն իր իսկ կենսականությամբ իր համար ստեղծում է տարածություն:

Գոյություն ունի քանդակային երկու հիմնական յուրահատկություն. առաջինը մեր ձեռքերի կազմած գրկախառնության սահմանների մեջ է, մյուսն ազատ է և կապ չունի մեր շոշափելիքի հետ: Երկուսն էլ ունեն մասշտաբի` իրենց առանձնահատուկ և տարբերակիչ հատկությունները, ինչը տարածություն և ծավալայնություն է ստեղծում իրենց շրջապատող ամեն բանի մեջ: Մասշտաբը կապված է մեր ամբողջ կյանքի հետ, գուցե նույնիսկ այն կյանքը զգալու մեր ողջ ինտուիտիվ կարողությունն է:

 

II

Ամենադժվար և բարդ ձևային հարաբերությունները պարտադիր չէ, որ քանդակին հաղորդեն լիակատար հոգևոր բովանդակություն: Շատ հաճախ, երբ միտքը դառնում է ավելի ազատ, գիծը հստակվում է, իսկ երբ սկզբունքները, – ավելի փոքր օրենքներ պարունակող օրենքները, –ըմբռնելի են, ձևերը պարզեցվում են և ուժեղանում: Ֆիզիկական աշխարհում մենք կարող ենք միևնույն ձևի անվերջանալի բազմազանության մեջ հայտնաբերել մեկ առանձնահատուկ ձև, որը ցույց է տալիս պարզեցված կառույցի ուժն ու ամրությունը. ձևը պարզ է, և նրա յուրաքանչյուր մաս ամբողջի հետ ճշգրիտ միասնության մեջ է: Սա պատահականություն չէ, այլ կանոնավոր անկանոնություն, մի գերազանց հաջորդականություն, որը հաղորդում է անհատական կյանքի առավելագույն արտահայտչականությունը: Եռաչափ իրականցաման մեջ միշտ առկա է այդ ճշգրիտ ձևը, կամ ձևերի հաջորդականությունը, որը կարող է լիովին և ազատորեն արտահայտել գաղափարը: Բայց գոյություն չունի որևէ բանաձև, որը կարենար բացահայտել այդ հաջորդականությունը. նախադրյալը խիստ սուբյեկտիվ է, իսկ տրամաբանական հետևությունը` միանգամայն ինտուիտիվ, – այն մտքի և միջնորդի բալանսի արդյունք է:

Այս տարբերությունների, անկատարությունների ու կատարելությունների ընկալումը օգնում է մեզ հասկանալ այն լեզուն, որ կիրառում է քանդակագործը արտահայտելու համար իր փորձառած ողջ զգացումն ու միտքը: Քանդակագործի խնդիրն է հասկանալ տարածության և ձևի աշխարհը, արտացոլել սեփական կյանքի և ժամանակի նկատմամբ իր անհատական ըմբռնումը, քանզի այն համապարփակ կերպով հարաբերվում է մտքի առանձնահատուկ պլաստիկական ընդլայնմանը, նրա գործն է նաև կենդանի պահել գոյության այս յուրահատուկ կողմը: Պարզ հասարակական լուծում ձեռք կբերվի միայն այն ժամանակ, երբ մտքի արքայությունում կտիրի լիակատար գիտակցում և երբ յուրաքանչյուր մաս անքակտելի կլինի ամբողջից:

Քանդակագործական տարրերը երկար ժամանակ անտեսվում էին և հաշվի չէին առնվում, մարդկանց` ձևի իմացությունը պակասել էր: Բայց այժմ հավասարակշիռ կրթության միջոցով, այսինքն` ձեռքի և գլխի առավել համաձայնեցմամբ շատ բան է արվում ձևերի մանկական ինտուիտիվ ընկալումները կենդանի պահելու համար:

Աշխարհն առանց ձևի գիտակցության հազիվ թե կարողանար գոյատևել ընդհանրապես: Ծավալի և զանգվածի, ձգողականության օրենքների, երկրի պարագիծը մեր ոտքերի տակ, ներքին կառուցվածքի հարվածների ու ստրեսների, տարածական տեղաշարժման և տարածական զանգվածի գիտակցումն ու ըմբռնումը, մարդու վերաբերմունքը լեռան և մարդկային աչքի վերաբերմունքը հորիզոնի հանդեպ և շարժման ու հավասարակշռության բոլոր օրենքները, սրանք, անշուշտ, կյանքի բուն էությունն են, սկզբունքներն ու օրենքները, որոնք մեր փորձառության կենսականացումն են, իսկ քանդակը գոյության ամբողջի նկատմամբ մեր զգայունությունը արտահայտելու մի միջոց է:

 

III

Կենսական ողջ ուժն այն տեսողության մեջ է, որը ներառում է ամբողջ ֆանտազիան, ինտուիտիվ երևակայությունը, գիտակցական ողջ ընտրությունը` արված փորձառությունից: Գաղափարները ծնվում են մեր գիտակցական և անգիտակցական կյանքի կատարյալ բալանսի շնորհիվ և իրագործվում են նույն այդ սինթեզի և հավասարակշռության միջոցով: Մի քանի գաղափարներից մեկի ընտրությունը և անցյալի փորձառության ամբողջությունը ներկա գաղափարին հարաբերելու ունակությունը` մեր գիտակից միտքն է. սուբստանցի մեջ գաղափարի ծավալման հանդեպ մեր զգայությունը, հենց շնչառության ակտի վերաբերմամբ, մեր անգիտակցական ինտուիցիան է:

«Աբստրակտը» մի բառ է, որն այժմ շատ հաճախ օգտագործվում է արտահայտելու արվեստի երկի միայն արտաքին ձևը. դա դժվարացնում է նրա գործածումը հոգևոր կենսական կամ ներքին կյանքի առումով, որ հենց իրական քանդակն է:

Աբստրակտ քանդակագործության հատկանիշներն առկա են բոլոր ժամանակների լավ քանդակներում, բայց նշանակալի է, որ ժամանակակից քանդակն ու գեղանկարչությունը դարձել են աբստրակտ մտքի և կոնցեպտի մեջ: Քանի որ քանդակային գաղափարն ինքնին անսահմանափակ է ու ազատ և կարող է ընտրել սեփական ձևերը, ապա կենսական կոնցեպտն ընտրում է իր արտահայտման ձևն ու նյութը բավականին անգիտակցաբար:

Արդի կոնստրուկտիվ գործը չի կորչում` չվայելելով մարդկային առանձնակի հետաքրքրություն, դրամա, վախ կամ կրոնական զգացում: Այն մեզ վրա խորապես ազդում է, որովհետև ներկայացնում է արվեստագետի փորձի և տեսողության ամբողջությունը, անանց գաղափարների հանդեպ իր ողջ զգայունությունը, այդ գաղափարներն իրագործելու նրա իղձը, քայքայման անցողիկ և լոկալ ուժերի լիակատար մերժումը: Դա բացարձակ հավատն է դեպի մարդը, բնապատկերը, ստեղծարար  գաղափարների  համընդհանուր ազգակցությունը: Իր գործի աբստրակտ ձևերն այժմ անգիտակցական են և ինտուիտիվ,արտահայտման նրա անհատական մաներան է: Նրա գիտակից կյանքը մարդկային դժվարություններին որևէ լուծում տալու ձգտում է` սեփական մտքերն իր նյութի միջոցով մշտապես իրականացնելով:

Եթե մենք ապրեինք այն ժամանակներում, երբ կենդանիների, կրակի պաշտամունքը, միֆը կամ կրոնը կյանքի ամենախոր էմոցիոնալ կողմերն էին, ապա քանդակը անգիտակցաբար կստանար ճանաչելի աստծո ձևը, և պատկերման ձևային աբստրակտ հարաբերությունները կլինեին գաղափարների կեսնականացման գիտկցական ուղի: Սակայն հիմա այդ ձևային հարաբերությունները դարձել են մեր միտքը, հավատը, արթնանալը կամ քնելը. դրանք կարող են դառնալ լուծում կյանքի և ապրելակերպի համար: Սա ո՛չ փախուստ է կյանքից, ո՛չ փղոսկրյա աշտարակ, ո՛չ էլ մեկուսացված վայելք իր համամասնության ու տարածության մեջ, այն մեր հավատն արտահայտելու անգիտակցական եղանակն է որևէ հնարավոր կյանքում: Գույնի և ձևի լեզուն ունիվերսալ է և միակը չէ որևէ հատուկ դասի համար (չնայած կարող էր լինել անցյալում). դա միտք է, որ յուրաքանչյուրին տալիս է միևնույն կյանքը, միևնույն աճը, միևնույն ունիվերսալ ազատությունը:

 

Արվեստագետն ապստամբում է աշխարհի դեմ, ինչպիսին որ գտնում է այն, որովհետև իր զգայունակությունը բացահայտում է նրա առջև մի հնարավոր իդեալիստական, բայց և պրակտիկ աշխարհի պատկերացում. իդեալիստական աշխարհ, որն իր մեջ ներառում է կենսականություն և անխռովություն, ներդաշնակություն ու դինամիկ շարժում, այսինքն` այն գաղափարների ազատության կոնցեպտը, որոնք ընդգրկում են ամեն ինչ, բացի նրանից, ինչը կարող է ծնել գաղափարների մահ: Իր ընդվզման մեջ նա կարող է ընտրել երկու ուղուց մեկը` բռնել հուսահատության ճամփան և խելահեղորեն փորձել դեն նետել այն ամենն, ինչը, թվում է, կանգնած է առկա և հնարավոր աշխարհների միջև. կամ էլ ոգևորությամբ հաստատել, վերահաստատել և ցույց տալ պլաստիկ նյութի մեջ իր հավատը, որ գաղափարների աշխարհը գույություն ունի: Նա կարող է ցույց տալ կառուցողաբար, հավատալով, որ ազատ գաղափարի պլաստիկ մարմնավորումը` հոգևոր ուժի ունիվերսալ ճշմարտությունը, կարող է անել ավելին, ասել ավելին, լինել առավել կենսունակ, քանի որ այն ճնշում չի գործադրում ոչ մի բանի վրա: Կոնստրուկտիվ գործը հենց ազատության մարմնացումն է և անգիտակցորեն ընկալվում է նույնիսկ այն մարդկանց կողմից, որոնք գիտակցաբար դեմ են դրան: Կյանքի ծարավը ամենաուժեղ ունիվերսալ հույզն է, այն բխում է մեր անգիտակցական զգայականության խորքերից, իսկ կյանք պարգևելու ցանկությունը այս ինտուիցիայի մեր ամենազոր, ստեղծարար և գիտակից արտահայտումն է:

 

Անգլերենից թարգմանությունը` Կարինե Մարգարյանի