2/10/2006

Հրապարակումներ Կոստան Զարյանի թղթակցությունները «Զարյա Վոստոկա» օրաթերթին

 

Կոստան Զարյանի (1885–1969) բազմալեզու մեծածավալ գրական ժառանգությամբ զբաղվողները դեռևս երկար ժամանակ հայտնաբերելու և ուսումնասիրելու շատ նյութ կունենան:

Բախտիար Հովակիմյանի` 2005-ին հրատարակված «Հայոց ծածկանունների բառարանի» շնորհիվ պարզվեց, որ Կոստան Զարյանը 1924–1925 թթ. աշխատակցել է Թիֆլիսի «Զարյա Վոստոկա» («Արևելքի արշալույս») ռուսերեն օրաթերթին` Կոստար գրչանվամբ: Այս մասին Հովակիմյանին վկայել է Զարյանն ինքը: Սկսելով տարերային որոնումներ «Զարյա Վոստոկայի» վերոհիշյալ տարեթվերի էջերում` մենք հայտնաբերեցինք ընդամենը երկու հոդված 1924 թվականի նոյեմբերյան համարներում, որոնք Իտալիայից ուղարկված թղթակցություններ են Վենետիկի միջազգային ցուցահանդեսի մասին: Առաջին հոդվածը` «ԽՍՀՄ-ը վենետիկյան կերպարվեստի ցուցահանդեսում» վերնագրով, լույս է տեսել նոյեմբերի 4-ի, իսկ երկրորդը` «Վենետիկյան միջազգային ցուցահանդեսում» վերտառությամբ, նոյեմբերի 11-ի համարներում: Ի դեպ, առաջին հոդվածը ստորագրված էր ոչ թե Կոստար, այլ Կաստոր, ինչը ակնհայտորեն տպագրական վրիպակ է:

Հարկ է նկատել, որ նույն ցուցահանդեսի մասին Զարյանը երկու թղթակցություն է ուղարկել նաև Երևանի «Նոր ակոս» գրական-գեղարվեստական շաբաթաթերթին` «Խորհրդային Միությունը վենետիկյան ցուցահանդեսում» (1924, թիվ 9) և «Վենետիկի միջազգային կերպարվեստի ցուցահանդեսը» (1924, թիվ 15-16) վերնագրերով:

Դրանք վերահրատարակել է Յուրի Խաչատրյանը 1999-ին Երևանում լույս տեսած Կոստան Զարյանի «Նավատոմար» ժողովածուում (էջ 202-213): Կարելի էր ենթադրել, թե այս թղթակցությունները մեկը մյուսի պարզ թարգմանությունն են, մինչդեռ կերպարվեստի մեծ գիտակ և խորահմուտ քննադատ Կոստան Զարյանը մշտապես նոր ասելիք է ունեցել իր տեսածի վերաբերյալ և տարբեր լեզուներով գրել է միանգամայն տարբեր հոդվածներ:

Կոստան Զարյանը ավելի քան մեկուկես տարի Երևանում ապրելուց և տեղի համալսարանում ընդհանուր գրականության պատմություն դասավանդելուց հետո 1924-ի հունիսին ընտանիքով վերադարձել է արտասահման (Ֆրանսիա, ապա`Իտալիա): Այստեղից նա աշխատակցել է Երևանի «Պայքար» և, ինչպես նշեցինք, «Նոր ակոս» և «Զարյա Վոստոկա» պարբերականներին: Սակայն վերջինի հետ Զարյանը նախկինում էլ կապ է ունեցել, որի գրական-մշակութային «Պլամյա» («Բոց») հանդեսում հրատարակել է «Մեր նկարիչները» հոդվածը (1923, դեկտեմբերի 1, թիվ 14):

Թարգմանաբար հրապարակվող երկու նորահայտ հոդվածները լրացնում են Կոստան Զարյանի արվեստաբանական ժառանգությունը: Չնայած առաջին թղթակցության ընդգծված գաղափարախոսական ուղղությանը (Զարյանը տակավին նոր էր հեռացել ԽՍՀՄ-ից և դեռևս հավատով էր լցված համայնավար երկրի հանդեպ), այն ևս մեկ անգամ ներկայացնում է Զարյան արվեստաբանի ինքնատիպ վերլուծությունները: Այն ոչ թե պարզ լրագրություն է, այլ արվեստի քննադատություն և գրականություն:

Հայ գրողին հայերեն թարգմանելը մեզ հետաքրքիր խնդիրներ առաջադրեց, նախևառաջ` ձգտել թարգմանության լեզուն հնարավորինս հարազատացնել Զարյանի հայերենին: Թեև մենք առհասարակ հակված ենք օտար բառերը թարգմանել հայերեն (տաղավար` պավիլյոնի, ապագայապաշտություն` ֆուտուրիզմի, նշանաբան` լոզունգի փոխարեն և այլն), սակայն տվյալ դեպքում որոշեցինք շատ բառեր գործածել այնպես, ինչպես Զարյանն է ժամանակին գործածել: Օրինակ, մենք «պրիմիտիվը» դիտմամբ թարգմանել ենք ոչ թե «պարզունակ», այլ «պարզուկ», քանի որ այս բառը Զարյանն արդեն գործածել էր նույն նկարչի մասին իր հայերեն խոսքում: Եվ կամ` Զարյանը երբեք չի գործածել բնանկար բառը, այլ` դաշտանկար, ուստիև մենք ևս ընդունեցինք այդ բառաձևը:

Թարգմանված տեքստի որոշ անուններ և իրողություններ, մեր կարողացած չափով ծանոթագրել ենք` զանց առնելով հանրահայտ անունները:

 

1.         ԽՍՀՄ-Ը ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ (Մեր սեփական թղթակցից)

Կարելի է առանց չափազանցության ասել, որ ԽՍՀՄ-ի պավիլյոնը ամենից հետաքրքիրն էր, ամենակենդանի կետը նկարների այդ հսկայական շուկայի, որ կոչվում է վենետիկյան կերպարվեստի ցուցահանդես:

Մեր պավիլյոնը մի գեղեցիկ պատասխան է բոլոր սպիտակգվարդիականներին, որոնք անդադարում շեփորում են, թե ԽՍՀՄ-ում ամեն ինչ մեռել է, ամեն ինչ հանգել, և բոլոր մշակութային արժեքները ոչնչացել են:

Վենետիկում ներկայացված մեր նկարիչներն ապացուցեցին, որ հին կերպարվեստի բոլոր արժեքները ոչ միայն պահպանվել են, այլև փորձ է արվում կերտել այն նորը, որն անվիճելիորեն կդառնա ծնվող պրոլետարական մշակույթի հիմքը:

– Պետք է խոստովանեմ,– ինձ ասաց արվեստի հայտնի գիտակ, տաղանդավոր քննադատ Բարբանտինին1,– որ ռուս նկարիչների ցուցահանդեսն ինձ զարմացրեց: Բոլորը մեզ ասում էին, թե Ռուսաստանում մակերեսային պլակատայնությունից բացի ուրիշ ոչինչ չկա, իսկ այստեղ մենք հանկարծ տեսնում ենք նկարների մի ամբողջ շարք` մեծ մասամբ հետաքրքիր և նշանակալից: Մինչդեռ ասում էին` ամեն ինչ կործանվել է…

Եթե ուշադրություն դարձնենք, որ ցուցահանդես են այցելում տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք գալիս են Իտալիայի բոլոր ծայրերից և արտասահմանից, ապա հեշտ է հասկանալ, թե ինչ մեծ նշանակություն ունի այն մեզ համար քարոզչության առումով, արվեստի ասպարեզում մեր նվաճումները ծանոթացնելու առումով: Վենետիկյան ցուցահանդեսը ԽՍՀՄ-ի կողմից առաջին փորձն է` մշակութային ասպարեզ դուրս գալու և մյուս մեծ երկրների հարևանությամբ ցույց տալու այն խորը ներքին աշխատանքը, այն անվիճելի ձեռքբերումները, որ բերել է հեղափոխությունը:

Վենետիկում մեր պավիլյոնի շուրջը շատ վեճեր եղան: Իտալացի քննադատների մեծ մասը մեր նկարիչներին վերաբերվում էր մեծ համակրանքով և որոշ զարմանքով: Սակայն իտալական կյանքի ժամանակակից ազգայնամոլական պսիխոզը չէր կարող չարտահայտվել կիսապաշտոնական, այսպես ասած, ակադեմիական քննադատների կարծիքներում:

–Խորհրդային հանրապետությունների պավիլյոնը,– ասում էին նրանք,– լարած ռումբ է, սակայն մենք ենք տվել այդ ռումբի նյութը (նկատի ունեն տեխնիկական նյութը):

Եթե հարցը վերաբերեր հին վարպետներին` Տրեչենտոյից մինչև 18-րդ հարյուրամյակը, Վերածննդի հզոր դարաշրջանին, ապա, անշուշտ, մենք չէինք վիճի: Իտալիան հայրենիքն է հիանալի գեղարվեստական դպրոցների, հանճարեղ վարպետների, անգերազանցելի ստեղծագործությունների, որոնց բոլորն էլ պարտական են, որոնցից բոլորն էլ սովորել են:

Սակայն չէ՞ որ խոսքն այդ մասին չէ: Խոսքն այն նոր հոսանքների և նոր արժեքների մասին է, որոնք այսպես թե այնպես արտացոլվել են ռուս նկարիչների գործերում: Այդտեղ իտալական ժամանակակից նկարչությունը մեղք չունի: Իտալացի նկարիչները տաղանդավոր կերպով կրկնել են (այն էլ մի քանի տարի հետո) Վան Գոգին, Դերենին, Մատիսին, կուբիստներին, և առայժմ, չնայած բարձրագոչ հայտարարություններին, ոչ մի դրական, տիպիկ իտալական արժեք չեն դրսևորել: Եվ անգամ նույն այդ վերադարձը կլասիցիզմին, խստաշունչ նկարին, նկարի տրամաբանական կառուցմանը, զուսպ գույներին, որոնց մասին այստեղ այնքան շատ են գրում, ընդամենը փարիզյան վերջին մոդայի ուշ նմանակումն է:

Ֆուտուրիստները, իտալական կյանքի թանգարանային մթնոլորտի միակ կենդանի մարդիկ, վաղուց արդեն կազմալուծվել են, և եթե այսօր, ոգևորված խորհրդային պավիլյոնով, նրանք աշխարհի տարբեր կողմեր հեռագրեր են ուղարկում, թե «շուտով Միլանում նշանակված է ֆուտուրիստական համագումար, որպեսզի մարդկային մտքին տրվի նոր ուղղություն», այն հերթական դատարկահունչ կոչերից մեկն է, որ ոչ մեկի ոչինչ չի պարտավորեցնում և որին բոլորը սովոր են վերաբերվել քմծիծաղով:

Ոչ մի կերպ չժխտելով Իտալիայի ժամանակակից նկարիչների բոլոր փորձերի արժանիքը, նրանց մշակութային կարևոր դերը, այնուամենայնիվ, ես չեմ տեսնում ոչ մի այնքան նշանակալից երևույթ, որը կարող է ուժեղ ներազդել ռուս նկարիչների վրա, որոնք այժմ ներկայացված են Վենետիկում:

Ազդեցություն կա, սակայն այն գալիս է ուրիշ կողմից` Վան Գոգից, Դերենից, Մատիսից և ուրիշներից: Եվ ապա, վերջիվերջո, այս կամ այն տեխնիկական նրբության կամ նկարի կառուցման և գույների ըմբռնման նոր մոտեցման ձեռքբերումը չի կարող նպատակ լինել, այլ միայն միջոց` տվյալ իրականության կամ տվյալ ապրումների արտահայտման համար:

Եվրոպացի նկարիչների համար, մեծ մասամբ, տեխնիկական որոնումները գլխավոր մտահոգություն, գրեթե նպատակ են:

Ժամանակակից կյանքի անկումային մթնոլորտում նկարիչն իրեն զգում է իրականությունից օտարացած, սոցիալական պայքարից դուրս, միայնակ և չբավարարված: Նրա ներքին աշխարհն անկայուն է և ծանր, նա աջից ձախ է նետվում, հենակետ է փնտրում իր արվեստի մեջ ու չի գտնում և վերջիվերջո իր հոգեկան ժայթքումն արտահայտում է տեխնիկայի մեջ: Նա նման է մանուկի, որն ամեն ինչ ջարդում է, փորձում է բոլոր միջոցները` դրսևորելու համար իր եսը, արտահայտելու իր անհատականության այն էությունը, որն ինքն էլ չի հասկանում:

Հաճախ այս պրոցեսը կատարվում է` տուրք տալով մոդային, կամ էլ նկարների վաճառականին, որի աքցանների մեջ է գտնվում նկարիչը: Վաճառականը մի խորամանկ միջնորդ է իրազեկ հավաքորդի և մոդայիկ նկարչի միջև: Գլխավորապես դրանով կարելի է բացատրել նոր տեխնիկայի կատաղի հետապնդումը ժամանակակից եվրոպացի նկարիչների կողմից:

Վենետիկյան ցուցահանդեսում ռուս նկարիչները հետաքրքիր են հենց նրանով, որ նրանց մոտ չի զգացվում այդ խորթացումը կյանքից: Տեխնիկան, նույնիսկ նորագույնը, նրանց համար միջոց է` արտահայտելու նոր տրամադրություններն այն հեղափոխական մթնոլորտի, որի մեջ նրանք ապրում են:

Եվ երբ իտալացի «ակադեմիկոսները» հայտարարում են, թե ռուս նկարիչները ցանկանում են մեզ զարմացնել մեր իսկ, արդեն իր դարն ապրած տեխնիկայով, նրանք չեն հասկանում, որ այդ տեխնիկան խորհրդային մթնոլորտում բնական և անհրաժեշտ է, մինչդեռ բուրժուական Եվրոպայի համար այն ընդամենը հետաքրքիր և անհասկանալի հորինվածք է:

Վերցնենք թեկուզ Աննենկովի2 դիմանկարները, և հատկապես Տրոցկու վիթխարակերպ դիմանկարը, որն այնպես բոլորի ուշադրությունն է գրավում:

Այստեղ կուբիզմը գեղեցիկ ձևով կիրառված և բոլորին հասկանալի է, քանի որ անխուսափելի միջոց է դեմքի և միջավայրի դինամիկության արտահայտման համար: Հեղափոխական Կարմիր բանակի ոգին իր անզուսպ պոռթկման մեջ, անողոք պայքարի մթնոլորտը գեղեցիկ կերպով ձևավորվել են այդ տեխնիկայի կոտրտված գծերի և վերակառուցված պլանների մեջ:

Կուբիզմը շարժում է շրջանակներից դուրս: Գծերի և պլանների անկյունայնությունը, սահմանագծված ձևերի մեկուսի գունեղ մեկնաբանությունը և վրձնի ենթարկումը ինքնուրույն երանգայնությանը հաղորդում են բնական շարժում խորության և լայնության մեջ… Երկրաչափական ձգտումը, ողորկությունների և խորանարդների մեքենական շարժումը վերափոխվում են գծերի և գույների մոլեկուլային շարժման:

Այն ժամանակ, երբ եվրոպացի նկարիչների գործերում այս տեխնիկայի կիրառումը մեծ մասամբ թողնում է ինչ-որ անավարտի, անհասկանալիի, բնությունից օտարացածի տպավորություն, Աննենկովի գործերում` հատկապես Տիխոնովի, Պոլենսկու, Տրոցկու դիմանկարներում, այն փոխարկվում է թրթռացող մթնոլորտի, շարժման, իրականության:

Այնտեղ ոգին համապատասխանում է ձևին:

Եվրոպական արվեստում կան ընդհանուր հոսանքներ, որոնց ազդեցությանը ենթարկվել են գրեթե բոլոր ժամանակակից նկարիչները: Սեզանի անունը ճակատագրորեն կապված է մեր օրերի մշակութային շարժումների բոլոր քիչ թե շատ խոշոր երևույթների հետ: Տարօրինակ կլիներ, եթե ռուսական նկարչությունն իր նվաճումների մեջ անտեսեր նման երևույթը և իր մեջ չարտացոլեր նրա լավագույն կողմերը:

Ոչ մի կասկած չկա, որ իր զարգացման ընթացքում, խորացնելով և արտահայտելով ժամանակակից դարաշրջանի հեղափոխական ոգին` ԽՍՀՄ-ի արվեստը կկարողանա վերջիվերջո բացարձակապես ազատվել օտար ազդեցություններից և դնել այն նոր արվեստի հիմքը, որը նրանից սպասում են: Սակայն մշակույթը մեկ օրում չի ստեղծվում. արվեստում նոր արժեքները հեշտ չեն տրվում, տարիներ են անհրաժեշտ, պետք են նոր գիտակցության կազմակերպում և տեխնիկական նյութական հնարավորություններ:

Առայժմ ոչ մի տեղ չի զգացվում այնքան աշխուժություն, բերկրալից, լուրջ աշխատանք, որքան այստեղ` խորհրդային պավիլյոնում: Ցուցահանդեսի այս հատվածն ուրախ տեսք ունի, լեցուն է կյանքով, այնտեղ վառ և արևոտ կերպով զգացվում է անզուսպ պոռթկում, թեթև և անկաշկանդ թափ, ընդարձակություն:

– Այստեղ հողի բույր կա, կարծես գարուն լինի այստեղ,– ասաց ինձ մի ծանոթ իտալացի:

Նա իրավացի էր. այստեղ ամեն ինչ երիտասարդ է:

Ես դիտմամբ հետևում էի այցելուների տրամադրությանը: Ահա նրանք լուռ թափառում են իտալական պավիլյոնի մեծ սրահներում: Դիտում են, լրջորեն ինչ-որ բան են փնտրում և շուտով հասկանում են: Այստեղ ամեն ինչ ասված է հասարակ բառերով, ամեն ինչ նկարչական է և նրբորեն գեղեցիկ:

Հոլանդացիների մոտով նրանք անցնում են արագ (և ափսոս, որ այդքան արագ) անվերջանալի փորագրությունների մոտով: Բելգիացիների մոտ լրջանում են, հաճախ փոխում են դիրքը, կարծես հարմար հենակետ են փնտրում, և երկար նայում են կատալոգի մեջ:

Իսպանական պավիլյոնում նրանց համար մի քիչ սարսափելի է. նրանք նկարներին նայում են որպես հեռավոր համայնապատկերի: Արագ անցնում են անգլիացիների մոտով, վազելով կտրում դահլիճները` գրեթե կանգ չառնելով, և մտնում են ֆրանսիացիների մոտ: Ինչ-որ բան են փնտրում և զարմացած նայում են միմյանց: Այցելուները հոգնել են: Մի րոպե նստում են այգում և նայում ինչոր տեղ հեռուն: Նրանց համար ձանձրալի է, նրանք բավարարված չեն:

Գերմանացիների մոտ ծանր է: Բոլորը ծանոթ բաներ են, այդ բոլորը տեսել են վերատպություններում:

Սակայն ահա վերջին պավիլյոնը: Մտնե՞լ, թե՞ չմտնել: Նայում են` տարօրինակ ճարտարապետություն: Ինչ-որ մեկը ցույց է տալիս մեծ կարմիր դրոշը: Խորհրդային Ռուսաստան, բոլշևիկներ. ո՞վ գիտի, ի՞նչ մտքեր են անցնում լրիվ հոգնած և հիասթափված այցելուների ուղեղներով: Եվ կարծես թե նրանք մի քիչ վախեցած են: Սակայն ահա վճռում են մտնել, բարձրանում են սանդուղքներով և ինչ-որ բան են շշնջում:

Այստեղ ամեն ինչ վառ է, ամեն ինչ գունագեղ և բերկրալի: Այստեղ իրական կյանքն է: Եվ այցելուն ուրախանում է, վերստին առույգանում, սկսում է ժեստերով խոսել, վիճաբանել: Դիմում է հարևանին, խնդրում բացատրել, հարցնում է գները, հեռանում է և նորից վերադառնում: Այստեղ իրեն լավ է զգում, չնայած Տրոցկու մարտական ժեստին, կարմիր դրոշներին, հեղափոխական մոտիվներին: Իսկական արվեստն անում է իր գործը:

Ահա Կոնչալովսկին` 3 բարդ, հարուստ և անմիջական: Նրա գույները թրթռում են, և նյութն ապրում է րոպեական կյանքով: Նա որսում է ակնթարթը, բարդացնում և մասնատում է նկարի ռիթմը, աչքի է զարնում և լայն վրձնահարվածներով պատկերում թռուցիկ տպավորությունների ուրվագծերը:

Ահա Գրաբարը` պատկառելի և խիստ իր վառ իմպրեսիոնիզմի մեջ: Արխիպովը, որի նատուրալիզմը բնական է և բաց, հարուստ և վիրտուոզ, նկարը համարձակ է, և իրեղեն բազմազանությունը տրված է դրական երանգապնակով:

Ահա «Բուբնովի վալետ» խումբը` Կուպրինը, Ռոժդենստվենսկին, Կոնչալովսկին, որին արդեն հիշեցի: Այստեղ գույների բերկրանք է: Ձևի խնդիրները մի կողմ են թողնված, տարածական հարաբերակցություններ գրեթե գոյություն չունեն, բայց փոխարենը գույնը բնության երևույթների կենտրոնն է, էությունը: Որքա~ն հետաքրքիր լուսային էֆեկտներ կան և ինչպիսի~ մոտեցում իրեղեն-գունային հարստություններին:

Ահա օրիենտալիստների շլացումը` Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ, որի հանդեպ երիտասարդ քննադատներն արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Նրա` փոքր-ինչ ծայրահեղ դեկորատիվ մոտիվները, հիանալիորեն պատկերված հայկական բնանկարի համադրումները գույներով, նրա արբեցումը գորգային էֆեկտներով, նրա հեռապատկերի գլխապտույտ հեռուն`ամեն ինչ նոր է և հետաքրքիր: Հետաքրքրությունից զուրկ չէ նաև կոնստրուկտիվիստների լաբորատոր աշխատանքը: Նման, տվյալ պահին դեռևս ոչինչ չասող, աշխատանքն անշուշտ անհրաժեշտ է, քանի որ նրա մեջ տեսանելի է ստեղծագործական կիրք, եղածից անբավարարություն, նոր մշակութային արժեքներ ստեղծելու ծարավ: Ո՞վ գիտի, գուցեև նրանք հասնեն իրենց նպատակին: Ներկա պահին մեզ հետաքրքրում է նրանց աշխատանքի բուն պրոցեսը, նրանց որոնումների սկզբունքը: Մենք սիրում ենք նրանց հավատը:

Այն, ինչ որ առայժմ չկա` սյուժեների և կառուցումների վիթխարակերպությունն է, հեղափոխական ոգու, և եթե կուզեք` կենցաղի ամբողջական արտացոլումը:

Նոր մշակութային ստեղծագործության պաթոսը դեռևս չի արտացոլվել ռուսական նկարիչների գործերում, սակայն արդեն կան բոլոր տվյալները, որպեսզի մերկ փաստը վերածվի գեղարվեստական խորհրդանիշի:

Հենց դա էլ զգում է արտասահմանցի այցելուն: Հենց դա էլ նա սիրում է:

 

ԿԱՍՏՈՐ Վենետիկ

 

2.         ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

(Մեր սեփական թղթակցից)

Վենետիկը երազանքի քաղաք է:

Լագունայի լազուրը, նրբագեղ գոնդոլների հանդարտ ճողփյունը, սուրբ Մարկոսի բյուզանդական եկեղեցու վառ ոսկեզօծը, բարակ սյուների վրա կախված հսկայական աղյուսե դագաղ Դոժերի պալատը և ծիրանին, Սանսովինոյի4 քանդակի փայլը, ամեն, ամեն ինչ այստեղ ենթարկված է մի նշմարելի երաժշտական ռիթմի և ինչ-որ ներդաշնակության, որը մենք անվանում ենք գեղեցկություն:

Վենետիկը հիշողությունների քաղաք է: Վենետիկն ապրում է հեռավոր անցյալով. արևելքով, որտեղից բերեցին նրա ճարտարապետության լավագույն մասերը, նրա նկարչության հարուստ պատկերները, նրա խճանկարների թանկարժեք քարերը և նույնիսկ սուրբ հովանավորի` սուրբ Մարկոսի գողացված նշխարները: Ժամանակակից կյանքի պողպատյա կանչին Վենետիկն արձագանքում է իր զանգերի արծաթե համաղողանջով, լուռ, մահվան մասին խոսող իր ժպիտով և իր պալատների խամրած ոսկով: Նա ապրում է իր անջատ, մեկուսացած կյանքով, ինչպես մի թանգարան, ինչպես մոպասանյան կոթողը Փարիզի հրապարակում: Այն ոչ պիտանի, սակայն շքեղ իրողություն է:

Այստեղ Վագները, մորմոքվելով խոր վշտից, գրել է իր «Տրիստանի» լավագույն էջերը, և Նիցշեն Վենետիկն անվանել է civitas metaphysica` «մետաֆիզիկ քաղաք», անկման, մահվան քաղաք` ատելությամբ լցված իր մեծ ընկերոջ հանդեպ այն բանի համար, որ նա այստեղ է գրել «Տրիստանը»5:

Զուր է ժամանակակից արդյունաբերական կյանքի մուրճը բախում նրա դռները, ներխուժում նրա խուլ ջրանցքների մեջ, մեծ նավահանգիստ կառուցում նրա իսկ լագունայի մեջ, ֆաբրիկաներ` մոտակա Մեստրեում, մեծ ջրանցք` ընդհուպ մինչև Միլան: Վենետիկը պաշտպանվում է իր անհամար ջրանցքների և կամրջակների քնատ ջրերով, ննջում է գեղեցիկ քնով և աղքատ թագուհու պես վաճառում է իր ժպիտները:

Եվ առևտրականների մի մեծ խումբ, որ զբաղվում է հիշողությունների և պերճանքի հին առարկաների չարաշահմամբ, եռում է Վենետիկի պալատներում և ջրանցքներում և աղմկոտ ու աներեսաբար առևտուր է անում այն ամենով, ինչը մի ժամանակ կազմել է նրա մեծության, հզորության և հարստության հայտանիշը:

Վենետիկյան կերպարվեստի ցուցահանդեսը նույնպես օտարազգիներին գրավելու համար ստեղծված անհամար առևտրական ձեռնարկություններից մեկն է:

Ռեկլամներ…

–          «Աշխարհի լավագույն լողափը» Լիդո կղզո~ւմ:

–          Նկարների վերատպություններ և արհեստական քարե~ր:

–          Ժանյակնե~ր:

–          Գոնդոլներ և հյուրանոցնե~ր: Էժանագին սերենադնե~ր:

–          Գեղարվեստական ցուցահանդե~ս:

–          Լուսնի լո~ւյս:

Այստեղ հանդիպում են նաև արտաքին գործերի նախարարներ: Գնում են, վաճառում: Ո՞վ ավելին կտա:

 

***

Շոգենավիկներ`         Վենետիկի      «տրամվայները»6: Քաղաքի ծայրամասում` մեծ պարտեզ7: Ինչպես ամենուրեք` Գարիբալդիի հուշարձանը. կանգնած է ժայռին, պատրաստ մարտի: Վատ արձան է, ինչպես Գարիբալդիի գրեթե բոլոր արձաններն Իտալիայում:

17-րդ դարի սկզբից մինչև մեր օրերն արվեստն Իտալիայում անկման մեջ է: Նոր` երրորդ Իտալիան, որ միավորման առաջին տարիներին խանդավառությամբ էր լի, հրապարակները ծածկեց իր հերոսների անհամար արձաններով և այժմ միայն հասկացավ, որ այդ ամենն արել է անտաղանդ կերպով: Վերջին անճաշակությունը Վիկտոր Էմանուելի8 վիթխարի հուշարձանն է Հռոմում: Նրա վրա քառասուն միլիոնից ավելի գումար են վատնել և ապա սարսափել են: Այժմ փորձում են շտկել կատարած սխալը, սակայն ուշ է… որքան շատ են շտկում (ոսկեզօծ արձաննե՛րը), այնքան վատ տեսք են ստանում:

Այստեղ, այս գեղեցիկ պարտեզում, որ ստեղծել են Նապոլեոնի հրամանով, բոլոր հուշարձանները գորշ տեսք ունեն և փչացնում են ծառուղիները: Եվ ով ասես այստեղ չկա. և՛ Վագները, և՛ Գունոն, և բազմաթիվ անհայտ հայտնիներ: Պարտեզի խորքում մի մեծ հրապարակ է և տարբեր երկրների պավիլյոնները:

Իտալիան Գալիլեո Կինիի9 մոդեռն ոճն է` իր որմնանկարչությամբ: Ծանր ոճ է, որտեղ ամեն ինչ խառնված է` Վերածննդի դարաշրջանը նախառաֆայելյանի հետ:

Կողքին Հոլանդիան է, Բելգիան, Հունգարիան և ուրիշներ: Վերջում, հենց լագունայի մոտ, ԽՍՀՄ պավիլյոնն է: Մեծ կարմիր դրոշ և լուսամուտից` Տրոցկու հսկայական դիմանկարը` ցուցահանդեսի լավագույն դիմանկարը:

Սակայն սկսենք իտալական պավիլյոնից:

 

 

***

Իտալական արվեստի վերջին տասնամյակներն անցել և զարգացել են ֆուտուրիզմի նշանաբանի ներքո: Մարինետտիի10 դպրոցն Իտալիայում հասկանալի էր և պիտանի:

Այն բուրժուական ապստամբություն էր քարացած գավառի դեմ: Իտալական արդյունաբերությունը սկսել էր զարգանալ, և նրա որոշ բնագավառներ, օրինակ` ինքնաշարժների արտադրությունը, կարող էին մրցել միջազգային շուկայում: Միլանը ստենդալյան գավառից վերածվել է մեծ արդյունաբերական կենտրոնի, և իտալական կյանքի նոր տրոփյունն արդեն զարկում էր նրա գործարաններում: Նոր արդյունաբերությունը նոր շուկաներ էր փնտրում և ամենից առաջ ցանկանում էր նվաճել ներքին շուկան:

Ֆուտուրիզմը նրան հասավ օգնության:

Դասական արվեստի անշարժության փոխարեն ֆուտուրիզմը հռչակեց արտադրության նոր կազմակերպման շարժունությունը: Պայքար գնաց ընդդեմ անցյալի, ընդդեմ նրա գավառի` իր հայեցողական և անշարժ կյանքով հանդերձ, ընդդեմ մակաբույծ քաղաքների, որոնք ապրում են օտարերկրացիների հաշվին, ընդդեմ թանգարանների, ընդդեմ հուշարձանների:

Օրվա աստված հռչակվեցին ինքնաշարժը, օդանավը, էլեկտրականությունը:

Միլանը ջանում էր նվաճել Իտալիան:

Անցան տարիներ: Լոմբարդիան նվաճեց բազմաթիվ նոր շուկաներ, սակայն ֆուտուրիզմը, որպես նոր արվեստի դպրոց, չնվաճեց իտալացիներին: Ֆուտուրիզմը չտվեց ոչ մի նշանակալից ստեղծագործություն և մեռավ:

Մարինետտին, այդ նրբագեղ ապստամբը, սուսուփուս ամուսնացավ և (օ~ սարսափ), ապրում է գեղեցիկ Կապրի11 կղզում և բանաստեղծություններ է գրում լուսնի մասին:

Կարրան և Բոլան12 վաղուց թողել են նոր դպրոցը և վերադարձել են դասականությանը: Ֆուտուրիզմի մասին Իտալիայում այլևս չեն խոսում:

Եվ ամեն ինչ ընթացավ` ինչպես առաջ:

Այստեղ շատ դահլիճներ և հազարավոր նկարներ ու հարյուրավոր քանդակներ կան, սակայն չկա ոչ մի նշանակալից ստեղծագործություն, որի առջև մարդ կանգ առնի:

Ամենուրեք իտալական թեթևությունն է ու գեղեցկությունը: Տաղանդի դրոշմ, նկարելու և գույների ներդաշնակությունից օգտվելու կարողություն, ակադեմիական ճշգրիտ կառուցում և հաճախ` վարպետություն: Սակայն խորություն չկա: Չկա և ինքնատիպություն:

Իտալացիները կրկնում են Փարիզին տասը տարի անց: Համոզվածություն չկա: Կարծես նայում են աչքերիդ` լա՞վ է արդյոք:

Շատ են խոսում Սպադինիի13 մասին: Տաղանդավոր, սովորական նկարիչ: Վարպետություն և թեթևություն: Գույների պայծառություն, բնականություն: Չի ձևացնում, գիտի` ինչ է ուզում: Տեսնում է իր աչքերով և մատուցում է անմիջականորեն: Նրա նկարների տոնայնությունը և

գծերը ներդաշնակված են զգացումին:

Նրա մեջ կա որոշ լիրիզմ, սակայն չկա թափ, չկա պոռթկում: Սպադինին ազնիվ նկարիչ է:

Խոսում են նաև Ֆելիչե Կազորատիի14 մասին: Նրա շագանակագույն երանգների ներքո մոլեգնում է ներքին, խորունկ կյանքը: Նա աղքատ է գույների մեջ, սակայն նրա մարմինների գծերը համարյա քանդակային են և դուրս են գալիս շրջանակների միջից: Այնտեղ որոշ մետաֆիզիկություն կա, սակայն` թվացյալ: Նա պարզապես նայում է կյանքին որպես շատ լուրջ և շատ կարևոր բանի: Պարզուկ է և խիստ: Նա հավանաբար միակ նկարիչն է ողջ պավիլյոնում, որ փնտրում է, սակայն նրա փնտրտուքը գույներից դուրս է, ավելի շուտ` գծերի և արտահայտությունների մեջ:

Երկրորդական նկարիչների մի քանի ստեղծագործություններում առկա են ժամանակակից քաղաքական կյանքի արձագանքներ:

Պոմեոլինիի ֆաշիզմն անճաշակ է և վատ: Երիտասարդների ամբոխը, որ ձգտում է նոր կյանքի, վատ է պատկերված և կեղծ է գույների մեջ: Մուսոլինին պատկերված է քանդակով: Ադոլֆե Վիլդը նրան դարձրել է վատ դիմահարդարված դերասան: Կեղծ և շինծու: Սակայն, հավանաբար նա հենց այդպիսի՞ն է:

Ֆուտուրիզն անցավ` հետք չթողնելով, և գավառն ապրեց իր հին, քաղքենի կյանքով ավելի վատ, քան առաջ:

Բոլոր այդ Տիտոները, Միկետիները15, Կինիները և Պոմեոլինիները և հազարավոր մյուսները վաղուց արդեն ձանձրացրել են, վաղուց դադարել են աշխատել ու ապրել և իտալական արվեստին նոր խոսք չեն ասում:

 

***       

Հոլանդացիները:

Այս տարի ոչ մի նկար և ոչ մի քանդակ չեն ուղարկել: Երեք դահլիճ` փայտանկարներով: Պատերից աչքի են զարնում սև ստվերներ, ինչպես մթնշաղի մեջ գոթական տաճարների տարօրինակ կերպարանքները:

Շատ շարժում, շատ կյանք:

Համարձակ,    կտրուկ հարված և հարուստ երևակայություն: Մոլեգին ծովի փրփացող ալիքների մոտ Քլոսթերի մերկ «Ձկնորսները» որսում են արտասովոր ձկներ: Էքմանը պատկերում է «Հայրերի», որոնք նոր կյանք են կերտում և նպատակասլաց գնում են ինչ-որ հեռու տեղ: Էսերսը16 մի քանի շտրիխով հաղորդում է «Գարնան» ողջ պոեզիան, և նրա փորագրությունը շնչում է թե՛ լռությամբ և թե՛ ուրախությամբ:

Արտասովոր եկեղեցիներ արտասովոր Քրիստոսներով: Աշտարակներ և պողպատե զրահներով ռազմիկներ: Բազմաթիվ դիմանկարներ և ողջ Հոլանդիան` իր հողմաղացներով և ջրանցքներով:

Այստեղ ամեն ինչ հետաքրքիր է և ամբողջական:

 

 

***

Բելգիան ուղարկել է ժամանակակից թանգարանային վարպետների: Գրեթե ոչ մի նոր բան չկա, բայց փոխարենը այստեղ կարելի է տեսնել Լարմանսի17 ստեղծագործությունների ողջ հավաքածուն:

Խուլ և համր նկարիչ Լարմանսը: Եվ նրա բոլոր հերոսները կարծես նույնպես խուլեր և համրեր են: Փոխարենը` ի՛նչ ուժգնություն և ի՛նչ պարզություն:

Ահա բանվորների և կանանց հազարանոց ամբոխը, որ կարմիր դրոշով գնում է ֆաբրիկա` բողոքելու: Լուրջ և խիստ դեմքեր, մկանուտ մարմիններ. միասնական, անընկճելի կամքի մարդիկ, որոնք պայքարում են ավելի լավ վիճակի համար:

Զգացվում է զանգվածի շարժումը` իր իրավունքի խորին գիտակցությամբ միաբանված: Նկարը խորապես մտածված է և գեղեցիկ վրձնված:

 Ահա նշանավոր «Կույրը և կաթվածահարը», «Հին ջրաղացը», «Ձմեռը» և շատ ուրիշներ: Լարմանսն ամենաուժեղ ժամանակակից բելգիացի նկարիչն է, գույների զարմանալի իմացությամբ, ձևի պարզությամբ և դաշտանկարի մեջ խորին թափանցությամբ: Նա անմիջական է և վառ, ողբերգական և հասարակ: Նրա մեջ կա ողջ նորաձև Վերհառնը18 և ողջ ֆլամանդական դպրոցը` ժամանակակից արդյունաբերական կյանքի պրիզմայի միջով:

Նոր է Կրետեն Ժորժը: Ամեն ինչ երկրաչափորեն պարզ է: Գույները դասավորված են երեխայորեն, առանց խառնուրդի, բայց որքա~ն տրամադրություն կա այդ կանանց մեջ` խայտաբղետ շալերով և մեր աչքերին պարզորեն նայող:

Գեղեցիկ է Էմիլ Կլոզի19 «Հուլիսյան երեկոն»: Այն իմպրեսիոնիզմի բարձրագույն արտահայտություն է: Գույների և լույսի ի՛նչ հարստություն, և ի՛նչ հզոր, առողջ պոեզիա:

Ժան Անսորն, ինչպես միշտ, տարօրինակ է և հանճարեղ: Նրա «Հրեշտակների անկումը» երևակայությամբ հիշեցնում է միջնադարյան ֆլամանդացի վարպետներին, իսկ «Ծեր մելամաղձոտ կանայք» նկարը կծու սատիրա է, համարձակ ու նաև` գեղարվեստական: Անսորը կարողանում է նաև լուրջ նկարիչ լինել, ինչպես, օրինակ, «Գորշ հագած կինը» կտավում: Գեղեցիկ դիմանկար` ձևով և գույներով. արտահայտիչ, վառ և պարզ: Նրա մոտ ռուբենսյան վրձինը երբեմն միախառնվում է Դեգասի20 վարպետությանը: Նա դիպուկ է և իրավացիորեն անողոք, այստեղից էլ նրա ողբերգականությունը:

Ֆրանսիական պավիլյոնում ձանձրալի է: Ամեն ինչ վաղուց և բոլորին հայտնի է:

Էմիլ Բեռնար, Ալբերտ Բենար, Ժյուլ Ֆլանդրեն և tutti quanti21:

Անատոլ Ֆրանսի գեղեցիկ դիմաքանդակը, որ քանդակել է Բուրդելը:

Անգլիան, Գերմանիան, Հունգարիան, Իսպանիան, թվում է, թե այստեղ կարող էին տալ վերջին տարիների լավագույն ջանքերի ռետրոսպեկտիվ պատկերը:

Ընդհակառակը, նախընտրել են անգույն, վաղուց բոլորին հայտնի նկարիչների:

Բոլորը կարծես վախենում են նոր երևալ: Որպեսզի չլինի կասկած և հեղափոխականություն: Բոլորը պաշտոնավարի լավ են: Մաքուր և վայելուչ հագնված են ու հարգալից ժպտում են: Հետաքրքիր չեն:

ԿՈՍՏԱՐ Վենետիկ

 

 1 Նինո Բարբանտինի (1884-1952), իտալացի արվեստաբան:

2 Յուրի Աննենկով (1889–1974), ռուս նկարիչ:

3 Ռուս նկարիչ Պյոտր Կոնչալովսկու (1876–1956) մասին հետագայում, 1928-ին, Զարյանը գրել է. «Պետրոս Կոնչալովսկին փորձում է, այլանդակ մեծ նկարի մեջ, կրկնել միշտ նույն Սեզանը» (Կոստան Զարյան, Վենետիկյան կերպարվեստի միջազգային ցուցահանդեսի առթիվ, «Նավատոմար», Երևան, 1999, էջ 296):

4 Ջակոպո Սանսովինո (1486–1570), իտալացի քանդակագործ:

5 Նկատի ունի Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերան:

6 Վենետիկի քաղաքային փոխադրամիջոց այդ շոգենավերը հայտնի են վապորետտո անունով:

7 Վենետիկի այդ հատվածում (հայտնի որպես պարզապես Ջարդինո`այգի) մինչ օրս ավանդաբար տեղի է ունենում Վենետիկի բիենալեն:

8 Վիկտոր Էմանուել Բ (1820–1878), միավորված Իտալիայի առաջին թագավորը (1861–1878):

9 Գալիլեո Կինի (1873–1956), իտալացի նկարիչ:

10 Զարյանի վկայությամբ, երբ նա 1914-ին Կ.Պոլսում հրատարակել է «Մեհեանը», «Արտասահմանեն մի քանի բանաստեղծներ եկան մեզ միանալու: Մարինետտին իսկ մեզ բարեկամական նամակներ էր ուղղում և քաջալերական խոսքեր ասում» (Կոստան Զարյան, Նավատոմար, էջ 589):

11 Բնագրում տպագրված է Կիպրի:

12 Կառլո Կարրա (1881–1966), իտալացի նկարիչ, սկսել է ֆուտուրիզմից, սակայն հետագայում հարել մետաֆիզիկ ուղղությանը: Բոլա, նկատի ունի գրող Բալլային (1871–1958), որը Մարինետտիի և Սևերինիի հետ միասին ստորագրել է ֆուտուրիզմի մանիֆեստը:

13 Արմանդո Սպադինի (1883–1925), իտալացի նկարիչ:

14 Ֆելիչե Կազորատի (1886–1963), իտալացի նկարիչ:

15 Ֆրանչեսկո Պաոլո Միկետի (1851–1929), իտալացի նկարիչ:

16 Բ. Էսերս (1893–1945), հոլանդացի նկարիչ: ՙՆավատոմարում՚

այս նկարչի անունը սխալմամբ տպագրվել է Էսեքս (էջ 207):

17 Էժեն Ժյուլ Ժոզեֆ Լարմանս (1864–1940), բելգիացի նկարիչ:

18 Էմիլ Վերհառն (1855–1916), բելգիացի բանաստեղծ:

19 Էմիլ Կլոզ (1849–1924), բելգիացի նկարիչ:

20 Նկատի ունի ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Էդգար Դեգային (1834–1917):

21 Բոլորը (իտալ.):