1/9/2006

Պիկասսոն խոսում է

 

 

Պիկասսոն խոսում է, 1923

Լավ չեմ հասկանում, թե ինչու են այդքան կարևորում «փնտրտուք» բառը արդի արվեստի մասին խոսելիս: Կարծում եմ, որ նկարչության մեջ փնտրելը ոչինչ չի նշանակում: Էականը գտնելն է: Ոչ ոք ցանկություն չունի հետևելու մեկին, որ հայացքը գետնին հառած անընդհատ փնտրում է երջանիկ պատահականությամբ իր ճանապարհին հայտնվելիք դրամապանակը: Մեր հետաքրքրությունը շարժում, եթե չասենք` հիացմունքի է արժանանում ինչ-որ բան գտնողը, և էական չէ, թե ի՞նչ է գտածը, կամ թե արդյո՞ք նախապես ուներ փնտրելու մտադրություն:

Ինձ վերագրվող բազմաթիվ մեղքերի մեջ ոչինչ ավելի կեղծ չէ, քան ենթադրելը, թե փնտրտուքի հակումն է աշխատանքիս ամենակարևոր խթանիչը: Նկարում եմ ցույց տալու համար, թե ինչ եմ գտել, ոչ թե այն, ինչ փնտրում եմ: Արվեստի մեջ մտադրությունը բավարար չէ, և ինչպես իսպանացիներս ենք ասում` սերը պիտի ապացուցվի փաստերով, ոչ թե բառերով: Արդյունքում կարևոր է, թե ինչ ես անում, ոչ թե` ինչպիսի մտադրություն ունեիր:

Բոլորս գիտենք, որ արվեստը ճշմարտություն չէ:

Արվեստը սուտ է, որ մեզ ստիպում է հասկանալ ճշմարտությունը, գոնե այն ճշմարտությունը, որ մեզ վիճակված է հասկանալ: Արվեստագետը պիտի գտնի ուրիշներին սեփական ստերի ճշմարտացիության մեջ համոզելու միջոցը: Իսկ եթե իր ստեղծագործության մեջ սոսկ ցույց է տալիս, թե ինչ է փնտրել ու վերա-փնտրել`1 իր ստերն ընդունել տալու համար, երբեք ոչնչի չի հասնի:

«Որոնում»-ի գաղափարը հաճախ է ճանապարհից շեղել գեղանկարչությանը` արվեստագետին ստիպելով մոլորվել անիմաստ տեսությունների մեջ: Սա գուցե արդի արվեստի ամենամեծ թերությունն է նույնիսկ: Փնտրտուքի հակումը թունավորել է նրանց, ովքեր լավ չեն հասկացել արդի արվեստի բոլոր դրական և որոշիչ տարրերը. այդ հակումը նրանց ստիպել է նկարել անտեսանելին, որ ըստ էության «աննկարելին» է:

Մոդեռն արվեստին հակադրում են նատուրալիզմը: Հետաքրքիր է` արդյոք որևէ մեկը երբևէ տեսե՞լ է բնական արվեստի գործ: Իրարից տարբեր բնությունը և արվեստը չեն կարող նույնը լինել: Արվեստով մենք արտահայտում ենք մեր հայեցակետն այն մասին, ինչ բնություն չէ:

Վելասկեսը մեզ թողել է իր ժամանակակիցների վերաբերյալ սեփական հայացքը: Անկասկած, վերջիններս տարբեր էին իր նկարածից, բայց Ֆիլիպ Չորրորդին մենք ընկալում ենք սոսկ այնպես, ինչպես Վելասկեսն է նկարել: Ռուբենսն էլ է արել այդ թագավորի պորտրեն, որում նա լրիվ ուրիշ մարդ է: Հավատում ենք Վելասկեսի նկարածին, որովհետև նա մեզ համոզել է իր հայացքի ճշմարտացիության մեջ:

Սկսած առաջին` պրիմիտիվ նկարիչներից, որոնց գործերն ակնհայտորեն տարբեր են բնությունից, մինչև Դավիդը, Էնգրը ու նույնիսկ Բուգրոն, բոլորը կարծում էին, թե նկարում են բնությունը, ինչպես կա. արվեստը միշտ արվեստ է եղել, և ոչ բնություն: Եթե արվեստի տեսանկյունից նայենք, կոնկրետ կամ աբստրակտ ձևեր չկան, այլ միայն`առավել կամ պակաս համոզիչ ստեր: Անկասկած, այս ստերն անհրաժեշտ են մեր հոգևոր կեցությանը, քանզի նրանց միջոցով է, որ ձևավորում ենք կյանքի վերաբերյալ մեր Էսթետիկական տեսակետը:

Կուբիզմը տարբեր չէ գեղանկարչական որևէ այլ դպրոցից: Նույն սկզբունքներն ու նույն տարրերը բնորոշ են բոլորին: Կարևոր չէ, որ երկար ժամանակ կուբիզմը հասկացված չի եղել և որ նույնիսկ այսօր մարդիկ կան, որ դրանում ոչինչ չեն տեսնում: Ես անգլերեն չեմ կարդում, և անգլերեն գիրքն ինձ համար դատարկ տեքստ է: Բայց դա չի նշանակում, թե անգլերեն լեզուն գոյություն չունի. ինչո՞ւ պիտի ինձանից բացի որևէ մեկին մեղադրեի, որ չեմ հասկանում չգիտեցածս:

«Էվոլյուցիա» բառն էլ հաճախ եմ լսում: Ինձ նանընդհատ խնդրում են բացատրել, թե ինչպես է իմ նկարչությունը զարգացել: Ինձ համար արվեստում ո՛չ անցյալ կա, ո՛չ ապագա: Եթե արվեստի գործն ի վիճակի չէ միշտ ներկայում ապրելու, չարժե դրա վրա կենտրոնանալ: Հույների, եգիպտացիների, այլ ժամանակաշրջաններում ապրած մեծ նկարիչների արածը անցյալի արվեստ չէ. գուցե այսօր այն առավել քան երբևէ կենսունակ է: Արվեստն ինքն իրեն չի զարգանում, մարդկանց մտքերն են փոխվում և դրանց հետ` արտահայտչաեղանակները: Երբ խոսակցություններ եմ լսում որևէ արվեստագետի էվոլյուցիայի վերաբերյալ, թվում է, թե խոսողներն այդ մարդուն պատկերացնում են երկու հանդիպակաց հայելիների առջև կանգնած, որ անվերջ արտացոլում են նրա պատկերը և որ հայելիներից մեկի հաջորդական արտացոլանքները դիտարկվում են որպես անցյալ, իսկ իրական պատկերը համարվում է նրա ներկան: Չեն մտածում, որ բոլորն էլ նույն պատկերներն են տարբեր պլաններում: Փոփոխությունը էվոլյուցիա չէ: Եթե արվեստագետը փոփոխում է իր արտահայտչաեղանակը, դա սոսկ նշանակում է, թե ինքը փոխել է մտածելու իր կերպը, և որ այս փոփոխությունը կարող է շատ լավ արդյունքի հասցնել կամ շատ վատ:

Իմ արվեստի մեջ գործածված եղանակները չպիտի դիտարկվեն որպես էվոլյուցիա կամ որպես գեղանկարչության անհայտ իդեալին մոտեցնող փուլեր: Ամեն ինչ ներկայի համար եմ արել, նաև հուսալով, որ դա կմնա ներկայում: Երբեք չեմ մտածել փնտրելու հակման մասին: Երբ արտահայտելու որևէ բան եմ գտել, արել եմ առանց մտածելու անցյալի կամ ապագայի մասին: Չեմ կարծում, թե նկարչությանս մեջ կիրառած տարբեր եղանակներում իրարից արմատապես տարբեր տարրեր գործածած լինեմ: Եթե ինձ հետաքրքրող թեմաները մեկից ավելի արտահայտչաեղանակներ են ենթադրել, երբեք չեմ երկմտել դրանք բոլորը կիրառելու: Երբեք փորձեր և փորձարկումներ չեմ արել: Հենց որ ասելու բան եմ ունեցել, ասել եմ այն եղանակով, որը դրա համար ճիշտ եմ կարծել: Տարբեր մոտիվները անխուսափելիորեն տարբեր արտահայտչաեղանակներ են պահանջում: Դա իր մեջ չի ներառում ո՛չ էվոլյուցիա, ո՛չ առաջընթաց, այլ` արտահայտելիք մտքի ու դրան հարմար արտահայտչաեղանակների ադապտացիա:

Անցումնային արվեստ չկա: Արվեստի ժամանակագրական պատմության մեջ կան մյուսներից ավելի արդյունավետ, ավելի ամբողջական ժամանակաշրջաններ: Եթե գրաֆիկորեն պատկերեինք արվեստի պատմությունը, ինչպես բուժքույրն է անում հիվանդի ջերմության կորը գծելով, նույն անհարթ գծագրերը կունենայինք, որոնք կապացուցեին, թե արվեստի մեջ վերընթաց-առաջընթաց չկա, այլ միայն` վերելքներ և անկումներ, որ կարող են վրա հասնել ցանկացած պահի: Նույնը կարող ենք ասել որևէ առանձին արվեստագետի վերաբերյալ: Բոլորը կարծում են, թե կուբիզմն անցումնային արվեստ է` մի փորձ, որ պիտի հետագա արդյունքների հանգեցնի: Այդպես մտածողները չեն հասկացել կուբիզմը: Այն սերմ չէ, ոչ էլ սաղմ, այլ արվեստ, որ հիմնականում գործ ունի ձևերի հետ, և երբ որևէ ձև իրացված է, այլևս ապրում է սեփական կյանքով:

Երկրաչափական ձև ունեցող անօրգանական նյութը անցումնային նպատակների համար չէ, այլ որ մնա, ինպես որ կա. այն միշտ կունենա սեփական ձևը: Բայց եթե էվոլյուցիոնիզմի օրենքը կիրառենք արվեստի պարագայում, պիտի խոստովանենք, որ ցանկացած արվեստ անցումային է: Այնինչ արվեստը չի ենթարկվում այս փիլիսոփայական բացարձակներին: Եթե կուբիզմն անցումային արվեստ է, համոզված եմ, որ միակ բանը, որ նրանից կծնվի, կլինի կուբիզմի մի ուրիշ տեսակ:

Կուբիզմն ավելի հեշտությամբ բացատրելու համար փորձել են առնչություններ տեսնել նրա ու մաթեմատիկայի, եռանկյունաչափության, քիմիայի, հոգեվերլուծության, երաժշտություն ու էլի չգիտես թե ինչի հետ: Այս ամենը հորինվածքներ են, եթե չասենք անհեթեթություններ: Դա վատ արդյունք տվեց` մարդկանց կուրացնելով ինչ-որ տեսություններով:

Կուբիզմը մնացել է գեղանկարչության սահմանների և սահմանափակումների մեջ, երբեք չհավակնելով ավելի հեռուն գնալ: Կուբիզմն իր մեջ ներառում և օգտագործում է գծանկարը, կոմպոզիցիան և գույնը ճիշտ նույն եղանակով, ինչ մյուս դպրոցները: Գուցե մեր թեմաները տարբեր են, քանի որ գեղանկարչության մեջ ներմուծել ենք մինչ այժմ անտեսված առարկաներ և ձևեր: Մենք մեր աչքերն ու ուղեղը բաց ենք արել մեզ շրջապատող ամեն ինչի առաջ:

Մենք ձևին և գույնին տալիս ենք նրանց ողջ անհատական նշանակությունը, որքան որ մեզ հաջողվում է գտնել այն, մեր թեմաների մեջ պահպանում ենք հայտնագործության ցնծությունը, անսպասելիի հաճույքը, մեր նկարներում թեման ինքը պիտի հետաքրքրություն առաջացնի: Բայց ի՞նչ իմաստ ունի ասել, թե ինչ ենք անում, եթե յուրաքանչյուր ոք կարող է ինքը տեսնել, եթե ցանկանա:

 

Marius DE ZAYAS, “Picasso speaks”, interview de Picasso

In The Arts, New York, mai 1923, vol. III, n՛ 5, p. 315-326. Traduit de l’anglais par Dennis Collins.

 

Նամակ արվեստի մասին, 1926

Ինձ սովորաբար որոնողի տեղ են դնում. ես չեմ փնտրում, ես գտնում եմ:

Ուզում են կուբիզմից ֆիզկուլտուրա սարքել:

Ամեն օր կարելի է հանդիպել տարբեր հալից ընկածների, որ իրենց «թափով տղա» են երևակայում և կարծում են, թե «թափը» ամեն ինչ քառակուսու հանգեցնելու մեջ է:

Իմ կատարելապես տրամաբանական գործը, իմ գործը, որին նվիրել եմ բոլոր ջանքերս, նրանց ծառայում է ընդամենը ինչ-որ արհեստական, իրականությունից զուրկ բան մոգոնելու համար: Նայեք օրինակ Իքսին… Ա՛յ թե «հաջողակն» է: 1900-ին հայրը նրան ասել է. «Տղա՛ս, կգնաս Փարիզ նոր արվեստ սովորելու»: Նա հնազանդվել է: Փարիզ հասնելով սկսել է նոր արվեստ սարքել նույնքան լավ, որքան Printemps2 խանութները: Հանգիստ կարող եք պատկերացնել, թե որքան անտանելի են ինձ համար սրանք բոլորն էլ, որ կապկում են իմ արվեստը, իմ աշխատանքները, մինչև իսկ ժեստերս:

Սյուրռեալիստական դպրոցի որոշ հետևորդներ ալբոմիս մեջ հայտնաբերել են գրչով արված որոշ էսքիզներ ու գծանկարներ, որտեղ սոսկ կետեր և գծեր են: Ասեմ, որ շատ եմ հավանում աստղագիտական քարտեզները: Եթե ինձ հարցնեք, դրանք շատ գեղեցիկ են` իրենց բովանդակային նշանակությունից անկախ: Մի օր, ուրեմն, սկսեցի նկարել կետերի բազմություններ, որ իրար էին միանում ասես երկնքում կախված գծիկներով ու բծերով: Մտածում էի մի օր օգտագործել դրանք իմ կոմպոզիցիաներում որպես զուտ գրաֆիկական տարր: Բայց այս սյուրռեալիստների՛ն նայեք: Տեսե՛ք, թե ինչ խորամանկն են: Նրանք եզրակացրին, որ այս նկարները ճշգրտորեն համապատասխանում են իրենց վերացական գաղափարներին:

Մի օր Ժան Կոկտոյին պատմեցի 1925-ին ինձ պատահած մի դեպք: Ընկերներս ուզում էին ինձ տանել Դեկորատիվ արվեստի միջազգային ցուցահանդես, վատ ճաշակի այս հրեշավոր ցուցադրությանը, որն այնուամենայնիվ որոշ ուսուցողական արժեք ուներ: Բարեկամներս ինձ ասում էին. «Կտեսնեք, Պիկասսո, կտեսնեք, որ դուք եք մեղավոր ամբողջ այս ճարտարապետության համար: Այնտեղ կգտնեք ինքներդ ձեզ, կճանաչեք ձեր ձեռքերի աշխատանքը»: Հնարավոր է, որ այսպես խոսելով կարծում էին, թե ինձ հաճույք են պատճառում:

Պատկերացրեք, որ Միքելանջելոն գալիս է ճաշելու բարեկամների մոտ և նրան այսպես են դիմավորում. «Գիտե՞ք, հենց նոր Ռենեսսանս ոճի բուֆետ պատվիրեցինք, որ ներշնչված է ձեր Մովսեսից»: Պատկերացնո՞ւմ եք Միքելանջելոյի դեմքը: Ի՞նչ մոլագարություն է անընդհատ ժամանակակիցների գործերից ներշնչվելը: Ամեն անգամ, երբ նկատում եմ, որ ինձ կրկնօրինակում են, գրեթե ֆիզիկական ցավ եմ զգում:

Դեկորատիվ արվեստը մի բան է, գեղանկարչությունը` մեկ այլ բան: Մեկը գործածական նշանակություն ունի, մյուսն ազնվական զբաղմունք է:

Բազկաթոռը մեջքը հենելու համար է: Սա գործածելի իր է: Արվեստ չէ:

1906-ին Սեզանի` այս հանճարեղ Արպինյիի3 ազդեցությունը տարածվեց ամենուր: Գույների ռիթմի ու ձևերի հակադրման ու համադրման արվեստը շատ արագ լայն տարածում գտավ: Իմ առջև երկու խնդիր էր կանգնած: Ես հասկանում էի, որ նկարչությունը ներքին արժեք ունի, առարկաների ռեալ պատկերումից անկախ: Ինքս ինձ հարցնում էի, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի փաստերը ներկայացնել այնպես, ինչպես գիտես, քան` ինչպես տեսնում ես: Քանի որ նկարչությունը սեփական գեղեցկություն ունի, կարելի ստեղծել վերացական գեղեցկություն, միայն թե այն շարունակի նկարչական լինել:

Երկար տարիներ կուբիզմի միակ առարկան «նկարչություն նկարչության համար»-ն էր: Այն մերժում էր իր զգայական իրականության մաս չկազմող ցանկացած տարր:

Մաթեմատիկոս Պրենսեն, որ ներկա էր մեր գեղագիտական վեճերին, հղացավ նկարիչների համար հատուկ երկրաչափություն ստեղծելու գաղափարը: Ի միջի այլոց, դա այնքան էլ յուրահատուկ միտք չէ, որովհետև բոլոր ակադեմիաներն ընդունում են Լեոնարդո դա Վինչիի երկրաչափությունը:

Գույնն արդյունավետ է սոսկ այնքանով, որքանով որ ներկայանում է որպես ծավալը կառուցող տարրերից մեկը: Բոլորը գիտեն, որ ցանկացած ճերմակ մակերես միշտ ավելի մեծ է երևում, քան նույն չափերի սև մակերեսը: Տարրական բան է, նույնիսկ երեխայական: Այնուամենայնիվ դա չի խանգարում որոշ հիմարների, որ անմիջապես դրանից դուրս բերեն օրենքներ և ընդհանուր կանոններ, որոնցով ինձ պիտի բացատրեն նկարելու արվեստը:

Ինձ համար որևէ նկար ավարտ չէ, ոչ էլ վերջնական ձեռքբերում, այլ երջանիկ պատահականություն և փորձառություն: Ձևերի ոլորտում գույնը չափի էտալոն է: Ոչ մի ցանկություն չունենք խրվելու գիտական երկրաչափության մեջ, այնուամենայնիվ որոշ համառ դիտարկողներ առիթը բաց չեն թողնում այս թեմայի շուրջ ամեն կարգի տեսական հետազոտություններ անելու: Ավելի վատ նրանց համար: Այսպես են կործանվում թույլերը… Սեփական աշխատանքներից ապշած կուբիստ նկարիչները սկսեցին տեսություններ կառուցել

դրանք արդարացնելու համար: Այնինչ կուբիզմը երբեք ծրագիր չի ունեցել: Որևէ կտավ կարող է ներկայացնել իրերի գաղափարը, մյուս կողմից` կարող է ներկայացնել իրերի արտաքին կողմը, առանց վնաս հասցնելու դրանց:

Իրականում երբեք չենք պատճենում բնությունը, ոչ էլ նմանակում ենք նրան, այլ թույլ ենք տալիս, որ երևակայական առարկաները իրական կերպարանք առնեն: Բայց չարժե մեկնակետ ունենալ նկարչությունը բնությանը հասցնելու համար. պետք է բնությունից գնալ դեպի նկարչություն: Նկարիչներ կան, որ արևը դեղին բծի են վերածում, բայց ուրիշներն էլ կան, որ իրենց արվեստի և խելքի շնորհիվ դեղին բիծը վերափոխում են արևի:

Բնությունից վերցված տարրերը ծառայում են նկարի բազմազանությանը: Այդպես է, որ մոտենում ենք մեծ վարպետների իդեալին, որոնք սեփական ընկալումով առաջնորդվելով, ներկայացնում են իրերի բնական կերպարանքները: Կարծում եմ, որ ցանկացած նկարչության սկզբնաղբյուրում կգտնենք սուբյեկտիվորեն կազմակերպված որևէ տեսիլք կամ ներշնչված պայծառացում, ինչպես Ռեմբոյի մոտ: Ես ոչ մի կարևորություն չեմ տալիս սյուժեին, բայց անսահմանորեն կարևորում եմ առարկան: Հարգեք առարկան:

(…) Անրի Ռուսսոն առանձնահատուկ դեպք չէ: Ընդամենը յուրահատուկ հոգեկերտվածք է իր կատարելության աստիճանում: Այս նկարչի գործերից առաջինը, որ ձեռք բերեցի, ինձ վրա զարմանալի տպավորություն գործեց:

Մի օր գնում էի Նահատակների փողոցով: Ինչ-որ հնավաճառ իր խանութի պատի երկայնքով նկարներ էր դասավորում: Ուշադրությունս գրավեց մի դիմանկար: Կնոջ դեմք էր` խիստ ու թափանցող, պարզ ու վճռական հայացքով. ֆրանսուհու հայացք: Ահռելի մեծ նկար էր: Գինը հարցրեցի:

«Հարյուր սու,– պատասխանեց առևտրականը,– կտավը կմաքրեք ու կկարողանաք աշխատել վրան»:

Սա ֆրանսիական դպրոցին պատկանող ամենաճշմարտացի հոգեբանական դիմանկարն է: (…) Անցումային արվեստ գոյություն չունի. կան լավ կամ վատ նկարիչներ: Հետաքրքրասեր լրագրողներն ու նկարչության սիրահարները գալիս են մեզ հետ հանդիպելու, որպեսզի մեզանից մի քանի դոգմատիկ ճշմարտություն կորզեն կամ այնպիսի բնորոշումներ, որ նրանց բացատրեին մեր արվեստը, ընդգծելով նրա մանկավարժական նշանակությունը, որ ես կտրականապես մերժում եմ:

Մենք նկարչությամբ ենք զբաղվում: Ինչ է, կուզեին, որ դրանից բացի նաև ճշմարտություն և մաքսիմնե՞ր արտադրեինք:

Չնայած Էնգրի և Դելակրուայի մտքերի անթոլոգիաներ են հրատարակվում, փշաքաղվում եմ դրա մասին մտածելիս: Դելակրուայի ո՞ր միտքը կարող է «Սարդանապալ»-ի հետ նույն նժարին դրվել:

Արվեստն ի՞նչ է:

Իմանայի էլ, չէի ասի:

Ես չեմ փնտրում` գտնում եմ:

 

PICASSO, “Lettre sur l’art”, in Ogoniok, Moscou, nr 20, 16 mai 1926.

Traduit du russe par C. Motchoulsky, in Formes, nr 2, février 1930

 

Զրույցներ Պիկասսոյի հետ, 1935

Կարող ենք նաև արվեստգետի հաշվին գրանցել այն սրամտությունը, թե ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան զենքը գեներալի ձեռքում: Ավելացնենք, որ ավելի վտանգավոր բան չկա, քան արդարադատությունը դատավորի ու վրձինը նկարչի ձեռքում: Մտածեք, թե ինչ սպառնալիք է հասարակության համար: Բայց այսօր մարդիկ այլևս քաջություն չունեն պոետներին ու նկարիչներին հասարակությունից դուրս վռնդելու, որովհետև չեն գիտակցում նրանց վտանգավորությունը:

Ի դժբախտություն ինձ, կամ գուցե բարեբախտաբար, ես իրերը դասավորում եմ ըստ իմ սերերի: Ի՞նչ դժբախտ է այն նկարիչը, որ խարտյաշ կանանց է սիրում, բայց ինքն իրեն թույլ չի տալիս նրանց մտցնելու իր կտավների մեջ, որովհետև չեն ներդաշնակվում մրգերի զամբյուղի հետ: Որքա՞ն խղճալի է այն նկարիչը, որ ատում է խնձորները, բայց ստիպված է անընդհատ գործածել դրանք, որովհետև լավ են նայվում գորգի ֆոնին:

Ես նկարներիս մեջ դնում եմ ամենը, ինչ սիրում եմ: Իրերի գործն է. թող հարմարվեն իրար:

Նախկինում նկար ստեղծելը առաջ գնալ էր նշանակում: Ամեն օրը նոր բան էր բերում: Յուրաքանչյուր նկար հավելումների հանրագումար էր: Իմ նկարը ավերումների հանրագումար է: Ես կտավ եմ անում, հետո ոչնչացնում եմ այն: Բայց վերջին հաշվով ոչինչ կորած չէ. կարմիրը, որ ինչոր տեղից հանել եմ, ի հայտ է գալիս մի ուրիշ տեղում:

Շատ հետաքրքիր կլիներ, եթե լուսանկարչական ապարատով ֆիքսեինք ոչ թե որևէ նկարի փուլերը, այլ նրա կերպարանափոխությունները: Գուցե նշմարեինք, թե ինչ ճանապարհով է միտքը շարժվում դեպի իր երազանքի կոնկրետացումը: Բայց ամենահետաքրքականն այն է, որ նկատում ենք, որ իր խորքում նկարը չի փոխվում, որ նախնական տեսիլքը գրեթե անփոփոխ է մնում` հակառակ արտաքին կողմերին: Հաճախ տեսնում եմ լույս և ստվեր, որ դնում եմ կտավիս մեջ, հետո ջանք չեմ խնայում դրանք ՙջարդելու՚, ավելացնելով մի գույն, որ հակառակ էֆեկտն է առաջացնում: Լուսանկարելուց հետո նկատում եմ, որ այն, ինչ ներմուծել էի նախնական տեսակետս ուղղելու համար, անհետանում է և որ ի վերջո լուսանկարչության տված պատկերը համապատասխանում է իմ առաջին տեսիլքին, որ կար ամենասկզբում, մինչև իմ կամքով արված ձևափոխությունները:

Կտավը նախապես չի մտածվում և ֆիքսվում. նկարելու ժամանակ այն հետևում է մտքի ընթացքին: Երբ ավարտված է, ավելի շատ է փոխվում` կախված նայողի վիճակից: Կտավն իր կյանքն է ապրում, ինչպես կենդանի մի էակ, կրում է այն փոփոխությունները, որ առօրյա կյանքը պարտադրում է մեզ: Բնական բան է, որովհետև կտավը ապրում է միայն հանդիսատեսի միջոցով:

Նկարելիս մտածում եմ օրինակ սպիտակ գույնի մասին ու մի քիչ սպիտակ եմ դնում: Բայց չեմ կարող շարունակել աշխատանքս, մտածել ու անընդհատ սպիտակ դնել. գույները գծերի նման հետևում են հուզականության շարժմանը: Դուք տեսել եք այն կտավի էսքիզը. նշել էի, թե որտեղ ինչ գույն պիտի դնեմ: Դրանից ի՞նչ մնաց: Սպիտակն ու կապույտը, որոնց մասին նախապես մտածել էի, նկարիս մեջ են, բայց ոչ նախատեսված տեղում և ոչ էլ որոշված քանակությամբ: Իհարկե կարելի է նկար հավաքել չափվածձևված և իրար համապատասխանող կտորներից, բայց կկորցնես դրաման:

Ես կուզեի այնպես նկարել կարողանալ, որ մարդիկ երբեք չտեսնեին, թե ինչպես է նկարս ստեղծվել: Դա ի՞նչ կարող է տալ: Ուզում եմ, որ իմ կտավից միայն հույզ բխի:

Աշխատանքն անհրաժեշտություն է մարդու համար:

Ձին մենակ չի գնում քեղերի արանքում կանգնելու:

Մարդը հորինել է զարթուցիչը:

Ամեն նկարի սկզբում ինչ-որ մեկը կա, որ աշխատում է ինձ հետ: Այնինչ վերջում թվում է, թե մենակ եմ աշխատել:

Որևէ կտավ սկսելով, հաճախ գեղեցիկ բաներ ես գտնում: Պիտի պաշտպանվես դրանցից, ոչնչացնես նկարդ, անվերջ վերանկարես: Հերթական գեղեցիկ գյուտը ոչնչացնելով, արվեստագետն այն չի հանում իր նկարից, այլ ձևափոխում է, խտացնում, ավելի էական դարձնում: Հաջողությունը մերժված գյուտերի արդյունքն է: Հակառակ դեպքում դառնում ես սեփական նկարչությանդ երկրպագուն: Ես ինձ ոչինչ չեմ վաճառում: Իրականում շատ քիչ գույների հետ ենք աշխատում: Նրանց բազմաքանակության պատրանք է առաջանում, եթե գույները ճիշտ տեղում ենք դրել:

Աբստրակտ արվեստն ընդամենը նկարչություն է: Իսկ դրամա՞ն:

Աբստրակտ արվեստ գոյություն չունի, պիտի միշտ ինչ-որ բանից սկսել: Այնուհետև կարող ես միջից հանել իրականության արտաքին կողմերը. այլևս ոչ մի վտանգ չկա, քանի որ իրի գաղափարը թողել է իր անջնջելի հետքը: Նա սադրել է արվեստագետին, գրգռել նրա գաղափարները, հույզերը շարժման մեջ դրել: Գաղափարներն ու հույզերը վերջնականապես այդ ստեղծագործության գերին կլինեն. ինչ էլ որ անեն, չեն կարողանա խույս տալ նկարից. նրա անբաժանելի մասն են, մինչդեռ նրանց ներկայությունն արդեն նշմարելի չէ: Ուզի թե չուզի` մարդը բնության գործիքն է. բնությունը մարդուն պարտադրում է նրա բնույթը, արտաքինը: Դինարում ու Պուրվիլում արած իմ նկարներում ես գրեթե նույն տեսիլքն եմ ունեցել: Բայց դուք ինքներդ նկատել եք, թե որքան տարբեր է Բրետանում արված կտավների մթնոլորտը Նորմանդիայում նկարվածներից, որովհետև ճանաչել եք Դիեպի քարափների լույսը: Ես չեմ փորձել պատճենել այդ լույսը, դրան հատուկ ուշադրություն չեմ դարձրել: Ընդամենը ողողվել եմ դրանով. աչքերս տեսել էին այդ լույսը և ենթագիտակցությունս գրանցել էր նրանց տեսածը. ձեռքս արձանագրել էր զգացողություններս: Բնությանը չես հակառակվի: Նա ավելի ուժեղ է, քան ամենաուժեղ մարդը: Բոլորիս շահերից բխում է, որ լավ լինենք իր հետ: Կարող ենք մեզ որոշ ազատություններ թույլ տալ, բայց միայն դետալների հարցում:

Ֆիգուրատիվ և ոչ ֆիգուրատիվ արվեստ էլ չկա:

Ամեն ինչ մեզ ֆիգուրների ձևով է երևում: Նույնիսկ մետաֆիզիկայի մեջ գաղափարներն արտահայտվում են ֆիգուրներով, ուրեմն հասկանում եք, թե որքան անհեթեթ է մտածել ֆիգուրատիվ պատկերները բացառող նկարչության մասին: Պերսոնաժը, իրը, շրջանակը ֆիգուրներ են. դրանք առավել կամ պակաս ինտենսիվությամբ ազդում են մեզ վրա: Որոշ ֆիգուրներ ավելի մոտ են մեր զգացողություններին, առաջացնում են հույզեր, որ ազդում են մեր զգայական կարողությունների վրա, մյուսները հատկապես ինտելեկտին են ուղղված: Պետք է դրանք բոլորն էլ ընդունեմ, որովհետև միտքս նույնքան կարիք ունի զգացողությունների, որքան զգայարաններս: Կարծում եք` ինձ հետաքրքրո՞ւմ է, թե ինչ-որ կտավ երկու պերսոնաժ է ներկայացնում: Այս երկու պերսոնաժները գոյություն են ունեցել, այժմ այլևս գոյություն չունեն: Նրանց տեսնելն ինձ նախնական հույզ է տվել, քիչ-քիչ նրանց իրական ներկայությունը ջնջվել է, ինձ համար հնարանք են դարձել, հետո անհետացել են, կամ, ավելի ճիշտ, վերածվել են այս կամ այն պրոբլեմի: Ինձ համար սրանք այլևս պերսոնաժներ չեն, այլ` ձևեր ու գույներ. ճի՛շտ հասկանանք, սրանք ձևեր ու գույներ են, որ ամփոփում են երկու պերսոնաժի գաղափարը և պահպանում նրանց կյանքի թրթիռը:

Ես իմ նկարչության հետ վարվում եմ, ինչպես կվարվեի իրերի հետ: Պատուհան նկարելիս ես ինձ զգում եմ պատուհանից նայելիս. եթե այս բաց պատուհանն իմ նկարում լավ չի նայվում, վարագույրը քաշում եմ ու փակում այն, ինչպես որ կանեի, եթե իմ սենյակում լինեի: Պիտի նկարչությանը վերաբերվել ինչպես կյանքին` ուղղակիորեն: Իհարկե նկարչությունն իր պայմանականություններն ունի, որ պիտի հաշվի առնվեն, որովհետև այլ կերպ հնարավոր չէ: Դրա համար պիտի անընդհատ կյանքն աչքիդ առաջ ունենաս:

Արվեստագետն ամեն տեղից եկող զգացողությունների կիզակետ է. երկնքից, երկրից, թղթի կտորից, անցորդից, սարդոստայնից: Ուրեմն պիտի տարբերություն չդնես իրերի մեջ: Ազնվական իրեր չկան: Պիտի քեզ անհրաժեշտը վերցնես ամեն տեղից, բացի սեփական գործերից: Սարսափում եմ ինքս ինձ կրկնօրինակելուց, բայց երբ ինձ ինչ-որ հին գծանկարներ են ցույց տալիս, չեմ երկմտում ուզածս վերցնելու այնտեղից:

Երբ կուբիզմ էինք անում, մտադրություն չունեինք կուբիզմ անելու. ուզում էինք արտահայտել մեր մեջ եղածը: Ոչ ոք մեզ համար գործողությունների ծրագիր չի կազմել, իսկ մեր բանաստեղծ ընկերները ուշադրությամբ հետևել են մեր ջանքերին, բայց երբեք ոչինչ չեն թելադրել: Այսօր երիտասարդ նկարիչներն իրենց համար ծրագիր են մշակում և ջանում են այն իրագործել հանձնարարություն կատարող խելոք աշակերտի պես:

Նկարիչը լիության ու դատարկության վիճակներ է ունենում: Դրանում է արվեստի գաղտնիքը: Ես զբոսնում եմ Ֆոնտենբլոյի անտառում: Կանաչ գույնից սիրտս սկսում է խառնել: Պիտի այդ զգացողությունը պարպեմ որևէ կտավի վրա: Նկարում կանաչն է իշխում: Նկարիչն այնպես է նկարում, կարծես անհետաձգելի պահանջ ունի ազատվելու իր զգացողություններից ու տեսիլքներից: Մարդիկ դա վերցնում են, որպեսզի մի քիչ ծածկեն իրենց մերկությունը: Մարդիկ վերցնում են ինչ կարող են, ինչպես որ կարող են: Կարծում եմ` ի վերջո ոչինչ էլ չեն վերցնում, այլ ծածկում են իրենց անհասկացողությունը: Նրանք ամեն ինչ ստեղծում են իրենց պատկերի համաձայն` Աստծուց մինչև որևէ նկար: Ահա ինչու նկարչությունը ոչնչացնողը նկարը կախելու կեռիկն է: Նկարչությունը միշտ ինչ-որ կարևորություն ունի, գոնե մարդու սարքած նկարչությունը: Այն օրը, երբ նկարն ավարտվում է ու պատից կախվում, այն մի ուրիշ տեսակի կարևորություն է ձեռք բերում, իսկ նկարչության վերջը գալիս է:

Գեղեցկության ակադեմիական ուսուցանումը կեղծ է: Մեզ խաբել են, բայց այնքան լավ են խաբել, որ այլևս անզոր ենք ճշմարտության հետքն իսկ գտնելու: Պարթենոնի գեղեցկությունները, Վեներաները, Հավերժահարսերը, Նարցիսները բոլորն էլ սուտ են: Արվեստը գեղեցկության կանոնի կիրառումը չէ, այլ այն, ինչ բնազդն ու ուղեղը կարող են ընկալել կանոնից անկախ: Երբ սիրում ես որևէ կնոջ, գործիքները ձեռքդ չես առնում նրա մարմնի չափերը վերցնելու համար, սիրում ես նրան, որովհետև դրա ցանկությունն ունես, մինչդեռ ամեն ինչ արվել է, որպեսզի նույնիսկ սիրո մեջ կանոն ներմուծվի: Ճշմարիտն ասած` Պարթենոնն ընդամենը ֆերմա է, որի վրա տանիք են դրել, սյուներ և քանդակներ են ավելացրել, որովհետև Աթենքում մարդիկ կային, որ աշխատում էին և ուզում էին արտահայտվել: Կաևորը արվեստագետի գործը չէ, այլ էությունը: Սեզանն ինձ չէր հետաքրքրի, եթե ապրած և մտածած լիներ Ժակ-Էմիլ Բլանշի պես, նույնիսկ եթե նրա նկարած խնձորը տասն անգամ ավելի գեղեցիկ լիներ: Մեզ հետաքրքրողը Սեզանի անհանգստությունն է, Սեզանի դասերը, Վան Գոգի տառապանքը, այսինքն` մարդու դրաման: Մնացածը կեղծ է:

Բոլորն ուզում են հասկանալ նկարչությունը: Իսկ ինչո՞ւ չեն փորձում հասկանալ թռչունների երգեցողությունը: Ինչո՞ւ են սիրում գիշերը, ինչ-որ ծաղիկ, այն ամենը, ինչ շրջապատում է մարդուն, առանց փորձելու հասկանալ դրանք: Մինչդեռ նկարչությունն ուզում են հասկանալ: Թող հասկանան, որ արվեստագետի համար ստեղծագործելն անհրաժեշտություն է, որ նա ևս աշխարհի չնչին մի մասնիկ է, որին չարժե ավելի մեծ կաևորություն տալ, քան բնության այնքան երևույթների, որոնցով հմայվում ենք, բայց չենք փորձում բացատրել: Նկար բացատրողները հիմնականում սխալ ճանապարհով են գնում: Մի անգամ Գերտրուդ Ստայնն ինձ ուրախ-ուրախ ասաց, որ վերջապես հասկացել է, թե ինչ է պատկերված իմ նկարում. երեք երաժիշտ: Իսկ ես նատյուրմորտ էի նկարել:

Բացառությամբ մի քանիսի, որ նկարչության համար նոր հորիզոններ են բացում, այսօրվա երիտասարդությունը չգիտի, թե ուր գնա: Փոխանակ քննադատեն մեր որոնումները և մեր արածի ճիշտ հակառակն անեն, նրանք փորձում են վերակենդանացնել անցյալը: Մինչդեռ կյանքը բաց է մեր առջև, ամեն ինչ դեռ նոր պիտի արվի, ոչ թե կրկնվի արդեն արվածը: Ինչո՞ւ են հուսահատորեն կառչում արդեն իրականացվածից: Կիլոմետրերով նկարչություն կա «ինչ-որ մեկի նման» տեսակի, բայց հազվադեպ է պատահում, որ տեսնես սեփական ոճով աշխատող երիտասարդի:

 

Ուզենա էլ, մարդ չի կարող ինքն իրեն կրկնել: Կրկնությունը մտքի օրենքներին հակառակ ընթացք է ենթադրում` դեպի առաջ փախուստին հակառակ:

Ես հոռետես չեմ, չեմ ատում արվեստը, որովհետև չէի ապրի, եթե կյանքիս բոլոր ժամերը նրան չնվիրաբերեի: Ես սիրում եմ արվեստը որպես կյանքիս միակ նպատակ: Արվեստի հետ կապված ցանկացած բան, որ անում եմ, ինձ մեծ ուրախություն է պարգևում: Այնուամենայնիվ չեմ հասկանում, թե ինչու են բոլորն ուզում արվեստով զբաղվել, նրանից հաշիվ պահանջել ու սեփական հիմարությանը տուրք տալով` խոսել արվեստի մասին: Թանգարաններն էլ են սուտ, արվեստով հիմնականում խաբեբաներ են զբաղվում: Հատկապես չեմ հասկանում, թե ինչպե՞ս է, որ հեղափոխական երկրներում արվեստի վերաբերյալ նույնիսկ ավելի մեծ նախապաշարմունքներ ունեն, քան իրենց դարն ապրած երկրներում: Մենք թանգարանների կտավներին ենք վերագրել մեր հիմարությունները, սխալները, մեր մտքի պարտությունները: Նկարը դարձրել ենք մանր, ծիծաղելի մի բան: Մենք կապվել ենք առասպելներին, փոխանակ հետաքրքրվեինք այդ նկարները ստեղծած մարդկանց ներքին կյանքով: Դիկտատուրա է անհրաժեշտ… նկարիչների դիկտատուրա… մեկ նկարչի դիկտատուրա, որ ոչնչացնենք բոլոր նրանց, ովքեր խաբել են մեզ, բոլո՛ր սրիկաներին, որ ոչնչացնենք խաբեության առարկաները, վերջ տանք սովորույթներին, ոչնչացնենք հմայքը, պատմությունը ու էլի շատ ուրիշ բաներ: Բայց ողջամտությունը միշտ հաղթում է: Պիտի նախ և առաջ նրա դեմ հեղափոխություն անենք: Ամենաիսկական բռնապետը կպարտվի ողջամտության դեմ պայքարում…

Բայց գուցե չպարտվի:

 

Christian Zervos, “Conversations avec Picasso”,

in Cahiers d’art, Paris, n՛ spécial, 1935, p. 173-178.

 

1 Ֆրանսերենում` «chercher» և «re-chercher»:

2 Մեծ և թանկարժեք խանութների ցանց:

3 Անրի Արպինյի (Henri Harpignies)` ֆրանսիացի նկարիչ, ակվարելիստ: Մեծ հաջողություն է ունեցել տասնիններորդ դարի ֆրանսիական բուրժուազիայի շրջանում:

 

 

Ֆրանսերենից թարգմանությունը`

Նունե Աբրահամյանի