1/9/2006

Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)

 

1          Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում:

1.1       Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի:

1.11      Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են:

1.12      Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է ունենում, ինչպես նաև ամեն բան, որ տեղի չի ունենում:

1.13      Աշխարհը փաստերն են տրամաբանական տարածության մեջ:

1.2       Աշխարհը տարբաժանվում է փաստերի:

1.21      Մի բան կարող է տեղի ունենալ կամ տեղի չունենալ, իսկ մնացած ամեն բան կմնա նույնը:

2          Տեղի ունեցողը` փաստը, իրադարձությունների գոյություն է:

2.01      Իրադարձությունը առարկաների (բաների, իրերի) կապն է:

2.11      Իրի համար էական է, որ այն կարող է լինել որևէ իրադարձության բաղադրիչ մաս:

2.12      Տրամաբանության մեջ պատահական ոչինչ չկա. եթե իրը կարող է հանդիպել որևէ իրադարձության մեջ, ապա իրադարձության հնարավորությունն արդեն պետք է դրված լինի իրի մեջ:

2.0121  Պատահականություն կթվար, եթե իրը, որ կարող էր գոյություն ունենալ ինքնըստինքյան, հետագայում մտներ որևէ իրադրության մեջ:

Եթե իրերը կարող են մտնել իրադարձությունների մեջ, ապա դա պետք է ներդրված լինի նրանց մեջ:

(Տրամաբանականը չի կարող միայնհնարավոր լինել: Տրամաբանությունը գործ ունի բոլոր հնարավորությունների հետ, և բոլոր հնարավորությունները իր փաստերն են:)

Այնպես, ինչպես մենք չենք կարող տարածական առարկաներն ընդհանրապես մտածել տարածությունից դուրս, ժամանակայինները` ժամանակից դուրս, այդպես էլ չենք կարող ոչ մի առարկա մտածել ուրիշի հետ կապի մեջ լինելու հնարավորությունից դուրս:

Եթե ես կարող եմ մտածել առարկան իրադարձության համատեքստում, ապա չեմ կարող մտածել այն այդ համատեքստի հնարավորությունից դուրս:

2.0122 Իրը ինքնուրույն է, քանի որ կարող է հանդես գալ բոլոր հնարավոր իրադրությունների մեջ, սակայն ինքնուրույնության այս ձևը կապի ձև է իրադարձության հետ, անինքնուրույնության մի ձև: (Անհնար է, որ բառերը հանդես գան երկու տարբեր եղանակներով` առանձին և նախադասության մեջ:)

2.0123  Եթե ես գիտեմ առարկան, ապա գիտեմ նաև իրադարձության մեջ նրա հանդես գալու բոլոր հնարավորությունները: (Յուրաքանչյուր այդպիսի հնարավորություն պետք է դրված լինի առարկայի բնության մեջ:)

Հետին թվով անկարելի է գտնել նոր հնարավորություն:

2.01231 Առարկան գիտենալու համար ես չպետք է իմանամ նրա արտաքին հատկությունները, սակայն պետք է իմանամ նրա բոլոր ներքին հատկությունները:

2.0124  Եթե բոլոր առարկաները տրված են, ապա դրանով տրված են նաև բոլոր հնարավոր իրադարձությունները:

2.13      Յուրաքանչյուր իր գոյություն ունի ասես հնարավոր իրադարձությունների տարածության մեջ: Այդ տարածությունը ես կարող եմ մտածել որպես դատարկ, բայց չեմ կարող իրը մտածել առանց տարածության:

2.0131  Տարածական առարկան պետք է գտնվի անվերջ տարածության մեջ: (Տարածական կետը արգումենտի տեղն է:)

Բիծը տեսադաշտում (անհրաժեշտաբար) չպետք է լինի կարմիր, սակայն այն պետք է գույն ունենա: Այն, այսպես ասած, ներառված է գունային տարածության մեջ: Տոնը պետք է որոշակի բարձրություն ունենա, շոշափելիքի զգայության առարկան` որոշակի կարծրություն, և այլն:

2.14      Առարկաները բովանդակում են բոլոր իրադրությունների հնարավորությունը:

2.0141  Առարկայի հանդես գալու հնարավորությունը իրադարձության մեջ առարկայի ձևն է:

2.02      Առարկան պարզ է:

2.0201  Յուրաքանչյուր պնդում կոմպլեքսների մասին տարրալուծելի է դրանց տարրերի մասին պնդումների և նախադասությունների, որոնք նկարագրում են այդ կոմպլեքսներն սպառիչ կերպով:

2.021    Առարկաները կազմում են աշխարհի սուբստանցը: Ահա ինչու դրանք չեն կարող լինել բաղադրյալ:

2.0211  Եթե աշխարհը չունենար սուբստանց, ապա նախադասության իմաստ ունենալը կամ չունենալը կախված կլիներ մեկ այլ նախադասության ճշմարտացի լինելուց:

2.0212  Այդ դեպքում անհնար կլիներ կազմել աշխարհի պատկեր (ճշմարիտ կամ կեղծ):

2.022    Ակնհայտ է, որ իրական աշխարհից դեռ այդքան տարբեր մտածված աշխարհը նույնպես պետք է դրա հետ ունենա ընդհանուր ինչ-որ բան` ձև:

2.023    Այս կայուն ձևն էլ կազմված է հենց առարկաներից:

2.0231  Աշխարհի սուբստանցը կարող է որոշարկել միայն ձևը և ոչ մատերիական հատկությունները: Քանի որ դրանք ներկայացվում են միայն նախադասություններով,– կազմվում են առարկաների կոնֆիգուրացիաների միջոցով:

2.0232  Ի դեպ, առարկաներն անգույն են:

2.0233  Տրամաբանական միևնույն ձևն ունեցող երկու առարկաները, անկախ իրենց արտաքին հատկություններից, տարբերվում են իրարից միայն նրանով, որ տարբեր են:

2.02331 Կամ իրը ունի հատկություններ, որոնք չունի ոչ մի ուրիշ իր, և այդ դեպքում այն կարելի է առանց այլևայլության առանձնացնել այլ իրերից նկարագրության միջոցով և հղում անել նրան, կամ կան շատ իրեր ընդհանուր հատկություններով, և այդ դեպքում ընդհանրապես անհնար է ցույց տալ նրանցից մեկը:

            Չէ՞ որ, եթե իրը ոչնչով չի առանձնանում, այն հնարավոր չէ առանձնացնել, այլապես այն արդեն առանձնացած կլիներ:

2.024    Սուբստանցն այն է, ինչը գոյում է անկախ տեղի ունեցողից:

2.025    Սուբստանցը ձև և բովանդակություն է:

2.0251  Տարածությունը, ժամանակը և գույնը (գունավորությունը) առարկաների ձևերն            են:

2.026    Միայն առարկաների առկայությամբ կարող է լինել աշխարհի կայուն ձև:

2.027    Կայունը, առկան և առարկան մեկ են:

2.0271  Առարկան կայունն է, առկան. կոնֆիգուրացիան փոփոխականն է, անկայունը:

2.0272  Առարկաների կոնֆիգուրացիան կազմում է իրադարձություն:

2.03      Իրադարձության մեջ առարկաները կապված են իրար, ինչպես շղթայի օղակները:

2.031    Իրադարձության մեջ առարկաները հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով:

2.032    Ձևը և եղանակը, որով առարկաները կապված են իրադարձության մեջ, իրադարձության կառուցվածքն են:

2.033    Փաստի կառուցվածքը կազմվում է իրադարձության կառուցվածքներից:

2.04      Առկա իրադարձությունների համակցությունն աշխարհն է:

2.05      Առկա իրադարձությունների համակցությունը որոշարկում է նաև այն, թե որ իրադարձությունները չկան:

2.06      Իրադարձությունների լինելն ու չլինելը իրականությունն է: (Իրադարձությունների լինելը մենք անվանում ենք նաև պոզիտիվ փաստ, իսկ չլինելը` նեգատիվ փաստ:)

2.061    Իրադարձությունները կախված են մեկը մյուսից:

2.062    Որևէ իրադարձության լինելուց կամ չլինելուց չի կարելի եզրակացնել մեկ այլ իրադարձության լինելու կամ չլինելու մասին:

2.063    Ամբողջ իրականությունը աշխարհն է:

2.1       Մենք կազմում ենք փաստերի պատկերներ:

2.11      Պատկերը ներկայացնում է իրադրությունը տրամաբանական տարածության մեջ, ներկայացնում է իրադարձությունների լինելը և չլինելը:

2.12      Պատկերը իրականության մոդելն է:

2.13      Առարկաներին պատկերի մեջ համապատասխանում են պատկերի տարրերը:

2.131    Առարկաները ներկայանում են պատկերիմեջ որպես պատկերի տարրեր:

2.14      Պատկերը կազմված է այնպես, որ իր տարրերը հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով:

2.141    Պատկերը փաստ է:

2.15      Որ պատկերի տարրերը հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով, պատկերացում է, ըստ որի իրերը այսպես են հարաբերվում միմյանց հետ:

            Պատկերի տարրերի այս կապը թող կոչվի դրա կառուցվածք, իսկ այդ կառուցվածքի հնարավորությունը`  պատկերման ձև:

2.151    Պատկերման ձևը այն բանի հնարավորությունն է, որ իրերը հարաբերվում են միմյանց հետ այնպես, ինչպես պատկերի տարրերը:

2.1511  Պատկերն այսպես է կապված իրականությանը. այն հասնում է վերջինիս:

2.1512  Պատկերը կարծես չափիչ լինի իրականության համար:

2.15121 Չափող սանդղակի միայն ծայրագույն նիշերն են շոշափում չափվող առարկան:

2.1513  Այս ըմբռնման համաձայն պատկերին հատուկ է պատկերավոր հարաբերությունը, որը պատկեր է դարձնում վերջինս:

2.1514  Պատկերավոր հարաբերությունը կազմված է պատկերի տարրերի և իրերի զուգակցումներից:

2.1515  Այդ զուգակցումները ասես պատկերի տարրերի բեղիկներն են, որոնց օգնությամբ պատկերը առնչվում է իրականությանը:

2.16      Պատկեր լինելու համար փաստը պետք է պատկերվածի հետ ընդհանուր ինչ-որ բան ունենա:

2.161    Պատկերի և պատկերվածի մեջ պիտի նույնական ինչ-որ բան լինի, որպեսզի պատկերն ընդհանրապես պատկերվածի պատկերը լինի:

2.17      Այն, ինչը ընդհանուր պիտի լինի պատկերի մեջ իրականության հետ, որպեսզի այն կարողանա իր ձևով ու եղանակով ճիշտ կամ սխալ պատկերել իրականությունը, իր պատկերման եղանակն է:

2.171    Պատկերը կարող է պատկերել ցանկացած իրականություն, որի ձևն ունի: Տարածական պատկերը հանդիսանում է ամեն տարածականը, գունային պատկերը` ամեն գունայինը:

2.172    Պատկերման իր ձևը, սակայն, պատկերը չի կարող պատկերել, այն ցույց է տալիս դա:

2.173    Պատկերը պատկերում է իր օբյեկտը արտաքուստ (իր դիտակետը իր պատկերման ձևն է), ահա ինչու իր օբյեկտը վերջինս ներկայացնում է ճիշտ կամ սխալ:

2.174    Սակայն պատկերը չի կարող դուրս գտնվել պատկերման իր ձևից:

2.18      Այն, ինչ յուրաքանչյուր պատկերի դեպքում, անկախ նրա ձևից, ընդհանուր պիտի լինի իրականության հետ, որպեսզի վերջինս կարողանա ընդհանրապես, ճիշտ կամ սխալ պատկերել այն, տրամաբանական ձևն է, այսինքն` իրականության ձևը:

2.181    Եթե պատկերման ձևը տրամաբանական է, ապա պատկերը կոչվում է տրամաբանական պատկեր:

2.182    Յուրաքանչյուր պատկեր նաև տրամաբանական պատկեր է: (Մինչդեռ ամեն պատկեր չէ, որ, օրինակ` տարածական է):

2.19      Տրամաբանական պատկերը ընդունակ է պատկերել աշխարհը:

2.2       Պատկերվածի հետ պատկերի մոտ ընդհանուր է պատկերման տրամաբանական եղանակը:

2.201    Պատկերը պատկերում է իրականությունը` ներկայացնելով իրադարձության գոյության կամ չգոյության հնարավորությունը:

2.202    Պատկերը ներկայացնում է որևէ հնարավոր իրադրություն տրամաբանական տարածության մեջ:

2.203    Պատկերը բովանդակում է հնարավորությունն այն իրադրության, որը պատկերում է:

2.21      Պատկերը համապատասխանում կամ չի համապատասխանում            իրականությանը, ճիշտ է կամ սխալ, ճշմարիտ է կամ կեղծ:

2.22      Պատկերը պատկերման ձևի միջոցով ներկայացնում է այն, ինչ ներկայացնում է` անկախ այն բանից ճշմարիտ է, թե կեղծ:

2.221    Այն, ինչ ներկայացնում է պատկերը, իր իմաստն է:

2.222    Իրականության հետ իր իմաստի համապատասխանության կամ անհամապատասխանության մեջ իր ճշմարտությունն է կամ կեղծությունը:

2.223    Իմանալու համար, ճշմարիտ, թե կեղծ է արդյոք պատկերը, մենք պետք է համեմատենք այն իրականության հետ:

2.224    Միայն պատկերի հիման վրա հնարավոր չէ իմանալ` ճշմարիտ է այն արդյոք, թե ոչ:

2.225    A priori ճշմարիտ պատկեր գոյություն չունի:

3          Փաստերի տրամաբանական պատկերը միտքն է:

3.001    «Իրադարձությունը մտածելի է» նշանակում է. «Մենք կարող ենք նրա մասին պատկեր կազմել»:

3.01      Ճշմարիտ մտքերի ամբողջությունը աշխարհի պատկեր է:

3.02      Միտքը բովանդակում է իր մտածած իրադրության հնարավորությունը: Այն, ինչ մտածելի է, նաև հնարավոր է:

3.03      Մենք չենք կարող մտածել անտրամաբանական ոչ մի բան, քանի որ հակառակ դեպքում պիտի մտածեինք անտրամաբանորեն:

3.031    Մի ժամանակ ասում էին, որ Աստված կարող էր ստեղծել ամեն ինչ, բացի նրանից, ինչը հակառակ կլիներ տրամաբանական օրենքներին: – Մենք չենք կարող ասել, թե          ինչ տեսք ունի «անտրամաբանական» աշխարհը:

3.032    Լեզվում ներկայացնել «տրամաբանությանը հակասող» մի բան նույնքան անկա  րելի է, որքան երկրաչափության մեջ ներկայացնել տարածության օրենքներին հակասող ֆիգուր դրա կոորդինատների միջոցով, կամ ցույց տալ գոյություն չունեցող կետի կոորդինատները:

3.0321  Միանգամայն հնարավոր է տարածականորեն պատկերել ֆիզիկայի օրենքներին հակասող որևէ իրադարձություն, բայց ոչ երկրաչափության օրենքներին հակասող իրադարձություն…

3.22      Անունը նախադասության մեջ ներկայացնում է առարկան:

3.221    Առարկաները կարելի է միայն անվանել: Նշանները ներկայացնում են դրանք: Կարելի է միայն խոսել դրանց մասին, բայց ոչ արտաբերել (aussprechen) դրանք: Նախադասությունը կարող է միայն ասել, թե ինչպես կա իրը, բայց ոչ թե ինչ է իրը:

3.23      Պարզ նշանի պահանջը իմաստի որոշակիության պահանջ է:

3.24      Նախադասությունը, որը գործ ունի կոմպլեքսի հետ, ներքին հարաբերության մեջ է նախադասության հետ, որի մեջ խոսքն այդ կոմպլեքսի բաղադրիչ մասի մասին է: Կոմպլեքսը կարող է տրվել միայն իր նկարագրության միջոցով, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել նրան: Նախադասությունը, որի մեջ խոսքը կոմպլեքսի մասին է, այդ կոմպլեքսի չգոյության դեպքում կլինի ոչ թե անիմաստ, այլ կեղծ:

            Որ նախադասության տարրը նշում է կոմպլեքս, կարելի է հասկանալ անորոշությունից նախադասության, որում այն հանդիպում է: Մենք գիտենք, որ այդ նախադասությամբ դեռ որոշարկված չէ ամենը: (Չէ՞ որ համընդհանրության նշանակումը բովանդակում է նախատիպ:)

            Կոմպլեքսի սիմվոլի սեղմումը պարզ սիմվոլի մեջ կարող է արտահայտվել սահմանման միջոցով:

3.25      Գոյություն ունի նախադասության մեկ ու միայն մեկ վերլուծություն:

3.251    Իր արտահայտածը նախադասությունը արտահայտում է որոշակի, հստակ կարգաբերված եղանակով: Նախադասությունը հոդավորված է (artikuliert):

3.26      Անունը ոչ մի սահմանման շնորհիվ չի տարրալուծվում. այն նախնական նշան է:

3.261    Ամեն սահմանվող նշան նշում է նշանների  միջով, որոնցով այն որոշարկվում է, իսկ սահմանումները ցույց են տալիս այդ ճանապարհը:

            Երկու նշաններ` նախնականը և նախնականի միջոցով որոշարկվողը, չեն կարող նշել միևնույն եղանակով: Անունները չեն կարող պարզաբանվել սահմանումներով: (Նմանապես և ոչ մի նշան, որ մեկուսի է, չունի ինքնուրույն նշանակություն:)

3.262    Այն, ինչը չի կարելի արտահայտել նշանով, ցույց է տալիս նշանի կիրառությունը:

            Այն, ինչ կուլ են տալիս նշանները, արտահայտում է նրանց գործածությունը:

3.263    Նախնական նշանների նշանակությունները կարող են բացատրվել պարզաբանումների միջոցով: Պարզաբանումները այդ նախնական նշանները բովանդակող նախադասություններ են: Հետևաբար դրանք կարող են հասկացվել միայն, եթե այդ նշանների նշանակությունները ար    դեն հայտնի են:

3.3       Միայն նախադասությունն ունի իմաստ. միայն նախադասության համատեքստում է անունը ստանում իմաստ:

3.31      Նախադասության յուրաքանչյուր մաս, որ  բնորոշում է դրա իմաստը, ես անվանում եմ արտահայտություն (սիմվոլ): (Նախադասությունն  ինքը արտահայտություն է:)

            Արտահայտությունը  նախադասության իմաստի համար այն ամեն էականն է, որ կարող են միմյանց հետ ընդհանուր ունենալ նախադասությունները:

            Արտահայտությունը  տարբերանշում է ձևը և բովանդակությունը:

3.311    Արտահայտությունը ենթադրում է նախադասությունների այն բոլոր ձևերը, որոնց մեջ կարող է մտնել: Այն նախադասությունների որոշակի դասի ընդհանուր բնորոշ ցուցանիշն է:

3.312    Ուստի արտահայտությունը ներկայացվում է նախադասությունների ընդհանուրձևի միջոցով:

            Ընդ որում, այս ձևի մեջ արտահայտությունը հաստատուն է, իսկ մնացյալ ամեն բան` փոփոխական:

3.313    Այնպես որ, արտահայտությունը ներկայացվում է փոփոխականի միջոցով, որի արժեքները արտահայտությունը բովանդակող նախադասություններն են:

            (Սահմանային դեպքում փոփոխականը դառնում է հաստատուն, արտահայտությունը` նախադասություն:)

            Ես կոչում եմ այսպիսի փոփոխականը «նախադասության փոփոխական»:

3.314    Արտահայտությունը նշանակություն ունի միայն նախադասության մեջ: Յուրաքանչյուր փոփոխական կարելի է ըմբռնել որպես նախադասության փոփոխական:

            (Նաև փոփոխական անունը:)

3.315    Որևէ նախադասության բաղադրիչ մասը փոփոխականի վերածելը տալիս է նախադասությունների դաս, որոնք  միասին կազմում են այդպես առաջացած փոփոխական նախադասության արժեքները:

            Այդ դասը ընդհանուր առմամբ կախված է նրանից, թե ինչ արժեքներ ենք մենք կամայականորեն վերագրում այդ նախադասության մասերին: Բոլոր նշանները փոփոխականների           վերածելու       դեպքում, որոնց նշանակությունները որոշարկված են կամայականորեն, այդպիսի դասը նույնպես կպահպանվի: Սակայն այդ դասը կախված է արդեն ոչ թե մեր համաձայնությունից, այլ նախադասության բնույթից: Այն համապատասխանում է տրամաբանական ձևին, տրամաբանական նախատիպին:

3.316    Թե ինչ արժեքներ պիտի ընդունի նախադասության փոփոխականը, նախապես հաստատված է:

            Արժեքների հաստատումը փոփոխականն   է:

3.317    Նախադասության փոփոխականի արժեքների հաստատումը նախադասությունների նշումն է, որոնց ընդհանուր ցուցանիշը փոփոխականն է:

            Հաստատումը այդ նախադասությունների նկարագրությունն է:

            Հաստատումը, ուրեմն, գործ ունի միայն սիմվոլների հետ, բայց ոչ դրանց նշանակության:

            Եվ հաստատման համար էական է միայն,   որ այն սոսկ սիմվոլների նկարագրություն է և չի ասում ոչինչ նշանակյալի մասին:

            Թե ինչպես է տեղի ունենում նախադասությունների այդ նկարագրությունը, անէական է:

3.318    Նախադասությունը ես, ինչպես Ռասսելը և Ֆրեգեն, հասկանում եմ որպես նրանում բովանդակված արտահայտությունների ֆունկցիա:

3.32      Նշանը սիմվոլի մեջ զգայականորեն ընկալելին է:

3.321    Հետևաբար երկու տարբեր սիմվոլները կարող են ունենալ ընդհանուր նշան (գրավոր կամ ձայնային և այլն). այդ դեպքում նրանք նշանակում են տարբեր ձևով:

3.322    Երկու առարկաներ միևնույն նշանով նշանակելը նշանակման տարբեր եղանակներով չի կարող ցույց տալ այդ առարկանե           րի ընդհանուր հատկանիշը: Չէ՞ որ նշանը կամայական է: Հետևաբար կարելի էր ընտրել նաև տարբեր նշաններ, այդ դեպքում ո՞ւր կմնար նշանակման մեջ եղած ընդհանուրը:

3.323    Առօրյա լեզվում հաճախ է պատահում, որ միևնույն բառը նշանակում է տարբեր ձևով,– այսինքն` պատկանում է տարբեր սիմվոլների,– կամ էլ երկու բառեր, որոնք նշանակում են տարբեր ձևով, արտաքուստ նախադասության մեջ գործածվում են նույն ձևով:

            Այսպես, «է»բառը հանդես է գալիս որպես կապ, որպես նույնության նշան և որպես գոյության արտահայտություն. «գոյել» բառը գործածվում է ինչպես «գնալ» անանցողական բայը. «նույնականը»` որպես ածական. մենք խոսում ենք ինչ-որ բանի (Etwas) մասին, բայց նաև այն մասին, որ ինչ-որ բան (etwas) տեղի է ունենում:

            («Կանաչը կանաչ է» նախադասության մեջ, որտեղ առաջին բառը հատուկ անուն է, իսկ երկրորդը` ածական, այդ բառերը ոչ միայն տարբեր նշանակություն, այլև տարբեր սիմվոլներ ունեն:)

3.324    Այսպես հեշտությամբ գոյանում են ամենաֆունդամենտալ փոխարինումները (որոնցով լի է ամբողջ փիլիսոփայությունը):

3.325    Այս սխալներից խուսափելու համար պետք է օգտվել նշանների լեզվից, որը բացառում է դրանք, քանի որ նրանում չէին կիրառվի միևնույն նշանները տարբեր սիմվոլների համար և չէին կիրառվի արտաքուստ նույն, բայց նշանակման տարբեր ձևով նշաններ: Այսինքն` դա կլինի նշանների լեզու, որը ենթարկված է տրամաբանական քերականությանը` տրամաբանական շարահյուսությանը:

            (Ֆրեգեի և Ռասսելի սիմվոլիկան այդպիսի լեզու է, թեպետ դեռ չի բացառում բոլոր սխալները:)

3.326    Նշանի մեջ սիմվոլը ճանաչելու համար պետք է ուշադրություն դարձնել դրա իմաստավորված կիրառությանը:

3.327    Նշանը որոշարկում է տրամաբանական ձևը միայն իր տրամաբանա-շարահյուսական գործածության հետ:

3.328    Եթե նշանը չի օգտագործվում, ապա այն զուրկ է նշանակությունից: Սա է Օկկամի նշանաբանի իմաստը:

            (Եթե ամեն բան տեղի է ունենում այնպես, ասես նշանն ունի իմաստ, ապա այն ունի իմաստ:)

3.33      Տրամաբանական շարահյուսության մեջ նշանի նշանակությունը չպետք է խաղա որևէ դեր: Այդ նշանակությունը պիտի կազմվի առանց հղում անելու նշանի նշանակությանը, ենթադրվում է միայն արտահայտությունների նկարագրություն:

3.331    Այս դիտողությունից ելնելով` վերանայենք Ռասսելի «Տիպերի տեսությունը». Ռասսելի սխալն այն է, որ նշանային կանոնները հաստատելիս նա պիտի խոսեր նշանների նշանակության մասին:

3.332    Ոչ մի նախադասություն չի կարող ինչ-որ բան ասել իր մասին, քանի որ նախադասության նշանը չի կարող բովանդակվել ինքն իր մեջ (սա է ողջ «Տիպերի տեսությունը»): …

4.002    Մարդը ունակ է կազմել լեզուներ, որոնցով կարելի է արտահայտել ցանկացած իմաստ` առանց պատկերացում ունենալու, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր բառը:

            Նմանապես մարդը խոսում է` չիմանալով,  թե ինչպես են առաջանում առանձին հնչյունները:

            Առօրյա լեզուն մարդկային կազմվածքի մասն է և պակաս բարդ չէ այդ կազմվածքից:

            Մարդն անկարող է նրանից անմիջականորեն դուրս բերել լեզվի տրամաբանությունը:

            Լեզուն զգեստափոխում է մտքերը: Ընդ որում այնպես, որ զգեստի արտաքին ձևից հնարավոր չէ եզրակացնել նրանով     ծածկված միտքը, քանի որ զգեստի արտաքին ձևը կազմվել էր միանգամայն այլ նպատակների համար և ոչ մարմնի ձևը ճանաչելու:

            Առօրյա լեզուն հասկանալիս լռելյայն արվող համաձայնությունները չափազանց բարդ են:

4.003    Փիլիսոփայական թեմաներով գրված նախադասությունների և հարցերի մեծ մասը, ոչ թե կեղծ են, այլ անիմաստ: Ահա ինչու մենք ընդահանրապես չենք կարող պատասխանել այդ կարգի հարցերին, այլ` միայն հաստատել դրանց անիմաստությունը: Փիլիսոփայի նախադասությունների և հարցերի մեծ մասը ծնվում են նրանից, որ մենք չենք հասկանում լեզվի տրամաբանությունը:

            (Այդ հարցերը հետևյալ կարգի են. նույնակա՞ն է արդյոք բարին ավել կամ պակաս չափով քան գեղեցիկը:)

            Եվ զարմանալի չէ, որ ամենախոր պրոբլեմները պրոբլեմներ չեն:

4.0031  Ամեն փիլիսոփայություն «լեզվի քննադատություն» է: (Իհարկե ոչ Մաուտների իմաստով:) Ռասսելի ծառայությունն այն է, որ նա ցույց տվեց. նախադասության թվացյալ ձևը անհրաժեշտաբար նրա իրական ձևը չէ:

4.01      Նախադասությունը իրականության պատկեր է:

            Նախադասությունը իրականության մոդել է, այնպիսի, ինչպիսին մենք այն մտածում ենք:

4.011    Առաջին հայացքից նախադասությունը երևում է այնպես, ինչպես գրված է թղթի վրա, այսինքն` չի երևում որպես պատկերն այն իրականության, որի մասին պատմում է: Սակայն նաև նոտաների գրառումը առաջին հայացքից չի թվում երաժշտության պատկեր, իսկ մեր հնչյունային (տառային) գիրը` մեր հնչյունային լեզվի      պատկեր:

            Եվ այդուհանդերձ այդ նշանային լեզուները նաև սովորական իմաստով հանդես են գալիս       որպես իրենց  ներկայացրածի պատկեր:

4.012    Ակնհայտ է, որ «aRb» ձևի նախադասությունը մենք ընկալում ենք որպես պատկեր: Այստեղ պատկերը ակներևաբար նշանակյալի որոշակի նմանություն է:

4.013    Եվ երբ մենք ներթափանցում ենք այդ պատկերավորության էության մեջ, տեսնում ենք, որ այն չի խախտվում թվացյալ անկանոնություններով (ինչպես նոտանե          րի գրության մեջ #-ի և -ի կիրառությունը):

            Քանզի նաև այդ անկանոնությունները պատկերում են այն, ինչը նրանք պիտի արտահայտեն, միայն թե այլ կերպ:

4.014    Գրամոֆոնի    ձայնապնակը, երաժշտական թեման, նոտաների գրառումը, ձայնային ալիքները, – բոլորը գտնվում են միմյանց նկատմամբ պատկերման ներքին հարաբերության մեջ, որն առկա է լեզվի և աշխարհի միջև:

            Նրանց բոլորին ընդհանուր է տրամաբանական կառուցվածքը(…)

6.3611  Ոչ մի պրոցես չի կարելի համեմատել «ժամանակի հոսքի» հետ,– այն գոյություն չունի,– այլ կարելի է համեմատել միայն ուրիշ պրոցեսի հետ (օրինակ` խրոնոմետրի ընթացքի):

            Այսկերպ ժամանակային պրոցեսի նկարագրությունը հնարավոր է միայն այլ պրոցեսի վրա հենվելով:

            Միանգամայն նույն բանը տեղի ունի տարածության դեպքում: Օրինակ ասում են, որ երկու (իրար բացառող) իրադարձություններից ոչ մեկը չի կարող տեղի ունենալ, քանի որ չկա պատճառը, համաձայն որի իրադարձություններից մեկը պիտի տեղի ունենա նախքան մյուսը: Իրականում խոսքն այստեղ այն մասին է, որ անհնար է նկարագրել այս երկու իրադարձություններից մեկը, եթե չկա ոչ մի անհամաչափություն: Իսկ եթե այդպիսի անհամաչափությունն առկա է, ապա այն կարելի է դիտել որպես մի իրադարձության տեղի ունենալու և մյուսի տեղի չունենալու պատճառ:

6.36111 Աջ և ձախ ձեռքերի կանտյան պրոբլեմը, երբ մի ձեռքը չի կարող ծածկել մյուսը, առկա է արդեն հարթության վրա, նույնիսկ միաչափ տարածության մեջ,

   - - - o - x - - x - o - - -

             a          b

որտեղ երկու կոնգրուենտ ֆիգուրները` a-ն և b-ն, նույնպես չեն կարող ծածկել իրար, եթե դուրս չհանվեն այդ տարածությունից: Աջ և ձախ ձեռքերը իրականում միանգամայն կոնգրուենտ են, իսկ այն որ չեն ծածկում իրար, գործի հետ առնչություն չունի: Աջ ձեռնոցը կարելի էր հագնել ձախին, եթե այն հնարավոր լիներ շրջել քառաչափ տարածության մեջ:

6.362    Այն, ինչը կարելի է նկարագրել, կարող է նաև տեղի ունենալ, իսկ այն, ինչը պետք է           բացառվի պատճառականության օրենքով, չի կարող նաև նկարագրվել:

6.363    Ինդուկցիայի պրոցեսն այն է, որ մենք ընդունում ենք պարզագույն օրենք, որը հարկ է համաձայնության բերել մեր փորձերի հետ:

6.3631  Այս պրոցեսը, սակայն, ունի ոչ թե տրամաբանական, այլ միայն հոգեբանական հիմնավորում:

            Պարզ է, որ հիմք չկա կարծելու, թե նաևբիրականում տեղի ունի այս պարզագույն   դեպքը:

6.36311 Որ արեգակն առավոտյան կծագի, հիպոթեզ է. իսկ դա նշանակում է, որ մենք չգիտենք, կծագի այն արդյոք:

6.37      Պարտադիր չէ, որ եթե մի բան տեղի է ունենում, պիտի տեղի ունենա նաև այլ բան:

            Կա միայն տրամաբանական անհրաժեշտություն:

6.371    Ժամանակակից աշխարհայեցողության հիմքում ընկած է այն պատրանքը, թե իբր      բնության օրենքները բնական երևույթների բացատրություններն են:

6.372    Այսպես, բնության օրենքների առաջ քարանում են ինչպես անձեռնմխելի մի բա       նի, ինչպես հները Աստծո և ճակատագրի առաջ:

Ընդ որում, երկուսն էլ և՛ իրավացի են, և՛ոչ: Հների դեպքում հարցն իհարկե ավելի հստակ է, քանի որ նրանք ճանաչում են հստակ սահման, իսկ նորերի դեպքում կարող է թվալ, թե ամեն բան բացատրված է:

6.373    Աշխարհն անկախ է իմ կամքից:

6.374    Եթե անգամ պատահեր այն ամենը, ինչ մենք կամենում ենք, դա այնուամենայնիվ կլիներ միայն ճակատագրի շնորհ, քանի որ կամքի և աշխարհի միջև չկա տրամաբանական կապ, որ ապահովեր դա, իսկ ենթադրվող ֆիզիկալիստական կապը մենք չենք կարող կամենալ:

6.375    Ճիշտ ինչպես գոյություն ունի տրամաբանական անհրաժեշտություն, այնպես էլ         գոյություն ունի տրամաբանական անհնարություն:

6.3751  Որ օրինակ` երկու գույներ կարող են գտնվել միաժամանակ տեսողական դաշտի նույն տեղում, անհնար է, ընդ որում, անհնար է տրամաբանորեն, քանի որ դա  բացառվում է գույնի տրամաբանական կառուցվածքով:

Մտածենք այն մասին, թե ինչպես է այդ հակասությունը ներկայացվում ֆիզիկյում: Մոտավորապես այսպես. մասնիկը       չի կարող միևնույն ժամանակ ունենալ տարբեր արագություն. սա նշանակում է, որ այն չի կարող միևնույն ժամանակ գտնվել տարբեր տեղերում: Սա նշանակում է, որ մասնիկները տարբեր տեղերում միևնույն ժամանակում չեն կարող նույնական լինել:

(Պարզ է, որ երկու տարրական նախադասությունների տրամաբանակա            արտադրյալը չի կարող լինել ո՛չ նույնաբանություն, ո՛չ էլ հակասություն: Պնդումը, որ տեսադաշտի որևէ կետը միևնույն ժամանակ ունի երկու տարբեր գույներ, հակասություն է:)

6.4       Բոլոր նախադասությունները հավասարարժեք են:

6.41      Աշխարհի իմաստը պիտի ընկած լինի նրանից դուրս: Աշխարհում ամեն ինչ կա այնպես, ինչպես այն կա, և ամեն ինչ տեղի        է ունենում այնպես, ինչպես տեղի է ունենում: Նրանում չկա արժեք. և եթե այն լիներ, ապա արժեք չէր ունենա:

Եթե կա արժեք, որ արժեք ունի, ապա այն պետք է դուրս լինի ամեն իրադարձությունից և այսպես լինելուց: Չէ՞ որ ամեն իրադարձություն և այսպես լինելը պատահական է:

Այն, ինչը ոչ պատահական է դարձնում գոյությունը, չի կարող գտնվել աշխարհի մեջ, քանի որ այլապես այն դարձյալ պատահական կլիներ:

            Այն գտնվում է աշխարհից դուրս:

6.42      Ահա ինչու չեն կարող լինել էթիկայի նախադասություններ:

            Նախադասությունները չեն կարող արտահայտել բարձրագույնը:

6.421    Հասկանալի է, որ էթիկան անարտահայտելի է:

            Էթիկան տրանսցենդենտալ է:

            (Էթիկան և էսթետիկան մեկ են:)

6.422    Առաջին միտքը, որ գալիս է «Դու պետք է…» ձև ունեցող էթիկական օրենքը հաստատելիս, հետևյալն է. իսկ ի՞նչ կլինի, եթե ես դա չանեմ: Սակայն պարզ է, որ ոչ մի կապ չունի պատժի և վարձատրման հետ իրենց սովորական իմաստով: Հետևաբար այս հարցը արարքի հետևանքների մասին չունի նշանակություն: – Այս հետևանքները առնվազն չպետք է լինեն իրադարձություններ: Քանի որ այնուամենայնիվ պետք է ճիշտ ինչ-որ բան լինի այդ հարցադրման մեջ: Պետք է գոյություն ունենա էթիկական վարձատրման կամ էթիկական պատժի ինչ-որ տեսակ, բայց դրանք պետք է ընկած լինեն հենց արարքի մեջ:

            (Պարզ է նաև, որ վարձատրումը պետք է լինի հաճելի ինչ-որ բան, իսկ պատիժը`տհաճ:)

6.423    Խոսել կամքի մասին որպես էթիկականի կրողի, անհնար է:

            Կամքը որպես ֆենոմեն հետաքրքրում է միայն հոգեբանությանը:

6.43      Եթե բարի կամ չար կամքը փոխում է աշխարհը, ապա այն կարող է փոխել միայն աշխարհի սահմանները, ոչ փաստերը, ոչ այն, ինչը կարող է արտահայտվել լեզվով:

Կարճ ասած, աշխարհը պետք է ընդհանրապես դառնա ուրիշ: Այն պետք է այսպես ասած փոքրանա կամ մեծանա:

            Երջանիկի աշխարհը տարբեր է դժբախտի աշխարհից:

6.431    Ինչպես նաև մահվան հետ աշխարհը ոչ թե փոխվում է, այլ դադարում:

6.4311  Մահը կյանքի իրադարձություն է: Մարդը չի վերապրում մահը: Եթե հավերժության տակ հասկանանք ոչ թե ժամանակի անվերջ տևողություն, այլ անժամանակայնություն, ապա հավերժ ապրում է նա, ով ապրում է ներկայով:

            Ըստ այդմ մեր կյանքն անվերջ է ճիշտ այնպես, ինչպես անսահման է մեր տեսադաշ       տը:

6.4312  Մարդկային հոգու ժամանակային անմահությունը, ինչը նշանակում է նրա հավերժական կյանքը նաև մահվանից հետո, ոչ միայն ոչ մի կերպ չի հաստատվում, այլև չի արդարացնում այդ ենթադրության հետ կապվող հույսերը: Մի՞թե որևէ հանելուկ կլուծվեր, եթե ես ապրեի հավերժ: Մի՞թե այդ հավերժ կյանքը նույնպես հանելուկային չէ: Տարածության և ժամանակի մեջ կյանքի հանելուկի լուծումը տարածությունից և ժամանակից դուրս է:

            (Չէ՞ որ այստեղ խոսքը բնագիտական պրոբլեմ լուծելու մասին չէ:)

6.432    Թե ինչպես է գոյում աշխարհը, Բարձրյալի համար կատարելապես միևնույն է: Աստված չի հայտնակերպվում աշխարհի մեջ:

6.4321  Բոլոր փաստերը պատկանում են առաջադրանքին, ոչ լուծմանը:

6.44      Միստիկականը այն չէ, թե ինչպես է գոյում աշխարհը, այլ ինչ է աշխարհը:

6.45      Աշխարհի հայեցողությունը sub specie aeterni նրա հայեցողությունն է որպես սահմանափակ ամբողջի:

            Աշխարհի զգացողությունը որպես սահմանափակ ամբողջի միստիկականն է:

6.5       Պատասխանի համար, որը հնարավոր չէ արտաբերել, հնարավոր չէ արտաբերել նաև հարց:

            Հանելուկ չկա:

            Եթե ընդհանրապես հնարավոր է հարց բարձրացնել, ապա դրան կարելի է նաև պատասխանել:

6.51      Սկեպտիցիզմը անհերքելի չէ, այլ` ակներևաբար անիմաստ, եթե կասկածի տակ է առնում այնտեղ, որտեղ հնարավոր չէ հարցնել:

Կասկածը կարող է լինել միայն այնտեղ, որտեղ հարց կա, հարցը կարող է լինել այնտեղ, որտեղ կա պատասխան, իսկ պատասխանը միայն այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ բան ասվել:

6.52      Մենք զգում ենք, որ անգամ երբ բոլոր հնարավոր գիտական հարցերին տրվել են պատասխաններ, մեր կյանքային պրոբլեմները բնավ շոշափված չեն: Այդժամ իհարկե ոչ մի հարց էլ չի մնում. և հենց սա է պատասխանը:

6.521    Կյանքի պրոբլեմի լուծումը մենք նկատում ենք այդ պրոբլեմի անհետացման հետ միայն:

(Սա չէ՞ արդյոք պատճառը, որ մարդիկ, որոնց երկար ժամանակ հետո պարզ է դարձել կյանքի իմաստը, չեն կարողանում այնուհետև ասել, թե որն է այդ իմաստը:)

6.53      Իսկապես գոյություն ունի անարտաբերելին: Այն ցույց է տալիս իրեն, դա միստիկա        կանն է:

6.53      Փիլիսոփայության ճիշտ մեթոդը կլիներ ըստ էության հետևյալը. չասել ոչինչ բացի նրանից, ինչը կարելի է ասել, այն է` բնագիտության դրույթներից և հետևաբար մի բան, որը կապ չունի փիլիսոփայության հետ: – Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկանար մետաֆիզիկական բան ասել, ապացուցել նրան, որ նա ոչ մի նշանակություն չի հաղորդել իր նախադասութ    յունների որոշակի նշաններին: Այդ մեթոդը բավարար չէր լինի զրուցակցի համար, նա չէր ունենա զգացում, թե մենք նրան փիլիսոփայություն ենք սովորեցնում, բայց հենց այս մեթոդը կլիներ միակ անթերի ճիշտը:

6.54      Իմ նախադասությունները պարզաբանում են. նա ով կհասկանա ինձ, բարձրանալով դրանց միջոցով, դրանց վրա և դրանցից վեր, ի վերջո անիմաստ կճանաչի դրանք: (Նա պետք է, այսպես ասած, մի կողմ նետի աստիճանը դրանցով բարձրանալուց հետո:)

Նա պետք է հաղթահարի այս նախադասությունները, այդժամ կտեսնի աշխարհը ճիշտ կերպով:

7          Ինչի մասին հնարավոր չէ խոսել, դրա մասին պետք է լռել:

           

           

           

            Գերմաներենից թարգմանությունը`Սերգեյ Ստեփանյանի