1/8/2005

Միքելանջելո

 

«Տխրության մեջ լինելով` ունեմ գեթ այն երջանկությունը, որ ոչ ոք դեմքիս վրա չի կարդում ո՛չ իմ ցավերը, ո՛չ իմ իղձերը: Այլևս չեմ երկնչում նախանձից, ինչպես և չեմ ընդունում տգետ ամբոխի սին գովեստները… և միայնակ քայլում եմ անհարթ ճամփաներով»: Միքելանջելո 

Io del mio duol quest’ uno effetto ho caro

Ch ‘alcun di fuor non vede

Chi l’alma attrista, e i suoi desir non ode;

Ne temo invidia, o pregio onore o lode

Del mondo cieno

........

E vo per vie men calpestate e sole.

Միքելանջելոն ծագում է Ռեջո շրջանի մի շատ հին տոհմից, որ ազգակից է եղել Իտալիայի առաջնակարգ գերդաստաններին, անգամ, ինչպես ասում են մի շարք պատմաբաններ, արյունակից է եղել կայսերական տանը. քանզի Հենրիխ II-ի քույր Բեատրիսը ամուսնացած է եղել Միքելանջելոյի նախնիներից մեկի` կոմս Բոնիֆաս դը Կանոսսայի հետ, որն այն ժամանակ Մանտուայի տերն էր, և այդ ամուսնությունից է ծնվել նշանավոր կոմսուհի Մաթիլդը: Կանոսսա կամ Սիմոնի Կանոսսա անունը հետագայում դարձել է Բուոնարրոտո կամ Բուոնարրոտի, ինչպես և հայտնի է մեծ արվեստագետը, քանզի այդ ընտանիքի անդամներից շատերն այդ անունը կրել են հիմնական անվան հետ, այն աստիճանաբար դարձել է մականուն և ի վերջո` ընտանիքի միակ անունը1:

Ազգաբանական ու ծագումնաբանական բոլոր այս մանրամասները, թվում է, կարևոր չեն Միքելանջելոյի նման մարդու կյանքում: Բայց անհրաժեշտ է նկատել, որ այդ առավելությունները, որոնք կարող էին բարենպաստ լինել մյուս բոլոր ասպարեզներում, միայն ավելացրել են նրա արվեստի ոլորտում եղած դժվարությունները, քանզի քանդակագործությունը նրա բոլոր ազգականները պատվավոր չեն համարել ազնվածին մարդու համար: Սակայն այդ ողջ բարձրատոհմիկությունը երջանկություն չի բերել նրա նշանավոր նախնիներին, այդ թվում նաև հորը, քանզի երբ ծնվեց որդին, որն իր տոհմի անունը բոլորովին այլ կերպ պիտի պանծացներ, նա չափազանց ընչազուրկ է եղել և մի կերպ ապրել է Ֆլորենցիայում` վարելով մի աննշան պաշտոն: Նա մեծ դժվարությունների գնով է կարողացել դաստիարակել որդուն, այնքան, որ ցնցված վերջինիս վաղահաս խելքից և իր աղքատությանը հակառակ ցանկանալով լիարժեքորեն կրթել նրան` քերականության ու գրականության ուսուցիչ է վարձել:

Այդ կրթությունը, որ հոր պարծանքն է եղել, մանուկ Միքելանջելոյին քիչ է հրապուրել: Նա արդեն նախապատվությունը տվել էր արվեստին, որն ամենից ավելի պիտի փառավորեր նրան:

Քերականություն սերտելու փոխարեն թրև գալով փողոցներում, նա ծանոթացել է ոմն Գրանաչչիի հետ, որը գեղանկարչություն էր ուսանում Ֆլորենցիայում այն ժամանակ ամենահմուտ վարպետի` Գիրլանդայոյի մոտ: Այդքանը բավական էր, որ նա անդիմադրելիորեն մղվեր դեպի նկարչությունը: Երիտասարդը նրան ընձեռել է բոլոր հնարավոր միջոցները` ուսումնասիրություններ կատարելու և նվիրվելու իր հիմնական հրապուրանքին: Տվել է նրան փորագրանկարներ, գծանկարներ, ապահովել անգամ ներկերով ու վրձիններով, այնպես որ, ոգևորվելով իր առաջին փորձերով2, երիտասարդ Միքելանջելոն հրաժեշտ է տվել քերականությանն ու ուսուցչին:

Այդ փորձերն ապշեցրել են ողջ Ֆլորենցիային: Պետք է ասել, սակայն, որ այն ժամանակ առանձնապես պահանջկոտ չեն եղել և դեռևս շատ երիտասարդ նկարչի հանդեպ բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերել, քանզի նա այդ ժամանակ եղել է ընդամենը տասը կամ տասներկու տարեկան: Միայն նրա բարեհամբավ հայրը չի կիսել համընդհանուր խանդավառությունը: Վերջինս անկեղծորեն վրդովվել է, որ վատ ճանապարհ ընտրած իր որդին վազում է նկարիչների ու նկարավաճառների կրպակները և հրապուրված է այնպիսի գործով, որը պատիվ չի բերում իր ազնիվ ծագմանը: Նա առավել վրդովվել է, երբ որդու մեջ հանկարծակիորեն բացահայտվել է քանդակագործի տաղանդը3: Հայրը համառորեն պնդել է, որ երբեք չի համաձայնի տեսնել որդուն քարտաշի դերում. մասնագիտություն, որը նա շատ տարբեր չի համարել քանդակագործի աշխատանքից: Այդպիսի ստորին նկրտումները, նրա կարծիքով, պատվազրկել են իրենց ողջ տոհմը, և միայն անձամբ իր` Լորենցո Մեդիչիի, որը դարձել էր երիտասարդ նկարչի հովանավորը, խնդրանքներին տեղի տալով է նա թույլատրել որդուն հետևել իր հակումներին:

Այդ համաձայնությունը, թեև իրոք արդեն ուշացած, միակ օգուտը չէր, որ քաղել է Միքելանջելոն Լորենցոյի զորավոր հովանավորությունից: Այդ իշխանը, որ պայծառ լույսով է ողողել իր դարը, օժտված է եղել նաև չափազանց սուր մտքով, որ ամենից ավելի ունակ է եղել նկատելու գեղեցիկը: Միքելանջելոյի խիզախությունը հետաքրքրել է նրան, և նա մինչև իր մահը շարունակել է արվեստագետի հանդեպ իր բարեգործությունները: Լորենցոն ցանկացել է Միքելանջելոյին տեսնել իր պալատում, անգամ ճաշել նրա հետ, և ժամանակի բոլոր հռչակավոր մարդիկ, որոնց Մեդիչին հաճույքով համախմբում էր իր շուրջը, բավականին նպաստել են Միքելանջելոյին` բացահայտելու այն ամենն, ինչ խոստանում էր այդ շատ վաղահաս հանճարը: Երիտասարդ արվեստագետն այնտեղ վերագտել է հակումը գրականության հանդեպ, որից փոքր-ինչ նահանջել էր հոր համառության պատճառով: Այնտեղ նա մանավանդ յուրացրել է այն բարեկրթությունն ու համապատասխան նուրբ ճաշակը, որ ձեռք են բերում միայն երիտասարդ հասակում` շրջապատված արժանապատիվ անձնավորություններով:

Մեկ ուրիշը նրա փոխարեն թերևս կննջեր այդ հզոր հովանու ներքո: Մինչդեռ Միքելանջելոն օգտագործել է դա ուսումնասիրություններ կատարելու և իր միտքը կոփելու համար դժբախտաբար շատ կարճատև այն ժամանակահատվածում, երբ հնարավորություն է ունեցել շփվելու նման նշանավոր մարդկանց հետ: Մոտ չորս տարի անց մեծն Լորենցոյի անժամանակ մահը նրան նորից նետել է ամբոխի գիրկը և հանձնել բախտի քմահաճույքին: Պատճառը ոչ թե այն էր, որ հորը փոխարինած Պիետրո Մեդիչին երիտասարդ արվեստագետին չի հովանավորել, այլ այն, որ ժառանգելով իր այնքան արժանավոր հոր բարձր աթոռը, նա չի ունեցել ո՛չ վերջինիս փայլուն միտքը և ո՛չ էլ նրա առաքինությունները: Արդեն իսկ Պիետրոյի առաջին հանձնարարությունը, որ տվել է Միքելանջելոյին, խոսում է նրա գնահատման չափանիշների մասին: Լորենցոյի մահից շատ չանցած Ֆլորենցիայում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, և Պիետրոն ցանկացել է, որ Միքելանջելոն մի հսկայական ձյունե քանդակ կերտի իր պալատի բակում: Նա շատ է պարծեցել, որ իր արքունիքում ունի երկու հազվագյուտ անձինք` Միքելանջելոն և մի երիտասարդ վազորդ`այնքան արագաշարժ, որին ինքը չի կարողացել վազանցել իր արշավասույր նժույգով: Այս զուգահեռը համարժեք է ձյունակերտ քանդակին:

Այդպիսի անգետ հովանավորն ամենևին արժանի չէր զուգակցելու իր անունը Միքելանջելոյի փառքին: Ճակատագիրը շուտով դադարել է նեցուկ լինել նաև նույն այդ հովանավորին, և սեղանակցի բավական ստորացուցիչ պարտականությունը տհաճորեն կատարող մեծ արվեստագետը հեռացել է Ֆլորենցիայից` նախքան Պիետրո Մեդիչիի քաղաքից վտարվելը, որ վրա է հասել շատ շուտ: Ասում են, թե Միքելանջելոյի հեռանալու պատճառը եղել է նրա ընկերներից մեկի` ինչ-որ երաժիշտի սարսափազդու տեսիլքը, որից ահաբեկված արվեստագետը ձգտել է խույս տալ իր հովանավորի ընտանիքին ու համակիրներին սպառնացող վտանգից: Այդ երաժիշտը երազում տեսել է անչափ գունատ, ահավոր ցնցոտիների մեջ, խոշտանգված ու սպիներով ծածկված մեծ Լորենցո Մեդիչիին, որը հրամայել է նրան տեղեկացնել իր որդուն այն դառը ճակատագրի մասին, որ բերելու է վերջինիս նրա թեթևամտությունը: Պետք է ենթադրել, թե այդ երաժիշտը բավական երկմտել է նման նուրբ հանձնարարություն կատարելու համար: Սակայն քանի որ ուրվականը շարունակել է համառել և անգամ պատժելու համար երկնչող երաժիշտի դիմադրությունը` մի շառաչուն ապտակ է պարգևել նրան, ուստի վերջինս լրջորեն խորհրդակցել է իր երիտասարդ ընկերոջ` Միքելանջելոյի հետ և որոշել կատարել այդ քայլը: Մի անգամ, երբ Պիետրոն վերադառնալիս է եղել հերթական որսից` մտքերով տարված ուզգոնությունը կորցրած, նրան կանգնեցրել է խեղճ երաժիշտը և ամբողջ մարմնով ցնցվելով` մի կերպ հաղորդել է նրան այն բարի խրատները, որ հայրը հղել է նրան գերեզմանի խորքից: Պիետրոն, որ բարեբախտաբար լավ տրամադրության մեջ է եղել, ծաղրել է խեղճ մարդուն ու նրա երազը: Մինչդեռ Միքելանջելոն, ինչպես հաստատել է Կոնդիվին4, այդ ամենը լրջորեն ընդունելով` որոշել է ամեն ինչ թողնել ու հեռանալ: Մենք հակված ենք կարծելու, որ նրան այդ նախազգուշական քայլին ավելի շատ դրդել է սեփականշրջահայացությունը` խուսափելու Ֆլորենցիայի բնակիչների քինախնդրությունից, որ տածել են Մեդիչիի բոլոր կողմնակիցների հանդեպ: Ճամփորդելով Իտալիայով, ուր աչքը կտրի, նա բախտի կամոք առիթներ է ունեցել գործադրելու իր տաղանդը: Եղել է Բոլոնիայում, Վենետիկում, ուր իր յուրահատուկ գործուն մտքի շնորհիվ գտել է հովանավորներ, որոնք օգտագործել են քանդակագործի նրա ձիրքը: Դա սակայն, չի խանգարել նրան վերադառնալ Ֆլորենցիա` այնտեղ վիճակը խաղաղվելուն պես: Այդ ժամանակ է նա ստեղծել իր նշանավոր

«Կուպիդոնը»: Ցանկանալով այդ աշխատանքը իբրև անտիկ քանդակ ներկայացնել, նա մի քիչ հողոտել ու կեղտոտել է այն` մոլորեցնելու համար հավակնոտ ու անտեղյակ մի արվեստասերի: Ասում են անգամ, որ այդ արկածախնդրության զոհ դարձած կարդինալը իր սխալի հետևանքով առաջացած ծիծաղելի վիճակին ավելացրել է մի ամոթալի անարդարություն` նա հրաժարվել է արվեստագետին վճարել պայմանավորված գումարը, երբ իմացել է, որ այն, ինչը հիացրել է իրեն իբրև անտիկ քանդակ, ընդամենը եղել է մի շատ երիտասարդ հեղինակի գործ: Միքելանջելոն լիովին մխիթարվել է` ծաղրելով մեկենասի տգիտությունը: Այդ ժամանակ նա ստեղծել է բազում գեղեցիկ գործեր, որոնց մեջ կարողացել է ցույց տալ, որ պատահականորեն չի մերձեցել անտիկ արվեստի կատարելությանը: Այդ գործերի թվում է նաև մի մարմարակերտ խմբաքանդակ, որ պատկերում է Աստվածածնին` խաչից իջեցված Քրիստոսը ծնկներին: Այդ գործն այսօր էլ կարելի է տեսնել Ֆլորենցիայի եկեղեցիներից մեկում:

Նրա կյանքի այդ շրջանում տեղի է ունեցել գրեթե անհավատալի մի փաստ:

Հասնելով արդեն շատ նշանակալից համբավի և ուժերի ծաղկման գագաթնակետին` նրա հանճարը հանկարծ կանգ է առել: Սա մեզ քիչ ծանոթ երևույթ է: Երեք կամ չորս տարվա ընթացքում Միքելանջելոն ձեռքը չի առել ո՛չ հատիչ, ո՛չ վրձին, ո՛չ մատիտ. ապրել է Ֆլորենցիայում` ոչինչ չանելով կամ ավելի ճիշտ` պոեզիա է կարդացել, ինքն էլ բանաստեղծություններ է գրել, ուսումնասիրել Հին կտակարանը:

Կարելի՞ է դա համարել այլ բան, քան մտքի հիվանդություն, տաղանդի յուրահատուկ ճգնաժամ: Նա այդ ժամանակ քսանվեց-երեսուն տարեկանէր: Կենսագիրներն այդ այնքան հանկարծահաս տկարությունը վերագրում են պատվերների ժամանակավոր բացակայությանը, որոնց պակասը նա մինչ այդ բնավ չէր ունեցել: Արվեստագետի ջանքերի համար անհրաժեշտ է որևէ նպատակ: Որքան կուզեն, թող ասեն, թե մեծ տաղանդները սիրում են հետևել միայն իրենց ֆանտազիային, թե պատվիրված սյուժեները անսում են նրանց. միշտ չէ, որ այդպես է: Մեծագույն մտածողների մեջ առկա է նույնքան մեծ ծուլություն: Աշխատել, սրել գրիչը կամ մատիտը միշտ չէ, որ հաճույք է, ինչպես կարծում են նրանք, ովքեր գոհանում են` դիտելով, թե ինչպես է այդ ամենն արվում. ավելի հաճախ դա դժոխային աշխատանք է: Քրտինք թափելը, եռոտանու վրա բարձրանալը մի բան է, որից սարսափում են, ինչպես այն ծանր վիրահատությունից, որի հաջող ելքը կասկածելի է. դա մի տենդ է, որի նոպան տանջալի է: Թող արհեստավոր արվեստագետն ամեն առավոտ չափի ու ձևի իր անելիքը և իրագործի այն. հրաշալի է: Միայն համառ աշխատանքով կարող է նա որսալ կասկածելի ջերմության ցայտող կայծերից մի քանիսը: Բայց արտառոց հակառակությամբ, արվեստագետը, որ ապրում է իրեն ոգեշնչող դևի հետ, վախենում է հաճախ արթնացնել նրան, երբ նա քնած է, կամ պարտադրել նրան, երբ նա դիմադրում է: Այդպիսի մարդկանց համար գործը ժամանակին կատարելու, առաջին իսկ պատահածի հրամցրած սյուժեի պայմանները բավարարելու, որոշակի տեղի համար նկարելու պահանջն անհրաժեշտաբար ծուլություն է ծնում: Անգամ ծածուկ հաճույք կա դժվարությունները հաղթահարելու մեջ. այդ նեղվածության մեջ կա ինչ-որ հրապուրիչ բան, որ ոգեշնչում է: Արդյոք նման չէ՞ ձեր արվեստը այն սիրուհուն, որի փոքրիկ քմահաճույքներն ու խստությունները անթեղում ու բորբոքում են ձեր կիրքը:

Ամեն օր և գրեթե նույն ժամին վառել այն թանկարժեք կրակը, որ սփռվում է հրապուրիչ գեղանկարի կամ գեղեցիկ քերթվածի մեջ` թողնելով ձեզ վրա խորունկ հետքեր, որոնք մաշում ու ծերացնում են ձեզ. դա նման է այն բանին, որ սերն իր ուրախություններով ու ցավերով հանդերձ վերածում են տխուր ամուսնության, ինչը սոսկ սիրո դժգույն վերհուշն է: Պարապության մատնված Միքելանջելոն չունենալով կայուն պատվերներ և իր գործերի համար որոշակի նպատակ` դադարել է աշխատել: Նրան համակել է ձանձրույթը. թերևս նա ինքը չափազանցրել է այդ ձանձրույթն ու խորշանքը: Տարօրինակ բան. նա, որին վիճակված էր ավելի քան ութսուն տարեկան հասակում դեռևս իր ձեռքին պահել արվեստի գայիսոնը, իր այդ անկումային շրջանում թերևս բազմիցս ինքն իրեն ասել է. «Ես վերջացած մարդ եմ, այլևս չունեմ գաղափարներ, իմ բոլոր ախոյաններն ինձանից ավելի արժանավոր են, ուստի և հասարակությունը նրանց է համակրում: Իսկ ինձ քամահրում են, և ես թերևս արժանի եմ դրան: Ինչի՛ս է փառքը, ինչի՛ս է ապագան» և այսպիսի ուրիշ խենթ մտքեր, որ ծնունդ են վհատության:

1503-ին Ալեքսանդր VI-ի մահից և նրա հաջորդ Պիոս III-ի կարճատև գահակալությունից հետո պապ օծվեց Հուլիուս II-ը:

Նրա զորավոր ձեռքն անմիջապես արթնացրել է բոլոր տաղանդներին: Եվ ամենից առաջ նրան անհրաժեշտ էր Միքելանջելոն: Հրամայել է վերջինիս թողնել Ֆլորենցիան և գալ Հռոմ: Հուլիուսին երկար ժամանակ պետք չէր գլխի ընկնելու համար, թե ում հետ գործ ուներ: Այդ երկու անձինք հիրավի ծնվել էին մեկմեկու համար:

Հուլիուս II-ը բոլոր հարցերում ծայրահեղ էր: Նրա հանճարը պարփակել է այն ամենայն մեծը, անսահմանն ու համարձակը, որ կարելի է պատկերացնել: Անհողդողդ, մեծահոգի, վսեմաշուք այդ մարդը ծնվել էր մարտերի համար, նրա հախուռն քաղաքականությունը և ինտրիգները նետել են Իտալիան կրակների մեջ: Դեռևս նորընծա կարդինալ էր, երբ կարողացել է ահ ու սարսափի մեջ գցել նենգ Ալեքսանդրին: Պատերազմական սարսափների պայմաններում նա ոտքի է կանգնեցրել արվեստները, գնահատել արժանիքը: Եվ ամենուր վառել է նույն կրակը, նույն անզուսպ կիրքը: Նրան դուր գալու համար ամեն ինչ պիտի ծայրահեղ լիներ:

Հարկ էր սկսել Միքելանջելոյից, որը տևական ընդմիջումից հետո չափազանց անհամբեր վիճակում է եղել: Սակայն բազում ամիսներ են անցել մինչև որոշում է կայացվել: Ի վերջո պապը կանգ է առել սեփական դամբարանը կառուցելու գաղափարի վրա: Դա պիտի վիթխարածավալ կոթող լիներ, և Միքելանջելոյի կատարած ուրվապատկերը սքանչացրել է պապին: Քանդակագործը մեկնել է Կառարա անհրաժեշտ քանակությամբ մարմար հայթայթելու, և բերված քարն այնքան է եղել, որ Հռոմում բեռնաթափելիս համընդհանուր զարմանք է առաջացրել:

Այնժամ, երբ մարմար հանելու նպատակով գտնվելիս է եղել լեռներում, Միքելանջելոն մտահղացել է ծովի վրա իշխող հսկայական ժայռից կերտել մի վիթխարի քանդակ` փարոսի նման մի բան նավագնացների համար: Սակայն հանձն առած մեծ պարտականությունը ստիպել է նրան հրաժարվել այդ մտքից: Կհավատա՞ք արդյոք. հոյակապ դամբարանի կառուցումը ոչ միայն չի իրագործվել, այլև կատարյալ ընդհարման պատճառ է դարձել Միքելանջելոյի և Հուլիուս II-ի միջև: Այդպիսի բարձր հովանավորությունը շարժել է Բրամանտեի նախանձը, նա պապի ճարտարապետն էր և Միքելանջելոյի գաղտնի թշնամին: Բրամանտեն ոչ միայն նախանձել է իր մեծարժան հակառակորդին, այլև զգուշացել, որ վերջինս կմերկացնի այն տարաբնույթ չարաշահումները, որ ինքը թույլ է տվել իրեն հանձնարարված աշխատանքներում: Նա մեծ վատնող է եղել և դրամ ձեռք բերելու բոլոր միջոցներն ընդունելի է համարել: Նրա ձեռնարկած բազմաթիվ կառույցներ զանազան նորոգումներից հետո ամրացման կարիք են ունեցել վատ շինանյութ օգտագործած լինելու պատճառով: Ատելությամբ բորբոքված Բրամանտեն անընդհատ խոչընդոտներ է ստեղծել և միաժամանակ ջանացել է համոզել պապին հրաժարվելու իր ծրագրից, անգամ հասկացնելով, որ վատ նախանշան է սեփական դամբարան կառուցելը: Այս թե այլ պատճառով պապը սկսել է սառնորեն վերաբերվել այդ ծրագրին, և դա չէր կարող երկար ժամանակ չզգալ Միքելանջելոն: Վերջապես, մի օր, երբ նա գնացել է Նորին Սրբությունից խնդրելու մարմարի տեղափոխման գումարի մնացած մասը, պապը հապաղել է ընդունել նրան: Վրդովված արվեստագետն անմիջապես վերադարձել է տուն, վաճառել իր կահ-կարասին, վաճառել այն ամենն, ինչ ունեցել է Հռոմում, կամ ավելի ճիշտ` այդ գործը հանձնարարել է իր ծառային, որպեսզի շուտափույթ հեռանա և վերստին տեղափոխվի Ֆլորենցիա:

Պապը զգացել է իր սխալը, բայց դրանից ամենևին չի մեղմացել նրա ցասումը արվեստագետի դրսևորած տաքարյունության պատճառով: Բազում ամիսներ նա հորդորներ ու սպառնալիքներ է հղել` համոզելու Միքելանջելոյին վերադառնալ իր մոտ: Վերջինիս ուրախությամբ են ընդունել Ֆլորենցիայում, և Պիետրո Սոդերինին` Հանրապետության գոնֆալոնիերը որոշել էր առիթից օգտվելով հանձնարարել նրան գեղանկարներով զարդարել խորհրդի սրահը: Բայց պապի համառությունն ու ցասկոտ սպառնալիքները ստիպել են նրան հրաժարվել այդ ձեռնարկումից5: Սոդերինին հրահանգել է Միքելանջելոյին վերադառնալ Հռոմ, ասելով, որ Հանրապետությունը չի կարող այդ պատճառով ներքաշվել պատերազմի մեջ: Արվեստագետը դիմադրել է: Այդ ժամանակ նա սուլթանից հրավեր էր ստացել և պատրաստ էր վերջինիս առաջարկով կառուցել մի վիթխարի կամուրջ, որը պիտի միացներ Կոստանդնուպոլիսը Բերային, չնայած գոնֆալոնիերի առարկություններին, թե ճիշտ չի լինի աշխատել հօգուտ թուրքերի: Տևական բանակցություններից ու միջնորդություններից հետո Միքելանջելոն համաձայնել է վերադառնալ պապի մոտ, բայց դա արել է միայն Հանրապետության դեսպան կարգվելուց հետո, նկատի առնելով, որ նման պատվավոր պաշտոնը փոքր-ինչ կկասեցներ Հուլիուս II-ի մոլեգնության առաջին պոռթկումները: Վերջինս այդ ժամանակ հաղթանակած մուտք էր գործել Բոլոնիա, և այստեղ էլ Միքելանջելոն միացել է նրան: Պապը նստած է եղել սեղանի առջև, երբ նրա մոտ են բերել մեղադրյալին: «Փոխանակ ինքդ գաս մեզ մոտ,– ասել է նրան մոլեգնած պապը,սպասել ես, որ մենք գանք քեզ ընդառաջ»: Այդ ընթացքում ծնկաչոք Միքելանջելոն ըստ կարելվույն ներողամտություն է հայցել իր անմիտ քայլի համար: Ներկա գտնված եպիսկոպոսներից մեկը, դրությունը հարթելու և ներումն ապահովելու համար նկատել է, թե իբր բոլոր արվեստագետները սովորաբար կոպիտ են, պատշաճ վարք ու բարքից գրեթե անտեղյակ և հեռու այն ամենից, ինչը չի վերաբերում իրենց արվեստին: Այդ անխոհեմ մարդու միջամտությունը շատ օգտակար է եղել խեղճ արվեստագետի համար, բայց ոչ այնպես, ինչպես եպիսկոպոսն ինքը կարծել է. քանզի Հուլիոսը վերջինիս մի հարված հասցնելով իր անթացուպով` ասել է նրան սաստիկ մոլեգնած. «Ես ձեզ շատ հանդուգն եմ համարում, որ մեր ներկայությամբ նման մարդուն ուղղում եք այնպիսի կշտամբանքներ, որոնց մենք համամիտ չենք և որոնց նա բնավ արժանի չէ: Անտեղյակը դուք եք, անճարակը դուք եք որ կաք, հեռացե՛ք իսկույն այստեղից»: Շնորհիվ այդ ընդհարման, որի զոհը Միքելանջելոն չի եղել, վերջինս կրկին միանգամայն արժանացել է նախկին ողորմածությանը: Հուլիոսը հանձնարարել է նրան բրոնզից կերտել իր մեծածավալ արձանը` տեղադրելու համար Բոլոնիայի Սուրբ Պետրոնիուսի եկեղեցու ճակտոնին:

«Ի՞նչ դնենք այս ձեռքին, սրբազա՛ն հայր,– հարցրել է Միքելանջելոն պապին` ներկայացնելով այն մոդելը, որի վրա աշխատելիս է եղել,– գի՞րք»: «Ի~նչ գիրք,– ասել է Հուլիուսը,– սո՛ւր դիր. ես այն ավելի լավ եմ գործածում: Իսկ այս մե՞կը,– շարունակել է պապը` ցույց տալով մյուս ձեռքը,– օրհնո՞ւմ է, թե՞ նզովում»: «Այն սպառնում է պատժել ժողովրդին, եթե խելոք չլինի»,– ասել է արվեստագետը:

Արձանը կերտվել ու տեղադրվել է, բայց շատ չանցած, երբ Բենտիվոլյիները վերադարձել են Բոլոնիա, ժողովուրդն անխնա տապալել ու ջարդել է նվաճողի քանդակը, իսկ նրա հումքը հանդիսացող բրոնզը վաճառվել է Ֆեռարայի դուքս Ալֆոնս դ’Էստեին և վերաձուլվել թնդանոթի, որ կոչվել է «Հուլիանա»: Պահպանվել է միայն գլուխը, որը երկար ժամանակ գտնվել է Ֆեռարայում:

Այդ ժամանակ էր, որ պապը հանձնարարել է Միքելանջելոյին նկարազարդել Սիքստուս IV-ի կապելլայի առաստաղակամարը: Բրամանտեն է այդ միտքը կաթացրել նրա ականջին` ծածուկ հուսալով, որ Միքելանջելոն ստիպված ձեռք զարկելով մի ժանրի, որից ետ էր վարժվել, հաջողություն չէր գտնի և կընկներ իր հովանավորի աչքից: Հատկանշական է, որ Բուոնարրոտին իր թշնամիների նախանձին էր պարտական կատարելու այն աշխատանքը, որը պիտի փառավորեր նրան, և որն իսկապես նա ձեռնարկել էր անչափ տհաճությամբ: Երկար ժամանակ արդեն նա թողել էր գեղանկարչությունը և մասնավորապես որմնանկարչության ասպարեզում անփորձ էր: Ուստի և չափազանց վախեցել է վարկաբեկել իր անունը` կատարելով մի աշխատանք, որին ունակ չի համարել իրեն:

Միքելանջելոն հայտարարել է պապին, որ իր բուն արվեստը քանդակագործությունն է: «Գեղանկարչությունը,– ասել է նա,– բոլորովին տարբեր արվեստ է, որին ես այլևս վարժված չեմ: Իմ բոլոր ջանքերն ուղղված են այլ նպատակի»: Բայց ոչ մի արդյունք: Նա պիտի ստանձներ այդ աշխատանքը: Ի սկզբանե նրան անհնարին է թվացել իրագործել այն: Առաստաղակամարը բաղկացած էր ինը մասից, որտեղ հարկավոր էր պատկերել Հին կտակարանի բազմաթիվ սյուժեներ: Ջրհեղեղը ներկայացնող առաջին նկարի կեսին հազիվ հասած, գեղանկարն ամբողջովին սկսել է բորբոսնել ու ծածկվել թանձր շերտով: Միքելանջելոն ներքուստ հրճվել է այդ անհաջողությունից` ասելով. «Ես նախազգուշացրել էի նրան. դուք տեսնում եք, ես չգիտեմ գործն ինչպես գլուխ բերել, ամեն քայլափոխի ես պիտի կանգ առնեմ»: Սակայն պապն ամենևին չնահանջելով իր ծրագրից` ուղարկել է ճարտարապետ Սան Գալլոյին, և վերջինս գտել է, որ սվաղը, որի վրա կատարվել է գեղանկարը, եղել է շատ խոնավ, և պատից փչող խոնավությունն է նկարի փչանալու պատճառը: Բարձր որակով կատարված նախապատրաստումից հետո այլևս ոչ մի արդարացում չկար, և արվեստագետին մնում էր շարունակել գործը:

Միքելանջելոն ցանկացել է գեթ հնարավոր աջակցություն գտնել և Ֆլորենցիայից հրավիրել է որմնանկարչության ժանրի մեջ առավել ճանաչված նկարիչների: Աշխատացրել է նրանց իր աչքի առաջ և անգամ առաջարկել օգնել իրեն, բայց տեսնելով նրանց փորձերը` լցվել է տհաճությամբ. և դա թերևս մղել է նրան անմիջապես հասկանալու այն ամենն, ինչը ինքն ի զորու էր անել: Մի օր էլ նրանց երեսին փակել է դուռը` զանց առնելով նրանց վատ տրամադրությունը և մի առավոտ, մոլուցքի պահին, ոչնչացրել է այն ամենն, ինչ նրանք արել էին: Դրանից հետո էր, որ ոգեշնչված այդ գեղեցիկ մտահղացմամբ, միայնակ և իրեն աստիճանաբար համակող ներշնչանքով տարված, ամբողջովին մխրճվել է ստեղծագործական աշխատանքի մեջ, իր ձեռքով պատրաստել է ներկերը, անկողին մտել զգեստները հագին` մի կերպ աչքը կպցնելով, քանզի նրա հանճարն այնքան վհատությունից հետո հանկարծակի անցել էր չափազանց բուռն խանդավառության: Ասում են, թե նա պապին անգամ դժկամորեն էր թույլ տալիս մուտք գործել իր աշխատատեղին6 և մի օր, վերջինիս այցելության համար սովորականից ավելի դժկամ, նա բարձր տախտակամածից ցած է նետել մի խոշոր տախտակ, որ զարհուրելի աղմուկով ընկել է Հուլիուսի ոտքերի առաջ, և վերջինս կատաղած հեռացել է: Բայց այդօրինակ հանդգնությունները չէին կարող քակտել երկու համանման մարդկանց միասնությունը:

Նկարիչը չափազանց բարկացել է` իմանալով, որ մի օր, իր աշխատանքի ամենաթեժ շրջանում, Բրամանտեն օգտվելով իր բացակայությունից, գաղտնի կապելլա է բերել Ռաֆայելին. վերջինիս համար, ինչպես կարծում են, իզուր չի անցել այդ թռուցիկ գաղտագողի զննումը:

Այդ սքանչելի ստեղծագործությունները, որ այսքան տարիներ անց տակավին ցնցում են, որ բազմիցս ընդօրինակվել ու նմանօրինակվել են, այսօր` գունաթափված կիսով չափ ու զրկված այն պատրանքից, որ հավատը հաղորդում էր դրանց անցած դարաշրջանի հանդիսականների համար, դեռևս նորություն են կրում արվեստի լեզուն հասկացողների համար և մշտապես վհատեցնում են արվեստագետներին: Բայց ամենավառ երևակայությունն անգամ կարո՞ղ է պատկերացնել այն վեհագույն տպավորությունը, որ այդ գործերը թողել են դեռևս երիտասարդ, ուժերի ծաղկման ու բուռն առաջընթացի մեջ գտնվող Ռաֆայելի հոգում: Ինչ վերաբերում է Հուլիուս II-ին` հազվագյուտ հոգեկերտվածքի տեր այդ մարդուն, ապա նա այնքան անհամբեր է եղել ժամ առաջ տեսնել ու վայելել այդ աստվածային արարումները, որ անկարող էր սպասել առաստաղապատկերի ավարտին: Աշխատանքի հազիվ կեսն էր արվել, երբ նրա կամքով հանվել է տախտակամածը, և Հռոմն առաջին անգամ տեսել է այդ գեղանկարները` մարդկային հանճարի բարձրագույն թռիչքը: Պապը ցանկացել է առաջինը այնտեղ գնալ նախօրոք, երբ դեռ փոշին չէր նստել, և գերաններն ու տախտակները լիովին չէին հանվել: Որոշակի պատկերացում տալ Միքելանջելոյի ոճի և հատկապես այն բարձրագույն մակարդակի մասին, ուր նա հասել է այդ առաստաղապատկերի գեղանկարներով, գրեթե անհնարին է, մանավանդ երբ խոսքը հասցեագրվում է այն մարդկանց, ովքեր արվեստի քննությանը քիչ են աղերսվում և շատ վարժված չեն միասնության մեջ բաղդատել նկարիչների տարբեր մաներաները: Միայն նրբագեղությունը չէ, որ մեզ հիացնում է այդ գեղանկարներում, եթե, իհարկե, կարելի է նրբագեղությունն առանձնացնել այն ամենից, ինչը լիովին հափշտակում է մեր երևակայությունը: Այս պարագայում պետք է առնվազն մոռանալ բոլոր այն պատկերացումները, որ սովորաբար կազմում ենք նրբագեղության ու գեղեցկության մասին: Միքելանջելոյի ստեղծագործություններն անառարկելիորեն շնորհում են մեզ այն ամենամաքուր ու ամենավսեմ զգացումը, որ առհասարակ կարելի է ստանալ արվեստից: Թվում է, թե նա ջանացել է դուր գալ միմիայն իրեն, իսկ հանդիսականն ու մանավանդ վերջինիս ճաշակը բնավ չեն մտահոգել նրան: Նա չափազանցրել է, ստեղծաբանել ոչ թե շլացնելու կամ հմայելու, այլ երևակայության վրա իշխելու համար, ստիպելու հաճույք զգալ` մեր մտապատկերին ներկայացնելով ահեղ ու սարսափազդու կերպարներ:

Չպետք է զարմանալ` տեսնելով միջակ արվեստագետների քամահրանքն այդ վայրագ հանճարի հանդեպ: Նրանք անկարող են զսպել իրենց ատելությունն այդ ահազդու ոճի նկատմամբ, որը նրանց գրավում է իրենց կամքին հակառակ. նրանք ըստ այդմ խորապես զգում են իրենց անկարողությունը, ուստի և դատափետում են արվեստագետի քմայքի պտուղները հանդիսացող անկանոնությունն ու արտառոցությունը: Հիրավի, նրանք կարող են հեշտությամբ քննադատել Միքելանջելոյին ճշգրտության պակասի ու չափազանցումների համար, որոնց հանգեցրել է նրա անդիմադրելի պահանջը` ամեն ինչի մեջ արտահայտել այն, ինչն ամենից ավելի ծայրահեղ է ու մոլեգին:

Միքելանջելոն կարողացել է շրջանցել սոսկ աչք շոյող բոլոր նրբությունները, այն փոքրիկ մասնահատուկ ճշմարտությունները, գույնի այն փայլքն ու հնարքները, որոնք հաղթանակներ են պարգևել որոշ նկարիչների և նրանց հաջողությունն ապահովել հանդիսականների լայն շրջանակներում: Բայց միայն նրան է տրված եղել սքանչացնել մարդկային այնպիսի կերպարանքներով, որոնք նա իր զորեղ ոճի շնորհիվ ներկայացրել է չափազանցված` անցնելով բոլոր հնարավոր սահմաններից անդին: Եվ դա նրա ստեղծագործական կյանքում չի եղել, ինչպես մի շարք այլ մեծ արվեստագետների պարագայում, աստիճանական առաջընթացի արդյունք. նա ի սկզբանե հասել է նման մեծաշուք ու մեծազոր մաներայի. սկսած առաջին իսկ աշխատանքներից, ամեհի ուժը բնորոշ է եղել նրա տաղանդին: Արդեն հիշել ենք նրա «Պիետա»7 խմբաքանդակը` կատարված Ֆլորենցիայում, Հուլիուս II-ի հրավերը ստանալուց առաջ: Կոնդիվին` նրա աշակերտն ու բարեկամը, իր պարտքն է համարել համոզիչ փաստարկներ գտնել արդարացնելու համար Տիրամոր ու նրա որդու կերպարներին հաղորդված զորեղությունը, որի փոխարեն պիտի արտահայտվեին մեծության ու անխառն վշտի զգացումները, որոնք, թվում է, առավել բնորոշ են նման սյուժեին8: Բոլոր նրանց համար, ովքեր հաղորդակից են Միքելանջելոյի տաղանդին, հստակ է, որ այդ մտահղացումներից ոչ մեկը չէր կարող նրա մտքի արգասիքը լինել. կամ եթե մեկն էլ լիներ, ապա դարձյալ կերպարանքներն ու տիպերը պատկերելու նրա նախասիրած կերպը միշտ էլ կգերիշխեր բոլոր մտածությունների վրա: Տեսանք, որ պապը շտապելով վայելել Միքելանջելոյի աշխատանքը, չի սպասել առաստաղապատկերի ավարտին: Ասում են, թե իբր Ռաֆայելը բանսարկությամբ ձգտել է ստանձնել աշխատանքի շարունակությունը: Նախ, եթե դա ճիշտ է, ապա ուրեմն ստորություն է մրցակցին զրկել սեփական աշխատանքն իր ձեռքով ավարտված տեսնելու պանծանքից. և ապա, դա թյուրիմացություն է, քանզի պիտի ընդունել, որ Ռաֆայելը, մանավանդ այդ շրջանում, տակավին չէր հասել այդ այնքան նորօրինակ ոճի վեհությանը:

Եթե Միքելանջելոն իսկապես նման զրույց է վարել, ապա նա կա՛մ կատակել է իր բարեկամի պարզամտության առթիվ, կա՛մ այդ պահին զվարճացել` ինքն իրեն նման պատրանքի մեջ գցելով: Շատ ափսոս, որ արվեստագետները միշտ չեն այսպես իրենց կողքին ունենում խելամիտ կենսագիր, որին կարողանային հաղորդակից դարձնել իրենց իսկական մտահղացումներին. դա կազատեր սերունդներին մտքի ավելորդ լարումներից: Ըստ այդմ, նաև կարելի կլիներ հանրությանը մատնանշել այն տեղերը, որոնք դիտելիս պետք է ասել` Ահ~:

Միքելանջելոյի հոգին խռովվել է այն մտքից, որ կարող են իրենից վերցնել իր աշխատանքն այն պահին, երբ ավելի քան երբևէ խանդավառված է եղել և արդեն հաղթահարել էր այն տհաճությունը, որ խոչընդոտել էր նրան գործն սկսելիս: Նա գնացել է պապի մոտ, խոսել իր դեմ կատարվող քայլերի մասին. այդ առիթով անգամ քողազերծել է այն բազում գաղտնի բանսարկություններն ու ինտրիգները, որ միտված են եղել սևացնելու իրեն: Բարեբախտաբար այդ ամենը ոչ մի վատ հետք չի թողել պապի վրա, որն ավելի քան երբևէ լիուլի օժտել է նրան արտոնություններով և ամենից առաջ ցանկացել, որ նա շարունակի կապելլայի նկարազարդումը: Ստեղծագործության այդ վերջին մասն, ի դեպ, ամենաչքնաղն է: Նկարիչն այստեղ գերազանցել է այն, ինչ կատարել էր առաջին կեսում` մնալով նույնքան ոգեշնչված և դեռևս չափազանց վրդովված, որ այդ գործը կարող էր իրենից խլվել:

Պապի անհամբերությունը միանգամայն համահունչ է եղել նկարչի տենդագին խանդավառությանը: «Ե՞րբ կավարտես այս կապելլան»,– հաճախ հարցրել է նրան: «Երբ կարողանամ»,– մի օր պատասխանել է նկարիչը: «Երբ կարողանա~մ, երբ կարողանա~մ. ուզում ես, որ քեզ ցա՞ծ գլորել տամ քո տախտակամածից»: «Այդ մեկը չես անի»,– մտքում ասել է Միքելանջելոն: Վերջինս էլ իր հերթին այնքան աճապարել է, որ ինքն է հանել տվել տախտակամածը, երբ գեղանկարը տակավին հարկ եղածի պես ավարտուն վիճակի չէր հասել»: Բազում ֆիգուրներ դեռ կարիք ունեին վերամշակման, և բացի այդ

 

 

պակասում էին մի շարք զարդանախշեր, որոնք պիտի ոսկեզօծվեին: Պապը շատ զարմացել է` չտեսնելով այդ զարդանախշերը հատկապես մարգարեների վրա. և երբ պնդել է, որ պիտի անպատճառ կատարվի ոսկեզօծումը, առանց որի, նրա կարծիքով, իր կապելլան աղքատիկ տեսք կունենա, Միքելանջելոն պատասխանել է. ՙՄի՞թե Աստծո այս սպասավորները մեծահարուստ են եղել՚: Շնորհիվ այդ կատակի կապելլան մնացել է այնպիսին, ինչպես այժմ տեսնում ենք: Միքելանջելոն այն ժամանակ երեսունյոթ տարեկան էր, և առաստաղապատկերը, օ~ հրաշք, կատարվել է քսան ամսում:

1511 թվականի Ամենայն սրբոց օրը պապը գոհունակություն է ունեցել պատարագելու Սիքստինյան խորանում: Նրան, սական, վիճակված չէր երկար ժամանակ վայելել իր պատվերով ստեղծված այդ հոյակապ աշխատանքը: Ծերությունն ու տկարությունը նրան զգացնել են տվել իր մոտալուտ վախճանը. այդժամ նա զղջացել է, որ կասեցրել էր իր դամբարանի կառուցումը և մեռնելիս կարգադրել է երկու կարդինալների շարունակել այդ գործը: Բայց այդ նախագիծը չափազանց վիթխարի է թվացել: Հետնորդները, սովորաբար, այդ կարգի հուշարձաններում շատ շքեղության չեն ձգտում: Միքելանջելոյին հանձնարարել են կատարել նոր գծանկար առավել փոքրաչափ կառույցի համար. և այդ ծրագիրը, որ այնուհետև իրագործվել է միայն բազում ձևափոխումներից հետո, արվեստագետի համար անթիվ տհաճությունների ու թշնամանքների աղբյուր է հանդիսացել:

Պապ է ընտրվել Լևոն X-ը: Միքելանջելոն երիտասարդ տարիներին նրա սեղանակիցն է եղել մեծն Լորենցո Մեդիչիի մոտ, որտեղ նրանք նույն դասերն են սերտել և դաստիարակվել այն ազնվազարմ անձանց օրինակով, որոնց հանդիպել են այդ մեծ մարդու արքունիքում: Սակայն, չնայած այն անկեղծ խանդաղատանքին, որ նոր պապն իր ողջ կյանքում տածել է իր վաղեմի ընկերակցի հանդեպ, և այն հարգալից վերաբերմունքին, որով շրջապատել է նրան, Միքելանջելոն չի գտել նրա մեջ այն հուզավառությունը, որով համակված էր Հուլիուս II-ը, որի բնավորությունն այնքան ներդաշնակ էր արվեստագետի խառնվածքին: Ընդսմին, վերջինիս երախտապարտ հոգում մի տեսակ պաշտամունքի առարկա էր դարձել իր նախկին հովանավորի հիշատակը, և նրա դամբարանի կառուցումը, որքան էլ նոր նախագիծը նախկինի համեմատ անկատար էր9, արվեստագետի համար խղճի գործ էր, որն ի կատար ածելու ճանապարհին հանդիպել է բազում խոչընդոտների և անգամ` վտանգների:

Լևոն X-ը գահ բարձրանալուն պես հանձնարարել է Միքելանջելոյին մարմարե քանդակներով զարդարել Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու ճակատը, ինչը, սակայն, մնացել է անավարտ: Այդ պատվերն արվեստագետի սրտով չէր. նա գերադասել է իր պարտքը Հուլիուս II-ի հիշատակի առաջ, որքան էլ իր սկզբնական մտահղացումը ձևափոխումների էր ենթարկվել: Բացի այդ, դժվարություններ էին ծագել` կապված մարմարի և դրամական միջոցների հետ, ինչն այդ ձեռնարկման սկզբից ևեթ նրան տհաճություն է պատճառել: Նրա ստեղծագործական կյանքի վերջին շրջանը պղտորել են շահադիտական վեճերն ու բանսարկուների ստոր հնարքները, որոնք խոչընդոտել են նրա բոլոր աշխատանքներին:

Ասենք, որ այն պահից, երբ Լևոն X-ը հաջորդել է Հուլիուս II-ին, ասես մի նոր ընդմիջում է սկսվել Միքելանջելոյի գործունեության մեջ: Գրեթե ինը տարի նա իրեն բնորոշ եռանդով հանդերձ, ոչ մի ստեղծագործական աշխատանքով չի զբաղվել: Նրան համակել է վիրավորվածության այնպիսի մեծ զգացում, որ այլևս անկարող էր անդրադառնալ իրեն մեկ անգամ արդեն տհաճություն պատճառած նյութին: Հատկանշական է, որ գրեթե անընդմեջ տրված լինելով քանդակագործությանը, նա իր երկարատև կյանքի ընթացքում ավարտի է հասցրել ընդամենը տասներկու արձան: Մինչդեռ նախագծած և քիչ թե շատ մշակած քանդակների թիվը բավականին մեծ է. նա միշտ գործն սկսել է այնքան տենդագին, որ շատ հաճախ կորցրել է անհրաժեշտ շրջահայացությունը, ինչի հետևանքով հետագայում հանդիպել է հատկապես իր նման քմահաճ հոգու համար անհաղթահարելի դժվարությունների:

Այսպես, շատ հազվադեպ է պատահել, որ նա մոդելն ստեղծեր ճիշտ այն մեծության, որպիսին ցանկացել է կերտել արձանը: Բավարարվել է միայն` մոմից պատրաստելով մի փոքրիկ էսքիզ, որն ընդամենը օգնել է նրան ամրակայելու իր գաղափարը: Ապա անմիջապես, առանց նախապատրաստական զննումների, անցել է մարմարին, որը մշակել է հրաշալի թեթևությամբ, ուստի և` հաճույքով, մինչև այն պահը, երբ տհաճությամբ է լցվել չափից ավելի հապճեպության հետևանք հանդիսացող վատ հաշվարկված որոշ չափակցությունների պատճառով: Բոլորը կարող են տեսնել Փարիզի թանգարանում այս մեծ արվեստագետի կերտած մեզ հասանելի ընդամենը երկու ֆիգուրի մեջ հետևանքն այն արտակարգ պոռթկումի, որը միշտ մղել է նրան ինչ-որ կիսատ բան թողնել իր գործերում10: Այդ ֆիգուրները ներկայացնում են ստրուկների և նախատեսված են եղել Հուլիուս II-ի դամբարանի համար: Քանդակներից մեկում ստրուկի ոտքը ցոկոլից դուրս է, և ֆիգուրի հենարանը, որ ինչ-որ կենդանի պիտի պատկերեր, հազիվ նշմարելի է: Մյուս քանդակում, անտարակույս, մարմնի ոլորուն կեցվածքն արդյունք է այն բանի, որ հեղինակն ի սկզբանե զգացել է, որ մի կողքից պակասելու է քարանյութը: Իսկապես, ամբողջ վերին աջ մասում երևում է մարմարի արտաքին մակերեսը, որին անընդհատ հանգել է քանդակագործի հատիչը: Բացի այդ, մի՞թե գլուխն էլ հազիվ ուրվագծված չէ. բայց այդ տակավին սքողված դիմագծերում կա հոգի, վեհություն, որ գրավում են մեզ:

Միքելանջելոյի մաներան, որ լիովին տարբեր է լավ կշռադատող քանդակագործների մաներայից, նրան անխուսափելիորեն հանգեցրել է մեկ այլ թերության, որից առավել հանգիստ գործող արվեստագետները հեշտությամբ ապահովագրում են իրենց: Խոսքը անկանոնության մասին է, ինչը նրա գործերում այնքան հաճախադեպ է, որ նկատելի է անգամ ամենաանտեղյակ մարդու աչքին: Բայց ի՞նչ արած. սահմանափակ թերություններ ունեցող արվեստագետները նույնքան տնտեսումով են մատուցում այնպիսի գեղեցկություններ, որոնց առատությամբ մեզ հմայում են առավել խիզախ հոգիները:

Դա մի մեծ հարց է, որ բազմիցս արծարծվել և միշտ էլ կարծարծվի, քանի դեռ կան խաղաղ հոգիներ և դյուրավառ հոգիներ. հարց` իմանալու համար, թե արդյո՞ք թերությունը վնասում է հանճարեղ գործին, իսկ կանոնավորությունը բավականաչափ արժանիք է շնորհում միջակ հորինվածքին: Հարցը կարելի է լուծել միայն ըստ անհատական հակումների ու խառնվածքի, և կարիք չկա չարչրկել այն, քանզի չես կարող քո զգացումն այլոց պարտադրել: Վիճող կողմերին ես կուղարկեի դիտելու վերոհիշյալ երկու ֆիգուրները, իսկ ինչ վերաբերում է այն աշխատանքներին, որոնց մեջ քանդակագործի կարկինը նրա հանճարից ավելի շատ է գործել, ապա դրանք, փա՛ռք Տիրոջը, միշտ էլ կան, որպեսզի ծառայեն իբրև համեմատության եզր և իբրև փաստարկ` վհատեցնելու համար Միքելանջելոյի նմաններին, եթե այդպիսիք աշխարհում գտնվեն:

Դեռևս այնքան բան կա ասելու Միքելանջելոյի մասին, որ կարելի է շարադրել միայն հատորներով: Ես կհամարձակվեմ գրել մի երկրորդ հոդված և անդրադառնալ նրա մասին եղած որոշ դատողությունների և մի փոքր էլ` նրա գեղեցիկ քերթվածներին:

 

II

Մենք ոչ մի խոսք չասացինք ո՛չ «Վերջին դատաստանի», ո՛չ էլ Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցում Մեդիչիների շիրմատուն-կապելլայի մասին, որոնք Միքելանջելոյի հասուն տարիքի և ծերության շրջանի ամենից ավելի նշանակալից գործերն են: Դրանց ձեռնարկումից առաջ նա ակտիվորեն մասնակցել է Լևոն X-ի մահից հետո Իտալիայում բռնկված խռովություններին: Մենք մի քանի խոսք կասենք այդ իրադարձությունների մասին, որոնք Միքելանջելոյին ներկայացնում են այլ լույսի ներքո և որոնք փորձության են ենթարկել թե՛ նրա բնավորությունը և թե՛ հանճարը:

Ինչ էլ որ ասեն, արվեստը խաղաղության բարեկամն է: Այն կարծիքը կա, թե որոշ հանճարներ, բացահայտվելու համար, պատերազմների ու քաղաքացիական ընդհարումների առթած հուզումների կարիք ունեն: Այդպես է մարտաշունչ հանճարների համար, որոնք կոչված են փոթորկելու աշխարհը և ժողովուրդներին պահելու լարվածության մեջ: Մինչդեռ իր նվիրական աշխատանքների մեջ խորասուզված արվեստագետը միանգամայն իրավացիորեն խորշում է այդ անվերջ խելահեղ վազքից, որի նպատակն է ավերել բոլոր խաղաղասեր արհեստներն ու արվեստները:

Ֆլորենցիան դժգոհ լինելով Մեդիչիներից և վերստին ձգտելով ազատության` երկու անգամ ապստամբել է: Ատելություն տածելով բոլոր կառավարությունների նկատմամբ` քաղաքն իբրև իր տեր-թագավոր ցանկացել է տեսնել Հիսուս Քրիստոսին: Այդ ֆանտաստիկ ընտրության ժամանակ, որն, ի դեպ, անցել է կանոնակարգի պահպանմամբ, թեկնածուի դեմ եղել է քսան ձայն. այդ բարեպաշտ դարում նման համարձակությունն իրոք զարմանք է հարուցում:

Հիսուս Քրիստոսի կառավարությունը երջանկաբեր չի եղել: Առաջին արդյունքն այն է եղել, որ Ֆլորենցիան ներքաշվել է դաժան պատերազմի` ընկնելով ծայրաստիճան ծանր վիճակի մեջ: Կղեմես VII պապը Մեդիչի էր: Այդ ժամանակ քանդել են նրա ողջ ընտանիքի տները, ջարդել նրա նախնյաց արձաններն ու ավերել շիրիմները, մինչև անգամ ոչնչացրել մեծն Կոզիմոյի տապանագիրը. «patriae pater»: Բոլոր այդ անարգանքները, հատկապես վերջինը, ծայրաստիճան բորբոքել են պապի ցասումը: Եվ նրան այլ բան չէր մնացել, քան շուտափույթ հաշտվել կայսեր հետ, որը նրան է հանձնել իր գերմանացիներին, որոնք դեռևս Հռոմի թալանով ոգևորված` պաշարման մեջ են պահել ապստամբ Ֆլորենցիան:

Հանրապետությունը դիմել է Միքելանջելոյին, որ նա ամրացնի քաղաքը: Հաճելի է տեսնել այդ մեծ արվեստագետի մեջ նաև մեծ քաղաքացուն, որը չի խնայել իր ժամանակը` անձնվիրաբար ծառայելու հայրենիքին, և այդ արժանիքը շատ ավելի մեծ էր, քանզի նրա սրտում տակավին տրոփել է Մեդիչիների հանդեպ տածած վաղեմի ջերմ զգացումը: Այդուհանդերձ նա չի տատամսել. և քիչ հիացմունքի չեն արժանացել նրա հմտությունն ու շրջահայացությունը, որոնց շնորհիվ ապահովել է քաղաքի պաշտպանությունը մոտ երկու տարի տևած պատերազմի ընթացքում: Մեկ գիշերվա մեջ նա կարողացել է վերից վար ներքնակներով ծածկել Սան Մինիատո եկեղեցու զանգակատունը, որը թշնամու հրետանու կրակի տակ էր հայտնվել, և այն կարողացել է փրկել լիակատար ավերումից: Էլ չեմ ասում այն անթիվ վտանգների մասին, որոնց ենթարկվել է նա տարբեր իրավիճակներում, ընդհուպ մինչև քաղաքի առումը, որ կատարվել է դավաճանության հետևանքով: Հաղթանակողի վրեժը սոսկալի ձևով է լուծվել. այն անշուշտ կպատուհասեր նաև Միքելանջելոյին, եթե նրա բարեկամներից մեկը նրան չթաքցներ խուզարկու զինվորներից, որոնք թալանել էին նրա տունը, այրել ու ցաքուցրիվ արել նրա գծանկարներն ու կահույքը: Բայց պապը ուշքի գալով իր ցասման առաջին նոպայից և թերևս լիովին հասկանալով, թե ինչ պատճառներ են արվեստագետին մղել թշնամանալու իր հետ, հաստատապես խոստացել է ներում շնորհել նրան և հանձնարարել է շարունակել պատերազմից առաջ սկսված Սան Լորենցո եկեղեցու դամբարանի կառուցման աշխատանքը: Միքելանջելոն համաձայնել է առանց ճնշվածության զգացման: Մոտ տասնհինգ տարի նա հատիչ չէր վերցրել, բայց և չէր կորցրել ներշնչանքը: Նա վերսկսել և գրեթե մեկ շնչով ավարտել է աշխատանքը: Ուզում եմ ասել, որ ավարտել է այնպես, ինչպես առաջացած տարիքում կերտած իր գրեթե բոլոր քանդակները, այսինքն` այդ դամբարանի արձաններից ոչ մեկը նրա հատիչի ավարտական հարվածին չի արժանացել:

Այդ արձանները տեղադրված են մի կապելլայում, որն ամբողջովին կառուցված է Միքելանջելոյի ճարտարապետական նախագծով: Դրանք պատկերում են Տիրամորն ու մանուկ Հիսուսին, Լորենցո և Ջուլիանո Մեդիչիներին` իրենց դամբարաններով. ապա նաև այլաբանական ֆիգուրներ` «Առավոտը», «Երեկոն», «Ցերեկը» և «Գիշերը» իրենց էանիշներով:

Եթե ինձ հարցնեին, թե ինչ են այդ էանիշները և ինչպե՞ս կարելի է քանդակագործության մեջ ներկայացնել, օրինակի համար, երեկոն, ապա կպատասխանեի, որ առանց բացատրողի և առանց արվեստաբանական գրքերի, որտեղ երկար-բարակ խոսվում է այդ ֆիգուրների մասին, չափազանց դժվար կլինի պարզ դիտումով հասկանալ այդ վերնագրերի իմաստը: Անգամ չեմ կարող հավատալ, որ Միքելանջելոն մեծ կարևորություն է տվել այդ անվանումներին. նա թերևս դրանք նշել է, երբ արդեն ավարտել ու շիրիմների վրա տեղադրել է քանդակները, որոնք ավելի շուտ մտահղացվել են որպես իր ճարտարապետության անհրաժեշտ հարակցություններ: Քանդակագործության մեջ կարևորը ձևերն են: Այն անկարող է, առանց խաթարվելու, իր խստաշունչ լեզուն ենթարկել բոլոր այն հավակնոտ փնտրտուքներին, որոնք աղճատել են այդ արվեստը մեր ժամանակակիցների գործերում: Ընդ սմին, ես վատ կարծիք կկազմեմ այն մարդու մասին, որը դիտելով Սան Լորենցոյի այդ հոյակապ արձանները, կխորհի սոսկ դրանց իմաստի շուրջ: Այդ գործերն իրենց բնույթով այնքան վեհաշուք են և այնպես են դյութում մեր երևակայությունն իրենց ամփոփ միասնականությամբ, որ ինչոր առանձնահատուկ գաղափար փնտրելու կարիք չկա: Ամենագեղեցիկը Լորենցո Մեդիչիի արձանն է: Ես միշտ նկատի ունեմ ոչ այն գեղեցկությունը, որ համապատասխանում է համընդհանուր պատկերացմանը, քանզի արձանի գլուխը անհամաչափորեն փոքր է, ձեռքերն, ընդհակառակը, շատ զորեղ են, իսկ իրանի ներքևի մասը մի փոքր ավելի թանձր է: Բայց ոչ մի դեպքում, որքան էլ կարկինով ու քանոնով կարելի է կատարյալ ճշգրտության հասնել, չենք ուզենա այդ գլուխը տեսնել այլ կերտվածքով, քանզի այն իր անկանոնությամբ հանդերձ անչափ գրավում է այնպիսի թեթևությամբ ու նրբագեղությամբ, որպիսին կարող էր միայն Միքելանջելոն հաղորդել: Իսկ ձեռքերը այնքա~ն արտահայտիչ են. մեկը հենված է ազդրին, մյուսը դրված է ծնոտին այնպիսի խորին խորհրդածության վիճակում, որ դրանցով սքանչանալու համար հարկ չկա իմանալ, թե արդյոք բնության մեջ կարելի՞ է գտնել ճիշտ այդպիսի մոդել: Այդ արձանը հայտնի է «IL Pensieroso» («Մտածողը») անվամբ: Լորենցոն11, որ անտարակույս եղել է երբևիցե պատահած ամենաքիչ և ամենավատ մտածողը, իր դամբարանում ներկայացվել է իմաստունի ողջ կերպարանքով և ռազմիկի անհեթեթ հանդերձանքով: Նա իրականում եղել է հակառակը` իր տոհմի ամենանողկալի շառավիղը և ամենավախկոտ մարդը: Բայց Միքելանջելոյի մտայնությամբ, արվեստին առավել պատշաճ է հանդիսականին հմայել կերպարի գեղեցկությամբ ու ազնվությամբ, քան թե բարոյականության դասեր տալ` ջանալով սովորական բռնակալի դիմապատկերում արտացոլել նրա հոգու ողջ ստորությունը:

Բազում ոտանավորներ են հորինվել այդ արձանների մասին: Բոլոր առիթներով բանաստեղծություններ գրելը, որ դեռևս մարմաջի պես շարունակվում է Իտալիայում, այն ժամանակ արդեն շատ տարածված է եղել: Միքելանջելոն մի օր հետևյալ քառատողն է գտել «Գիշերը» արձանի տակ:

La Notte che tu vedi in si dolci atti

Dormir, fu’ da un angelo scolpita

In questo sasso: e perche‘ dorme ha vita.

Desta la se no’credi, e parleratti.

«Այս գիշերը, որ տեսնում ես քնած` այնքան քաղցր մենության մեջ, հանված է մարմարից մի հրեշտակի ձեռքով: Նա ողջ է, քանզի ննջում է. արթնացրո՛ւ, եթե կասկածում ես, և նա կխոսի քեզ հետ»: Միքելանջելոն մեծահոգաբար գրել է հետևյալ պատասխանը.

Grato m’e՛ il sonno, e piu‘ l’esser di sosso

Mentre՛ che il danno e la vergogna dura;

Non veder, non sentir m’e՛ gran’ ventura:

Pero non mi destar; deh! parla basso.

«Քաղցր է ինձ համար ննջել և առավել ևս` լինել մարմարե: Չտեսնել, չզգալ` երջանկություն է այս ստորության ու անարգանքի ժամանակներում: Ուրեմն, մի՛ արթնացրու ինձ, աղաչում եմ քեզ. ցածրաձա~յն խոսիր»:

Այս զուտ ռոմանական ինքնօրինակ բողոքից երևում է, որ նա ներքուստ հարկադրված է եղել իր հանճարն ի սպաս դնել մեծարելու համար բռնակալների ընտանիքի աճյունները:

Կղեմես VII-ը մահից առաջ պատվիրել է Միքելանջելոյին նկարազարդել Սիքստինյան կապելլայի խորանի ողջ ետնապատը: Նա խնդրել է արվեստագետին պատկերել այնտեղ Ահեղ դատաստանը: Այնուհետև Պողոս III պապը եռանդագին հետևել է իր նախորդի այդ ծրագրին և ամեն կերպ նպաստել Միքելանջելոյին ձերբազատվելու Հուլիուս II-ի դամբարանի անվերջանալի աշխատանքներից: Այդ դամբարանում, որն ամենայն մանրակրկիտությամբ հարյուր անգամ արդեն վերամշակվել էր կտակակատարների բծախնդրության պատճառով, մեծ արվեստագետի համար դարձել էր սոսկ հոգու պարտք, որը նա իբրև պատվախնդիր մարդ ցանկացել է մարել, մինչդեռ իր հանճարն արդեն լիովին սառել էր և կորցրել հետաքրքրությունն այդ գործի նկատմամբ: Պապին խորհուրդ են տվել, որ ՙԱհեղ դատաստանը՚ նկարվի յուղաներկով: Սեբաստիանո դել Պիոմբոն պնդել է, որ այդ ժանրը շատ ավելի արդյունավետ կլինի: Նույնիսկ պատը նախապատրաստվել է համապատասխան ձևով. սակայն Բուոնարրոտին հստակ հայտարարել է, որ առաջվա պես կնկարի միայն որմնապատկեր և չի նահանջի իր որոշումից: Նա հաճախ կրկնել է, որ յուղաներկ նկարչությունը լավ է միայն կանանց կամ ծույլերի համար:

Միքելանջելոն վաթսունին մոտ էր, երբ սկսել է այդ գործը: Սովորաբար դա խոշոր աշխատանքներ կատարելու տարիք չէ, հատկապես` որմնանկարչություն, որ պահանջում է շատ հետևողականություն և մեծ կամքի ուժ: Նա կատարել է նախանկարները (կարտոններ12) և իր իսկ ձեռքով առաջին շերտը դաջել պատին, որն սպասել է նրա ծերության գլուխգործոցին:

Խենթություն կլինի փորձել հանգամանորեն նկարագրել այդ ստեղծագործությունը: Մենք նաև շատ հեռու ենք նրա մասին պատկերացում տալու հնարավորությունից` ձեռքի տակ ունենալով ընդամենը մի խիստ անկատար փորագրանկար: Ուստի ստորև կներկայացնենք միայն նրա ընդհանուր տեսքը:

Պատն ունի քառասուն ոտնաչափ լայնություն և հիսուն ոտնաչափ բարձրություն: Միքելանջելոն տեղադրել է իր պատկերած խմբերն այնպես, որ Քրիստոսը գրավում է կոմպոզիցիայի գրեթե վերնամասը. նա ոտքի վրա է` շրջված դատապարտյալների կողմը, որոնց ուղարկում է դեպի հավերժական կրակը: Նրա կողքին Տիրամայրն է, որը բացահայտորեն որոշ կարեկցանք է արտահայտում այդ տարաբախտների հանդեպ. բայց դա գրեթե աննկատելի է համընդհանուր էգոիզմի մթնոլորտում, ուր ամեն ոք մտածում է իր գործերի մասին և ավելի տարված է դրանով, քան իր մերձավորների ճակատագրով: Սրբերն անգամ երկյուղած խմբվել են Գերագույն դատավորի շուրջը: Սուրբ Պետրոսը ցույց է տալիս դրախտի բանալիները, սուրբ Լավրենտիուսը` իր չարչարանաց գործիքը հանդիսացած երկաթե տապակը, սուրբ Բարդուղիմեոսը, դանակը ձեռքին, ցուցադրում է իր պլոկված մաշկն ու մորթազերծ անդամները. նա Քրիստոսին է հառել իր խստաշունչ ճակատը և կարծես ասում է. «Մի՞թե քեզ համար չեմ այսքան տառապել. լուծի՛ր վրեժս իմ դահիճներից»: Գալով Ադամին ու նահապետներին, ապա նրանք նման են այն գործող անձանց, որոնց չի վերաբերում խաղարկվող տեսարանը: Երանելի հոգիների խմբերը շնորհավորում են միմյանց երջանկանալու համար: Երկու ընկերներ հետմահու վերագտել են իրար ու գրկախառնվել:

Դատավորի ոտքերի մոտ յոթ հրեշտակներ են, որոնց մասին խոսում է սուրբ Հովհաննեսը: Նրանք փչում են իրենց ճակատագրական շեփորները, որոնց հնչ յուններն աճյուններից հարություն են տալիս մեռյալներին: Վերջիններս ելնում են շիրիմներից` կիսով չափ ծածկված իրենց պատանքներով. նրանց չորացած ոսկորները նորից սկսում են պատվել մկաններով. փոշոտ գանգերի վրա սկսում են վերստին կենդանանալ աչքերը: Ոմանք լույսին վերադառնալուց ուժգին ցնցվելով` պառկած են դեռ ու չեն շարժվում` տակավին դարավոր քնից լիովին ընդարմացած: Մյուսները բացելով շիրմաքարերը` ոտքի են ելնում` սարսափով անսալու դատավճռին: Մաքուր հոգիները մեղմորեն օդ են բարձրանում, մինչդեռ մեղավորներն իրենց հանցանքների ծանրության տակ կքելով` իջնում են անհատակ խորխորատները, ուսկից ձգտում են փախչել դեպի երանելիները, բայց ընկնում են չարքերի ճանկն ու մատնվում հավիտենական տանջանքների: Այստեղ է Քարոնն իր նավակով, և սատանաները դեպի նավակն են հրմշտում մեղավորներին, և նրանք, ինչպես Դանտեն է ասում, «ցանցում բռնված թռչունների նմանակ նետվում են նավակի մեջ մի առ մի» կամ «աշնանն, ինչպես տերևները ծառերի մեկիկ-մեկիկ ցած են թափվում, մինչև որ հողն ընդունի ողջ պճնանքը ճյուղերի»: Քարոնի կողքին Մինոսն է կանգնած` դատելու համար մեղավորներին և ուղարկելու Դժոխքի տարբեր պարունակներ: Նրանց, ովքեր ուզում են փախչել, բռնում են դևերի արյունոտ ժանիքները, որոնք մխրճվում են նրանց մեջքի ու կոնքերի մեջ. զարհուրելի մի սատանա կախվել է մեկի ոտքերիցև շուռ տալով նրան մեջքի վրա` դաժանորեն բզկտում է: Քավարանն այդժամ դատարկվում է, քանզի այնտեղ տանջահարվողները գնում են տեղեկանալու իրենց վերջնական դատավճռին, և մոլեգնած դևերին մնում է միայն կրճտացնել ատամներն ու խոշտանգել իրենք իրենց:

Ամեն մի ոճիր ունի իր պատիժը: Յոթ հիմնական մեղքերը պատկերված են դևերի կերպարանքով, որոնք անդունդն են քաշում մեղավորներին: Միքելանջելոն չի երկնչել այդ ոճիրներից յուրաքանչյուրն ու դրանց պատիժը բնութագրել այնպիսի եղանակով, որ միանգամայն զերծ է պուրիտանական ամոթխածությունից: Եվ ո՞վ կարող է անպարկեշտության կամ ցինիզմի մասին մտածել նման ոճով ներկայացված այդօրինակ սյուժեի պարագայում. մի չափազանց լուրջ ոճ, որ առհասարակ կարող է լինել արվեստի մեջ:

Պատկերված տեսարաններին զուգահեռ ներկայացված է մի արտառոց պայքար, որ ընթանում է բարի ու չար հրեշտակների միջև: Չարերը ներքև են քաշում թշվառ զոհերին, իսկ բարիները, ամպերից կախված, պարզել են իրենց ձեռքերը` ջանալով վերև տանել նրանց: Այդ վիճարկելի հոգիների մեջ կան այնպիսիք, որոնք ծածկված են վանականի սքեմով` մոլորեցնելու համար երկնային արդարությանը: Նրանցից երկուսն իրենց կազմվածքից շատ ավելի ծանր են թվում, այնքան, որ մի հրեշտակ անասելի դժվարությամբ է կարողանում բարձրացնել նրանց` կառչելով նրանց ձեռքերից կախված տերողորմյայից: Պետք է ենթադրել, որ նկարի այդ մասում պատկերված են նրանք, ովքեր ո՛չ արատներ ունեն, ո՛չ էլ արժանիքներ, և որոնց մերժում է Երկինքը, «per non esser men belli»13, ինչպես ասում է Դանտեն, քանզի նրանք իրենց հավերժական երանության համար իբրև երաշխիք ունեն միայն հրեշտակների բարի կամքը և հատկապես նրանց զորությունը, որը, սակայն, այնքան մեծ չէ, որպեսզի դիմագրավի բոլոր չարքերի նկրտումներին: Որոշ հրեշտակներ սխոլաստգիտնականների պաշտոն են մատուցում և ամբաստանյալներին ցույց են տալիս այն աստվածային տեքստերը, որոնց հիման վրա դատում են նրանց, և որոնց շատ ուշացումով հաղորդակցվում են նրանք: Հարկավոր է արժանին մատուցել այդ հրեշտակներին, որոնք բնավ նման չեն այն ջերմեռանդ բարեպաշտներին, որ լցված են քինախնդրությամբ և հրճվում են` հանցանքի մեջ բռնելով թշվառ մեղապարտներին: Նրանց հայացքն անթափանց է, ինչպես ինքը` օրենքը, և նրանք սոսկ գործիքներն են այն գերագույն իշխանության, որի առջև իրենք էլ, անշուշտ, դողում են ինչպես մենք:

Վերին մասը ներկայացնում է երկու ցածրադիր կամարներ, որոնց շուրջ Միքելանջելոն պատկերել է հրեշտակների խմբեր, որոնք հաղթականորեն տանում են կրքերի գործիքները: Տկարացող նկարիչն անկասկած զգացել է, որ իր հանճարը շատ էլ ոգևորված չէ այդ սառնաշունչ տեսարանով և ցանկացել է իրական ոգեշնչման պակասը փոխհատուցել կեցվածքների արտառոցությամբ: Երկնքի այդ բնակիչները լիովին զուրկ են այն անխռովությունից, որ պայմանավորված է նրանց աստվածային էությամբ: Չի կարելի հերքել, թե ծռմռվածության հանդեպ Միքելանջելոյի հակումը երբեմն նրան մի փոքր ավելի հեռուն է տարել, և մենք չենք փորձի այդ կետում արդարացնել նրան, ինչպես նրա կենսագիրներից մեկը, որը, ընկնելով խանդավառության մեջ, ասել է Զաքարիայի ֆիգուրի14 առնչությամբ. «Դռան վերևում տեսնում ենք մարգարեին, որ գրքում ինչ-որ բան է փնտրում, բայց չի կարողանում գտնել: Նրա մի ոտքը օդում կախված է, և փնտրտուքով տարված` նա չի զգում իր այդ կեցվածքի անհարմարությունը»:

Այս ողջ կոմպոզիցիան, ուր մարդկային մարմինը պատկերված է բոլոր դիրքերով ու բոլոր հնարավոր դիտանկյուններից, ունի որոշ տարտամություն, որն աչք է ծակում առաջին հայացքից: Պապը հանդիպել է նկարչին, երբ նա դեռևս աշխատանքի կեսն էր կատարել: Պապին ուղեկցել է նրա արարողապետ մեսսիր Բլեզ դը Սեզենը, որը չի թաքցրել, որ այդ անհավանական ֆիգուրների կուտակումն իրեն ավելի շատ հիշեցնում է հասարակական բաղնիքներում լողացողների, և որ այդ տեսարանն ավելի պատշաճ կլիներ գինետների ու խրախճանատեղերի համար: Միքելանջելոն քինախնդրությամբ է լցվել այդ քննադատի հանդեպ և նրա հեռանալուն պես պատկերել է նրան Մինոսի կերպարանքով և էշի ականջներով. Պիտի ենթադրել, որ դա հավանաբար այն նյարդային օրերից մեկն է եղել, երբ արվեստագետը ստիպված է եղել լսելու նման մի շարք հանդուգն դիտողություններ: Ի վերջո, ինչ պատճառով էլ որ Միքելանջելոն Դժոխքի դատավորին պատկերած լիներ արարողապետի կերպարանքով, վերջինիս դա ահավոր տհաճություն է պատճառել: Նա իրեն այդկերպ անմահացած տեսնելով` դառնությամբ գանգատվել է պապին մի արվեստագետից, որը նրա կարծիքով, ոչ մի պատկառանք չունի: Նրան, սակայն, վիճակված էր հարատևել այդ պատին` ի խրատ բոլոր ապագա մետր Բլեզների: Պապն ասել է նրան. «Դուք գիտեք, որ ես անսահմանափակ իշխանություն ունեմ երկնքում և երկրի վրա, բայց ես անկարող եմ ձեզ դուրս բերել Դժոխքից. ուրեմն, մնացե՛ք այնտեղ»:

Միքելանջելոյին հանդիմանել են, որ նա դիցաբանական Մինոսին, Քարոնին և այլոց ներմուծել է քրիստոնեական սյուժեի մեջ: Համաձայն եմ, որ ճշմարտացիությունը փոքր-ինչ խաթարվում է այդ անտեղի խառնուրդից. բայց հարկավոր չէ դա այդքան կարևորել նմանօրինակ գեղանկարչական գործում. ճշմարտացիությունը տվյալ դեպքում այնքան էլ անհրաժեշտ չէ: Նկարիչն այս պարագայում թերևս հետևել է ոչ այնքան իր, որքան ժամանակի ճաշակին: Դիցաբանությունը, որ մեզ համար ծեծված ոլորտ է, այն ժամանակ կրել է նորույթի ողջ արժանիքը: Դանտեն արդեն տվել էր այդ խիզախության օրինակը, և Միքելանջելոն` նրա կրքոտ երկրպագուն, կարողացել է առանց տատանվելու հետևել այդ օրինակին: Քարոնն իր նավակով, հոգիները, որոնց վանում է նա իր սարսափելի թիակով, – այդ ամենն առկա է «Աստվածային կատակերգության» մեջ:Ոչինչ այնքան ավելի բանաստեղծական չէ, որքան նման փոխադրումը արվեստի այլ լեզվով: Դժոխքի ուղեկցորդի սաստիկ մոլեգնանքը` ՙil nocchier della livida palude»15, և նրա գործակից սարսափելի դևերը` լցված չարությամբ ու զարհուրանքով, մի սարսռազդու տեսարան են ներկայացնում: Այդ դևերն իրենց կատաղությունը բոլոր ձևերով թափում են երկնային ցասմամբ իրենց ճանկն ընկած թշվառ զոհերի վրա, և անգամ Աստված, այն է` Քրիստոսը, այդ գեղանկարի մեջ սոսկ վրեժխնդրությամբ այրվող և ողորմածության ոչ մի նշույլ չունեցող տեսք ունի: Բռնադատող բազկով նա անվերջանալի տանջանքների գիրկն է ուղարկում խեղճ ադամորդիներին, որոնց այլևս ոչինչ չի կարող փրկել սարսափելի դատավճռից: Միքելանջելոն չէր կարող Աստծուն պատկերել որպես գթառատ Տիրոջ, որը ներողամիտ է թույլ արարածների վիրավորանքների հանդեպ: Նրա պատկերացմամբ, Հիսուսն այլևս մեր մեղքերի քավության նպաստող զոհը չէր: Դա մի անողոք դատավոր է, անտարբեր` այն միլիոնավոր հուսալքված դատապարտյալների սոսկալի վայնասունին, որոնք զուր աղերսում են նրան կամ ցավագնորեն ջղաձգվում իրենց դահիճների մագիլների մեջ:

Քնքուշ զգացմունքներ պատկերելը երբեք բնորոշ չի եղել Միքելանջելոյի հանճարին: Իր այդ գործում, ավելի քան մյուսներում, նա լայն ասպարեզ է տվել սարսափազդու պատկերների հանդեպ իր հակումին: Արվեստագետի երևակայությունը, որ շարունակ մթագնել է մարգարեների գրքերն ընթերցելով, նրան մատուցել է սոսկ ահարկու կերպարներ, իսկ մենությունը, որին հաճույքով տրվել է, առավել խորացրել է նրա մելամաղձոտ հոգեվիճակները: Մի այդպիսի մռայլ անկումային պահի, երբ մեն-մենակ է եղել, խուսափելով ընկերների շրջապատից, նա իր աշխատանքի ավարտական փուլին մոտենալիս հանկարծ տախտակամածից ցած է ընկել և շատ լրջորեն վնասել ոտքը: Այդ դեպքից հետո նրա հոգեվիճակն այնքան է վատթարացել, որ նա լիովին մեկուսացել է` որոշելով ոչ մեկի ոչինչ չասել իր դժբախտության մասին և սպասել մահվան: Մի անգամ նրա դուռն է թակել Բաչչո Ռոնտինին` նրա բժիշկն ու ընկերը և ոչ մի պատասխան չստանալով` ապարդյուն փորձեր է կատարել իմանալու, թե ինչ է պատահել: Ապա մի կերպ, գաղտնի մուտքերով թափանցել է տուն և անցնելով սենյակից սենյակ, վերջապես գտել է մի մութ անկյունում կծկված Միքելանջելոյին, որը տառապել է առավել բորբոքված ցավից` սևամաղձ վհատությամբ համակված: Ռոնտինին մեծ ջանքերի գնով կարողացել է խելքի բերել նրան` փարատելով նրա երևակայությունը պաշարած մռայլ մտքերը և հեռացել է` վերքը լիովին բուժելուց հետո միայն: Միքելանջելոն օրեցօր առավել դժվարահաճ է դարձել իր աշխատանքների հանդեպ: Գրեթե յոթանասունամյա հասակում նա մտադրվել է ստեղծել «Պիետա» անվամբ մի նոր մարմարե խմբաքանդակ: Դա նրա նախասիրած սյուժեներից է եղել, ուստի և նախկին երիտասարդական ավյունով է ձեռնարկել այդ գործը: Ցավոք նրա օգտագործած մարմարը եղել է շատ կարծր և բազում միջներակներով լի, ուստի և հատելիս կայծեր է արձակել: Բայց նա երկար ժամանակ համառել է` հակառակ իր սովորույթին` հեշտությամբ հրաժարվել գործից, երբ որևէ խոչընդոտ է ծագում: Ի վերջո նրա համբերությունը տեղի է տվել, և նա ջարդել է արածը: Նրա գործուն միտքը մղել է անդուլ աշխատանքի, բայց նրան մշտապես համակել են հուսալքության պահերը, և այդ ծանր հոգեվիճակին գումարված բարեպաշտական խոհերը նրան մղել են ապարդյուն և ափսոսելի համարել այն ամենը, ինչը չի ընծայաբերել Երկնքին: Ստորև կբերեմ միայն նրա սոնետներից մեկը, որը հրաշալիպարզությամբ պատկերում է նրա այդ հոգեվիճակը. դա հանրահայտ գործերից է. բայց կան նաև բազմաթիվ այլ նույնքան հուզիչ քերթվածներ, որոնք, սակայն, այնքան ինքնօրինակ ոճով են գրված և այնքան նրբիմաստ են, որ հնարավոր չէ համարժեքորեն թարգմանել16.

«Նավակի վրա բեկուն, ծովի մեջ ալեկոծ, ավարտեցի ես ընթացքը կյանքիս. բախում եմ այն դուռը, ուր ամեն ոք գալիս, հաշվետու է լինում իր բարի ու չար գործերի մասին: Ա~խ, ես լավ հասկացա, որ այս արվեստը, որ եղել է կուռքն ու բռնակալն իմ երևակայության, մխրճել է կյանքս մեղքի մեջ. ամեն ինչ մեղք է այս աշխարհում»:

«Խոկումնե՛ր սիրային, պատկերացումնե՛ր նանիր ու քաղցր, ի՞նչ կլինեք այժմ, երբ մոտենում եմ երկու մահվան` մեկը, որ հաստատ է, մյուսը, որ սպառնում է ինձ: Ո՛չ, քանդակագործությունը, նկարչությունը չեն կարող բավարար լինել խաղաղեցնելու համար այն հոգին, որ հակվել է դեպի քեզ, օ~ Աստված իմ, և որ կիզվում է կրակով քո սիրո»:

Սովորական նախապաշարումներից զուրկ մարդիկ, եթե կուզեն, թող ծաղրեն այս վսեմ հանճարին, որը մահվան շեմին տարակուսել է, թե արդյո՞ք ճիշտ է ապրել իր կյանքը և որը երկյուղել է Աստծո դատաստանից: Ես պատկերացնում եմ մեծն Միքելանջելոյին այն պահերին, երբ նրա երևակայությունը բորբոքված է եղել Դանտեի արարումներով կամ Սուրբ գրոց ընթերցմամբ, իսկ ձեռքը լամպի լույսի ներքո նկարել է մեկն այն վիթխարի ֆիգուրներից, որոնք մեկ անգամ տպավորվելով մեր մեջ` այլևս երբեք չեն մոռացվում: Իր մեծ աշխատանքները ստեղծելիս նա շատ քիչ է քնել, միշտ պառկել է առանց հանվելու` ամեն վայրկյան պատրաստ` անսալու ներշնչանքի ձայնին: Պատկերացնում եմ նրան գիշերվա ուշ ժամին, ինքն իսկ վախով համակված ի տես իր գործերի. նա ինքն առաջինն է ըմբոշխնել այն գաղտնի սարսափը, որ ցանկացել է առթել մարդկանց հոգիներում աստվածային վրեժխնդրության ու կործանումի ահեղ պատկերներով: Ինձ համար հաճելի է նաև պատկերացնել նրան այն պահերին, երբ գեղանկարչության միջոցով իր գաղափարների վեհությանը հասնելու անկարողությունից հոգնած, փորձել է մտքի անհանգիստ որոնումների ընթացքում օգնության կանչել պոեզիային: Դրա մեջ նա արտահայտել է իր խոր մելամաղձը կամ ավելի ճիշտ` իր խռովքն ու երկյուղը ապագա կյանքի մասին խորհելիս, անցած երիտասարդության ափսոսանքը, վախը` անորոշ ու ահավոր գալիքի հանդեպ:

Հայտնի է, թե ինչ տեղ է գրավել Միքելանջելոյի կյանքում սերը նշանավոր Վիտտորիա Կոլոննայի հանդեպ, որին նա ձոնել է բազմաթիվ քերթվածներ:

Այդ գեղեցիկ էակի մահը արվեստագետին երկար ժամանակ նետել է մի այնպիսի խոր հուսալքության մեջ, որ ոչինչ չի կարողացել նրան ողոքել: Այդ միանգամայն ողջախոհ սերը եղել է մի տեսակ ոգեշունչ բարեկամություն, որն ասես ձուլվել է նրա սրտում աստվածային սիրո հետ: Տարօրինակ բան այդ սարսափելի բարքերով հատկանշվող դարաշրջանի համար: Բորջաներն ու շատ ուրիշներ բոլոր կարգի անառակությունների օրինակ էին տվել: Արետինոն և ժամանակի որոշ այլ բանաստեղծներ, որոնք մետաֆիզիկական ոգեշնչումից հեռու են եղել, ամենևին չեն նպաստել առաքինի հակումների տարածմանը: Պատմությունը չի վկայել, որ Միքելանջելոն նվիրաբերել է իր սիրտը երկրային սիրուն:

Եթե նա փոքր-ինչ հաղորդակցվել է դրան, ապա դա երջանկություն է եղել նրա տաղանդի համար. բայց նրա գործունեությունն ընդմիջած տևական դադարները, նրա տեղատվությունները, որոնց ակունքին լավ իրազեկ չենք, հնարավոր չէ՞ որոշ չափով վերագրել այն խելահեղ կրքին, որը մեզ արբեցնում է մեր լավագույն տարիներին, և որը միակ ափսոսելի բանն է այն ամենի մեջ, ինչը ծերությունը խլում է մեզանից:

Վազարիի և իր այլ աշակերտների խնդրանքով Միքելանջելոն մտադրվել է շարադրել իր մտքերն արվեստի մասին: Այդ զբաղմունքն, անշուշտ, նրան անպտուղ է թվացել. նա ավելի շատ բնական մղում է ունեցել դեպի պոեզիան: Նրա ժամանակ, ինչպես մեր օրերում, եղել են շատերը, որոնք զբաղվել են տեսություններով և ստեղծել արվեստի վերաբերյալ կուռ համակարգեր` ոչինչ չստեղծելով բուն արվեստի բնագավառում: Միքելանջելոն, ընդհակառակը, հաճույք է ստացել ծաղրելով այդ դատարկաբաններին17 և լայն հնարավորություն է տվել նրանց բանավիճելու անգամ իր կապակցությամբ: Մինոսի հետ կապված դեպքից զատ, որքան մեզ հայտնի է, նա երբևէ շնորհ չի արել մրցասպարեզ ելնելու իրեն վարկաբեկողների ու իր քննադատների հետ, որքան էլ նրա ի բնե սուր ու խայթիչ մտքի գերազանցությունն ու հեշտ գրելու ունակությունը վրեժխնդիր լինելու հնարավորություն են ընձեռել նրան: Ինչ վերաբերում է այն կարդինալներին ու սենյորներին, որոնք իրավասու են եղել կազմակերպելու և հսկելու նրա աշխատանքները, ապա արվեստագետն առանց այլևայլության ընդդիմադրել է նրանց, երբ վերջիններս հանդուգն դիտողություններ են արել: Այս պարագայում նրա անկախ բնավորությունը երբեք տեղի չի տվել:

Մի անգամ, երբ Միքելանջելոն ջանադրաբարտարված է եղել Ս. Պետրոսի տաճարի աշխատանքներով, նրան հայտնել են, թե Պողոս IV պապը ցանկանում է, որ նա փոփոխություններ կատարի «Ահեղ դատաստանի» մեջ, քանզի նկարում առկա որոշ մերկ մարմիններ վիրավորում են պարկեշտությունը: Մոլեգնած ծերունին այսպիսի խիստ պատասխան է տվել. «Ասացե՛ք պապին, որ նրան անհանգստություն պատճառողը չնչին բան է, ինչը կարելի է հեշտությամբ շտկել. թող նա վերափոխի աշխարհը, և այդպիսով կփոխվեն գեղանկարները»:

Այդ ազնիվ հպարտությունը Միքելանջելոյի մեջ զուգակցել է անչափ նուրբ ու սիրառատ սրտին: Իր մերձավորների ու բարեկամների համար նա եղել է սահմաններ չունեցող բարեհոգություն: Ութսուներեք տարեկանում նա կորցրել է իր հավատարիմ սպասավորին, որը նրա համար իսկական ընկեր էր դարձել:

Անունը Ուրբանո էր: Նա Միքելանջելոյի կողքին է եղել 1530 թվականի Ֆլորենցիայի պաշարումից ի վեր, և իր հանդեպ նրա հոգատարության ու նվիրվածության համար արվեստագետը հաճույքով բազմիցս նպաստել է նրա նյութապես հարստացմանը: Երբ Ուրբանոն անկողին է ընկել, այդ մեծ մարդը ցանկացել է անձամբ հսկել ու սպասարկել նրան և բազում գիշերներ նրա կողքից չհեռանալով` խնամել է որդու նման, մինչև որ նա մահացել է իր ձեռքերի վրա: Ահա թե ինչ հուզիչ խոսքերով է Միքելանջելոն պատասխանել Վազարիին, որն այդ տխուր առիթով որոշ սփոփանքներ էր հղել նրան. «Մեսսիր Ջո՛րջո, բարեկա՛մս, ես ի վիճակի եմ ձեզ միայն վատ գրել. սակայն հարկ է, որ պատասխանեմ ձեզ: Գիտեք, որ Ուրբանոն մահացավ. դա ինձ համար Աստծո շնորհ էր և միաժամանակ մեծագույն դժբախտություն. շնորհ, քանզի այդպիսի ազնվագույն մարդու մահը տեսնելը ինձ ոչ միայն ուսուցանում է, թե ինչպես պիտի մահանալ, այլև թե ինչպես պիտի ցանկանալ մեռնել: Այդպես էր վիճակված, որ քսանվեց տարի անց ես պիտի բաժանվեի նման հազվագյուտ ու հավատարիմ սպասավորից: Ի~նչ մեծ բավականությամբ եմ ես հարստացրել նրան և ինչպիսի~ բերկրանքով եմ մտածել, որ նա կդառնա իմ ծերության նեցուկը: Այժմ ինձ մնում է միայն հուսալ, որ նրան վերստին կհանդիպեմ հաջորդ կյանքում. ես նրա երջանկության գրավականը տեսնում եմ վախճանվելու նրա կերպի մեջ, որի ականատեսը եղա: Իմ Ուրբանոյին մտատանջել է ոչ թե այն, որ ինքը պիտի մեռնի, այլ որ ինձ պիտի մենակ թողնի իմ անկարողությունների մեջ` այս չար ու խաբեական աշխարհում: Հիրավի, նա իր հետ տարավ իմ լավագույն մասը, և այն ամենն, ինչ մնացել է ինձ, սոսկ ցավ ու տառապանք է: Հարգանքներիս հավաստիքը ձեզ»: Միքելանջելոն իր այդ հավատարիմ բարեկամից հետո ապրել է ևս մի քանի տարի: Նա ընդամենը սպասել է մահվան, չնայած իրար հաջորդող պապերը նրա հանդեպ մեծ հարգանք են տածել, իսկ բազում իշխաններ` հավասարապես սնապարծությունից ու անկեղծ հիացմունքից մղված, ջանացել են նրան իրենց կողքին տեսնել կամ պատվի արժանացնել: Նա տեսել է, թե ինչպես են իր շուրջը վախճանվել ժամանակի գրեթե բոլոր մեծ արվեստագետները. նրանցից ոմանք եղել են նրա թշնամիներն ու նրա փառքի նախանձորդները. բայց վերջիններիս մահը խլել է նրանից իրեն արժանի հակառակորդներին և դատավորներին, որոնց հիացմունքը նվաճելը հաճելի է եղել նրա համար: Այդուհետ նա շրջապատված է եղել միայն այդ նշանավոր վարպետների այլասերված աշակերտներով, և փառքը նրա աչքին արդեն նվազել է իր այդ աննշան մրցակիցների ասպարեզում: Նշանավոր Ռեյնոլդսը հրապարակավ արտահայտել է Միքելանջելոյի նկատմամբ իր անսահման հիացմունքը: Ահա նրա ելույթներից մեկի վերջին հատվածը, որ գրեթե ամբողջովին ձոնված է այդ մեծ արվեստագետին. «Միքելանջելոյի հիշատակի հանդեպ դարերի պաշտամունքի պատճառն ինչ էլ որ լինի` անգամ նախապաշարմունքը, ես հպարտությամբ ինձ դասում եմ, չեմ ասում նրա հետևորդների, այլնրա կրքոտ երկրպագուների շարքը: Եթե ես ուրիշ և առավել նվազ վսեմ ճանապարհով եմ ընթացել, ապա պատճառը միայն այն է, որ դա ավելի հարիր է եղել իմ ձիրքերին և իմ ապրած ժամանակաշրջանին: Այսուհանդերձ, որքան էլ ինձ անզոր եմ զգում նման նախաձեռնության համար, բայց եթե իմ ուղին նորից սկսեի, ես կհանդգնեի քայլել այդ մեծ վարպետի հետքերով, և իմ հավակնությունը բավարարված կհամարեի, եթե կարողանայի հասնել նրա կատարելությունների նվազագույնին: Երջանիկ եմ, որ ինձ ունակ եմ համարում ապրելու այն զգացումները, որոնք նա ջանացել է ներշնչել մեզ: Որոշ սնապարծությամբ մտածում եմ, որ իմ բոլոր ելույթները կրում են այդ իսկապես աստվածային մարդու հանդեպ տածած իմ հիացմունքի վկայությունը, և շատ կուզեմ, որ այս Ակադեմիայում և հենց այստեղ իմ արտասանած վերջին բառը լինի Միքելանջելո»: Սրտառուչ է այն հանգամանքը, որ դա իսկապես եղել է այդ հռչակավոր վարպետի արտասանած վերջին բառը ակադեմիական ամբիոնից: Այդ ելույթից մի քանի ամիս անց նա վախճանվել է: Տարածված է այն կարծիքը, թե Միքելանջելոն կյանքի վերջում կուրացել է և երբեմն գնացել շոշափել է իր քանդակները` իր մեջ վառ պահելու համար գեղեցիկի պատկերացումները: Այս հորինվածքը չի կարող տեղ գտնել նրա մասին մեզ հասած տվյալների շարքում:

Անգամ տկար առողջությամբ Միքելանջելոն անդուլ աշխատել է: Ութսունութ տարեկան հասակում ստեղծել է «Սուրբ Մարիամը հրեշտակների հետ» գծանկարը: Տակավին զբաղված է եղել Սուրբ Պետրոսի տաճարով, երբ մահը վրա է հասել ընդհատելու նրա փառապանծ ուղին 1563 թվականի փետրվարի 23-ին: Նրա հուղարկավորությունը փառահեղ է եղել. պապը որոշել է նրա դին ամփոփել Սուրբ Պետրոսի տաճարում, սակայն մեծ դուքս Կոզիմոն կարգադրել է ծածուկ առևանգել նրա մարմինը և տեղափոխել Ֆլորենցիա: Նա ննջում է իր անմահ գլուխգործոցների շրջապատում, Սան Լորենցո եկեղեցում, որը նախատեսված է եղել միայն տիրակալների շիրիմների համար:

Այդ չափազանց զորեղ հանճարի լույսից շլացած և ափսոսանքի զգացումով, որ նրա մասին կարողացանք սոսկ աղոտ պատկերացում տալ, տեղին ենք համարում նրան վերահասցեագրել Դանտեի մասին իր իսկ գրած հետևյալ տողը.

«Quanto dirne si dee non si puo dire»:

«Նրա մասին երբեք չի ասվի այն ամենն,

ինչ հարկ է ասել»:

 

1 Լևոն X պապը Բուոնարրոտի ընտանիքին, այլ արտոնություններից զատ, իրավունք է շնորհել իրենց զինանշանի վրա հավելել Մեդիչիի վահանակի գունդը` երեք ոսկյա շուշաններով:

2 Գրանաչչին տվել է նրան մի գերմանական փորագրանկար` չարքերի կողմից խոշտանգվող սուրբ Անտոնիոսի պատկերով: Միքելանջելոն այդ թեմայով կտավ է ստեղծել` իր կողմից հավելելով այն ամենն, ինչ նրա երևակայությունն ի զորու էր այդ տեսարանն առավել ցնցող դարձնել: Այդ նպատակով նա ամեն օր գնացել է ձկան շուկա, ուսումնասիրել ամենաարտառոց ձևերն ու երանգները` իր պատկերացրած ճիվաղներին պատկերելու համար: Հատկապես այդ ինքնօրինակ աշխատանքը շարժել է Գիրլանդայոյի նախանձը: Բոլորովին այլ բնույթի է եղել այն նկարը, որտեղ պատկերել է ինքն իրեն` աստիճաններով վեր բարձրանալիս Սանտա Մարիա Նուովա եկեղեցում, որը նա նկարազարդել է մի քանի գերմանացի վարպետների հետ: Սկսնակ արվեստագետը վերարտադրել է ոչ միայն տեղը, այլև այլազան գործող անձանց կերպարները, նրանց հանդերձանքն ու կեցվածքները: Գիրլանդայոն ստիպված է եղել խոստովանել, որ իր աշակերտը գերազանցել է իրեն և նախանձից դրդված` արգելել է նրա մուտքն իր արվեստանոց:

3 Մի օր Միքելանջելոն կլանված նայել է քանդակագործներին, որոնք Լորենցո Մեդիչիի պուրակում վերականգնելիս են եղել արձանները: Նա մի

անհաղթահարելի դյութանքով համակված անշարժացել է տեղում: Աշխատողները գուշակելով նրա հրապուրանքը` մարմարի մի բեկոր են նվիրել նրան, որը նա անմիջապես սկսել է մշակել: Մի քանի օր անց Լորենցոն զբոսնելիս զննել է կատարված աշխատանքները և նկատել մի երիտասարդի, որը հղկելիս է եղել արդեն ավարտված քանդակը. դա ֆավնի գլուխ էր, որ կարծում եմ դեռևս պահվում է Ֆլորենցիայում:

4 Ասկանիո Կոնդիվին այն պատմաբաններից է, որոնք առավել մանրամասնորեն են ներկայացրել Միքելանջելոյի կենսագրությունը:

 

5 Միքելանջելոն Ֆլորենցիայում գտնվելու այդ կարճ ժամանակամիջոցում, որ տևել է ամենաշատը երեք կամ չորս ամիս, ստեղծել է Պիզանյան պատերազմի նշանավոր նախանկարը` մրցակցելով Լեոնարդո դա Վինչիի հետ, որը նույնպես Հանրապետության պատվերով մի կոմպոզիցիա էր ստեղծել: Միքելանջելոն պատկերել է հարձակման ենթարկված զինվորներին այն պահին, երբ նրանք լողանալիս են եղել և կիսահագնված վազում են դեպի զենքերը. գեղանկարչության և մանավանդ Միքելանջելոյի հանճարի համար գեղեցիկ սյուժե: Այդ նշանավոր գործը երկար ժամանակ ցուցադրվել է մեկուսի սրահներից մեկում: Այնուհետև պատառոտվել է նախանձողների կամ, այլոց վկայությամբ, չափազանց կրքոտ արվեստասերների կողմից, որոնք այն թռցրել են` պատառ-պատառ անելով:

 

6 Երբ պապն այցելում էր նրան, ստիպված էր բանվորի նման մագլցել փայտե սանդուղքով, և Միքելանջելոն միայն պարզում էր ձեռքը օգնելու համար, որ նա տախտակամած ելներ նեղլիկ սողանցքից:

7 Իտալերեն այդպես են կոչում «Տիրամայրը և նրա ձեռքերում մահացած Քրիստոսը» խմբաքանդակը:

8 Քննադատները հատկապես գտել են, որ որդու համեմատ մայրը շատ երիտասարդ տեսք ունի: Կոնդիվին` Միքելանջելոյի կրքոտ երկրպագուն ու բարեկամը, նրանց անվանել է կեղծ գիտակներ, հիմարներ ու տկարամիտներ: Նա վկայել է, որ Միքելանջելոն իբրև արդարացում իրեն ասել է. «Չգիտե՞ս, որ առաքինի կանայք ավելի լավ են պահպանում իրենց թարմությունն ու գեղեցկությունը, քան նրանք, ովքեր տրվում են հաճույքին: Ուրեմն ինչպե~ս պիտի պահպանված լիներ այն կույսը, որին չի դիպել ոչ մի անմաքուր ցանկություն, որը կարող էր աղարտել նրա գեղեցիկ մարմինը: Ավելին, այդ թարմությունը, ջահելության այդ ծաղիկը Մարիամն իսկապես պահպանել է ոչ միայն իր անաղարտությամբ, այլև, ինչպես պիտի ենթադրել, օգնությամբն Աստծո, որի կամոք ողջ տիեզերքի աչքին պիտի շողարձակի իր ընտրյալի կուսությունը: Մինչդեռ որդու համար դա պարտադիր չէր, նույնիսկ հակառակը. քանի որ նա իսկապես մարդկային մարմին է առել և ենթակա եղել երկրային կյանքի բոլոր փորձություններին, ուստի և այդ մարմինը ոչ թե պիտի նույն վիճակով պահպանվեր, այլ տրված լինելով բնության քմահաճույքին` կրեր իր վրա տարիների դրոշմները: Ուրեմն մի՛զարմացեք, որ այդ պատճառներից դրդված` պատկերել եմ մորը իր տարիքից շատ ավելի երիտասարդ, իսկ որդուն թողել եմ իր իրական տարիքում»:

9 Դամբարանը սկզբնական նախագծով պիտի ունենար 18 բրաս երկարություն և 12 բրաս լայնություն: Նրանում պիտի տեղադրվեին քառասունից ոչ պակաս արձաններ, չհաշված հարթաքանդակներն ու բրոնզե զարդաքանդակները: Ինչպիսի~ կորուստ արվեստի համար: Միքելանջելոն ուժերի ծաղկման շրջանում կստեղծեր նոր ժամանակների համար զարմանալի մի աշխատանք. և թող դատեն ըստ սկզբնական մտահղացման: Առաջինը կերտվել է Մովսեսի արձանը: Բոլոր այդ ֆիգուրները կապակցող այլաբանությունը եղել է բավական տարօրինակ և ժամանակի ճաշակին համապատասխան. բայց ի՞նչ օգուտ: Կարելի է միայն ցավալիորեն ափսոսել` տեսնելով այդ մեծ հանճարին, որ կանգ է առել իրեն ոգևորած ծրագրի իրագործման ճանապարհին: Բայց, մյուս կողմից, ո՞վ գիտե, թերևս մենք փոխարենը չէինք ունենա Սիքստինյան կապելլան: Հավանաբար այդքան խանդավառությամբ ձեռնարկված ու կատարված այդ վիթխարի ստեղծագործությունը մղեր Միքելանջելոյին ամբողջ կյանքում զբաղվել միայն քանդակագործությամբ:

10 Լուվրի գեղեցիկ դահլիճներում հավաքված են Վերածննդի դարաշրջանի որոշ գործեր, որոնք մեծ դժվարությամբ փրկվել են սոսկալի ոտնձգություններից, երբ դրանք դրվատելի ջանքերի շնորհիվ հավաքելով Պըտի Օգյուստեն թանգարանում38, այնուհետև անհեթեթ ջանքերի հետևանքով հանվել են այնտեղից` գրեթե լիովին նետվելու համար անհայտության մեջ, ետնաբակերում, ուր դիզված են եղել աղտեղության մեջ, և ուր վատ եղանակները, տգետների անարգանքները, այդ գործերը պարուրած տատասկն ու աղբյուսը կավարտեին բարբարոսության հմտորեն սկսած գործը:

11 Լորենցոն` Ուրբինի դուքսը, վախճանված 1518-ին, ոչ մի ընդհանուր բան չունի մեծն Լորենցոյի հետ, որը հովանավորել է Միքելանջելոյին երիտասարդ տարիներին:

12 Կարտոններն այն գծանկարներն են, որոնք նկարիչը փոխանցում է պատին: Որմնանկար ստեղծելիս կոմպոզիցիայի յուրաքանչյուր մասը պետք է նախապես ամրակայվի, քանզի կարելի է նկարել միայն թարմ դաջվածքի վրա: Ուստի պետք է ամեն օր նախանկարը պատճենել պատին` ըստ այն չափերի, որ պատշարը նախատեսում է կատարվելիք գեղանկարի համար:

13 «Քանզի չեն եղել նվազ գեղեցիկ» («Դժոխք», 3-րդ երգ, տող 40):

14 Սիքստինյան կապելլայի առաստաղապատկերում:

15 Տե՛ս «Դժոխքի» 3-րդ երգի տող 98-99 («Թավամորուս նավավարի, որ ուներ աչքերի շուրջ շրջանակներ բոցեղեն»):

16 Այս սոնետը հրաշալիորեն ներշնչել է պ. Սենտ-Բյովին նրա նոր ժողովածուի մի քերթվածում, որը թերևս ամենագեղեցիկն է բազում այլոց մեջ, որոնք այնքան հուզիչ են ու այնքան թարմաշունչ. «Իմ նավակը հիմա ափերին է կյանքի» և այլն:

17 Հարյուր տարուց ավելի քննադատությանը զբաղեցրել է այն հարցը, թե ո՞րն է առաջնային` քանդակագործությո՞ւնը, թե՞ գեղանկարչությունը: Անհնարին է պատկերացնել այն ամենը, ինչ գրվել է այդ խնդրի շուրջ: Չելլինին, ի միջի այլոց, եկել է այն արտառոց եզրահանգման, որ քանդակագործությունը յոթ անգամ ավելի բարձր է գեղանկարչությունից, քանի որ քանդակի մեջ կան յոթ տարբեր կետեր, որոնց դիտանկյունով աչքը պիտի տվյալ գործը հավասարապես կանոնավոր գտնի:

 

Ֆրանսերենից թարգմանությունը`

Հենրիկ Բախչինյանի

Euéne Delacroix

écrits sur l’Art

Michel-Ange