1/6/2004

Մեկ ժամ Ժաք Լը Գոֆի հետ

 

 – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆ:

– Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում:

Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա կիտված:

Ես և գործընկերուհիս` Սուսաննա Խաչատրյանը, ում հետ կիսում էի փարիզյան գործուղման բերկրանքն ու դժվարությունները, այդ օրը` հուլիսի 11-ին, հանդիպում ունեցանք ֆրանսիական պատմագիտության հեղինակավոր ուղղություններից մեկի`
«Նոր պատմագիտության» («La Nouvelle Histoire») ականավոր ներկայացուցիչ Ժաք Լը Գոֆի հետ: Այդ հանդիպումը ծրագրվել էր դեռ երկու տարի առաջ, երբ Սարգիս Խաչենց հրատարակչության տնօրեն պարոն Ս. Խաչիկօղլյանն ինձ վստահեց ճանաչված գիտնականի «Միջնադարյան Արևմուտքի քաղաքակրթությունը» աշխատության թարգմանությունը` կարծես ի միջի այլոց ուրվագծելով իմ առաջիկա հանդիպումը պատմաբանի հետ: Լը Գոֆի վերոհիշյալ աշխատության հայերեն հրատարակությունը առաջին անգամ հնարավորություն կընձեռի հայ ընթերցողին հասու դառնալու ֆրանսիական պատմագիտական մտքի փայլուն նվաճումներից մեկին` ի դեմս այդ հզոր «դպրոցի», որը, չնայած իր անվանը, բոլորել է գործունեության վաթսուներորդ տարին: Ահա այս փաստարկներն էին, որ միտք հղացրին հանդիպել հեղինակին և խնդրել նրան մի առաջաբանով իր խոսքն ուղղել հայ ընթերցողին. նշանավոր միջնադարագետն ասելիք պիտի՛ ունենար, անշուշտ, բազմադարյան պատմություն և միջնադարյան չքնաղ մշակույթ ունեցող հայ ժողովրդին: Այս ծրագրի իրագործումը հնարավոր դարձավ Ֆրանսիայի մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան օժանդակությամբ, իսկ պատմաբանի հետ հանդիպում կազմակերպելու համար երախտապարտ ենք մեր հայրենակից, Փարիզի Մարդու ինստիտուտի (Maison des Sciences de l’Homme) աշխատակից Գեղամ Գևոնյանին: Ի դեպ, հանդիպումից մի քանի օր առաջ, երբ պարոն Գևոնյանը հեռախոսով տեղեկացրեց պատմաբանի օգնականուհուն, որ Հայաստանից երկու թարգմանչուհիներ մեծ ցանկություն ունեն զրուցել նրա հետ իր գործերից մեկի թարգմանության առնչությամբ, վերջինս առանց այլևայլության համաձայնեց ընդունել մեզ` նշանակելով հանդիպման օրն ու ժամը: «Այս հեղինակության ու դիրքի տեր մարդիկ շրջապատված են, ասես, անանցանելի պարսպով, և նրանց մերձենալն այնքան էլ դյուրին բան չէ:», – նախքան հեռաձայնելը, փորձելով արդարացնել հնարավոր մերժումը` բացատրում էր մեզ Գևոնյանը: Բայց հայ ընթերցողին առաջին անգամ հայերենով ներկայանալու հեռանկարը, ըստ երևույթին, անտարբեր չթողեց պատմաբանին:

–  Տիկնա՛յք, ուրախ եմ ձեզ ընդունել իմ հարկի տակ:

Քաղաքավարի-սպասողական և քաջալերող հայացք:

–  Պարոն Լը Գոֆ, թույլ տվեք մեր հրատարակչության անունից շնորհակալություն հայտնել Ձեզ այս սիրալիր ընդունելության համար և մեր խորին հարգանքն արտահայտել Ձեր և Ձեր գործի նկատմամբ: Մեզ համար իրոք մեծ պատիվ է գտնվել այսօր Ձեր հյուրընկալ հարկի ներքո:

Մեծանուն գիտնականի հետ առաջիկա հանդիպումը դեռ մի քանի վայրկյան առաջ ինձ պատկերանում էր որպես սառը և լարված (թերևս` իմ անփորձության պատճառով) հարց ու պատասխան: Բայց, ի զարմանք և հուրախություն մեզ, նրա ողջ կեցվածքից և դժվարությամբ արտաբերվող խոսքից (յոթանասունութամյա վատառողջ գիտնականից խոսելը, իրոք, բավական ջանքեր էր պահանջում) ճառագում էր մտերմիկ ջերմություն`անբռնազբոս աշխուժություն հաղորդելով մթնոլորտին:

–   Գաղտնիք չէ, թե ինչպիսի հռչակ եք Դուք վայելում Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս: (Այս տողերը գրելիս ժպիտով մտաբերում եմ պատմաբանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց գնացքում ինձ հետ զրույցի բռնված ֆրանսուհի ուսանողուհու ապշահար դեմքը և զարմանքից կլորացած աչքերը, երբ վերջինս իմացավ, որ ես Լը Գոֆի հետ մեկ ժամ տևողությամբ հանդիպում եմ ունեցել: «– Ինչպե՞ս… բայց…բայց… Դուք գիտե՞ք, թե նա ինչ հեղինակություն ունի Եվրոպայում: Դուք… Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե ինչքան կուզեի Ձեր տեղը լինել: Ես վեց տարի պատմություն եմ ուսումնասիրել համալսարանում, և իմ ու ընկերներիս մեծագույն ցանկությունն է եղել գոնե հինգ րոպե զրուցել նրա հետ: Նախանձու՛մ եմ: Իսկ ինչպիսի՞ն է նա, համակրելի՞ է…»): Այսօր Ձեր անունը հայտնի է նաև Հայաստանում, Ճիշտ է` ռուսական հրատարակությունների շնորհիվ: Մեր հրատարակչությունը պատիվ կունենա շուտով հայ ընթերցողին ներկայացնել Ձեր «Միջնադարյան Արևմուտքի քաղաքակրթությունը» աշխատությունը` առաջին անգամ հայերեն թարգմանությամբ:

–  Այդ ի՛նձ համար է մեծ պատիվ ներկայանալ հայ ընթերցողին իր մայրենի լեզվով, ինչի համար երախտապարտ եմ ձեր հրատարակչությանը: Ես վաղեմի և անկեղծ համակրանք եմ տածում հայ ժողովրդի, նրա պատմության, մշակույթի և լեզվի նկատմամբ:

Ի դեպ, զրույցի ժամանակ Սուսաննայի հետ փոխանակած մի քանի հայերեն բառը նկատելիորեն աշխուժացրեց նրան. դեմքը կենտրոնացավ, հայացքը լարվեց:

–   Ինձ համար անչափ հետաքրքիր է, թե ինչպես է հնչում Ձեր լեզուն, – կարծես արդարանալով բացատրեց նա:

–   Պարոն Լը Գոֆ, մեզ հայտնի է պատմաբանի Ձեր դիրքորոշումը մեր ժողովրդի պատմության անցյալ դարասկզբի եղերական իրադարձությունների նկատմամբ:

–   Այո, 1915 թ. ցավալի անցքերը ես որոշակիորեն որակել եմ ոչ թե ջարդեր, կամ կոտորած, այլ, տուրք տալով ճշմարտությանը, ցեղասպանություն: Ես գտնում եմ, որ պատմությունը պարտավոր է այսօր ճիշտ գնահատական տալ այդ արյունոտ ոճրին:

–  Պարոն Լը Գոֆ, Ձեր աշխատության ընտրությունը մեր հրատարակչի կողմից պատահական չէ. մենք մտադիր ենք հրատարակել «Nouvelle histoire»-ի պատմաբանների և առաջին հերթին հիմնադիրների (Մարկ Բլոկ, Լյուսիեն Ֆևր, Ֆերնան Բրոդել, և այլն) գործերը` հայերեն լեզվով:

Ասելն անգամ ավելորդ է, թե խորհրդային պատմագիտությունը ժառանգած մեր երկրի համար որքան արդիական է այսօր այս ծրագրի իրագործումը, որը, հայալեզու դարձնելով եվրոպական պատմագիտության նվաճումները, թույլ կտա նորովի տեսնել և վերարժևորել մեր անցյալը, հասկանալ այսօրը, ներհայել ապագան:

–  Այո, կարծում եմ աշխատությունը հետաքըրքրություն կառաջացնի հայ պատմագետների մոտ: Ես, իհարկե, հավակնություն չունեմ այն լավագույնը համարելու այդ կարգի գործերի մեջ, կան շատ ավելի արժեքավոր աշխատություններ, բայց սա, իրոք, բավական ուշագրավ է արևմտյան միջնադարի պատմությունն ուսումնասիրելու իր մեթոդոլոգիայով, հարցադրումներով, մոտեցումներով, որոնք սկզբունքորեն նոր են և նորովի են փորձում լուսաբանել պատմությունը:

Պատմությունը նորովի քննելու, գրելու և, հատկապես, շատ գիտությունների (իրավունք, տնտեսագիտություն, լեզվաբանություն, աշխարհագրություն և այլն) հետ սերտ համագործակցության այս նորահայտ ձևերի ասպարեզ գալու հիմնական նախաշարժիչը (ազդակը) 1929 թվին Մարկ Բլոկի և Լյուսիեն Ֆևրի հիմնած, այնուհետև` 1956-ից 1969 թիվը Ֆերնան Բրոդելի գլխավորած ֆրանսիական «Տարեգրություններ» («Annales») ամսագիրն էր: Սկզբնապես` «Տնտեսության և հասարակության պատմության տարեգրություն» («Annales d’histoire ռconomique et sociale»), հետագայում, Բլոկի հերոսական մահից հետո (Մարկ Բլոկը կտտանքների է ենթարկվել և գնդակահարվել գեստապոյի կողմից 1944 թվի հունիսի 16-ին հիսունյոթ տարեկանում` Դիմադրության շարժմանը մասնակցելու համար:), 1946 թվին «Տարեգրություն. Տնտեսություններ: Հասարակություններ: Քաղաքակրթություններ» («Annales: Economies – Sociétés-Civilisations») ամսագիրը, նորացնելով պատմագիտական մեթոդները, հսկայական ազդեցություն ունեցավ պատմագիտական մտքի վրա սկզբում Ֆրանսիայում, այնուհետև այլ երկրներում: Հենց նա էլ սկզբնավորեց «Նոր պատմագիտությունը», որը հաճախ անվանում են նաև «Տարեգրության» դպրոց (école des Annales): Այն ժողովեց պատմաբանների մի խումբ, որոնք, մի կողմ թողնելով ավանդական պատմագիտությունը, նախապատվությունը տվեցին ժամանակի առավել մեծ կտրվածքներին և ձգտեցին բացվել մյուս հումանիտար գիտությունների առջև: Մինչև նախորդ դարասկիզբ ավանդական պատմագիտությունը կենտրոնանում էր «մեծ մարդկանց»` լեգենդների հերոսներ դարձած քաղաքական ու ռազմական երևելիների գործերի և ժեստերի վրա: Այդ բացառիկ անհատներն էլ կազմում էին պատմության սանդղակը, և նրանց մահն էր հաճախ ազդարարում էպոխայի վերջը: Նոր պատմագիտությունը, սակայն, փոխում է իր խնդիրը, քանզի փոխում է ժամանակայնությունը (temporalité). իրադարձության փութանցիկ ժամանակին փոխարինելու է գալիս նյութեղեն կյանքի ռիթմերի երկայնաձիգ ժամանակը: Հեռանկարի (perspective) նման փոփոխությունը ստիպում է պատմաբանին վերանայել պատմությունը և նրա տարածաժամանակայնությունը, ներգրավել սոցիալական գիտությունները, փորձել գտնել իրենց միջավայրի հետ հարաբերակից մարդկային խմբերի, հասարակություններ ձևավորող կառույցների, թեկուզ առևտրական մեծ ուղիների կամ մենտալիտետների առավել դանդաղընթաց պատմությունը: Պատմության առաջին պլան են դուրս գալիս գյուղացիները, արհեստավորները, բանվորները, նաև` կանայք ու փոքրամասնությունները (սոցիալական, մշակութային, էթնիկական):

Այս «նոր պատմագիտությունը» առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում մենտալիտետների պատմության նկատմամբ: Մենտալիտետների պատմությունը ասպարեզ է եկել ավելի ուշ, որպես նրա առանձին և կատարելապես ինքնուրույն մի ճյուղը: Նշանակալից է, որ անգլոսաքսոնական տարածքում այն անվանվում է «Մշակույթի պատմություն»: Այն իր առջև խնդիր է դրել հետազոտել անցյալի մարդկանց մտավոր աշխարհը, մշակութային գործունեությունը, վարքագիծը, արժեքները, երևակայական աշխարհը, զգացումները: «...Տնտեսական և սոցիալական պատմությունը այնպես, ինչպես կիրառում էին (pratiquer) «Տարեգրությունները» սկզբնական շրջանում, նոր պատմագիտության առաջապահ ճակատը չէ այլևս. մարդաբանությունը, որը, ի տարբերություն տնտեսագիտությանը, սոցիոլոգիային և աշխարհագրությանը մեծ կշիռ չուներ «Տարեգրությունների» առաջին քայլերում, դարձել է նրա գերադասելի զրուցակիցը... Մենտալիտետների և պատկերացումների (représentations) պատմությունը` հազիվ ուրվագծված «Տարեգրությունների» առաջին փուլում, այսօր նրա հիմնական ուժագծերից է:» – գրում է Լը Գոֆը:

70-ական թվականներից ի վեր Տարեգրությունների դպրոցի հիմնադիրների այս միջգիտական նախագիծը շարունակում են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ժորժ Դյուբին, Էմմանյուել Լըրուա Լադյուրին, Ֆրանսուա Ֆյուրեն և մեր զրուցակիցը:

«Նոր պատմագիտությունը» անտարբեր չի թողել նաև ռուս պատմագիտությանը, որը ծավալել է թարգմանական հզոր գործունեություն` նպատակ ունենալով յուրացնել արևմտյան մտքի անժխտելի նվաճումները: Եվ Լը Գոֆի «Միջնադարյան Արևմուտքի քաղաքակրթությունը» աշխատանքը եղել է առաջին գործերից, որ թարգմանվել է անվանի պատմաբան Ա. Յ. Գուրևիչի աջակցությամբ: Ռուս գիտնականը չափազանց բարձր է գնահատել հիշյալ աշխատությունը` շեշտելով նրա հեղինակի մեթոդների և մոտեցումների յուրատիպությունը, կարևորելով «Տարեգրության» դպրոցի բերած «կոպեռնիկյան հեղաշրջումը» պատմագիտության մեջ:

Ի տարբերություն պատմողական-նկարագրողական պատմագիտության, որը պատմական տեքստերին կուրորեն հետևելով փորձում է վերականգնել պատմական իրադարձությունների ընթացքը, Ֆևրը և Բլոկը առաջ քաշեցին «պատմությունը խնդիր է» սկզբունքը: Պատմաբանը ձևակերպում է խնդիրը և ըստ այդմ ընտրում այն հուշարձանները, որոնց վերլուծությունը կարող է լույս սփռել խնդրի վրա: Պատմական խնդիրները թելադրվում են ուսումնասիրողին արդիականության կողմից. պատմաբանն անցյալին է առաջադրում հարցեր, որոնք էական են նաև այսօր: Այդպիսով, պատմության հետազոտման ուղին գնում է ոչ թե անցյալից դեպի ներկա, այլ, ընդհակառակը` ներկայից դեպի անցյալ, և այդկերպ կարևորվում է հետազոտողի ստեղծագործական ակտիվությունը:

Այժմեականությունը չպետք է «իր տակ ճզմի» պատմությունը, ընդգծում են Բլոկը և Ֆևրը, անցյալի մարդուն հարց ուղղած գիտնականը ոչ մի դեպքում չպետք է պատասխաններ պարտադրի նրան, այլ պարտավոր է ականջալուր լինել նրա ձայնին և փորձել վերակառուցել նրա սոցիալական ու հոգևոր աշխարհը: Պատմության ուսումնասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ արդիականության և անցյալի երկխոսություն, երկխոսություն, որով պատմաբանը դիմում է ուսումնասիրության ենթակա հուշարձանի` լինի դա ժամանակագրություն, պոեմ, իրավաբանական փաստաթուղթ, թե աշխատանքային գործիք, հեղինակին: Պատմական աղբյուրի ասելիքում բովանդակված միտքը հասկանալու համար, ասել է թե նրա հեղինակի ուղերձը ճիշտ վերծանելու համար, հարկավոր է ելնել ոչ թե այն գաղափարից, որ մարդիկ միշտ, պատմության ողջ ընթացքում միատեսակ են մտածել և զգացել, այնպես, ինչպես զգում և մտածում ենք մենք, այլ անհամեմատ ավելի արդյունավետ է այն հիպոթեզը, ըստ որի պատմական աղբյուրում դրոշմված է այլ գիտակցություն, որ մեր առջև «ուրիշ մարդ» է:

Ինչպիսի՞ն է եղել միջնադարի մարդը, ինչու՞մ է նրա ինքնատիպությունը, ինչո՞վ է նա տարբերվում մեզանից, ովքե՞ր են եղել մեր նախնիները: (Հարց, որն, ի դեպ, առանձնակի շեշտադրումով ենք առաջադրում ինքներս մեզ, քանզի պատասխանից ակնկալում ենք օգնություն` ինքնաճանաչման, ինքնաներման և կայացման համար, որը գուցեև կկարողանար լույս սփռել հայ ոգու առեղծվածի վրա. այդ ի՞նչ արարչագործ զորություն էր կենսագործել նրա մեջ միջնադար հորջորջվող միստիկ ժամանակաշրջանում, գոհարներ վառելով համամարդկային մշակույթի երկնակամարին, ուղեցույց ջահեր` այսօ՛ր չմոլորվելու համար: Ինչու՞ հայի ունկն այսօր անկարող է անսալ Աստծո ձայնին, թե՞ այդ խլությունը թվացյալ է: Ո՞վ կլինի վաղվա հայը, ի՞նչ արժեքներ կառաջնորդեն նրան: Իսկ ի՞նչ ջահեր ենք մե՛նք վառում նրա համար: Ինձ համար միանշանակ պարզ է, թե ինչու՞ այդքան անմատչելի համարվող այս գիտնականն առանց երկմտելու, դեռ կարող եմ ասել, մեծագույն հոժարությամբ ընդունեց մեզ, և ես ստեպ-ստեպ որսում էի մարդաբանի հետաքրքրություն արտահայտող նրա հայացքը: Ինքնին հասկանալի է, որ մեր անձն այստեղ ամենևին դեր չուներ, բայց մենք ներկայացուցիչներն էինք հնագույն մի ազգի, որն իր միջնադարյան աստվածահաղորդ արարչագործությամբ ցայսօր ապրելու իրավունք է նվաճել` ի հեճուկս ամեն տրամաբանության, զինված լինելով սոսկ «թղթե գդալով», գլխատված և հաշմված եղեռնով:) Ահա խնդիրը, որի ուսումնասիրությանն է նվիրված Ժաք Լը Գոֆի «Միջնադարյան Արևմուտքի քաղաքակրթությունը» աշխատությունը:

– Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1964թ. բազմաթիվ նկարազարդումներով և դրանց հանգամանալից մեկնություններով: 1984թ. այն հրատարակվում է երկրորդ անգամ` վերանայված և նորացված, բայց` առանց պատկերների:

Այս գիրքը պատասխանում է «Մեծ քաղաքակրթություններ» շարքի և պատմության` մասնավորապես քաղաքակրթության պատմության իմ կոնցեպցիայի խնդիրներին: Գրքում ես հետևում եմ Արևմուտքի V-XV դարերի միջև ապրած էվոլյուցիայի (քանզի պատմությունը շարժում է և փոփոխություն) հիմնական գծերին` առանձնացնելով հետևյալ էական պահերը. բարբարոսական և հռոմեական մշակույթների սինթեզից ծնունդ առած նոր թագավորությունների առաջացումը, նոր կազմակերպություն` կարոլինգյան աշխարհ ստեղծելու գերմանացիների փորձը, որ Եվրոպան միավորելու վաղաժամ մի փորձ էր, և, վերջապես, միասնական ու բազմադեմ քրիստոնյա Եվրոպայի ձևավորումը. դա արտաքին և ներքին վերելքի ժամանակաշրջան էր X-XIII դարերի միջև, երբ տնտեսական, կրոնական, մտավոր և գեղարվեստական առաջընթացն ինձ ներկայանում է առավել կարևոր, քան քաղաքական կյանքի շրջադարձային փոփոխությունները` պապերի և կայսրների միջև մղվող անընդմեջ պայքարով, որը քողարկում էր ամենամեծ քաղաքական նորույթը` ժամանակակից պետությունների կայացումը, որոնք, դուրս գալով ֆեոդալական սիստեմից, գոյակցում են նրա հետ`առանց ոչնչացնելու այն (ինչպես հակված է կարծել ավանդական պատմագիտությունը):

Եվ վերջում ես կանգ եմ առնում XIV-XVդարերի ճգնաժամի վրա, որը, ինչպես հաճախ պատահում է պատմության մեջ, իրենից ներկայացնում է ավելի շուտ որակափոխություն կամ կերպափոխություն, քան անկում: («Ամենից շատ ցանկացել եմ պատկերել միջնադարյան քաղաքակրթության տարբեր ասպեկտները` երևան հանելով մտածողությունը, հույզերը, վարք ու բարքը, որոնք ամենևին էլ պատմության մակերեսային կամ ավելորդ «զարդարանքը» չեն, քանզի հենց դրանք են հաղորդում նրան իր ողջ գունագեղությունը, ինքնատիպությունն ու խորությունը. սիմվոլիկ մտածողությունը, անվստահության (անապահովության) զգացողությունը կամ հավատն առ հրաշքները ավելի շատ են պատմում միջին դարերի մասին, քան ճարտարորեն կառուցված դոգմաները և գաղափարախոսական անախրոնիկ վերացարկումները» – գրում է հեղինակը գրքի նախաբանում:) Համոզված եմ, որ գիրքն ասելիք կունենա հայ ընթերցողին և առաջին հերթին` հայ պատմաբաններին:

–  Պարոն Լը Գոֆ, ի՞նչ խորհուրդ կտայիք թարգմանել հետագայում:

–  Սեփական աշխատանքներիցս կարող եմ մատնանշել հետևյալները. «Քավարանի ծնունդը» («La naissance du purgatoire»), որի քննության առարկան քավարանի ծնունդն է` Արևմուտքի հոգևոր և սոցիալական պատմության մեծագույն դրվագներից մեկը: Հարկ եղավ սպասել մինչև XII դարի վերջ` մինչ երևան կգար Քավարան բառը: Քավարանը, փոխելով անդրաշխարհի աշխարհագրությունը, դառնում է նրա երրորդ` միջանկյալ վայրը: Քավարանն ընդգրկվում է մտավոր և սոցիալական հեղաշրջման մեջ, որը դուալիստական համակարգերը փոխարինում է միջնորդի հասկացություն ներմուծած համակարգերով: «Սուրբ Լյուդովիկոս» («Saint Louis»), որը թեմատիկայի առումով կարող է շատ հետաքրքիր ու կարևոր չերևալ հայ պատմագիտությանը, բայց ուշադրության արժանի է իր պրոբլեմատիկայով և մեթոդոլոգիական լուծումներով: Սա Լյուդովիկոս IX-ի` սրբերի կարգը դասված միակ ֆրանսիացի թագավորի կենսագրությունն է: Արդարադատ և բարեպաշտ քրիստոնյա թագավորի լեգենդար կերպարի ետևում փորձել եմ հայտնաբերել անհատին` «իրական» Սուրբ Լյուդովիկոսին` բացելով միաժամանակ հասարակության և ժամանակի խնդիրների մեծ մասը, ջանալով այդկերպ վերականգնել դարաշրջանի ամբողջականությունը: «Մտավորականները միջնադարում» («Les intellectuels au Moyen Age»): Այս գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1957 թ. և վերահրատարակվել 1985թ. առանց որևէ փոփոխության, քանզի, ըստ իս, միջնադարյան դպրոցական և համալսարանական աշխարհի կոնցեպցիան, որ ներկայացված է այստեղ, ամենևին էլ հնացած չէ: Միջնադարի «մտավորականը», որպես սոցիոլոգիական նոր տիպ, աշխատանքի բաժանումը, քաղաքը, համալսարանները, որպես ողջ քրիստոնյա աշխարհի համար ընդհանուր մշակութային տարածք ձևավորող հաստատություններ, արևմուտքում թափ առած թարգմանչական մեծ շարժումը և XII-XIII դարերի շրջադարձում արևմտյան քրիստոնեության նոր մտավոր կերպն իր հիմնական գծերով ներկայացված են սույն գործում: Եվ, իհարկե, անդրադարձել եմ միջնադարյան մտավորականության կարկառուն դեմքերին` Աբելար, Թովմա Աքվինացի և այլն: «Նոր պատմագիտությունը» («La Nouvelle Histoire») աշխատությունը առաջին անգամ լույս է տեսել 1978 թվին և վերահրատարակվել 10 տարի անց` վերանայված ու փոփոխված, այն ներկայացնում է «Նոր պատմագիտության» կոնցեպցիաներն ու հիմնական ուղղությունները: Մարկ Բլոկի գործերից խորհուրդ կտայի թարգմանել «Հրաշագործ թագավորները: Երկ այն գերբնական բնութագրի մասին, որ, մասնավորապես Ֆրանսիայում և Անգլիայում, վերագրվում էր թագավորական իշխանությանը» («Les rois thaumaturges. étude sur le caractère surnaturel attribué à la puissance royale particulièrement en France et en Engleterre») աշխատությունը, որի առաջաբանը գրելու պատիվն ունեմ: Այս աշխատությամբ, ինչպես հակված են կարծել հումանիտար և սոցիալական գիտությունների ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը, մեծ գիտնականը ներկայանում է որպես պատմական մարդաբանության հիմնադիր: («Մարկ Բլոկի պատգամը կոչ է վաղվա օրվա համար` վերադարձ դեպի քաղաքականության պատմություն, բայց նորացվա՛ծ քաղաքականության պատմություն, այն է` պատմաքաղաքական մարդաբանություն, որի առաջին և միշտ երիտասարդ մոդելը կլինեն «Հրաշագործ թագավորները»: – Այս խոսքերով է ամփոփում Լը Գոֆը գրքի առաջաբանը:) Ձեր ցանկում խորհուրդ կտայի ընդգրկել նաև Ժան-Կլոդ Շմիդտի գործերից «Մարմինը, ծեսերը, երազները, ժամանակը: Միջնադարյան մարդաբանական էսսեներ» («Le corps, les rites, les rêves, le temps. Essais d’anthropologie médiévale») աշխատանքը: Պատմաբանը պատրաստակամություն հայտնեց իր աշխատության հայերեն թարգմանությանը նվիրել մի առաջաբան-ուղերձ` հայ ընթերցողին և կրկին անգամ ընդունել մեզ խորհրդատվության համար: Հրաժեշտից առաջ գիտնականը սիրով համաձայնեց լուսանկարվել ինձ հետ` ի հիշատակ մեր հանդիպման և նվիրեց իր թվարկած գրքերից երկուսը` «Մտավորականները միջնադարում» և «Հրաշագործ թագավորները»:

Ահա և վերջ: Ահա և կայացավ ցանկալի հանդիպումը: Փարիզյան շենքի վեցերորդ հարկի, կարելի է ասել, գրքերով կահավորված այդ բնակարանից դուրս եկանք մենք` մեզ հետ տանելով հոգեպարար այն ջերմությունը, դրական լիցքերի այն հուզաթրթիռ ալեբախությունը, որ մարդկային կրծքի տակ կենդանանում և հորձանք է տալիս մեծության հետ շփումից: