1/6/2004

Վերջին բաների մասին

 

Ժամանակի անընդմեջ հոսքը` իբրև ներկայում կանգ առած պահ, կյանքը որպես արվեստ վերապրելու ֆաուստյան այս խնդրի մտապատկերները և խորապես ապրված այլ խնդիրների շուրջ մտորումները պատկանում են Օտտո Վայնինգերի (1880-1903 թթ.) գրչին ու քաղված են նրա հետմահու տպագրված «Վերջին բաների մասին» (Otto Weininger, Über die letzten Dinge, Wien, Leipzig, 1907) խորագրով գրքից: Եղերական և առեղծվածային ինքնասպանությունից մեկ տարի առաջ 22-ամյա այս ավստրիացի պատանին արդեն իսկ հռչակ էր ձեռք բերել իր «Սեր և բնավորություն» հոգեվերլուծական երկասիրությամբ, իրարամերժ մեկնությունների առիթ դարձել, արժանացել Վիեննայի համալսարանի պրոֆեսորի կոչման: Վերը նշված նրա երկրորդ գրքի մտահայեցողության սպեկտրը շատ ավելի լայն է, այն անհնարին է ներփակել գիտության որևէ բնագավառի, ինչպես և որևէ իզմի սահմաններում: Իր իսկ ձեռքով իրականացված հոդվածների, ակնարկների, նոթերի և, ի վերջո, աֆորիստական բնույթի մտորումների հավաքածուն թողնում է գերմանա-ավստրիական եզակի հոգի պարունակող տարբեր թեմաներով միահյուսված գեղարվեստական երկի տպավորություն: Պատահական չէ, որ Վայնինգերի անվան կողքին ուսումնասիրողները հիշատակում են ոչ միայն փիլիսոփաներին` Շոպենհաուերին, Նիցշեին, օրինակ, այլև Վագներին, Բեթհովենին, Հյոլդեռլինին, Գյոթեին և, տարբեր առնչություններ գտնելով, մշտապես շեշտում նրա ծայրաստիճան անսովոր, ինքնատիպ նկարագիրը: Ներկայացվածը` «Վերջին բաների մասին» գրքում զետեղված աֆորիստական մտորումների չնչին մասն է միայն:

Ամեն բարոյականության գերագույն արտահայտությունն է լինել:

***

Մարդը պիտի գործի այնպես, որ յուրաքանչյուր պահի մեջ լինի նրա ամբողջ անհատականությունը:

***

Քունն ու երազը, անշուշտ, ինչ-որ ընդհանրություն ունեն այն վիճակի հետ, որ ունեցել ենք մինչև մեր ծնվելը:

***

Հանրահաշիվը իմացական է, թվաբանությունը` հայեցողական:

 

***

Հավերժության ձևը ներկան է: Այժմեականի ու հարակայի մասին դատողությունները ձևակերպվում են միանման: Կապ բարոյականության հետ, որը ձգտում է բովանդակ ներկան հավերժության վերածել, աշխարհի ամբողջ ընդարձակությունը գիտակցության անձկության մեջ առնել:

***

Դետերմինիզմի գաղափարին պիտի հանգեցնի մշտապես այն փաստը, որ մեզ շարունակ պայքար է պարտադրվում: Առանձին դեպքում թերևս հնարավոր է հանգել էթնիկապես լրիվ ընդունելի որոշման, մարդը կարող է կողմնորոշվել դեպի բարին, սակայն որոշումը հարատև չի, նա պետք է շարունակի պայքարել: Ազատություն ասվածը կոնկրետ պահի համար է միայն:

Եվ դա է ընկած ազատության գաղափարի հիմքում: Իսկապես, մի՞թե բոլոր ժամանակների համար կոչված ազատություն կարելի է համարել այն, ինչ ես ձեռք եմ բերել նախկինում` ինչ-որ ժամանակ կատարած մեկ բարի գործողությամբ ու պայմանավորել վերջինով: Մարդու հպարտությունը ամեն ակնթարթ վերստին ազատ լինելու կարողության մեջ է: Ուրեմն, ազատություն գոյություն ունի, բայց ոչ ապագայի կամ անցյալի համար. մարդը վերջիններիս վրա զորություն չունի:

Այդ պատճառով է նաև, որ մարդն իրեն երբեք չի կարողանում հասկանալ, նա ինքնին ժամանակ չճանաչող գործողություն է` շարունակ իրականացվող եզակի մի գործողություն, որը ոչ մի պահ չի դադարում, եթե այդ պահը լիներ, նա իրեն կհասկանար:

Էթիկան կարելի է այսպես արտահայտել. գործիր լիովին գիտակցաբար, այսինքն` այնպես, որ յուրաքանչյուր պահի մեջ Դու որպես ամբողջություն լինես, ներառես քո ամբողջ անհատականությունը: Վերջինս մարդը վերապրում է իր կյանքի ընթացքում, միայն ժամանակի հաջորդականության հոսքի մեջ: Ուրեմն, ժամանակը բարոյազուրկ է, և ոչ մի մարդ, որքան էլ սուրբ լինի, կենդանության օրոք կատարյալ չէ: Եթե մարդը գեթ մեկ անգամ կամքի գերագույն լարումով գործի այնպես, որ իր «Ես» ի (նաև աշխարհի, քանի որ նա վերջինիս մանրակերտն է) համապարփակ էությունը դրսևորվի այդ պահի մեջ, ուրեմն նա հաղթահարել է ժամանակը ու աստվածային է դարձել:

Համաշխարհային երաժշտության մեջ այն մոտիվներն են ամենազորեղ, որոնցով փորձ է արվում տալ ժամանակի մեջ ժամանակի ճեղքման, ժամանակից դուրս ժայթքելու պատկերը, ուր մեկ տոնն այնքան շեշտակի է (Iktus) հնչում, որ կլանում է մեղեդու (որը որպես ամբողջություն պատկերում է ժամանակը) մյուս մասերը, և այդ մեկ տոնի շնորհիվ փառավորվում է ողջ մեղեդին: Գրալի մոտիվի ավարտական մասը «Պարսիֆալում», Զիգֆրիդի մոտիվը նման մեղեդիների թվին են պատկանում:

Այնուհանդերձ գոյություն ունի մի գործողություն, որն, այսպես ասած, ներառում է ապագան, կանխազգում ապագայում կատարվելիք բարոյազանցության ամեն հետդարձն իբրև ոչ պակաս մեղք, քան ամբողջ անբարո անցյալը` դրանով իսկ վեր բարձրանալով և՛ մեկից, և՛ մյուսից: Մարդու բնավորության արտաժամանակային դիրքորոշում: Վերածնունդ: Սա այն եզակի գործողությունն է, որի շնորհիվ ծնվում է հանճարը:

Բարոյականության    պատվիրան.   յուրաքանչյուր գործողության մեջ պիտի տեսանելի դառնա մարդու ամբողջ անհատականությունը, յուրաքանչյուր գործողություն պիտի լինի գիտակցության սղության հաղթահարում: Սակայն մարդը սովորաբար չի անում այն, ինչ ցանկանում է, այլ ժամանակին անում է ցանկացածը: Մարդն իր վճիռներով նախանշում է մի որոշակի ուղղություն, որով և առաջնորդվում է մինչև հաջորդ մտորման պահը: Մենք շարունակ չէ, որ ցանկանում ենք, այլ` ժամանակ առ ժամանակ, առիթից առիթ` խնայելով ցանկանալու մեր ունակությունը: Ցանկանալու տնտեսման սկզբունք, մի բան, որ բարձր կարգի մարդու մեջ արթնացնում է ծայրահեղ անբարոյականության զգացում: Ներկան ու հավերժությունը հարազատ են իրար: Անժամանակ, ընդհանրական, տրամաբանական դատողությունները ձևակերպվում են ներկա ժամանակով (տրամաբանությունը ձեռք բերված էթիկա է): Ուրեմն, յուրաքանչյուր ներկա պիտի բացարձակ հավերժության կրող լինի: Մենք նույնիսկ մեր ներաշխարհով մեզ պատճառաբանելու իրավունք չունենք: Ինքնորոշման նման դետերմինիզմը այն ծայրահեղ խաբուսիկ թեականությունն է, այն ծայրահեղ վտանգը, որից նույնպես անհրաժեշտ է խուսափել:

Ցանկացի՛ր, այսինքն` ցանկացի՛ր քեզ ամբողջովին:

Համայնավարության մեջ մի ճշմարիտ բան կա. յուրաքանչյուր մարդ նախ պետք է աշխատի ունենալ իր սեփականությունը ճիշտ այնպես, ինչպես ձգտում է փնտրել ու գտնել ինքն իրեն, իր ինքնատիպությունը, և այստեղ չի կարելի դրսից կանխավ սահմանափակել նրա հնարավորությունները: Մարդը թերևս կարող է հպարտանալ ձեռք բերած հարստությամբ ու իրավմամբ դիտել այն իբրև նաև ներքին աշխատանքի բարոյական խորհրդանիշ:

***

Պսիխոլոգիզմը կյանքի ամենահարմար ընկալումն է, քանի որ ըստ նրա այլևս ընդհանրապես որևէ պրոբլեմ գոյություն չունի: Դույզն-ինչ չընդունելով իր իսկ սեփական պրոբլեմները, ինչպես և ճշմարտություն հասկացությունը` նա կանխավ դատապարտում է նաև բոլոր հնարավոր լուծումները: Պատահականություն գոյություն չունի: Ընդունել պատահականությունը նշանակում է ժխտել պատճառականության օրենքը, համաձայն որի որոշակի հիմք պիտի ունենա նաև երկու տարբեր պատճառաշարքերի ժամանակավոր զուգադիպումը: Այն նշանակում է ոչնչացնել կյանքի հնարավորությունն իսկ: Մարդը, որ նախապես միտված է չարն հաղթահարելու, պատահականության առկայության դեպքում հետ կկանչվեր իր ուղուց: Պատահականությունն անհնարին կդարձներ նաև իրերի կապը, տիեզերքի միասնությունը: Եթե կա պատահականություն, ուրեմն չկա Աստված:

 

***

Հաճույքը արարման հոգեկան զուգահեռն է: Ցանկասիրությունը ուղեկցվում է ուժգին ցավով, քանի որ այստեղ ստեղծումն ու ոչնչացումը միատեղվում են:

Ցավը վախի հետևանքն է = գոյությունը ցանկանալու (Wollen)

Հաճույքը` սիրո = գոյությունը ցանկանալու

Այդ իսկ պատճառով չգոյությունը հանցագործի համար մեծագույն ցավ է, դժոխք բառի բուն իմաստով:

Հույս վախ: Խաղամոլի հոգեբանություն: Յուրաքանչյուր խաղամոլ վախով է տառապում:

Արդյոք ծանոթ են բույսին հաճույքն ու ցավը:

Ասենք, խոլորձին: Զուգավորվելիս կարծես կրքի ոչ մի նշույլ: Բույսերի հերմոֆրոդիզմ:

 

***

Գիտակցության սղությունն ու ժամանակը ոչ թե երկու տարբեր բաներ են, այլ մեկ իրողություն: Վերջինիս հակադիր է ուժերի զուգահեռակողմ քառակուսին (Paralle-logram), ուր երկու տարբեր շարժումները կարող են միատեղվել և իրականացվել միաժամանակ նույն մարմնի կողմից: Հոգեկան առումով դա փոփոխականությունն ու տատանումն է (Oszillieren):

Ուրեմն բույսի հոգեկան կյանքը պիտի որ լինի այնպիսին, որպիսին նա կարող է լինել գիտակցության սղության բացակայության պարագայում, համաձայն վերջինիս է, որ բույսն ըստ ամենայնի շարժունակ չէ և նաև զուրկ է զգայարաններից. զգալու և շարժվելու ունակությունները փոխկապակցված են ու հանդես են գալիս կողք կողքի:

Գիտակցության սղությունը (=ժամանակը) հոգեկանի շարժման ձևն է:

***

Աշխատանք – ստեղծագործություն:

Նիցշեն, անկասկած, իրավացի է. իրոք, գոյություն չունի սպանություն կողոպուտի նպատակով: Չկա սպանություն հանուն փողի: Սակայն կողոպուտը բնավ մարդասպանի ՙխեղճ գիտակցության՚ թելադրանքը չէ, այլ ինքնին սպանություն: Կողոպտել մարդուն նույնն է, թե վերջնականապես սպանել նրան: Քանի դեռ սպանվածը փողի տեր է, նա կարող է ռեալություն ձեռք բերել: Ուստի նրան պետք է կողոպտել, այսինքն` վերջնականապես սպանել:

Կամք արժեք, կամ որ նույնն է մարդ Աստված հարաբերությունը թերևս ամենադժվար, սակայն լուծելի խնդիրներից է: Կամքն է ստեղծում արժեք, թե՞ արժեքը` կամք: Աստվա՞ծ է ստեղծում մարդուն, թե՞ մարդն է իրականացնում Աստծուն: Կա՞մքն է ներառում բարին, թե՞ բարին` կամքը: Սա գթության խնդիրն է, գերագույն ու վերջին խնդիրը դուալիզմի ներսում, մինչդեռ նախածին մեղքը ինքնին դուալիզմի խնդիրն է:

Ինձ թվում է, այստեղ կա հետևյալ լուծումը. երբ արժեքը հարաբերության մեջ է մտնում ժամանակի հետ, նա ինքնին կամք է դառնում, քանի որ «Ես» -ը (Աստված) իբրև ժամանակ կամքն է: Ուստի խոսք իսկ չի կարող լինել կամքի կամ արժեքի ստեղծման մասին: Պրոբլեմն այստեղ, ըստ ամենայնի, առնչվում է նախածին մեղքի հետ: Եվ հակառակը, կամքը դառնում է արժեք (մարդն` Աստված), երբ լիովին դուրս է ժամանակից: Արժեքը կամքի սահմանային գոյությունն է, կամքը` արժեքի: Ժամանակ դարձած Աստված դառնում է կամք, ինչը ենթադրում է, որ գոյությունը հարաբերության մեջ է մտել չգոյության հետ: Կամքն որպես այդպիսին, ձգտում է վերագտնել գոյությունը (այդ է վկայում նախածին մեղքը), ուրեմն կամքը չգոյության և գոյության միջև գտնվող մի բան է: Արարման մասին խոսք լինել չի կարող: Մարդու և Աստծո միջև նույն հարաբերությունն է, ինչ աչքի և արևի: Ո՛չ արևը գոյություն ունի աչքի շնորհիվ, ո՛չ էլ աչքն` արևի:

***

Իդիոտիզմը գռեհկության մտային համարժեքն է:

***

Էպիլեպսիան լիակատար անօգնականություն է: Մոլագար ընկնավորություն, քանի որ մեղսագործը դարձել է տիեզերական ձգողականության խաղագնդակ: Մեղսագործը ձգտում է անտեսանելի լինել, քայլում է անհաստատ: Էպիլեպսիայով հիվանդի զգացողությունն է, թե լույսը մարել է և շուրջը հենարան չկա: Նոպայի ժամանակ` ականջներում խշշոց, հավանաբար, ձայնի հայտնվելը կապվում է լույսի մարման հետ: Էպիլեկտիկին կարմիր գույնի տեսիլներ են երևում. դժոխք, կրակ:

***

Մենք չենք կարող ունենալ որևէ հիշողություն այն մասին, թե ինչ վիճակի մեջ ենք եղել մինչև մեր ծնվելը, քանի որ ծնունդն այնպես է մեզ խորտակել, որ կորցրել ենք մեր գիտակցությունը և բնազդաբար ծնվելու պահանջ առաջացրել` առանց մտածված որոշման, անգիտակցաբար: Եվ բնական է, որ այդ անցյալի մասին մենք ոչինչ չգիտենք:

***

Սպանությունը հանցագործի ինքարդարացումն է: Այդպես նա ձգտում է ապացուցել ինքն իրեն, որ ոչինչը առկա է:

Պատճառական հիմնավորումը անթույլատրելի է նաև ինքնաբնորոշման մեջ. օրինակ ասել թե, այժմ ես իմ այս գործելակերպով այնպես եմ բարեփոխվելու, որ մեկընդմիշտ կդառնամ բարեկիրթ, և դա կլինի բնականոն, քանի որ այսուհետև այլ կերպ վարվել այլևս չեմ կարող: Այդպես մտածելը նույնն է, թե հրաժարվել ազատությունից, որն, հակադիր լինելով կրավորական (տառեխային) հիշողությանը` կարող է ամեն վայրկյան մերժել անցյալը: Նման պատճառականության ներմուծումով մարդն իրեն օբյեկտ է դարձնում, իսկ պարտադրված բարոյականությունը ամենևին բարոյականություն չէ:

***

Եթե կնոջ նկատմամբ տղամարդու վերաբերմունքի մեջ գերիշխում է ցանկասիրությունն ու զգայական մոլուցքը, արդյո՞ք նաև խախտվում են էթիկական նորմերը իրենց զավակների մեջ: Որդու մեջ բուն է դնում հանցագործի տարրը, իսկ դստեր մեջ` պոռնիկի:

***

Ֆիզիկական ծնողներին սիրում են, ինչը, թերևս, վկայում է այն մասին, որ նրանց ընտրել են: Նորածին երեխայի վիճակը շատ ավելի ողբալի է, քան որևէ նորածին կենդանու կամ բույսի, և դա այն պատճառով, որ մարդը կորցրել է հոգին և ոտքի կանգնելու համար առանձնահատուկ խնամքի ու դաստիարակության պահանջ ունի: Նույն պատճառով մանկահասակ երեխան շատ ավելի անօգնական է ու թույլ, քան չափահասը, նրան առավել հաճախ է սպառնում մահվան վտանգը (որքան շատ են երեխաների մահացության դեպքերը): Բացի այդ, ո՛չ կենդանական, ո՛չ էլ բուսական աշխարհում գոյություն չունեն մանկական հիվանդություններ, վերջիններս բնորոշ են միայն մարդուն:

***

Եթե ծնվելու պահին մարդը չկորցներ իրեն, նա ստիպված չէր լինի փնտրել ու վերագտնել իրեն:

***

Եթե «Աշխարհն իմ պատկերացումն է», ապա հավերժ ճշմարիտ ու անհերքելի դրույթ լինելու միտում ունի, ուրեմն, նա պիտի հիմք ունենա: Ամեն կոնկրետ բան, որ ես տեսնում եմ, վերջնական ճշմարտությունը չէ, քանի որ քողարկում, անտեսանելի է դարձնում բարձրագույն գոյը: Սակայն նման ինքնախաբեությունն ու պատրանքը իմ ցանկությունն է եղել իմ կայանալու պահին: Ունենալով այս աշխարհը գալու ցանկություն` ես պարզապես հրաժարվեցի ճշմարտության ձգտումից: Բոլոր կոնկրետ բաները երևութական են, այսինքն` իմ անհատականության հայելումն են:

Աստված վերաբերում է մարդուն ճիշտ այնպես, ինչպես մարդը իր ամենաչնչին ու աննշան հոգեկան մղումներին: Աստծո և մարդու համար դրանք ինքնադրսևորվելու, իրականանալու միջոցներ են:

 

***

Հանցագործի համար հաճելի է, երբ շրջապատում շատ են իր նմանները: Նրան մեղսակիցներ են պետք, դատավորների կարիք նա չունի, վերջիններիս, նաև ամեն բարին, նա հաճույքով կվերացներ աշխարհից` տեղ տալով միայն ոչնչին**: Ուստի իր նմանի կողքին նա թոթափում է հակադրության ծանր բեռը և կարող է ազատ շունչ քաշել:

***

Հանցագործը մեղավորի զգացում ունեցող մարդու հակապատկերն է: Վերջինս մեղքը վերցնում է իր վրա, մինչդեռ հանցագործը այն մեկ ուրիշի վրա է բարդում: Իր փոխարեն նա վրեժ է առնում ուրիշից, ուրիշին պատժում: Այսպես է բացատրվում սպանությունը:

Օրինավոր մարդը ինքն է գնում դեպի մահ, երբ զգում է, որ իր մեջ բուն դրած չարիքն այլևս անդառնալի է: Ստոր մարդուն ստիպողական` դատավճռով են տանում մահվան: Օրինավոր մարդու համար բարոյազրկվելը հավասարազոր է մահվան դատավճռի: Նա համարում է, որ այլևս իրավասու չէ զբաղեցնելու այն տարածքը, որում գտնվում է, նա թաքնվում է, կուչ գալիս, խեղճանում, կծկվում մինչև վերջակետի հասնելը: Բարոյականությունն, ընդհակառակը, իրեն վերապահում է հավերժական կյանքի, ամենածավալուն տարածության` ամենագոյի իրավունք:

Մեղքն ու պատիժը իրար փոխարինող երևույթ են:

***

Յուրաքանչյուր հիվանդություն մեղք է ու պատիժ:

Ամբողջ բժշկագիտությունը պետք է դառնա հոգեբուժություն, հոգեհոգածություն: Ինչ-որ չգիտակցված անբարոյական բան կա, որ հանգեցնում է հիվանդության: Յուրաքանչյուր հիվանդություն բուժվում է, երբ ինքը` հիվանդը, այն իր մեջ է փնտրում ու հասկանում: Հնում դա գիտակցվել է խորապես: Հիվանդին ու բորոտին հարցնում էին, թե ինչ հանցանք է գործել, որ նման պատիժ է կրում Աստծո կողմից:

Ահա թե ինչու տղամարդն ամաչում է հիվանդությունից, կինը` երբեք:

Մենք ձգտում ենք ոչ միայն էթիկայի այլև տրամաբանության օրենքների բուն էությունը հնարավորինս ավելի լավ ըմբռնել, սովորել այդ օրենքներն առավել ճիշտ արտահայտել:  

Երևակայություն ու զարդ***

Երևակայություն ու արվեստ

Երևակայություն ու խաղ

Երևակայություն ու սեր

Երևակայություն ու ձև

Երևակայություն ու զարդ

***

Արվեստը ստեղծում, գիտությունը ոչնչացնում է զգայական աշխարհը: Համապատասխանաբար` արվեստագետը էրոտիկ է ու սեքսուալ (ցանկասեր ու հեշտասեր), իսկ գիտնականը` ոչ: Օպտիկան ոչնչացնում է լույսը:

***

Անբարոյականը ժամանակի մեջ վերջինիս ընդհատունությունն է:

Պատճառի      ու         հետևանքի      հարաբերությունը անհնարին է բնորոշել առանց ժամանակի պրոբլեմի լուծման:

Պատճառ հետևանք. ժամանակ

Միջոց նպատակ. ժամանակի շրջադարձ

Ով նպատակը միջոց է դարձնում ու հետևանքը դիտում իբրև հիմք, նա ետ է շրջում ժամանակը, իսկ ժամանակի շրջադարձը չարիք է:

***

Ամեն տեսակի անվստահություն պայմանն է անվստահությունը սեփական անձի նկատմամբ: Բավականին շատ չարություն ունեն իրենց մեջ դատավորները: «Մի՛ դատիր, որ չդատվես»: Ով ուրիշին դատարանի աթոռին է նստեցնում, նա հազվադեպ է իր հոգու ներսը նայում: Դատավորն իր հոգու ներսում դահիճի շատ հատկանիշներ ունի: Իր հանդեպ ունեցած զայրույթը վերածում է խստության ուրիշների հանդեպ:

***

Միապետը որպես մարմին ու միապետը որպես խորհրդանիշ:

Չի՞ կարելի արդյոք մարդու արարումը համարել Աստծո կողմից իրեն մարդու մեջ վերագտնելու մի փորձ, եթե սերը քեզ ուրիշի մեջ գտնելու փորձ է, և ամեն ինչ ստեղծվում է միայն սիրո միջոցով: Աստծո ծննդյան գաղափարն այսպիսով ձեռք է բերում իմաստ: Մարդկությունն ու նրա այլակեցությունը` աշխարհը, տեսանելի դարձած Աստծո սերն է: Իրեն վերագտնելու Աստծո այդ կամքն է բարոյականության օրենքը: Աստծո ցանկության դրսևորում` իբրև պարտադրանք մարդուն: Տեսական բանականության տրամաբանական նորմերի միջոցով Աստված միաժամանակ դառնում է նաև մարդկության ուսուցիչը (ուսուցչություն իբրև հայրության դրսևորում):

***

Մարդասպանը խուսափում է իր զոհը դարձնել այն մարդուն, որի մեջ նկատում է կյանքի որևէ նշույլ:

Այս իմաստով առավել նախընտրելի է նրա համար ծեր կինը, որն արդեն իսկ գտնվելով առավելապես մեռյալների աշխարհում, չի հակաճառում նրա գաղտնի նպատակին:

***

Մարդու մեջ անմահը հրեշտակն է, կործանվողը` սատանան:

Մարդը խելագարվում է միմիայն իր մեղքից: Մարդու ներաշխարհը կարող է կործանել ոչ այլ ինչ, եթե ոչ կրոնի անկատարությունը:

***

Ինչու՞ է մի բան ներկայացնողը անվերջ ձգտում դեպի Ոչինչը: Ինչու՞ է մարդը ծնվում: Ինչու՞ է տղամարդը ձգտում դեպի կինը: Սիրո պրոբլեմը, ինչպես տեսնում ենք, աշխարհի պրոբլեմն է, կյանքի պրոբլեմը` ամենախորն ու անլուծելին, ձևի եռանդուն ձգտումն է նյութականալու, անժամանակի, ամենագոյի ձգտումը հայտնվելու ժամանակի, տարածության մեջ. ամենուր հանդիպող մի պրոբլեմ, որն առնչվում է ազատության ու անհրաժեշտության հարաբերության հետ: Աշխարհի դուալիզմն անհնարին է ըմբռնել, առեղծված է նախածին մեղքի շարժառիթը: Գլորվել արտաժամանակային, հավերժական գոյությունից դեպի չգոյություն, զգայական կյանք, երկնային կեցություն: Ո՞րն է այս ամենի իմաստն ու նպատակը, մեղք չճանաչողը թաղվում է մեղքի մեջ: Ես երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչու եմ գործել առաջին մեղքը, ինչպես կարող էր ազատը դառնալ անազատ:

Չեմ հասկանում, քանի որ մեղքը կարելի է հասկանալ միայն այն դեպքում, երբ այլևս մեղք չես գործում: Նույն պատճառով, քանի դեռ ապրում եմ, չեմ կարող հասկանալ կյանքը, ժամանակն էլ է մնալու առեղծված, քանի որ այն չեմ հաղթահարել: Միայն մահը կարող է ինձ տալ կյանքի ճանաչում: Ես դեռ ժամանակի մեջ եմ, նրանից դուրս չեմ, դեռ հաշվի եմ նստում ժամանակի հետ, դեռ չգոյության պահանջ ունեմ, դեռ չի մարել նյութեղեն կյանքի ցանկությունս: Ու քանի որ այդ մեղքի մեջ եմ գտնվում, մեղքն ինձ համար անհասկանալի է մնում: Ճանաչելի է միայն այն, ինչից արդեն դուրս ես: Մեղավորությունս չեմ ըմբռնում, քանի որ շարունակում եմ մեղապարտ մնալ: Մեղսագործն ու մոլագարը ապրում են ընդհատումներով:

***

Մարդն ապրում է այնքան ժամանակ, մինչև չի վերանում բացարձակի կամ ոչնչի մեջ: Իր ապագա կյանքը նա ինքն է որոշում, նրան տրված է ազատություն` ընտրելու Աստծուն կամ ոչինչը: Նա կա՛մ ոչնչացնում է ինքն իրեն, կա՛մ ձեռք է բերում հավերժական կյանք: Երկու զարգացումն էլ մարդու հնարավորությունների շրջանակում են. մեկը տանում է դեպի հավերժական կյանք (կատարյալ իմաստություն ու սրբություն, բարության ճշմարտության գաղափարին լիովին համարժեք վիճակ), մյուսը` դեպի հավերժ ոչնչացում: Մարդը մշտապես քայլում է այս երկու ուղղություններից մեկով:

Երրորդը գոյություն չունի:

***

Մեզ համեմատաբար քիչ է հետաքրքրում մեր ծննդին նախորդող վիճակը, քանի որ ժամանակը անշրջելի է: Մեր ծնունդը նշանավորում է մի նոր բանի, մի նոր շարքի սկիզբ:

***

Գիտությունը զգայասեր չէ, քանի որ միտված է դեպի ներառում, արվեստագետը զգայասեր է, քանի որ միտված է դեպի արտահոսք:

***

Մենք չենք ստեղծում այն զգացողությունները, որոնց մասին մտածում ենք, – այստեղ է իր տեղը գտնում դուալիզմը:

***

Իմաստասիրական իդեալիզմի «Աշխարհն իմ պատկերացումն է» դրույթը փիլիսոփայի «Ես»-ի կողմից իրերի ներառման ամենացայտուն վավերացումն է: Արվեստագետի համար մարդը նախ աշխարհի մի մասն է, նա մերձենում է իրերին` վերացնելով մարդու և բնության միջև առկա տարբերությունը:

***

Քանի որ ֆիզիկականի ստեղծողը հոգին է, մարդը պիտի մահանա: Այս կետում է մահը գտնում իր բացատրությունը. եթե մարդը, իրոք, հավասարվել է բացարձակին, մուտք գործել հավերժական կյանք, ուրեմն նա այլևս չի կարող գոյություն ունենալ մարմնական ձևի` սահմանափակ տարածության ու նյութի մեջ և, եթե գոյություն ունի հոգեֆիզիկական զուգահեռականություն, պիտի ստանա ամբողջ բնության հետ միաձուլված մի մարմին, պիտի դառնա բնության հոգի` ունենալով բնությունն իբրև մարմին ճիշտ այնպես, ինչպես պիտի հանկարծ ծաղկեր այն ծառը, որի տակ մահանում էր Բուդդան, քանի որ նրա մահվան ժամանակ ամբողջ բնությունը ներթափանցվում էր նոր կյանքով:

Հնարավոր է նաև, որ մարդը տրվի ոչնչին, այդ դեպքում նա քայքայվում է` մասնատվելով զուտ նյութական ատոմների. բացարձակ հանցագործի վիճակ: Նման հոգեկան ոչնչացման նախանշանները հանցագործն ունենում է արդեն իր կյանքի ընթացքում: Դժոխքը բարու սարսափն է չարիքից, քանզի կրակը քայքայման հարուցիչն է. նա ամեն ձևավորված բան մոխիր ու փոշի է դարձնում: Սակայն դժոխք գոյություն չունի, բարի մարդը կերտում է իրեն, չարը` ոչնչացնում է ինքն իրեն:

***

Մարմնապես մարդը աշխարհ է գալիս հոր և մոր միջոցով, հոգեպես` երբ Բանը` Բացարձակը, ձգտում է դեպի Ոչինչը: Առասպել Ուրանոսի և Գայայի մասին: Ուստի մենք Աստծո զավակներ ենք և միաժամանակ հողի որդիներ: Հոգեպես մարդը կարող է հետևել նաև հորը կամ մորը. հորը` դառնալով Աստված, մորը` կործանվելով հոգեպես: Ուրեմն, մարդը ծնվում է առավել բարձր կարգի ժառանգականությամբ, քան կենդանին. նա վերագտնում է հորը, երբ մերժում է իրենով նախածին մեղքը, իսկ երբ հաստատում է այն, թաղվում է մայր հողի գաղտնածավալ ընդերքում:

***

Արդյոք էպիլեպսիան չի՞ նույնանում հանցագործի մենությանը: Արդյո՞ք վերջինս չի ընկնում, քանի որ շուրջն այլևս չի տեսնում իր ձեռքը բռնող որևէ ուժ:

***

Հոգեկան և ֆիզիկական երևույթների տարբերությունը հասկանալու համար ընդունենք հետևյալ ելակետը. ենթադրենք, թե հաստատ ապացուցված է, որ անբարո մղումները զուգորդվում են որոշակի մարմնաշարժումների, սրտի մեջ որոշակի զգացողությունների հետ, իսկ բարոյական մղումները մշտապես կապվում են մեկ այլ շարժուձևի, մարմնական այլ զգացողության հետ: Սակայն եթե նույնիսկ գիտությանը կամ դիցուք որևէ մեկին ճշտորոշ հայտնի ու ճանաչելի են այդ ուղեկցող ֆիզիկական երևույթները, խիստ անբարո կլիներ վերջիններս ընդունել իբրև մարդու հոգեկան մղումների բարոյականության կամ անբարոյականության չափանիշ: Ըստ ամենայնի` այստեղ է հոգեկանի և ֆիզիկականի տարբերությունը: Հոգեկանն ավելի, քան ֆիզիկականը պահանջում է չմիջնորդավորված ճանաչում: Սա էթիկայի նորմ է:

Արտաքին երևույթներից բացի մարդուն տրված է նաև մեկ այլ եղանակ, ճանաչողության և դատողության մեկ այլ գործիք` որոշելու համար, թե նա ինչ է անում, ինչ է զգում ու մտածում: Այդ իսկ պատճառով ճշմարիտ արդյունք կարող է տալ միայն ինքնադիտարկումը. փիլիսոփայությունն ու արվեստը ոչ այլ ինչ են, եթե ոչ խորին ինքնադիտարկման տարբեր ձևեր:

***

Միայն իր ներսը զննելով` մարդը կարող է հասնել աշխարհի խորության ընկալմանը: Աշխարհն իր բոլոր փոխադարձ կապերով մարդու մեջ է:

***

Այն հանգամանքը, որ մենք չենք պահպանել ոչ մի հիշողություն մեր ծննդին նախորդող վիճակի մասին, այնքան չնչին պատրվակ է մերժելու համար նախածին մեղքը, անկումը ճշմարիտ գոյությունից, որ ավելի ճիշտ կլիներ մտածել, թե դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ հակառակը` նախկին կյանքի վերաբերյալ հիշողությունը, պարզապես կհակասեր պատվիրազանցության գաղափարին: Չէ՞ որ հիշողությունը ժամանակի հասկացություն է ենթադրում, իսկ ժամանակը ի հայտ է գալիս միայն ծննդյան, պատվիրազանցության մեղքի հետ մեկտեղ: Առկա պրոբլեմները, հիվանդությունները, մեղքը, նախածին մեղքի վկայություններ են: Գոյություն-չգոյություն հարաբերությունը պետք է դիտարկել կողք-կողքի` բացառելով ժամանակային առումը:

 

***

Հանցագործին սպանության է մղում ծայրահեղ հուսահատությունը. դա նրա համար ներքին ահավոր դատարկությունը լրացնելու միջոց է: Երբ նա իր աննպատակ կյանքի վերջը չի տեսնում, ուզում է ի վերջո մի բան արած լինել, նրա միակ ցանկությունը, միակ անելիքը մնում է սպանելը, և այժմ արդեն նրա համար մեկ է, թե ում կսպանի: Սպանությունը երբեք չի նպատակամղվում մեկի դեմ, այլապես սպանության մոլուցքը իբրև հոգեբանական նախադրյալ չէր ունենա նման խորություն: Նա ձգտում է սպանել, ոչնչացնել. ուրիշ ոչինչ:

***

Անիրավացի են և՛ բուսակերները, և՛ վերջիններիս մերժողները. ով ուզում է չներգրավվել կենդանի արարածների սպանությանը, պիտի բավարարվի միայն կաթ խմելով, քանի որ պտուղ կամ ձու ուտողը նույնպես սպանություն է գործում` ոչնչացնելով սաղմը: Կաթը թերևս ամենաառողջարար սնունդն է այն պատճառով, որ ամենաբարոյականն է:

***

Մարդ այնքան տկար ու տհաս է, որ չի կարողանում երկար նայել արևին:

***

Ծնունդը երկչոտություն է, ուրիշ մարդկանց հետ կապ, քանի որ ինքդ քո հանդեպ խիզախ չես: Այդ է պատճառը, որ մոր արգանդում փնտրում են պաշտպանություն:

***

Հանցագործը ոչ միայն կենտրոնացված հայացք չունի, այլև ուղիղ չի քայլում (շան կորամեջք քայլվածք): Նա միշտ մեջքը ծուռ է քայլում (մեջքի կորության տարբեր աստիճաններ, ընդհուպ մինչև սապատ, իսկ սապատավորը, հաշմը միշտ չարամիտ է թվում):

 

* Ըստ հեղինակի` հիվանդությունն ընդհանրապես մեղք է, իսկ հիվանդը` մեղսագործ (ծ.թ.):

**Ըստ հեղինակի` հանցագործը ոչինչ է (չգոյություն. ծ.թ.):

***Այս համադրումը վերաբերում է հավանաբար «Տիեզերք» հասկացությանը (ծ.թ.):

 

 

Գերմաներենից թարգմանությունը`Ռուզան Մարգունու

 Gr. Otto Weininger «Über die letzten Dinge»