2/7/2004

Հատվածներ «Գրվածքներ և նամակներ» գրքից

 

... Թող Աստված զորացնի մեզ մեր բարի գործերում և թող լուսավորի մեր հակառակորդներին, խեղճուկրակ կույր մարդկանց, որ չկործանվեն իրենց կուրության մեջ: Ապավինենք Աստծուն:

Եվ ով իր փնտրտուքի մեջ իմ օգնությանը դիմել ցանկանա, նշանակում է այս արվեստի նկատմամբ հակում ունի և թերևս հետագայում կարողանա իմ միջոցով հասնել այս ոլորտում առավել բարձր ճանաչողության:

Եվ ով ուզում է նկարիչ դառնալ, պիտի բնությունից օժտված լինի այդ շնորհքով:

Եվ լավ է նկարչության արվեստը սովորել սիրով ու հաճույքով, այլ ոչ թե ստիպողաբար:

... Եթե չես տիրապետում ճշմարիտ հիմքերին, անհնար է ստեղծել որևէ լավ գործ, որքան էլ ուզածդ ձևով ազատ գործի ձեռքդ:

Եվ պատեհ է նկարչին, որ նա իր ամբողջ զորությամբ մի նկար ստեղծի, որն իր կարողությունների սահմանում ամենագեղեցիկը լինի: Սակայն ինչ ասել է գեղեցկություն, ես չգիտեմ: Այդուհանդերձ ուզում եմ այստեղ տալ գեղեցկության մի ըմբռնում, որ ես կարևորում եմ ինձ համար. դա այն է, ինչ մարդկության պատմության ընթացքում դիտվել է որպես գեղեցիկ մեծամասնության կողմից, և մենք պիտի ձգտենք հասնել դրան:

Եվ ցանկացած բանի թերությունը զանցանք է: Ուստի և՛ չափից դուրս շատը, և՛ չափից դուրս քիչը փչացնում է ամեն ինչ:

Գեղեցիկ են մեկը մյուսի հանդեպ համաչափ առարկաները, և պետք է խուսափել այն ամենից, ինչն օգտակար չէ: Օգտակարությունն է գեղեցկության մեծ մասնաբաժինը:

... Գեղեցիկ բաների ճանաչմանը կարող է ծառայել բարի խորհուրդը: Բայց պետք խորհուրդ առնել բանիմաց վարպետներից: Քանի որ թերուսների համար այն նույնքան փակ է, որքան քեզ համար օտար լեզուն: Այդուհանդերձ, ցանկացած մարդ, որ մի գործ է ստեղծել ու ներկայացրել այն հանրության դատին, կարող է անել դա: Սովորաբար նման մարդիկ նկատում են անհաջող արվածը, եթե նույնիսկ չեն ճանաչում լավը: Եվ լսելով ճշմարիտ ասված խոսքը` դու կարող ես հետագայում գործդ ավելի լավ անել: Եվ գեղեցիկը տարատեսակ է, և տարբեր են նրա հիմքերը: Ով կարողանում է դա իր գործով հաստատել, արժանի է մեծագույն վստահության: Եվ եթե գործն անթերի է, ուրեմն գեղեցիկ է: Ինչ-որ բան իմանալը բարիք է: Քանզի այդպիսով ենք առավելագույնս նմանվում պատկերին Աստծո, որին հասու է ամեն բան: Ուրեմն նա, ով իր պարապ ժամանակը ինչ-որ բան սովորելուն է տրամադրում, իր օգտին և ի փառս Աստծո բարի գործ է անում: Մենք սրտանց ձգտում ենք շատ բան իմանալ: Քանզի ձգտումն առ իմացություն և այդ միջոցով ամեն ինչի ճշմարիտ էության ճանաչումը դրված է մեր բնության մեջ, այդպես ենք ձուլված:

...Եթե մի բան է ասվում, ինչը վնասաբեր չէ, այլ, հակառակը, օգտակար է և չի խոչնդոտում առավել լավին, դա կարելի է լսել: Ուստի կամեցողը թող լսի ու տեսնի իմ արածը: Քանզի բացի շատ գիտելիքներ ունենալու ձգտումից, որից ոչ մեկը թերևս չի ճնշվել, մարդու մնացած բոլոր կրքերը կարող են այլևայլ ժամանակավոր բաներով այնքան հորդառատ դառնալ, այնքան գերհագենալ, որ այլևս ամենը անախորժ կթվա: Մենք բնությունից այնպես ենք ձուլված, որ ամեն ինչի ճշմարիտ էությունը ճանաչելու հույսով սիրով հավելում ենք մեր գիտելիքները: Սակայն մեր տկարամիտ հոգին թույլ չի տալիս մեզ նույն կատարելությանը հասնել բոլոր ար- վեստների, ճշմարտության և իմաստության մեջ:

Բայց դա չի նշանակում, որ ամենայն իմացություն անհասու է մեզ: Եթե մենք ուսման միջոցով սրենք մեր բանականությունը, վարժվենք այդ բանում, ապա թերևս ճշմարիտ ուղի հարթենք դեպի որոշ ճշմարտություն, կարողանանք փնտրել, սովորել, ձգտել, ճանաչել ու հասնել դրան: Մենք գիտենք, որ դուք, այլևայլ արվեստներ յուրացնելիս, բացահայտել եք ձեզ համար այն ճշմարտությունը, որ դրանք բոլորը բարօրությանն են ծառայում: Ուստի արժե, որ մարդ պարապ չմնա ու ճիշտ ժամանակին սովորի այն մի բանը, որի հանդեպ նա իր մեջ առավել մեծ հակում է գտնում: Շատերը կարող են սովորել տարբեր արվեստներ, սակայն ոչ բոլորին է դա տրված: Բայց և չկա մի գիտակից մարդ, որն այնքան գռեհիկ լինի, որ չկարողանա սովորել գոնե այն մի բանը, որն ամենամոտն է իր հոգուն: Ուստի ոչ մեկին չի ներվի այդ բանը չսովորելը: Քանզի դա հանրության հրամայական պահանջն է, որ մենք ի բարօրություն նրա սովորենք ու ազնվորեն, առանց որևէ բան թաքցնելու, հաղորդենք մեր իմացածը հետնորդներին: Իմ շարադրանքի նպատակն է առավելագույնս նպաստել երիտասարդների տեսողությանը: Քանզի տեսողությունը մարդու ազնվագույն զգայարանն է: Այդ պատճառով էլ այն, ինչ մենք տեսնում ենք, ավելի հավաստի ու մնայուն է, քան այն, ինչ լսում ենք: Բայց և ընկալումն առավել հաստատուն է, երբ երկուսն են առկա, տեսածն ու լսածը: Եվ այդ նպատակով ես ցանկացել եմ ոչ միայն շարադրել, այլև պատկերել, որպեսզի ասվածն, աչքի առաջ ունենալով, ավելի լավ ընկալվի: Ի դեպ մեր տեսողությունը կարելի է նմանեցնել հայելուն, քանի որ նա արտացոլում է մեր աչքերի մեջ այն բոլոր կերպարները, որ հայտնվում են մեր առջև: Այնուհետ մեր աչքերի միջոցով այդ բոլոր կերպարները, որ մենք տեսնում ենք, ներթափանցում են մեր հոգու մեջ: Եվ մենք համաձայն մեր բնությանը առավել հաճելի ենք համարում այս կամ այն կերպարը կամ պատկերը: Ընդ որում ոչ այն պատճառով, որ դրանցից ինչ-որ մեկը ավելի լավն է կամ վատը: Մի գեղեցիկ բան դիտելիս, մենք հաճույք ենք զգում, քանի որ այն մեզ ուրախություն է պարգևում: Գեղեցիկի մասին ավելի արժանահավատ է այն խոսքը, որ ասում է արվեստավարժ նկարիչը, այլ ոչ թե մեկ ուրիշը:

... Նկարչության մասին կարող է դատել միայն ըստ էության լավ նկարիչը: Այլոց համար դա փակ է, ինչպես օտար լեզուն քեզ համար: Ազնիվ բան կլիներ, եթե այդ արվեստի մեջ հմտանային փափկասուն պարապ երիտասարդները:

Հարյուրավոր տարիներ առաջ նկարչության մեծ արվեստը վայելել է զորեղ արքաների մեծագույն հարգանքը, և նրանք նշանավոր նկարիչներին արժանացնում էին մեծ հարստության` հարգելով հոգու հարստությունը որպես Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մի բան:

Քանզի լավ նկարիչը իր ներսում կրում է բազում պատկերներ, և եթե նա ունենար հավերժ ապրելու պատեհություն, ապա իր ստեղծագործությունների միջոցով ներքին գաղափարներից, որոնց մասին խոսում է Պլատոնը, անվերջ մի նորություն կարտազեղեր:

Հարյուրավոր տարիներ առաջ եղել են մի շարք անվանի արվեստագետներ, Ֆիդիաս, Պրաքսիտելես, Ապելլես, Պոլիկլետես, Պարասիաս, Լիսիպոս, Պրոտոգենես և այլք, ոմանք նույնիսկ նկարագրել են իրենց արվեստը, հաճախ նաև հմտորեն ցույց տվել ու պարզ ձևով ներկայացրել: Սակայն այդ նույն գովարժան գրքերը մինչ այժմ փակ են մեզ համար, գուցե և անդառնալի կորած պատերազմների, ժողովուրդների տեղահանումների կամ օրենքների ու դավանանքների փոփոխության հետևանքով, ինչն հիրավի յուրաքանչյուր խելամիտ մարդու ափսոսանքն է հարուցում: Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ ազնվագույն հոգու տեր մարդկանց ի սպառ ջնջում են մարդկության հիշողությունից: Քանզի բավական է տեսնել արվեստը ջնջող, գռեհիկ արարածների մի քաշած գիծը, որ այդ գծանկարները համարվեն Նեռի ունայն ծնունդ. նման այլանդակությամբ իբրև թե հարգանք է մատուցվում Աստծուն: Մինչդեռ մարդկային լեզվով ասած, Աստված վիժվածք է համարում բոլոր նրանց, ով հալածում է մեծ վարպետությունը, ինչին հասնելու համար մեծ ջանք ու աշխատանք է պահանջվում և ինչը միայն Աստծո ողորմածությամբ է տրվում: Ես հաճախ ցավ եմ զգում, որ ինձ կողոպտել-զրկել են արվեստի մասին գրված վերը նշված վարպետների գրքերից: Բայց արվեստի թշնամիները արհամարհում են նման բաները: Եվ ես չեմ լսել, որ մեր ժամանակներում մի բան շարադրեն, լույս ընծայեն, որ ես էլ կարդամ և օգուտ քաղեմ: Ով կարող է, թաքցնում է իր արվեստը: Ոմանք էլ բաներից են գրում, որ չեն հասկանում և միայն դատարկաբանությամբ են զբաղվում` շռայլելով գեղեցիկ բառեր: Իր գործը փոքր-ինչ իմացողը դա նկատում է անմիջապես: Ուստի այն մի քանի բանը, որին սովորելով ինքս եմ հասել, ուզում եմ Աստծո օգնությամբ շարադրել, թեև շատերի կողմից նման բանը արհամարհանքով կընդունվի: Բայց դա իմ հոգսը չէ: Քանզի հաստատ գիտեմ, որ ամեն ինչ փնովելը շատ ավելի դյուրին է, քան մի լավ բան անելը: Եվ եթե հնարավոր լինի, կուզենայի նաև այն հրապարակ հանել, հանուն սիրո դեպի այն երիտասարդները, որոնք նման արվեստները ավելի են սիրում և արժևորում, քան ոսկին ու արծաթը...

Եվ թող բազմապատկվի Աստծո փառքն ու գովքն առ Ձեզ:

... Շատերը կարողացել են յուրացնել որոշ արվեստներ, բացահայտել նրանց ճշմարտությունը, և այդ բարիքից է, որ մենք այժմ օգտվում ենք: Ուրեմն, ճիշտը մեկմեկու սովորեցնելն է: Ով դա սիրով է անում, առավել կհատուցվի Աստծո կողմից: Իսկ Նրանից մենք ունենք ամենը... անհատույց: Փառքդ մեծ, Աստված: Շատ սովորելու մեջ ոչ մի չար բան չկա, չնայած որոշ տգետներ հակառակն են պնդում, ասելով, թե արվեստը մեծամտացնում է: Եթե այդպես լիներ, Աստված ամենքից մեծամիտը պիտի լիներ, քանզի նա է բոլոր արվեստների ստեղծողը:

Անհնարին մի բան: Քանզի Աստված հզոր է իր գերագույն բարությամբ: Հետևաբար, ով շատ է սովորում, նա շատ ավելի բարի է դառնում, և նրա սերը արվեստների և այլ բարձրագույն բաների նկատմամբ գնալով աճում է:

Ուրեմն արժե, որ մարդ ժամանակ չկորցնի ու ճիշտ ժամանակին մի բան սովորի:

Բայց դեռ կան ոմանք, որ ոչինչ չգիտեն ու չեն էլ ուզում սովորել և, արհամարհելով ուսումը, պնդում են, թե շատ չարիքներ արվեստներից են ծնունդ առնում, իսկ վերջիներիցս մի քանիսը ուղղակի չարիքի բուն են:

Ես տրամագծորեն հակառակ կարծիքի եմ և համարում եմ, որ բոլոր արվեստները բարի են, այլ ոչ թե չար: Սուրը սուր է մնում, անկախ այն բանից, սպանության, թե արդար դատի համար է օգտագործվում: Ուստի և արվեստն ինքնին բարի է: Քանզի այն, ինչ Աստված է ստեղծել, բարի է, թեև շատերի կողմից կարող է ի չարը գործադրվել:

Արվեստաճանաչ մարդը բարեպաշտ է, բնությամբ բարի, նա մերժում է չարը, արարում բարին: Արվեստները դրան են ծառայում` օգնելով ճանաչել չարն ու բարին:

... Թող ոչ մեկը չխուսափի մի բան սովորելուց: Ես գիտեմ, որ մեր գերմանացի ազգի մեջ այսօր շատ նկարիչներ կան, որոնց խիստ անհրաժեշտ է գիտելիքը: Նրանք ճշմարիտ գիտելիքի պակաս ունեն, մինչդեռ շատ ու մեծ գործեր են պարտավորվում անել, ինչի համար նրանց պետք է ավելի լավ աշխատել: Եվ այդպիսիք շատ-շատ են: Հանգետս աշխատողի գործն ավելի ծանր է առաջ գնում, քան նրա, ով հասկանում է, թե ինչ է անում: Ուստի սովորեք ամեն ինչ ճիշտ հասկանալ:

... Լավ կերպարը ստեղծվում է ճիշտ համամասնության շնորհիվ, և դա այդպես է ոչ միայն նկարչության, այլև այն ամենի դեպքում, ինչ կարող է ստեղծվել: Եվ զուր չէ, որ ես իմ գրվածքով ծառայում եմ նկարչությանը, քանզի նկարչության արվեստը դրվում է ի սպաս եկեղեցուն, նրա միջոցով պատկերվում է Քրիստոսի վարքը, ստեղծվում են տարբեր լավ դիմանկարներ, հետմահու պահպանվում են մարդկանց կերպարները: Նկարչության շնորհիվ մենք գաղափար ենք կազմել երկրագնդի, ջրերի, աստղերի չափերի մասին, և նկարչությունը մեզ դեռ շատ բան ունի բացահայտելու: Իրապես ճշմարիտ, արտահայտիչ, գեղեցիկ ու հաճելի արվեստը պահանջում է երկար ժամանակ և բազում հմտություններ: Ուստի ով չի գտնում իր մեջ այդ ունակութ- յունը, լավ է չզբաղվի դրանով: Քանզի այն տրվում է Բարձրյալի ներշնչանքով:

Հարկ է, որ մենք բոլորս սովորենք վստահորեն և վստահորեն հաղորդենք մեր հետնորդներին մեր իմացածը, որքան էլ գռեհիկները ատեն արվեստը ու շարունակեն պնդել, թե այն սնափառություն է սերմանում: Այդպես չի կարող լինել, քանի որ արվեստը ողորմած բարերարություն է: Սովորաբար ոչինչ չիմացողն է, որ չի ուզում որևէ բան սովորել, արհամարհում է գիտելիքը` պնդելով, թե բազմաթիվ չարիքները դրանից են բխում... բայց դա անհնարին բան է, քանի որ Աստված է ստեղծել բոլոր արվեստները, հետևաբար դրանք բոլորը պիտի բարեշնորհ, վեհանձն ու բարի լինեն:

... Ես բոլոր արվեստները բարիք եմ համարում: Մի՞թե մի լավ ու սուր թուրը չի կարող ծառայեցվել և՛ արդարադատությանը, և՛ սպանությանը: Բայց արդյո՞ք թուրն այդ պատճառով բարի կամ չար է դառնում: Նույնը վերաբերում է նաև արվեստներին:

Բնույթով բարեպաշտ, առաքինի մարդուն արվեստի իմացությունը ավելի կատարյալ է դարձնում, քանի որ այն ճանաչել է տալիս բարին` զատելով վերջինս չարից: Ուստի իմ կարծիքով բարին այն է, որ մարդ ինքն իրեն ուշադիր զննի, ճանաչի, թե ինչումն է նա առավել կարող, և սովորելիս ճիշտ այդ ուղղությամբ գնա:

... Հնարավոր չէ մի գեղեցիկ կերպար ստեղծել` որպես բնորդ ունենալով որևէ մարդու: Որովհետև չկա երկրի երեսին այն մարդը, որը գեղեցկության տիպար լինի, քանի որ նա միշտ ավելի գեղեցիկ լինելու հնարավորություն ունի: Երկրի վրա գոյություն չունի նաև այն մարդը, որ կարողանա վերջնականապես ասել, թե ինչպիսին պիտի լինի ամենագեղեցիկ մարդու հորինվածքը: Դա բացի Աստծուց ոչ մեկը չգիտի: Գեղեցիկի մասին վճիռ կայացնելու համար մենք խորհրդակցելու անհրաժեշտություն ունենք: Այն յուրաքանչյուրիս հմտության ներդրումը պիտի լինի ցանկացած բանի մեջ:

... Յուրաքանչյուր լավ բան հավաքվում է բազում գեղեցիկ մանրամասներից` ճիշտ բազում ծաղիկներից հավաքվող մեղրի նման: Պիտի աշխատես հասնել քո բոլոր գործերում այն ոսկե միջինին, որ գտնվում է մեծագույնի և նվազագույնի միջև: Շատերը միայն իրենց համակրանքներով են առաջնորդվում, նրանք մոլորվում են: Ուրեմն, թող յուրաքանչյուրը զննի իրեն, որպեսզի սերը նրան կուրորեն դատելու հնարավորություն չտա: Քանզի ամեն մայր իր երեխային է հավանում: Եվ այդ պատճառով է նաև, որ շատ նկարիչներ իրենց պատկերածին են նման: Գեղեցիկը բազմազան տարբերակներ ու պատճառներ ունի: Առավել վստահելի է այն մարդը, որ գործի մեջ կարողանում է բացահայտել այդ ամենը. որքան շատ սխալներ բացառվեն, այնքան ավելի մեծ տեղ է բացվում գեղեցկության համար: Թող ոչ մեկը չափից ավելի չվստահի միայն իրեն: Քանի որ շատ աչքն ավելի է նկատում, քան մեկը: Թեպետ պատահում է նաև, որ մեկը որևէ բան հազար ուրիշներից ավելի լավ է հասկանում, սակայն դա հազվադեպ է լինում: ... Այս բաների մասին դեռ շատերը կգրեն, ես կանխատեսում եմ, որ դեռ գալու են այն հիանալի մարդիկ, որոնք կարող են արվեստ ուսուցանել ու գրել այդ մասին շատ ավելի լավ, քան ես` իմ նվազ իմացությամբ: Թե Աստված կամենար, թե հնարավոր լիներ արդեն իսկ տեսնել այդ լավ գործերը, որ դեռ չեն ծնվել, ես շատ ավելի լավ կաշխատեի:

 

Գերմաներենից թարգմանությունը`

Ռուզան Մարգունու