2/7/2004

Բառի մոգականությունը (հատվածներ գրքից)

 

I.

Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի` հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է և մեկ այլ նույնացում` բառի և դրսևորման: Չէ՞ որ բառը նույնքան մեր ներսում է, որքան և մեզնից դուրս, և եթե մենք իրավացի ենք` բառը մեր ծածուկ կյանքի իրողությունը համարելով, ապա հարկ է չմոռանալ, որ այն մեր իշխանության տակ լինելուց այլևս դադարած ու բնության մեջ մեր կամքից անջատ առկա մի բան է: Քանի դեռ մենք իշխում ենք խոսքի վրա, այն չկա, բայց հենց որ այն հայտնվեց, մենք կորցնում ենք մեր անկախությունը:

«Խոսքը, ոնց թռչնակը. դուրս թռավ, էլ չես բռնի», – ուսուցանում է ժողովրդական իմաստությունը: Այնինչ, խոսքի այս հարկադիր կողմի մասին մշտապես մոռացվում է, հատկապես գիտությանն առնչվող մարդկանց կողմից, թեև դրա մասին չի մոռանում ժողովուրդն իբրև ամբողջություն. իսկ նման կարգի մոռացումը չի կարող անպատիժ անցնել` նկատի ունենալով խոսքի ուժն ու զորությունը, ինչն էլ իր հերթին տանում է ոչ միայն տեսական սխալների, այլև հասարակական ու անձնական զանցանքների, որոնք երբեմն չեն կարող կոչվել այլ կերպ, քան հանցանքներ:

Բանն այն է, որ բառը` իբրև միջնորդ ներքին աշխարհի և արտաքին աշխարհի միջև, այսինքն, լինելով երկկենցաղ` որ ապրում է և՛ այստեղ, և՛ այնտեղ, ըստ երևույթի, յուրատեսակ թելեր է անցկացնում մեկ ու մյուս աշխարհի միջև, և այդ թելերը, որքան էլ դրանք լինեն քիչ նկատելի պոզիտիվիստի հայացքի համար, այնուամենայնիվ, այն են, հանուն ինչի գոյություն ունի բառն ինքը, կամ ծայրահեղ դեպքում բառի հետագա բոլոր ֆունկցիաների նախահիմքն են: Այդ նախահիմքն, ըստ երևույթին, երկկողմանի ուղղվածություն ունի, նախ` խոսողից դեպի դուրս` որպես գործունեություն` խոսողից արտաքին աշխարհ խուժող, և երկրորդ` արտաքին աշխարհից դեպի խոսողը, նրա ներսը` որպես խոսողի կողմից ստացվող ընկալում: Այլ կերպ ասած, բառով է կյանքը փոխակերպվում և բառով էլ կյանքը պատվաստվում է ոգուն: Կամ, դարձյալ այլ կերպ ասած, բառը մոգական է և միստիկական: Քննել, թե որն է բառի մոգականությունը, նշանակում է հասկանալ, թե այդ ինչպե՛ս և ինչու՛ ենք մենք կարողանում բառով ներգործել աշխարհի վրա: Քննել, թե այդ ինչպե՛ս և ինչո՛ւ է բառը միստիկական, նշանակում է մեզ համար պարզել, թե որն է իմաստն այն ուսմունքի, ըստ որի` բառը իրենով նշանակվող ռեալությունն է: Հասկանալի է սակայն, որ մեր խնդիրը չի կարող լինել այն ամենի ապացուցումը, ինչը մեզ հետաքրքրող առումներով ուսուցանում են մոգությունն ու միստիկան. ապացուցել դա, այսինքն` պոզիտիվ գիտության կողմից, կնշանակեր, նախ` դատել այլ գիտությունները` դրանց ըստ էության խորթ և նախօրոք արդեն դրանց հնարավորությունը ժխտող մեթոդներով ու եղանակներով, և երկրորդ` քամահրել ուղղակի փորձը, որի վրա հենվում են այդ գիտությունները և որի առանձ- նահատկությունից ելնում են նրանք: Նման ապացույցն ուղղակի փորձով, փորձական ուսումնասիրությամբ միայն կարող էր տրված լինել, եթե կասկած է ծագել մոգության ու միստիկայի վկայությունների արժանահավատության նկատմամբ: Բայց դա մեր խնդիրը չէ, քանզի մեզ առավել զբաղեցնում են աշխարհընկալման առանձին թելերի թնջուկները` ենթագիտակցականության խավարից գիտակցության շեմն անցնելու դրանց ելքի շրջաններին մերձ: Ուստի և մեր խնդրո առարկան պետք է ավելի շուտ լինի բառի մոգական ու միստիկական կողմերի հնարավորության հիմնավորումը, քան դրանց առկայության ապացուցումը, գեթ հույսով, որ երբ դրանց անհնարինության մասին եղած կեղծ համոզմունքը մտքից հանված լինի, այնժամ որևէ մեկի համար դժվար չի լինի վերհիշել անձնական փորձը ու մտովի մասնատել սեփական ապրումները, որոնք իրենց ձևակերպող սխեմաների անբավարարության պատճառով և մտքում առկա այլ սխեմաներով արգելակվելով` մինչ այդ պահը մնում էին հալածված, գիտակցության մթին խորշերը քշված և հավաստվում էին իբրև գոյություն չունեցող կամ իբրև չգիտես որտեղից հայտնված թյուր պատահականություն:

 

II.

Եվ այսպես, մենք պետք է ցույց տանք բառի մոգական ներգործության հնարավորությունը և նույնիսկ հավանականությունը, որպեսզի հետո նույնն անենք նրա միստիկական կողմի վերաբերմամբ: Սակայն խոսքի մոգական ուժի հանդեպ ունեցած համոզմունքը ամենատարբեր ժողովուրդների համընդհանուր սեփականությունն է դարերի ու հազարամյակների ընթացքում, և հազիվ թե կարելի լինի մատնացույց անել գեթ մի ժողովուրդ և այն էլ` իր պատմական զարգացման գեթ մի շրջանում, որ ամենակենդանի հավատ չունենար խոսքի մոգական զորության հանդեպ: Թե՛ անցյալում, թե՛ այժմ այդ հավատն այնքան է տարածված, որ ժողովուրդների մասին խոսելիս ստիպված ենք անքակտելի համարել այն խոսքի բուն գործածությունից ու լեզվի բուն կյանքում անհրաժեշտ պահ տեսնել նրանում: Հետևաբար, մեր շարադրանքն առավել բնական կլինի, եթե մենք, կյանքի համաժողովրդական ըմբռնմանը, համամարդկային բանականությանը ընդհանրապես հարելով, առաջադրված հարցում ևս խոսքի հանդեպ որպես հիմք ընդունենք ոչ թե պոզիտիվիզմի ժխտական հայացքը, այլ ողջ մարդկության դրական հայացքը և ապացուցման ծանրությունը դնենք նրանց վրա, ովքեր, ողջ մարդկությունից զատվելով, պատմական ընդհանուր ավանդմանը հակառակ պնդում են խոսքի անզորությունն ու դատարկությունը:

Մեր ժամանակակիցների մեծամասնությունը, անհավատալիորեն ճնշող մեծամասնությունը, եթե նրանք ճաշակել են այն, ինչը «գիտական աշխարհայացք» է կոչվում, խիստ համոզված է, որ բառը, եթե ի զորու է ներգործելու, ապա սոսկ որպես ռացիոնալ իմաստ, ընդ որում, գրեթե չի մտածվում ո՛չ այդ իմաստի մի գիտակցությունից մյուսին փոխանցման եղանակների, ո՛չ այն ներքին պրոցեսների մասին, որոնցով գիտակցության մեջ հնա- րավոր է լինում իմաստի բացահայտումը: Հարցի այս ծայրահեղ պարզեցման թաքնված ելակետը ընդհանուր աշխարհընկալման կարտեզյան դուալիզմն է, որից, բնականաբար, չի կարող խուսափել և մասնավորը` բառի խնդիրը: Մարդը կազմված է նյութից, որ զուտ մեխանիկական բնույթ ունի, և հոգուց, որի էությունը նրա գիտակցականությունն է սոսկ: Միմյանց հետ անհամեմատելի երկու սուբստանցիաները, Դեկարտի res extensa-ն ու res cogitans-ը, թեկուզ և իրենց հստակությունը կորցրած, այնուհանդերձ մինչ օրս տիրապետող են մտավորականության լայն շրջանակների աշխարհընկալման մեջ, և այդպիսիներին ներկայանում է որպես ինքնին ակնհայտ ճշմարտություն, որ նյութական իրականության պրոցեսների և իմաստի միջև, որ բացահայտվում է գիտակցության մեջ, ոչ մի ընդհանուր բան, ըստ էության, լինել չի կարող: Բայց եթե հոգու և մարմնի միջև ոչ մի ընդհանուր բան չկա, ապա առավել ևս ոչ մի ընդհանուր բան չկա նաև մեկի ու մյուսի ստեղծագործությունների միջև: Եթե մարդն ինքը բուն իմաստով մեկ ամբողջ չէ, ապա առավել պակաս ամբողջություն կլինի նրա խոսքը: Ահա բառի ոչ-ամբողջականության, նրա` իբրև օրգանապես չկապված արտաքին թաղանթից ու ներքին բովանդակությունից կազմված մի բան լինելու այս ընկալման մեջ է գլխավոր արգելքը` հասկանալու բառի մոգականությունն ու նրա ազդման առավել քան սոսկ ռացիոնալ կերպը` գիտակցության, հոգու, մարմնի ապա և արտամարդկային բնության վրա:

Բայց ի՞նչ է բառը մեծամասնության կարծիքով: Հաջող կամ անհաջող մշակված որոշակի իմաստ, ճշգրիտ կամ տարտամ ձևակերպված ինչ-որ հասկացություն, որ արտաքին և հասկացության հետ արտաքնապես կապված ազդանշանի, իր նշանակած իմաստի հետ միանգամայն պայմանականորեն միացած հնչյունական նշանի միջոցով է փոխանցվում ուրիշին, թեև այդ պարագայում բացարձակապես անհասկանալի է մնում, թե այդ ինչպե՛ս կարող է նույնիսկ պայմանականորեն կապակցելի լինել այն, ինչը ներքնապես ոչ մի կապ չունի. և հետևաբար շնորհիվ այն բանի, որ պայմանն ինքը կա՛մ այս, կա՛մ այն կողմից` կա՛մ նյութապես-մեխանիկորեն, կա՛մ ռացիոնալ-տրամաբանորեն պետք է դրվի, ամուր միացություն կազմել չի կարող: Այս տեսակետից ըստ էության ճիշտ կլիներ պարզապես ժխտել հենց բառի գոյությունը, ինչպես որ կարտեզիականության մեջ առավել հետևողական կլիներ պարզապես չընդունել մարդուն. սակայն թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում իրականությունն իր մասին չափից ավելի հարկադրիչ կերպով է վկայում կամ եթե կուզեք, չափից ավելի դժվար կլիներ համամարդկային հայեցակերպին չենթարկվել, և փոխզիջումային կերպով բառի գոյությունը, ինչպես և մարդու գոյությունը, չի ժխտվում, թեև լռության է մատնվում այդ գոյության անըմբռնելիությունը և դեռ ավելին, դրա անընդունելիությունը դուալիզմի շրջանակներում: Բառն այս դեպքում, իբրև հասկացություն, ինչ-որ բան է` անելանելիորեն փակված անուժ ու անիրական մի սուբյեկտիվության սահմաններում, որը, եթե մինչև վերջ արտահայտենք այս միտքը, տեղ չունի կեցության մեջ: Իսկ մյուս կողմից, իբրև ազդանշան բառը ֆիզիկական բնույթի որոշակի նվազագույն էներգիա է` ձայնային էներգիա, և առհասարակ ամենանվազ գործունը, տվյալ դեպքում այնքան փոքր, որ նրա իբրև արտաքին աշխարհի ուժի հետ թերևս հաշվի նստել իսկ չարժե: Հանուն մեծահոգության մեր կողմից հուշենք նաև այդ էներգիայի չնչինության ճշգրիտ հաշվարկը. 50 գր. ծանրությունը 1 մետր ուղղահայաց իջնելիս, այնքան էներգիա է զարգացնում, որ կբավականացներ սովորական ձայնով հնչյունի արտաբերմանը տասը հազար տարի անընդմեջ. այլ կերպ ասած, եթե սովորական գլխարկը սեղանից գետին ընկներ, ապա, անկման էներգիան օգտագործելով ու ձայնագրի նման ինչ-որ սարքի օգնությամբ այն փոխակերպելով, կարելի կլիներ այդ սարքին ստիպել նշված իրադարձության մասին պատմել տասը հազար տարի առանց լռելու: Ուստի և, կշտապեն եզրակացնել մեր հակառակորդները, ուստի և բառն իսկապես էլ իբրև արտաքին ուժ ավելին չէ, քան «սոսկ բառ», դատարկ բառ, flatus vocis - ձայնի շունչ, միջնադարյան նոմինալիստների բնորոշմամբ nihil audibile - ոչինչ, թեև լսելի` լսելիությունից զատ, սակայն, խոսողի սուբյեկտիվության սահմաններից անցնող որևէ այլ հետևանք իհարկե չունեցող: Չնայած ֆիզիկական իր չնչին հավելուկին, բառը չի կարող իսկական ռեալություն համարվել և վերացականորեն առնված իմաստ է միայն:

 

III.      

Բերված առարկությունների դեմ անձամբ ինձ համար ես չէի էլ պաշտպանի բառի ֆիզիկական գործունությունը, քանզի իմ աշխարհայացքում ֆիզիկականը որպես այդպիսին, այսինքն`ոգեղեն ու օկկուլտ էներգիաներով չներթափանցված, ընդհանրապես գոյություն չունի, և կարծում եմ, որ ոչ թե մոգականն է հարկավոր ֆիզիկական պատճառներով բացատրել, այլ ընդհակառակը, այսպես կոչված կամ պրոֆաններին այդպիսին թվացող ֆիզիկականն է ենթակա բացատրվելու մոգական ուժերի միջոցով: Բայց, քանի որ խնդիրն այստեղ սիմվոլիկ կենսաըմբռնման ուղուն է վերաբերում, անօգուտ չէ շարադրանքի կարգով դիալեկտիկորեն հաղթահարել բառի դեմ վերը բերված նախապաշարումը: Իրականում չի՞ մեղանչում արդյոք այն, ինչպես և մեր ժամանակակիցների ողջ աշխարհայացքը, ոչ թե ընդդեմ ֆիզիկայի ընդհանրապես, այլ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի` մասնավորապես որակի և բնույթի կամ, եթե կուզեք, ձևի կատեգորիաների հանդեպ կոպիտ քամահրանքով: Կարծես թե բնության տնտեսության մեջ ամբողջ հարցը էներգիայի քանակն է սոսկ` որակից, բնույթից, ձևից կախում չունեցող, այն դեպքում, երբ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի ողջ իմաստը հենց այն բանի առաջնային կարևորության սահմանումն է, թե հատկապես ինչ տեսքով է ներկայացված էներգիայի տվյալ քանակը: Նույնիսկ հազարավոր քառակուսի կիլոմետրերով մակերևույթից հարյուրավոր տարիներ ստացվող արևի ջերմությունն անկարող է վառոդի մեկ փշրահատիկ անգամ բոցավառել, այն դեպքում, երբ թեկուզ տասը քառակուսի սանտիմետր մակերևույթից

արևի ճառագայթման էներգիան հավաքած ուռուցիկ խոշորացույցը մի քանի վայրկյանում կարող է վառոդի պահեստներ պայթեցնել ու մի ողջ քաղաք ոչնչացնել: Մի՞թե դժվար կլիներ ստեղծել այնպիսի սարք, որը որոշակի բարձրության ամենաթույլ ձայնին արձագանքեր և անվրդով հանգստի վիճակում մնար զենքի որոտման ժամանակ: Բանալիով գրեթե առանց ջանքի է բացվում չհրկիզվող պահարանը, կացնի հասցրած ամենածանր հարվածները, սակայն, մատչելի չեն դարձնի պահարանի պարունակությունը: Կարիք կա՞ արդյոք միլիոն- մեկերորդ անգամ հիշեցնելու, որ «Մոսկվան կոպեկանոց մոմից հրդեհվեց», այն դեպքում, երբ դոմնային վառարանների կրակն իսկ նրա անխաթարությանը չի վնասի: Դեռ ավելին, կարելի է էներգետիկայի մեջ ուղղորդիչ ուժերի մասին հասկացություն ներմուծելով` էներգիայի նույնիսկ նվազագույն քանակներ պատկերացնել, որ հզորագույն գործողություններ են առաջ բերում. Կլերկ Մաքսվելի բաշխիչ¬դևերի, այսինքն` մոլեկուլների միջև շարժվող մոլեկուլյար փոքր էակների գունդը, նույնիսկ առանց էներգիայի որևէ ծախսի, ոչ անգամ նվազագույն ծախսով կարող է մոլեկուլների կինետիկ էներգիան վերաբաշխել այնպես, որ նյութական միջավայրի ցանկացած կետում ջերմաստիճանի ցանկացած բարձրացում կամ իջեցում, քիմիական կազմի փոփոխություն, ընդհանրապես ֆիզիկական ողջ պատկերի փոփոխություն առաջ բերի այդ դևերին հաղորդված ուղղությամբ: Բավական էր հրամայել այդպիսի էակներին կատարել ցանկացած պոզիտիվիստի կողմից միանգամայն ընդունելի մի շարք զուտ ֆիզիկական գործողություններ և արդյունքում կստացվեր ինչ-որ, այդպես այն կգնահատվեր, անշուշտ մոգական բան: Ուրեմն ինչո՞ւ ժխտել այն միտքը, որ էներգիան` բառի ձայնային էներգիան, կարող է հենց որոշակի ազդեցության ուղղված լինել և իրագործել այն, չնայած իր քանակական չնչինությանը, թեև հարկ է ավելացնել և այն, որ նշանակալիության կամ չնչինության մասին հասկացությունն ինքը պայմանական է: Մինչդեռ ձայնային առումով, բառը ոչ թե ընդհանրապես ձայն է, ոչ թե ինչ-որ ձայնային էներգիա, այլ ընդհակառակը, չափազանց մշակված ձայն է, միանգամայն նրբորեն կազմակերպված, որոշակի ու խիստ տարբերացված կառուցվածքով և, հետևաբար, եթե Օստվալդի հետ միասին խոսենք «ձևի էներգիայի» մասին, ապա, այդ իմաստով մեծ ինտենսիվությամբ օժտված ձայնային էներգիա:

Բառը, առերևույթ ամենապարզը, ինչպես արդեն տեսանք. հնչյունների բարդ ու հարուստ մի աշխարհ է, սակայն այդ աշխարհը մեր կողմից որպես անհունորեն ավելի լեցուն ու բազմակերպ կգնահատվեր, եթե մեր լսողությունը այսքան քիչ սովորած չլիներ տարբերելու ձայնային փոքր միջակայքերը:

Եթե մենք, օրինակ, կարողանայինք տարբերել գոնե քառորդ տոները, ինչպես դա սովորական է իրենց լսողությունը արևելյան գամմայով դաստիարակածների համար, ապա այդժամ իսկ բառի ելևէջումները մեր կողմից կընկալվեին որպես երաժշտական բարդ ստեղծագործություններ, որ իրենց կարճատևությամբ են միայն թվում մանրանկարային, բայց որ ժամանակի երկարաձգման դեպքում, ինչպես օրինակ, հաշիշի ընդունումով, ներկայացնում են բարդագույն մի ամբողջություն` հնչյունների ինչ-որ սիմֆոնիա: Հնչյունների ողջ այս միահյուսման ավարտուն կազմակերպվածությունը, նրա հստակ գծագրված անհատականությունը, ամենափոքր մանրամասներում իսկ նրա ոչ-պատահականությունը երևում են, ի դեպ, նրանից, որ հնչյունների ամբողջական համալիրի ամենափոքր փոփոխությունն իսկ, այն փոփոխությունը, որ ֆիզիկական անալիզի միջոցներով հազիվ թե հաշվի առնվի, իսկույն ընկալվում է ականջով. աղմուկի, ճիչերի ու բազմաթիվ ձայների մեջ մեզ համար դժվար չէ որոշակի, մեզ ծանոթ ձայնի հետևել, և նրա երանգի ամենափոքր փոփոխություններն իսկ` օրինակ խռպոտումից, բերանի փակ լինելուց, այլայլումից կամ ուրախությունից, ու ձայնի ամենանուրբ, երբեմն ջանադրաբար թաքցվող հնչերանգները հաշվի են առնվում, չնայած մեզ շրջապատող հնչյունների ալեկոծվող ծովին: Կասկածից դուրս է, որ հնչյունը այս կամ այն կերպ, բայց հասնում է մեր ականջին և մեր գիտակցությանն է հանգում որպես անհատական մի ամբողջություն, եթե միայն առաջ է եկել որպես այդպիսին: Մեր «լսողական ապարատի» վերլուծական գործունեության մասին հելմհոլցյան ուսմունքը, այսինքն` ուսմունքն այն մասին, որ ցանկացած բարդ հնչյուն կորտյան օրգանին հասնելով, իբրև թե տարրական տատանումների է տարբաղադրվում այնպես, որ երբ բազմաթիվ հնչյուններ են արձակվում, ապա նրանցից յուրաքանչյուրի տարրական բաղադրիչները կենտրոնական նյարդային համակարգ են թափանցում չտարանջատված, միագումար կերպով, որպես անհատականորեն որոշյալ տարբեր հնչյուններից առաջ եկող նույնասեռ տարրական տատանումների կուտակում, – այս ուսմունքը կատարելապես անհասկանալի է դարձնում, թե այդ ինչպես ենք մենք, հնչյունի այդ տարբաղադրումից ու անհատական ձևի լրիվ ջնջումից հետո այնուամենայնիվ շարունակում միահյուսվող հնչյունների քաոսը իրենց մեջ ներփակ անհատականությունների բաժանել, ընդ որում, դրանք ընկալում ենք մեծագույն որոշակիությամբ` չխառնելով դրանք իրար հետ ու չջնջելով դրանց սահմանները: Մինչդեռ եթե նույնիսկ հնչյունային անթիվ անհատականություններից յուրաքանչյուրի հոգեբանական վերակառուցման միանգամայն անհավանական ընդունմանը դիմեինք, ապա նման ընդունումով իսկ ոչնչի հասած չէինք լինի, քանզի եթե հնչյունական ձևը կենտրոնական նյարդային համակարգին իսկապես բոլորովին չի հասնում (իսկ ըստ Հելմհոլցի`հենց այդպես էլ պետք է մտածել), ապա հնարավոր չէ նաև հնչյունային սինթեզը` որպես միանգամայն կամայական, ոչ մի առումով իր համար որևէ օբյեկտիվ տվյալ չունեցող և, հետևաբար, ամբողջովին սուբյեկտիվ քմահաճույքի, կամայականության ու պատահականության վրա հենվող, իսկ ավելի ստույգ` ընդհանրապես անհնարին. կառուցել, թող որ կամայականորեն, իրականում կարելի է միայն այն դեպքում, երբ կառուցումների համար մի որևէ օրինակ ունենք, թեկուզ ոչ տրված, այլ սոսկ նույն կարգի: Բայց, եթե իրականությունը իսկապես չի տալիս նման ոչ մի բան, եթե ընկալման մեջ հնչյունական ձևի նշույլ իսկ չկա, ապա անհասկանալի է դառնում, թե նման բանի մասին միտքն ինքը ինչու և ինչպես կարող է ծագել: Այլ կերպ ասած, կա անհատական հնչյունական ձև` որպես ինչ-որ օբյեկտիվ ուժ, որպես այն գլխավորը, որ լսողական ընկալում է տալիս, որ կազմակերպում է հնչյունը և հնչյունական տարրերը, ինչ էլ որ դրանք լինեն, մեկ միասնական ամբողջության մեջ համախմբում, և այդ ամբողջությունը մեկ անգամ առաջ եկած լինելով` կայուն կերպով ապրում է աշխարհում որպես ինչ-որ անհատ, որպես մի օրգանիզմ:

 

IV. 

Պատահական չէ, որ «օրգանիզմ» բառը դուրս թռավ իմ բերանից: Բառի ռեալության ընդունելը կամ չընդունելը հարցադրման սրությամբ վերջին հաշվով ուղղակի այն հարցին է հանգեցնում, թե բառը օրգանիզմ է, քանզի հակառակ դեպքում, եթե մենք չընդունեինք այն որպես այդպիսին, այսինքն, նրանում ամբողջականություն չտեսնեինք, ստիպված պիտի լինեինք ճանաչել այն իբրև արտաքին էներգիաների միացություն, ուստի և պատահական ու որևէ կայունությունից զուրկ: Բառի` որպես օրգանիզմի մասին հարցադրումն իր երկար պատմությունն ունի դեռ հին ժամանակներում և աշխույժ քննարկումների առարկա է եղել հենց «մարմնականություն» տերմինի հետ միասին: Մարմնակա՞ն է արդյոք ձայնը, մարմնակա՞ն է արդյոք բառը` հարցնում էին հները` ցանկանալով դրանով մեր լեզվով ասել, թե ունի բառն արդյոք իր մարմինը, այսինքն, կազմում է բառն արդյոք աշխարհում ինչ-որ կայուն բան, թե ոչ:

Եվ այս հարցին նույնիսկ Լուկրեցիուս Կարուսը պատասխանել է. «Corpoream quoque enim vocem constare fatendum est- հարկ է ընդունել, որ նույնպես և ձայնը մարմնական գոյություն ունի»: Մինչդեռ բառի այս մարմնականությունը մտավորականների մեծ մասը չի տեսնում, և նրանց թվում է, թե բառը, ֆիզիկական առումով, չափազանց ցայտուն կերպով միմիայն պրոցես է, այլ ոչ թե կայուն գոյացություն: Ձայնային ալիքներից հյուսված օդեղեն մարմինը երազ է թվում: Բայց եթե կայունության ընդունման համար նման ժխտողներին անպայմանորեն նյութական նույնականութուն, այսինքն, ստեղծված մարմնի կազմի մեջ մտնող նյութական մոլեկուլների կարգահամարային ինքնանույնություն է անհրաժեշտ, ապա ստիպված չպիտի՞ լինեին արդյոք նույն այն հիմքի վրա, որից ելնելով նրանք ժխտում են բառի օրգանականությունը, ժխտելու նաև իրենց սեփական գոյությունը` որպես օրգանիզմ, քանզի իրենց սեփական մարմինը ևս, չխոսելով արդեն հոգու բաղադրության մասին, անընդհատ հոսում է ու անընդմեջ ծորում` փոխարենը մշտապես ստանալով նորանոր պարունակություն- ներ: Մեր մարմինն իսկ հուսալիորեն կայուն այդ ի՛նչ մի բան է, – թերևս, եթե անընդհատ նորացման պրոցես է միայն, – որ իբրև հարաբերակցությունների ու ֆունկցիաների ինչ-որ ինվարիանտ, այսինքն` ըստ ֆիզիկա-քիմիական պրոցեսները կազմակերպող կերպի է ինքն իրեն նույնական մնում, բայց ոչ երբեք իր տարրերի կարգահամարային նույնականության իմաստով. և այն էլ, թե ինչ է նյութականի կարգահամարային նույնականությունը, դեռ պարզաբանման շատ ու շատ կարիք ունի, առավել ևս, որ պարզապես ժխտվում է էներգաբանների կողմից: Իսկ այժմ խիտ նյութի այս հոսքը մեր մարմնի միջով համեմատաբար դանդաղ է կատարվում (մարմնի լրիվ նորացումը յոթնամյա ժամկետում է տեղի ունենում), այն դեպքում, երբ կիսահեղուկ, ընդ որում` փոքր չափերի մարմնով օրգանիզմներում այն անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում է հոսում, թեև դրանից այդ օրգանիզմները չեն դադարում ներքին, ինվարիանտային կառուցվածք ունեցող օրգանիզմներ լինել: Բայց և այնպես, կասեն մեզ, այդ օրգանիզմները բաղկացած են կոլոիդային նյութերից ու հեղուկներից, այն դեպքում, երբ նրանց բաղադրության մեջ մտնող գազերը տվյալ օրգանիզմին հատուկ որևէ կառուցվածք չունեն: Այս վերջինը կարելի է կասկածի տակ առնել. բայց, այս հարցի վերաբերյալ վեճի մեջ չմտնելով` մենք կկասեցնենք հարվածն այն պատկերացմամբ, որ եթե դա այդպես է, ապա այն պատճառով, որ օրգանիզմի գազերում տեղի ունեցող պրոցեսները բավականաչափ ինտենսիվ չեն, որպեսզի դրանց կառուցվածք հաղորդվի: Ահա, օրինակի համար, չէ որ կառուցվածք, կայունություն ու ձև ունի, ասենք, ծխամոլի բերանից բաց թողնված հողմապտուտաձև գալարքը և կարող է գոյություն ունենալ ինչպես հեղուկի, այնպես էլ գազի մեջ. իսկ ինչո՞ւ սկզբունքորեն նման հողմապտույտ գոյացությունը չէր կարող ինչ-որ կենդանի օրգանիզմի մարմինը լինել: Ինչո՞ւ է նախապես բացառված այդ կամ նման գազային, գոլորշային կամ ծխային էակի լինելու հնարավորության դեպքը: Եթե կան թզուկներ ու հավերժահարսեր, ինչո՞ւ ուրեմն չընդունել սիլֆերին ու սալամանդրերին: Իսկ որ գազային էակներ իրոք կան, արդեն նշվել է բոցի առնչությամբ. բոցն իր կառուցվածքն ունի, բոցում ջերմության անջատման պրոցես է տեղի ունենում և մի շարք ուրիշ բարդ պրոցեսներ, այն այրվող նյութով է սնվում, այն շնչում է` թթվածնով այրելով այդ նյութը, այն իր համար որոշ պաշտպանություն է պահանջում, ինչպես ասենք տնակը, այն բազմանում է և այլն, և այլն: Վերջապես, անցկացրեք ձեր մատը բոցի միջով, և թեթև դիմադրություն կզգաք, ասես ինչ-որ առաձիգ պատյան կամ թաղանթ եք ճեղքում, որ գրկում է բոցը մի տեսակ մաշկի պես և վերստին աճում` դրա միջով մեր մատն անցնելուն պես: Մեր սեփական օրգանիզմը հազվադեպ չէ, որ համեմատվել է բոցի հետ, սակայն այդ ընթացքում մոռացվել է, որ հետևաբար նաև հակառակն է, կարելի է բոցը համեմատել մեր էության հետ, որ ներքուստ, այլ ոչ թե սոսկ արտաքին դրսևորումներով է մեզ հայտնի: Այժմ այդ համեմատությունը կատարվում է, իսկ մենք նոր օժանդակ միջոց ենք ստանում բառի մեջ տեսնելու օրգանիզմ, առավել ճշգրիտ` մեր ձայնական օրգաններից անջատվող, ձայնախոռոչներում ծնվող կենդանի էակ: Այդժամ, սակայն, կասեն` հապա մյուս ձայնե՞րը: Թե՞ նրանք նույնպես իբրև կենդանի էակներ պիտի դիտարկելի լինեն: Իսկ թե այդպես է, որո՞նք են այդ դեպքում կյանքի սահմանները, և դրանով իսկ չի՞ ոչնչացվում արդյոք կենդանի էակի հասկացությունը: Չգիտեմ, և ինչ վերաբերում է ինձ, ապա ես ոչ մի նման բան չեմ ասել, և դեռ խիստ հարց է` կասե՞մ արդյոք. ամեն դեպքում, այժմ դրա համար տվյալներ չունեմ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ամենից առաջ պնդում եմ բառի յուրահատկությունը. այն ընդհանրապես ձայներից մեկը չէ, ընդհանրապես ձայն չէ` բնության մյուս ձայների մեջ, այն անգամ տարերայնորեն արձակվող ճիչ չէ, այլ կատարելապես որոշակիորեն հոդաբաշխ ձայն է` կենդանի ու բանական-գիտակից էակի կողմից արտաբերվող: Կրկնում եմ, բառը արձակվում է կենդանի մարդու ձայնային օրգանից է արձակվում: Ինչպե՛ս թե` կհարցնեն. չէ՞ որ կարող է և խոսքի մեխանիկական առաջբերում լինել ձայնարկիչով: Այո, բայց այն դեպքերում, երբ խոսքը սարքով, օրինակ, ձայնարկիչով է առաջ բերվում, վերջին հաշվով, այնուամենայնիվ կենդանի շուրթերից է բխում` միայն թե անորոշ ժամանակով ձայնարկիչի մեջ այսպես ասած հապաղած, և այդ հապաղումը սկզբունքորեն քիչ բանով է տարբերվում նման մեկ ուրիշից, երբ մենք խոսում ենք էլեկտրական հեռախոսով կամ ռադիո-հեռախոսով, կամ, սովորական հաղորդակցությանը ավելի մոտենալով, գծային հեռախոսով, կամ, ավելի մոտ` խողովակով օդային հեռախոսով, կամ, էլ ավելի մոտ` խոսափողով ու լսափողով և, վերջապես, օդային տարածության միջով, երբ խոսքը դարձյալ մեր լսողությանը չի հասնում ակնթարթորեն, այլ անցնում է հենց միջանկյալ միջավայրով: Ակուստիկ բոլոր սարքերն ավելին չեն, քան միջանկյալ միջավայր խոսողի ու լսողի` երկու կենդանի էակների միջև: Բայց, չնայած ձայնարկիչի խոսքից մինչև սովորական խոսքն ընկած հիշյալ սկզբունքային անընդհատականությանը, այսքանից անդին պնդելու հիմքեր ես չունեմ, եթե որևէ մեկն սկսի այս կամ այն միջոցներով անցած խոսքի մոգական գործունության առավել էական աստիճանավորում պահանջել. միանգամայն հավանական եմ համարում նման աստիճանավորման առկայությունը, չգիտեմ սակայն, թե որքան ամբողջական է այն ուսումնասիրված (հեռախոսով ներազդումը փոխանցելու փորձեր կան): Անկասկած է, որ մոգական առնվազն ցածր կարգի ազդեցությունների համար հեռավորությունների պարզ փոփոխումն անգամ աննկատ չի մնում:

Այսպիսով, բառը ֆիզիկական առումով մնացյալ բնությունից տարանջատված հնչյունական պրոցես է, որ հյուսվածաբանական, օդային-հյուսվածաբանական նրբագույն կառուցվածք ունի, որը, սկզբունքորեն, աչքով էլ կարելի է տեսնել, նման այն բանին, թե ինչպես Տեպլերի հայտնագործած և Դվորժակի, Մախի և այլոց մշակած տեղաշարժման մեթոդով ձայնային ալիքներն ենք աչքով տեսնում. մի խոսքով` կարելի է տեսնել յուրահատուկ կազմակերպվածությամբ ինքնապարփակ փոքրիկ մի աշխարհ: Եվ հնչյունական էներգիաների այս միահյուսումը միայն այդպիսին չի մնում անշուշտ, այլ անհրաժեշտության դեպքում իր մեջ ամենաբազմազան պրոցեսներն է զարգացնում` էլեկտրական, մագնիսական, ջերմային, քիմիական, մոլեկուլյար ու ուլտրա-մոլեկուլյար տարբեր փոփոխություններ: Հետաքրքրական կլիներ թերևս փորձել ավելի կոնկրետ գծել այն անհունորեն բարդ պատկերը, որն անհնար է ըստ ժամանակակից գիտության հայացքների հեռացնել բառի ֆիզիկական սուբստրատից: Բայց մենք ժամանակ չունենք զբաղվելու ըստ էության մեզ ոչ անհրաժեշտ այդ հարցով. այդ պատկերի կառուցվածքի նրբության սկզբունքային հաստատումից հետո մեզ համար կարևորն այն չէ, թե հատկապես ինչպիսի՛ն է նա, այլ այն, որ խոսքային այդ անհատը իբրև մեկ ամբողջություն շարժվում է տարածության մեջ և շարժվելով ամբողջ ժամանակ տանում է իր հետ իր իմաստը: Բառի այս իմաստին էլ ահա մենք այժմ պիտի անդրադառնանք, որպեսզի քննենք այն մոգական ազդեցության հարթության մեջ:

 

V.

Ո՞րն է ուրեմն բառի իմաստի մոգական ֆունկցիան: Բառի իմաստը բառի իմաստույթով է որոշվում, և հարցադրման պատասխանը հարկավոր է որոնել իմաստույթի գոյացման կերպի մեջ: Իսկ իմաստույթի այդ շերտերը, նրա հաջորդական թաղանթները, նրա համակենտրոն պատիճայնությունները գոյանում են ստեղծագործական հատուկ ակտերով, որոնցից յուրաքանչյուրով ավարտունության է հասցվում ոգու որոշ աճ` երբեմն միանգամայն տևական և, ընդհանրապես ասած, ողջ ժողովրդի կողմից ապրվող: Այո, իմաստույթի յուրաքանչյուր շերտը ոգեղեն պրոցեսի նստումն է բառի վրա, ոգու խտացումը իր այդ կենտրոնացման մեջ`առաջին անգամ, տվյալ առումով, ենթա- և կիսա-գիտակցականությունից գիտակցություն անցնող, ուստի և իմաստույթագոյացման պրոցեսում ինքն իր մեջ հավաքվող: Իմաստույթի նոր շերտի գոյացումը հետևաբար ուշադրության մեծագույն կենտրոնացում է մեկ կետի, մեկ սայրի վրա, այլ կերպ ասած, մոնոիդեիզմ է: Սակայն մոնոիդեիզմն էլ հենց մոգական ազդեցության կարևորագույն պայմանն է: Իմաստույթի ստեղծարարությունը անհրաժեշտորեն մոգական է, եթե միայն մոգական գործողություններ առհասարակ ընդունվում են: Եթե մոգական ինչ-որ բան գոյություն ունի, ապա ամենից առաջ և ամենից առավել դա իմաստույթն է` in statu nascendi, քանզի նրա գոյացման մեջ գերագույն լարում, ուշադրության առավելագույն կենտրոնացում է դրսևորվում: Սակայն իմաստույթի կուտակված շերտերը բառի մեջ անգործուն չեն մնում, այլ ավելի շուտ հիշեցնում են առանց ջրի չորացող ու հետո, հեղուկի խոնավությունն առնելուն պես, վերստին ուռճացող ու վերակենդանացող բույսերի խուրձ. այդպես էլ ահա իմաստույթը, մի ողջ ժողովրդի բազմաթիվ սերունդների մասնակցությամբ ստեղծված լինելով, ասես մեռած է մնում, քանի դեռ բառը չի գործածվում, բայց հենց որ այն ընկնում է կենդանի խոսքի հոսքի մեջ է` նրա իմաստույթը վերակենդանանում է և ահա ներքին ուժով ու նշանակությամբ է լի: Այստեղ էլ հենց ի հայտ է գալիս բառի անտինոմիական բնույթը. իմ` դրսից ստացած, ժողովրդական լեզվի գանձարանից վերցրած օտար մի ստեղծագործություն իմ գործածության միջոցով վերստին ստեղծվում է իմ կողմից` նորից ու նորից in statu nascendi դրվելով, ամեն անգամ ավելի նոր ու համալրված: Կիսագիտակցորեն, արագ մի ակնարկ նետելով իմաստույթի շերտերին` ես ինքս եմ ստեղծագործաբար կենտրոնացնում իմ ուշադրությունը, և իմ ուշադրությունը դառնում է ոչ թե իմը, այլ համաժողովրդական, վերանձնային, ճիշտ ինչպես որ համաժողովրդական ուշադրությունն ինքը, որ առանձնացնում ու կուտակում է իմաստույթի շերտերը, տվյալ բառի` իմ մեջ ընդունումով, իմ կողմից յուրացվելով դառնում է իմ ուշադրությունը: Բառի մեջ ես անցնում եմ իմ սահմանափակության սահմանները և միաձուլվում իմ սեփականը անհունորեն գերազանցող ողջ ժողովրդի կամքի հետ, ընդ որում` ոչ միայն տվյալ պատմական պահին, այլ անսահմանորեն ավելի խորն ու համադրորեն` ժողովրդի պատմականորեն դրսևորված կամքի հետ, որ տվյալ բառի հատկապես այդպիսի իմաստույթի գոյացումով է իրեն հավաքականորեն դրոշմել: Բառը սինէրգետիկ է. էներգիա: Իմ ուշադրությունը ասես պտուտակի պարույրներով իմաստույթի մեջ ներպտուտակվում է ըստ նրա շերտերի և դրանով կենտրոնանում այնպես, ինչպես անհատական և ոչ մի ջանքով կենտրոնանալ չէր կարող: Բառը մեթոդ է, կենտրոնացման մեթոդ: Բառում ես իմ տրամադրության տակ ողջ ժողովրդի պատմական կամքը ունեմ` մեկ կիզակետում հավաքված, և խնդիրը ոչ թե ուժը, այլ այն ինձ հարկավոր ուղղությամբ ուղղորդելու կարողությունն է լոկ: Իմ արտասանած բառի հետ միասին առաջ է ընթանում ու տարածություն է ներխուժում նաև իմ կենտրոնացած կամքը, իմ սևեռված ուշադրության ուժը: Եվ հարաբերվելով որևէ օբյեկտի հետ, որ ընդունակ է կամքից խթանվելու, բառը նրա մեջ առաջ է բերում ա՛յն փոփոխությունը, որ ընդունակ է ստանալու տվյալ օբյեկտը, և օբյեկտի մեջ ներպտուտակվում է բոլոր պարույրներով այն կամքի, որ ծագել է այդ բառը իմաստույթի համապատասխան պարույրներով ասողի մեջ: Իսկ եթե մեր բառի օբյեկտը մարդ է եղել կամ մեկ այլ բանական, կամ գոնե գիտակից էակ, ապա ասված բառը, մնացյալ ազդեցությունից զատ, հոգեկան աշխարհ է ներխուժում և ողջ ժողովրդի մեծ կամքի այդ թափով այստեղ ճնշում է առաջացնում, որը ստիպում է բառի իմաստույթի հաջորդական շերտերը վերապրել, վերզգալ ու մտածել` ուշադրությամբ նրա նշած ուղղությամբ ընթանալով ու կամքի համապատասխան արտահայտություն ստեղծելով: Ներգործման էությունն այն է, որ իմաստույթի շերտերը բառում կուտակվում են ոչ թե կամայականորեն, այլ ինչ-որ առավել, քան սոսկ տրամաբանորեն կապակցված կարգով, ուստի և, բավական է բռնել ժողովրդի հզոր կամքով ու լայնորեն ընդգրկուն բանականությամբ կծիկ արված թելի ծայրը, և անխուսափելի հաջորդականությունը անհատական ոգուն կառաջնորդի այդ ամբողջ թելի երկայնքով, որքան էլ որ այն լինի երկար, և իր համար աննկատ կերպով այդ ոգին կհայտնվի թելի մյուս ծայրում, ամբողջ կծիկի բուն կենտրոնում, այնպիսի հասկացությունների, զգացումների ու կամեցումների դիմաց, որոնց նա բոլորովին միտք չուներ տրվելու: Բառի ներգործության ուժը իմաստույթի առումով նրա կառուցվածքի պարուրաձևության մեջ է, ինչի միջոցով և բառը ներքաշում, ներծծում է իր մեջ և ապա իրեն է ենթարկում: Բառը կամքի խտացուցիչ է, ուշադրության խտացուցիչ, հոգեկան ողջ կյանքի խտացուցիչ. նա խտացնում է այն, մոտավորապես ինչպես ծակոտկեն լուսնոսկին է իր ծակոտիկներում թթվածին խտացնում, ինչով և չափազանց մեծ ազդեցություն է ձեռք բերում իր վրա բաց թողնված ջրածնի շիթի վրա, որն այրվում է այդ խտացած թթվածնով. այդպես էլ ահա բառն է սաստկացած իշխանությամբ ներգործում հոգեկան կյանքի վրա` նախ նրա, ով արտասանում է այդ բառը, ապա խոսողի մեջ բառին առնչվելուց ու բառի մեջ հոգուն առնչվելուց ծագած էներգիայով` նաև այն օբյեկտի, որին ուղղված է արտասանվող բառը: Ճիշտ է ասել Վիտրուվիուսը, որ բառը բնորոշել է որպես «հոսող ոգի և օդի հարվածով զգայելի լսողություն – vox est spiritus fluens et aeris ictu sensibilis auditus»:

Տերմինը` որպես բառերի բառ, որպես սեղմված բառ, որպես բառի ամենաէական խտացված հյութ, առավելապես հոգեկան կյանքի այդպիսի մի տեսակ խտացուցիչ է: Բառի իմաստույթի մասին վերը ասվածը առավել սաստկությամբ հարկ է կրկնել տերմինի վերաբերյալ: Դրանից զատ, հարկ է այստեղ հավելել այն պատկերացումը, որ կամքի ինքնակենտրոնացումը տեղի է ունենում ոչ միայն նրա հաջորդական խտացումով, այլև ընդհատաբար, նրա կյանքի այլ հարթությունների անցումով, որակապես տարբեր բնույթ ունեցող անկումներով ու թռիչքներով: Այդ պատճառով բնավ հնարավոր չէ հասնել մոգության որոշ ներգործությունների` սովորական բառեր գործածելով, ինչպիսին էլ որ լինի այդ պարագայում կենտրոնացմանն ուղղված անձնական ջանքը. կամային սևեռման պահանջվող աստիճանն այստեղ մեկ այլ «աճման տեսակի» է, քան այն, որ մենք ունենում ենք սովորական բառեր գործածելով, ու թեև մեր կողմից հնարավոր է զորացման ինչ¬որ աստիճան` ցանկացած տրվածություն գերազանցող, բայց այնուամենայնիվ, զորացումների ուղին ինքը շատ ավելի վար է մնում նրանից, որով ձեռք է բերվում որոնելի ներգործությունը: Միայն կենտրոնացած, ավելի բարձր կարգի համադրվածության բառով կարելի է անգամ անձնական ջանքերի, առանց ճիգի, դյուրին և նույնիսկ անփութորեն ստանալ կենտրոնացման պահանջվող աստիճանը. որքան էլ փչես ածուխը` թող որ իր ողջ զանգվածով, ասենք, եռման ջրում տաքացրած, այն չի այրվի, և վառարանը չվառված կմնա, բայց, եթե նույն այդ ածուխը վառված է թեկուզ մի կետում, ապա թեթև փչելով էլ նրա ողջ կույտը կվառվի, և վառարանը կտաքանա, ճաշը կեփվի, ածուխն էլ ածխաթթվի ու մոխրի կվերածվի: Այդպես էլ որոշ աստիճանի մոգական գործողություն բնավ տեղի չի ունենա, քանի դեռ թեկուզ և մեծ քանակով առկա էներգիան դրա մակարդակը հայտնի աստիճանի հասցնող որոշակի եղանակով կազմակերպված չէ. իսկ այդժամ, թեթևորեն ու առանց ջանքի այն իր կարիքն ունեցող դաշտերը կհորդի և ինքնըստինքյան, «ասես խաղալով ու խայտալով», մոգական մարգագետիններ կաճեցնի: Եվ եթե բոլոր բառերի մեջ համադրվածության առավել բարձր աստիճան ունեն անունները` անձնանունները, ապա բնական է մտածել, որ մոգական հզորության հաջորդ աստիճանին, տերմիններից ու բանաձևերից հետո (իսկ բանաձևը, հիշեցնեմ, այլ բան չէ, քան նույն այդ տերմինը, բայց ծավալված տեսքով) գտնվում են անձնանունները:           Անուններն իրոք որ միշտ և ամենուր մոգության առավել նշանակալից միջոցն են կազմել, և չկան մոգական գործողություններ, թերևս ամենանախնականներից բացի, որ հնարավոր լինեին առանց անձնանունների: Այս պարագայում մենք կարիք չունենք վեճի մտնելու, թե բուն անուններն են արդյոք իրենց ներգործությունն ստեղծում` in abstracto առնված, թե ներգործման ուղիներն այստեղ ավելի բարդ են և բառերի միջոցով են միայն իրենց ավարտին հասցնում այն: Այս հարցն ինքը նման երկընտրանքայնությամբ սխալ դրված կլիներ, քանզի բառն ասված կամ գրված պիտի լինի, իսկ դա անհնար է առանց հասարակական միջավայրի:

Ահա ինչու անունների ու դրանք կրողների համապատասխանության ընդունումը իբրև փաստ շտապեմ հանգստացնել չափազանց վախվորածներին, դեռևս այդպիսով անունների մետաֆիզիկական բացարձակ բնության ընդունում չէ: Անունների` որպես մարմնի և հոգու անհատական շինվածքի տեսակների մասին խոսելու համար կարիք չկա անունների մեջ անպայմանորեն մետաֆիզիկական    էություններ տեսնել, քանզի բավական է ընդունել այն, որ նրանք պահում են իրենց որպես էություններ: Կարելի է նույնիսկ ընդհանրապես ժխտել անուններն իբրև ինքնու- րույն էներգիաներ և դրանով իսկ վճռաբար մերժել անուններն իբրև էություններ (քանզի, ըստ Ս. Հայրերի խոսքի. «միայն չգոյությունը չունի էներգիա»), կարելի է ամենաանզուսպ նոմինալիստական տեսակետին լինել, կարելի է ընդհանրապես ոչ մի մետաֆիզիկա չընդունել, և այնուամենայնիվ, անվանաբանության հիմնական դրույթներն իբրև իրականության ճշմարիտ ընդհանրացումներ ընդունել: Եվ սակայն, ինչպես անունների` որպես մետաֆիզիկական էությունների ընդունման դեպքում է նրանց բնության մետաֆիզիկական ու իմացաբանական պարզաբանում պահանջվում, ճիշտ այդպես էլ անունների մետաֆիզիկական բնույթի ժխտման դեպքում պահանջվում է բացատրել, թե ինչպես է տեղի ունենում այն, որ անուններն ասես ունեն իրենց էներգիան և ասես գոյաբանական են. «ասես» ունենալ և «ասես» լինել` նշանակում է «չունենալ» և «չլինել»: Էմպիրիկ բացատրության խնդիրն է ի հայտ բերել, թե հատկապես այդ ինչ եղանակով են անունները էներգիա ունեցող ու գոյաբանորեն գոյող պատկերանում:

Ակնհայտ է, որ իրենց էներգիան չունենալով` նրանք պիտի ընկալվեն որպես ինչ-որ այլ էներգիաների կեղծ աճպարարություններ, և, իրենց էությունը չունենալով` որպես ինչ¬որ այլ էությունների հայելային արտացոլանք: Եվ քանի որ սոցիոլոգիական երևույթների էմպիրիկ ուսումնասիրության համար (որի մեջ են մտնում նաև անվանաբանական երևույթները) միակ ռեալությունը համարվում է հասարակական միջավայրը, իսկ միակ էներգիան` այդ միջավայրի էներգիաները, ուստի և ողջ խնդիրն այն բանի բացատրությանն է հանգում, թե այդ ի՛նչ եղանակով են հասարակական միջավայրի էներգիաները «անուններ» կոչվող կեղծ աճպարարությունների մեջ կուտակվում, և ինչու են այդ աճպարարությունները, կեղծ լինելով հանդերձ, ռեալություններ թվում:

–          Անունները ռեալություններ չեն, – պնդում է էմպիրիկը:

–          Թո՛ղ որ այդպես, բայց մարդկությունը այդպիսին է համարում դրանք:

Անուններն էներգիա չունեն, – շարունակում է էմպիրիկը:

–          Թո՛ղ որ այդպես, բայց մարդկությունը որպես այն ունեցող է ընդունում դրանք:

Հետևաբար անունները անձի ստեղծագործ բանաձևը չեն կարող լինել, – իր նախադրյալներից եզրակացություններ անելով` դատում է էմպիրիկը:

 

–          Ճիշտ հակառակը. ժողովրդական համոզմունքները բավական են, որ անուններն անձի ստեղծագործ կազմավորման օջախներ դարձնեն: Իրականում, մարդկությունը մտածում է անուններն իբրև սուբստանցական ձևեր, իբրև իրենց կրողներին` ինքնին որակազուրկ սուբյեկտներին կազմավորող էություններ: Դրանք կեցության կատեգորիաներ են: Բայց եթե հասարակական միջավայրը դրանք կատեգորիաներ է համարում, ապա դա արդեն բավական է, որ անունները հասարակական իմպերատիվներ դառնան: Իսկ միջավայրի կողմից անհատին ասված իմպերատիվն արդեն իսկ ստեղծագործ խոսք է: Անուններն, այսպիսով, ստեղծագործ «եղիցի» են դառնում` հասարակության մեջ նրա անդամներին կաղապարող: Անուններն, ուրեմն, նորմատիվ նշանակություն ունեն, և այն ամենը, ինչ չափազանց կարծր է անունների դրոշմին ենթարկվելու համար, կա՛մ հասարակությունից դուրս է նետվում ու ոչնչանում, կա՛մ ինքն է նոր, ավելի կոշտ կլիշեների սկիզբ դառնում հաջորդ սերունդների համար: Եթե մանկիկը, օրինակ, Նապոլեոն է անվանակոչված, ապա մանկությունից սկսած նրանից ինչ-որ նապոլեոնյան բան կսպասվի և ամեն դեպքում կժխտվի նրա անձով նապոլեոնության ուղղակի ժխտումը: «Նապոլեոնի նմանությամբ» մանկան պիտակավորումը տեղի է ունենում ամեն ժամ, ամեն րոպե ու ամեն տեղ, բոլորի կողմից, ժողովրդի հավաքական կամքով, ինչպես զանգվածային հիպնոս, այնպես որ չի կարող նրա վրա չանդրադառնալ ու նրա մեջ ինչ-որ նապոլեոնություն չմշակել: Վարք սրբոցը` վերին բևեռի մոտ, և չարաբանությունները` ստորինի, հեքիաթի, առածի ու ասացվածքի տեսակները, գրական տեսակները, կենցաղային դիտարկումները և այլն, և այլն, – այս ամենը որոշակիություն է տալիս ժողովրդական պատկերացմանը այս կամ այն անվան բնույթի վերաբերյալ: Անուններն իրենց ներսում որոշակի են ու ավարտուն. յուրաքանչյուր անուն իր առանձնահատուկ, ինքնապարփակ աշխարհն է: Սա մարդկության առաջին նախադրյալն է: Իսկ երկրորդն ասում է, որ անունը որպես այդպիսին, այսինքն ցանկացած անուն, անպայմանորեն գործուն է, իր կրողի վրա առանց ներգործության մնալ չի կարող: Այստեղից, ինչպես ասվեց, բխում է իմպերատիվը` եթե անուններն ընդհանրապես գործուն են, եթե Իվանները, Պավելներն ու Ալեքսանդրները այսպիսին ու այսպիսին պիտի լինեն, ապա յուրաքանչյուր Իվան, Պավել, Ալեքսանդր և այլն չեն կարող յուրաքանչյուրն իր անվան հետ համապատասխանության մեջ չլինել:

Եթե որևէ առանձին դեպքում այդ համապատասխանությունը չլիներ, ապա նման մարդիկ որպես այլանդակներ, որպես հասարակության թափթփուկներ կդիտվեին ու հասարակության մեջ գրեթե անհանդուրժելի կլինեին: Ուստի և` յուրաքանչյուրն աչքի առջև ունի պատվիրանը, թե «ըստ անունի լինի և վարքը», որպեսզի անվան համանունություն լինի: Եթե բնավորության մեջ նման բան չլինի անգամ, ապա անգիտակցական հարմարումով կձգտեն թվալ այնպիսին, ինչպիսին նրանցից պահանջում է լինել անունը. և դիմակը, մանկությունից դեմքին դրված, այդպես էլ կսերտաճի դեմքին հասուն տարիքում: Այսպիսին է սխեմատիկ բացատրությունը, թե ինչու անուններն իսկապես իրագործում են իրենց որպես բարձրագույն համադրումներ և հանդիսանում են պատմագիտության հիմնական բովանդակությունը: Այս բացատրությունը մի օրինակ է, թե հատկապես ինչպես կարելի է խոսել մոգության մասին` մի կողմ թողնելով մետաֆիզիկան: Անձամբ ինձ մետաֆիզիկայից վախենալը օգտակար չի թվում, ուստի և նման բացատրությունը մոգական գործունության բոլոր կողմերն արտահայտող համարել չեմ կարող:

 

VII.     

Եվ ամենից առաջ չպարզված է մնում բառի հնչույթի ու իմաստույթի միջև եղած այն կապը, որով էլ ըստ էության պահվում է բառն իբրև ամբողջություն: Այդ կապը լեզվաբանական հարթությունում բառի ձևույթն է, քանզի այն որոշում է` մի կողմից` հնչույթի հնչյունները, իսկ մյուս կողմից` բառի նախնական նշանակությունից, որ նույն այդ ձևույթով է տրվում դարձյալ, աճում է իմաստույթի շերտերի ողջ լիությունը: Բնական է, այսուհետ, բառի մոգական կիզակետը որոնել նրա նույն համակենտրոնում, որում գտանք լեզվաբանական կիզակետը: Ու եթե ձևույթով, որ նախահնչյունի ու նախիմաստի երկմիություն է ներկայացնում, բառում միավորվում է հնչյունն ու իմաստը, ապա, հարկ է ենթադրել, որ մոգականության առումով ևս ձևույթն իր մեջ միավորում է հնչույթի ուլտրաֆիզիկական ներգործությունն ու իմաստույթի ինֆրա- հոգեկան ներգործությունը` ինքը թե՛ այսպես, թե՛ այնպես գործուն լինելով կամ, ավելի ճիշտ, այնպիսի ներգործություն առաջացնելով, որ պարզապես ֆիզիկականի ու պարզապես հոգեկանի միջև է գտնվում, այսինքն, բառի ավելի ստույգ իմաստով` օկկուլտային ոլորտին է վերաբերում: Այլ կերպ ասած, բառը, այն բանի անհատական որոշակիությամբ, ինչը նրանում կոչվում է ձև, այն ծնող օրգանների կողմից յուրահատուկ մի էներգիայով է լիցքավորվում. իսկ թե մենք այն նյարդային, օդ, աստրալ, հոգեհոսանքներ, կենդանական մագնիսականություն, թե նման կարգի մեկ այլ կերպ կանվանենք, այս պահին կարևոր չէ, քանի որ դրա հատկությունները շատ քիչ ենք ճանաչում և այդ պատճառով հակված ենք իրար խառնելու միանգամայն տարբեր էներգիաներ: Մեր տգիտությունը հիշելով, այդ էներգիան կամ էներգիաները դեռևս կանվանենք ինչպես պատահի` նկատի ունենալով դրանց այն հիմնական հատկությունը միայն, որ դրանք չտարբերակված նույնականության մեջ պարունակում են գծեր` նման հոգեկան և ֆիզիկական գծերին:

Բայց, նախ և առաջ, գոյություն ունե՞ն արդյոք նման էներգիաներ, և անջատվո՞ւմ են դրանք արդյոք մարդկային օրգանիզմի կողմից: Կարծում եմ, ներկայումս, մարմնից բխող էներգիաների այս խմբի վրա կատարվող ամեն կարգի փորձերից հետո, դրանց լուսանկարումից, լուսաֆիլտրների միջով աչքով զննելուց, նրանց կողմից կշիռ ունեցող զանգվածների ձգումների ու վանումների ուսումնասիրությունից և նման այլ բաներից հետո հարցադրումները բացասական պատասխան ունենալ չեն կարող: Շատ չընդարձակվելու համար հիշենք միայն Պոլ Ժուարի փորձերը իր իսկ անվանած ստենոմետր սարքով, որ ապակե կափարիչի տակ սուր ծայրի կամ բոժոժի թելի վրա թեթևորեն պտտվող մի սլաքից է կազմված, ընդ որում, աստիճանների բաժանված թվատախտակը թույլ է տալիս որոշել աստիճանների այն քանակը, որով խոտորվել է ստենոմետրի սլաքը: Խոտորումների մեծությունը անհատական է և կախված է նյարդային ուժ կրող փորձարկվողի առկա վիճակից, ընդ որում առողջ մարդու մոտ աջ ձեռքը միշտ փոքր-ինչ ավելի գործուն է ձախից, այն դեպքում, երբ ջղագարները ձախ ձեռքով ընդունակ են ստենոմետրի սլաքն ավելի շատ խոտորելու, քան աջով, իսկ տագնապից հետո սլաքը խոտորող հիստերիկների ուժը բոլորովին կորչում է: Ժուարը մի ավելորդ անգամ ևս ապացուցեց նյարդային էներգիայի փոխանցման ու տարբեր նյութերում դրա պահպանման հնարավորությունը, ընդ որում, նրանց մի մասը էներգիան լավ է կուտակում, իսկ մյուսները` վատ: Ժուարի ուսումնասիրած ուժի չափերը խիստ չնչին են, բայց խնդիրը ոչ թե մեծությունն է, այլ բուն ուժի սկզբունքային ընդունումը: Եթե նկարագրվող փորձերում այն չնչին է եղել, ապա կասկած չկա, որ այդ ուժի անջատումը այս կամ այն միջոցներով կարող է բարձրացվել, և դրա պաշարները այս կամ այն եղանակով անսահ մանափակ դարձվել: Ուժ կրող հարկավոր անձանց ընտրությունը, նրանց` արտազատման համար ավելի բարենպաստ պայմանների մեջ դնելը` նարկոզով, հիպնոսով, երաժշտությամբ, բուրավետ ծխանյութերով, ծաղիկներով և այլն, նման արտազատիչներից շղթաներ կազմելը և այլն, և այլն, – այս ամենը, նյարդային համակարգի, ավելի ճիշտ, դրա հետ կապված օդյան արտազատման օրգանների վրա ներգործելով, դրանով իսկ կփոխի օդի արտազատումը: Եթե միայն ընդունված է իր սահմաններից մարդու դուրս գալու թող որ ամենափոքր չափը, ապա բացվել են և ուղիները ցանկացած չափի ներգործության ընդունման համար. մեդիումային երևույթների օրինակը, որտեղ խոսքն արդեն ոչ թե ստենոմետրի թեթև սլաքի տասը-քսան աստիճան պտույտի, այլ համերգային դաշնամուրների ու ծանր սեղանների տեղափոխության և նույնիսկ մի քանի մետր բարձրացման մասին է, կպարզի միտքս:

 

VIII.    

Օդն անջատվում է մարմնի մակերևույթի առավելապես այն հատվածներից, որոնցում ինչ-ինչ կարևոր նյարդերի վերջավորություններ կան: Սակայն ձայնային օրգանների նրբագույն նյարդավորման համար պահանջվում է առանձնահատուկ կերպով բարձր զարգացած նյարդային համակարգ: Այնուհետև, խոսքի, նույնիսկ ամենասովորական խոսքի ակտը որոշակի պրոցեսի ներքին ողջ հասունացման ավարտումն է, սուբյեկ- տիվության վերջին և օբյեկտիվության առաջին աստիճանը: Խոսքի արտաբերումը նման է այն պահին, երբ օդակայանում սավառնակն իր առաջամասով արդեն պոկվել է գետնից, իսկ հետևամասով դեռ դիպչում է նրան: Խելացի է խոսքը թե հիմար, խորունկ է թե ծանծաղ, բայց այն առավելագույնն է, որ տվյալ անձը տվյալ առումով կարող էր տալ. դա այն ամբողջն է, որին այդ պահին հասել է ներքին կյանքը: Ինչ-որ բան հասունացել, ուռճացել է մարդու մեջ և չի կարող չարտազատվել, կամ այլկերպ ներզատվել և իր ներգործող ուժը ուղղել ոչ ըստ նշանակության, այսինքն` կործանարար կերպով:

Սիրո խոսքերը` իմ կողմից չասված, Վառվում են իմ հոգում ու ինձ այրում...

Հենց այսպես. վառվում ու այրում են բառերը, քանզի չեն կարողացել ասված լինել, երբ հասունացել են, այն դեպքում, երբ բառերի ֆունկցիան հենց ասված լինելն է և, ուրիշի հոգու մեջ ընկնելով ու արմատավորվելով այնտեղ, իր ներգործությունն առաջ բերելը: Այսպիսով, բառը ամբողջական մարդու կենսագործունեության բարձրագույն դրսևորումն է, նրա բոլոր գործունեությունների ու հակազդումների համադրությունը, մակարդակով բարձրացող ներքին կյանքի պարպումը, երևան եկած աֆեկտը. սկզբնապես, երբ խոսքին ավելի վատ էին տիրապետում, իսկ ներքին կյանքն ավելի մեծ թափով էր ճեղքում առօրյա գիտակցության առավել բարակ շերտը, կամ, երբ մարդիկ ավելի մոտ էին դրախտային համընդհանուր էքստազայնության ակունքներին, խոսքն այդժամ, նորագույն լեզվաբանների խոստովանությամբ, չի ասվել, այլ պոռթկացել է վերգիտակցական ապրումներով հորդող կրծքից, եղել է ամբողջովին ստեղծագործ խոսք` էքստազայնորեն աշխարհ խուժող: Եվ խոսքը չասված ժամանակ իսկապես որ կրծել ու բզկտել է դրա բեռը կրող կուրծքը: Վերջապես, հարկ է հիշեցնել և այն, որ սկզբնապես խոսքը կազմավորող օդեղեն զանգվածը բխում է մեր մարմնի բուն կենտրոններից և, հետևաբար, հագենում, ներծծվում ու ներթափանցվում է օդով, որքանով որ դա հնարավոր է տվյալ օրգանիզմի համար նրա ներքին կյանքի առավելագույն վերելքի տվյալ վիճակում:

Ի մի բերենք ողջ ասվածը: Այն ամենն, ինչ բառի մասին հայտնի է մեզ, մղում է հաստատելու նրա լիցքավորվածության բարձր աստիճանը մեր էության օկկուլտային էներգիաներով` բառի մեջ պահեստավորվող ու նրա յուրաքանչյուր գործածման հետ կուտակվող: Բառի իմաստույթի շերտավորման մեջ էներգիաների անհատնում հանքեր են պահվում` դարերով այնտեղ կուտակված ու միլիոնավոր շուրթերից առհոսած: Բառի իմաստի հարստացման մյուս կողմը բառի իմաստույթի օկկուլտային էներգիայի մակարդակի բարձրացումն է ու բառի` ամբողջի, օկկուլտային բազմազանության հարստացումը: Բառը «վերասվում է», ինչպես վերանվագվում է ջութակը և նմանվում է մեղրի կաթիլի` ամենատարբեր բույսերի ամենատարբեր հյութերն իր մեջ միախառնած: Չափազանց սեղմված ու նրբորեն տարբերացված օդյան խտացուկ է դառնում բառը` իր օկկուլտային անհատականությամբ դարերի ընթացքում կայունություն պահպանող, և ընդհանրապես ասած, մեկընդմիշտ ընդունված ուղղությամբ աճող, թեև առանձին դեպքերում և՛ քայքայվող, և՛ մեռնող ներքին կամ արտաքին պատճառներից:

 

IX. 

Մենք հպանցիկ ակնարկով քննեցինք բառի բոլոր երեք համակենտրոնները կամ բոլոր երեք պահերը, և ըստ յուրաքանչյուրի` գտանք, որ բառը ինքնապարփակ փոքրիկ մի աշխարհ է, նուրբ կառուցվածք ու բարդ, կուռ միահյուսված հորինվածք ունեցող մի օրգանիզմ: Եվ այժմ, եթե մենք համարձակություն ունեցանք ըստ երեք պահերից յուրաքանչյուրի` բառը օրգանիզմ անվանելու, ապա էլ ավելի շատ են հիմքերը` բառն այդպես անվանելու իբրև ամբողջություն: Այն իր մեջ ունի ֆիզիկաքիմիական պահ` մարմնին համապատասխանող, հոգեբանական պահ` հոգուն համապատասխանող և օդյան կամ ընդհանրապես օկկուլտային պահ`աստրալ մարմնին համապատասխանող: Այլ կերպ ասած, բառը, ծնունդը մեր ողջ էության` իր ամբողջության մեջ, իսկապես որ մարդու արտացոլանքն է, և եթե ժողովրդական էության և, դեռ ավելին, ողջ մարդկության էության արտացոլանքն է կազմավորում բառի հիմքը, ապա, ըստ բառի ավելի վաղ բացատրված անտինոմիականության, մարդկության հենց այդ արտացոլանքն էլ իմ, հենց իմ անհատականության արտացոլանքն է դառնում` նույնիսկ տվյալ պահին ու այդ անհատականության տվյալ վիճակի մեջ: Իսկ իմ միջով բառն արտացոլում ու տանում է իր հետ ազդեցություններ` իմ մեջ առհոսած նրանցից, ովքեր կազմավորել են իմ անձը` «անձ» բառը հասկանալով ոչ թե միայն հոգեբանական առումով, այլ առավել ամբողջականորեն, այսինքն, ինչպես Ս. Հայրերի` գոյառում տերմինը, հոգուն, մարմնին ու աստրալին հղելով այն` նրանց անհատական միասնության մեջ: Կարելի է ասել, որ բառի մեջ են ինձնից սկիզբ առնում իմ անձի գեները, գեներն այն անձնական ծագումնաբանության, որին պատկանում եմ ես: Ուստի և իմ բառով այլ անձի մեջ մտնելով` նրանում ես անձնական նոր պրոցես եմ սկսում: Ընկնելով միջավայր, ուր բառը միանում է հանդիպակաց բառին` իր ձևավորման համար ընդունման ամենով նրան սպասող`բառը ենթարկվում է մի պրոցեսի, որ դժվար է չկոչել կարիոկինեզիս` բառի` որպես անձի նախաբջջի բջջային բազմացում, քանզի անձն ինքն էլ այլ բան չէ, քան բառերի ագրեգատ` բառերի բառի`անվան մեջ համադրված: Իրոք որ, այլ անձի մեջ, հենց ընկավ նրա մեջ ու նրանից ընդունվեց, այսինքն` իգական լրացում ստացավ, բառը ենթակայի ու ստորոգյալի է բաժանվում` կազմելով նախադասություն. այս վերջինի մեջ ինչպես ենթական, այնպես էլ ստորոգյալը, իրենց հերթին, նույնպես կիսվում են` կազմելով նոր նախադասություններ, և բազմացման պրոցեսն ավելի ու ավելի հեռուն է գնում` ընդարձակելով բառը, ի հայտ բերելով ու մարմնավորելով նրանում թաքնված պոտենցիալները և անձի մեջ առաջացնելով նոր հյուսվածքներ, որոնք իրենք կսկսեն պտղաբերել, հենց որ բավականաչափ տարածվեն, կամ, այլ կերպ ասած, հենց որ հասունանա իրենց հիմքում ընկած, անձի մեջ ներդրված բառը, ինչպես իրենց նախահայրը:

 

X.

Այսպիսով, բառը մենք զուգադրում ենք սերմի հետ, խոսքը` սեռի, խոսելը` արական սեռի սկզբի հետ, իսկ լսելը` իգական, անձի վրա ներգործությունը` բեղմնավորման պրոցեսի հետ: Նոր չէ այս զուգադրությունը, և հազիվ թե գտնվի մտքի միստիկական ուղղության մի հին գրող, որին խորթ լինեն բերված համաբանական համեմատությունները: Հիշենք Պլատոնին, որ Սոկրատեսի հետևողությամբ, համառորեն ու ջանադրաբար զարգացնում էր իմացության էրոտիկ լինելու տեսությունը. իմացության ձգտումը սիրային տոչորում է, դեռ չհասունացած իմացության չասվածությունը` հղիություն, ասելուն օգնելը` մանկաբարձական արվեստ, իմացություն հաղորդելը` բեղմնավորում, ուսուցչությունը` հոգիներում ծնունդ տալու ձգտում և այլն, և այլն, ահա թե ինչ ենք լսում Սոկրատեսից ու Պլատոնից ամեն քայլափոխի: Իսկ եթե հիշենք, որ Ակադեմիան ինքը կառուցված է եղել էրոտիկական գնոզիսի հիմքի վրա, ապա դժվար չի լինի նաև թափանցել այն մտքի խորքը, որ Պլատոնի ասույթները ոչ թե պարզ փոխաբերություններ, մակերեսային համաբանություններ, այլ խնդրի էության արտահայտությունն են. Հիրավի Պլատոն էլ սերմնայնություն էր տեսնում բառի մեջ: Մյուս կողմից էլ`Ավետարանը. սերմնացանի առակի «սերմը» «խոսքն է»` ըստ Փրկչի մեկնության: Այս համեմատությանը կարող ենք հանդիպել ամենատարբեր գրողների մոտ անհամար տեղերում: Այստեղ, սակայն, մենք չենք սկսի հավաքել այդ ասույթները, այլ, ավելի լավ է, ըստ էության խորանանք քննարկվող համեմատության մնացած մոտիվների մեջ: Մարդը բևեռայնորեն է բարդ, և նրա օրգանիզմի վերին հատվածը թե՛ անատոմիականորեն, թե՛ ֆունկցիոնալ առումով ճշգրտորեն համապատասխանում է ստորին հատվածին: Վերին բևեռը համատիպ է ստորին բևեռին: Ընդ որում, ստորին բևեռի միզասեռական օրգանների ու ֆունկցիաների համակարգին ճշգրտորեն համապատասխանում է վերին բևեռի շնչառական-ձայնային օրգանների ու ֆունկցիաների համակարգը: Ապա և` սեռական համակարգն ու գործունեությունը իր բևեռային ճշգրիտ արտացոլումն է գտնում ձայնական համակարգի ու գործունեության մեջ: Հարկ չկա նաև այդ երկուսի ուղղակի, միանգամայն սերտ կապը մատնանշելու: Որպես ամփոփում սակայն, նշենք միայն, որ սեռական արտազատումները համատիպ են խոսքային արտազատումներին, որոնք հասունանում են առաջինների պես ու դուրս են գալիս բեղմնավորելու: Այս համատիպության որոշ պարադոքսալությունը կհարթվի, եթե ուշադրության առնենք, որ սերմը, որ հեղուկի ինչ-որ կաթիլ է թվում միայն, իրականում վերին աստիճանի խորհրդավոր էություն է, հների խոսքով` խելամիտ էություն, քանզի իր հետ բերում է կենդանի էակի ձևն ու գաղափարը, շատ ավելի խելոք մի բան, քան ամենից խելացին կարող է մտածել, թե՛ օրգանիզմի օբյեկտիվ բանականությունը բերում է իր հետ, թե՛ նրա մտքի սուբյեկտիվ բանականությունը, սրանից զատ, լիցքավորված է օկկուլտային էներգիաներով, որոնց փոխանակումն էլ հենց սեռական շփման առանցքն է կազմում: Այլ կերպ ասած, սերմի մեջ կա թե՛ իր ձևույթը, թե՛ իր հնչույթը, թե՛ իր իմաստույթը. այն բառն է` առավելապես մարդկային ուսիայի կողմից` ծագումնաբանական կապակցվածություն հաստատող: Իսկ այն ամենն, ինչ սովորաբար առարկում են խոսքային բառի, նրա` իբրև թե չնչինության դեմ, միանգամայն կիրառելի է սերմի նկատմամբ, այն տարբերությամբ միայն, որ այստեղ շեշտը կարելի է դնել ոչ այնքան սերմի այդ կաթիլի նյութական չնչինության, այլ գերազանցապես նրա անկառուցվածքայնության ու իմաստից զուրկ լինելու վրա, այն դեպքում, երբ բառի դեմ առարկություններ բերելիս գլխավոր շեշտադրումը բառի աննյութականության վրա է արվում:

Բայց, ինչ էլ որ առարկեն սերմի կաթիլի դեմ ու ինչքան էլ որ այն «ուղղակի» հեղուկ համարեն, ընդ որում` քանակապես չնչին, այն, այդուամենայնիվ, հղիացում է առաջ բերում և մարդ է ծնվում: Խոսքը ևս, որքան էլ որ այն անուժ են համարում, գործում է աշխարհում` արարելով իր նմանին: Եվ ինչպես հղիացումը կարող է անձնական-գիտակցական մասնակցություն չպահանջել, այնպես էլ բառով բեղմնավորումը գիտակցության անպայման պարզություն չի ենթադրում, եթե բառն արդեն հասարակական միջավայրում ծնունդ է առել արարիչ բառից կամ, ավելի ճիշտ, նախկինում եղած սնուցիչ բառից: Ահա ինչու մոգականորեն հզոր բառը, մոգության գեթ ցածր աստիճաններում, անպայմանորեն կամքի անհատական-անձնական լարում, կամ նույնիսկ դրա իմաստի պարզ գիտակցում չի պահանջում: Նա ինքն է կուտակում ոգու էներգիան, ասես հագենում է նրանով, եթե միայն հաճություն կա այն արտաբերելու, այսինքն, նվազագույն ներքին ինքնագործունեություն, և, այդտեղ ուժ հավաքելով կամ, առավել ճշգրիտ, իր կամեությամբ, իր ինտենցիայով նրան իրեն մոտ թողնող ոգու առնչությամբ իր ներուժերը զարգացնելով, բառն այնուհետև ուղղվում է այնտեղ, ուր այն ուղղված է ինտենցիայի ակտով իսկ: Հեքիմը, որ կախարդություններ կամ հմայական խոսքեր է շշնջում, որոնց ճշգրիտ իմաստը ինքը չի հասկանում, կամ հոգևորականը, որ աղոթքներ է ասում, որոնցում ինչ- որ բան իր համար էլ պարզ չէ, բոլորովին էլ անհեթեթ երևույթներ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից. հմայախոսությունը, որ արտաբերվում է, դրանով իսկ բացահայտվում է, դրանով իսկ հաստատվում է և համապատասխան ինտենցիայի` դրանք արտաբերելու մտադրության առկայությունը: Իսկ սրանով հաստատված է անձի հետ բառի կոնտակտը, ու հիմնական գործը կատարված. մնացածն արդեն ինքն իրեն կգնա շնորհիվ այն բանի, որ բառն ինքը արդեն իսկ կենդանի օրգանիզմ է` իր կառուցվածքն ու էներգիաներն ունեցող: Առավել լավ ըմբռնումը, առավել ներզգացողությունն ու պրկված կամեցողությունը բառի այս բացահայտման համար, տվյալ դեպքում բարենպաստ գործոններ կլինեին, անշուշտ. սակայն այդ գործոնն ավելի շուտ բառի խցանված անցուղիներն է մաքրում, քան թե ստեղծում է բուն ներգործություն և, դրան հասնելու մի որոշ նվազագույնից հետո այլևս անպայ- մանորեն անհրաժեշտ չէ:

Ռուսերենից թարգմանությունը` Նաիրա Հարությունյանի