2/5/2002

Հայկական հակաժողովրդական հեքիաթներ

 

Ինչո՞ւ «հակաժողովրդական», քանզի նորիցնոր պիտի ասենք. «Ափսոս էս ազգը, որ էս ժողովրդի ձեռքն է ընկել»: Հայ Ազգագրության և բանահյուսության նախշակար հանդերձանքի ծոպերից կառչած` շատերը մոռանում են, որ աշխարհիկի և հոգևորի մոտավոր ու կցկտուր կապը անապատ է ստեղծում: Քանի որ ոչ մի աշխարհամաս քեզ ոչինչ չի ասում, եթե դու անհաղորդ ես նրա հոգևոր կենսագրությանը, ապա մեր մշտատև ու մշտանորոգ մաքառումներից մեկն էլ պիտի լինի մեր «հոգևոր քարտեզը»:

Եվ այսօր ահա չունեցած-ունեցվածքի կապարե բեռը մեր լիքն ու պարարտ ուսերին գցած գնում ենք, և սարսուռը խրտնած քուռկիկի նման խույս է տալիս մեզնից, և Թուր Կեծակին ուրիշինն է այլևս, քանզի չի կարելի ունեցածը ունեցվածք դարձնել, և ուրիշինն է Խաչ Պատերազմին, նաև Հացն ու Գինին, Տեր Կենդանին, բայց և ուրիշ չկա, դո՛ւ ես կանաչ կտրիճը, որ դարձել ես ահա ճամփամիջին կեցած Սիմոն Կյուրենացի, որ Մասսյաց գմբեթին տարուբերվող տապանի միջից մակաբերել ես Գողգոթայի ծիսախորհուրդը (բայց և չես վերապրել, քանզի նույնիսկ դա ես դարձրել ունեցվածք), որ քո մենավորիկ ու պայծառ գոյության թրթիռը դարձրել ես տապան- խաչքար և ապա` կայք-տապանաքար: Եվ պատահական չէ, որ այսօր հավաքագրողի, ցուցակագրողի անքանքար հայացքի ներքո հմայական մեհենագրի ուժ է ստացել հոգևոր ժառանգության անիմաստ վկայակոչումը, զի այդ ամենը ընթերցելու և ընկալելու համար պիտի վերապրելու և շնչավորելու կորով և զորություն ունենաս, այլապես ամեն մի չապրված ճշմարտություն նույնիսկ առաքինի ու բարի մարդկանց շուրթերին դառնում է վառվող մեղվափեթակ, ուր բառերը բզզում են ու հանգչում վաղուց մարած մոխիրների վրա:

«Այս հողի վրա պետք է ման գալ ոտաբոբիկ», – ասում է Կոստան Զարյանը, մեկն այն աշխարհագետներից, ով ապրում էր այս երկրի լույսին միացած: Եվ հետո մի այլ տեղ. «Այսօր ես ըմբռնեցի մեր հին տաղերի հիմնական ոճը, մեր ճարտարապետության և մեր հավատքի ոգեղինացած կառուցվածքը, մեր կարպետների ժուժկալ գունավորումը և մեր լեզվի շարժուն հնչականությունը: Եվ հասկացա նաև, որ Նարեկացին այստեղ չէ ծնած: Նա հայ հոգու մյուս երեսն է»:

Մյուս երեսը ստորերկրյա ընդերքներում անթեղված սարսուռն է մեր` յոթ ծածուկ շերտերի տակ: Եվ հեքիաթների ու դյուցազներգության կանաչ կտրիճն է, որ այդ յոթ ծածուկ շերտերը փոխակերպում է ծիածանի, ուր ամեն ինչ շնչում է: Եվ այդ փոխակերպության տոնն է, որ այսօր պիտի հուզի մեզ, և այն մի պտղունց արյունը, որ թաքչել է Փոքր Մհերի բռան մեջ: Եվ այդ ամենը ինչքան էլ խորը թաղվի և անտեսվի, միևնույնն է, ժայթքելու և ճառագելու է բյուրապատիկ միեղեն ու պայծառ: Բայց և այս գիտելիքը կամ թե գաղտնագիտությունն էլ չդարձնենք ունեցվածք և նորեն շարունակենք անվրդով ապրել անցյալում կամ ապագայում և երբեք պահի մեջ, որից էլ հենց հյուսվում է քո հոգևոր աշխարհագրությունը` քեզնից առաջ, քեզնից հետո և քո մեջ:

Կարծում ենք, որ ահա այս մտահոգությունից և փոխակերպության տոնի կարոտից էլ ծնվել է այս ժողովածուն, որն անպայման կգտնի իր ընթերցողին: Վարդան Ֆերեշեթյան

 

 

  1. Նախահեքիաթ

Եթե ասեմ` օրերից մի օր, կհնչի որպես հեքիաթի սկիզբ: Այնինչ իրական բան է...

Եվ, ահավասիկ, անմիջապես մի քանի անհեթեթություն մի քանի բառում. ասես հեքիաթն

իրական բան չէ, և կամ յուրաքանչյուր կատարված բան օրերից մի օր չէ, որ կատարվել է:

Լավ, որոշակիացնենք: Ձմեռային մի գիշեր, ժամը երեքի մոտերքը, երբ քայլում էի

սենյակում, գրքերի միջից մի գիրք վերցրի, որը հեքիաթների ժողովածու դուրս եկավ, բաց

արեցի ու ոտքի վրա կեսէջանոց մի բան կարդացի` կարծեմ Սյունիքի բարբառով:

Մյուս օրն արթնացա ու սկսեցի գրքերի միջից այդ

գիրքը, հեքիաթների մեջ` այդ

հեքիաթը փնտրել: Ու չգտա: Ավելի ճիշտ է ասելը`

այնքան ժամանակում, որ փնտրում էի,

չգտա, որովհետև ամբողջ կյանքումս հո չէի՞ փնտրելու: Իսկ պատմությունը, որքան

հիշում եմ իմ բարբառով, այս էր:

Մի թագավոր իր թագուհու, նազիր-վեզիրի, շքախմբի հետ ճանապարհ է գնում: Թագուհին

հանկարծ ձիու վրայից կռանում է, չգիտես որտեղից

ճանապարհի փոշիների մեջ ընկած մի

նռնահատիկ է վերցնում, գցում բերանը: Թագավորը տեսնում է, կատաղում.

– Ախչի, – ասում է, – թագավորի կնիկ ես, էդ ի՞նչ ես

անում: Տանը հարյուր բեռ նուռ

կա, դու ինչի՞ ես մարդ ու անասունի ոտի տակից նռան հատ վերցնում, դնում կեղտոտ

բերանդ, ա՛յ շան ծիծ կերած...

Խոսում, խոսում, իր խոսելուց ավելի է բորբոքվում, վերջը դանակը գցում է` կնոջ

փորը ճղում: Նայում տեսնում են` փորում երեխա կա, նռան հատիկն էլ երեխայի բերանում է...

Աստծուց երեք խնձոր է վար ընկնում, մեկն` ասողին, մեկը` լսողին, մեկն էլ` չլսողին: Եվ նրանցից յուրաքանչյուրն այդ երեխան է, որին աշխարհը թույլ չի տալիս ամբողջանալ ու ծնվել: Նռան հատիկն էլ իմաստության այն երազանքն է, որն, ասում են, կա նաև հեքիաթների մեջ:

 

  1. Խոխ

Առանձնահատուկ մի զգացմունքով է մարդ վերադառնում այն հեքիաթներին, որոնք Լալայանի արշավախումբը կազմած երախտավոր բանահավաքներն Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում ու Երևանում գրի են առել 1915 թվականին` գաղթական ասացողներից: Երբ աչքիդ առաջ է գալիս, թե անցած ու շարունակվող զարհուրանքի, սովի ու համաճարակի, մեռնել-չմեռնելու ինչ տեղ ու հանգամանքներում են այս հեքիաթներն ասվել ու լսվել, համարյա նյութեղեն ես տեսնում երկնքից ընկնող երեք աներևույթ խնձորները, որոնց իրոք որ արժանի են եղել ե՛ւ ասողը, ե՛ւ լսողը, ե՛ւ իր տետրակում գրի առնողը: Այդ հեքիաթներից մեկը, որը պատմել է Արամ Մանուկյան անուն-ազգանունով գաղթականը Մշո Վարդենիս գյուղից, կոչվում է «Խոխ», այսինքն` գանգ:

Բազրկան մը կէղնի: Վաճառական: Կէլնի զուր ձիանք կառնի կէրթա բազրկնութեն, իսկ հեքիաթային ուղևորությունից, գիտենք, չէ՞, որ միայն վաճառական շահ չի դուրս գալիս: Եվ ահա գեղի վերև գերեզմանի մոտ խոխ մը կտեսնա` գանգ, կվերու ուր ճակատագիր կկարդա, կտեսնա օր վրեն գրված ա. «Հընչի քառսուն մարդ չսպանիմ, չմեռնիմ»: Տառացիորեն ճակատին այս գրվածն, ինչպես տեսնում ենք, անիմանալի ճակատագիր չէ, այլ հստակ մտադրություն է, զգուշացում, մանիֆեստ, նպատակ. մինչև քառասուն մարդ չսպանեմ, չեմ մեռնի: Ո՞վ չի մեռնի, գա՞նգը: Նայենք:

Բազրկանն այդ գանգն առնում է հետը տանում, իր բազրկանությունն է անում, վերադառնում է գալիս տուն, ըդ խոխ կբերա կդրա աչկունք, այսինքն` դարակին: Կամ` պատուհանի գոգին: Եվ էլի գնում է իր գործին: Իսկ կնիկն աչկունքին դրած այդ գանգը տեսնում է ու չգիտես ինչու խանդից վառվելով ասում.

–             Ըդի կնկա խոխ ա: Բազրկան ծռի վերեն, բերեր ա: Թե ոնց որոշեց գանգի սեռը (երևի սիրուն, ատամները տեղը, պլպլան գանգ էր) կամ թե ինչու պիտի բազրկանը սիրահարվեր գանգին, անբացատրելի է, բայց խանդավառված կնիկը կվերու խոխ կթալա թոնդիր: Իսկ մյուս օրը թոնրի փոշին հանելիս գանգի տեղը մոխրի միջից մի հուլունք է գտնում, տալիս է աղջկան, ասում.

Բռնա քու մոտ, հընչի ես փոշի թափիմ իգամ:

Հուլունքն այնքան խորոտիկ է լինում, որ աղջիկն

ափսոսում է ձեռքում պահել, դնում է բերանը: Հուլունքը բերանի մեջ հալվում է: Կմնա ամիս մ՛էրկուս, աղջիկ կէրկուհոգովնա, մամ գինա, թե աղջիկ սիրողութին է էնի: Գցում են խեղճ աղջկան մի սենյակում փակում, օրը մի կտոր հաց են տալիս:

Բազրկանն իր բազրկնությունից վերադառնում է, ոչ ոք ընդառաջ չի ելնում, մտածում է.

«Մըր տուն մարդ ա մեռե», բայց գալիս տեսնում է` չէ, ամենքը ողջ են, հարցնում է.

–             Իմ աղջիկ հ՛ո՞ւր ա: Կնիկն ասում է.

–             Ջայնամն ա: Քու աղջիկ սիրողութեն էնի խըլխի հետ, էրկուհոգովցեր է, հանդ է պատուկ էնա տեղ:

Բազրկանը գնում է սենյակի դռան մոտ, ասում.

–             Ախչի, ախչի, դուռ բաց:

Աղջկա միտքն է ընկնում իր կուլ տված հուլունքը, դռան հետևից ասում է.

–             Բազրկա՛ն, կա՛նի, էրկու խոսք կզրուցիմ քու հետ ու նոր զդուռ կբանամ:

Եվ հիշեցնում է գանգի մասին ու պատմում է թոնրի և հուլունքի հանգամանքը և ասում.

             Հըլուն ես դրեցի իմ բերան, հըլուն իմ բերնի մեջ հալավ, էդ հըլնան ա իմ փոր ուռե:

Բազրկանը հասկանում է, որ աղջիկը ճիշտ է ասում, հուլունքի շառն ա, աղջկան դնում են փափուկ անկողինների մեջ ու խնամում, ինն ամիսը լրանալուց հետո մի տղա է բերում: Տղի հերկնութեն թիզ մը կեղնի, մորուք էրկու թիզ: Հ՛իրիկուն օր բազրկան կիգա, տղեն կասա. – Ափո, բարով էկար:

Բազրկան կասա. – Բարու մեջ մնաս:

Իհարկե չի զարմանում, որ նորածինը խոսում է ու քաղաքավարի ողջունում. ո՞նց կարող է երկթզանոց մորուքով անձնավորությունը խոսք ու բարևի քաղաքավարություն չիմանալ. շատ էլ թե ինքը մի թիզ է: Հին մարդ է այս նորածինը, մորուքավոր մարդ է: Եվ նկատենք, որ բազրկանի կինն ու աղջիկն այլես հեքիաթում չեն երևում, չկան, դեր չունեն:

Լուսուն բազրկանը ելնում գնում է իր գործին` շուկա: Իսկ շուկայում մունետիկը գոռում է ու ազդարարում, թե գողերը տարել են թագավորի գանձարանը, թագավորն էլ ուխտ է արել, որ եթե գողը գա ու ներկայանա, իր աղջկան կտա նրան: Երեկոյան բազրկանը գալիս է տուն, պզտիկ տղեն ասում է.

–             Բարով էկար, ափո: Իսկի շուկեն ի՞նչ կեր, ի՞նչ չկեր:

Բազրկանն ասում է.

–             Լա՛ո, վալլա սաղութեն, բան չկեր:

Բայց պստիկ մորուքավորը կշտամբում է ու ասում.

–             Ափո, ընչի՞ սուտ կէնիս, չէ՞ դալալ կբոռեր թա` գողեր մտած ա թագավորի խզինեն, ինչ գախ են գող իգա, իմ ախչիկ կիտամ ուրին:

Իսկ բազրկանն ամենևին ցանկություն չուներ զբաղեցնելու իրեն թագավորական գանձարանի հոգսով և ասում է.

Չէ՛, լաո, իսկի էմալ բան չըն ասի շուկեն:

Պստիկը սակայն ուշք չի դարձնում նրա խուսափուկ անտեսումներին, այլ լրջորեն պատվիրում է բազրկանին, որ մյուս օրը, երբ մունետիկը կրկին կազդարարի, թե թագավորի գանձարանը կողոպտել են, մոտենա նրան ու ասի. «Պզտիկ տղե մի կա մըր տուն, առեք զէնի տարեք, էնի գինա զձեր գող»:

Բազրկան լուսուն կէրթա շուկեն, դալալ էմէլ կբոռա, բազրկան չիշխնու մոտենա, կըխորհի. «Վախենամ ասիմ` տղեն տանին, չգինա` տանին զիս սպանին»:

Հասկանալի մտահոգություն: Ի՞նչ գործ ունես թագավորի գանձարանի հետ: Կամ` տանը նստած փոքրիկն ի՞նչ կարող է իմանալ գողերի մասին: Պատասխանատվությունն էլ, անշուշտ, նորածնի վրա չի ընկնի` թեկուզև մորուքավոր, այլ կծանրանա իր վրա` չափահաս մարդու: Ցերեկային սթափ դատողություն: Բայց երեկոյան գալիս է տուն և.

             Ափո՛, բարով էկար, – ասում է պզտիկ տղեն, – ի՞նչ կա շուկեն:

–             Լաո՛, բան չկա, – ասում է բազրկանը:

–             Ափո՛, դու հ՛օրի՞ սուտ կընես, – ասում է փոքրիկը:

–             Չէ՞ դալալ կբոռեր, թե թագավորի գող հ՛ո՛ւր ա, թ՛իգա իմ աղջիկ կիտամ ուրին: Լուսուն օր գացիր մայեամ` անպայման ասիս, թե. «Պզտիկ տղե մը կա մըր տուն, արեք տարեք, ընի գինա ձըր գող»:

 Լուսուն բազրկանը գնում է շուկա, մունետիկը կրկին գոռում է իր ազդարարությունը, բազրկանն էլ մոտենում ու վերջապես ասում է պատվիրածը: Մունետիկը վազ է տալիս թագավորի մոտ, թե` բազրկանի տուն պզտիկ տղե մը կա, ընի գինա զմըր գող:

Թագավոր մարդ ճամբցոց, զտղեն դրեցին բամբկի մեջ, մոմեր վառեցին կշտներ, առան եկան թագավորի մոտ:

Ասացողը, եթե անգամ կարող է այդ անել, չի մեկնաբանում այս արարողության իմաստը: Հալալ է նրան, ով կհասկանա, թե ինչու են տղուն թագավորի մոտ տանում բամբակի մեջ դնելով և մոմավառությամբ: Տարան, թագավորը տեսավ, ասաց.

–             Իդա՞ ի իմ գող գինա:

Իսկ տղեն նրա զարմանքին ի պատասխան ասաց.

             Քու գող քու զաբո՛ւթն ա, օնբաշի՛ն ա, քու խազի՛ն ա:

Այսինքն` ոստիկանապետը, զորապետը, դատախազը: Եվ այսպես թվարկելով քառասուն մարդու անուն տվեց և ասաց.

–             Թը չըս ավտընա, քելե էրթանք քո աղջկա հ՛օդեն:

Գնացին թագավորի աղջկա ննջարանն, ասաց.

Իշկե՛ք աղջկա տեղի տակ:

Նայեցին ու տեսան, որ աղջկա մահճակալի տակ փոս կա փորված, որը թունելով գնում հասնում է դատախազի տանը: Թագավորը քառասուն դավադիրներին էլ ժողովում է բերում, տղեն դառնում է կացնավոր դահիճ` կէղնի բալթաջի մը, զքառասուն մարդ լե ուր ձեռնով կսպանա, զաղջիկ լե կսպանա, տղեն կհամբարձի:

Ուղղահայաց կտրուկ վերջաբան: Կհամբարձի:

Այս հեքիաթի մեկ այլ հաղորդմամբ, որտեղ խոխը հնչում է կողկ, գանգը գտնում է ոչ թե վաճառականությամբ շրջագայող բազրկանը, այլ թագավորի տղեն, որը որսորդության սիրահար էր, որսի հետևից կզվռնար: Մի օր էլ ողջ օրը ձեռնունայն զվռնալուց հետո կիգա գետի մը վրեն կողկ մը կտեսի, օր ջրու էրեսի վրեն կիգա: Տրեխները հանում է, մտնում է ջուրը, ձեռքը պարզում ու ջրի երեսից գանգը վերցնում: Կողկ կասա.

Վերուս լէ վա~յ ես, չը վերուս լէ վա~յ ես:

Տղեն բարկացած կողկը զարկում է, կոտրում: Ցան է ժողովում, փուռ սարքում, գանգոսկրերն այրում: Նույն ալքիմիական գործողությունն է, այս անգամ ոչ թե թոնրի մեջ, այլ գետեզրին վառած խարույկի բոցում: Մոխրափոշու մեջ, իհարկե, մի հուլունք է երևում: Տղեն վերցնում է, դնում գրպանը: Մի քանի օր հետո քույրն ասում է. – Ախպեր, քու շորեր խանա վլամ:

Լվացք անելիս հուլունքը գրպանից գտնում է, գցում է բերանը, թե` «Վլացք պռծիմ, տանիմ կութին դնիմ», բայց հուլունքը զարդատուփ չի հասնում, այլ դարձյալ ալքիմիական գործողությամբ հալվում է (մի հնոց էլ մարդու բերանն է, չէ՞). ախչկա բերան կխալի, փոր կէրթա:

Մի էրկու-իրեք ամիս կմնա, ախչկա փոր կուռի: Կնկտիք կասեն թե` «Թագավորի ախչիկ ճժով ա» Թագավորը քուր ու ախպորը տանից դուրս է անում, սրանք գնում առանձին են ապրում, և իր ժամանակին ծնվում է փոքրիկ Ճուկոն, որը երկթիզ մորուք չունի, բայց նույնպես ծնվելուն հետ խոսում է, դառնում յոթ տարեկանի չափ ու արտում վար անող քեռուն հաց է տանում: Այս մի կենսուրախ տարբերակում Ճուկոն տրիքստեր է` ճարպիկ խաբեբա, երազ մեկնելով մերկացնում է թագավորի կնկա ծպտված սիրեկանին ու յոթ ջորաբեռ ոսկի ստանում, խորոված սագ ու գառ է գողանում քաղաքի դատավորներից ու հղիացնում է նրանց աղջիկներին, հետո էլ պսակվում է հետներն ու յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում: Համբարձվելու մասին այստեղ խոսք չկա, և վերջում էլ խնձորներն ընկնում են:

Ընդհանուրը գանգն է ու ճանապարհը: Վաճառականի գործը ճամփորդությունն էր իր շահի ետևից, որսորդն էլ ճամփա է կտրում իր որսը հետապնդելով: Եվ ահա գերեզմանի գլխին մահվան մասին խորհրդածելիս կամ ապարդյուն որոնումներից հետո հասնելով ժամանակի գետին` հանկարծ գեղի վերևում կամ ջրերի երեսից գտնում են իրենց գանգը` ճակատագրի երևակությամբ և ունայնագործության սպառնալիքով: Գյուտի ուրախությունը կարճատև է, որովհետև ինքնահայտնության նոր գիտակցությունը ձևավորվում է կաղապարները ջարդելու տառապանքով և արյան բարկության կրակներում, ցերեկային դատողությունը կատաղի խանդով է ըմբոստանում սեփական գանգին դրսից նայելու հայացքի դեմ և հրկիզելով վառում է այն, այսպես ասած` զգայարանների թոնրում: Բայց խարույկի խեցու մեջ ծնվում է նոր աշխարհընկալման մարգարտահատիկը, ինչպես ահռելի ճնշման ու անպատկերացնելի ջերմության ազդեցությամբ սովորական ածուխն է բյուրեղանում որպես ադամանդ: Այս հատիկը խուսափում է մարդու տանն առայժմ տնօրինող մեղսավոր բնույթից ու լուծվում նրա անարատ էության մեջ, բեղմնավորում է հոգին, և կույս աղջիկը ծնում է իմաստության զավակ, որը նոր մարդն է` պայծառատես ու պատանի: Որովհետև հեքիաթի գործողությունն առավելապես կատարվում է ոչ թե մարդու շուրջը, այլ մարդու մեջ: Որովհետև հեքիաթային իրականության փաստերն առավելապես ոչ թե զգացական, այլ զգայական իրականության փաստեր են: Ներքին իրականության փաստեր: «Հակաժողովրդական»: Ոչ թե արտաքին երևույթներն ու փաստերն են հեքիաթի բանաստեղծական փոխաբերությամբ միտվում հոգևոր ընդհանրացումների, այլ ճիշտ հակառակը` հոգևոր փաստերն ու երևույթներն են հեքիաթային արտաբերությամբ կերպավորվում որպես ժողովրդական բանահյուսության նյութ: Բայց մի՞թե հազարավոր տարիներ շարունակ այս հեքիաթների անհամար ասողներն ու լսողները դրանցում գաղտնագրված էզոթերիկ, միստիկական, հերմետիկ կամ թեկուզ փիլիսոփայական իմաստների խաթեր են դրանք ասել ու լսել: Մի՞թե ճանաչել են արխետիպները, մեկնել խորհրդանիշները, վերլուծել միֆական ու կրոնական հարակցությունների զարգացումները: Իհարկե` ոչ: Հեքիաթներն ասել ու լսել են, որովհետև դրանք լավն են, հետաքրքիր, զվարճալի, գրավիչ, որովհետև հոգեկան բավականություն ու բավարարություն են պատճառում: Իսկ այդպիսին են, որովհետև հոգին ճանաչում է այն, ինչ ծանոթ ու հարազատ է իրեն, և հրճվում է դրանով: Սյուժեները պահպանող, փոխանցող, փայլեցնող ու հղկող, ընդհանրացումներով ճկող ու մասնավորեցումներով աղավաղող դատողությունը ոչ մի կապ չունի այդ հրճվանքի հետ, ավելի ճիշտ` ունի այն կապն ու հարաբերությունը, որով իրոք ժողովրդական առակներն ու անեկդոտներն են հարաբերվում հրաշապատում հեքիաթների հետ: Իսկ սրանց զետեղարանը գանգում անտեսանելի մարգարտահատիկներն են:

Սեփական գանգին ներսից ու դրսից նայելու զորության և միտքն այրելով թրծելու մասին շշունջները, եթե անգամ առկայծումներով երբևէ հնչել են որևէ բուրգի, զիկկուրատի կամ պագոդայի ստորոտում, վաղուց արդեն փշրվել ու մարել են փոշու մեջ, իսկ հեքիաթի կաղապարն ամուր է ու հրակայուն, և հեքիաթն աղջկա մասին, որն ուլունքը կուլ տալով ծնում է Ճուկոյին, անմահ է, քանի դեռ չի վերծանվել:

Եվ դրանից հետո էլ անմահ է, իհարկե:

 

  1. 19. Վագրը ծառի տակ և կաթսայի մեջ

Ժամանակակից աշխարհում, որտեղ նույնիսկ մարդու աշխարհ գալն ու աշխարհից հեռանալն է արդեն ընկալվում իբրև աշխարհիկ իրադարձություն` ուղեկցվող, ճիշտ է, հիմնականում անկեղծ հույզերով ու հիմնականում կեղծ սպեկուլյատիվ խոհափիլիսոփայությամբ, ծեսերից իր դերը պահպանել է թերևս միայն հարսանիքը (եթե պահպանել է), որն ամենևին էլ առաջնակարգ նշանակություն չուներ հեքիաթային ժամանակների մարդկանց կյանքում (և հեքիաթներում էլ ֆինալային հարսանիքը շատ հազվադեպ է նշանակում ուղղակիորեն կենցաղային հարսանիք, այլ որպես կանոն ունի, այսպես ասած, սվեդենբորգյան իմաստ, հոգու սրբազան պսակադրության երգ-երգոցյան իմաստը): Շատ ավելի էին կարևորվում տարիքային և պաշտամունքային հաղորդության ինիցիացոն ծեսերը: Առաջինները հնագույնն են և վերաբերում էին բոլորին, այլապես տհասը պարզապես դուրս էր մնում հասարակությունից, իսկ կրոնական` քրմական, շամանական և այլ շնորհառություններն ընտրյալների առանձնաշնորհն էին: Ի՞նչ գիտենք սրանց մասին: Հին հայոց ծիսական կյանքը նույնիսկ ավելի է մթին, քան մեր կորուսյալ առասպելաբանությունը, որից պատառիկներ ու ակնարկներ այնուամենայնիվ պահպանվել են: Initiatio, mysterium բառերը Հայկազյան բառարանում դրված են նուէր բառի չորրորդ իմաստի դիմաց` մեկնվելով որպես խորհրդակատարութիւն, կատա- րողութիւն, զոհ: Մենք կարող ենք թարգմանել, ենթադրենք, շնորհառություն, սակայն ի՞նչ իմանաս, թե Լուսավորչից առաջ հայերն իրենց ծեսերին ինչ անուններ են տվել: Այս ժողովուրդն իր անցյալի վրա այնպես է խաչ քաշել, ինչպես ոչ ոք: Իսկ մտահանության անդունդը մղված հրեշտակային դիցական ուժերը ոչ թե մոռացվելով կորսվում են, այլ հրեշանալով դիակնաբար սևանում: Թե հայերեն դա ինչ-պես է կատարվել` մութ է: Բայց ինիցիացիոն մեխանիզմն ու սխեման միևնույնն են նկարագրված ողջ աշխարհում` Աֆրիկայից մինչև Այլասկա, Հնդկաչինից մինչև Սկանդինավիա, և հայերն էլ, պետք է կարծել, այս աշխարհից են, լուսնից չեն ընկել: Հաղորդության տեսակով, մակարդակով, խորության ու գաղտնիության չափով ու որակով զանազանվող ինիցիացիաներն ընդհանուր են վերածնության գաղափարով. մի դեպքում մեռնում է դեռահաս պատանին և ծնվում է հասուն տղամարդը, այլ` ավելի խորհրդավոր դեպքում աշխարհիկ` անգետ ու տհաս մարդն է մեռնում և ծնվում է հոգևոր մարդը, որն արդեն հաղորդյալ է սրբազան գաղտնիքներին: Դրա համար նեոֆիտներին առանձնացնում են հասարակությունից, խլում են ընտանիքից ու տանում ջունգլիների, լեռների, անապատի, ճահիճների խորքը, այսինքն` այն աշխարհ, դժոխք: Երբեմն քարանձավներն էին ծառայեցնում ինիցիացիոն նպատակների, այլ վայրերում հատուկ խրճիթներ էին կառուցում` անդուռ ու անպատուհան, և սրանք ոչ միայն գերեզման էին խորհրդանշում, այլ մայրական արգանդ, ինիցիանտը և դիակ է, և էմբրիոն: «Այն աշխարհում» դևերն ու սատանաները կամ հրեշտակներն ու նախնիները հրով ու սրով տանջում ու չարչարում են թեկնածուին, մասնատում են, եփում, տապակում, թլպատում են կամ մարմինը դաջում կամ գլուխը սափրում, կարճ ասած` նոր մարմին են տալիս ու բերում անհրաժեշտ տեսքի, նաև անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելով այդ և այլ աշխարհների, աստվածների ու հերոսների, կենդանիների ու թռչունների, տղամարդկանց ու կանանց մասին: Ո՞րն ասես, որը թողնես: Աշխարհի բոլոր միֆերը երբևէ պատմվել են ինիցիացիոն «գերեզմանի» կրակի վրա: Իսկ տանը` օջախի կողքին պատմվել են որպես հեքիաթ: Ոչ միայն բնականորեն աղավաղվելով ժամանակի ընթացքում, այլև ի սկզբանե մատուցվելով ժանրի շրջանակներում. կանանց ու երեխաներին և առհասարակ անտեղյակներին չէր կարելի հաղորդակից դարձնել վտանգավոր գաղտնիքներին, ավելին` հարկ էր կանխարգելիչ սարսափ հարուցել դրանց հանդեպ, որպեսզի գայլը քեզ չուտի կամ Յոթգլխանին չբարկանա: Բայց երբ սև ղոչը տղուն տանում էր մութ աշխարհ, կամ դիվամայրը կուլ էր տալիս հերոսին, կամ աղջիկն իջնում էր հորը, որպեսզի դառնա ոսկեծամիկ, փոքրիկ երեխան էլ էր զգացմունքով զգում ու հոգով հասկանում, որ դրա տակին մի բան կա: Այն մասին, թե ինչ կա, վերջին 150 տարում գրադարաններ են գրվել (որքան մարդն ավելի է հեռանում հին միֆերի աշխարհից, այնքան ավելի է փորձում նոր բանականությամբ այն հասկանալ), և ավելի լավ է տեսնենք, թե օրորոցից մեզ քաջ ծանոթ հեքիաթը ոնց են պատմել Մանազկերտում:

Մե գեղի մեջ մե մարդ ու կնիկ կէղնին:

Իրիկունը լուսնակ գիշեր, կելնին դուրս: Կցկտուր միջարկությամբ նշենք, որ վերը հիշատակված գրադարանների մի բազմահատոր մասը լուսնի և լուսնային ինիցիացիաների մասին է: Մարդ կըսե. – Ի~նչ լավ թալանի գիշեր է:

Կին կըսե. – Ա~յ մա՛րդ, դու քու հալին սթրի, դու թալան էնող չես, գիշերով ճամփա էրթող չես: Մարդը նորեն կը զոռե. – Հաստատ լա~վ գիշեր է, օղորթ լա~վ գիշեր է:

Կնիկ մարդուն հըլոնդեց, գցեց դեն ու ըսավ. – Դե, գնա ճամփա կտռե:

Ինք մտավ տուն, ուր դուռ փակեց: Մարդ շատ աղաչեց, օր դուռ բանա, կնիկ դուռ չբացեց:

Բայց չլինի՞ թե Քաջ Նազարի մասին հեքիաթն եմ պատրաստվում վերապատմել: Այո, հենց դա եմ մտադիր: Իսկ ինչո՞ւ, ի՞նչ մի անհայտ բան կա քաղաքական դարձած անեկդոտում ծույլ ու վախկոտ ոչնչության մասին, որը բախտի բերմամբ թագավոր է դառնում: Անհայտ է, թե Հովհաննես Թումանյանի հանճարեղ փոխադրության մեջ որտեղից է լույս ընկել վագրը. «Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա: Ո՞վ կըսպանի վագրին, ո՞վ չի սպանի: Իհարկե Քաջ Նազարը կըսպանի: Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա»: Արևելքով զբաղվող յուրաքանչյուր ազգագրագետ և առասպելաբան անմիջապես կասի, որ վագրը գերազանցապես տոտեմական կենդանի է և ծեսերում շատ կարևոր դերակատարություն ունի: «Արարողությունն ամենուր սկսվում է այն բանից, – գրում է Միրչա Էլիադեն, – որ նեոֆիտին առնում են ընտանիքից ու տանում անտառի խորքը: Արդեն իսկ այդտեղ առկա է մահվան խորհրդանիշը. անտառը, ջունգլին, խավարը խորհրդանշում են անդրաշխարհը, դժոխքը: Որոշ ժողովուրդներ համարում են, որ շնորհառության թեկնածուների հետևից գալիս է վագրը և իր մեջքի վրա տանում է նրանց անտառ. գազանը կերպավորում է առասպելական Նախնուն, շնորհատրության տիրոջը, որը պատանիներին ուղարկում է դժոխք»: Թումանյանի ժամանակներում Եվրոպան դեռ նոր էր Ֆրեզերի ու Թեյլորի նկարագրությունները կարդում, և չգիտենք, թե Իվան Ֆադեյիչը որչափ էր այս բաներին իրազեկ, բայց դա ոչ մի նշանակություն չունի նաև. իմացական պրպտումները մահկանացուների համար են, իսկ հանճարների իմաստնությունն աստվածատուր է: Եվ ահա «Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա – հոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում: Նազարը որ վագրին չի տեսնո~ւմ – լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու թրը՛մփ, ծառից ընկնում է գազանի վրա: Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում»:

Իսկ չինական սրբագրությունների մեջ ու հերոսապատումներում վագրին երիվար դարձրած ու հեծած պատկերվում են հրաշագործ անմահներն ու դիվահալած մոգերը: Հինդուիստական պանթեոնում վագրի հեծյալը Մահադեվան է: Մեզ հարևանուհի Իշտարն է կանգնած վագրի վրա: Մի խոսքով` ինչպես աշուղն է երգում.

«Ահեղ վագրին

Արիր քո ձին,

Հեծար անցար դու սարեսար,

Ո~վ քաջ Նազար...

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին», իսկ հարսանիքը հեքիաթում, ինչպես գիտենք, բնավ էլ քաղաքացիական ակտի առթիվ աշխարհիկ կերուխում չէ, բոլորովին այլ մի բան է, և ամենևին պատահական չէ, որ Թումանյանն իր անվրեպ ինտուիցիայով հարսանյաց տեսարանում դրել է հնագույն ծիսական երգ, որի դիցաբանական ակունքները չտեսնելու համար կույր է պետք լինել.

« – Լուսընկան նոր սարն ելավ,

Էն ո՞ւմ նըման էր:

–             Լուսընկան նոր սարն ելավ,

Էն Քաջ Նազարն էր:

–             Արեգակ նոր շաղեշաղ,

Էն ո՞ւմ նըման էր:

–             Արեգակ նոր շաղեշաղ,

Էն իր նազ-յարն էր:

Մեր թագավորն էր կարմիր,

Իրեն արևն էր կարմիր,

Թագն էր կարմիր, հա~յ կարմիր,

Կապեն կարմիր, հա~յ կարմիր,

Գոտին կարմիր, հա~յ կարմիր», և այլն:

Մինչև կարմիր գոտի կապելն ու կարմիր սոլեր հագնելը սակայն հերոսը դեռ փորձություններ պետք է հաղթելով հարի, դարձյալ ինիցիացիոն բանաձևով ասած` ասեղի ծակեր ու մազե կամուրջներ պետք է անցնի: Իսկ դա ամեն մարդու բան չէ, ավելի ճիշտ` մարդու բան չէ առհասարակ, մարմնավոր ու բռի և փոքրիկ անգետ ու թույլ անհավասարակշիռ մահկանացուն երբեք չի կարող մեծությանն ու վեհությանը հաղորդվելով կցվելու համար խցկվել ասեղի ծակը կամ ի տես երջանկության պողոտայի քայլել դժոխքի կիրճի վրա ձգված ածելու պես կտրիչ ու գրեթե աներևույթ մազի վրայով: Դրա համար նախ պետք է թրծվի աստվածային դարբինների քուրայում ու ծեծվելով կոփվի նրանց մուրճերի տակ, հանուն ինչի էլ պետք է մահվան ենթակա առօրյա կյանքից մեռնելով հեռանա հարազատ տանից, որի դուռն այլևս փակ է իր առջև, քանի որ չափազանց ակնդետ էր նայել լուսնին: Եվ ահա նրա շողերի տակ մանազկերտցին աղաչելով բախում է դուռը, իսկ կինը չի բացում:

Լավ, – ըսեց, – կնի՛կ, չըս բանա, չըս բանա, ընձի տուր մե բուռըմ ալուր, մե հավկիթըմ ու մե բիզըմ:

Եգիպտացիք իրենց մեռյալների հետ կենցաղային այլ առարկաններ էին դնում, քան, ասենք, սկյութները, բայց այս մարդն ի՞նչ գիտեր, որ իրեն հատկապես ալյուր, հավկիթ ու բիզ է հարկավոր լինելու: Ինչ որ է, կնիկն ըտոնք դռան ծակեն տվեց ու ըսեց. –

Դը գնա, թալանութեն էրա տեսնիմ:

Մարդը դողդողալով ընկավ ճամփա, գնաց ու գնաց, շատ ու քիչ ինք գիտեր, մի բանցըր սարի գլխուն մե քոշկ ու սարայի հանդըպավ: Մերոնք, ուրեմն, ոչ թե ջունգլիների խորքում խրճիթի էին հանդիպում, այլ հեռավոր սարի գլխին քարեղեն, եթե ճոխացնենք, ապարանքի: «Յավաշ, ըսավ, մտնիմ էտա տուն»: Ու մտավ: Մտավ իշկեց, տեսավ, օր մըչ ըտ տան նստուկ են իրեք հատ դև, հաց կուտեն:

Ըսեց. – Բարև ձըզի, ախպըրտիք:

Ըսին. – Բա~րև, ախպեր ջան, հրամմեցե~ք հաց ուտինք:

–             Շնորհակալ եմ, – ըսավ, – դուք անուշ էրեք, ես նոր ճանապարի հետ իրեք-չորս հատ օխչար սաղ- սաղ կուլ տվեցի ու էկա, կուշտ եմ:

Դևեր ասեցին. – Դու լե ժիր իս, էղնինք մեկ ախպեր, ապրինք իրարու հետ:

–             Էղնինք, – ըսավ մարթը:

Էղան ախպեր:

Բայց դիվական ու մարդկային չափընկալումների անհամապատասխանությունն իհարկե շատ արագ զգացվեց այդ ախպերության մեջ: Էտ դևեր ունին ուրանց համար մե ջուր բերելու տիկ, օր կը վերցեր ուր մեչ մե տուն ջուր: Հերթով կէրթեն ջուր բերելու, իրեք օրեն հ՛ետ հերթը հասավ էտ մարդուն (լավ, անդեմ չխոսելու համար այս մանազկերտցուն էլ կոչենք Նազար, որն, ի դեպ, շատ հարմար անուն է ինիցիանտի համար, քանի որ նշանակում է «մաքուր», ինչպիսիք անվանում էին իրենց, ասենք, եվրոպական ալբիգոյցի կատարները Հրեաստանի նազարականների նմանությամբ, որոնք Աստծո նվիրյալներ էին և օրենքը պահում էին հատուկ խստությամբ ու չէին կտրում իրենց մազերը, ինչպես, օրինակ, փղշտացիներին ջարդող Սամսոնը, և որոշ հետազոտողներ մեր Տիրոջ Նազովրեցի մականունն էլ այստեղից են բխեցնում` փաստելով, որ Հովսեփ Փլավիոսի ժամանակների Իսրայելում Նազարեթ անունով քաղաք կամ գյուղ չկար, բայց սա հեքիաթի մեջ խոսելու բան չէ, որքան էլ որ հեքիաթը լուրջ ու խորհրդալի բան համարենք): Վերուց զտիկ, անջախ վերուց վերև, գնաց հասավ ախպրի մոտ: Եվ հասկացավ, իհարկե, որ այդ տնածավալ տիկով ջուր տանելն իր ուժից վեր է: Տիկը դրեց մի կողմ, բրիչն առավ ու սկսեց առու փորել: Դևերը տեսան` ուշացավ, հ՛ելան պզտիկ ախպոր ճամփեցին. գնաց հոն, տըսավ օր ախպեր առու կը փորա, քար կը շարե:

Հարցուց, ըսեց. – Ըտ ի՞նչ է կէնիս, ախպեր ջան:

Ըսավ. – Ջուր կը դառցում տանիմ դռան հ՛առեչ:

Դևն Ավգիոս արքան չէր, բայց գետի հունը փոխելու հերկուլեսյան մտադրությունը նրան էլ դուր չեկավ, ասաց.

–             Չէ, ախպեր ջան, հըմալ բան աղեկ չէ, գարուն ջուր շատնա, կէլլա կը լցվի մեր շենքերուն, արի, արի, ես տիկ կըլնամ ու կը տանիմ:

Նազարն ասաց.

Էհ, չը՛ն թողի մարթ աղեկ գործմ՛ էնե:

Պզտիկ դև զտիկ շալկեց, էկան, ախպրտանց ըսեց էղելութեն, ախպրտիք ըսեցին. – Ըտ իշկան ժիր մարթ է, օր տկին չհավնի, առու կը դառցու, ջուր կը բերե: Օր հըմալ է, ըտի շատ ուժեղ է:

Հետո փայտ բերելու հերթը հասավ, Նազարը գնաց փայտի ու կրկին ուշացավ: Պզտիկ դևն էլի գնաց, տեսավ` սա հիմա էլ անտառն է պարանով օղակել և պատրաստվում է արմատահան անելով շալակել, խնդրելով արգելեց ու.

Ախպեր ջան, – ասաց, – սաղ մեշեն տանիս, ուրիշ տարին մենք էլ ի՞նչ վառինք:

Նազարն էլի դժգոհեց. Է~հ, – ասաց, – չըն թողի` մարթ մեկեն բո~լըմի փետ առնե էրթա: Հըմմընօ~ր, հըմմընօր մեկ-մեկ շալակ, մեկ-մեկ շալակ, ըտ ի՞նչ է, տո՛:

Դևը համոզեց, մի էրկու գերան ջարդեց, դրեց թևին, առավ էկան: Ջրի և անտառի դասերն այսպիսով անցանք: Էկան տուն, դևն ուր ախպրտանց պատմեց, ըսեց. – Այ մարթ, էտի շատ ժիր է, մեշեն մեկեն կապեր էր, կը շալկեր, օր բերեր: Անջա~խ մե հասա հոն, օր շուտ չը գացեր ինք, սա~ղ մեշեն կը բերեր տուն: Մենձ ախպեր ըսեց. – Օր հըմալ է, ըտոր ուժ փորցինք:

Իրկուն նստան, մենձ դև ըսեց. – Ախպրտանք, արեք մեր զորութեն փորցինք:

Նազարը. – Փորցինք, – ըսավ վախկոտութենից:

Արեք, – ըսեց մենձ դևը, – քար քամինք, ջուր կաթըցունք:

Նազարն անվախ ըսավ. – Քամին՛ք:

Վերցուցին ամեն դև մեկ-մեկ քար, քամեցին, ջուր չը կաթաց: Նազարը վերուց քարը, դրավ ջեբ, ուր հավկիթ հանեց, քամե~ց, քամե~ց, կա~թ, կա~թ, ջուր կաթեց: Զարմացան . «Հաստատ, տո, ուժեղ է», ասին: «Ապրիս, ախպեր ջան, ապրիս», ըսին: Ըսեցին. – Արեք մե փորցմ՛ էլ էնենք: Քար քամինք, շինինք ալուր:

Դևեր վերցուցին, քարը քամեցին, ալուր դուրս չէկավ:

Նորից վերուց Նազարը, քարը դրավ ջեբ, ուր ալուր հանեց, քամե~ց, քամե~ց, ալուր սըռաց: Նյութի երեք վիճակներն էլ անցանք` կարծր, հեղուկ, հյուլեական:

Դևեր գողտու ուրանց մեջ խոսացին. «Մեկմ՛ էլ էտոր փորցինք, գիշեր օր էտիկ քնավ, էրթանք կացիններով ըսպանենք»:

Իհարկե պետք է սպանեն, որովհետև յուրաքանչյուր ինիցիացիա` տարիքային լիներ, որով բոլորը կամ համարյա բոլորն էին անցնում` որպես հասունության շեմին սրբազան հաղորդության քայլ, թե «մասնագիտական», որն անարվեստ մարդուն ռազմիկի, դարբնի կամ բրուտի շնորհք ու հմտություն էր հաղորդում, կամ «քրմական», որը մոգին, կախարդին կամ շամանին ոգիների հետ հաղորդակցվելու զորություն էր տալիս, ցանկացած մակարդակի ընծայառություն անպայման վերածննդյան խորհուրդ էր պարունակում. վախկոտ, թույլ ու անգետ մարդը պետք է մեռնի, որպեսզի վերածնվի որպես Քաջ Նազար: Պապուասների դաջվածքներն ու սարսափելի սպիները ոչ թե առնական ռազմաշունչ գեղեցկության բարբարոսական պատկերացուների արդյունք էին, ինչպես սկզբնապես կարծում էին եվրոպացի թեթևսոլիկները, այլ ծանրագույն ինիցիացիաների վկայության հետքերը, և անհիշելի վաղեմության եգիպտական հեքիաթներում ու հնդկական վեդաներում արդեն իսկ սքողված ու գեղազարդված է այն, ինչ մասին դեռ մի հարյուր տարի առաջ սիբիրյան շամանները պատմում էին նատուրալիստական անկեղծությամբ, որ, օրինակ, հանկարծ հայտնվում ես ձյունածածկ անապատում, շեն-շենլիկ չկա, իսկ հեռվում մի սև սար է երևում: Երեք օր քայլելուց հետո հասնում ես այդ սարին, մի քարանձավ տեսնում, ներս մտնում, իսկ այնտեղ մի տկլոր դարբին փուքսով կրակ է բորբոքում, կրակի վրա էլ երկրի կեսի չափ մի կաթսա է: Դարբինը տեսնում է քեզ, իր ունելիով բռնում, գլուխդ պոկում, մարմինդ մասնատում ու գցում կաթսան: Դրա մեջ երեք տարի եփվում ես: Հետո դարբինը գլուխդ կաթսայից հանում է, դնում է զնդանին և իր մուճով կռում ու կոփում, հետո գցում է սառը ջրի մեջ: Եթե ջուրը չեռաց, հնարավոր է, որ ամբողջանաս ու դառնաս շաման: Կամ` պառկած ես երկաթյա օրորոցի մեջ, և մի էգ սատանա, որը միայն մի աչք ունի, մի ուս և մի ոսկոր, կերակրում է քեզ մակարդված արյունով: Երեք օր հետո հայտնվում են երեք սև սատանաներ, որոնք աչքերդ իրենց պիճերից պոկում են ու դնում մի կողմ, որ գլխիդ գալիքը տեսնես, հետո երկաթյա կեռերով մարմինդ կտոր-կտոր են անում ու գլխիդ մեջ նիզակ խրում: Ծնոտդ երեք տեղից ջարդում են` տալով երեք տեսակի հմայախոսության դաս: Վերջում էգ սատանան ոսկորներդ հավաքելով կցմցում է, և դրանից եթե մեկը պակասեց` հարազատներիցդ մեկը մեռնելու է: Ռուս հետազոտող Կսենոֆոնտովի վկայությամբ` պատահել է, որ ինիցիացիայի արդյունքում շամանի ազգականներից 9 հոգի մեռել է:

Բա դժվար է, հեշտ հո չի՞: Նազարի հետ այդպիսի սարսափելի բաներ չկատարվեցին, այլ ընդամենը կեսգիշերին իրեք ախպերն էլ էկան կացիններով, տվեցին, տվեցին, ուրանց զարկելուց ուրանք լե կը վախենին, թե` «Ըտ ինչ խըտըր պինդ ջան ունե», իսկ չէ՞ որ Նազարը լսել էր նրանց խոսակցությունն ու իր տեղում մի քոթուկ էր դրել` վրան փալաս քաշելով: Զարկեցին, թողին գնացին: Առավոտյան Նազարն էկավ ախպրտանց քով, բարի լուս տվեց, դևեր տեսան, շիվարան:

Մեկէլ օր որոշին. – Ախպեր, արեք մեր էղած բաժնինք, բաժնըվինք իրարուց:

Բաժնըվի~նք, – ըսավ Նազարը:

Բերեցին օսկին, տասը կոտ բաժին էրեցին: Նազարը չհամաձայնվավ. – Էս ի՞նչ է, օր ես շալկիմ տանիմ, ամոթ չէ՞ ընձի համար:

(Հըմա չըր կըռներ շալկե, – բացատրում է ասացողը, ընդոր համար էլ ըտմալ ըսեր էր):

Դևեր վերցուցին ուրանց փողպատը ազատելու համար ջվալը լիք լցին, պզտիկ ախպոր շալակ տվին, Նազարն էլ հ՛էլավ վրեն նստավ ու գնացին: Նազարը բիզը հանեց, լավ մե խոթեց պզտիկ ախպոր վզի մեջ:

–             Վա~յ, ախպեր, – ըսեց դևը, – ուժդ քիչըմ բանցր պայե, չըմ կռնա դիմանա:

Հա՛, հա՛, ախպեր ջան, – ասաց Նազարը, հըմա մե էրկու-իրեք անգամ ըտմալ չարչարեց, հարի հասան ուր տուն: Տուն օր հասան, դևի վրեցեն իջավ, դևը բեռը քցեց ու փնչաց: Օր փնչաց, Նազարը քամուց թռավ կպավ հ՛առիքը:

Սա դիտարժան պատկեր է. Նազարը ճանճի պես կպել է առաստաղի գերաններին, հոգնատանջ դևը ներքևից նայում է նրան, կողքից հայտնված կնիկն էլ չռած աչքերով նայում է ոսկու պարկին:

–             Ախպեր ջան, – ըսավ դևը, – էտ ի՞նչ կէնիս: Կնիկը թեզըմ ըսեց. – Հըյնա մենձ գերան կը բերե, օր քու էտևը խոթե:

Դևն օր լսեց, թողեց ու փախավ: Մարդ ու կնիկ օսկու ջվալ տեղավորեցին, ուրախացան:

Լավ, բայց ինչո՞ւ է ինիցիացիայի ֆենոմենոլոգիան բանահյուսության մեջ դարձել կատակի ու հեգնության աղբյուր, և ոչ միայն մեր հեքիաթներում, այլև, եթե կողքներս նայենք, ամենուր. սլավոնների Բաբա-Յագան, օրինակ, ժամանակին Անտառի Տիրուհին էր, հնարավոր է` Մայր Աստվածուհի, և, անկասկած, տարիքային ինիցիացիայի տիրուհին ու քրմուհին էր, որը գոգաթիակի վրա դնելով վառարանն է կոխում անտառի իր թռչնաթաթ խրճիթը եկած խակ տղաներին: Հիմա երեխաները հիմարացնում են զզվելի պառավին ու փախչում, և կարելի է կռահել, որ սյուժեի նման շրջադարձը հայտնվել է հենց այն պահին, երբ մոռացվել է նախնական ծեսի իմաստը և սրբազան գաղտնիքների հանդեպ ահը փոխարինվել է նախապաշարմունք դարձող ավանդույթի նկատմամբ քամահրանքով: Եթե ակկադական էպոսը կորչեր, իսկ ժողովուրդը մնար, հնարավոր է, որ Գիլգամեշը հեքիաթների սորուն ժամանակի մեջ դառնար Նազարի կամ Հիմար Հանսի նման մեկը: Վերապահությամբ, որ նրա շնորհառության շեմը շատ բարձր էր, առնվազն` քրմական, և ամենայն հավանականությամբ նա կդառնար արքայազն, որն անմահության խնձորներ և այլ կախարդական բաներ է հայթայթում, իսկ կատակային կերպարներ ըստ երևույթին դառնում են ամենատարածված ու մատչելի` տարիքային ինիցիացիաների հերոսները, ինչպես, օրինակ, ալաշկերտցի Նազարը, որն այնքան էր վախկոտ ու անբան տըռալ, որ կնոջ ուղեկցությամբ էր քնելուց առաջ դուրս ելնում, ինչն իհարկե ծիծաղ է հարուցում, բայց ոչ սպանիչ, այլ ներողամիտ, որովհետև ո՞նց կարող է Նազարն ինքնուրույն միզել կամ որևէ այլ բան մարդավարի անել, քանի դեռ չի ծանոթացել համապատասխան դևերի կամ հսկաների կամ վագրի, կամ, ինչպես կտեսնենք, արջի հետ: Իսկ դրա համար նախ պետք է դուրս նետվի սովորական միջավայրից, և օրըմ լէ կը նստի ջուր թափելու, կնիկ դուռ կը զարկե վրեն: Կըսե. – Գնա՛, դոր կէրթաս գնա, իմ հոգին հ՛ելավ: Ճար կը կտրի, կը թողե կէրթա: Եվ էրթալով գնում ու ախպերանում է այս անգամ ոչ թե երեք դևերի, այլ քառասուն ավազակների հետ: Ջուր և փայտ բերելու պատմությունները կրկնվում են գրեթե նույնությամբ, և մեջտեղ է գալիս յոթնականթ մի կաթսա: Ճաշ եփելու Նազարի հերթն է, ասում են.

             Էսօր դու զատ պիտի էփիս, յոթ կանթեն պղինձ վերցնես դնես կրակի վրեն:

Կըբերե յոթ կանթեն պղնձի մեջ քար կլեցնե: Կըսին. – Էդ ի՞նչ է կենես:

Կըսե. – Ամոթ չէ՞ ընծի համար դարտակ պղինձ առնեմ դնեմ վըր կրակին:

Կըսեն. – Ախպեր, թող, թող քաշվի մեկդին, մենք կէփենք:

Զատ լէ ուրանք կէփեն, կուտեն:

Հում ինիցիանտին կաթսայում եփելու ծիսական խորհրդից, ինչպես տեսնում ենք, մնացել է սոսկ տարտամ հիշողությունն այն մասին, որ ծանր բան էր յոթկանթանի պղինձը, ամեն մարդ չէ, որ զորում էր այն դնել կրակին: Ինչևէ, Նազարը ջրի, փայտի ու կրակի փորձությունները ոչ թե հաղթահարում է, այլ ճար- պիկ մեծախոսությամբ շրջանցում` որպես նոր ժամանակների մարդ, որը որոշակի բաներ չգիտե և չի կարող, բայց որոշակիորեն ազատ է ճամարտակելու ցանկացածդ բանի մասին, և քառասուն հարամիքն էլ, երեք դևերի պես, որոշում են Նազարին սպանել: Դարձյալ քնած տեղում, իհարկե, որովհետև ծիսական մահն ու վերածնունդը քնի կամ տրանսի մեջ պետք է լինեին, այլապես աշխարհում հեքիաթ ասող ու լսող չէր մնա: Ուղարկում են Նազարին արտը ջրելու և պահակելու, գիշերով գնում են ու նրա պառկած տեղին քառասուն գնդակ արձակում: Իսկ Նազարն իր տեղը մի կոճոճիկ էր դրել ու ջլերով ծածկել, ինքը պախտըված էր խանդակում, և երբ ավազակները    գնդակների տարափով կոճը քրքրելուց հետո թողնում են ու գնում, պախտըվուկ տեղեն կելնի կուգա, կըսե. «Էրթամ պառկիմ»:

Կուգա կը տեսի օր արջըմ էն թարաֆեն կուգա, հ՛ինք հ՛ախու կըբոռա, արջ կը վախենա, թալե զինք ձորու մեջ կը սատկի: Կը քաշե, բերե ձգե ուր կուշտ, կը պառկի քնի:

Կրակոցներն անտեսած ու Նազարի հանկարծակի բղավոցից վախեցած այս արջը թումանյանական վագրն է: Եվ եթե Տիգրանն առավելապես ասիական է, ապա Արթուրը և մեղրակեր մյուս Ուրսուսներն ու Արտոները (չկարծեք խնդրեմ, թե մեր Արտավազդին եմ ակնարկում. arto գալլերեն է արջ նշանակում) նաև եվրոպական ու ամերիկյան են. արկադիական հույներն ու Կլոր սեղանին դեռ չմոտեցած կելտերը և լապլանդական շիկահերներն ու ամերիկյան կարմրամորթներն են ամբողջական մարդ դառնալու համար մենամարտել այս արջի հետ, որը վախեցած Նազարի մի բղավոցից ընկավ ձորն ու սատկեց: Իսկ ավազակներն առավոտյան գալիս են, որ Նազարին հորեն, չմնա` հոտի, բայց կը տեսին օր սաղ նստուկ ա:

Կըսեն. – Ի՛մալ ա, գիշեր ըռհա՞թ քնար:

Կըսե. – Ըռհաթ քնա, բըլե լվեր շատ խածեցին:

Կըսեն. – Էդա առջ ի՞նչ է:

Էդ առջ լէ էկավ ու կերթեր, ճըլոթըմ զարկի, սատկավ:

Հ՛ընկերտիք կըսեն. – Էդ առջուն օր ճըլոթով մի կը

 

սպանե, ըպա մենք ի՛մալ ընենք օր փրծնանք էդոր ձեռնեն:

Կըսեն. – Օր հըմալ է, գիշերս էռցունք պղինձ մի ջուր, օր քնավ բերենք հ՛ըլնանք գլխու վրեն, թը չէ` էլ ուրիշ

ճար չկա:

Դարձյալ մեջտեղ է գալիս պղինձը: Իսկ Նազարն իրազեկ է, և կելնի կոճոճիկ կը դնե ուր տեղի մեջ, հ՛ինք կէրթա կը մտնի խանդակ պախտըվի:

Բերում եռման ջուրը լցնում են անկողնուն, թողնում գնում: Առավոտ վաղ ասում են. Հ՛ելնինք էրթանք մըկա մեր հ՛ընկեր խաշիր է, էրթանք բերինք հորինք: Կէրթան տեսին սաղ սալամաթ նստուկ ա տեղ: Կըսեն. – Ի՛մալ ես, գիշեր ըռհաթ քնե՞ր ես:

Կըսե. – Ըռհաթ քնա, համա շատ իմ քրդներ:

Կըսեն. – Ջա՛նըմ, էդալմա չէղնի, էռման ջուր լցեցինք վրեն, կըսե. «Քրդներ իմ», հ՛ելեք բաժնվինք:

Թե էրկու կոտ օսկի կը հասնի էդոր, իրեք կոտ կիտան, կըսեն. «Մեզնե թըղ բաժնվի, հեռենա»: Բայց Նազարը ո՞նց կշալակի երեք կոտ ոսկին: Ծանր մետաղ է:

Կըսե. – Վո՛լլահի, ընծի ամոթ չէ՞ ես իրեք կոտ օսկի շալկեմ էրթամ. ինչ խըտար ես գացեր եմ խուրբաթ` յոթ-ութ կոտ օսկի եմ բերի, վո՛լլահի, ես չըմ տանի: Ծանոթ պատմություն: Կըբերին դնին մեկ հ՛ընկերոջ շալակ, ինք լէ կելնի կը նստի վրեն: Հարամին գալիս հասնում է տուն, ոսկին գցում է թախտին, փնչում, Նազարը կպչում է առաստաղին:

Կըսե. – Հ՛որի՞ հ՛ելար կպար հ՛առիք:

Կըսե. – Իմ հոր ժամանակվնե թուրըմ կա պախուկ, հ՛ելեր եմ բերեմ քու գլուխ կտրեմ:

Հարամին կը թողե փախնի:

Կիջնի գա ցած, կըսե. – Կնիկ, արի՛, Աստված տվեց մըզի:

Կառնին հ՛իրար ու կնստին, կուտեն ու կը խմեն:

Աստծուց իջավ իրեք խնձոր, մեկ ասողին, մեկ լսողին, մեկ լե...

Հոգեբանական եզրը չանտեսենք: Յուրաքանչյուր ասող ու լսող սեփական նազարության չափն ինքը գիտե, և ամենքն էլ անշուշտ ունեն թաքուն վախեր ու ծածուկ թուլություններ, նաև` երջանիկ շրջադարձի ու բարեհաջող վախճանի հաստատուն երազանք և տարտամ համոզմունք, բայց Նազարն իհարկե այն հերոսը չէ, որի հետ ունկնդիրը որևէ պահի նույնացնում է իրեն, այլ հակառակը` հակահերոս է, որի պռատ թերիությունը ծաղրելով իրեն անթերիորեն ամբողջացնում է: Եվ հետաքրքիր է, որ Նազարն արհամարհանքի է արժանի, ասենք, Ավետիք Իսահակյանի փոխադրության մեջ, իսկ ժողովրդական հեքիաթներում (և Թումանյանի գրչի տակ) Նազարին չխնայվող քամահրական բնութագրումներն ի վերջո ձևավորում են սոսկ բավականին մեղմ և անգամ բարեհոգի հեգնանք: Ո՞րն է այս ներողամտության պատճառը: Ֆրոյդի հետևորդն անմիջապես մի չորս բացատրություն կարող է տալ` ասողի ու լսողի թերարժեքության բարդույթները պարզող, Յունգի դպրոցի հոգեվերլուծողն էլ անհապաղ կհերքի դրանց պարզունակությունը` մատնացույց անելով Նազարի ոչ թե կնոջը, այլ տան վրա փայլող լուսինը, իսկ բացառելի չէ, որ Քաջ Նազարի հեքիաթում կարևորը ոչ թե Նազարն է, այլ Քաջը, ոչ թե պակասավոր գոյության տրվածությունը, այլ աստվածային շնորհի հնարավորությունը, ոչ թե մշտապես ժամանակակից ոչնչությունը գահի վրա, այլ հավերժական արարողության մոռացված կնիքը յուրաքանչյուրիս հոգում, մի խոսքով` ոչ թե վախկոտը իմացության ծառի վրա, այլ քնած վագրը` կենաց ծառի տակ: Եվ քլթքլթացող կաթսայի մեջ:

 

17.Խելք կա, փարա չկա

Կէղնի, չէղնի, քանց Աստված աղեկ չէղնի, մարդմ՛ կէղնի: Փողոցներ կօլըրդի, կպոռա ու ինքն ուրեն կկանչե. – Խելք կա, փարա չկա, խելք կա, փարա չկա:

Սա շատ հրատապ մի բան է թվում, որովհետև հատկապես հիմա կարծես թե ամենքի ասածն էլ այդ է` խելք կա, խելքի եղածն ի՞նչ է, որ չլինի, հիմա՞ր ենք, ինչ է, որ խելք չունենանք. փող չկա, փող:

Չկա նաև մեկը, որ հակառակից գանգատվի: Նրանք, ովքեր ըստ ամենայնի լիակատար հիմքեր պետք է ունենային դրա համար, ամենաշատն են տրտնջում, թե ծավալվելու առիթ ու նախաձեռնության հնարավորություն չունեն, իրենց ոլորտն անբավարար է ֆինանսավորվում, ներդնող ու վարկատու չկա և նման այլ բաներ, որոնց մեջբերմամբ չարժե մեր հեքիաթներն աղտոտել: Իսկ արդյո՞ք միշտ և ամենուր է այսպես եղել:

Ժամանակի հարցը մշուշոտ պարզ է. ոչ մեր ժամանակներում է այս խնդիրն առաջացել, ոչ էլ հեքիաթասացների, այլ հայտնվել է ըստ երևույթին հենց փողի հայտնվելու հետ և ամենուր, որտեղ դրամական հարաբերությունն է ի հայտ եկել: Մասնավորապես տարածված են այս մեր հեքիաթի արաբական զուգահեռները, սակայն առաջնայնության խնդիրը քննելի չէ և առեղծվածային է, քանզի լայնածավալ ընդգրկուն էր հին աշխարհում հայոց աշխարհը, և մերոնք ժամանակին Բաղդադ ու Հալեպ ավելի հաճախ էին առևտրի ու թրև գալու գնում, քան հիմա դեպի հյուսիս ու արևմուտք, իսկ այս տարբերակն ասացողը Մուշ քաղաքի փողոցները նկատի ունի` պատմելով մարդու մասին, որն ինչ խըդար փողներ կօլըրդի, կպոռա ու կկանչե. – Խելք կա, փարա չկա:

Մի օր սրան մի հարուստ վաճառական` թուճար հ՛ըռաստ կիգա, կասե. – Ջանը՛մ, քու խելքն ի՞նչ է օր կպոռաս «Խելք կա, փարա չկա», ասե տեսնամ:

Էդ մարդն է, կասե. – Ես չըմ կռնա ասիմ իմ խելք, տո՛ւր զփարեն, հանտե կտեսնաս իմ խելք ի՞նչ է: Թուճար կհանե հինգ հարիր օսկի կիտա, կասե. – Հա՛ն զքզիկ փարա, զքու խելք ցուցու ընծիկ:

Մարդն այս ողջ փողով ծղոտե խսիրներ է առնում, մի մեկուսի տեղ կրակ տալիս, սարքում մոխիր: Թուճարին լուր են տալիս, թե փողդ վառեց, արեց փոշի, դրեց գետին: Սա շուկայի լայնք ու երկայնքով վազվզում է, գտնում, ասում. – Էկո՛, տեսնամ ինչ իս էրի, քու խելքն օր կասեր է՞դ էր:

Մարդն կասե. – Իմ խելքն էդ է, կհավնիս, տուր զքու փարեն, չըս հավնի` դու քզիկ, ես` ընծիկ:

Թուճարն է, հինգ հարիր օսկու կսկծուն, հինգ հարիր լէ կհանի կիտա, կասե. «Տեսնամ էդորնէ ի՞նչ կէլնի»: Մարդն այս ողջ փողով պարկ ու ջվալ է առնում, խսիրների մոխիրը լցնում է դրանց մեջ ու կրկին կէլնի կընկնի շուկի մեջ, կօլըրդի ու կասե. «Խելք կա, փարա չկա, խելք կա, փարա չկա՚ ու կէրթա շուկի լենք ու հ՛էրկենք կիգա:

Թուճարը, բնականաբար, կրկին հաշվետվություն է պահանջում, բայց մարդն իր հեռանկարային ծրագիրն ավարտին հասցնելու համար իր հերթին պահանջում է արդեն հազար ոսկի, որպեսզի ներդնողը «բալքիմ զըմեն բիրտան առնե», և (անքննելի են վարկատու հոգիները) թուճրի ճար կկտրի, հազար օսկի լէ կհանե կիտա:

«Խելք կա, փարա չկա» ասող մարդը մի նավ է գնում, չորս մշակ է վարձում, մոխրով լեցուն պարկերը բարձում է նավն ու ճամփա ընկնում:

Չորսամսյա նավարկությունից հետո, որի ընթացքում «իսկի շենլիկ հ՛ըռաստ չիգա, տակ ուրանց ջուր, վերև ուրանց հ՛երկինք մինակ կժանգռտա», հասնում են մի լեռնոտ կղզի, որտեղ բնավորված տարբեր գազաններ են վխտում: Մշակներին իրենց անելիքը սովորեցնելուց հետո մարդը մի երկար փայտ է առնում, ափ է ելնում ու սկսում է փայտով գազանների որջերը խթել, ու բզբզել: «Ջանավարներ կօռնան ու կփախնին ծովու դին»: Մշակները բաց են անում պարկերն ու մոխրափոշին լցնում նրանց վրա: Գազանները կուրանում են և, իհարկե, լցվում են ծովն ու խեղդվում: Այս հաջող գործողությունից հետո մարդն առնում է մշակներին, պարկերն ու գնում է կղզու խորքը: Դու մի ասի` ծովու միջի էդ սար անգին քարերի սարն է էղի: Հինգ հարյուր պարկերը լցնում են անգին քարերով: Այստեղ սինդբադությունն ավարտվում է և սկսվում է պիկարոյական վեպը:

Տունդարձի նավարկության ճամփին մշակները նենգամտում են ու խորհում գանձին տիրանալ` գանձատիրոջն սպանելով, բայց սա խորաթափանց է և կանխում է ոճիրն ու առաջարկում գանձն իրենց միջև հինգ տեղ բաժանել. Ախպրտա՛նք, էդա անգին քար մենք հ՛ո՞րի տանինք անդատել ու անբանել թուճրի հետ կիսինք. հինգ հարիր ջվալ չէ՞, հարիր` քզիկ, հարիր` քզիկ, հարիր` մեկ ախպոր, հարիր` մեկէլ ախպոր, հարիր լէ` ընծիկ:

Համաձայնվում են, բայց երբ հասնում են նավահանգիստ, մարդը մշակների կռներից բռնում` նավից դուրս է շպրտում. Դուք ի՞նչ շուն իք օր ձզիկ բան տամ, իմ խելք չէղներ` ձըր բերա՞ն պիտի բերեր, ձըր հախ առեր իք, թողեք գացեք:

Մշակները ծոծրակները քորելով փոռ ու փոշման թողնում գնում են: Խելոքն ավետիս է ուղարկում ներդնողին, սա գալիս է պարկերն ուրախ-ուրախ տանում պահեստավորում, հետո իր հերթին նենգամտում է ու խորհում. «Քանի սաղ իմ, հերիք է ընծիկ, վալա~յի, էդ մարդուն քարըմ չպիտի իտամ խոթե ուր աչք»: Եվ բռնում է խելոքի ձեռքից ու դուրս շպրտում: Սա էլ ձեռքը ծոցում, ականջակոթը քորելով գնում է ու գտնում իր բախտակիցներին: Միասին մտածում են, թե ինչ անեն: Մշակներն առաջարկում են կողոպուտ, խելոքը նախընտրում է գողությունը, ի վերջո կանգ են առնում առևանգման վրա:

Դարանակալում են թուճարի զբոսանքի ճամփին, բամփում են գլխին, տանում նավ ու ծով դուրս գալիս: Առևանգվածն, ուշքի գալով, իհարկե առաջարկում է. «Զիս տարեք քաղաք, ինչ կուզիք, կիտամ»: Բայց խելոքն էլ, իհարկե, ծաղրում է նրա խորամանկությունն ու մահվան սպառնալիքով հրամայում, որ նամակ գրի իր որդուն: Սա ճարահատյալ գրում է. «Տղա, էն հինգ հարիր ջվալ անգին քար օր դրուկ է ֆըլան տեղ, էդա մարդիկ օր կիգան հ՛ուզին, տվեք թըղ առնին էրթան»: Երբ գրում է պրծնում, ՙԽելք կա՚ ասողը դիմում է ընկերներին. Ձզիկ տեսնամ, բռնեք զթուճրի օտք ու ձեռք, լոռտեք ծովու մեջ, հեղըմ լէ էդ տեսակ ճըլաքութին չէնե: Մեկ լէ, օր սաղ մնա, մզիկ լազաթ չպիտի տա:

Կվերցուն ու չըրո~մփ, ծովու մեջ: Թուճարն կխեղդվի: Զկյամու գլուխ կթորկին, կիգան, կբերին թուղթ կիտան թուճրի տղին, կառնին զհինգ ջվալ անգին քարն, կտանին կիսին վիրարու, նոր կփթնին, կազատին:

Իսկ հասկանալու համար, թե ինչի՞ց են վերջապես փրթնելով ազատվում, խելք է պետք: Բայց դա էլ հո փո՞ղ չէ, որ չլինի: Այն էլ մեր կողմերում, որտեղ բոլորն էլ խելոք են: Բայց փող չունեն: Ահավասիկ մի գայթակղություն, որը դրդում է հեքիաթից շեղվելով գայթել այնպիսի մի բանի վրա, ինչպիսին փողն է: Հարցահունչ ամերիկյան տխմարաբանությունը` «Եթե այդքան խելոք ես, ինչո՞ւ այդքան հարուստ չես», վաղուց դուրս է ծավալվել անգլոսաքս մտածողության շրջանակներից ու տարածվել աշխարհի մի մեծ մասում և հիմա մեզ է նաև որոշակիորեն առնչվում ե՛ւ անհատապես, ե՛ւ ազգովին: Ինչո՞ւ: Չլինի՞ թե իրոք մարդու աշխարհիկ կեցությունն է որոշում նրա գիտակցությունը: Ոչ հեքիաթային, իհարկե: Իսկ ինչո՞ւ չենք կարող յանկիական այդ տխմարությանը դիմադարձել թեկուզև համեստ հպարտությամբ, թե` ի՞նչ կապ ունի իմ ծով խելքը հարստության մասին քո ճղճիմ պատկերացումների հետ: Երևի կարող ենք, բայց չենք կարողանում, որովհետև... կապ ունի: Կամ` սկսել է ունենալ, և հնարավոր չէ անտեսել հաճախակիացող զարմանքը, թե ինչո՞ւ ենք այսքան աղքատ, երբ այդքան խելոք ենք: Թե՞ խելոք չենք:

Միմյանց հանդիպելիս գոյաբանական կենսորոշուների տարբերությունը հաճախ զավեշտական կերպավորումներ է ստանում, երբ, օրինակ, Հայաստան է գալիս որևէ «արևմտյան փորձագետ», որին որպես բարբաջանքի ժամավճար հենց հայերին տրված վարկից են փող վճարում, իրար գլուխ է հավաքում մի երկու տասնյակ վճարողների և իր կամ թարգմանչի կոտրած լեզվով սկսում է բանախոսել: Հայերն էշի քաղաքավարությամբ լսում են ու զարմացած մտածում, թե ինչու է այս ապուշն իրենց ինքնըստինքյան հասկանալի բաներ բացատրում: Եթե հոգեբանական պատնեշները հանկարծ հաղթահարվեն և անհեթեթությունն ի հայտ գա, փորձագետը ոչ թե կշփոթվի, թե ինչ է անում այստեղ, այլ կտարակուսի. եթե այս հիմարներն այդքան հիմար չեն, ինչո՞ւ են հապա այդքան աղքատ: Սա նրանց գլուխը չի մտնում: Մերը, երևի, նույնպես:

Անհաշիվ կարողության տեր նաբոբն Արևելքում երբեք էլ ավելի իմաստուն չի դիտվել, քան կիսամերկ որևէ դերվիշ կամ յոգ, և մեր հոգեկերտվածքին նույնպես խորթ է մտայնությունը, թե հարուստն անպայման խելոք է, իսկ աղքատն` անպատճառ հիմար: Հաճախ միանգամայն հակառակ պատկերացումն է առկա ստոր շահամոլի և վեհանձն ու լոթի մարդու մասին, որը թքած ունի ե՛ւ աղքատության վրա, ե՛ւ հարստության: Այս վերջին ծայրահեղությունն, ասենք, շվեյցարացու կամ նույն ամերիկացու աչքում ոչ թե սոսկ ախմախություն է, այլ գրեթե սրբապղծություն, բայց բնավ հարկ չկա պարծենալով հակադրվելու, թե մենք անկախ ամեն ինչից ահավասիկ հոգևոր ենք, իսկ նրանք` ընդամենը նյութապաշտ` թող որ պաշտամունքի այդ նյութը փայլուն է փաթեթավորված: Այդքան էլ պարզ չէ ամեն ինչ: Կալվինիստական աշխարհընկալմամբ, որը մեկուկես կամ երկու տասնյակ սերնդի ընթացքում տասնյակ միլիոնավոր մարդկանց համար միս ու արյուն է դարձել (շրջանցելով հաճախ միտքն ու հոգին), մարդը միայն համառ աշխատասիրությամբ ձեռքբերած բարեկեցիկ հարստությամբ կարող է հավաստիանալ, թե գուցե (!) այլևս պիղծ ու մեղավոր չէ Աստծու աչքում, թե գուցեև մաքրվել է նախածին մեղքից և արժանի դարձել երկնային արքայությանը, որի նախանշանակները երկրային կյանքում իր հաջողություններն են, կանոնավոր կյանքն ու տքնությամբ վաստակած հարստությունը: Աղքատն ու թշվառը հայտնապես դատապարտված է դժոխքի, քանի որ նրա նախածին մեղքին հավելվում են արդեն իսկ այս կյանքում Աստծո անբարեհաճության վկայությունները: Այդ գաղափարախոսությունն, իհարկե, քրիստոնեության հետ ոչ մի եզր չունի, և հետաքրքիր է, որ Հին Կտակարանը, հրեական միջավայրից բացի, ոչ մի տեղ այնպիսի ջանադրությամբ չի ընթերցվել, որքան նահապետական Ամերիկայում (թվացյալ անհեթեթությամբ հանդերձ այս բառակապակցությունն այնուամենայնիվ գոյության իրավունք ունի, բայց այս ո՞ւր ենք հասել), որտեղ կալվինիզմը` մեծ տարածքների արկածախնդրության և հրեական գործարարության համադրմամբ իրոք բոլորովին նոր աշխարհի մի աշխարհընկալում ձևավորեց, և այսօր իրեն բապտիստ, մեթոդիստ, աթեիստ թե բուդդիստ անվանող ամերիկացու զարմանքը բնավ չարախնդությունից չէ, այլ անկեղծ տարակուսանքից. եթե դու այդքան խելոք ես, ինչո՞ւ այդքան հարուստ չես:

Քաղաքակրթական այն դաշտում, որտեղ մեզ հետ հույներն են, ռուսներն ու էլի ոմանք, ավելի շուտ ուղտն ասեղի ծակով է անցնում, քան հարուստը մտնում է երկնի արքայություն, թեպետ, ասենք, հայն ու հույնը պակաս աշխատասեր ու պրպտուն չեն, քան որևէ հոլանդացի: Կաթոլիկական դաշտի բնակիչը նույնպես չի կարող, ենթադրենք, Ֆրանցիսկ Ասսիզացուն երևակայել որպես միլիոնատեր: Անապատականների ժամանակներն անցել են, և բոլորն էլ երևի ուզում են լինել հարուստ, չաղ ու բախտավոր, բայց իսկապես հավատացյալ թե սոսկ ավանդույթով քրիստոնյան գիտակցությամբ ու ենթագիտակցությամբ գիտե, որ աշխարհիկ հարստության դիմաց, դրա ճանապարհին և արդյունքում որոշակի գին է վճարելու, իսկ իմացյալ կամ իներցիոն կալվինիստի գիտակցության և ենթագիտակցության մեջ հարստությունը ոչ միայն իր աշխատանքի պարգևն է, այլև ցասկոտ Աստծո գնահատականը` թողության երաշխիքով: Վերադառնալով մեր թաղերը` տեսնում ենք, որ Մանզակերտ քաղաքում նույնպես մի տղա կար, որի սովորությունն ինչ էր` կընկներ քաղքի մեջ, ձեն տալով կը զըվըռներ. – Խելքս շա~տ ա, մա՛լ չունիմ:

Այնքան այսպես ձայնելով զվռնաց, մինչև քաղաքի ամենաերևելի վաճառականը մի օր կանչեց նրան բերեց իր մոտ ու ասաց. – Դու էտ ի՞նչ էր ձեն տվիր:

Ասեց. – Աղա, իմ սովորութեն էտմալ ա:

Ասեց. – Արի քեզի մի հարիր մանեթ փարա կիտամ, քեզի մեկ դուքյան կիտամ, տարին օր թըմըմավ, գուգամ քու խելքի շատն ու քիչ գիմնամ:

Նստեց տղեն էտ դուքյանում և մանրեղեն առավ ու ծախեց, բերեց մեկ գանձատուփ` չաքմաճա շինեց, աշխատանքը թալեց չաքմաճի մեջ, էն հարիր մանեթին միշտ ապրանք պահեց ուր դուքյան, հ՛եվելի աշխատանքը թալեց չաքմաճեն:

Տարին օր թըմըմավ, բազրկյանը էկավ, էկավ նստեց, ասեց. – Խելքի՛ց շատ, բե տեսնիմ ի՞նչ ա քու աշխատանք:

Ասեց. – Ես չեմ գինա, չաքմաճեն գինա:

Չաքմաճեն քաշեց բերեց դրեց բազրկյանի հ՛առէջ, հաշվեց, հարիր մանեթին էրկու հարիր մանեթ աշխատանք էր բերե մի տարվա մեջ:

Բազրկյանն ասեց. – Իմ ջան դուս գա, քեզի պես տղեն իտա կեղտոտ դուքյանի մեջ թողիմ նստի, – վերցուց տարավ դրեց ուր թոփածախս դուքնի հ՛առէջ: Իմալ բախտոտ էր Խելքից շատը, օր բիրադի քաղաքի առուծախսը դարձավ ուրուն վրեն:

Բազրկյանը շատ սիրեց Խելքից շատին:

Այնքան, որ մի գեղեցկուհի աղջիկ ուներ` լույսի կտոր, որին մեծամեծների ու հարուստների տղեկներ էին խնամախոսում, բայց ի վերջո նշանդրեքի վիպական պատմությամբ ամուսնացրեց Խելքից շատի հետ: Իսկ երբ եկավ ժամանակը, որ քաղաքի վաճառականները պետք է մեկնեին առևտրի, բազրկյանը, որը նրանց գլխավորն էր, քառասուն ջորեբեռ ապրանք բեռնեց, հավաքեց գործընկերներին ու ասաց. Իմ տղեն ձեզի ամանաթ կիտամ, իմալ օր ես ձեզի կտանինք կբերինք, դուք էլ իմ տղեն տարեք բերեք:

Ասեցին. – Մեր աչքի վրա, քու լավութեն մեր վրա շատ ա, էտ քու տված հացն ա օր մենք կուտենք:

Բարև մնա էղան իրարուց, ընկան ճամբախ գացին:

Բայց առաջին իսկ կայանատեղում վաճառականներն իրենց մեջ դավադրեցին, թե բերեք ամեն գիշեր այդ նորելուկի բեռներից մեկը գողանանք. քառասուն օր ճամբախ կէրթանք, քառասուն բեռ ապրանք ունի, չուրի հասնենք տեղ` օրը մեկ բեռ գողանալով ապրանք կը վերջացունք, հըմալ էնինք օր էտի մեկ էլ ոտք քաղաք չթալա, բազրկյանի երես չելնի:

Առավոտյան բեռները բարձեցին, ջորիներից մեկը մնաց անբեռ: Ծառաները եկան, թե. Աղա՛, ղաթըր կա, բեռ չկա:

Որ հըմալ է, իմ բեռներ թափեք:

Բազրկյաններն ասին. Բառձի, ինչի՞ թափեցիր:

Ասեց. – Գացե՛ք, Աստված ձեզ հետ էղնի:

Ընտոնք օր հեռեցան, բեռներ տվեց բառնալ, շիտկեց ղըռով գնաց: Ասեց. «Ես էտոնց էրթած ճամփով չեմ էրթա»:

Հինգ օր կամ տասն օր գնաց, գնաց հասավ մեկ էրկիր, տեսավ հըմալ սով էր ընկել, օր անոթութենե ծովու ձկներն էլ կը լկլկին: Եվ սովի պատճառն էլ, պարզվեց, հացի պակասությունը չէր, որովհետև հացի պահեստները լիքն էին ցորենով. գնաց այդ ամբարների տիրոջը գտավ, հարցրեց. Ի՞նչ խըդըր ցորեն ունիս:

Ասեց. – Ինչ խըդըր հ՛ուզիս` ունիմ:

Չափ ու քանակի խնդիր, ուրեմն, չկար, պարզապես բնակչությունը գնողունակ չէր (իսկ անոթությունից լկլկացող ձկները նո՞ւյնպես): Ինչևէ, տղեն օրը հինգ ամբար հաց առավ, տվեց փռեր թխեն, չորս խալվար ցրվեց քաղաքացուն, մեկ խալվարն էլ բրդեց, թափեց ծով: Քառասուն օր պահեց ծովու ձկներն էլ, քաղաքացին էլ: Քառասուն օրից ետ էտոր կարողութեն պրծավ, իմալ էղավ, օր նոքարները հաց կուզին, հաց ձեռ չէր ընկնի: Ձկները գնացին իրենց թագավորի մոտ, ասացին. – Մի բարի հողածին է եկել, քառասուն օր հպատակներիդ պահեց, նա որ չլիներ, ամենքս կկոտորվեինք:

Թագավորը մի քող տվեց, ասաց. – Բերեք ինձ մոտ այդ հողածնին:

Երեք ձուկ եկան, հասկանալի լեզվով ասեցին. –

Աղա՛, մեր թագավոր քեզի կը խանչա:

Ասեց. – Ախր դուք ձուկ իք ծովի մեջ, ես իսան իմ` կը խեղդվիմ:

Էն քողը տվեցին, ասեցին. – Առ էտի էծկա գլոխդ, էլ չը խեղդվիս, մենք քեզի կըտանինք:

Քողը ձգեցին գլխին, նստեց ձկների մեջքին, տարան: Ճանապարհին էլ սովորեցրին, թե պարգևառության եռակի առաջարկից հետո թագավորի հրաշալի սփռոցը կուզես: Եկան, գլուխ տվեց, թագավորի հրամանով նստեց, թագավորն ասաց. – Հողածի՛ն, էն լավութեն օր դու ես էրի, – ասեց, – հ՛ուզա տամ:

Տղեն համեստորեն ասեց. – Քու սաղութեն գուզեմ: Մեկ էլ ասեց. – Հ՛ուզա տամ:

Երրորդ խոսքից հետո տղեն ասեց. – Մեկ սուփրա ունիս, էն սուփրեն տուր:

–             Քու սովրցնողի վիզը կոտրի, – ասեց թագավորը:

–             Խոսքս գացեր ա, բերեք տվեք:

Բերեցին տվեցին, շնորհակալություն հայտնեց թագավորին, ձկներն էլի տարան ափ հանեցին: Եվ իրենց մեջ քննարկում էին, թե «Թագավորն այս մարդու հացը չէր կերել, հրաշալի սփռոց նվիրեց, հապա մե՞նք ինչ պիտի անենք»: Եվ ընկան ու ծովի մեջ ինչքան անգին քար կար, ժողովեցին բերեցին ափ: Լուսն օր բացվավ (ուրեմն գիշերով էր եղել` ինչ եղել էր) Խելքից շատը ելավ ու տեսավ` ծովափը շողշողում է գոհար ակներից: Ասեց ծառաներուն` ձիու փեյինները շաղեցին, ամեկու մեջ վեց հատ կամ ութը հատ դրեց ու քյարփինջ թափեց: Եռսուն ութ բեռը ըտրնե բռնեց` գոմաղբե աղյուսներով, որոնց մեջ գոհարներ էին, էրկու բեռն էլ խամ աթար բռնեց: Բեռներն օր բռնեց, պրծավ, էկավ քաղաքացոց շնորհակալություն առավ, քաղաքացիք էլ ուրանից շնորհակալություն առան, ու ընկան ճամփախ: Էկավ հունվար ամսու մեկ օր բեռները թափեց էն տեղը, օր վախտին բեռը կորեր էր: Քիչ մնաց, տեսավ մեկ բազրկյան էլ էկավ, չուրի մութն առավ` քառասուն բազրկյանն էլ էկան ժողովվան մեկ տեղ:

Հունվար ամիս էր, ձմեռ, ցուրտն ու բուքը տվեց վրեները, տղեն ծառաներին ասեց. – Խամ աթարներից մեկ բեռ բերեք վառեք, տաքացեք:

Օր վառեցին, կրակը բանցրցավ, տեսան մեկել բազրկյանները ուրանց ծառաներուց էրկուսը

ճամփեցին, թե. – Գնացեք տեսեք էտ ի՞նչ վառելիք ունին, օր էտպես գյուռ-գյուռ կը վառին:

էկան հարցուցին: Ասին, թե. – Մեր բեռներ բիրադի աթար ա: – Չհավատացին:

Ասեցին. – Էկեք տեսեք: – էկան տեսան օր ամբողջ աթար էր: Գացին ուրանց բազրկյաններին ասին, թե` «Էտոր քառսուն բեռն էլ աթար ա»:

Ասեցին. – Գացեք մեկ բեռ բերեք` վառենք: Էրթանք քաղաք էրկու բեռ տանք:

Տղեն էլ ասեց. – Էրկու բեռ չենք ուզե, ինչ աթար տամ, էն աթարից տան, միայն գացեք պայմանը գրեք բերեք:

Պայման գրեցին, կնքեցին: Հաջորդ առավոտ Խելքից շատը հապաղեց ու ծառաներին ասեց.Մի բառնեք, թող ըտոնք հ՛առէջ էրթան:

Վաճառականները հասան քաղաք ու լուր տարան, թե տղեն քառասուն բեռ գոմաղբ է բերել:

Բազրկյանբաշի աներն ասաց. Օր քաղաք մտեր ա, գլոխ կիտամ զարկել:

Եվ համապատասխան նամակ գրեց Խելքից շատին: Սա էլ մի գիշեր իջևանելու իրավունք խնդրեց: Թույլ տվեցին, թե. Թող էրթա ֆըլան ղազանոց սըթըրվի: Խելքից շատը գնաց այդ կիսավեր թռչնանոցում իջավ, հրաշալի սուփրեն բացեց, իր ծառաների հետ կերավ, խմեց ու քեֆ արեց: Իսկ բազրկյան բաշու գեղեցկուհի աղջիկը շատ խնդրեց մորն, ասեց. Մի էրկու հաց տուր տանիմ Խելքից շատին, ճամփուց է էկե, անոթի կէղնի, մեկ էլ երեսը տեսնիմ...

Չարսավը քաշեց գլխուն, գնաց, գնաց հասավ ղազանոցի մոտը, տեսավ օր շատ զարմանալի լուս կերևեր ղազանոցից: Գնաց փանջարից իշկեց, տեսավ Խելքից շատը մեկ սուփրա ա փռե, օր էտոր դեմ հեչ բան չարժենա ուր հոր կարողութեն, բիրադի անգին քարից, չամ չրաղից, ակունքներուց:

Ախչիկ դարձավ էկավ տուն, մորն ասեց. – Ես գինամ օր իմ Խելքից շատ էն տղեքներուց չէ...

Եվ պատմեց հրաշալի սփռոցի մասին: Մերն էլ գնաց հորը պատմեց, բազրկյանբաշին ելավ ծանր-ծանր վազեց հասավ ղազանոց, օր տեսավ սուփրի կարողութեն, խելքը գլխուց գնաց: Ուշքի բերին, ասեց. – Լա՛վ, հ՛ելի բարձի էրթանք, մարդ չտեսնի մեզի:

Տղեն ասեց. – Չէ, արևը պըտի էրկու բոյ էլնի, նոր բառնամ գամ:

Լուսն օր բացվավ, արևն առավ, մեր խելքից շատ բարձավ բեռներն ու գնաց: Բազրկյանները հ՛ըմմեն տեղ ասեցին, թե աթար ա բերի: Սաղ քաղքըցիք ժողվան էկան, հա՛ էրեցին, հո՛ւռա էրեցին, ծիծաղեցին: Քշեց բեռները, բերեց բազրկյանբաշու դուռը թափեց: Բազրկյանն ասեց. – Որդի՛, թող ծառաները տեղավորին, դու քրտնած ես, ներս արի:

–             Չէ, – ասեց, – չէղած բան ա: Քանի օր իմ մեկ բեռ դուրս ա, ես ներս պիտի չիգամ: – Քաշեց բեռները էն լավ օթախի մեջ, նոր էկավ, բազրկյանբաշու մոտ նստավ:

Վերջաբանը թագավորի պալատում է: Շրջագայությունից վերադարձած երեսունինը վաճառական թագավորին իրենց ընծաներն են բերել, Խելքից շատն էլ մի սկուտեղ է մատուցում, վրայի քողը քաշում են, չորս աղյուսաձև կտոր գոմաղբ է մեջը: Թագավորը հերսոտավ, ասեց. – Ընձի ի՞նչ համարեցիր, օր էտ աթարը բերեցիր, թե հայվան կը համարեր, խոտ դարման բերեր:

Խելքից շատ խնդրվավ, ասեց. – Իրավունք տուր ջարդեմ էս աթարները:

Ջարդեց, ամեն մեկու մեջեն չորս հատ անգին քար հանեց, սրբեց, դրեց վար: Թագավորի գլուխը ուռավ, փափախը գլխուց ընկավ, թե. – Ես թագավոր իմ, էտ մեկ քարի կարողութեն չունիմ, էտմալ էլ հարստութեն կէղնի՞:

Բազրկյաններ օր էտ քարերը տեսան, մռթները ճղավ, արուն թափավ: Պայմանագրում էլ դրոշմված ու կնքված է. «Ինչ աթար առնինք, էն աթարից տանք»: Դե՛, տվեք:

Ամենանաշատն աներն էր խանդավառվել, բայց տղեն ի վերջո նրա եռքը մեղմեց, մեկուսի ասեց. Բազրկյան բաշի, մի՛ շատ բարկանա, էտ աթարից չեմ տվե, խամ աթար եմ տվե:

Ասեց. – Բա ի՞նչ էնինք:

Ասեց. – Օր շատ ոտքդ ձեռքդ գըյնին, բախշա: Թագավոր, նազիր վեզիրով ընկան մեջ բարիշութեն էցկեցին մեջներ, շատ օր ոտ ընկան, բազրկյանբաշին բաշխեց: Պայմանը տվեցին ճղեցին: Հարսնիք բռնեցին, յոթն օր յոթը գիշեր հարսնիք էրեցին. էն հասավ ուր մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին: Աստծուց իրեք խնձոր իջավ, մեկը ասողին, մեկը լսողին, մեկն էլ ականջ էնողին:

Հիմա լսելով ու ականջ դնելով կարող ենք նաև տեսնել ու հասկանալ, որ այս պատմությունները` սխեմատիկ թվացյալ ընդհանրությամբ հանդերձ, իրական ոչ մի կապ ու առնչություն չունեն ամերիկյան առասպելի հետ կոշիկ մաքրող տղայի մասին, որը նույնպես խելք ուներ ու փող չուներ և իր ուշիմության ու աշխատասիրության շնորհիվ դարձավ միլիոնատեր մագնատ ու կապիտալիզմի շնաձուկ: Ոչ մի զուգահեռ չկա, որովհետև այս հեքիաթների հերոսները գործարար նպատակահարմարության տեսանկյունից անում են պարզապես անհեթեթ ախմախություններ, փողը վառում են ու ջուրն են գցում, ինչը ոչ մի Հենրի Ֆորդ, օրինակ, իրեն թույլ չէր տա: Մեկը հարյուրավոր ոսկիների արժողությամբ ծղոտ է վառում ու մոխիր շինում, որ տանի ծովի մյուս կողմն ու թոզ փչի կատաղի գազանների աչքին, մյուսն իր ունեցվածքը վաճառում ու հաց է առնում, որ մանրելով լցնի ջուրն ու կերակրի ձկներին: Դարեր շարունակ սա ասողներն ու լսողները չգիտեի՞ն, որ նման ճանապարհով չեն հարստանում: Գիտեին, իհարկե, բայց գիտեին նաև, որ ասում ու լսում են ոչ թե որևէ Ռոտշիլդի կենսագրությունը, այլ հեքիաթ, իսկ հեքիաթն աշխարհիկ խելքի ու նրա հարստության և թշվառության մասին չէ, հեքիաթը, չհոգնենք կրկնելուց, «ներքին մարդու» արկածների մասին է: Այս «ներքին մարդն» է արտաքին մարդուն անընդհատ հուշում, որ «Խելք շատ կա»: Ինչո՞ւ է մարդկանցից յուրաքանչյուրը համոզված, որ ինքը, ճիշտ է, այս չունի, այն չունի, որոշակի գիտելիքներ չունի, նկատելի ունակություններ, թվարկելի հատկություններ, գուցե` ուժ, հնարավոր է` գեղեցկություն, փող չունի վերջապես, բայց խելք, անկասկած, ունի: Որովհետև դա իրոք այդպես է: Որովհետև հոգի ունի, իսկ հոգին հազվադեպ է հիմար լինում, եթե առհասարակ թույլատրելի է մարդկային հոգու մասին նման չափանիշով դատելը: Արտաքին մարդը կարող է այնքան հիմար լինել, որ ոչինչ չիմանա իր հոգու մասին, ինչպես ժամանակակից հոգեբաններն ու հոգեվերլուծողները, որոնք նույնիսկ կոմպյուտերային տոմոգրաֆիայով հոգու տեղը չեն գտնում և անկարող են այն հերձելով բացահայտել մարդու «չափազանցված ինքնագնահատականի» արմատները: Հեքիաթը նույնպես որևէ բան չի բացատրում, այլ նկարագրելով պատմում է տղերքի մասին, որոնք քաղաքի փողոցներում շրջելով ձայնում են այն, ինչը հոգեհարազատ է լսողին ու ականջ դնողին. «Խելք կա, փող չկա», այսինքն` հոգին այս աշխարհում դրսևորվելու ձևը չի գտնում:

Ըստ Թովմասի ավետարանի` «Հիսուսն ասաց. Հոր Արքայությունը նման է ապրանքներ ունեցող վաճառականի, որը մի մարգարիտ գտավ: Այդ վաճառականն իմաստուն էր. նա ծախեց ապրանքները և գնեց իրեն համար այդ մի մարգարիտը»:

Առաջին տարբերակի հերոսը վառում, մոխիր է դարձնում իր «նախնական կապիտալը» և փչում է այդ մոխրափոշին գազանների աչքին: Չորս մշակների օգնությամբ, որոնք կարող էին նաև հինգ լինել` զգայարանների թվով, բայց հինգերորդն ինքն է: Գազանները ոռնալով իրենց նետում են ծովը, և կղզու մարգարիտները դառնում են մատչելի: Արևելքի աշխարհագրության մեջ դրախտը չորս գետերի ակունքին չէ, այլ հեռավոր ծովի կղզում, բայց այստեղ պարտեզներ ու գոհարակուռ ապարանքներ չկան և ութ անմահ դաոսներն ու այլ երանելիներ չեն երևում, ամայի է կղզին. դու ես, ջանավարներն ու անգին քարերը: Եթե ջանավարներին կարողացար քշել, քարերը քոնն են:

Շատ խորհրդավոր բան է կատարվում Խելքից շատի հետ: Քաղաքում սով է, և բարեգործ հերոսն իր ունեցվածքը վաճառում ու հաց է առնում սովյալների համար: Նաև ծովի ձկներին է կերակրում, որովհետև սրանք էլ, պարզվում է, լկլկում են անոթությունից: «Քանզի գիտենք, որ ամենայն արարածներն են հեծեծում», ինչպես գրում է հռոմեացիներին Պողոս առաքյալը, «Զի արարածոց ակնկալությունն Աստուծո որդիների հայտնությանն է սպասում»: Խելքից շատի գթասրտությունն այսպիսով մարդկային հասարակության շրջանակներից դուրս է գալիս ու ողջ տիեզերքն է ընդգրկում, որովհետև մարդն, այո, նաև ծովի ձկներին ու երկնի թռչուններին պետք է խնամի ու փրկի: Եվ ի՞նչ է լինում: Սովամահությունից ազատված քաղաքացիները Խելքից շատին շնորհակալություն են հայտնում, ինչն անշուշտ նույնպես անարժեք բան չէ, բայց ձկները նրան մարգարիտներ են նվիրում, որոնցից յուրաքանչյուրը մի թագավորություն արժե: Երանի ականջ ունենայինք լսելու այն, ինչ ասում են:

Եվ ի՞նչ, մի՞թե այնքան միամիտ ենք, որ համարենք, թե հեքիաթներն ասողներն ու լսողներն իրենց հեքիաթասացությունը պսակում էին տարատեսակ մեկնություններով: Իհարկե, ոչ: Եվ դրանց կարիքն ամենևին չկար էլ: Որովհետև սյուժեները պահպանելով տարածում էր գիտակցությունը, որը «փարա չուներ» և «մալ չուներ», իսկ իմաստությունը պահպանելով հաղորդում էր հոգին, որը գիտեր` «Խելք կա՛»: